User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակ(ներ)ն եք հավանում.

Քվեարկողներ
27. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1–ին տարբերակ. «Սիփան-Շուրիկ»

    4 14.81%
  • 2–րդ տարբերակ. «Սովորական պատմություն»

    3 11.11%
  • 3–րդ տարբերակ. «Թարսի բան»

    3 11.11%
  • 4–րդ տարբերակ. «Անցումներ»

    12 44.44%
  • 5–րդ տարբերակ. «ՎԱԶՔ»

    2 7.41%
  • 6–րդ տարբերակ. «ՍԿԱԼՊ»

    9 33.33%
  • 7–րդ տարբերակ. «Ոստիկանը»

    4 14.81%
  • 8–րդ տարբերակ. «Փոքր դասամիջոց, Մեծ Դաս...»

    3 11.11%
  • 9–րդ տարբերակ. «ԼՌՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԸ»

    5 18.52%
  • 10–րդ տարբերակ. «Սեր առաջին համբույրից»

    3 11.11%
  • 11–րդ տարբերակ. «Կյանքը գորգի վրա»

    11 40.74%
  • 12–րդ տարբերակ. «Գնդեր»

    12 44.44%
  • 13–րդ տարբերակ. «Սիմոնն ու Բարդին»

    3 11.11%
  • 14–րդ տարբերակ. «Գենեզիս»

    4 14.81%
  • 15–րդ տարբերակ. «Ինչո՞ւ»

    9 33.33%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 2 60-ից ԱռաջինԱռաջին 1234561252 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 888 հատից

Թեմա: Հավաքածու մրցույթ – 6. քվեարկություն և քննարկում:

  1. #16
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    12. Գնդեր



    Ահա թե ինչպես է աշխարհը վերջանում,
    Ահա թե ինչպես է աշխարհը վերջանում,
    Ահա թե ինչպես է աշխարհը վերջանում,
    Ոչ թե պայթյունով, այլ վնգստոցով:
    Թ. Ս. Էլիոտ, «Դատարկ Մարդիկ»



    -Վաղ, թե ուշ՝ մահը կգա,- ասաց նա
    Ձայնը դողում էր: Հետո շարունակեց.
    -Եթե պիտի մեռնես հիմա՝ կմեռնես ամեն դեպքում: Թշնամու փամփուշտից, խոհանոցում պատահաբար սայթաքելուց կամ այլ բանից:
    Հետո ժամերով լուռ էր, մատերով թխթխկացնում էր սեղանին: Ես ուղվեցի դեպի դուռը, իսկ նա դեռ թխթխկացնում էր:
    Երբ արդեն դուրս էի գալիս, ասաց.
    -Հաջողությո՜ւն, տղա՛ս:
    Հավանաբար անունս չէր հիշում, այլապես կգոռար. «Հաջողոթյու՛ն, Ջե՛յմս, գնա´, ապրի՛ր, հերի՛ք դիտորդի դերում լինես, կյանքը չի՛ սպասում»: Ամեն անգամ հրաժեշտ տալիս ինձ ասում էր դա, խոսքերի իմաստը չէի հասկանում, ինչպես չէի հասկանում, թե նա ինչ նկատի ունի, երբ ասում է «ապրել»: Նրա կյանքն ինձ հեքիաթ էր հիշեցնում՝ բազմաքանակ հանելուկներով ու մութ անցքերով, որոնք վաղուց թաղվել էին անցյալի տակ:
    Ժամացույցիս էկրանը փայլեց ու հաջորդ րոպեին ինձ տեղափոխեց իմ գունդ: Գնդի պատերից կենդանիներ էին ինձ նայում, գետեր, ջրվեժներ էին տարածում: Հազարավոր ծաղիկներ գնդով մեկ տարածել էին իրենց բույրը: Այդ ամենը կեղծ էր. բույրերը, գետերը, ծաղիկներն, անգամ ձայները: Ես չգիտեի, թե իրականում ինչ տեսք կամ հոտ ուներ այս ամենը, բայց զգում էի, որ այն չեն, ինչ առաջ էին... Մի ժամանակ ես անընդհատ փոփոխում էի պատերիս բոլոր շարժանկարները, կամ ինչպես անվանում են դրանց՝ պատուհանները, բայց միեւնույնն է՝ չէի գտնում այն, ինչ ինձ պետք էր: Ամեն նոր ես տեսնում էի միայն կեղծիք: Դժվար էր մատնանշել, թե հենց ինչ կեղծիք՝ այն կարծես անընդհատ թաքնվեր պերիֆերիկ տեսողության եզրին: Ինչքան էլ փորձեի ինքս ինձ համոզել, նստել ու հիանալ բնության կեղծ պատկերներով, ինչպես, օրինակ անում են Էլն ու տիկին Սմիթն, ում հետ ես կիսում էի երեք ենթագնդերից կազմված գունդս: Նրանք բացականչում էին.
    -Օ՜, Ջեյմս, մի՞թե հրաշալի թռչնակ չէ: Ես գլխով էի անում, չնայած ինձ համար անհասկանալի էր մնում , թե ինչն էր հրաշալի այդ թռչնակի մեջ. դա ընդամենը ծրագրավորված կետերի ամբողջություն էր:
    Անցած շաբաթ ժամացույցիս ուղարկված ընթերցանության ցանկում մի գիրք կար, որը պատմում էր մեզնից հարյուր տարի առաջ ապրած մարդկանց մասին: Երբ ես, Էլն ու տիկին Սմիթը խոսում էինք այդ գրքի մասին, Էլը քիչ մնաց լաց լիներ.նրան այնքան էր հուզել այն փաստը, որ մարդիկ առաջ պատուհաններ ու ժամացույցներ չունեին:
    -Խեղճ մարդիկ,-ասաց տիկին Սմիթը, հետո ավելացրեց,- շատ դժվար էր նրանց համար...
    Երեկ մահացավ միստր Ջեգրսը: Նա փորձել էր դուրս գալ գնդից և իսկույն մահացել ճնշումից :
    -Կարծում եմ՝ խելագարվել էր,-ասաց տիկին Սմիթը:
    Ես երկար ժամանակ չէի կարողանում ուշքի գալ: Փորձում էի պատճառներ գտնել միստր Ջեգրսի արարքի համար: Մի քանի օր մտորելուց հետո ես էլ համաձայնեցի տիկին Սմիթի հետ. ի վերջո, միստր Ջեգրսը բավականին ծեր էր:
    Երբ արդեն մոռացել էի այդ պատմության մասին, զանգ ստացա Փիբիից` միստր Ջեգրսի օգնական ռոբոտից: Փիբին լավ չէր տիրապետում մարդկային հաղորդակցության ձևերին: Նա կիսով չափ հասկանալի բառերով ինձ բացատրեց, որ հրավիրում է իրենց տուն: Նույն րոպեին տեղափոխվեցի այնտեղ:
    Փիբիի մետաղյա դեմքի միակ շարժուն մասն աչքերն էին. չնայած դրան, նա կարողանում էր արտահայտել իր տրամադրությունը: Այցելությանս պահին նրա աչքերում հեղուկ էր կուտակվել՝ տխրության նշան էր:
    Փիբիի առաջնորդությամբ ես քայլում էի միստր Ջեգրսի հսկայական գնդով,որի միջանցքի պատերից կախված էին անշարժ նկարներ ՝ոչ այնքան էլ հարթ, ինչպես մեր պատուհանները, սակայն անհամեմատ ավելի գեղեցիկ : Վերջապես Փիբին կանգ առավ մի հսկամետաղյա դռան առաջ, սեղմեց իր ափի կարմիր կոճակն ու դռներն անձայն բացվեցին:
    Իմ աչքերի առաջ հսկայական սենյակ էր, բայց պատերին պատուհանների փոխարեն հազարավոր, հնարավոր է՝ միլիոնավոր գրքեր էին շարված: Ես ցնցված էի. դրանք բոլորովին նման չէին ժամացույցի գրքերին: Երբ շրջվեցի, տեսա, որ Փիբին ինձ մենակ է թողել սենյակում:
    Պատերին շարված գրքերի մեծ մասը երբեք չէին եղել ժամացույցի գրադարանում: Դրանք մեծ մասամբ մեզնից դարեր առաջ ապրող մարդկանց մասին էր:
    Ես ուշադիր կարդում էի գրքերն ու փորձում պատկերացնել այդ հին աշխարհի ամեն մի մասնիկը: Նրանք ուղղակի պատկերներ չէին : Տողից տող ացնելիս զգում էի, թե ինչպես է աշխատում սիրտս, ինչպես է երակներումս հոսում արյունը, սկսում էի զգալ ավելին, քան ինձ շրջապատող իրերն էին:
    Գունդը սկսեց ինձ անտանելի թվալ՝ իր ամբողջ շքեղությամբ և թեթևությամբ հանդերձ: Ոչինչ ինքն իրեն չէր հայտնվում այնտեղ,ու ոչինչ հենց այնպես չէր տրվում: Սկսեցի զգալ ներսումս կուտակված դատարկության չափը. ասես ջրհորի մեջ քարեր գցես, ու դրանք երբեք չհասնեն հատակին:
    Հիմա ես հասկանում էի միստր Ջեգրսին: Այն, ինչ ուներ նա, ինչ ունեի ես, կյանք չէր, ու եթե նա շարունակեր սպասել, էլի ապրած չէր լինի այն ժամանակը, որը կորցրեց մի քանի ակնթարթների փոխարեն, որոնք ապրել էր գնդից դուրս՝ նախքան ճնշումը ճզմել էր նրա փխրուն մարմինը:
    Իսկ այդ աշխարհում մի ժամանակ ապրում ու զգում էին հին աշխարհի մարդիկ:
    Տուն վերադարձա մի քանի օր հետո: Էլն ու տիկին Սմիթն ինձ համարյա արտասվելով դիմավորեցին:
    -Ջեյմս, ամեն ինչ լա՞վ է քեզ հետ, -ասաց տիկին Սմիթն ու ձեռքը շփեց ճակատիս:
    -Ամեն ինչ լավ է,- ասացի ես, ժպտացի ու շարժվեցի դեպի իմ գունդը:
    Էլն այդ ամբողջ ընթացքում միայն զննում էր ինձ: Գիշերը նա առանց իմ համաձայնության հավաքեց դռան գաղտնաբառն ու ներս մտավ:
    -Ջեյմս, ինձ չես խաբի. միստր Ջեգրսի տանն էիր, չէ՞: Ինչ-որ բա՞ն ես պարզել նրա մահվան մասին,- հարցրեց նա:
    Չէի էլ կարող պատկերացնել, որ Էլը երբևէ կհետաքրքրվեր միստր Ջեգրսով:
    -Չէ, ուղղակի պետք է հաստատեի, որ նա խելագար չէր:
    -Ու հաստատեցի՞ր:
    -Գիտես, Էլ, ես մտածում էի... Ճիշտ է, միստր Ջեգրսին այնքան էլ լավ չէի ճանաչում, բայց կարող եմ վստահ ասել, որ նա հենց այնպես չէր ձգվի դեպի մահը: Նրան պատճառ էր պետք դրա համար: Ու լուրջ պատճառ:
    -Քո կարծիքով ո՞րն էր պատճառը:
    -Չգիտեմ: Կարծում եմ՝ ապրելը: Մեռնել հանուն ապրելու:
    Էլն ինձ այնպես նայեց, ասես ես էլ էի խելագարվել, հետո դուրս եկավ գնդից: Ես լսեցի,թե նա ինչպես մտավ իր գունդնու փոխեց պատուհանի նկարը:
    Ամեն անգամ, հենց վերադառնում էի միստր Ջեգրսի տնից, Էլն ինձ հարցնում էր, արդյոք հաստատեցի իմ տեսությունը: Ամեն անգամ ես հետաձգում էի պատասխանը՝ երևի ինքս էի վախենում ընդունել այդ տեսակետը: Այդ կետից այն կողմ միայն մի բան էր՝ անդունդը: Մի օր, երբ Էլը հերթական անգամ տվեց իր հարցը, որոշեցի նրան էլ հետս տանել:
    -Սա լավ վերջ չի ունենա, Ջեյմս, երևի համակարգը հիմա մեզ հսկում է: Մեզ միանգամից կսպանեն:
    Ձևացրեցի, թե չեմ լսում, բայց ինքս էլ այդ կարծիքին էի: Համակարգի կանոններով մեր արածը չէր արգելվում, բայց համակարգն ինքն արգելում էր: Սկսեցինք կարդալ: Նայելով Էլի դեմքին՝ զգում էի, թե ինչպես են ժամանակ առ ժամանակ աչքերը փայլում: Երբ որոշեցինք գունդ վերադառնալ, վերջնականապես ուժասպառ էինք եղել: Էլը մի քանի գիրք վերցրեց հետը:
    Տիկին Սմիթը նայում էր իր սիրելի պատուհանին ու նույնիսկ ուշադրություն չդարձրեց մեզ: Առանց աղմկելու անցանք իմ գունդ:
    Գիշերը, երբ արդեն քնել էի, թխկոց լսեցի: Աչքերս բացեցի. դիմացս հսկա ստվեր էր կանգնած՝ երկու կարմիր կետիկներով: Ես քարացա տեղումս, բայց ստվերն անհետացավ: Առավոտյան, երբ հիշեցի պատահածը, որոշեցի, որ երազ եմ տեսել և ուշադրություն չդարձրեցի:
    Ուշադրություն դարձնել ստիպված էի ավելի ուշ, երբ սկսեցի թերթել մեզ հետ բերած գրքերից մեկն ու նկատեցի, որ երկու գիրք անհետացել են: Էլը քար կտրեց, երբ պատմեցի եղածի մասին: Հարցրինք տիկին Սմիթին. նա քիթը վեր քաշեց, տարօրինակ, երկյուղ առաջացնող հայացքով մեզ նայեց և այդպես էլ չպատասխանեց:
    Հաջորդ գիշեր ամեն ինչ կրկնվեց: Նորից արթնացա թխկոցից, կարմիր կետիկ-աչքերով ստվեր տեսա, որն անհետացավ:
    Երբ հաջորդ անգամ գնացինք Ջեգրսի տուն, գիշերը մնացինք այնտեղ: Կարծում էի՝ այստեղ էլ ստվերն ինձ կգտնի, բայց սխալվում էի:
    Առավոտյան դժվարությամբ կարողացանք ժամացույցով կապ հաստատել մեր գնդի հետ: Ես գրեթե հասկանում էի, թե ինչ էր կատարվել, բայց արդեն ուշ էր:
    Երբ տեղափոխվեցինք մեր գունդ, տագնապի զգացողությունը մեզ չէր լքել: Իսկ հետո տեսանք ռոբոտներին: Երկու ընտրություն ունեինք՝ հանձնվել, կամ ոչնչացվել նրանց կողմից: Դժվար էր ասել, թե որն էր վատ. հանձնվողներն անհետ կորչում էին, ու գրեթե ոչ ոք չգիտեր, թե ինչ էր պատահում նրանց հետ: Իսկ ով գիտեր, բավականաչափ առողջ դատողություն ուներ, որ բերանը փակ պահեր, որպեսզի չմիանա նրանց: Լսեցինք տիկին Սմիթի ձայնը.նա ինչ-որ անհասկանալի բան ասաց՝ ոչ մարդկային լեզվով: Նայեցինք չորս կողմը, չտեսանք նրան, ու հասկացանք, որ նա ռոբոտներից մեկն է, բայց թե կոնկրետ որը՝ չկարողացանք պարզել:
    Երբ մենք պատրաստվում էինք ինքնակամ հանձնվել, տեսանք Փիբին: Ռոբոտները չխանգարեցին նրան մոտենալ մեզ: Փիբին սկսեց խոսել, բայց ես չհասկացա, թե նա ինչ է ասում: Նա Էլին ինչ-որ վահանակ տվեց , շարժվեց դեպի ռոբոտները :Մինչ Էլը կսեղմեր կոճակը, ես տեսա, թե ինչպես ռոբոտները, որոնց մեջ նաեւ տիկին Սմիթն էր, քաղցած կենդանիների նման հարձակվեցին նրա վրա:
    Էլը սեղմեց կոճակն ու մենք նորից հայտնվեցինք միստր Ջեգրսի տանը: Ես չհասցրի Էլին հարց տալ, երբ նա երկրորդ անգամ սեղմեց կոճակը: Ես տեսա միստր Ջեգրսին, նա հիմա գոհ էր երևում.

