Հիսուս, Բուդդան, կամ յուրաքանչյուր այլ արթնացած տեսնում է, որ դուք հարբած եք: Արբեցումը տարբեր է լինում, բայւց հարբած են բոլորը: Դուք ոչինչ չեք նկատում, դուք քնած եք, ձեզ միայն թվում է, թե արթուն եք և գիտակից: Եվ այդ երազը ձգվում է ծնունդից մինչև մահ:
Այս պատմությունը Գուրջիևն է պատմել: Մի մարդ հազար ոչխար ուներ, և նա հավերժ տանջվում էր նրանց հետ, որովհետև ոչխարներն անվերջ մոլորվում էին և զոհվում
գիշատիչ գազանների երախներում: Եվ այդժամ ոչխարների տերը խորհրդի գնաց իմաստունի մոտ, իսկ վերջինս առաջարկեց նրան. “Ձեռք բեր պահապան շներ”: Եվ այդ մարդը
հարյուր շուն ձեռք բերեց, որպեսզի նրանք պահապան լինեն նախրին: Շները չէին թողնում, որ ոչխարները հեռանան նախրից, իսկ եթե մի որևէ ոչխար հակառակվում էր,
շներն ուղղակի սպանում էին նրան:
Ժամանակի հետ շներն այնքան տարվեցին սպանելով, որ սկսեցին հենց այնպես խեղդել ոչխարներին: Շներն արդեն վտանգավոր էին դարձել: Ոչխարների տերը նորից գնաց իմաստունի
մոտ և բողոքեց. “Շներն սկսել են վնաս պատճառել, նրանք արդեն ոչ այնքան հսկում են ոչխարներին, որքան սպանում են նրանց”:
Միշտ այդպես է ստացվում` բավական է նայես քաղաքական գործիչներին: Սրանք էլ` պետք է պաշտպաններ լինեն, պահապան շներ, բայց, ստանալով իշխանություն, սկսում են կործանել մարդկանց:
Իմաստունն ասաց. “Միայն մի ելք է մնացել: Ես ինքս կզբաղվեմ քո ոչխարներով”: Եվ նա եկավ նախրի մոտ ու հիպնոսի ենթարկեց բոլոր ոչխարներին:
Նա ներշնչեց նրանց. “Դուք զգաստ եք, դուք աչալուրջ և կատարելապես ազատ եք: Ոչ ոք չի կարտող ձեզ խանգարել”: Ոչխարները մնացին հիպնոսի տակ և այն ժամանակից ի վեր
ոչ մի ոչխար նախրից չէր հեռանում: Նրանք ուղղակի չէին կարող փախչել, չէ՞ որ նրանց ոչ ոք չէր պահպանում, և այդ պատճառով ամեն մի ոչխար հավատում էր, որ ինքն է իր գլխի տերը:
Նույնիսկ երբ նախրի տերը մի ոչխար էր վերցնում և մորթում էր նրան, մնացածները մտածում էին. “Այդ նրա ճակատագիրն էր, այլ ոչ իմը: Չէ՜, ինձ ոչ ոք չի սպանի:
Ես անմահ եմ և բացարձակ ազատ, ու՞մ ունեմ վախենալու և ինչի՞ց պետք է փախչեմ”: Պահապան շների անհրաժեշտությունը վերացավ, և նախրի տերը շատ ուրախ էր, որովհետև
ներշնչումից հետո ոչխարներն ասես կիսարթուն լինեին:
Դուք էլ` ճիշտ այնպիսին եք, ինչպես այդ ոչխարները: Ձեզ այդպիսին է տեսնում Հիսուս, ձեզ այդպիսին եմ տեսնում ես: Ձեզ, ճիշտ է, ոչ ոք հիպնոսի չի ենթարկել` ձերն ինքնաներշնչում է: Դուք միաժամանակ` թե այն կիսարթուն ոչխարներն եք, և թե այն իմաստունը, ով նրանց կախարդել էր: Դուք ինքներդ ձեզ հիպնոսի եք ենթարկել:
Էջանիշներ