12. Գնդեր
Ահա թե ինչպես է աշխարհը վերջանում,
Ահա թե ինչպես է աշխարհը վերջանում,
Ահա թե ինչպես է աշխարհը վերջանում,
Ոչ թե պայթյունով, այլ վնգստոցով:
Թ. Ս. Էլիոտ, «Դատարկ Մարդիկ»
-Վաղ, թե ուշ՝ մահը կգա,- ասաց նա
Ձայնը դողում էր: Հետո շարունակեց.
-Եթե պիտի մեռնես հիմա՝ կմեռնես ամեն դեպքում: Թշնամու փամփուշտից, խոհանոցում պատահաբար սայթաքելուց կամ այլ բանից:
Հետո ժամերով լուռ էր, մատերով թխթխկացնում էր սեղանին: Ես ուղվեցի դեպի դուռը, իսկ նա դեռ թխթխկացնում էր:
Երբ արդեն դուրս էի գալիս, ասաց.
-Հաջողությո՜ւն, տղա՛ս:
Հավանաբար անունս չէր հիշում, այլապես կգոռար. «Հաջողոթյու՛ն, Ջե՛յմս, գնա´, ապրի՛ր, հերի՛ք դիտորդի դերում լինես, կյանքը չի՛ սպասում»: Ամեն անգամ հրաժեշտ տալիս ինձ ասում էր դա, խոսքերի իմաստը չէի հասկանում, ինչպես չէի հասկանում, թե նա ինչ նկատի ունի, երբ ասում է «ապրել»: Նրա կյանքն ինձ հեքիաթ էր հիշեցնում՝ բազմաքանակ հանելուկներով ու մութ անցքերով, որոնք վաղուց թաղվել էին անցյալի տակ:
Ժամացույցիս էկրանը փայլեց ու հաջորդ րոպեին ինձ տեղափոխեց իմ գունդ: Գնդի պատերից կենդանիներ էին ինձ նայում, գետեր, ջրվեժներ էին տարածում: Հազարավոր ծաղիկներ գնդով մեկ տարածել էին իրենց բույրը: Այդ ամենը կեղծ էր. բույրերը, գետերը, ծաղիկներն, անգամ ձայները: Ես չգիտեի, թե իրականում ինչ տեսք կամ հոտ ուներ այս ամենը, բայց զգում էի, որ այն չեն, ինչ առաջ էին... Մի ժամանակ ես անընդհատ փոփոխում էի պատերիս բոլոր շարժանկարները, կամ ինչպես անվանում են դրանց՝ պատուհանները, բայց միեւնույնն է՝ չէի գտնում այն, ինչ ինձ պետք էր: Ամեն նոր ես տեսնում էի միայն կեղծիք: Դժվար էր մատնանշել, թե հենց ինչ կեղծիք՝ այն կարծես անընդհատ թաքնվեր պերիֆերիկ տեսողության եզրին: Ինչքան էլ փորձեի ինքս ինձ համոզել, նստել ու հիանալ բնության կեղծ պատկերներով, ինչպես, օրինակ անում են Էլն ու տիկին Սմիթն, ում հետ ես կիսում էի երեք ենթագնդերից կազմված գունդս: Նրանք բացականչում էին.
-Օ՜, Ջեյմս, մի՞թե հրաշալի թռչնակ չէ: Ես գլխով էի անում, չնայած ինձ համար անհասկանալի էր մնում , թե ինչն էր հրաշալի այդ թռչնակի մեջ. դա ընդամենը ծրագրավորված կետերի ամբողջություն էր:
Անցած շաբաթ ժամացույցիս ուղարկված ընթերցանության ցանկում մի գիրք կար, որը պատմում էր մեզնից հարյուր տարի առաջ ապրած մարդկանց մասին: Երբ ես, Էլն ու տիկին Սմիթը խոսում էինք այդ գրքի մասին, Էլը քիչ մնաց լաց լիներ.նրան այնքան էր հուզել այն փաստը, որ մարդիկ առաջ պատուհաններ ու ժամացույցներ չունեին:
-Խեղճ մարդիկ,-ասաց տիկին Սմիթը, հետո ավելացրեց,- շատ դժվար էր նրանց համար...