    «Վաղ, թե ուշ՝ մահը կգա: Ոչ կյանքը, ոչ մահը չեն սպասում: Ապրի՛ր, Ջե՛յմս»:
    Փոթորիկ էր, ես հազիվ էի բաց պահում աչքերս, հետո տեսա արևն ու հասկացա, որ մենք այլևս գնդում չենք ու էլ երբեք չենք լինի: Էլը նայում էր հորիզոնին , ապա ժպտաց, փակեց աչքերն ու խորը ընկղմվեց իմ, իսկ ես՝ գետնի գրկի մեջ:
    Վերջին խմբագրող՝ Վոլտերա: 08.04.2014, 10:44:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Baltazar (15.04.2014), Ingrid (10.04.2014), Lusntag Lusine (12.04.2014), Sambitbaba (12.04.2014), Smokie (12.04.2014), Vardik! (13.04.2014), Արևանուռ (11.04.2014), Վոլտերա (08.04.2014)

  3. #17
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    13. Սիմոնն ու Բարդին


    Սիմոնը` մասնագիտությամբ քիմիկ-տեխնոլոգ, աշխատում էր որպես լրագրող հայկական լրատվական կայքերից մեկում: Նա ծնվել էր Գավառում, բայց սովորել և ծառայել էր ու հիմա էլ ապրում է Երևանում: Ֆեյսբուքում Սիմոնին գիտեն որպես Սեյմըն Անդրեասյան: Նրա ֆեյսբուքյան պատից կարելի է ենթադրել, որ լսում է ջազզ, դաբստեպ և դասական երաժշտություն: Հետաքրքրված է ժամանակակից արվեստով: Սիրած գրողը Էդգար Ալլան Պոն է: Ատում է ֆուտբոլն ու քաղաքականությունը, նախընտրում է կարճ մազերով սևաչյա աղջիկների:

    Սեյմընը 27 տարեկան էր, բայց ըստ նրա սեփական օրացույցի` շուտով` փետրվարի 29-ին պետք է լրանար նրա 7 ամյակը: Քանի որ ծննդյան օրը նշելու հնարավորություն լինում էր չորս տարին մեկ անգամ, նա համարում էր, որ դա օլիմպիադայից կամ ինչ-որ ֆուտբոլի առաջնությունից ոչ պակաս կարևոր իրադարձություն է: Սիմոնը 16 տարեկանից սկսած նշում է այդ հատուկ օրը փոքր-ինչ տարօրինակ ծեսով` մարդկանց սպանելով: Այդ ոչ հումանիստական քայլը սեփական բարոյականության սահմաններում տեղավորելու համար նա գտնում է մարդկանց, որոնք տհաճ են իր համար և իր կարծիքով վնաս կարող են հասցնել հասարակությանն ու նրա զարգացմանը: Պատանեկության տարիքում առաջացած մոլուցքը ինքն իր համար արդարացնելու և դրա մեջ սիմվոլիզմ ավելացնելու համար նա սպանում է մարդկանց, որոնք ծնվել են նույն օրը՝ փետրվարի 29-ին: Սեյմընյան փիլիսոփայական նոթերի մեջ նա դա բացատրում է նրանով, որ նահանջ տարվա այդ օրը ծնված մարդիկ չպետք է ապրեին, և նա կամավոր 4 տարին մեկ սանիտարի պարտականություններ է իրականացնում: Թեև այս հիմար պնդումը ամբողջովին հակասում էր այն փիլիսոփայական հայտնի պոստուլատին, որ կյանքը մարդուն դու չես տվել, հետևաբար բարոյական չէ այն խլելը, Սիմոնը միշտ կարողանում էր նոր եզրեր գտնել իր գլխում ինքնադատապարտումից խուսափելու համար:

    Աշոտ Սիրադեղյանը աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի տղան էր, մասնագիտությամբ տնտեսագետ, չէր աշխատում: Աշխատանք չունենալու փաստը չէր խանգարում նրան վարել C կլասի Մերսեդես մակնիշի սև գույնի մեքենա, որի մգեցված ապակիների ներսում Բարդին ամեն անգամ նոր աշխարհներ էր ստեղծում Սլավոնականի ուսանողուհիների կամ իր ընկերների հետ: Ֆեյսբուքում և կյանքում նույն ածականն ունեցող 26-ամյա երիտասարդը մեքենայում սովորաբար ռուսական ռեփ էր լսում, իսկ վիրտուալ միջավայրում` կոշտ ռոք, մետալ, երբեմն ֆոլկ կամ պրոգրեսիվ երաժշտություն: Բարդու քույրը` Աննան, Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի ֆակուլտետներից մեկի ուսխորհրդի նախագահն էր: Նրանց հարաբերություններն իդեալական չէին: Բարդին ցանկանում էր պահպանել քրոջը հայկական նամուսով աղջկա ավանդական սահմանման մեջ, որպեսզի ամոթով չմնա BMW X5 ունեցող իր ընկերոջ` Արամիկի մոտ, որն արդեն 2 տարի հավանում էր Աննային: Իսկ Աննան նախընտրում էր ավելի ակտիվ և ազատ տղաներին: Նա անց էր կացնում գիշերները ակումբային երաժշտության կամ ռոք'ն'ռոլլի ներքո երևանյան ակումբներում և փաբերում` լիցքաթափվելով վերջերս ավելի հաճախակի դարձած երիտհանրապետական ժողովներից հետո:

    Սիմոնը երկար փնտրեց ֆեյսբուքում՝ “people who were born on February 29”, հերթական զոհին գտնելու համար: Բարդի անունով օգտատերը ամենահամապատասխան տարբերակն էր նրա համար` լկտի, ոչ օգտակար համայնքի համար, ստի և անպատժելիության մթնոլորտում ապրող: Ռուսական պորնո կայքերից մեկից բեռնված մոդելի նկարներով ֆեյք հաշվից եկած նամակին Բարդու պատասխանը շատ չուշացավ: Կարճ խոսակցությունից հետո Բարդու ուղեղում արդեն ծնվում էին սեքսուալ ֆանտազիաները՝ մերսեդեսի մուգ ապակիների ետևում: Քրիստինան չաթում իրեն շատ ազատ էր զգում ու ակնարկում, որ երկար ժամանակ սեքս չի ունեցել և չէր հրաժարվի գարունը դիմավորել բարդու ճյուղերի վրա: Գարնանամուտը մինետով նշելու գաղափարը այնքան դուր եկավ Բարդուն, որ նա նույն վարկյանին Երևանի ամենաթանկ հյուրանոցներից մեկում լյուքս համար պատվիրեց՝ առանց ափսոսելու ժողովրդի հաշվին հոր կուտակած հարստությունը: Նա այնքան էր ոգևորված, որ մոռացավ դուրս գալ սոցցանցից և անմիջապես զանգեց Արամիկին և պայմանավորվեց հանդիպել դրսում, որպեսզի պատմի իր ծննդյան օրը սպասվող օրիգինալ նվերի մասին: Աննան, տեսնելով եղբոր բաց ֆեյսբուքյան էջը, որոշեց վրեժ լուծել նրանից անդադար պարսավանքների համար և վերսկսեց չաթը սլավոնական արտաքինով գեղեցկուհու հետ: Նա փոխեց հանդիպման տեղը Սիմոնի ֆեյք հաշվի հետ` կանչելով նրան ավելի էժանագին հյուրանոց: Աննան ավելի խնայողաբար էր ծախսում հոր անօրինական փողերը: Բացի այդ, նա խորամանկ պլան էր գծել ուղեղում, ըստ որի՝ պետք է ծանոթանար այդ աղջկա հետ և նրա միջոցով ավելի երկար եղանակով վրեժ լուծեր եղբորից:

    Փետրվարի 29-ին՝ ժամը 10-ին, փոխնախարարի տանը վերջացավ Աշոտի ծննդյան արարողությունը, և նա, առանց ավելորդ ժամանակ կորցնելու հյուրերին ճանապարհելու վրա, սլացավ դեպի նոր լվացված մեքենան և շտապեց դեպի իր պատվիրած հյուրանոցի համարը, որտեղ նրան 10:30-ին պետք է սպասեր ֆեյսբուքյան գեղեցկուհին: Եղբորից հետո տնից հեռացավ Աննան, որը շտապում էր մեկ այլ հյուրանոց որի համար պետք է վճարեր փոխնախարարի պլաստիկ քարտով: Սիմոնը ժամը 10-ից սպասում էր իր զոհին անշուք հյուրանոցի ընդունարանում: Նա սպանության մի քանի սցենար էր մտածել, որոնցից առաջինի մեխը սեփական արտադրության թույնով ջուրն էր բաժակի մեջ, որը նա պետք է առաջարկեր իր պատվիրած համարը շտապող Բարդուն:

    Բարդին լյուքս համարում դիտում էր Անգլիայի ֆուտբոլի առաջնության հերթական տուրի հանդիպումը և հանգսիտ սպասում էր Քրիստինային, ով նրա կարծիքով սիրում է ուշանալ, ինչպես նրա բոլոր սիրուհիները: Նույն ժամանակ Աննան մտավ մեկ այլ հյուրանոց, որտեղ Բարդուց ոչ պակաս համբերատարությամբ սպասում էր սերիական մարդասպան Սիմոն Անդրեասյանը, որի սպանությունների մեջ եղած միակ կապը՝ զոհերի ծննդյան ամսաթվերի համընկնումը, գտնելուց հետո գործը մտել էր փակուղի. քննիչներին չէր հաջողվում դրանից ավելին: Այդ պահին ավելի աբսուրդ իրավիճակ, քան առաջին հայացքից սերն է, Սիմոնը չէր կարող պատկերացնել և դրա համար պինդ փակեց ու բացեց աչքերը` համոզվելու համար, որ կարճ կտրվածքով սևահեր և սևաչյա աղջիկը պատրանք չէ: Աննան մոտեցավ ընդունարանին, ներկայացավ և խնդրեց նրան ընդունել պլաստիկ քարտից վճարումը և հանձնել սենյակի բանալին: Սիմոնը վերցրեց քարտը: Բանալին փնտրելու ընթացքում նա հիշեց աղջկա ազգանունը և նկատեց, որ այն համընկնում է Բարդու հաշվում գրված ազգանվան հետ: Մտածելով նա բարձացրեց գլուխը և տեսավ, որ տնային պայմաններում պատրաստված թույնը գործել է անմիջապես, և Աննան՝ ժպիտը դեմքին, պառկած է հյուրանոցի գետնին, ինչպես մեկ անգամ արդեն պատահել էր նրա հետ փաբերից մեկում տեկիլլայի ութերորդ բաժակից հետո: Սիմոնը շտապեց վերացնել չնախատեսված դիակը: Նրա տարիների փորձը թույլ տվեց դա անել աննկատ: Երևանից դուրս նոր փորված գերեզմանի մոտ, հանրապետական կուսակցության տարբերանշանը ձեռքին՝ նա երկար մտորեց իր պլանների մեջ չտեղավորվող այս միջադեպի, Բարդու, Աննայի և սպանության երևույթի մասին` փորձելով նոր փիլիսոփայական եզրեր գտնել ինքն իրեն արդարացնելու համար: Բարդու ֆավորիտ թիմը պարտվեց, և նա չկարողացավ քնել՝ ամբողջ գիշեր սպասելով Քրիստինային:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ingrid (10.04.2014), Sambitbaba (14.04.2014), Smokie (08.04.2014), Vardik! (13.04.2014), Շինարար (12.04.2014), Վոլտերա (08.04.2014)

