User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակ(ներ)ն եք հավանում.

Քվեարկողներ
27. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1–ին տարբերակ. «Սիփան-Շուրիկ»

    4 14.81%
  • 2–րդ տարբերակ. «Սովորական պատմություն»

    3 11.11%
  • 3–րդ տարբերակ. «Թարսի բան»

    3 11.11%
  • 4–րդ տարբերակ. «Անցումներ»

    12 44.44%
  • 5–րդ տարբերակ. «ՎԱԶՔ»

    2 7.41%
  • 6–րդ տարբերակ. «ՍԿԱԼՊ»

    9 33.33%
  • 7–րդ տարբերակ. «Ոստիկանը»

    4 14.81%
  • 8–րդ տարբերակ. «Փոքր դասամիջոց, Մեծ Դաս...»

    3 11.11%
  • 9–րդ տարբերակ. «ԼՌՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԸ»

    5 18.52%
  • 10–րդ տարբերակ. «Սեր առաջին համբույրից»

    3 11.11%
  • 11–րդ տարբերակ. «Կյանքը գորգի վրա»

    11 40.74%
  • 12–րդ տարբերակ. «Գնդեր»

    12 44.44%
  • 13–րդ տարբերակ. «Սիմոնն ու Բարդին»

    3 11.11%
  • 14–րդ տարբերակ. «Գենեզիս»

    4 14.81%
  • 15–րդ տարբերակ. «Ինչո՞ւ»

    9 33.33%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 888 հատից

Թեմա: Հավաքածու մրցույթ – 6. քվեարկություն և քննարկում:

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Հավաքածու մրցույթ – 6. քվեարկություն և քննարկում:

    1. Սիփան-Շուրիկ


    Երևան, 90-ականների վերջեր:
    Մեր դիմացի շենքի չորրորդ հարկի մեկսենյականոց բնակարանը երկար դադարից հետո վերջապես կենվոր ունեցավ: Մի ուսանող տղա էր՝ Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղից: Անունը Սիփան էր: Ասում էին՝ մի քանի անհաջող փորձից հետո ի վերջո կարողացել էր անվճար ընդունվել ԵՊՀ-ի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ ու այսուհետ այդ տանը վարձով պիտի ապրեր:
    Բակում նրան համարյա բոլորը՝ հատկապես բակի զրուցարանի անբաժան մաս կազմող մի խումբ սևավոր արական սեռի ներկայացուցիչներ խիստ բացասաբար էին վերաբերվում: Սիփանն աշխատում էր նրանց հետ չշփվել, նույնիսկ մի հասարակ բարևից էր խուսափում: Ամեն օր թևի տակ ինչ-որ գծագրեր, գրքեր դրած՝ գալիս ու լուռ անց էր կենում, իսկ սևավորները՝ մասնավորապես նրանց միջից ամենաակտիվը՝ Նարեկը, ում ես մինչև ականջներիս ծայրը սիրահարված էի, երբեք առիթը բաց չէր թողնում՝ նրա հետևից քմծիծաղով գոռալու.
    «Ա՛յ տղա Շուրիկ, բա Լիդան ո՞ւր ա… ակնոցներդ ո՞ւր են»:
    Մի ընդհանուր քրքիջ էր լսվում ողջ բակում, հետո՝ լռություն: Ընդհատված խինդը վերսկսվում էր այն ժամանակ, երբ Շուրիկը նորից դուրս էր գալիս:
    Սկզբից ինձ համար անընդունելի էր նրանց նմանատիպ պահվածքը, մինչև մի օր գիշերվա 4: 30-ին պատուհանից պատահաբար տեսա կիսախավարի մեջ անդադար սենյակի մի ծայրից մյուս ծայրն արագ-արագ գնացող-եկող Շուրիկին ու հասկացա, որ սևավորները զուր չեն նրան էդ օրը գցում: Նա տարօրինակ է և վերջ: Ու ընդհանրապես ո՞նց կարելի է էդպես տարվել էդ մաթեմատիկա կոչվածով: Մարդու «վերնահարկն» առնվազն կիսաքանդ պիտի լինի՝ մաթեմատիկայի մեջ այդքան խորանալու համար: Ատում էի հանրահաշիվն ու երկրաչափությունը:
    Դպրոցի ավարտական քննություններիս մեկ տարի էր մնացել, ու եթե ես չավարտեի դպրոցը, միակ պատճառն այդ զզվելի մաթեմատիկան էր լինելու: Գրեթե ոչինչ չգիտեի: Վիճակս լուրջ էր: Մայրս էլ, խիստ մտահոգված, մի օր ասաց.
    «Անի՛, ի՞նչ ա լինելու վերջդ, բարձրագույն տալ չես ուզում, գոնե խելքդ գլուխդ հավաքի, որ դպրոցդ ավարտես»:
    «Կավարտեմ էլի, մա՛մ»,- հանգստացնում էի մորս:
    Մի օր էլ թե.
    Բալես, ես գիտեմ՝ ինչ կանենք. մեր դիմացի շենքում մի տղա կա վարձով ապրող, ասում են՝ մոզգ ա, մի քիչ յանը տարած ա, բայց ընտիր մաթեմ գիտի, արի կլինի՝ թող հետդ մի քիչ պարապի…անունն ի՞նչ էր…թու՜հ…. Ս-ով էր է… իրա պես տարօրինակ անուն էր:
    Ս-ով չէր, Շ-ով էր, մա՛մ, Շուրիկի հետ ես, գիտեմ, ու արի կլինի՝ թեման փակենք: Ո՛չ մի Շուրիկ, ո՛չ մի մաթեմ,- արդեն հունից դուրս եկած ու խիստ տոնով ասացի՝ պատկերացնելով Նարեկի դեմքի արտահայտությունը, երբ իմանա, որ Շուրիկն իմ «դասատուն» է: Նրա հետ լինելու բոլոր շանսերս միանգամից հողին կհավասարվեին:
    Նկատեցի՝ մայրս ինձնից նեղացավ:
    Հաջորդ առավոտ դպրոց գնացի: Հանրահաշվի ուսուցչուհին գրատախտակի մոտ կանչեց՝ երկրաչափական պրոգրեսիա լուծելու: Չստացվեց: Գլխիկոր տեղս նստեցի: Ուսուցչուհուս կողմից հերթական վիրավորանքն ու չավարտելու սպառնալիքը ստացա: Տուն եկա հոգեպես ջախջախված ու էն միտքը, որ մորս նեղացած եմ տեսնելու, ավելի էր հուսահատեցնում ինձ, բայց ի զարմանս ինձ, երբ դուռը բաց արեց, գլխի ընկա, որ ամենևին նեղացած չէ: Ի տարբերություն ինձ՝ ժպտում էր խորամանկ ու խորհրդավոր ժպիտով:
    Անի՛, հյուր ունենք:
    Էս վիճակիս ինձ մենակ հյուրն էր մնում պակաս, - բարձր ասացի:
    Մայրս միանգամից նշան արեց, որ լուռ մնամ ու անցնեմ հյուրասենյակ: Մտա ներս: Օրվա հաջորդ ծանր հարվածը ստացա: Իմ մտնելուն պես՝ Սիփան-Շուրիկը վեր կացավ բազմոցից ու քաղաքավարի ձեռքը մեկնեց՝ ներկայանալով: Մեր անունները միմյանց ասելուց հետո այդքան չարչրկված «շատ հաճելի է» արտահայտությունը միայն նա արեց: Ես ուղղակի կեղծ ժպտացի:
    Շփոթված ու մոլորված մկան նման՝ ընկա մորս լարած թակարդը: Գիտակցեցի, որ փախչելու ոչ մի տեղ չունեմ: Որոշվեց, որ պարապելու ենք շաբաթական երեք օր՝ առավոտյան կանուխ՝ նախքան դպրոց գնալս: Այդպես ինձ համար ապահով էր, քանի որ այդ ժամերին Նարեկը միշտ «լեթարգիական» քնով քնած էր լինում:
    Մեկ ամիս էր՝ Սիփանը մեր տուն էր գալիս: Հասցրել էի բավականին բան սովորել: Այդ ընթացքում համոզվեցի, որ իրականում նա ոչ մի տարօրինակություն էլ չունի: Սովորական տղա է ՝ պարզապես չափից դուրս խելացի: Համոզվել էի նաև, որ հետաքրքիր ու հաճելի զրուցակից է, բայց այդ փաստն ընդունել ու առավել ևս մորս մոտ բարձրաձայնել չէի ուզում: Շուրիկով տարվել պետք չէ: Ինձ Նարեկն է հարկավոր:
    Ավարտական քննությունների մեկնարկին մոտ երեք ամիս ժամանակ էր մնացել: Ամռան երեք երկար ու սաստիկ շոգ ամիսներ: Տանը պարապել այլևս չէր լինում: Մտածեցինք, որ ավելի լավ է՝ մեր թաղամասից հեռու մի այգում երեկոյան ժամերի հանդիպենք ու հենց էնտեղ էլ պարապենք: Իրարից առանձին էինք դուրս գալիս, որ սևավորս հանկարծ մեզ միասին չտեսներ:
    Մի օր էլ այգում «ուսուցիչս» ինձ շատ անկեղծ գովեց.
    Դու հիմա էնքան բան գիտես, որ հանգիստ բուհի ընդունելության քննություններին կարող ես մասնակցել և նույնիսկ՝ընդունվել:
    Ծիծաղեցի: Իսկ նա միանգամայն լուրջ էր:
    Դպրոցում արդեն այն աշակերտների ցուցակն էին ուզում, ովքեր ընդունելության քննություն պիտի հանձնեին: Վճռեցի՝ փորձել է պետք: Մի մղիչ ուժ դողդողացող ձեռքերով ցուցակում գրել տվեց՝ Անի Պետրոսյան:
    Երբ նորությունը Սիփանին հայտնեցի, աչքերում փայլ տեսա: Մանկան պես ուրախությամբ լցվեց՝ նրբորեն դիպչելով ձեռքերիս: Ամբողջ մարմնովս միջատներ սկսեցին վազվզել, բայց հիշելով Նարեկին ու մտքումս մեր երկուսի համար կերտած ապագան՝ ձեռքերս շտապ հետ տարա:
    Դպրոցի ավարտական քննությունները բարեհաջող անցան: Սպասվածից շատ ավելի բարձր ստացա: Ուրախ էի ես, ուրախ էր Սիփան-Շուրիկը: Հերթը ընդունելության քննություններինն էր:
    Խառն ամբոխը ճեղքելով ՝ մի կերպ դուրս եկա քննասենյակից: Դրսում մայրս ու «ուսուցիչս» անհամբեր ինձ էին սպասում: Մոտեցա ու ասացի, որ լավ եմ գրել: Սիփանը խոսքը բերանումս կիսատ թողնելով՝ գրկեց ինձ.
    Ա՛ն, տեսա՞ր… որ ասում էի՝ կարող ես:
    Ժպտացի: Ու նորից այդ միջատները՝ այս անգամ ավելի խորքից, արագ-արագ սկսեցին այս ու այն կողմ գնալ: Էլի Նարեկը եկավ աչքիս առաջ: Մի տեսակ հոգնած ու տանջված տեսք ուներ, սակայն այս անգամ նա չդրդեց, որ Սիփանին հետ հրեմ: Հակառակը՝ նրա գրկախառնությանը փոխադարձաբար պատասխանեցի:
    Մեկ ամիս անց ընդունվողների ցանկը փակցվեց ԵՊՀ-ի բակում: Ցանկում անունս գտանք: Երջանիկ էի ես, երջանիկ էր Սիփանը: Առանց վարանելու այգի գնացինք: Զբոսնել ու լիցքաթափվել էր պետք: Սիփան-Շուրիկը խնդրեց, որ աչքերս փակեմ:
    «Երևի անակնկալ նվեր ունի»,- մտածեցի:
    Երբ աչքերս փակեցի, լսողությունս մի քանի անգամ ուժեղացավ: Մեր երկուսի շնչառությունները միաձուլվեցին: Նրան ինձ շատ մոտ զգացի: Հետո շուրթերը դիպան իմ պիրկ ու լարված շուրթերին ու…. Նորից Նարեկը: Բայց այս անգամ ՝ մեռած: Հա՛, հենց ես էլ սպանել էի նրան…Ու երջանիկ էի:
    Երբէև ներսումս բնակություն հաստատած միջատներն այդչափ արագ չէին վազվզել, ինչպես որ այդ օրը: Թեթևության զգացումով համակվեցի:

    Առավոտ: 8: 30: Հանգնված-պատրաստ՝ նստած եմ անկողնուս վրա: Ձեռքիս մեր լուսանկարների ալբոմն է: Աչքերս խոնավ են: Անհանգիստ եմ: Հուզված եմ : Սիրտս սաստիկ արագ է բաբախում: Մտքերս խառն են:
    Անսպասելի՝ նրա ձեռքի ափն ուսիս հայտնվեց: Տեղիցս վեր թռա, բայց չվախեցա: Գրկեց ինձ: Քանի՜ տարի էր անցել, սակայն միջատներս ամեն անգամ, կարծես առաջին անգամ ու նոր եռանդով էին անում իրենց գործը:
    Աչքերս ցամաքեցրեց, գլուխս շոյեց, այնուհետ ժամացույցին նայելով՝ տեղից կտրուկ վեր բարձրացավ.
    Ա՛ն, ուշացա՜նք, Վահեն արդեն պատրաստ ա չէ՞:

    Մեր Վահեին, իմ ու Սիփանիս Վահեին այսօր առաջին անգամ դպրոց ենք տանում: Փոքրիկս քաղցրիկ ժպտում էր, բայց ես զգում էի, թե որքան երկյուղած ու շփոթված է: Դռան մոտ փամփլիկ այտերը համբուրեցի, փոքրիկ փողկապն ուղղեցի ու դուրս եկանք:
    Բակի զրուցարանը լիքն էր սևավորներով: Նարեկն էլ էր էնտեղ: Սիփանս մոտեցավ, ձեռքով բարևեց նրանց: Նարեկի հետ մի երկու բառ փոխանակեցին / Նարեկը վերջերս ջանք ու եռանդ չէր խնայում Սիփանի հետ մտերմանալու համար/, ու նստեցինք մեքենան:
    Հիմա եմ հասկանում, թե ինչքան երջանիկ եմ, որ Սիփանը հենց իմ Շուրիկն է: Ու խնդիրն այն չէ, որ Նարեկը ներկայումս սրա-նրա հաշվին սնվող պորտաբույծ է, որ կրթություն էդպես էլ չստացավ, որ առավոտից-երեկո զրուցարանում ժամանակ է սպանում թղթախաղով, իսկ Սիփանս ԵՊՀ-ի մաթեմատիկայի ու մեխանիկայի ֆակուլտետի՝ մաթեմատիկական անալիզի և ֆուկցիաների տեսության ամբիոնի վարիչ է, որ շուտով պրոֆեսորի կոչում է ստանալու, որ իր հալալ քրտինքով մեր շենքում բնակարան ձեռք բերել կարողացավ, որ խելացի է, որ հաջողակ է: Պատճառն այլ է: Սիփան-Շուրիկիս հաջողվեց կյանքիս ողջ ընթացքը փոխել, ապացուցել, որ եթե մարդու «վերնահարկը» լիքը չեղավ, մաթեմատիկայի մեջ խորանալ չի կարողանա: Հենց նա էր, որ օգնեց՝ վերագտնելու սեփական անձս: Նրա շնորհիվ է, որ ամեն օր հաճույքով եմ աշխատանքի գնում և վստահաբար կարող եմ ասել, որ պաշտում եմ մաթեմատիկան, աշակերտներիս, արածս գործը: Կարճ ասած՝ ունեմ երջանիկ լինելու ամենապատշաճ ու կարևոր առիթները՝ սիրող ամուսին և չքնաղ որդի, որի հայրը հենց իմ Սիփան-Շուրիկն է:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (11.04.2014), Sambitbaba (09.04.2014), Smokie (08.04.2014), Vardik! (13.04.2014), Արէա (08.04.2014), Վոլտերա (08.04.2014)

  3. #2
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2. Սովորական պատմություն



    Տիկին Վարսիկից վախենում էր ողջ մուտքը: Մի քանի հոգի էլ՝ կողքի մուտքերից: Բառիս բուն իմաստով՝ շան պես դողում էին, հատկապես երեխաները: Որ հարցնեիր, ոչ ոք չէր կարողանա հոդաբաշխ բացատրել ահուդողի պատճառը, բայց փաստը մնում էր փաստ: Եթե աստիճաններով իջնելիս կամ բարձրանալիս էին լինում ու տիկին Վարսիկի հարկ հասնելիս նրա դռան հետևից լսում էին բանալիների զնգզնգոցը, կայծակի պես սուրում էին ներքև կամ վերև` անկախ ֆիզիկական կարողություններից, մեկ-մեկ էլ՝ վախից նախօրոք վերցրած ուղղությունը խառնելով: Շենքը վեց հարկանի էր, թարսի պես վերելակ չկար, տիկին Վարսիկն էլ երրորդ հարկում էր ապրում: Կիսաշշուկ խոսք էր պտտվում, որ այն չարաբաստիկ օրը, մոտ հինգուկես տարի առաջ, կահույքագործ Դերենիկը ոչ թե միամիտ, այլ վախից էր ոտքը ոլորել՝ փորձելով ծլկել բացվող դռան առջևից ու աստիճաններից գլխիվայր գլորվել էր ներքև: Դերենիկի ընտանիքը շենքից տեղափոխվեց թաղումից ընդամենը երկու շաբաթ հետո: Առավոտյան շուտ էին հեռացել, առանց որևէ մեկին զգուշացնելու:
    Նրա տուն ոչ ոք չէր գալիս: Հարևանները, հներից, միայն մի դեպք էին հիշում. շատ տարիներ առաջ բանվորական հագուստով երկու երիտասարդի տեսել էին առավոտյան ժամը ութի կողմերը մուտքից դուրս գալուց: Երկու-երեք օր իրար վրա: Հարցուփորձ էր արվել ողջ հարևանությունը. ոչ ոք բանվոր չէր բերել իր տուն այդ օրերին: Միաձայն որոշել էին, որ նրանք եկել էին միակ չհարցաքննվածի տուն: Հատկապես, որ տիկին Վարսիկի տակի հարևան Նունե քույրիկը երդում-կրակ էր մտնում, որ առավոտյան ժամերին անսովոր աղմուկ է լսել վերևի տնից: Բայց սա քսանհինգ տարվա դեպք էր: Այդ ընթացքում մի տասը-տասնհինգ անգամ էլ փոստից էր մարդ եկել տիկին Վարսիկի տուն՝ տարբեր չափի կապոցներով: Հնաբնակներից Նվարդ տատը գիտակի դեմքով պնդում էր, որ կապոցները Վարսիկի քույրն է ուղարկում, «Սիֆերոպոլսկից»: Ոչ ոք չգիտեր՝ Սիմֆերոպոլում տիկին Վարսիկը քույր ունի, թե ոչ, կամ ընդհանրապես՝ քույր ունի, թե ոչ, բայց Նվարդ տատի տվածը համընդհանուր անտեղյակության մեջ տեղեկության պատառիկ էր, ու բոլորն աչքերը փակ կուլ էին տալիս այդ պատառիկը:
    Երբեք ոչ մեկին չէր բարևում, քայլում էր մեջքն ուղիղ, գլուխը բարձր, բայց աչքերը գրեթե միշտ կախ, որի համար նրան բոլորը շնորհակալ էին հոգու խորքում. ամենաշատն աչքերի արտահայտությունից էին վախենում: Մարդիկ կային, որ քսան տարի իր հետ միասին ապրել էին այդ մուտքում, բայց երբեք չէին տեսել ժպտալուց, կամ որևէ մեկի հետ խոսելուց: «Ոնց որ գեստապո լինի»,- երջանկահիշատակ Դերենիկի սիրած խոսքն էր՝ մինչև վիզը ջարդելը տիկին Վարսիկի աստիճաններին:
    Ամիսը մեկ կամ երկու անգամ նա դուրս էր գալիս երեկոները, վերադառնում մի քանի ժամից՝ ձեռքերին անթափանց, մուգ գույնի տոպրակներ: Ու մի քանի օր հարևանները քննարկման էին դնում, թե այդ ինչ էր տիկին Վարսիկը «կրում» մութ տոպրակների մեջ:
    Հագնվում էր միշտ միատոն, մուգ մոխրագույնից սև, այնքան միատեսակ, որ ասես տարիներ շարունակ նույն շորը լիներ հագին: Մազերը կարճ էին, մեջտեղից քանոնի պես ուղիղ բացված ու գլխի երկու կողմը սանրած ու միշտ սև: Դժվար էր ասել՝ ներկում է, թե պարզապես չի սպիտակում և տարիքն էր դժվար հասկանալ: Վերջին տասնհինգ տարին մուտքի պրոֆեսիոնալ ֆիզիոնոմիստները համառորեն պնդում էին, որ ուր որ է՝ հիսունհինգ կլինի:
    Կուչ բերող սառնություն էր փչում այդ կնոջից, նույնիսկ երևանյան հուլիսին։ Մի խոսքով, նայելու բան չէր: Մարդիկ մի բան գիտեին, որ վախենում էին։

