Գուցե մի քիչ ընդլայնվում եմ ու շեղվում թեմայից, բայց ընդհանուր առմամբ երևի թեմային համապատասխան կլինի գրառումս։
Ռեիժիմն իսկապես կարևոր բան է, ու, ոնց որ Բյուրն ասեց, դրանից շեղումները պիտի բացառություններ լինեն, ոչ թե նորմա։ Մարդ արարածը, ցավոք, բավական հանդուրժող ու ներողամիտ է սեփական բացթողումների նկատմամբ. բավական է մի անգամ քեզ թույլ տաս շեղվել՝ սահմանածդ ռեժիմը խախտել, հաջորդ շեղումը շատ ավելի հեշտ է ստացվում, իսկ կարճ ժամանակ անց շեղված վիճակը նույնքան հեշտությամբ դառնում նորմա։ Նման դեպքերում շատ ավելի դժվար է հին ռեժիմին վերադառնալը, որովհետև պիտի ընդունես պարտությունդ ու ամեն ինչ զրոյից սկսես... Մի բան, որի միջով երևի բոլորս էլ գոնե ինչ–որ ժամանակ անցել ենք ու դեռ շատ առիթներ կունենանք անցնելու։
Քնի մասին խոսվեց։ Ինչքան գիտեմ, հասուն մարդու համար քնի նորման օրական 7-8 ժամն է համարվում։ Իհարկե, ինչ–որ չափով նաև անհատական է. մարդիկ կան՝ ավելի քիչ քնի կարիք ունեն, մարդիկ կան՝ ավելի շատ։ Ինձ համար 7-8 ժամն է նորման, ցանկալի է՝ 8–ը։ Նաև առնվազն իմ դեպքում (բայց ընդհանուր առմամբ էլ էդպես է համարվում) նշանակություն ունի, թե այդ 8 ժամը երբ է լինում։ Ցանկալի է շուտ քնել, շուտ արթնանալ։ Ես, օրինակ, աշխատում եմ մինչև տասնմեկը քնած լինել։ Ցավոք, ոչ միշտ է հաջողվում, բայց հաջողվելու դեպքում հաջորդ օրվա հաջող սկիզբն էլ է երաշխավորվում։
Բայց մի հետաքրքիր բան եմ նկատել. եթե խիստ անհրաժեշտության բերումով եմ ուշ ու քիչ քնում, հաջորդ օրը զարմանալիորեն լրիվ նորմալ եմ ինձ զգում, բայց եթե ինչ–որ անկապ պատճառով, ասենք, հավեսի համար ինչ–որ բան անելու, կոմպի դիմաց լռվելու և նմանատիպ այլ պատճառներով, ուրեմն հաջորդ օրը քնի պակասն անպայման հիշեցնում է իր գոյության մասին։ Բայց եթե ուշ ու քիչ քնելու խիստ անհրաժեշտությունը շատ երկար է տևում, անհրաժեշտությունը վերջանալուն պես էդ ամբողջի համար միանգամից պատասխանատվության եմ ենթարկվում օրգանիզմիս կողմից։ Սիրում եմ իրեն
![]()
։
Ռեժիմի ձևավորման ու պահպանման համար կարևոր է որոշակի գործողություններ, թեկուզ կարճատև ու ոչ շատ կարևոր, ամեն օր կանոնավոր կերպով նույն կամ մոտավորապես նույն ժամանակ անելը։ Դրանք ինքնաբերաբար դրդում են կատարել նաև այլ՝ ավելի կարևոր գործողություններ, որոնք գուցե չէինք անի, եթե չլիներ արդեն ձևավորված «շղթան»։
Որոշ գործողություններ, որոնք անհրաժեշտ ենք համարում ամեն օր անել, բայց ոչ միշտ ենք անում, ուղղակի պիտի որոշենք, որ անելու ենք, ինչ գնով էլ լինի։ Ես, օրինակ, վերջին ավելի քան մեկ ամիսը նման սովորություն եմ դարձրել առավոտյան վարժություններ անելը։ Նախկինում էլ էի անում, բայց շատ անկանոն, երկարատև ընդմիջումներով, ամեն հարմար առիթի ինքս ինձ թույլ տալով չանել։ Էս անգամ որոշեցի, որ ես պիտի ամեն օր անեմ դրանք՝ անկախ ամեն ինչից։ Նույնիսկ եթե ուշ եմ զարթնել, կամ հեչ հավես չունեմ վարժություններ անելու, մեկ է, պիտի անեմ, որովհետև գիտեմ, որ հենց մի անգամ ինձ թույլ տվեցի տրվել ծուլությանն ու բացթողում անել, կորած եմ։ Բացառություններ չպիտի լինեն, միայն իսկապես անխուսափելիության դեպքում։ Ու մինչև հիմա դեռ չէր եղել էսպիսի շրջան, որ ես մի ամսից ավել ամեն օր, առանց բացառության, վարժություններս անեի։ Մի խոսքով՝ հպարտ եմ իմ փոքրիկ հաջողությամբ։ Դուք էլ փորձեք, չեք փոշմանի։
Հետո մի բան էլ կա. թեկուզ մի գործողություն նկարագրածս ձևով կանոնավոր կերպով անելը նաև զարգացնում է ընդհանրապես սովորություն ձևավորելու ու այն պահպանելու հմտություն, որն արդեն ավելի հեշտությամբ կարելի է օգտագործել այլ օգտակար սովորություններ ձևավորելու վրա։ Այլ կերպ ասած՝ սովորություն դարձնելն էլ է սովորովի։
Ես նաև աշխատում եմ ցուցակ գրել ամեն օրվա անելիքներիս։ Էդ ավանդույթը ուսանող ժամանակ եմ ձևավորել՝ իհարկե, պարբերաբար ընդհատելով, ցավոք։ Վաղուց չէի արել, վերջերս վերսկսել եմ։ Ցուցակն, ի դեպ, ներառում է ոչ միայն անհրաժեշտ ու տհաճ պարտականություններ, այլև հաճելի գործողություններ։ Ես ինքս իմ առջև նպատակ չեմ դնում նշված բոլոր կետերն իրագործելու, որովհետև գրում եմ առավելագույն ցանկալին, ոչ թե պարտադիրը։ Նպատակը հնարավորինս շատ կետեր իրագործելն է։ Ասենք, ես ինձ համար որոշել եմ, որ չորսից պակաս կետեր իրագործելն արդեն թույլ արդյունք է։ Իհարկե, որոշ գործողոթյուններ մի քանիսն արժեն, դրանց, բնականաբար, գնահատում եմ ըստ արժանվույն։ Մի ժամանակ նաև ամեն շաբաթվա, ամսվա վերջում արդյունքներն ամփոփում էի ու ինքս ինձ գնահատում
։ Աչքիս՝ դա էլ վերականգնեմ։
Հ. Գ. Կներեք երկարաշունչ գրառման համար։ Վաղուց Ակումբում գրառումներ չէի արել. սովածացել էի մի տեսակ։
Էջանիշներ