  5. #18
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    14. Գենեզիս




    - Ո՞վ ենք մենք, - գոռում ա տրանսի մեջ ընկած կոորդինատորը:
    - Անտեսանելի ճակատի մարտիկներ,- արձագանքում են հետկադրային ձայները:
    90-ականներին մի աղանդ կար, մունետիկ էր, ինչ էր... հավաքույթներին ցատկոտում էին ուշագնացության աստիճան, հետո զուգավորվում առաջին պատահածի հետ: Ցերեկը քույր ու եղբայրներ էին: Ա՛յ, ինքը դրանց քարոզչին ա նման:
    Լափթոփը ծալում ու դուրս եմ գալիս:
    17 համարի ուղևորները վախից աչքերը չորս արած նայում են իրար: Ամենահամարձակը կանգնում ա, մատով ցույց ա տալիս նստարանի վրայի պոլիէթիլենային տոպրակը.
    - Սա ումն ա՞:
    Ոչ մեկ ձեն չի հանում, ես հենց տոպրակի կողքն եմ նստած.
    -Եկեք տեսնենք:
    Վերջին մեկ ամսվա ընթացքում երկու պայթյուն ա տեղի ունեցել քաղաքում, որոնցից մեկը հենց ավտոբուսի մեջ: Մինչ ես հասցնում եմ նկատել տոպրակի միջի քրքրված ձեռնոցները, ձեռքս ճզմվում ա մի քանի մարմինների տակ: Բարեբախտաբար, դողէրոցքի մեջ ընկած 300 ֆունտանոց տիկինը մեջները չի, կրկնակզակը թափահարելով փրկարար ծառայություն ա զանգում: Հետևի մասից մի հինգ հոգի գոռում են, որ վարորդը կանգնի, ու իրենց բաց թողեն: Թարսի պես ավտոբուսում ավտոմատ միանում ա արտակարգ իրադրություններում մարդկաց ճիշտ վարվելակարգ սովորեցնող ձայնագևությունը: Իմաստ չունի ասելու, որ տոպրակը մուրացկանն էր թողել: Պանիկան գագաթնակետին ա: Աչքերիցս ձեռ չեմ քաշել: Մի ժամից, երբ բոլոր ուշագնացներին շտապը տանում ա, իսկ տոպրակն բարեհաջող հայնվում ա աղբանոցում, 17 համարը իր սովորական հետագծով շաժվում ա քաղաքից դուրս:
    “Անդորր”... մայրս փաթաթված հաստ շալի մեջ վազում ա այգի տանող ելքի կողմը, ինձ նույնիսկ չի նայում: Անձնակազմը փորձում ա կանգնեցնել նրան:
    - Ասե՛ք, ասե՛ք, որ ինչքան քիչ գիտես այնքան հանգիստ ես քնում: Երանի այն ժամանակները, երբ ոչ մեկ չգիտեր, որ օդանավը կարող է ընկնել, - գոռում ա նա, - Դո՛ւ, երեսդ տեսնել չեմ ուզում:
    Հետո նա կանգնում ա բաց դռների առաջ, սարսուռից ցնցվում ա, շրջվում ու վազում ա ուղիղ գիրկս:
    Գնալուց Կոնստանտինը, 45 ամյա ադմինիստրատորը, սևեռուն նայում ա ինձ, աչքով ա անում: Մոտենում եմ նրան.
    - Մի՛ խաղա ինձ հետ, դա ապարդյուն ա:
    - Դու ուղղակի ինձ ասա, ո՞նց շարունակեմ ապրել:
    “Գտեք ինքներդ ձեզ”, - գրված ա դարպասների վրա ներսից: Դռները աղմուկով փակվում են իմ հետևից: Ես հավաքում եմ միտքս եկած առաջին համարը.
    - Ժամը իննին, ինձ մոտ:
    Լիլին ու Մարին արախնոֆոբիայի խմբակային հոգեթերապիայի են.
    - Աաաաա, - լսում եմ Մարիի ձայնը, - երկու մետր բոյն ու փուչիկ մկաններն առել կանգնել ա ասում ա. “Երեք ժամ չստիկով սարդին չէի կարում սատկացնեմ, որովհոտև դիվանի վրայից անհարմար էր”:
    - Կարո՞ղ ա ինձ մոտ հավաքվենք, - արաջակում ա Մարին:
    Ես հիշում եմ հանրակացարանը, 11 տարեկան աղջնակին, որ մեջքս ա մերսում, մոր ու սիրեկանի կռիվներ մասին ա պատմում, ջարդված պատուհան, ամանեղեն, ասում ա.
    - Անասուն հայրս էլ ալիմենտները չի վճարում, - ու ուրախանում ա: Սաղ համաձայնվում են, հատկապես Մարիի ընկերը, որը 9 տարեկան տղա ունի ու ալիմենտները չի վճարում, նույնիսկ մտածում ա աշխատանքից ազատվի ու ոչ պաշտոնապես տեղավորվի, որ բռնի չգանձեն: Դուրս ենք գալիս միջանցք ծխելու, հայտնվում ա Լոշտոն, մատին կպցրած շոկոլադով: Առաջարկում ա փորձել: Մի քանի ծուխ դրանից քաշում եմ, թե ինչքան էի խմել չեմ էլ հիշում: Մենակ հիշում եմ, որ մեկը ինձ ասում ա 20-40 րոպե, դիմացի, կթողի: Ես պատից բռնվելով ծեփվում եմ զուգարան, երեք մատ կոկորդում, որ էդ ամենը միջիցս դուրս հանեմ, վառում ա: Մարին հարցնում ա ամեն ինչ նորմալ ա: Չէ, գրողը տանի, ես պետք ա գնամ: Դուրս եմ գալիս: Մաքսը միջանցքում կանգնած ա: Ես ձեռքով դեպի ինձ եմ ձգում նրա գլուխը երկար համբուրվում ենք, ու ես գնում եմ: Նրանք շարունակում են:
    Խորը շնչում եմ.
    - Ինձ մոտ:
    “Ինչպես անհետանալ ի սպառ”,- դարպասներն ահագին հեռու են արդեն:

    *******************


    Խելախոսը սկսում ա ղժժալ 12-ի մոտերը: Մի կերպ թմրած ձեռքով վերցնում եմ, մի հինգ րոպեի չափ սառած նայում եմ էկրանին: Կողքի բարձը սկսում ա շարժվել, տակից դուրս ա լողում ամենայն հայոցի մորուքով մի դեմք: Էս բուսականության արանքում մի ճեղք ա բացվում:
    - Կարա՞ս դրա ձենը կտրես:
    Ես նայում եմ նրան, նայում եմ հեռախոսին.
    - Լսի,- ասում եմ, - կարող ա իմանաս “Զարթուցիչն” ո՞վ ա:
    - Ձե՞ռ ես առնում, - գլուխը վերադառնում ա ելման դիրքին:
    Շպատենի կիսադատարկ շշերի արանքով, հասնում եմ սուրճի ապարատին, բոբիկ ոտքերս վնասազերծել եմ ձեռագործ գուլպաներով, մորս նվերն ա: Կրկնակի էսպրեսսոն մեղրի նման դանդաղ ծորում ա բաժակի մեջ: Ես կամաց հիշում եմ ինչ ա զարթուցիչը:
    Էլ. փոստին նոր առաջարկներ կան: Էս տաժանակիրը կոչվում ա գաղտնի գնորդ: Գետաձի սուպերմարկետ՝ զիբիլ, Սոլյարիս՝ իմ մակարդակը չի դեռ, ավտոլվացման կետի համար մեքենա չունեմ: Մնում ա Կոլիբրին:
    - Հա Բել:
    - Լի՛, Կոլիբրի: Գալի՞ս ես, սաղ գործի հաշվին ա:
    - Չէ, էսօր Հիսուսի մկրտության օրն ա:
    - Ի՞նչ օր ա:
    - Դե, սառցե ջրափոս եմ սուզվելու, մեղքերի թողություն և այլն:
    - Կհասցնես:
    Բարի մոտ շարված “ծիգռովի” շրջազգեստներով գեղեցկուհիները հաճույքով էդ մորթուց կազատվեին ուշադրությունը իրենց վրա սևեռելու համար: Նրանց ստեղծման բանաձևը չգիտեմ, մեկինը՝ 3:1 հարաբերությամբ բոտեքս ու տատուաժ, երևի: Մնացածները պատճենելու հմտության արդյունք են: Մի կերպ խցկվում ենք հացաբուլկեղենի արանքը.
    - Երկու օլմեկա բլանկո, մեկը լիմոն լայմի փոխարեն, առանց աղ, - Լիլին նայում ա շուրջը:
    Սև կարապի շպարով պարուհիները կես ժամը մեկ փոխվում են տեղերով: Ես հանում եմ բլանկը ու հենց բարմենի աչքի առաջ սկսում եմ լրացնել: Նա գիտի, ինչ տոկոս դնելու եմ էնքան հասանելիք աշխատավարձից ինքը ստանալու ա: Սկսում ա սիրահետել, ժպտում ա՝ 70: Հա, ի՜նչ: Իշխանություն, ի՞նչ չես անի այն շոշափելի դարձնելու համար:
    - Երեկ մեկը առաջարկեց տեղ հասցնել, ուշանում էի, համաձայնվեցի: Ճամփին ինձ կունիլինգուս էր առաջարկում, ահագին գովեց իր էդ ունակությունը, - լաքի ստրայկի սպիտակ ծուխը մշուշում ա Լիլիի դեմքը, - Մաքսին տեսե՞լ ես:
    - Ի՞նչ պատասխանեցիր, - փակ vip-ի հայելապատ ապակիների առաջ պարողները իրենց են նայում ու գալարվում: Ես մտածում եմ, ինչ ծիծաղելի կլինի այնտեղ նստած պատշաճ տարիքի տղամարդկանց համար, հետո մտածում եմ ծիծաղելին սխալ բառ ա տվյալ դեպքում:
    - Ասի, չէ: Ինքը պնդում էր: Թե բա անվճար, ինձ դա դուր ա գալիս: Անասուն տիպ էր, մատին էլ մատանի կար: Դուռը բացեց, ինձ բառացիորեն դուրս շպրտեց մեքենայից: Ծնկներս լղկված մի կերպ տեղ հասա, դրա համար եմ էսօր շալվար հագել:
    Սրատուտը սաղս գիտենք ինչ ա, չէ՞: Ինքը ձվերը դնում ա հետանցքի շուրջը , խուտուտ ա տալիս ու հալյուցինոգեն սնկի արդյունք հանդիսացող հսկա օրգանիզմը մատը մտցնում ա տռուսիկի մեջ ու քորում: Հետո մտքերով տարված, եղունգը մտցնում ա ատամների արանքը: Ինքնավարակում: Փակ ցիկլ: Կարող ա աչքը չի ուզում, որ տենց եղնի, բայց ձեռքը թքած ունի, ինչ իմպուլս ստացել ա, էն էլ անում ա: Այ սենց իրանք երկրաչափական պրոգրեսիայով աճում են:
    - Մաքսին չեմ տեսել Մարիանց տանից ի վեր, - ասում եմ ես:
    - Բայց Մաքսը չկար, նա տենց բաների չի մասնակցում, մոռացե՞լ ես:
    Չգիտեմ որերորդ օլմեկան եմ դատարկում.
    - Նա գիտաֆանտաստիկ պատմվածք ա գրում, ինչ-որ բան ապագայի մասին, - շոշափում եմ քրտնած ունքերս, - չգիտե՞ս, հիմար թվալու վախի խմբակային կա՞:
    - Չգիտեմ, ես հիմա զբաղված եմ հոմոֆոբիայի մեղադրանքից տուժածներին աջակցության ցույցերով, - ծիծաղի նոպա ա սկսվում:
    - Անցած շաբաթ ընտանիքատեր մեկին 10 տարով ազատազրկեցին, որովհետև երեխային արգելել էր սեռադաստիարակման գնալ, նույնասեռական սեքսի հիմունքներին ծանոթանալու համար: Դա դեմոկրատիա ա, ազատ ընտրության իրավունք: Մեկին պաշտպանելու համար մյուսի գլուխը պետք ա տրորես: Շեղող թեմա: Ինչ մեղադրանք հնչում ա, քթներս կողում են էս քաքի մեջ, թե տեսեք դեմոկրատ ենք, բուրժուազիա, կապիտալիզմը չկան էլ: Իսկ մենք լրիվ տոլերանտ ենք:
    Լիլին չկա, պարում ա ինքնամոռաց: Կողքիս նստած թութքաշուրթը կլորացրած աչքերով ինձ ա նայում:
    Ես մեջքից գրկում եմ Լիլիին.
    - Գալիս եմ քեզ հետ, սուզվելու, -գոռում եմ նրա ականջի մոտ: Նա ծիծաղում ա նորից.
    - Հիշում ես էն վիդեոն, որ սոդոմիտը Հիսուսի անունը գոռալով փորձում էր սեռական չակրան բացել հեթանոսական տաճարի դիմաց:
    - Ես դեռ հեռու եմ էդ աստիճան հակասություններց, - համբուրում եմ նրա շուրթերը: Լիմոնի համը լեզվիս վրա ա:
    Միանգամեց սառը ջրի մեջ սուզվելուց մարմնի զոլավորները անկառավարելի կծկվում են: Ձկնամկաններս հրաժարվում են ենթարկվել: Խորությունը երկու մետր ա, բայց ես դեռ իջնում եմ: Կախվել օդերից, ու աստղերից սուր... մի քանի կում քաղցրահամից արդեն կուլ եմ տվել, երբ մեկի ձեռքը քաշում ա ինձ վեր, հրշեջի բռունցք:
    - Ես ուզում եմ տեսնեմ ինչպես ես դու այրվում, - ասում ա Մաքսը մաշկիս չհպվելով:

    ************************


    Ես արթնանում եմ Մաքսի երկսենյականոցում: Նորից հիմար թվալու վախը: Ես աչքերս փակում եմ, պատկերացնում եմ Արթուրի ու Վիկի հետ հերթական գիշերը, մաքուր վիսկին, երկու հաբ: Վիկը չի խմում:
    - Վերցրու էս բաժակն ու տար խոհանոց, - ասում ա նա:
    Ես չեմ ուզում դա անեմ, բայց մարմինս, որ փայլում ա իմ աչքին, մաշկիս տակի հազարավոր լույսերից, ինձ չի ենթարկվում:
    Հանգստություն: Վեր եմ կենում, անցնում եմ փոքր սենյակը, որ նման տներում սովորաբար խոհանոց ա: Պատերին փակցված են պայթյունի նկարներ, թերթեր, հոդվածներ, հատակին մետաղի կտորներ մեխեր, լարեր, անհասկանալի նյութեր: Ես սառում եմ ջրափոսից նոր դուրս հանվածի նման ու ականջիս մոտ լսում եմ Մաքսի խոսքերը.
    - Ես ուզում եմ տեսնեմ ինչպես ես դու այրվում:
    Վազում եմ սենյակ, քաշում եմ վերմակը: Մաքսը չի շարժվում.
    - Զարթնի՛, ասում եմ: Դու ի՞նչ ես, ռադիկա՞լ ես, նացի՞ստ, իսլամի՞ստ, թե՞ չգիտեմ ինչիստ:
    Նա մրթմրթում ա բարձը քաշում ա գլխին:
    Փողոցն անցնում եմ, գրպանից հանում եմ պառլամենտ նայթը, մեկ չխկ, երկու չխկ... պայթյունի ձայն եմ լսում: Մաքսն էլ էր ուզել ծխել:

    **********************


    Խելախոսը ղժժում ա:
    - Հա, Մաքս:
    Ավտոկայանում նոր պայթյուն էր եղել, պարզվեց Մաքսը ուղղակի սիրում ա կրակին նայել: Հետաքրքիր ա նրան դուր եկավ ներսից նայելը:
    - Արդեն լավ եմ, բժիշկներն ասում են դոնորի մաշկը դեմքս շատ լավ ա ընդունում: Սպիերը շուտով կանցնեն: Նենց եմ ուզում շնորհակալություն ասեմ այդ բարի մարդուն, որ ինձ նոր դեմք ա տվել, բայց բժիշկներն ասում են անոնիմ ա եղել: Չե՞ս գալու:
    Ես քորում եմ թեփոտած վերքերս.
    - Շատ հմայիչ առաջարկ ա, - համբուրել սեփական հետույքի մաշկը, - բայց շատ զբաղված եմ, կներես:
    Սառցե բաժակից կուլ եմ տալիս 50 գրամ յեգերմայսթերը.
    - Ի՞նչ էինք անելու, եթե չլիներ տերորիզմը, երևի հարկավոր կլիներ հորինել այն, - ոտքերով գրկում եմ Կոնստատինի կորքերը, մոտենում եմ նրան ընդհուպ, աչքերի մեջ եմ նայում երկար, - ասա՛, ո՞նց շարունակեմ ապրել...
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (14.04.2014)

  7. #19
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    15. Ինչո՞ւ



    Tell me why does it have to be like this?
    ...Tell me why cos I don't understand
    When so many need somebody
    we don't give a helping hand.
    Tell me why?
    "Tell Me Why", single by Declan Galbraith.