    Երևի թե զարմանալի չէր, որ մարդիկ ուշ զգացին տիկին Վարսիկի բացակայությունը: Լավին հեշտ են չէ՞ սովորում:
    Առաջինը դիմացի հարևանը գլխի ընկավ, որ երկու-երեք օր է` ժամացույցի մեխանիզմի պես աշխատող արարողակարգը չի գործում: Երբ երրորդ օրը նույնպես տիկին Վարսիկն ուղիղ առավոտյան 9:20 դուրս չեկավ տնից՝ դիմացի շենքի Փոփոլի խանութից իր ամենօրյա մթերային առևտուրն անելու՝ Եպրաքսիան իջավ երկրորդ հարկ, Նունե քույրիկենց, առավոտվա սուրճի՝ օրակարգի շեղման մասին մնացածին տեղեկացնելու:
    - Կարող ա՞՝ դուրս ա եկել, դու չես տեսել,- համենայն դեպս ճշտեց Նվարդ տատը:
    - Չէ, առավոտը իննից միջանցքս էի մաքրում, փոշիներն առնում, որ դուրս գար՝ կլսեի,- Եպրաքսիան սուրճի բաժակը վարպետորեն շուռ տվեց ափսեի մեջ։
    - Բա ո՞նց անենք, - Նունե քույրիկն իր բաժակն արդեն հետ էր շրջել և ուշադիր տնտղում էր պատերին լղոզված մաղձը:
    - Բաժակ նայենք... - հեգնեց Նվարդ տատը, - ի՞նչ պետք ա անենք, գնանք դուռը ծեծենք, տեսնենք՝ ինչ ա եղել:
    Եպրաքսիան տարօրինակ ղրշտոցով կուլ տվեց ծիրանի ջեմով տնական խմորեղենի կտորն ու սկսեց հազալ: Աչքերից հոսած արցունքները մաքրելով՝ նայեց Նվարդ տատին:
    - Ո՞վ պիտի ծեծի, - հարցրեց խզված ձայնով:
    Կանայք լուռ իրար էին նայում:
    Մուտքում վաղուց գործող ավանդական քվեարկության արդյունքում, որի անփոփոխ մասն էր Նվարդ տատի մեծամասնական վճիռը, դուռը ծեծելու գործը բաժին ընկավ Եպրաքսիային ու իր ամուսին Համոյին: Տրամաբանությունը սա էր. դիմացի հարևանը միշտ էլ ասելու բան կունենա:
    Մի երեք-չորս հոգի ապահովության համար սուսուփուս կանգնած էին լինելու վերևի հարկի սանդղահարթակում, որ ականջ դնեին, կարիքի դեպքում՝ շտապեին օգնության: Սկզբում մտածում էին ներքևի հարկում կանգնել, բայց քննարկեցին ու հասկացան, որ վտանգի դեպքում հապճեպ պետք կլինի գործել ու աստիճաններով իջնելն ավելի արագ կլինի, քան բարձրանալը:
    Ինչպես Եպրաքսիայի Համոն էր ահը սրտում, դողդոջաձայն կատակում՝ «Դռան ծեծում օպերացիան» նշանակվել էր այդ նույն օրը, երեկոյան ժամը վեցին:
    Վեցից երեք րոպե պակաս գործողության մասնակիցները դուրս եկան իրենց տներից ու անծպտուն դիրքավորվեցին: Համոն բռունցք արած ձեռքը տարավ դեպի տիկին Վարսիկի դուռը և մինչև ծեծելը, վերջին վայրկյանին, մտածեց՝ վերջապես խոստովանել կնոջն այն հեռավոր ու միակ, քրտնահոտ ու անսպասելիորեն կրքոտ գիշերվա մասին, որ անցկացրել էր կահույքագործ Դերենիկի կնոջ հետ:
    - Դե ծեծի, կոտորվեցի, - միայն շուրթերով հասկացրեց Եպրաքսիան:
    Ամուսինը նայեց նրան ու անխոս ծեծեց դուռը...

    Կես ժամ անց, երբ տնական թթի արաղի երկուական բաժակը քիչ թե շատ խելքի էր բերել փորձության միջով անցած ամուսիններին, հարևանները որոշեցին, որ տիկին Վարսիկի լռությունը գործելու այլ տարբերակ չի թողնում:
    Զանգեցին ոստիկանություն:
    Թաղայինը Նվարդ տատի թոռ Քերոբն էր։ Պատճառներից մեկը, որի համար տատը համարվում էր անվիճելի հեղինակություն: Քերոբը եկավ ոստիկանության մեկ այլ աշխատողի հետ: Կողպեքը կոտրելուց առաջ բոլորին ստիպեցին հեռանալ դռան մոտից, իջնել ներքևի հարկ:
    Քիչ անց դուրս եկան և շունչները պահած ականջ դնող մարդկանցից վերև կանչեցին երկու հոգու՝ վկայության համար: Պարզ որոշումը, թե ով պետք է վկա լինի, ձգվեց մոտ տասը րոպե, որն ուղեկցվում էր անարդարության մասին բացականչություններով ու ջրիկ սուրճին վերաբերվող բողոքներով: Վերջապես վերև բարձրացան Եպրաքսիան ու Համոն, որպես գործի մեջ ներդրում ունեցած մարդիկ:
    Տիկին Վարսիկի տանը ոչ ոք չկար: Սենյակի մի անկյունում ընկած դիակի սպասող բոլոր թաքուն փայփայվող հույսերն անէացան նախասրահի ու հյուրասենյակի մռայլ գույների մեջ: Ննջասենյակն ու խոհանոցը նույնպես վանող անշուք էին ու մոխրագույն: Ամենը խստաբարո էր ու չոր, մթնոլորտը՝ մաշկի վրա սառը փշեր առաջացնող: Ամեն ինչ ասես տիկին Վարսիկը լիներ: Հատկապես փայտից, առանց նստաբարձերի ուղիղ մեջքով հնաոճ աթոռները:
    Վկաները, իրենք էլ չհասկանալով ինչու՝ ոտքերի մատների վրա քայլելով վերադարձան հյուրասենյակ, որտեղ քիչ թե շատ ուշադրություն էին գրավում միայն հատակից առաստաղ ձգվող գրապահարանը և դրա դիմացի պատին փակցված դրվագազարդ շրջանակով մեծ նկարը: Ընտանիք էր ըստ երևույթին պատկերված. հայր, մայր և դուստր: Նրանց հետևի ֆոնում պատուհան էր, որի բաց փեղկից երևում էր գործարանատիպ սև կառույց։ Աղջիկը փոքր էր, բայց Եպրաքսիան միանգամից ճանաչեց տիկին Վարսիկի դիմագծերը: Շատ բան չէր փոխվել փոքր տարիքից: Հոր ու մոր դեմքերն ասես կենդանի մարդկանցից նկարված չլինեին, հատկապես հոր՝ ամուր, քառակուսի ծնոտով, խորն ընկած, սուր աչքերով անհաղորդ դեմքը: Եպրաքսիան նկարի դեմքերին նայելով զգաց նույն սառնությունն, ինչ ամեն անգամ զգում էր, երբ մուտքում կամ դրսում իր ճանապարհն անցանկալիորեն հատվում էր տիկին Վարսիկի ուղիներից մեկի հետ: Քերոբը հայտարարեց, որ ևս մեկ անգամ մարդ կբերի՝ առավել մանրակրկիտ տեղազննման համար ու անթաքույց շտապողականությամբ դուրս եկավ անհյուրընկալ տնից՝ գրեթե հրհրելով մնացածին: Թաղային թե ոչ՝ նա նույնպես այդ մուտքում մեծացած երեխա էր եղել՝ ամբողջ գիտակցական կյանքը տիկին Վարսիկի անբացատրելի ահով ապրած:
    Տան դուռը պլոմբեցին ու հեռացան՝ հարևաններին հորդորելով ուշադիր լինել և «կասկածելի» բան նկատելու դեպքում անհապաղ կապվել իրենց հետ:
    Մեկ օր անց տեղի ունեցած երկրորդ զննումը նույնպես ոչինչ չտվեց, բացի նրանից, որ որոշ փաստաթղթերի ու արխիվային տեղեկությունների ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձան տիկին Վարսիկի կյանքի որոշ մանրամասներ:
    Հոր մասին պարզվել էր, որ ծայրահեղ խիստ բնավորության տեր մարդ է եղել, իսկական բռնակալ տանը՝ կնոջ ու դստեր հանդեպ և դաժան, պահանջկոտ ու հաշվենկատ այն գործարանում, որի տերն էր նա եղել: Մի խոսքով, «սատանի ծառան» էր, ըստ ընդհանուր եզրահանգման: Մոր մասին շատ բան չիմացան: «Խեղճ, գլուխը կախ կնիկ է եղել հաստատ»՝ Եպրաքսիայի Համոն էր համոզված:
    Տիկին Վարսիկը շատ ջահել ամուսնացել էր, կամ ինչպես Նվարդ տատն ուղղում մտցրեց՝ ամուսնացրել էին ընտանիք մուտք գործած առաջին պատահած տղայի հետ: Բաժանվել էր նույն արագությամբ, որով ամուսնացել էր ու էլ չէր վերադարձել հոր տուն: Բաժանվելու պատճառը քննարկելիս Նվարդ տատի ձայնը վերածվում էր սուլող շշուկի, կանանց գլուխները մոտենում էին իրար և քիչ անց ահաբեկված հետ քաշվում՝ ձեռքերով բերանները փակած կամ ծնկները ծեծելով ու գործարանատեր հոր «պիղծ» գլխին անեծքների տարափ տեղալով։ Բաժանվելուց հետո տիկին Վարսիկը եկել էր այստեղ, հայտնի չէ՝ ում հաշվին և ինչ փողերով:
    Թե ինչ փաստաթղթերից էր այս ամենն իմացվել, իսկապես այդպես էր եղել թե ոչ՝ պարզ չէր, բայց երբ Եպրաքսիան գրեթե շնչահեղձ լինելով պատմեց հյուրասենյակի պատից կախված վախենալու դեմքերով նկարի մասին, բոլոր կասկածները փարատվեցին: Նկարն ամեն ինչ իր տեղը դրեց, ինչպես ամենաքարե ապացույցը: Շատ էր ազդվել Եպրաքսիան, շատ:
    Սկսվեց վարկածների, քննարկումների, վեճերի երկարուձիգ շարանը, թե որտեղ կարող է լինել տիկին Վարսիկը: Թեմայի ակտիվությունն ասես վերջ չուներ ու ամենուր էր. առավոտյան սուրճի շուրջ, ցերեկվա սուրճի շուրջ, երեկոյան՝ շենքի բակում, ցայտաղբյուրի մոտի փայտե նստարանին ու քարերին նստոտած: Վարկածները բազմազան էին, երբեմն հիրավի ապշեցնող երևակայական թռիչքներով: Նունե քույրիկն օրինակ համառորեն պնդում էր, որ հիմա հասկանում է, թե երեք-չորս օր առաջ իր տեսածն ինչ էր: Ըստ իր պատմածի, գիշերն արթնացել էր, որ գնա զուգարան և իր անկողնու մոտի պատուհանից տեսել էր, թե ինչպես է սարսափելիորեն կնոջ կերպարանք հիշեցնող սև ու մեծ մի թռչուն, հսկայական, չղջիկի թևերը տարածած, թռչում դեպի դեղին լիալուսինը: Այն ժամանակ բան չէր ասել՝ մտածելով, որ աչքին է երևացել: Բայց հիմա... որ տիկին Վարսիկն այսպես անհետացավ...
    Նունե քույրիկն իհարկե նախընտրում էր լռել կողպեքով դարակում պահված իր երջանիկ հաբերի մասին։
    Բոլորը նրան հավատացնում էին, որ երազ է տեսել, բայց իրարից թաքուն երկինք էին նայում ժամանակ առ ժամանակ:
    Թեման իսկապես անսպառ էր: Վաղուց նման արտասովոր բան չէր եղել շենքում:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (09.04.2014), Smokie (08.04.2014), Vardik! (11.04.2014)

  5. #3
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ***

    Փոքրիկ սենյակի պատերին նուրբ դեղձագույն պաստառ էր՝ վարդագույն ծաղիկներով, որոնց թերթիկների եզրերին ոսկեգույն փայլեր էին մեղմ շողշողում, երբ սենյակում լույս էր վառվում: Լույսի աղբյուրը երկու բարձր ոտքով լամպերն էին՝ բաց կարմիր լուսամփոփներով: Դրանցից տարածվող տաք լույսն ընկնում էր երկու ցածրիկ սեղանների վրա, որոնք ծածկված էին նախշուն զարդատուփերով, ապակե բազմագույն ծաղկամաններով, զվարճալի արձանիկներով, տիկնիկներով ու շոկոլադի տուփերով: Հատակին մարգագետին հիշեցնող գորգ էր՝ կանաչ ու փափուկ: Երկու դռնով զգեստապահարան կար, դռներից մեկը՝ ոտքից գլուխ հայելի: Պահարանի կողքին շտատիվ էր դրված՝ վրան ամրացված լուսանկարչական ապարատով: Պատերին լուսանկարներ էին: Բոլոր նկարներին նույն կինն էր՝ տարբեր տարիքներում՝ սկսած երիտասարդից: Մեջքի հետևում միշտ նույն ֆոնն էր. ծաղկանախշ պաստառը։ Նա շողում էր բոլոր նկարներում: Հագին վարդագույն, դեղին, կանաչ, մանուշակագույն, կարմիր, կապույտ ու գոյություն ունեցող բոլոր այլ գույների զգեստներ էին: Մազերը միշտ երկար էին, սիրուն խոպոպիկներով, հաճախ՝ ծաղիկներով զարդարած: Եթե անգամ լամպերը չլինեին, այդ նկարներից հորդող լույսը բավարար կլիներ փոքրիկ սենյակը լուսավորելու համար։
    Աննկարագրելի, տաք ներկայություն կար այդ սենյակում, ասես ողջ աշխարհի բարության ակունքն ու աղբյուրը լիներ...
    Սենյակի կենտրոնում վանդակավոր, վառ կտորով ծածկված փափուկ բազկաթոռ էր դրված, որի մեջ, գլուխը մի կողմի վրա թեքած, անշարժացած նստած էր տիկին Վարսիկը՝ դեմքին երանելի ու հանդարտ ժպիտ: Հագին նկարներից մեկի հագուստն էր՝ նարնջագույն, ուրախ մի զգեստ՝ դեղին պուտիկներով: Գլխին երկար խոպոպիկների կեղծամ էր՝ դեղին ժապավենով: Ծնկերին շոկոլադի սրտիկաձև, կիսադատարկ տուփ էր դրված: Ձեռքերից մեկը հանգչում էր շոկոլադի տուփի վրա, իսկ մյուսն անկենդան կախվել էր բազկաթոռից, որի ուղղությամբ կանաչ գորգի վրա էր ընկել արծաթագույն փետուրներից հյուսված հովհարը։ Աչքերը բաց էին: Սառած ու միաժամանակ ջերմ: Հա, հենց ջերմ...
    Սենյակն ապրում էր:

    Փոքրիկ, վառվռուն աշխարհը հյուրասենյակից բաժանվում էր հատակից առաստաղ ձգվող գրապահարանով ու արհեստական պատով: Գրապահարանի դիմացի պատին փակցված նկարի տղամարդն իր մեռած հայացքով ուղիղ նայում էր գրքերի այն խմբին, որոնք պետք էր տեղաշարժել՝ դեպի թաքուն սենյակ գաղտնի դուռը բացելու համար:
    Նկարի միջի փոքրիկ աղջկա դեմքին նույն խաղաղ ու տաք բարությունն էր ու ժպիտը, ինչ լույսով լցված սենյակում:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (08.04.2014), E-la Via (11.04.2014), Sambitbaba (09.04.2014), Smokie (08.04.2014), Vardik! (11.04.2014), Աթեիստ (08.04.2014), Արէա (08.04.2014), Նաիրուհի (09.04.2014)

