Մեր զրուցակիցն է «Չեք անցկացնի» նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Դավիթ Հովհաննիսյանը
Վենետիկի հանձնաժողովի անդամները հայտարարեցին, որ քննարկումների ժամանակ նշել են կետեր և ստացել պատասխաններ, որ այդ նկատառումները հաշվի կառնվեն: Այսինքն՝ նրանք ենթադրում են, որ կլինեն էական փոփոխություններ: Ձեր կարծիքով այս հանդիպումը դեկլարատիվ բնու՞յթ էր կրում, թե՞ իսկապես կար ցանկություն քննարկելու:
Չէի ասի, որ այդ հանդիպումը դեկլարատիվ բնույթ է կրում, մյուս կողմից, պետք չէ գերագնահատել Վենետիկի հանձնաժողովի դերը, մենք ենք որոշելու, թե ինչ սահմանադրություն ենք ունենալու: Վենետիկի հանձնաժողովը կարող է միայն խորհուրդներ տալ, որոնք մենք կարող ենք ի գիտություն ընդունել, բայց այն, թե ինչ սահմանադրություն մենք կունենաք, այդ հարցերը մենք ենք որոշելու: Ինչ վերաբերում է իրենց առաջարկներին, նրանք հիմնականում շեշտը դնում են կայուն մեծամասնություն ստանալու նպատակով երկփուլ ընտրությունների դրույթի փոփոխության վրա: Նրանք առաջարկում են այդ դրույթը հանել սահմանադրության նախագծից, բայց ընդունելի են համարում, որ այն կարող է ներառվել ընտրական օրենսգրքում: Ըստ էության՝ իշխանությունը կարող է տեղի տալ, ընդունել այդ պահանջը, բայց այդ դրույթը թողնել օրենքի մեջ ու օրենքով կիրառել երկփուլ ընտրությունները:
Դուք նշել եք, որ սեպտեմբերից անցնում եք ավելի ակտիվ գործունեության, բայց տեսնում ենք, որ քաղաքական ուժերն այնքան էլ միասնական չեն ընդհանուր ճակատով հանդես գալու հարցում: Այս պահին միայն երկու կուսակցություն է հստակ հայտարարել, որ կողմ է «Ոչ»-ի ճակատ ձևավորելուն: Դուք ի՞նչ ակնկալիքներ ունեք այս առումով:
Ես կարծում եմ, որ չի կարող հանրաքվե անցկացվել այն դեպքում, երբ ընդամենը մի քանի ամիս առաջ քաղաքական տեռոր է իրականացվել այն ուժերի նկատմամբ, որոնք հայտարարել էին, որ պատրաստվում են պայքարել սահմանադրական փոփոխությունների դեմ: Սրանով արդեն այդ հանրաքվեն անցկացվելու է ոչ լեգիտիմ պայմաններում: Ըստ էության, սկզբում ոչնչացվել են այն քաղաքական հակառակորդները, որոնք պիտի պայքարեին դրա դեմ, հետո նշանակել հանրաքվե: Այո, իշխանությանը հաջողվել է պետական տեռորի, շանտաժի ու սպառնալիքների միջոցով այդ փոփոխությունների դեմ պայքարող ուժերից մեկին՝ ԲՀԿ-ին, ասպարեզից հեռացնել, որից հետո ասպարեզում մնացել են ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», որոնք հայտարարում են, որ պայքարելու են այդ գործընթացի դեմ: Այստեղ պետք է նշեմ, որ կարևորը ոչ թե պայքարի ելած քաղաքական ուժերի քանակն է, այլ հասարակության մոբիլիզացիան, իսկ դա տեղի է ունենալու և քաղաքական ուժերի, և հասարակական կազմակերպությունների, և քաղաքացիական նախաձեռնությունների միջոցով: Մենք հիմա ակտիվորեն աշխատում ենք, ամենօրյա հանդիպումների մեջ ենք, և ես համոզված եմ, որ 1-2 քաղաքական ուժ չի կարող խանգարել հասարակության մոբիլիզացիային, որովհետև հասարակությունը շատ լավ կհասկանա, թե ինչ վտանգավոր ծրագիր է սա:
Իսկ հասարակությանն ընդհանրապես հետաքրքրո՞ւմ է՝ սահմանադրական փոփոխություն կլինի, թե ոչ:
Ես համոզված եմ, որ հասարակությունը միանշանակ դեմ է արտահայտվելու այդ գործընթացին միայն մի բանի համար, որ այս իշխանությունն է դա առաջարկել: Դա արդեն բավական է հասարակության համար, որ հասկանա, որ առաջարկվածը չի կարող իր համար լավը լինել: Բայց մենք պատրաստվում ենք սեպտեմբերից սկսած ամբողջ հանրապետության տարածքում շրջելով ու հանդիպումներ ունենալով, հանրահավաքներ կազմակերպելով մարդկանց բացատրել այս ծրագրի բոլոր վտանգավոր կետերը: Մարդիկ բոլորը պետք է հասկանան, որ խոսքը ոչ թե սահմանադրության մեջ ինչ-որ կետեր փոխելու կամ կառավարման համակարգի մասին է, այլ սա շատ վտանգավոր ծրագիր է, որը միտված է ընդհանրապես Հայաստանում ժողովրդավարության վերջին նշույլները, քաղաքական համակարգը վերացնելուն և Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի միահեծան իշխանությունն ապահովելուն: Կարծում եմ՝ որևէ մեկը կասկած չունի, որ հասարակությունն ակտիվ կպայքարի դրա դեմ:
Իշխանությունն էլ հայտարարում է, թե ի՞նչն է խանգարում ՀՀԿ-ին վերարտադրվել գործող սահմանադրությամբ:
Խանգարում է այն, որ գործող սահմանադրությունն արգելում է գործող նախագահին երեք անգամ անընդմեջ զբաղեցնել նախագահի պաշտոնը: Այսօրվա սահմանադրությունը Սերժ Սարգսյանին արգելում է նախագահի թեկնածու առաջադրվել 2018 թվականին: Փոխելով սահմանադրությունը, Սերժ Սարգսյանն, ըստ էության, վերացնում է նախագահի ինստիտուտը: Լինելու է մի արարողակարգային բնույթ կրող նախագահ, որին ընտրելու է ընտրիչների ժողովը, որն, ըստ էության, իրենից ներկայացնում է ՀՀԿ-ի ընդլայնված նիստ: Բանն այն է, որ ընտրիչների ժողովում լինելու են պատգամավորներն ու ՏԻՄ ներկայացուցիչները, իսկ մենք գիտենք, որ ՏԻՄ-երում ընտրություններ ընդհանրապես տեղի չեն ունենում և քրեական հեղինակություններից ով ավելի ազդեցիկ է, հենց ինքն էլ վերցնում է տեղական իշխանությունը: Վերացնելով նախագահի ինստիտուտը, Սերժ Սարգսյանը ստեղծում է սուպեր լիազորություններով օժտված Ազգային ժողովի նախագահի պաշտոն: ԱԺ նախագահը միակն է, որին չի կարելի պաշտոնանկ անել, վարչապետին կարելի է անվստահություն հայտնել, նախագահին կարելի է պաշտոնանկ անել, իսկ ԱԺ նախագահը հավերժ իշխում է, կարող է ընտրվել որքան ցանկանա, որևէ սահմանափակում չկա: ԱԺ նախագահն է վարչապետ նշանակելու լիազորություն ստանում, նման բան որևէ երկրում, որևէ խորհրդարանական համակարգում գոյություն չունի: Բացի այդ, դատական իշխանության, կարգավորիչ հանձնաժողովների նախագահներին բոլորին նշանակում է ԱԺ նախագահը: Այսինքն ստեղծվել է մի պաշտոն, որը նույնիսկ ավելի հզոր է, քան այսօրվա նախագահի պաշտոնը, բայց, ի տարբերություն այսօրվա նախագահի, նա ունենալու է զրո պատասխանատվություն և սուպեր լիազորություններ: Արդեն պարզ է, թե ում համար է այդ պաշտոնը նախատեսված:
Այսինքն՝ երբ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ինքը ոչ ԱԺ նախագահ, ոչ վարչապետ չի դառնալու, պետք չէ՞ հավատալ նրա այդ խոսքին:
Նախ կարծեմ Սերժ Սարգսյանը նման բան չի հայտարարել ԱԺ նախագահի մասով, միայն վարչապետի ու նախագահի պաշտոնների մասով է հայտարարել: Նրա փոխարեն իր խոսնակներն են հայտարարել, բայց նույնիսկ Սերժ Սարգսյանի խոսքը վստահություն չի ներշնչում, էլ ուր մնաց իր խոսնակների խոսքը: Պարզ է, որ ցանկացած իրավիճակում, այն նույն մարդիկ, որոնք այսօր հայտարարում են, որ Սերժ Սարգսյանը ԱԺ նախագահ չի ցանկանում դառնալ, շատ հանգիստ, դեմքի հանգիստ արտահայտությամբ կարող են ասել, որ հասարակությունը պահանջում է, երկրի ազգային անվտանգության շահերը պահանջում են, որպեսզի Սերժ Սարգսյանը զբաղեցնի ԱԺ նախագահի պաշտոնը: Այնպես որ, չի կարող որևէ մեկի խոստումը երաշխիք հանդիսանալ: Ակնհայտ է, որ այս բոլոր քայլերը, նախագծի մշակված կետերը միտված են ԱԺ նախագահի գերլիզորություններով օժտված պաշտոնի ստեղծմանը:
Էջանիշներ