    Ձյունը խեղդել էր ճանապարհների անցուդարձը: Եկել, դարսվել էր, իրենով արել ամեն բան:
    Կեսօր էր, բայց ճամփեքին միայն հատուկենտ անցորդներ էին, այն էլ՝ զույգ-զույգ՝ ձեռքներին թիակներ:
    Արդեն մի քանի ծուռտիկ-մուռտիկ ճանապարհներ էին հեռվում գծագրվում, երբ երևաց կորամեջք մի ծերուկ: Նրան ավելի ուշադիր նայելիս թվում էր, թե տարիներով հենց միայն ձմռանն է պատրաստվել. հին, կեղտոտ, իրար վրա հագած մի քանի վերարկուները, երկու ականջավոր գլխարկները, որ լրացնում էին մեկը մյուսին, բրդե, հաստ անդրավարտքիներն ու չափից ավելի լայն կոշիկները ծերունուն նմանեցնում էին այլ անդերից եկած տարօրինակ երևույթի:
    Նա ծանրաքայլ մոտեցավ աղբարկղերին: Երկուսը թեքվել էին ձնաբքից, հենվել կողքի սյունին, իսկ երրորդն ամբողջովին շուռ էր եկել:
    Հայացքն անմիջապես թափանցեց աղբերի ընտրանու մեջ՝ առանձնացնելով պետքականները: Գրպանից հանեց մի տոպրակ ու շտապող շարժումներով մի քանի րոպեում լցրեց դրա պարունակությունը:
    Երևում էր՝ ծերուկը միտք ուներ քրքրելու նաև երրորդը, սակայն երկար ժամանակ նրան չէր հաջողվում շուռ տալ ձյան հաստ շերտի մեջ խրված աղբարկղը:
    Արդեն հասցրել էր մի կողմը վերև բարձրացնել, երբ, աչքերը ճակատին թռած, հետ-հետ գնաց. աղբարկղի տակ երեխա կար պառկած:
    «Անտեր դիակների վերջը չկա, հիմա էլ աղբանոցներն են գցում, ես ձեր ինչն եմ ասել, անասուննե՛ր»,-փնթփնթաց ծերուկը:
    Նեղսրտելով մոտեցավ մարմնին, փորձեց ոտքով մի կողմ հրել, երբ զգաց, որ իր առջև դիակ չէ: Երեխան շարժվում էր: Ծերուկը մի պահ շփոթվեց, հետո կռացավ ու սկսեց թափահարել երեխայի մարմինը: Հինգ-վեց տարեկան տղա էր գետնին պառկածը:
    Փոքրիկը թպրտաց, աչքերը կիսաբաց արեց: Դեռ լրիվ ուշքի չեկած՝ շուռ եկավ փորի վրա, սկսեց արագ-արագ սողալ, ապա չորեքթաթ վազել: Երևում էր՝ խուճապի էր մատնվել. նրան վախեցրել էր անծանոթի հայտնվելու փաստը:
    Ծերուկն ավելի արագացրեց քայլերը: Երեխան, զգալով ծերունու շնչառությունն իր թիկունքին, կծկվեց, ձեռքերով ծածկեց գլուխը: Լսելի էր զսպված հեծկլտոցը: Մարմինը ջղաձգվում էր: Ցավի՞ց: Վախի՞ց: Տանջանքի՞ց:
    Ջղաձգվելով՝ դեմքը մտցնում էր ձյուների մեջ ու ամբողջ ուժով գոռում.
    -Կորեք, գազաննե՛ր: Չե՜մ ուզում...
    «Էս երեխի հետ մի բան էն չէ»,-մտածեց ծերունին՝ ավելի մոտենալով:
    -Մամա՜,-շարունակում էր գոռալ տղան՝ դեմքը վրձնելով ձյունե գորգով:
    «Շառ է, հիմա մարդիկ կհավաքվեն: Արի, բացատրիր, որ ոչ մի վնաս չես տվել: Անհավատի դար է: Չէ՛, լավ է՝ թողնեմ, գնամ»:
    Երկու քայլ հետ գնաց, նայեց շուրջբոլորը. ոչ ոք չկար: Իսկ դիմացը գլուխն աջուձախ թափահարող, ձյուների մեջ խրված երեխան էր:
    «Ա՜հ: Էս մի մատին ոնց էստեղ թողնեմ՝ կսառչի: Է՜հ, էսպես ես եղել, Արշակ, որ հիմա մի կտուր չկա՝ տակը կծկվես, վեր ընկնես»:
    Ծերունին, ինքն իր վրա ջղայնանալով, առաջ մղվեց, մի կերպ կռացավ ու ամբողջ ուժով վեր քաշեց տղային: Երեխան շարունակում էր թպրտալ ու գոռգոռալ՝ աչքերը փակած:
    -Բալե՛ս, ես քեզ վնաս չեմ տա: Հլա աչքերդ բաց: Հլա մի գոռա: Ինձ լսո՞ւմ ես:
    -Չեմ ուզում: Հեռու գնա՛, գազա՛ն:
    -Տղա՛ ջան, հլա հանգստացիր: Հանգստացի՛ր, խոսենք:
    -Մամա՜, արի,-ամբողջ կոկորդով բղավում էր փոքրիկը՝ չուզելով ոչ մի ուշադրություն դարձնել ծերունու հորդորներին,-մամա՜, ինձ տանում են գազանները, մա՜:
    -Տղա՛, հերիք է, ի՞նչ գազան,- զայրացավ Արշակը:
    Տեսնելով, որ երեխան ոչ մի կերպ չի ուզում սթափվել, ջղաձգության նոպայի մեջ է, ինքն էլ տիրապետումը կորցրեց:
    -Վե՛րջ տուր, գազան լինեի, էս օրին չէի լինի: Ինձնից ի՞նչ գազան: Գազաններն իմ տունը հիմնահատակ արեցին: Երեխեքիս մորթեցին, կնոջս...: Ես դրանց... Գազա՜ն, հա՜, ինձնից ի՞՜նչ գազան:
    Ծերունու լացախառն բամբ ձայնը մրսեցում էր առանց այդ էլ սառած օդը: Ահարկու ոռնոցի ցավը տարածվում էր անմարդ ճանապարհով մեկ: Մինչ այդ ցնցումներից դողացող տղան կարկամել ու լայն բացված աչքերով պլշած նայում էր իրեն գրկած ողբացող ծերուկին:
    Երբ լռեց, Արշակն ինքն էլ զարմացավ լավայի պես դուրս հորդած իր ցավի հեղեղից: Զգաց, որ երեխան կարող է ավելի վախենալ ու նորից ցնցումների մեջ ընկնել:
    -Արդեն քանի տարի է, երկիրը գազաններով է լցվել: Բալե՛ս, դու մեղավոր չես: Ոչ մեկս էլ չենք կարողանում գազանին ու Մարդուն իրարից ջոկել. դիմակներն են մեր շուրջբոլորը: Աղբն ավելի պարզ է. հոտից կարողանում ես հասկանալ փչացածն ու չփչացածը, հինն ու նորը, իսկ դրանց հոտից միայն մոլորվում ես:
    Արշակը նստեց հենց ձյուների մեջ, երեխային դրեց ծնկներին ու արագ-արագ վրայից հանեց վերարկուներից մեկը:
    -Բալե՛ս, էս հագի, չսառչես: Հա՛, գիտեմ, վրայովդ շատ մեծ է, բայց դու հագիր, հետո... մի բան կլինի...լավ կլինի, բալե՛ս, մի՛ մտածիր:
    Երեխան ծպտուն չէր հանում: Լուռ հնազանդվում էր ծերունու հրահանգներին:
    -Սովա՞ծ ես:
    -Ահամ,-հազիվ լսվեց փոքրիկի ձայնը:
    Արշակն սկսեց իրար խառնել քիչ այն կողմ գցած տոպրակը:
    -Էհ, աշխարհ, աշխարհ: Հիմա ես քեզ ի՞նչ տամ: Անտեր գազանների թողած կռճո՞նը տամ, որ սովից չմեռնես: Բա քո մոր աչքերը չե՞ն կուրանա, որ տեսնի՝ քո մատղաշ ստամոքսն ինչ չուտելիքով եմ լցնում: Է՜հ, բալես:
    Տոպրակից հանած կերակուրների ամեն մի թափոնի հետ ծերունու ձայնը նվաղում էր: Երեխան սոված էր երևում, ագահ հայացքով նայում էր Արշակի ձեռքի ափին:
    -Տղե՛ս, քիչ-քիչ կեր, երևում է ՝ շուտվանից ես սոված, ստամոքսդ կվնասես:
    Երեխան խոժոռվեց: Ծերունին ուշադիր սկսեց զննել տղային: Նուրբ մաշկ ուներ, դրսում մեծացած երեխա չէր երևում: Շորերն էլ պատառոտված էին, բայց հին չէին:
    -Բալե՛ս, դու երբվանի՞ց ես դրսում,-փոքրիկի գլուխը շոյելով՝ հարցրեց Արշակը:
    -Երեկվանից,- եղավ պատասխանը:
    -Բա ի՞նչ էիր անում այդ ցրտին, որտե՞ղ է ձեր տունը:
    -Չգիտեմ,-տղան աչքերը փակեց, կծկվեց: -Մաման փոքրիկ լուսամուտը բացեց, ինձ ասաց՝ ցած թռիր, փախիր: Հանկարծ հետ չգաս: Վաղն առավոտը մենք քեզ կգտնենք: Բայց...
    -Ի՞նչ բայց:
    -Ես դեռ չէի իջել, պապան գոռում էր, որ գազանները գնան: Իսկ նրանք ուզում էին ջարդել դուռը, ներս մտնել: Բոլորը գոռում էին: Մաման լացում էր...
    Երեխան աչքերը փակեց: Սկզբում լուռ էր արտասասվում, հետո քիթն արագ-արագ քաշում ու ցածրաձայն անհասկանալի բառեր էր մրմնջում:
    -Բան չկա, տղա՛ ջան, լավ կլինի, մի՛ լաց:
    - Ես վազում էի,-շարունակեց երեխան,-ընկա: Ոտքս շատ էր ցավում, բայց վախեցա՝ գազաններն ինձ էլ կհասնեն, վեր կացա ու էլի վազեցի: Ես շատ էի ընկնում: Հետո ձյուն եկավ՝ շատ ուժեղ ձյուն:
    Տղան սկսեց հևալով լացել: Երևում էր՝ փոքրիկի ներսն էր մրսել ու շարունակում էր դողալ անբացատրելի վախերից:
    Արշակը տղային սեղմեց կրծքին՝ փորձելով հանգստացնել: Նա շոյում էր երեխայի գլուխն ու վաղուց մոռացված մի օրորոցային քթի տակ մռմռում:
    -Հետո հասել էի աղբարկղերին: Սոված էի: Մի աղբարկղի վրա սիրուն տոպրակ կար: Ուզում էի՝ վերցնեի: Սկզբում չէի կարողանում, նստել էի կողքին, որ մեծերից մեկը գար, իրեն խնդրեի՝ օգներ: Բայց ոչ ոք չկար: Շատ ուժեղ քամի էր: Աղբարկղերը շուռ եկան:
    -Էլ մի՛ պատմիր, տղես, եղածն անցել է:
    -Տոպրակի մեջ ոսկորներ կային: Ես կրծեցի: Հետո շատ ուժեղ ցուրտ էր: Ձյուն էր: Ես կանչում էի մամային, պապային, բայց նրանք ինձ չէին լսում: Երևի բուքը չէր թողնում: Հետո մոտիկից վախենալու ձայներ էին գալիս: Մտա մի աղբարկղի տակ: Երևի քնեցի: Չեմ հիշում:
    Տղան դադարել էր լաց լինել: Նրա արտահայտիչ դիմախաղն ավելի էր սրում վիճակը: Կարծես հավատով էր լցվել անծանոթ ծերունու նկատմամբ: Ներսում կուտակվածը ուզում էր դիմացինին հասկանալի դարձնել: Իսկ մանկան շուրթերից դուրս եկած բառերը ջերմացնում էին սառած միջավայրը՝ ավելի դաղելով Արշակի միտքը:
    Ծերունին շարունակում էր շոյել տղայի գլուխը: Մի քանի րոպե էլ չէր անցել, երբ երեխան նորից անհանգիստ շարժվեց տեղում, խոժոռվեց ու լացելու պատրաստ աչքերով նայեց Արշակին:
    -Ես վախենում եմ այստեղ: Բա որ գազանները գան: Իմ մաման ու պապան բա որ չգտնեն ինձ: Բա ո՞ւր են իրենք, չկան:
    -Բալե՛ս, բան չկա, մի՛ վախեցիր: Էստեղ գազան չկա: Մամադ ու պապադ էլ, որ քեզ ասել են, ուրեմն՝ կգան,-ծերունին բռունցքով ամուր խփեց ձյունով պատմված գետնին,- դու մի՛ լաց, հա՞: Թե չէ մայրիկն ու հայրիկը որ գան, տեսնեն՝ դու լացում ես, շատ կտխրեն: Չէ՞, տղաս: Անունդ ի՞նչ է:
    -Տիգրան,-լացի միջից հազիվ լսելի ձայնով ասաց փոքրիկը:
    -Պահո՜, ինչ լավ անուն է: Տիգրա՛ն, դու հաստատ շատ ուժեղ տղա ես: Հիմա էլ պիտի քեզ պինդ պահես: Գիտե՞ս՝ Տիգրան անունով հզոր թագավոր ենք ունեցել: Ի՞նչ իմանամ, բալքիմ թե վաղն էլ դու ես թագավոր դառնում: Թագավոր տղան լաց կլինի՞: Վե՛րջ տուր, արցունքներդ սրբիր, տեսնենք, ինչ ենք անում:
    Մանկան արցունքները ողողել էին կեղտոտված դեմքն ու շարունակում էին ցած հոսել՝ փորձելով սրբելու ներքին վախն ու կասկածները:
    -Բա հիմա առավոտ է, ինչո՞ւ չեն գալիս,-խեղճացած աչքերով ծերունու աչքերի մեջ նայելով՝ հարցրեց տղան:
    Արշակը գլուխն հետ թեքեց, ամբողջ ուժով սեղմեց կոպերն ու զայրույթով թքեց ձյան վրա՝ իրեն զսպելով, որ չգոռա:
    Ահաբեկություն, պատերազմ, վայրենություն՝ Քաղաքականությո՛ւն:
    «Աստվա՛ծ, ես չեմ կարողանում նայել էս երեխու աչքերին, դու նայի՛ր: Պատասխա՛ն տուր: Ես ի՞նչ վատություն եմ արել քեզ, որ էլի ինձ ես տանջում: Հանգած հրաբուխին գործե՞լ ես ստիպում: Ինչի՞ հենց ես»:
    Արշակի ծերացած մարմնի մասերն իրար սեղմվել, արյուն էին կաթում:
    «Տիգրա՛ն, երանի քո ծնողներին, նրանք չտեսան իրենց մանկան արնաթաթախ, գզգզված մարմինը: Քոռանային էս աչքերը...Արշա՛կ, դու քա՞ր էիր: Ինչի՞ են աչքերդ մինչև հիմա երեսիդ տնկված մնացել: Հանեիր, էլի»՛:
    Այդ պատկերներն արդեն ջնջել չի լինի:
    Գիշեր-ցերեկ, քուն թե արթուն նրանք ամենաչսպասված պահերին անգամ կգան, կանցնեն հիշողությանդ էկրանի վրայով:
    Կքամեն աչքերդ, սիրտդ, կմտնեն ոչ մեկի կողմից չհայտնաբերված հոգուդ մեջ, կփորփրեն ծակուծուկերը՝ սուր եզրերով ցավեցնելով մարմինդ:
    -Պապի՛կ, բա ինչո՞ւ չեն գալիս, ե՞րբ կգան,-կրկին լսվեց փոքրիկի լացախառն ձայնը:
    Լացախա՞ռն, միայն լացախա՞ռն: Այնտեղ խնդրանք կար, հույս, կսկիծ, հրաման, պահանջ, ցավ:
    «Պապի՞կ, խեղճ երեխա»: Վաղուց Արշակին ոչ ոք պապիկ չէր կոչել: Միայն բութ, արհամարհական հայացքներ: Չնայած Արշակը հազվադեպ էր լինում մարդկանց մեջ: Նախընտրում էր անտառներում թափառել, բայց ձմռանն ստիպված էր ծածկ ու սնունդ փնտրել բնակավայրերում:
    Իսկ երկինքը որոշել էր կրկին ձյունել՝ մաքրելո՞ւ, թե՞ ծածկելու համար երկրի կեղտոտ երեսը:
    -Բալե՛ս, էլի ձյուն է գալիս, կարող է շատանա, վեր կենանք, գնանք:
    -Ո՞ւր: Մեր տո՞ւն:
    -Ես ձեր տան հասցեն չգիտեմ: Բայց դու մի՛ մտածիր, կգտնեմ: Անպայման կգտնեմ: Դու վե՛ր կաց, մենք գնանք: Մեծ տղա ես, ծեր պապիկին էլ օգնիր, որ ոտքի կանգնի:
    Տիգրանի աչքերում հուսահատություն ու հույս կար միաժամանակ: Ծերունին ժպտում էր:

    Արևն հեռանում էր արդեն՝ այդպես էլ երեսն ամբողջ օրը թաքցնելով մարդկանցից: Մթնող օրը չէր մրսում՝ գալարվելով ձյունե մուշտակի ծալքերում:
    Իրիկնամուտի ստվերներում երևում էին կուտակվող ձյան արգելքն հաղթահարել փորձող երկու ճամփորդներ:
    Երկար ու կարճ սիլուետներն իրար էին փաթաթվել՝ գծելով նոր ձևավորվող ուրվանկարը:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (08.04.2014), Ingrid (11.04.2014), Lusntag Lusine (12.04.2014), Sambitbaba (14.04.2014), Vardik! (13.04.2014), Արէա (08.04.2014), Վոլտերա (08.04.2014), Փոքրիկ շրջմոլիկ (13.04.2014)

  9. #20
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դավիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    5. ՎԱԶՔ
    Կարծում եմ կարիք չկա ասելու, որ կարճության համար առաջինը սա կարդացի Վատը չէր բովանդակությունը, բայց գլուխգործոց էլ չէր՝ անկասկած սրանից ավելի լավերն են լինելու 15 պատմվածքների մեջ: Ձեռագիրն էլ էր լավը:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  10. #21
    ու սև ցավ Գրող-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2013
    Գրառումներ
    31
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ լավ ա, որ երկար ժամանակ ակումբ չմտնելուց հետո, մի օր մտնում ես ու նոր մրցույթ ես հայտնաբերում:

    1-Սիփան-Շուրիկ
    Լավ սկսվեց, հետաքրքրեց սկզբում, բայց վերջաբանը հիասթափեցրեց: Ես շատ ուրախ եմ, որ Սիփանն ի վերջո հաջողության հասավ ու բոլորն ապրեցին ուրախ ու երջանիկ, բայց ստեղծագործական մրցույթի համար բավականաչափ ուժեղ չէր: Չեմ քվեարկի:

    2-Սովորական պատմություն
    Ինձ թվում ա` ես էլի մի քանի անգամ ակումբում կամ ուրիշ ստեղծագործական մրցույթներում կարդացել եմ միայնակ ապրող, տարօրինակ մարդ, խորհրդավորություն ու միստիկայի տարրեր կոմբինացիայով պատմվածքներ, բայց դե կարևորը կատարումն ա, իսկ էս պատմվածքի կատարումն ինձ դուր եկավ: Լարվածության մեջ պահեց, վերջաբանն էլ չհիասթափեցրեց, ինչից ես վախենում էի: Կքվեարկեմ:

    3-Թարսի բան
    Ճիշտն ասած, գլուխս պտտվեց մենախոսության ու երկխոսությունների հաջորդումից: Չեմ կարող ասել, որ շատ վատն էր, բայց ինձ մի տեսակ բան չասեց: Գնաց-գնաց ու վերջացավ առանց որևէ բան թողնելու: Բայց կարող էր ավելի լավը լինել: Չեմ քվեարկի:

    4-Անցումներ
    Շատ դուրս եկավ: Ոնց եմ սիրում իրար հետ կապված, բայց առանձին փոքրիկ պատմություններ, մանավանդ սենց վարպետորեն կատարված: Բա համեմատությունները` ոչ ստանդարտ, «նա շառագունեց, ինչպես հորիզոնը մայրամուտին» շաբլոնից կիլոմետրերով հեռու: Ու էդ ամեն ինչի հետ հուզիչ, պատկերները շատ իրական, vivid: Մի խոսքով, ամեն ինչը տեղն էր, անպայման կքվեարկեմ: Մենակ գաղտնիք մնաց` պիլատեսն ինչ ա

    5-Վազք
    Մի շնչով կարդացվեց, բայց մի տեսակ նյարդայնացրեց լարվածությունը: Վարսիկի լարվածությունն ադրենալին էր, իսկ էս նյարդայնացնող էր: Բայց վատը չէր ընդհանուր, դժվար քվեարկեմ, որովհետև արդեն ավելի ուժեղ տարբերակներ եմ կարդացել, բայց շնորհակալություն հեղինակին:

    6-Սկալպը
    Եսիմ: Տեղեր կար, որ լավն էր, տեղեր կար, որ հուզիչ էր, բայց ընդհանուր առմամբ մի տեսակ արհեստական թվաց: Ու էլի մի տեսակ ծեծված թեմա էր, ինձ որ շատ ծանոթ թվաց, բայց կատարումն էն աստիճանի լավը չէր, որ քվեարկեմ:

    Մնացածն էլ հետո կկարդամ: Լավ մրցույթ ա ստացվել ընդհանուր առմամբ: Շնորհակալություն բոլոր հեղինակներին: ՈՒ հաջորդ անգամվա համար մի խնդրանք էլի, ժողովուրդ ջան: Ինչ կլինի, հայերեն չակերտ դրեք` «» սրանցից: Անձամբ ինձ ահավոր ներվայնացնում են էդ մեծ է կամ հավասարի նշանները:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Դավիթ (08.04.2014), Վոլտերա (08.04.2014)

  12. #22
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դավիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    13. Սիմոնն ու Բարդին
    Մարդ, որ վերնագրից ելնելով սպասի բնապահպանական պատմվածքի, ի՞նչ կմտածի կարդալուց հետո: Ամենասկզբից իսկ զարմացա՝ մասնագիտությամբ քիմիկ-տեխնոլոգ, գործունեությամբ լրագրողը ի՞նչ կապ կարող ա ունենա բարդիների, գյուղի և այլնի հետ: Լավ, շատ չմանրանամ՝ իրականում հավանեցի: Ձեռագիր լավն էր ու հետաքրքիր, հատկապես դուրըս եկավ քիչ մը քողարկված հեգնանքը: Իմ համար զվարճալի էր, որոշ չափով էլ նմանացրեցի Օ Հենրիին
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  13. #23
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դավիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    3. Թարսի բան
    Էնքան էլ չհավանեցի: Անկեղծ ասած երբեմն թվում էր, որ հեղինակը մրցույթներին հաճախակի մասնակցողներից չէ, կամ էլ դեռ լիովին չաճածներից: Թեման է՛լ հաճելի չէր էդքան
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  14. #24
    ու սև ցավ Գրող-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2013
    Գրառումներ
    31
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    7-Ոստիկանը
    Լավ էլի Լավ սկսվել էր, հետաքրքիր ընթացք ուներ, անընդհատ սպասում էիր` ինչ կլինի ու... վերջացավ: Սկիզբը շատ խոստումնալից էր, հա վախենում էի, որ էն վիզը պաչող կամ ֆեյսբուքում անպարկեշտ առաջարկություններ անող ոստիկաններից կլինի, բայց չէ, մարդը Բրյուս Ուեյնն էր համարյա, բայց համարյա... Շատ սահուն էր գրված, ուղղակի ինձ ինչ-որ բան չհերիքեց, ավելի կոնկրետ` վերջաբանը շատ անակնկալ էր ոչ լավ իմաստով ու մի տեսակ կիսատության զգացողություն մնաց: Չեմ քվեարկի:

    8-Փոքր դասամիջոց, մեծ դաս...
    Չէ-է: Առաջին երկու պարբերությունը դուրս եկան, բայց հետո բարոյախոսական խրատներն ու հուհրատող արևագույնի մեջ երբեմնակի անհետանալով, փոխառությամբ տարալուծվելով այդ գունադաշնության մեջ, ցոլացնելով ցնորական ճերմակ ազդրերը, ջրվեժատարածուն մազերը համը հանեցին: Ես չեմ կարողանում կարդալ էսքան շատ հնարովի ու վերամբարձ բառեր կես նախադասության մեջ, մանավանդ որ մի քանի պատմվածք վերև կա Մուֆասայի դեմքը պայծառանում է, ինչպես սև սուրճով լի բաժակ, որի մեջ պատահաբար կաթ է լցվել: Ինչ վերաբերում ա բարոյախրատական մասերին, հեղինակն ինչ ասում ա, իհարկե ճիշտ ա ասում, ու ես լիովին համաձայն եմ, բայց էդ պատվածքը չի փրկում: Չեմ քվեարկի:

    Ափսոս, ժամանակ չունեմ` իրար հետևից կարդամ: Մնացածը հետո:

  15. #25
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Սիփան-Շուրիկ
    Թեթեւ կարդացվող, վերջում հարամ անող պատմվածք: Վատ չէր գրված, մի տեսակ կենդանի էր: Նոր ոչինչ չկար: Չեմ քվեարկի:
    2.Սովորական պատմություն:
    Կիսատ-պռատ կարդացի, մի կերպ: Ինձ մինչեւ վերջն էլ չհետաքրքրեցին ո'չ Նունեն, ո'չ Վարսիկը, ոչ էլ Նվարդը: Միայն արանքում էն Եպրաքսիան ու իր ամուսնու պահն էր, որ մեջը ողջ բան կար:
    Ա´յ, նոր տեսա, որ շարունակություն կա. շարունակությունը մի քիչ լցրեց պատմվածքը: Բայց դա էլ կանխատեսելի էր:
    3. Թարսի բան
    խա-խա, չգիտեմ էլ ինչ ասեմ: Վատը չէր:
    4. Անցումներ
    Արդեն կարո՞ղ ենք ասել`ում ենք կասկածում: Սա օրինակ Այվին էր, երևի :
    5. Վազք
    Կայֆն էր, սովորական, մեջն էլ արտասովոր ինչ-որ երանգով:
    Վերջին խմբագրող՝ enna: 08.04.2014, 13:09:

  16. #26
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Թարսի բան» պատմվածքի հեղինակի ցանկությամբ, այս գործը կհեռացվի մրցույթից: Կխնդրեմ մոդերատորներից մեկին հեռացնել պատմվածքը ցանկից և հարցումից:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  17. #27
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դավիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    «Թարսի բան» պատմվածքի հեղինակի ցանկությամբ, այս գործը կհեռացվի մրցույթից: Կխնդրեմ մոդերատորներից մեկին հեռացնել պատմվածքը ցանկից և հարցումից:
    Գնամ շուշուտ կարդամ քանի չեն հեռացրել: Բայց ինչի՞ տենց որ, ահագին մարդիկ արդեն տանջվել կարդացել են: Մարդ կա հավանել ա դաժը: Կարանք իմանաք ո՞վ ա հեղինակը:
    SWTS

  18. #28
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Գնամ շուշուտ կարդամ քանի չեն հեռացրել: Բայց ինչի՞ տենց որ, ահագին մարդիկ արդեն տանջվել կարդացել են: Մարդ կա հավանել ա դաժը: Կարանք իմանաք ո՞վ ա հեղինակը:
    Դե հա երևի, քանի որ ուրիշ տեղում է գործը դրվելու: Արմինե Պետրոսյան/Ինգրիդ:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  19. #29
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենք էս հեռացնելու պրոբլեմը էլի ենք ունեցել, ու կարծեմ որոշվել էր, որ գործը մրցույթ մտնելուց հետո մրցույթին է պատկանում, և մասնակիցը չի կարող պահանջել այն հեռացնել: Թե չէ պատկերացրեք, մի տասը հոգի ընթացքում որոշի, որ էլ չի ուզում մասնակցել:

  20. #30
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հլը սպասեք ուշադրությունս շեղվեց մի քիչ: Վերադարձա որ կարդամ, չեմ կարում կենտրոնանամ, էս ինչ խառն ա ամեն ինչ, թարսի պես:
    SWTS

Էջ 2 60-ից ԱռաջինԱռաջին 1234561252 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 134
    Վերջինը: 04.08.2015, 23:56
  2. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 198
    Վերջինը: 23.02.2015, 14:57
  3. Գրառումներ: 471
    Վերջինը: 12.06.2013, 12:45
  4. Գրառումներ: 1090
    Վերջինը: 11.05.2013, 22:07
  5. Գրառումներ: 880
    Վերջինը: 04.03.2013, 12:48

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •