ilur-ի էս խմբագրականում լիքը շեշտադրումներ կան, որոնք մասամբ գրել եմ, մյուս մասն էլ ավելի մանրամասն ուզում էի գրել էս թեմայում, բայց հեն ա, մարդիկ մանրամասն գրել եմ, ինձ մնում ա ներկայացնել ձեր ուշադրությանը:


Խմբագրական. Սահմանադրական փոփոխություններ. հարցի մեխը

Խմբագրական. Սահմանադրական փոփոխություններ. հարցի մեխը
Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իբր չեզոք, «փորձագիտական» տեսակետի կրողների խոսքում կարմիր թելի պես անցնում է հետեւյալ միտքը՝ «այսպես թե այնպես՝ իշխող ուժը Հայաստանում միշտ էլ վերարտադրվել է եւ այժմ էլ ունի դրա հնարավորությունը, հետեւաբար՝ կարեւոր չէ, թե իշխանության վերարտադրումը տեղի կունենա ըստ փոփոխվա՞ծ սահմանադրության, թե՞ այլ տարբերակով»: Ասել կուզի, թե դիմադրությունը սահմանադրական փոփոխություններին անկարեւոր է, եւ բացի այդ էլ՝ իշխանությանը, տվյալ դեպքում՝ կոնկրետ Սերժ Սարգսյանին, առանձնապես պետք էլ չէ սահմանադրական փոփոխությունների գործընթացը: Դա Սերժի համար, իբր, ոչ թե կենսական նշանակություն ունեցող, այլ ձեռի հետ խաղ է, պարապ վախտի խաղալիք, քանի որ առանց դրա էլ ՀՀԿ առաջնորդը կարող է «վերարտադրվել»:

Առաջին հայացքից համոզիչ թվացող այս պնդումն իրականում «գեղական շուստրիության» հերթական դրսեւորում է, որը քողարկում է ակնհայտը՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը կոչված է արմատապես վերաձեւելու Հայաստանի քաղաքական համակարգը, որակական անցում կատարելու դեպի ավելի կայուն, տեւական եւ կենտրոնացված բռնապետություն, քան ցայսօր երբեւէ եղել է մեր երկրում, եւ, այո՛, այս հարցում էական տարբերություն եւ ընտրություն կա, որը լղոզելը կամ զարմանալի քաղաքական կուրություն է, կամ էլ գիտակցված «խորամանկություն»:

Սահմանադրական արգելքի վերացում

Իշխանությունը՝ որպես համակարգ, որպես իշխող խումբ Հայաստանում, իրոք վերարտադրվել է (թեեւ դա տեղի է ունեցել կարեւոր եւ ոչ անտեսելի նրբություններով), բայց էական է, որ կոնկրետ անձը, որպես իշխանության գլուխ, հնարավորություն չի ունեցել անվերջ պաշտոնավարելու, քանզի գործել է Սահմանադրությամբ ամրագրված սահմանափակումը նախագահ լինելու ժամկետի մասին: Կարող ենք երկար ու բարակ քննարկել, թե որքանո՛վ է մեր իրական քաղաքական համակարգը համապատասխանում սահմանադրությունում ամրագրվածին, եւ գտնել տասնյակ տարբերություններ, բայց հարցը, տվյալ դեպքում, շատ կոնկրետ է՝ նույն անձը երկու անգամից ավելի չի կարող անընդմեջ զբաղեցնել Հայաստանի նախագահի պաշտոնը, եւ ի տարբերություն շատ այլ սահմանադրական դրույթների՝ այս մեկը փաստացի գործող դրույթ է եղել: Անվիճելի է նաեւ, որ այս սահմանափակումը այն քիչ եւ միաժամանակ հիմնարար տարրերից է, որը զսպում է մեր քաղաքական համակարգի չափից ավելի կենտրոնացված, կոշտ, մենաշնորհային բնույթը: Այն կարեւոր դինամիկա եւ փոփոխականություն է հաղորդում ճահճացած եւ կարծրացած համակարգին: Թեկուզ միայն իշխող խմբի ներսում դա ապահովում է մրցակցության տարր, իսկ դա նշանակում է, որ միմյանց հետ մրցող իշխող համակարգի խմբերը ստիպված են որոշ դեպքերում եւ որոշ հարցերում զիջումների գնալ հասարակությանը: Անտեսել այս զսպող մեխանիզմը՝ նշանակում է, մոռանալով կոնկրետ իրականությունը՝ դատարկ վերացականությունների հետեւից ընկնել:

