Եվ նա ասաց.
Նա, ով տիրապետի այս խոսքերի մեկնությանը,
մահ չի ճաշակի:
Մահ չի ճաշակի միայն նա, ով ճաշակել է գոյության վերջնական հանելուկայնությունը: Մահ կա միայն այն ժամանակ, երբ կա գիտակցություն: Մահը հնարավոր է միայն էգոյի գոյության պատճառով, այն պատճառով միայն, որ դու քեզ քո մարմինն ես համարում: Երբ զրկվում ես էգոյից ու գտնում ես իսկական քեզ, մահը վերանում է: Մահ կա, միայն քանի դեռ դու ստի մեջ ես:
Իսկ երբ իսկական ես դարձել, մահ արդեն չկա: Ճշմարտությունը չի վախճանվում, այն հավերժ է, դա հավերժական կյանքն է: Բայց մենք պտտվում ենք արատավոր շրջանի մեջ. ստի մեջ կա մահ, մահը հրահրում է վախ, իսկ վախի պատճառով մենք ստիպված ենք պաշտպանել մեզ ավելի ու ավելի շատ ստերով: Դա փակ օղակ է: Հասկացեք, որ դեսուդեն եք ընկել օղակի մեջ, և դուրս թռեք այնտեղից:
Մահը սարսափելի է, քանի գոյություն ունի էգոն: Էգոն աշխարհի ամենակեղծ ու հնարովի բանն է: Իրականում այն ընդհանրապես չկա, և այդ պատճառով դու ստիպված ես անընդհատ ինչ-որ բան հորինել, որպեսզի պահպանես նրա գոյության պատրանքը: Այն՝ իրական չէ: Եթե հրաժարվես նրանից գոնե մեկ օր, այն ուղղակի կանհետանա: Օրն էլ շատ է, կես ժամն էլ բավական է, նույնիսկ կես րոպեն: Բայց դուք անընդհատ սնուցում եք նրան, ստուգում եք, տեղու՞մ է նա արդյոք, շուռումուռ եք տալիս այսպես ու այնպես, փնտրում եք հուսալի հենարաններ: Ամբողջ կյանքներդ ծախսում եք ուժերդ, որպեսզի պահպանեք պատրանքը, որ դուք ինչ-որ մեկն եք: Բայց մահն անխուսափելի է, իսկ նա քարուքանդ է անում ձեր բոլոր ամրոցները: Այստեղից էլ վախը՝ դու վախենում ես կորցնել ինքնագիտակցումդ, ծնվել նոր մարմնի մեջ և նորից սկսել այդ ամբողջ մղձավանջը:
Մի՛ խաբեք ձեզ: Դադարե՛ք ստել, բավակա՛ն է թաքնվել դիմակների տակ, դարձեք իսկակա՛ն: Եվ եղեք այն, ով կաք իրականում, բավական է ինչ-որ մեկ ուրիշը ձևանալ: Կեղծությունը չի օգնի՝ դա ծանր բեռ է, վաղ թե ուշ այն ձեզ կճզմի: Իսկ կփրկի ճշմարտությունը միայն:
Հիսուս ասաց. "Ճշմարտությունն ազատագրում է, ճշմարտությունը կփրկի: Ճշմարտություն՝ ահա հավերժական կյանքը":
Էջանիշներ