  7. #4
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3. Թարսի բան




    Ուշանում են: Էհ, թող ուշանան: Թեյը կխմի, մինչև կբարեհաճեն ժամանել:
    Մեջների պարապը ինքն է, չէ՞, բա, դե ինքը կարող է հայելու առաջ երեք ժամ չկոտրատվել (Մանեի պես) կամ էլ անգրաֆիկ չֆռֆռալ (Արփիի պես), իսկ նրանք, է՜, նրանք խիստ զբաղվածներն են:
    -Ես եմ պարապը, բա՜, ես եմ:
    Բարձրաձայն հնչած խոսքը մի պահ զարմացրեց սուրճի գավաթներով բեռնված մատուցողին, բայց բերանը տարակուսած ծռմռելուց հետո, նա արագ առաջ գնաց դեպի հաջորդ սեղանը:
    Լենան «հետո ի՞նչ» հայացքով նայեց մատուցողի հետևից, կտրուկ շուռ եկավ դեպի պատուհանը և ագահ ումպերով մենամարտի դուրս եկավ բաժակի հետ:
    Գաղափարակիցներ: Բա, իրենք գաղափարակիցնե՜ր են: Արդեն երեք տարի է, կցմցում են գաղափարներն իրար ու դրանցից կցագաղափարներ սարքում:
    Չէ՛, սերունդների տարբերությունը ոնց էլ չլինի, երևում է: Իրենց սերունդը պարտաճանաչ էր, գիտեր խոսքի գինը: Երկու սերունդ: Բերանով ասե՞լ է, ախր, երկու տասնամյակի տարբերությունը մեծ բան է:
    Էհ, էս ամենը ուրիշ օր էսպես չէր ազդի: Թարսի բան է: Ոնց թարս սկսվում է, էնպես էլ թարս գնում է: Ինչի՞ պիտի երեկ էդ անտեր ձայնագրության ֆայլը գցեր խմբագրելիք գրքի ֆոլդերի մեջ (պահո՜, իբր թե ոչ ոքի դա չի հետաքրքրի), որ էս առավոտ թոռնիկը դպրոցական միջոցառման համար ոտանավոր փնտրելիս չխոթվեր իր համակարգիչ...իր ֆայլեր...Հովհ. Գրիգորենցի «Ժամանակավրեպ մայրեր» ... ու տեսներ...
    Սյո՜ւ: Թեյը աղմուկով էր կուլ գնացել: Կողքի սեղանի նստածներն իրեն էին նայում:
    Հա, ի՞նչ է եղել, որ: Թարսի բան է, չէ՞, թարսի բան: Քիչ է՝ պառավում է (ծիծաղելի ես, հիսուն տարեկան ես, հլա քեզնից անգամ ուզում ես թաքցնել, ախր, ոչ թե –ում ես, այլ՝ -ել ես) հիմա էլ էս հազար ու մի թարսությունները:
    Էհ, ջահելություն: Ժամանակը չգնահատեց՝ կարիերա, կուրիերա:
    Հիմա պիտի երեսուն տարեկանների հետ ընկերություն աներ, նոր հասկանար ամուսնական հաճույքների բազմազանության իմաստը: Թո՛ւ: Լավ, էլի, գոնե հիմա մի՛ հիշեցրու: Կորե՛ք, գնացե՛ք, չեմ ուզում:
    .. «sex.com, այստեղ լիքը հետաքրքիր խորհուրդներ կան, անգամ լավ ռոլիկներ կան, անպայման կնայես»:
    «Մանե՛, ոչուփուչ լինես բիձա ամուսնուդ հետ: Բիձա՞, իմ թայն է: Չէ՜, որ ասում եմ՝ պառավել ես, չես հավատում»: Լենան թեյի վերջին կումն էր անում:
    ....
    -Բարև, Լե՛ն: Ինչպե՞ս ես, հարազատս:
    -Լավ եմ, Մա՛նս: Դու քեզնից ասա: Ինչո՞ւ ուշացար: Բա Արփին ո՞ւր է:
    -Արփին զանգեց, ասաց՝ ավելի ուշ կգա: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ցույցը շարունակվում է: Արփին ասում էր՝ ոնց որ երկխոսության հիմքեր են ստեղծվել:
    -Հա, դե, լավ է: Մեզ վրա չի ազդում, բայց որ հոդացավ չունենայի, ինքս էլ սիրով կմասնակցեի ցույցին:
    Ստանա՞լ ամբիոնի վարիչի պաշտոն, թե՞ չստանալ: Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ:
    -Ես էլ կգնայի, բայց ժամանակս չի հերիքում, սիդիիս ձայնագրումը շատ ժամանակ է խլում: Ինչ անեմ, ես էլ արվեստով մարդկանց կօգնեմ: Բայց Արփին գիտի, որ իրենց հետ ենք: ՖԲ-ով հետևում եմ, լայքերը, քոմենթներն անպակաս են իմ կողմից:
    -Հա, ես ուսանողներիս էլ ակնարկներով հասկացնում եմ Արփիենց բռնած գործի կարևորությունը: Չեմ պարտադրում, բայց իրենք պիտի հասկանան, որ եթե այսօր չգործեցին, կորցնելու են իրենց վաղը:
    -Այո, իհարկե: Բայց ի՜նչ հոգնած եմ: Դեվինը սպանում է: Երեք ժամ է, փորձեր էինք անում, ինքը չէր էլ հոգնել: Երևի սկսում եմ ծերանալ:
    Լենայի զարմացած հայացքն ուղղվեց երեսնամյա ընկերուհուն, ապա իր թեյի բաժակին: Որոշեց լռել:
    Մանեն թույլ ժպտաց, վերցրեց գդալն ու սկսեց մտորելով խառնել թեյը:
    Երեք ընկերուհիներին միացնող օղակներից մեկն էլ թեյն էր: «Թեյախումներովս մի հովանոցի տակ ենք հավաքվել». սիրում էին կատակով նշել ընկերուհիները:
    -Բարև, իմ հայ ժողովրդին:
    Լենան ու Մանեն անակնկալի եկան սթափեցնող ողջույնից. հայտնի սմայլիկի հայացքով իրենց էր նայում Արփին:
    -Չէի՞ք սպասում: «Արդեն չգալ չէի կարող: Ու ես եկա»:
    -Բարև, Արփ, երևում է գործերը լավ են:
    -Հա՛, երևում է հայությունը ապահով ապագայի կերտման ճանապարհին է,-միացավ Մանեն:
    -Իհարկե՛, լավ են, դեռ ավելի լավ են լինելու: Եթե մարդը անասունից տարբերվում է, ապա չի կարող չպայքարել իր բնական ազատությունների համար: Պայքա՛ր փտած համակարգների դեմ: Պայքա՛ր նեխած ավանդույթների դեմ: Պայքա՛ր կեղծի ու անազնիվ երևույթների դեմ:
    -Կեցցե՛ս:
    -Մենք կեցցենք, բայց դուք արդեն որերորդ անգամ պատճառներ եք հնարում ու չեք միանում երթերին: Դրա մասին ի՞նչ կասեք:
    -Հաջորդներին կփորձենք բացը լրացնել:
    -Տեսնեմ, տեսնեմ:
    -Դե, ավելի մանրամասն պատմիր: Առաջին ձեռքից ինֆորմացիա ստանալը մի այլ տեսակի առավելություն է:
    Ընկերուհիները քրքջացին: Արփիի ոգևորված խոսքն սկսեց լցնել ունկնդիրների ականջները:
    ....
    -Լե՛ն, դու Մանեի ասածը վերջը փորձեցի՞ր:
    Արփիի հարցը անժամանակ ու անտեղին էր:
    -Չէ՛, Արփ, եսիմ, ժամանակ չի եղել: Համ էլ ոնց որ չտրամադրվեմ:
    -Էդ կեղծ ձևերին վերջ տուր, հորս արև: Ոնց որ տասնութ-քսան տարեկան աղջիկ լինես: Գիտես, չէ՞, թե ոնց եմ զզվում էդ ձևավորներից: Դրանց հետ քնելուց քսան տարեկան տղան ի՞նչ պիտի հասկանա: Ախր դրանք են, որ էդ խեղճ տղաների երևակայությունը էդ աստիճանի աղքատացնում են: Մի մասը սանձարձակ ձևիստներն են, մյուսն էլ՝ կոմպլեքսավորված միանձնուհիները: Կեղծ, կեղծ ու երիցս կեղծ:
    Եթե ես չլինեի, Առնոն էլ իր տարեկիցների պես դժբախտ էր լինելու: Հա՛, հենց դժբախտ, հետն էլ ՝խաբված: Բա խաբված չեն մի՞թե էն մարդիկ, ում սխալ պատկերացում են կազմել տալիս էն կյանքի մասին, որ ամենակարևորն է մարդու կյանքում: Լե՛ն, մի ժպտա, համ էլ ամենակարևորն է: Դու ուղղակի շատ չես խորացել էդ ուղղությամբ, շատ բաներ չգիտես: Հենց սեռական կյանքն է մարդու ճակատագրի որոշողը: Սխալ պատկերացումներ ունեցար, սաղ կյանքդ ուրիշներն են քո փոխարեն ապրելու:
    Չկա էն ազատությունն ու անկեղծությունը իրենց մեջ: Երևի պիտի երրորդ տասնամյակին հասնեն, որ անկողնում ոչ պոռնոհերոսուհի խաղան, ոչ էլ՝ ստրկուհի:
    Պիտի կարողանաս լինել քեզ նման, լինել անկեղծ: Տրվես ամբողջովին: Անես էն, ինչ էդ պահին ուզում ես, ոչ թե էն, ինչը մտածում ես, թե քեզ իբր սեքսուալ կդարձնի, իբր եսիմինչի կամ եսիմում կվերածի: Մարդ պիտի ապրի Իր պես, Իր կյանքով. Ոչ ոք չպիտի թելադրի իր ուզած մոդելը: Դու ես քո երկրի, քո կյանքի, ճակատագրի ու քո սեքսի տերը:
    «Ի՞նչ կմտածեր Սամվելն իմ ու ընկերուհիներիս մասին, եթե լսեր այս ամենը»: Լենան տարակուսած ժպտում էր:
    -Հիմա թող շներն հաչեն, թե էս գրանտակերը քսան տարեկան տղայի կյանքն է քայքայում, թքած ունեմ: Փոխարենը՝ գիտեմ՝ Առնոն երջանիկ է: Հետո եթե մենք բաժանվենք էլ, ինքն արդեն ապրել է իրական կյանքով, երբեք կեղծին չի խաբվի: Ես գիտեմ՝ ինքը շնորհակալ կլինի ինձնից այն ճանաչողության ու օրերի համար, որ իր հասակակիցները երբեք չէին կարող տալ:
    Արփին բորբոքված էր երևում: Մեջը կուտակված լավան ելք էր գտել ու բլբլթալով դուրս էր հորդում:
    Սակայն Լենան իր մտքերով էր տարվել:
    «Դու Մանեի ասածը վերջը փորձեցի՞ր»: Մանեի ասածը: Գրողի ծոցը գնար Մանեի ասածը:
    Դին Մարթինի «Sway»-ը, իր անֆիգուրա մարմիննն ու կամերան: Հա՜, հա՜, հա՜: Թո՛ւ, թո՛ւ:
    «Դուք հմայիչ եք: Անկրկնելի եք: Երբեք չմոռանաք այդ մասին»:
    Դե, իհարկե, հմայիչ եմ: Բիմ, բիմ, բիմ՝ ուսերը կտրուկ առաջուհետ: Լավ է: Վատ չէ: Կտրուկ չէր: Չէ՛: Շատ կտրուկ չէր: Երևի:
    «Կարևորը ձեզ վստահ զգաք »:
    «When marimba rhythms…», գլուխը առաջ: Հայացքը վագրի նման: Վագրի՞: Ինչ-որ գազանի, էլի: Ստացվո՞ւմ է: Երևի:
    «Վագր ու կատու միաժամանակ: Չմոռանաք»:
    Նազանքով, Լենա, նազանքով: Ստացվում է: Մի՛ բարդույթավորվիր: Մի՛ մտածիր:
    «Ձեր մարմինն անթերի է»:
    Ցելյուլիտի ու ճարպի հաստ շերտերը: Չէ՛, դրանք չեն երևում: Երևի: Երևի հիմա աչքը այլ տեղերում է:
    «Կարևորը ճիշտ մատուցման ձևն է»:
    Մի տեսակ չի ստացվում: Էն ռոլիկի աղջիկը էսպես չէր անում... ոնց որ:
    Դեմքի խեղճուկրակ ժպիտը իրեն էր նայում դիմացի հայելուց: Էլ չէր կարող: Ինքնահամոզմունքը վերջին ու վճռական հարվածն էր ստացել:
    Ցույց մի՛ տուր: Թող Սամվելը չտեսնի: Եթե, իհարկե, դեռ չի տեսել: Հա-հա-հա:
    Սավանը կփրկի: Կարելի է դեմքին քաշել:
    Ձեռքը գցել էր սավանին, երբ Սամվելն անջատեց տեսախցիկը: Մոտեցավ կնոջը: Գրգռված չէր: Ջերմ ժպտում էր:
    Կարեկցող ժպիտ կար դեմքին, հա՛, հենց կարեկցող: Խղճուկ ես, Լենա՛: Ծիծաղելի դուրս եկար: Թո՛ւ:
    «Կյա՛նքս, քեզ շատ եմ սիրում: Դու միշտ, ցանկացած դեպքում ինձ համար ամենան ես: Միշտ հիշիր»:
    Գրկեց: Համբույրների տաքությունը փորձում էր ծածկել Լենայի սառած մարմնի հիասթափությունը:
    Աճարա՛կ կին: Հի՜-հի՜-հի՜: Խղճուկ ես: Անշնորհ: Գցելու ապրանք: Բա քո մարմի՞նն էլ է մարմին, էն ռոլիկի աղջկա՞նն էլ: Դու գնա Նաբոկով վերլուծիր, Միլլերի գործերի քարոզն արա ուսանողներիդ: Դու միայն դա կարող ես անել: Դու դասախոս ես: Դասախոսը կին չէ՞: Դու՝ չէ՛:
    «Գուցե էնքան էլ վատ չի ստացվել: Հա, էլի, գուցե ինչպես միշտ, ինձ թերագնհատել եմ: Նայել է պետք: Լավ, տեսախցիկից կջնջեմ, բայց մինչ այդ կգցեմ համակարգիչ: Հենց ազատ եղա, կնայեմ»:
    Բա՛, թարսի բանը ոնց է լինում: Բա, պիտի գցեիր, որ նախքան քո նայելը թոռնուհիդ նայեր: Բա պիտի օր ծերության խայտառակ լինեիր, չէ՞: Թարսի բան ասիր, պրծա՞ր:
    -Հա, հենց էդպես, ես թքած ունեմ բոլոր անինքնասերների կարծիքների վրա,-Արփին դեռ չէր հանդարտվել,-ուղղակի զարմանում եմ, որ չնայած ամեն ինչին՝ էդ ապուշ կարծիքները դեռ ազդում են վրաս: Վկա երեկվա թարս օրը: ՀԿ անդամներից մի տատուս թայ կույս ո՜նց էր հարձակվել վրաս, Հովհաննու Հայտնությունը գլխիս կարդաց: Շիլաշփոթ էր, չկարողացա նորմալ պատասխանել, երևի դրա համար էլ մեջս մնաց: Դե, թարսի բանը ոնց է լինում: Ոչինչ, մի օր երեսին կասեմ ու լա՜վ կհանգստանամ:
    Ընկերուհիները ժպտացին: Նրանք արդեն գիտեին իրենց հաջորդ քայլը:
    -Մատուցո՛ղ, երեք բաժակ թեյ:
    Վերջին խմբագրող՝ Վոլտերա: 08.04.2014, 22:23:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (09.04.2014), Այբ (12.04.2014)

  9. #5
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4. Անցումներ



    Ահա քայլում է նա՝ գետնանցումի թագավորը: Հագին՝ անցյալ դարի կարկատաններ: Գլխին՝ նորաձության առեղծված: Դեմքին ծովահենի ժպիտ է, այն ծովահենի, ով ոչ միայն սնդուկն է գտել, այլև բանալին:
    Ահա քայլում է նա՝ գետնանցումի թագավորը: Նա աշխարհի հետ պարտք ու պահանջ չունի, նրա արյան մեջ երաժշտություն է, ոտքերին՝ անհոգ ռիթմեր: Նրա միակ հարազատը ազատությունն է, իսկ թշնամիներ երբեք էլ չի ունեցել:
    -Ողջո՜ւյն, Մուֆասա,- բացականչում է փոքր տաղավարի տերը և նրան մեկնում թարմ հացով տոպրակը,-սա քեզ՝ իմ կողմից:
    Մուֆասան բարձրացնում է իր կյանքում նոր հայտնված կանաչ գլխարկը՝ ի նշան շնորհակալության, ու վերցնում նվերը:
    -Գլխարկդ ընտիր է,- ծիծաղում է խանութի տերը,- բարո՜վ մաշես:
    Գետնանցումը մեծ է, տաղավարներն ու խանութները՝ բազմազան: Նա հպարտ քայլերով անցնում է իր թագավորության տարածքով. ամենուր ողջունում են նրան ու բարի օր մաղթում:
    -Մուֆասա, հիմա մի երգ եմ միացնելու քեզ համար: Տես, հավանում ե՞ս:
    Մուֆասայի դեմքը պայծառանում է, ինչպես սև սուրճով լի բաժակ, որի մեջ պատահաբար կաթ է լցվել: Նրա լայն շուրթերը բացվում են:
    Մեկ, երկու, երեք: Ու նա սկսում է պարել: Կարգին, տեղը տեղին, ինչպես կերազեր պարել տասնութամյա ամեն մի տղա: Ջահելները կանգնում ու ծափ են տալիս: Մյուսները ժպտալով նայում ու անցնում են կողքով:
    Միայն կարմիր թշերով կինն է, որ ուշադրություն չի դարձնում անցումի քեֆ ուրախությանը. նա կանգնած է պիցցայի տաղավարի մոտ ու ներս է նայում «մի հատ ինչ ուտեմ, որ նիհարեմ» աչքերով: Նրա սանրվածքը կատարյալ անշարժության մեջ է, անգամ հնարավոր է, որ այն քորոցով են ամրացրել գլխին: Չափսերով օրենքի սահմանները հատած թշերի հարցն էլ որ լուծվի, տիկինն արդեն պատրաստ կլինի «Իմ երազած հարսը» հաղորդան համար, որին բան չի մնացել՝ ընդամենը երեք օր:

    ***

    Մետրոյի „S6“ գծով անցնող գնացքը վայրկյանների ճշտությամբ Տրուդերինգ է գնում: Ամեն ինչ հարթ է ու ճիշտ : Գծած, չափած, ուղիղ կտրած:
    Այդ օրը միայն մի բան կա, որ կանոնների մեջ չի մտնում: Արդեն կես ժամ է, ինչ վագոններով սևահեր կին է անցնում՝ ձեռքին ակորդեոն, որից փչացած փոշեկուլի ձայն է գալիս: Նրա կողքին մի քաղցր աղջնակ է, հազիվ լինի ութ տարեկան: Նա ձեռքին միանգամյա օգտագործման բաժակ է պահել, նրանցից, որով ամռանը լիմոնադ են խմում՝ այգու խոտերին նստած: Աչոնն այդ լիմոնադ չի բաժանում. նա վագոնի ուղևորներին խնդրում է փող տալ իրենց:
    Երկու կին, որոնց ջահելությունը մնացել է Աբբայի համերգներում, նստած են իրար կողքի ու զրուցում են կյանքի կարևոր խնդիրներից: Հերթով քննարկելով առաջ են անցնում: Նորածին կատուներին երկրոդ ամսվա սկզբում պատվաստել, թե առաջինի վերջում: Ինչպես բացատրել Մյուլեր կաթնամթերքների վրա վերջերս ավելացած կես տոկոս յուղայնությունը: Վերջապես հասնում են օրվա գերխնդրին: Թե ինչ մեծ սխալ է, որ մետրոյի վերջին վագոնի ուղևորները մինչև գլուխները չշրջեն չեն տեսնի հերթական կայարանի անունը, եթե նստած են գնացքի ընթացքին հակառակ: Նրանցից մեկը՝ նա, ով ճմրթված շուրթերին կարմիր շրթներկ է քսել ու „Miss Sixteen“ խանութից գնած նարնջագույն շալվար հագել, հանդես է գալիս հիանալի առաջարկով: Նամակ գրել քաղաքապետարան և խնդրել հարցը դնել անհապաղ քննարկման:
    Ակորդեոնով կինն անցնում է նրանց կողքով, իսկ բաժակ բռնած աղջիկը մոտենում է՝ փող խնդրելու: Տիկնայք մեկ իրար են նայում, մեկ աչոնին: Նրանց գլխի սիրուն պահարանում մուրացկանության դարակ չկա: Նրանցից մեկը՝ նա, ով շաբաթվա մեջ երեք անգամ պիլատեսի է գնում ու ամեն հինգշաբթի „Germany’s next top model“ դիտում, ձեռքը տանում է ճակատին՝ հավանաբար տեսածի հետևանքով բարձրացած ջերմությունը ստուգելու: Ու վեր է թռչում տեղից:
    -Գլխարկս:
    -Ի՞նչ եղավ,- խառնվում է նարնջագույն տուտուզավորը:
    -Գլխարկս ինչ արեցի: Ո՞ւր է: Կանաչ գլխարկս: Անցումում եմ թողե՞լ...

    ***

    Բարբարայի կարմիր թշերը հուզմունքից վառվում են: Նրան զգուշացրել են, որ տեսախցիկին չնայի: Նա նստած է սեղանի առաջ ու փորձում է այնպես դզմզել մարմինը, որ կուրծքն ավելի առաջ լինի, քան փորը: Հեշտ խնդիր չէ՝ վերջին օրերին կուլ տված պիցցաների պատկառելի թիվը հաշվի առնելով:
    Սեղանի մյուս կողմում խիստ հայացքով կին է նստած: Պիտի որ վաթսունհինգին մոտ լինի: Նա ուշադիր զննում է Բարբարայի կասկածելի սանրվածքը: Կողքին կուչ է եկել նրա ծերացած օրիորդ տղան, տեսքից՝ բակում չհարգված քնձռոտ կատու: Բարբարան փորձում է կենտրոնանալ տան տղամարդու վրա՝ նրա մոր խիստ հայացքից խուսափելու համար:
    -Իմ Գոթֆրիդը շատ համեստ ու ամաչկոտ տղա է,- ասում է մայրը,-չէ՞, Գոթֆրիդխեն:
    Գոթֆրիդը գլխով է անում՝ առանց աչքերը վեր բարձրացնելու:
    -Մենք քո նամակը միանգամից հավանեցինք, Բարբարա, դրա համար դու առաջինն ես, ում հրավիրել ենք մեզ հյուր,-շարունակում է տարիքով կինը,- և ես մեծ հույս ունեմ, որ հենց դու ես լինելու իմ երազած հարսը:
    Այդ պահին հնչում է «ստոպ», և նկարահանումն ընդհատվում է: Բարբարային հայտնում են, որ նա հիմա նստելու է տեսախցիկի առաջ և հեռուստադիտողի հետ կիսվի իր առաջին տպավորություններով՝ մոր ու տղայի ականջից թաքուն:
    -Ես հենց այսպիսին էլ պատկերացնում էի Գոթֆրիդին՝ լուռ ու խորհրդավոր տղամարդ, ով կարող է գերել ցանկացած կնոջ սիրտ,- տեսախցիկին խոստովանում է Բարբարան,- իսկ նրա մայրն այնքան հյուրասեր ու ջերմ կին է, որ ես արդեն պատրաստ եմ մնալ այստեղ:
    «Իմ երազած հարսի» նկարահանումները շարունակվում են: Հաջորդ տեսարանում Գոթֆրիդն ու Բարբարան վազում են դաշտում՝ իրար ձեռք բռնած, իսկ նրանց հետևից խոշոր քայլերով գալիս է ջահելի մայրը: Սիրային վազքի ժամանակ Բարբարայի մարմնի ամեն մի հատված շարժվում է իր ընտրած ուղղությամբ. միայն մազերն են, որ ֆլեգմատիկ անշարժության մեջ են: Ցավոք, Գոդֆրիդի աչքից այդ ամբողջ գեղեցկությունը վրիպում է, քանզի նրա միակ մտահոգությունն այդ պահին սեփական շնչառությունն է, որն ամեն վայրկյան կարող է մեկընդմիշտ հատվել:
    Երկու օր անց մոտենում է այն պահը, երբ Բարբարան պիտի որոշում կայացնի՝ մնալ Գոթֆրիդենց մոտ, թե հետ գնալ տուն: Նա նայում է իր անմխիթար կյանքի վերջին հույս Գոթֆրիդին, հետո վերհիշում իր միակ սեր Վոլֆգանգ Կ.-ին, ով իր ոստիկանական համազգեստն ավելի շատ էր գնահատում, քան Բարբարայի բոլոր անշարժ ու շարժվող բարեմասնությունները միասին վերցրած:
    -Մնում եմ,- հայտնում է Բարբարան խորը հոգոցով:
    Թե ինչ է սպասվում սիրահարներին ու երջանիկ մորը հաղորդման ավարտից հետո, ոչ ոք չգիտի: Բայց ռեժիսորը համենայնդեպս զգուշացնում է Բարբարային, որ իրենք շուտով սկսելու են «Իմ երազած նախկին հարսը» հաղորդման նկարահանումները, որին կարող է նաև Բարբարան մասնակցել, եթե աստծո օգնությամբ Գոթֆրիդի հետ ոչինչ չստացվի:

    ***

    Աղջիկը պլաստմասե բաժակից վաթսուն ցենտ է վերցնում ու մնացածը թողնելով մոր մոտ՝ վազում դեպի ավտոկայանի խանութ, որի ցուցափեղկին կպցրած է «Իմ նախկին հարսի» պաստառը:
    Խանութում աշխատող տղամարդը, բաց ամսագրի վրա կռացած, խաչբառ է լուծում: Նա ժամանակ առ ժամանակ կենտրոնացած հայացքն ուղղում է պատին՝ փորձելով գտնել հերթական հարցի պատասխանը:
    Վաճառողը մի պահ կտրվում է իր զբաղմունքից, երբ իրեն է մոտենում երկար փեշով աղջիկը, մի ձեռքին՝ „Lion“ կոնֆետ, մյուսին՝ վաթսուն ցենտ:
    Տղամարդն ուշադիր նրան է նայում:
    -Դու ինչո՞ւ դպրոցում չես:
    Աղջիկը ոչինչ չի պատասխանում, միայն սպասում է, որ փողն իրենից վերցնեն:
    -Ո՞ր դասարանում ես,- նորից հարցնում է տղամարդը՝ ընդունելով վճարը:
    -Ոչ մի դպրոց,-կցկտուր պատասխանում է աղջիկը՝ բառերը դժվարությամբ ընտրելով:
    -Վաղուց ե՞ս Գերմանիայում:
    -Չի իմանում:
    -Որտե՞ղ ես ապրում:
    Աղջիկն իր մեծ աչքերով լուռ նայում է անծանոթին:
    -Մի վախեցիր,- նրան հանգստացնում է վաճառողը,- ես ուզում եմ քեզ հյուր գալ և ուրիշ շատ կոնֆետներ բերել: Կասե՞ս որտեղ ես ապրում:
    Երեխան ձեռքը պարզում է փողոցի ուղղությամբ.
    -Կամուրջ: Վերև չէ, ներքև:
    -«Կաբելշտեգ» կամրջի տա՞կ:
    Առանց պատասխան տալու՝ աղջիկը դուրս է վազում խանութից:
    Վաճառողը նայում է նրա հետևից, ապա անցնում հետևի սենյակ ու վերցնում հեռախոսը: 089-29100:

    ***

    Լսելով ոստիկանական մեքենայի ձայնը՝ Մուֆասան վեր է թռչում քնից: Երկու տղամարդ իջնում են ներքև՝ դեպի իրենց կողմը: Կամրջի տակ միայն երեքով են: Ինքն ու երկու շաբաթ առաջ հայտնված հարևանուհին՝ իր փոքր աղջկա հետ:
    Երկու ոստիկաններից մեկն առաջ է գալիս ու սառը ձայնով ներկայանում.
    -Վոլֆգանգ Կոխ,- ապա շարունակում,-կարո՞ղ եմ տեսնել ձեր փաստաթղթերը:
    Աղջիկը ամուր գրկում է մորը ու դեմքը թաքցնում նրա մազերի մեջ:
    Մուֆասան բարձրանում է տեղից:
    -Ինչո՞վ ենք արժանացել այս այցին, պարոն Կոխ:
    Ոստիկանը ոտքից գլուխ զննում է նրան:
    -Ուզում ենք տեսնել՝ ինչով կարող ենք ձեզ օգտակար լինել, կարծես թե ձեր տեղն այնքան էլ հարմար չէ:
    -Մեզ մոտ ամեն ինչ կարգին է, մի անհանգստացեք մեզ համար,- ժպտալով ասում է Մուֆասան՝ գետնից վերցնելով ու գլխին քաշելով կանաչ գլխարկը:
    -Փաստաթղթերը,- քար ձայնով արտասանում է Վոլֆգանգ Կոխը:
    Գործընկերը մոտենում է նրան, ապա անցնում աղջկա ու մոր կողմը՝ ձեռքով ցույց տալով, որ վեր կենան և հետևեն իրեն: Աղջիկը սկսում է լաց լինել: Կինն ինչ-որ բան է գոռում անհասկանալի լեզվով:
    -Ես Մուֆասան եմ,-ասում է սևամորթ տղամարդը,- ինձ բոլորն են ճանաչում:
    -Գնացինք, տեղում կպարզենք, թե դու ինչ Մուֆասա ես:
    -Ինձ այստեղ շատ հարմար է, պարոն Կոխ, ինձ թվում է՝ ես կմնամ այստեղ:
    -Ինձ թվում է՝ դու գալիս ես մեզ հետ:
    Կոխի գործընկերը փորձում է տեղից բարձրացնել կնոջն ու աղջկան:
    -Հանգիստ թողե՛ք կանանց, ուր ե՞ք տանում,- բացականչում է Մուֆասան:
    -Նրանց մասին հոգ կտանեն, ինչպես և քո մասին: Հետևիր ինձ:
    Մուֆասան ձեռքը տանում է իր քրքրված վերարկուի գրպանը և մի պլաստիկ քարտ հանելով՝ մեկնում ոստիկանին:
    Կոխը վերցնում է քարտը, նայում նկարին, ապա գրվածին՝ «Մուֆասա Բուհարի», «քաղաքացիությունը՝ գերմանացի»: Նա բարձրացնում է քարտը լույսի կողմը, այսուայնկողմ շրջում:
    -Ասում եմ՝ ես Մուֆասան եմ, ինձ բոլորը ճանաչում են, արդեն քսանութ տարի է՝ այստեղ եմ ապրում:
    Կոխը քարտը մեկնում է Մուֆասային, նորից ոտքից գլուխ զննում նրան:
    -Ներեցեք անհանգստացնելու համար, պարոն Բուհարի: Բարի երեկո եմ մաղթում:
    Մյուս երկուսին ոստիկաններն ուղեկցում են դեպի մեքենա:
    -Ազի՜տա, Ֆարնա՜զ,- նրանց հետևից գոռում է Մուֆասան,- չվախենա՜ք, ամեն ինչ լավ է լինելու: Չվախենա՜ք:
    Երբ ոստիկանները հեռանում են տեսադաշտից, նա գալիս նստում է կամրջի տակ ընկած մեծ քարին, ձեռքերը մեկ իրար խփում, մեկ ծնկներին ու գլուխը տարուբերելով երգում.
    "Three little birds
    Pitch by my doorstep
    Singin' sweet songs
    Of melodies pure and true,
    Sayin', This is my message to you-ou-ou:
    Singin': Don't worry 'bout a thing,
    'C ause every little thing gonna be all right.
    Singin': Don't worry, don't worry 'bout a thing,
    'Cause every little thing gonna be all right!"
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (11.04.2014), Mephistopheles (08.04.2014), Sambitbaba (09.04.2014), Smokie (08.04.2014), Vardik! (13.04.2014), Աթեիստ (08.04.2014), Այբ (12.04.2014), Արէա (08.04.2014), Շինարար (12.04.2014)