Բացի իշխող խմբի ներքին մրցակցությունից, չափազանց կարեւոր է նաեւ այն, որ շնորհիվ ժամկետային այդ սահմանափակման՝ նախագահական ընտրությունները, նույնիսկ նկատի ունենալով դրանց կեղծվելը, հասարակական դիմադրության, բողոքի կազմակերպման գրեթե միակ գործիքն են եղել: Ու չնայած կարող ենք առարկել, որ այդ խաղում էլ, ի վերջո, միշտ հաղթել է իշխող խումբը, սակայն պարզ է նաեւ, որ հասարակական ակտիվության որեւէ մեծ ալիք՝ կազմակերպված նախագահական ընտրությունների շուրջ, բացարձակապես անհետեւանք չի անցել, եւ թեկուզ անուղղակի, բայց որոշ կարեւոր ազդեցություն թողել է երկրի կյանքի վրա՝ հօգուտ ավելի ճկուն, ավելի բաց, ավելի մրցունակ համակարգի: Որքան էլ իշխանությունն արտաքուստ հաղթող է դուրս եկել, նա միշտ ունեցել է լրջագույն խնդիրներ, մարտահրավերներ եւ ստիպված է եղել որոշ զիջումների եւ փոփոխությունների գնալ, ստիպված է եղել ավելի ճկուն գործել, քան եթե նախագահական ընտրությունների մարտահրավերը չլիներ: Այս բաները կարող են երկրորդական թվալ մակերեսային կամ էլ ամեն բան միայն մանիքեական սեւ ու սպիտակի մեջ տեսնող անձանց համար, բայց ավելի խորքային հայացքի համար պետք է պարզ լինի, որ եթե քննարկում ենք պետությանը վերաբերող հարցեր, ապա առաջնային է համակարգային մոտեցումը, այլ ոչ թե անձնական եւ խմբային համակրանքները կամ էլ նույնիսկ անձնական եւ խմբային հաջողություններն ու ձախողումները՝ երեւույթների մակերեսը:

Սկզբունքայնությունը եւ հարցի լղոզումը

«Իշխանությունը միշտ էլ վերարտադրվում է կամ կարող է վերարտադրվել առանց սահմանադրական փոփոխությունների» թեզը հենց դատարկ վերացականություն է, որովհետեւ իշխանությունը Հյուսիսային Կորեայում էլ կարող է վերատադրվել, Պապուա-Նոր Գվինեայում էլ, Հայաստանում էլ, Ճապոնիայում էլ, բայց դրանից չի բխում, որ այդ չորսի քաղաքական համակարգերի միջեւ էական, որակական տարբերություններ չկան: Ցմահ առաջնորդի եւ ընդամենը «վերարտադրվող իշխանության» տարբերությունը, կարծես, պարզ է առանց հավելյալ բացատրությունների: Մի բան է, երբ վերարտադրվում է համակարգը, բայց փոփոխվում են անձերը, եւ ներխմբային վերադասավորումներ են լինում, լրիվ այլ բան, երբ նույն անձը եւ նույն նեղ խումբը հավակնում է անվերջ, առանց որեւէ ժամկետային սահմանափակումների, փաստացի ցմահ իշխել տվյալ երկրում: Նման հավակնությունը այլ կերպ, քան փաստացի հեղաշրջման ծրագիր կոչել դժվար է, որովհետեւ խնդիր է դրվում արմատապես փոխել ցայսօր եղած խաղի կանոնների էությունը:

Սահմանադրական փոփոխությունների գործընթացի ողջ իմաստն ու նպատակը հենց նշյալ սահմանադրական զսպանակը՝ մեկ անձի «հավերժ» իշխանությունը սահմանափակող դրույթը շրջանցելն է: Տեսականորեն՝ այդ դրույթը կարելի է ոչ թե շրջանցել, այլ պարզապես վերացնել՝ պահպանելով սահմանադրությամբ ամրագրված պետական կարգի մնացած մասերը: Այդպես ժամանակին վարվել են միջինասիական մի շարք երկրներում: Օրինակ, հանրաքվեի է դրվում «կո՞ղմ եք արդյոք, որ այսինչ սիրելի առաջնորդը ղեկավարի երկիրը երկու նախագահական ժամկետից ավելի» հարցը, եւ ըստ հետսովետական լավագույն ավանդույթների՝ ստացվում է «այո» պատասխանների մեծամասնություն: Այս տարբերակով գնալու ռեսուրս, սակայն, Սերժ Սարգսյանը չունի (նա, ընդհանրապես, ամենակարող է միայն որոշ՝ շատ «սկզբունքային» ընդդիմադիրների աչքերում). նման ճանապարհով գնալու համար իշխող խումբը պետք է Հայաստանում շատ ավելի միասեռ եւ համախմբված լիներ, ընդդիմությունն ու հասարակական ակտիվությունը՝ շատ ավելի թույլ, իսկ Հայաստանի դիրքն արտաքին աշխարհի նկատմամբ՝ շատ ավելի ուժեղ, քան այսօր է՛:

Հետեւաբար, ընտրվել է շրջանցող ճանապարհը: Սահմանադրական սահմանափակումը վերացնելու համար վերացվում է ինքը ... այսօրվա Սահմանադրությունը: Փոփոխված սահմանադրությամբ վերացվում է կառավարման նախագահական համակարգը, նախագահը վերածվում է «անգլիական թագուհու», իրական իշխանական լծակներն ընկնում են ԱԺ մեծամասնությանը փաստացի վերահսկող անձի կամ խմբի ձեռքը, եւ այդ դեպքում, բնականաբար, իմաստազրկվում է երկու ժամկետից ավելի երկիրը կառավարելու արգելքը: Ու քանի որ Հայաստանում չկան խորհրդարանական համակարգին միս ու արյուն տվող, դրա դեմոկրատական ձեւն իրական բովանդակությամբ լցնող ուժեղ եւ անկախ քաղաքական ուժեր, ապա ձեւականորեն ավելի դեմոկրատական խորհրդարանական համակարգը փաստացի վերածվում է առավել հակադեմոկրատական՝ բրեժնեւյան՝ «ցմահ առաջնորդ» տիպի համակարգի, ուր մեկ անձը կարող է իշխել առանց որեւէ փաստացի սահմանափակումների, այդ թվում՝ ժամկետային: Սահմանադրական գործընթացի հետ առնչվող մնացած բոլոր հարցերը այս՝ գլխավոր կետի համեմատ ոչ թե երկրորդական, այլ տասներորդական իմաստ ունեն, եթե ընդհանրապես ունեն:

Անիմաստ են նաեւ այն խոսակցությունները, թե Սարգսյանը եթե ուզենար, կարող էր առանց այս գործընթացի էլ մի տարբերակ գտնել՝ իշխանության մեջ մնալու երկու ժամկետից ավելի: Սա ահավոր թույլ փաստակ է, որովհետեւ եթե կարող էր, թող գտներ, փաստն այն է, որ նա ընտրել է ա՛յս տարբերակը, այլ ոչ թե մեկ ուրիշը: Մենք գործ ունենք կատարված իրականության, այլ ոչ թե հնարավորությունների եւ այլընտրանքների հետ, եւ պետք է գործենք ըստ այդ իրականության: Ընտրությունը հետեւյալն է՝ համաձանո՞ւմ ենք արդյոք, որ Հայաստանում հաստատվի մեկ անձի եւ նրա նեղ շրջապատի ցմահ իշխանություն՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով պետության համար, թե՞ դա համարում ենք սխալ, երկրի ապագայի տեսակետից անհեռանկար տարբերակ: Այս հարցին հնարավոր է միայն երկու ազնիվ եւ սկզբունքային պատասխան: Կամ մեկը համարում է, որ այո՛՝ Հայաստանի տվյալ պատմական փուլում անհրաժեշտ է մեկ անձի ցմահ եւ անսահմանափակ իշխանություն, որ դա երկիրը զարգացման ուղու վրա դնելու ճիշտ միջոց է, կամ հակառակը՝ համարում է, որ դա է՛լ ավելի է խորացնելու առկա խնդիրները եւ երկրի քաղաքական զարգացման փակուղային ճանապարհ է: Մնացած պատասխանները հարցի լղոզում են, բուն խնդրի անտեսում, ցրում, բայց ոչ ազնիվ եւ սկզբունքային դիրքորոշումներ:

Աղբյուր՝ http://www.ilur.am/news/view/48441.html