Երեկ մահացավ միստր Ջեգրսը: Նա փորձել էր դուրս գալ գնդից և իսկույն մահացել ճնշումից :
-Կարծում եմ՝ խելագարվել էր,-ասաց տիկին Սմիթը:
Ես երկար ժամանակ չէի կարողանում ուշքի գալ: Փորձում էի պատճառներ գտնել միստր Ջեգրսի արարքի համար: Մի քանի օր մտորելուց հետո ես էլ համաձայնեցի տիկին Սմիթի հետ. ի վերջո, միստր Ջեգրսը բավականին ծեր էր:
Երբ արդեն մոռացել էի այդ պատմության մասին, զանգ ստացա Փիբիից` միստր Ջեգրսի օգնական ռոբոտից: Փիբին լավ չէր տիրապետում մարդկային հաղորդակցության ձևերին: Նա կիսով չափ հասկանալի բառերով ինձ բացատրեց, որ հրավիրում է իրենց տուն: Նույն րոպեին տեղափոխվեցի այնտեղ:
Փիբիի մետաղյա դեմքի միակ շարժուն մասն աչքերն էին. չնայած դրան, նա կարողանում էր արտահայտել իր տրամադրությունը: Այցելությանս պահին նրա աչքերում հեղուկ էր կուտակվել՝ տխրության նշան էր:
Փիբիի առաջնորդությամբ ես քայլում էի միստր Ջեգրսի հսկայական գնդով,որի միջանցքի պատերից կախված էին անշարժ նկարներ ՝ոչ այնքան էլ հարթ, ինչպես մեր պատուհանները, սակայն անհամեմատ ավելի գեղեցիկ : Վերջապես Փիբին կանգ առավ մի հսկամետաղյա դռան առաջ, սեղմեց իր ափի կարմիր կոճակն ու դռներն անձայն բացվեցին:
Իմ աչքերի առաջ հսկայական սենյակ էր, բայց պատերին պատուհանների փոխարեն հազարավոր, հնարավոր է՝ միլիոնավոր գրքեր էին շարված: Ես ցնցված էի. դրանք բոլորովին նման չէին ժամացույցի գրքերին: Երբ շրջվեցի, տեսա, որ Փիբին ինձ մենակ է թողել սենյակում:
Պատերին շարված գրքերի մեծ մասը երբեք չէին եղել ժամացույցի գրադարանում: Դրանք մեծ մասամբ մեզնից դարեր առաջ ապրող մարդկանց մասին էր:
Ես ուշադիր կարդում էի գրքերն ու փորձում պատկերացնել այդ հին աշխարհի ամեն մի մասնիկը: Նրանք ուղղակի պատկերներ չէին : Տողից տող ացնելիս զգում էի, թե ինչպես է աշխատում սիրտս, ինչպես է երակներումս հոսում արյունը, սկսում էի զգալ ավելին, քան ինձ շրջապատող իրերն էին:
Գունդը սկսեց ինձ անտանելի թվալ՝ իր ամբողջ շքեղությամբ և թեթևությամբ հանդերձ: Ոչինչ ինքն իրեն չէր հայտնվում այնտեղ,ու ոչինչ հենց այնպես չէր տրվում: Սկսեցի զգալ ներսումս կուտակված դատարկության չափը. ասես ջրհորի մեջ քարեր գցես, ու դրանք երբեք չհասնեն հատակին:
Հիմա ես հասկանում էի միստր Ջեգրսին: Այն, ինչ ուներ նա, ինչ ունեի ես, կյանք չէր, ու եթե նա շարունակեր սպասել, էլի ապրած չէր լինի այն ժամանակը, որը կորցրեց մի քանի ակնթարթների փոխարեն, որոնք ապրել էր գնդից դուրս՝ նախքան ճնշումը ճզմել էր նրա փխրուն մարմինը:
Իսկ այդ աշխարհում մի ժամանակ ապրում ու զգում էին հին աշխարհի մարդիկ:
Տուն վերադարձա մի քանի օր հետո: Էլն ու տիկին Սմիթն ինձ համարյա արտասվելով դիմավորեցին:
-Ջեյմս, ամեն ինչ լա՞վ է քեզ հետ, -ասաց տիկին Սմիթն ու ձեռքը շփեց ճակատիս:
-Ամեն ինչ լավ է,- ասացի ես, ժպտացի ու շարժվեցի դեպի իմ գունդը:
Էլն այդ ամբողջ ընթացքում միայն զննում էր ինձ: Գիշերը նա առանց իմ համաձայնության հավաքեց դռան գաղտնաբառն ու ներս մտավ:
-Ջեյմս, ինձ չես խաբի. միստր Ջեգրսի տանն էիր, չէ՞: Ինչ-որ բա՞ն ես պարզել նրա մահվան մասին,- հարցրեց նա:
Չէի էլ կարող պատկերացնել, որ Էլը երբևէ կհետաքրքրվեր միստր Ջեգրսով:
-Չէ, ուղղակի պետք է հաստատեի, որ նա խելագար չէր:
-Ու հաստատեցի՞ր:
-Գիտես, Էլ, ես մտածում էի... Ճիշտ է, միստր Ջեգրսին այնքան էլ լավ չէի ճանաչում, բայց կարող եմ վստահ ասել, որ նա հենց այնպես չէր ձգվի դեպի մահը: Նրան պատճառ էր պետք դրա համար: Ու լուրջ պատճառ:
-Քո կարծիքով ո՞րն էր պատճառը:
-Չգիտեմ: Կարծում եմ՝ ապրելը: Մեռնել հանուն ապրելու:
Էլն ինձ այնպես նայեց, ասես ես էլ էի խելագարվել, հետո դուրս եկավ գնդից: Ես լսեցի,թե նա ինչպես մտավ իր գունդնու փոխեց պատուհանի նկարը:
Ամեն անգամ, հենց վերադառնում էի միստր Ջեգրսի տնից, Էլն ինձ հարցնում էր, արդյոք հաստատեցի իմ տեսությունը: Ամեն անգամ ես հետաձգում էի պատասխանը՝ երևի ինքս էի վախենում ընդունել այդ տեսակետը: Այդ կետից այն կողմ միայն մի բան էր՝ անդունդը: Մի օր, երբ Էլը հերթական անգամ տվեց իր հարցը, որոշեցի նրան էլ հետս տանել:
-Սա լավ վերջ չի ունենա, Ջեյմս, երևի համակարգը հիմա մեզ հսկում է: Մեզ միանգամից կսպանեն:
Ձևացրեցի, թե չեմ լսում, բայց ինքս էլ այդ կարծիքին էի: Համակարգի կանոններով մեր արածը չէր արգելվում, բայց համակարգն ինքն արգելում էր: Սկսեցինք կարդալ: Նայելով Էլի դեմքին՝ զգում էի, թե ինչպես են ժամանակ առ ժամանակ աչքերը փայլում: Երբ որոշեցինք գունդ վերադառնալ, վերջնականապես ուժասպառ էինք եղել: Էլը մի քանի գիրք վերցրեց հետը:
Տիկին Սմիթը նայում էր իր սիրելի պատուհանին ու նույնիսկ ուշադրություն չդարձրեց մեզ: Առանց աղմկելու անցանք իմ գունդ:
Գիշերը, երբ արդեն քնել էի, թխկոց լսեցի: Աչքերս բացեցի. դիմացս հսկա ստվեր էր կանգնած՝ երկու կարմիր կետիկներով: Ես քարացա տեղումս, բայց ստվերն անհետացավ: Առավոտյան, երբ հիշեցի պատահածը, որոշեցի, որ երազ եմ տեսել և ուշադրություն չդարձրեցի:
Ուշադրություն դարձնել ստիպված էի ավելի ուշ, երբ սկսեցի թերթել մեզ հետ բերած գրքերից մեկն ու նկատեցի, որ երկու գիրք անհետացել են: Էլը քար կտրեց, երբ պատմեցի եղածի մասին: Հարցրինք տիկին Սմիթին. նա քիթը վեր քաշեց, տարօրինակ, երկյուղ առաջացնող հայացքով մեզ նայեց և այդպես էլ չպատասխանեց:
Հաջորդ գիշեր ամեն ինչ կրկնվեց: Նորից արթնացա թխկոցից, կարմիր կետիկ-աչքերով ստվեր տեսա, որն անհետացավ:
Երբ հաջորդ անգամ գնացինք Ջեգրսի տուն, գիշերը մնացինք այնտեղ: Կարծում էի՝ այստեղ էլ ստվերն ինձ կգտնի, բայց սխալվում էի:
Առավոտյան դժվարությամբ կարողացանք ժամացույցով կապ հաստատել մեր գնդի հետ: Ես գրեթե հասկանում էի, թե ինչ էր կատարվել, բայց արդեն ուշ էր:
Երբ տեղափոխվեցինք մեր գունդ, տագնապի զգացողությունը մեզ չէր լքել: Իսկ հետո տեսանք ռոբոտներին: Երկու ընտրություն ունեինք՝ հանձնվել, կամ ոչնչացվել նրանց կողմից: Դժվար էր ասել, թե որն էր վատ. հանձնվողներն անհետ կորչում էին, ու գրեթե ոչ ոք չգիտեր, թե ինչ էր պատահում նրանց հետ: Իսկ ով գիտեր, բավականաչափ առողջ դատողություն ուներ, որ բերանը փակ պահեր, որպեսզի չմիանա նրանց: Լսեցինք տիկին Սմիթի ձայնը.նա ինչ-որ անհասկանալի բան ասաց՝ ոչ մարդկային լեզվով: Նայեցինք չորս կողմը, չտեսանք նրան, ու հասկացանք, որ նա ռոբոտներից մեկն է, բայց թե կոնկրետ որը՝ չկարողացանք պարզել:
Երբ մենք պատրաստվում էինք ինքնակամ հանձնվել, տեսանք Փիբին: Ռոբոտները չխանգարեցին նրան մոտենալ մեզ: Փիբին սկսեց խոսել, բայց ես չհասկացա, թե նա ինչ է ասում: Նա Էլին ինչ-որ վահանակ տվեց , շարժվեց դեպի ռոբոտները :Մինչ Էլը կսեղմեր կոճակը, ես տեսա, թե ինչպես ռոբոտները, որոնց մեջ նաեւ տիկին Սմիթն էր, քաղցած կենդանիների նման հարձակվեցին նրա վրա:
Էլը սեղմեց կոճակն ու մենք նորից հայտնվեցինք միստր Ջեգրսի տանը: Ես չհասցրի Էլին հարց տալ, երբ նա երկրորդ անգամ սեղմեց կոճակը: Ես տեսա միստր Ջեգրսին, նա հիմա գոհ էր երևում.
«Վաղ, թե ուշ՝ մահը կգա: Ոչ կյանքը, ոչ մահը չեն սպասում: Ապրի՛ր, Ջե՛յմս»:
Փոթորիկ էր, ես հազիվ էի բաց պահում աչքերս, հետո տեսա արևն ու հասկացա, որ մենք այլևս գնդում չենք ու էլ երբեք չենք լինի: Էլը նայում էր հորիզոնին , ապա ժպտաց, փակեց աչքերն ու խորը ընկղմվեց իմ, իսկ ես՝ գետնի գրկի մեջ:
Էջանիշներ