1. Սիփան-Շուրիկ
Երևան, 90-ականների վերջեր:
Մեր դիմացի շենքի չորրորդ հարկի մեկսենյականոց բնակարանը երկար դադարից հետո վերջապես կենվոր ունեցավ: Մի ուսանող տղա էր՝ Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղից: Անունը Սիփան էր: Ասում էին՝ մի քանի անհաջող փորձից հետո ի վերջո կարողացել էր անվճար ընդունվել ԵՊՀ-ի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ ու այսուհետ այդ տանը վարձով պիտի ապրեր:
Բակում նրան համարյա բոլորը՝ հատկապես բակի զրուցարանի անբաժան մաս կազմող մի խումբ սևավոր արական սեռի ներկայացուցիչներ խիստ բացասաբար էին վերաբերվում: Սիփանն աշխատում էր նրանց հետ չշփվել, նույնիսկ մի հասարակ բարևից էր խուսափում: Ամեն օր թևի տակ ինչ-որ գծագրեր, գրքեր դրած՝ գալիս ու լուռ անց էր կենում, իսկ սևավորները՝ մասնավորապես նրանց միջից ամենաակտիվը՝ Նարեկը, ում ես մինչև ականջներիս ծայրը սիրահարված էի, երբեք առիթը բաց չէր թողնում՝ նրա հետևից քմծիծաղով գոռալու.
«Ա՛յ տղա Շուրիկ, բա Լիդան ո՞ւր ա… ակնոցներդ ո՞ւր են»:
Մի ընդհանուր քրքիջ էր լսվում ողջ բակում, հետո՝ լռություն: Ընդհատված խինդը վերսկսվում էր այն ժամանակ, երբ Շուրիկը նորից դուրս էր գալիս:
Սկզբից ինձ համար անընդունելի էր նրանց նմանատիպ պահվածքը, մինչև մի օր գիշերվա 4: 30-ին պատուհանից պատահաբար տեսա կիսախավարի մեջ անդադար սենյակի մի ծայրից մյուս ծայրն արագ-արագ գնացող-եկող Շուրիկին ու հասկացա, որ սևավորները զուր չեն նրան էդ օրը գցում: Նա տարօրինակ է և վերջ: Ու ընդհանրապես ո՞նց կարելի է էդպես տարվել էդ մաթեմատիկա կոչվածով: Մարդու «վերնահարկն» առնվազն կիսաքանդ պիտի լինի՝ մաթեմատիկայի մեջ այդքան խորանալու համար: Ատում էի հանրահաշիվն ու երկրաչափությունը:
Դպրոցի ավարտական քննություններիս մեկ տարի էր մնացել, ու եթե ես չավարտեի դպրոցը, միակ պատճառն այդ զզվելի մաթեմատիկան էր լինելու: Գրեթե ոչինչ չգիտեի: Վիճակս լուրջ էր: Մայրս էլ, խիստ մտահոգված, մի օր ասաց.
«Անի՛, ի՞նչ ա լինելու վերջդ, բարձրագույն տալ չես ուզում, գոնե խելքդ գլուխդ հավաքի, որ դպրոցդ ավարտես»:
«Կավարտեմ էլի, մա՛մ»,- հանգստացնում էի մորս:
Մի օր էլ թե.
Բալես, ես գիտեմ՝ ինչ կանենք. մեր դիմացի շենքում մի տղա կա վարձով ապրող, ասում են՝ մոզգ ա, մի քիչ յանը տարած ա, բայց ընտիր մաթեմ գիտի, արի կլինի՝ թող հետդ մի քիչ պարապի…անունն ի՞նչ էր…թու՜հ…. Ս-ով էր է… իրա պես տարօրինակ անուն էր:
Ս-ով չէր, Շ-ով էր, մա՛մ, Շուրիկի հետ ես, գիտեմ, ու արի կլինի՝ թեման փակենք: Ո՛չ մի Շուրիկ, ո՛չ մի մաթեմ,- արդեն հունից դուրս եկած ու խիստ տոնով ասացի՝ պատկերացնելով Նարեկի դեմքի արտահայտությունը, երբ իմանա, որ Շուրիկն իմ «դասատուն» է: Նրա հետ լինելու բոլոր շանսերս միանգամից հողին կհավասարվեին:
Նկատեցի՝ մայրս ինձնից նեղացավ:
Հաջորդ առավոտ դպրոց գնացի: Հանրահաշվի ուսուցչուհին գրատախտակի մոտ կանչեց՝ երկրաչափական պրոգրեսիա լուծելու: Չստացվեց: Գլխիկոր տեղս նստեցի: Ուսուցչուհուս կողմից հերթական վիրավորանքն ու չավարտելու սպառնալիքը ստացա: Տուն եկա հոգեպես ջախջախված ու էն միտքը, որ մորս նեղացած եմ տեսնելու, ավելի էր հուսահատեցնում ինձ, բայց ի զարմանս ինձ, երբ դուռը բաց արեց, գլխի ընկա, որ ամենևին նեղացած չէ: Ի տարբերություն ինձ՝ ժպտում էր խորամանկ ու խորհրդավոր ժպիտով:
Անի՛, հյուր ունենք:
Էս վիճակիս ինձ մենակ հյուրն էր մնում պակաս, - բարձր ասացի:
Մայրս միանգամից նշան արեց, որ լուռ մնամ ու անցնեմ հյուրասենյակ: Մտա ներս: Օրվա հաջորդ ծանր հարվածը ստացա: Իմ մտնելուն պես՝ Սիփան-Շուրիկը վեր կացավ բազմոցից ու քաղաքավարի ձեռքը մեկնեց՝ ներկայանալով: Մեր անունները միմյանց ասելուց հետո այդքան չարչրկված «շատ հաճելի է» արտահայտությունը միայն նա արեց: Ես ուղղակի կեղծ ժպտացի:
Շփոթված ու մոլորված մկան նման՝ ընկա մորս լարած թակարդը: Գիտակցեցի, որ փախչելու ոչ մի տեղ չունեմ: Որոշվեց, որ պարապելու ենք շաբաթական երեք օր՝ առավոտյան կանուխ՝ նախքան դպրոց գնալս: Այդպես ինձ համար ապահով էր, քանի որ այդ ժամերին Նարեկը միշտ «լեթարգիական» քնով քնած էր լինում:
Մեկ ամիս էր՝ Սիփանը մեր տուն էր գալիս: Հասցրել էի բավականին բան սովորել: Այդ ընթացքում համոզվեցի, որ իրականում նա ոչ մի տարօրինակություն էլ չունի: Սովորական տղա է ՝ պարզապես չափից դուրս խելացի: Համոզվել էի նաև, որ հետաքրքիր ու հաճելի զրուցակից է, բայց այդ փաստն ընդունել ու առավել ևս մորս մոտ բարձրաձայնել չէի ուզում: Շուրիկով տարվել պետք չէ: Ինձ Նարեկն է հարկավոր:
Ավարտական քննությունների մեկնարկին մոտ երեք ամիս ժամանակ էր մնացել: Ամռան երեք երկար ու սաստիկ շոգ ամիսներ: Տանը պարապել այլևս չէր լինում: Մտածեցինք, որ ավելի լավ է՝ մեր թաղամասից հեռու մի այգում երեկոյան ժամերի հանդիպենք ու հենց էնտեղ էլ պարապենք: Իրարից առանձին էինք դուրս գալիս, որ սևավորս հանկարծ մեզ միասին չտեսներ:
Մի օր էլ այգում «ուսուցիչս» ինձ շատ անկեղծ գովեց.
Դու հիմա էնքան բան գիտես, որ հանգիստ բուհի ընդունելության քննություններին կարող ես մասնակցել և նույնիսկ՝ընդունվել:
Ծիծաղեցի: Իսկ նա միանգամայն լուրջ էր:
Դպրոցում արդեն այն աշակերտների ցուցակն էին ուզում, ովքեր ընդունելության քննություն պիտի հանձնեին: Վճռեցի՝ փորձել է պետք: Մի մղիչ ուժ դողդողացող ձեռքերով ցուցակում գրել տվեց՝ Անի Պետրոսյան:
Երբ նորությունը Սիփանին հայտնեցի, աչքերում փայլ տեսա: Մանկան պես ուրախությամբ լցվեց՝ նրբորեն դիպչելով ձեռքերիս: Ամբողջ մարմնովս միջատներ սկսեցին վազվզել, բայց հիշելով Նարեկին ու մտքումս մեր երկուսի համար կերտած ապագան՝ ձեռքերս շտապ հետ տարա:
Դպրոցի ավարտական քննությունները բարեհաջող անցան: Սպասվածից շատ ավելի բարձր ստացա: Ուրախ էի ես, ուրախ էր Սիփան-Շուրիկը: Հերթը ընդունելության քննություններինն էր:
Խառն ամբոխը ճեղքելով ՝ մի կերպ դուրս եկա քննասենյակից: Դրսում մայրս ու «ուսուցիչս» անհամբեր ինձ էին սպասում: Մոտեցա ու ասացի, որ լավ եմ գրել: Սիփանը խոսքը բերանումս կիսատ թողնելով՝ գրկեց ինձ.
Ա՛ն, տեսա՞ր… որ ասում էի՝ կարող ես:
Ժպտացի: Ու նորից այդ միջատները՝ այս անգամ ավելի խորքից, արագ-արագ սկսեցին այս ու այն կողմ գնալ: Էլի Նարեկը եկավ աչքիս առաջ: Մի տեսակ հոգնած ու տանջված տեսք ուներ, սակայն այս անգամ նա չդրդեց, որ Սիփանին հետ հրեմ: Հակառակը՝ նրա գրկախառնությանը փոխադարձաբար պատասխանեցի:
Մեկ ամիս անց ընդունվողների ցանկը փակցվեց ԵՊՀ-ի բակում: Ցանկում անունս գտանք: Երջանիկ էի ես, երջանիկ էր Սիփանը: Առանց վարանելու այգի գնացինք: Զբոսնել ու լիցքաթափվել էր պետք: Սիփան-Շուրիկը խնդրեց, որ աչքերս փակեմ:
«Երևի անակնկալ նվեր ունի»,- մտածեցի:
Երբ աչքերս փակեցի, լսողությունս մի քանի անգամ ուժեղացավ: Մեր երկուսի շնչառությունները միաձուլվեցին: Նրան ինձ շատ մոտ զգացի: Հետո շուրթերը դիպան իմ պիրկ ու լարված շուրթերին ու…. Նորից Նարեկը: Բայց այս անգամ ՝ մեռած: Հա՛, հենց ես էլ սպանել էի նրան…Ու երջանիկ էի:
Երբէև ներսումս բնակություն հաստատած միջատներն այդչափ արագ չէին վազվզել, ինչպես որ այդ օրը: Թեթևության զգացումով համակվեցի:
Առավոտ: 8: 30: Հանգնված-պատրաստ՝ նստած եմ անկողնուս վրա: Ձեռքիս մեր լուսանկարների ալբոմն է: Աչքերս խոնավ են: Անհանգիստ եմ: Հուզված եմ : Սիրտս սաստիկ արագ է բաբախում: Մտքերս խառն են:
Անսպասելի՝ նրա ձեռքի ափն ուսիս հայտնվեց: Տեղիցս վեր թռա, բայց չվախեցա: Գրկեց ինձ: Քանի՜ տարի էր անցել, սակայն միջատներս ամեն անգամ, կարծես առաջին անգամ ու նոր եռանդով էին անում իրենց գործը:
Աչքերս ցամաքեցրեց, գլուխս շոյեց, այնուհետ ժամացույցին նայելով՝ տեղից կտրուկ վեր բարձրացավ.
Ա՛ն, ուշացա՜նք, Վահեն արդեն պատրաստ ա չէ՞:
Մեր Վահեին, իմ ու Սիփանիս Վահեին այսօր առաջին անգամ դպրոց ենք տանում: Փոքրիկս քաղցրիկ ժպտում էր, բայց ես զգում էի, թե որքան երկյուղած ու շփոթված է: Դռան մոտ փամփլիկ այտերը համբուրեցի, փոքրիկ փողկապն ուղղեցի ու դուրս եկանք:
Բակի զրուցարանը լիքն էր սևավորներով: Նարեկն էլ էր էնտեղ: Սիփանս մոտեցավ, ձեռքով բարևեց նրանց: Նարեկի հետ մի երկու բառ փոխանակեցին / Նարեկը վերջերս ջանք ու եռանդ չէր խնայում Սիփանի հետ մտերմանալու համար/, ու նստեցինք մեքենան:
Հիմա եմ հասկանում, թե ինչքան երջանիկ եմ, որ Սիփանը հենց իմ Շուրիկն է: Ու խնդիրն այն չէ, որ Նարեկը ներկայումս սրա-նրա հաշվին սնվող պորտաբույծ է, որ կրթություն էդպես էլ չստացավ, որ առավոտից-երեկո զրուցարանում ժամանակ է սպանում թղթախաղով, իսկ Սիփանս ԵՊՀ-ի մաթեմատիկայի ու մեխանիկայի ֆակուլտետի՝ մաթեմատիկական անալիզի և ֆուկցիաների տեսության ամբիոնի վարիչ է, որ շուտով պրոֆեսորի կոչում է ստանալու, որ իր հալալ քրտինքով մեր շենքում բնակարան ձեռք բերել կարողացավ, որ խելացի է, որ հաջողակ է: Պատճառն այլ է: Սիփան-Շուրիկիս հաջողվեց կյանքիս ողջ ընթացքը փոխել, ապացուցել, որ եթե մարդու «վերնահարկը» լիքը չեղավ, մաթեմատիկայի մեջ խորանալ չի կարողանա: Հենց նա էր, որ օգնեց՝ վերագտնելու սեփական անձս: Նրա շնորհիվ է, որ ամեն օր հաճույքով եմ աշխատանքի գնում և վստահաբար կարող եմ ասել, որ պաշտում եմ մաթեմատիկան, աշակերտներիս, արածս գործը: Կարճ ասած՝ ունեմ երջանիկ լինելու ամենապատշաճ ու կարևոր առիթները՝ սիրող ամուսին և չքնաղ որդի, որի հայրը հենց իմ Սիփան-Շուրիկն է:
Էջանիշներ