  11. #6
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    5. ՎԱԶՔ




    <<Արագ, արագ, արագ, հավաքվում ենք, վազում ենք, փախչում ենք, ինչքան հնարավոր է արագ>>: Ինչ-որ բան անելուց խոսելը հին սովորություն էր: Մանկությունից էր գալիս: Այն օրերից, երբ մայրը երեկոները իրեն մենակ էր թողնում տանը, ինքը գնում էր կաֆեում աման լվանալու: Բայց հիմա մի տեսակ գոռում էր մտքում, ասես սեփական մտքերը փորձում էր մտքում ասված բառերով լռեցնել, բայց չէր ստացվում մի տեսակ:
    <<Հավաքիր ամեն ինչ, ինչ հնարավոր է, միեւնույն է ոչինչ չի ստացվի>>: Համարյա նույն բառերը, որ ասում էր այն օրերին, երբ արագ հավաքում էր տոպրակներից թափված խաղալիքները` մինչեւ մոր գալը հասցնելու համար: Գիտեր, որ չի հասցնի, բայց հավաքում էր:
    Էդ նամակները, զանգերը, որոնց այդքան սպասել էր քսան տարի առաջ, հիմա դարձել են փորձություն: Ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ հենց հիմա, ինչո՞ւ:
    Ձեռքն ընկած հագուստը լցնում էր ճամպրուկը: Այն, ինչ ունի այս տանը: Ուրիշ ոչինչ չստացվեց ունենալ: Տարիների ամուսնական կյանքից հետո մի երեխա անգամ չստացվեց: Հագուստ, գրքեր, մի քանի արծաթյա ու ոսկյա իրեր: Ավելի լավ, հեռանալը հեշտ կլինի: Հեշտ, արագ, առանց ավելորդ ափսոսանքի:
    <<Գնում եմ տնից: Գիտեմ, որ տնի'ց եմ գնում, բայց չգիտեմ` ուր: <<Որտեղից>>-ը հայտնի է, <<ուր>>-ը` ոչ այնքան: Արագ, արագ, արագ, հիմա կվերադառնան: Բերանից միշտ վատ հոտ եկող սկեսուրը, որի միակ հաճույքը խանութներում ու շուկաներում պտտվելն է: Երբ նայում է, հայացքից ատելություն է ծորում վրադ: Ամուսինը, որն ուղղակի կողակից է, ոչինչ ավելի: Ոչինչ…>>
    Մինչեւ հիմա չի հասկանում, ոնց ստացվեց այդքան երկար համատեղ կյանքը: Փախչելու ցանկությունը միշտ է եղել: Միշտ, թաքուն, հոգու խորքում եղել է, բայց քաջությունը միշտ չի հերիքել: Կտրելու ուժ ունենալը հունար է: Ինքը չունի: Հարմարվում է իրավիճակին ու վերջ: Մեռնի, չի կարող պոկվել: Իսկ հիմա հանկարծ փախչելու ցանկությունը գլուխ բարձրացրեց անասելի ուժով: Ինչպես դպրոցում, երբ նեղացնում էին, ինչպես հետո, ավելի ուշ, երբ գիտեր, գիտակցում էր, որ ուրիշ է: Պատճառը այդ նամակն էր, հետո միակ զանգը, որ առաջարկում էր տեսնվել:
    Տեսնվել: Քառասուն տարեկանում տեսնվելը ուշ է: Չստացվածի համար պատասխան տալ է պետք, պետք է պատասխան տալ բոլոր չստացված նպատակների համար: <<Բայց սպիտակած մազերով, ավելացող կնճիռներով պատասխան տալը մի տեսակ այնքան էլ էսթետիկ չէ: Թեպետ արագ, արագ, արագ, դեռ կարող ես հասցնել>>:
    Դուռը ինքն իրեն է բացվում, չի ճռնչում անգամ: <<Կարելի է տեսնվել: Անհետանալուց առաջ, վերջին անգամ: Պարտքը տալ ջահել օրերին, երբ կարող էր ամեն օր տեսնվել, բայց գլուխ չդրեց: Հիշում է ռեստորանի հասցեն, անունը: Գնալ, <<տեսնվել>>, հետո կորչել գրողի ծոցը:
    Տաքսին սպասում էր մուտքի առաջ: Կեղտոտ, հին մեքենա էր: Վարորդն էլ իր մեքենայի նման, ծխախոտը ատամների արանքում, քրտնահոտով, դեմքին` մի քանի օրվա չսափրած մազեր: Ամուսինը միշտ պարտաճանաչ սափրվում է: Գոնե դրանում մեղադրել չի կարող:
    Կարելի էր երեւի գրել մի երկու տող: Ասենք` <<Գնում եմ, էլ չեմ գալու, կներես>>, բայց ինչո՞ւ գլուխ ցավեցնել: Թող մտածեն` անհետացել եմ, գոլորշիացել եմ: Ես այդպես կարողանում եմ, երբ տանը մի քանի օր չեմ խոսում ինքը հենց այդպես էլ ասում է` <<Ասես գոլորշիացած լինես: Ասես մենակ ապրեմ: Ավելի շուտ` մամայի հետ մենակ>>: <<Մամայի...>>, էդպես էլ ասում է, <<մամայի>>, ասես մե'ր մաման է: Ես <<մամա>> չեմ ունեցել, ո՞նց բացատրեմ: Անգամ այն ժամանակ, երբ ունեցել եմ..>>:
    Ռեստորանի մուտքի մոտ կանգնեցրեց տաքսին: Իջեցրեց ճամպրուկը: Մի՞թե, իսկապես, ուզում է մտնել: Մի՞թե կմտնի: Անգամ մազերը կարգին չհավաքեց: Ինչի՞ մասին էր մտածում: Այս հանդիպումը պետք է քսան տարի առաջ լիներ: Այդ դեպքում դեռ գոնե հնարավոր լիներ փոխել ինչ-որ բան: Փրկել չէ, ուղղակի փոխել:
    Մտավ: Նստեց սեղանի մոտ: Հետո պատկերացրեց ներս մտնողին: Վերջին անգամ, երբ տեսավ` քսամնեկ էին երկուսն էլ: Հիմա մեկ մեկ մտածում է, որ դեռ այն քսանմեկ տարեկանին է սիրում: Իսկ եթե քսանմեկ տարեկանին է սիրում, նշանակում է ինքն էլ քսանմեկ տարեկան է: Մազերը սպիտակել են, կնճիռները ցանց են հյուսում դեմքին ու հոգուն, բայց քսանմեկ է, եթե քսանմեկ տարեկանին է սիրում: Իսկ եթե հիմա ներս մտնի ցմփոր քառասնամյա մի մարդ, բացի բերանը, փայլեն ոսկե ատամները: Ի՞նչ կլինի, եթե փայլեն ոսկե ատամները...
    Մոտեցավ դռան մոտ կանգնած մատուցողին: Հայտնեց անունը:
    -Ինձ այստեղ մի տղամարդ է սպասելու, ասացեք, որ չստացվեց գալ:
    Մատուցողը, արհեստական ափսոսանքը ձայնի մեջ, հայտնեց, որ տղամարդը մեկ ժամ առաջ է զանգել, խնդրել է հաղորդել, որ չի կարող գալ եւ ներողություն է խնդրում:
    Հետդարձի տաքսին թարմ էր, կարմիր գույնի: Վարորդը ոսկե ատամներ ուներ, փայլեցին, երբ ասաց, թե ինչքան պիտի վճարի:
    Կամաց բացեց դուռը: Ճամպրուկը դրեց դռան առաջ: Տանը դեռ մարդ չկար: Լավ է, կհասցնի դասավորել իրերը, մինչեւ գան:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (09.04.2014), Vardik! (11.04.2014), Արէա (08.04.2014), Վոլտերա (08.04.2014)

  13. #7
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դավիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    4. Անցումներ
    Լավն էր ահագին: Խոսքեր չունեմ:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  14. #8
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դավիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    4. Անցումներ
    Ոճը, ռիթմը, ասելիքն, ամեն ինչ լավ էր, բայց մի տեսակ թերի: Հիմա ես չեմ հասկանում թե ինչու էս պատմվածքն ինձ լավ գործ կարդալու արդյուքնում աչքերի փայլի փոխարեն անկատարության զգացողություն տվեց: Եթե ժամանակ ունենայի, նորից ու նորից կկարդայի, որ հասկանայի, թե ինչն ինձ վանեց, բայց հիմա ցավոք միայն պետք է ներողություն խնդրեմ հեղինակից ու անցնեմ հաջորդին: Չեմ քվեարկի:

  15. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Տարբերակ 4. Անցումներ

    Շատ լավն էր կոլորիտի ներկայացումը, կերպարները: Մուֆասային ուզում եմ մեր մոտ տեսնել: Չնայած ինքը ինձ մի քիչ հիշեցրեց մեր թութակ տատիկին, բայց ավելի զիլ կերպար էր երևում: Կարդացածներիցս դեռ ամենալավն ա, կպնելու, քննադատելու բան չունեմ ոչ սյուժետային, ոչ շարադրանքի առումով:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (14.04.2014)

  17. #10
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դավիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    3. Թարսի բան
    Էնքան էլ չհավանեցի: Անկեղծ ասած երբեմն թվում էր, որ հեղինակը մրցույթներին հաճախակի մասնակցողներից չէ, կամ էլ դեռ լիովին չաճածներից: Թեման է՛լ հաճելի չէր էդքան
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  18. #11
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դավիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    3. Թարսի բան
    Հեղինակին գիտեմ, որպես մարդ ու որպես գրող շատ սիրում ու գնահատում եմ, դրա համար սարսափելի բարդ է կարծիք գրելը մի գործի մասին, որ դուր չի եկել: Սուբյեկտիվ տեսանկյունով դուր չի եկել, քանի որ պատմվածքի կերպարներին գրեթե ամեն օր հանդիպում եմ ու իրենք ինձ համար արդեն ծեծված, չարչրկված թեմա են, մնացածը, ներեցեք, կգրեմ հեղինակին անձնական նամակով:

  19. #12
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Տարբերակ 3. Թարսի բան

    Հմմմ... հետաքրքիր էր: Վատ չի, որ հեղինակը փորձում է իր գործով նաև քաղաքական ու սեքսի թեմաներին անդրադառնա: Բայց խորը հետք թողնող գործ չէր, ուղղակի հետաքրքրությամբ կարդացվեց: Քաղաքականի մասը, բայց, մի տեսակ արհեստական էր մեջը մտել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. #13
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դավիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    2. Սովորական պատմություն
    Երկարոտ էր, բայց հետաքրքրությամբ կարդացվեց: Ինտրիգներն ու խոսրհրդավորությունը գրավիչ էին Ճիշտ ա, էլի հարցեր, մութ կողմեր մնացին Վարսիկի մեջ, բայց դե դա կարևոր չի:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  21. #14
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    8 տարբերակի ծանոթացա, բայց էս անգամ կարծիքներ չեմ սփռելու, կսպասեմ քննարկումներին: Հակաճառել-համաձայնվելու տեսքով էս անգամ: Սենց ավելի հետաքրքիր պետք ա որ լինի:
    SWTS

  22. #15
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    8 տարբերակի ծանոթացա, բայց էս անգամ կարծիքներ չեմ սփռելու, կսպասեմ քննարկումներին: Հակաճառել-համաձայնվելու տեսքով էս անգամ: Սենց ավելի հետաքրքիր պետք ա որ լինի:
    խի... գրի, էլի...

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 134
    Վերջինը: 04.08.2015, 23:56
  2. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 198
    Վերջինը: 23.02.2015, 14:57
  3. Գրառումներ: 471
    Վերջինը: 12.06.2013, 12:45
  4. Գրառումներ: 1090
    Վերջինը: 11.05.2013, 22:07
  5. Գրառումներ: 880
    Վերջինը: 04.03.2013, 12:48

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •