Եվ վերջում Հիսուս ասում է.
Գնորդներն ու առևտրականներն
իմ Հոր տեղերը չեն մտնի:
Հայր Աստծո, նրա տեղի, նրա գահի հետ ամեն ինչ ճիշտ նույն կերպ է: Եթե ասես. "Կգամ հետո, մի օր", - երբեք այնտեղ չես ընկնի: Աստծո արքայություն կարելի է մտնել միայն, եթե պատասխանես. "Այո, ես գալիս եմ հենց հիմա, ինձ ոչինչ չի խանգարում: Ես ուղղակի սպասում էի, մինչև կկանչեն, և անմիջապես ճանապարհ եմ ընկնում":
Մի՞թե կարելի է հրաժարվել այդպիսի երջանկությունից: Բայց դուք չէ՞ որ հրաժարվու՛մ էիք: Ո՞րն է պատճառը: Շատերին թվում է, թե սանյասինները հրաժարվում են կյանքից: Ո՛չ, ամեն ինչ ճիշտ հակառա՛կն է: Կյանքից հրաժարվում են առևտրականները հենց, իսկ սանյասիններն ուրախանում են կյանքին, վայելում են այն լիովին: Գնորդների և առևտրականների աչքին դա հրաժարում է, բայց իրականում հենց դա է իսկական կյանքը: Սանյասինը ոչնչից չի՛ հրաժարվում: Ուղղակի նա ուրախանում է ավելի սուր, ավելի լիովին: Նա այնքան երջանիկ է, որ չի էլ բողոքի անգամ, եթե իմանա, որ մեկ վայրկյան անց իրեն վիճակված է մեռնել: Նա կասի ուղղակի. "Ես ապրել եմ երջանիկ: Ուրիշ էլ ի՞նչ ուզեմ": Այդպիսի կյանքի մեկ ակնթարթն էլ բավական է սանյասինին: Նա նույնիսկ մահանում է ժպիտը դեմքին: Իսկ առևտրականը... Հազար կյանքերի ընթացքում էլ նա իր գործերը չի ավարտի: Նրա հոգսերն անվերջանալի են:
Ուպանիշադներում մի այսպիսի պատմություն կա. Յայաթի անունով մի արքա ապրել էր հարյուր տարի, և ահա եկավ նրա մահվան ժամը: Մահը եկավ արքայի մոտ, և Յայաթին հարցրեց. Իսկ դու չե՞ս կարող տանել իմ որդիներից
մեկին: Ես դեռ կարգին չեմ էլ ապրել: Միակ բանը, ինչի մասին մտածել եմ ամբողջ կյանքում, իմ արքայության բարգավաճելն էր, նույնիսկ մոռացել էի, որ ժամանակի ընթացքում ստիպված եմ լինելու
լքել այս մահկանացու մարմինը: Մի՛ եղիր այդքան դաժան, մի՛ տար ինձ, թույլ տուր քիչ էլ ապրել: Ես միշտ բարի եմ եղել իմ հպատակների հանդեպ, ամեն ինչ արել եմ ժողովրդի համար, իսկ իմ մասին մոռացել եմ: Խղճա՛ ինձ":
"Լավ, - համաձայնվեց Մահը: - Փոխարենն ընտրիր քո երեխաներից մեկին":
Յայաթին հարյուր որդի ուներ: Նա հարցրեց, թե նրանցից ով կցանկանա մեռնել հանուն հոր, բայց ավագ որդիները վաղուց հասունացել ու խելք էին հավաքել: Տարիքի հետ մարդիկ ավելի հաշվենկատ ու խորամանկ են դառնում: Նրանք
լուռ լսեցին իրենց հորը, բայց ոչ մեկը տեղից չշարժվեց: Առաջ եկավ ամենակրտսեր որդին միայն, որն ընդամենը տասնվեց տարեկան էր:
Համարձակ պատանու առջև նույնիսկ Մահվան սիրտը սասանվեց: Եթե հարյուրամյա ծերունին բողոքում է, որ կարգին չի հասցրել ապրել, ուրեմն ի՞նչ ասես այս տղայի մասին: Նա ընդհա՛նրապես դեռ կյանք չի տեսել: "Դու անգիտակից երեխա՛ ես,
գոչեց Մահը: - Դու չես հասկանում, թե ի՛նչ ես անում: Այստեղ դուք հարյուր հոգի եք, և քո բոլոր եղբայրները լռում են: Նրանցից մեծերն արդեն յոթանասունն ա՛նց են: Նրանք իրե՛նք էլ ծեր են,
մի երկու տարի անց ես կսկսեմ նրանց հետևից էլ գալ: Ինչու՞ դու":
"Ինչի՞ վրա հույս դնեմ ես, եթե իմ հայրը նույնիսկ հարյուր տարվա ընթացքում չի հասցրել ուրախանալ կյանքին: Նշանակում է, կյանքում երջանկություն ընդհանրապես չկա: Առանց այն էլ ինձ ամեն ինչ պարզ է. եթե հարյուր տարին
չի հերիքել հորս, ուրեմն ինձ էլ չի հերիքի: Պետք է այլ ճանապարհ լինի: Եթե չկա կյանք կյանքի մեջ, կփնտրեմ այն մահվան մեջ: Վերցրու՛ ինձ, մի խղճա":
Նույն բանն է ասում նաև սանյասինը. "Եթե էգոյի կյանքում կյանք չկա, կփնտրեմ այն էգոյի մահվան մեջ: Վերցրու՛ ինձ, Մահ":
Եվ Մահը վերցրեց կրտսեր որդուն: Նրա հայրն ապրեց ևս հարյուր տարի, և Մահը նորից եկավ նրա հետևից: Արքայի համար դա նորից անսպասելիություն էր: "Այդքան արա՞գ, - զարմացավ նա: - Ինձ թվում էր,
թե հարյուր տարին երկար ժամանակ է, այս անգամ հաստատ կբավարարի: Իսկ տարիներն անցան աննկատ: Ես այդպես էլ չհասցրեցի ապրել: Ես ջանում էի, ամեն ինչ հաշվի էի առել,
հենց նոր ավարտեցի բոլոր գործերս և պատրաստվում էի ապրել սեփական հաճույքիս համար: Ո՜չ, սա անտանելի՛ է":
Այդպես շարունակվեց տաս անգամ: Հանուն հոր, որդիներից մեկը տալիս էր իր կյանքը, իսկ արքան շարունակում էր ապրել:
Եվ, երբ լրացավ նրա հազար տարին, Մահը եկավ հերթական անգամ և հարցրեց. "Ի՞նչ կհորինես հիմա: Արդեն պատրաստե՞լ ես հերթական որդուդ զոհաբերության համար":
"Ոչ, տխոուր ասաց արքան: - Ես հասկացա, որ հազար տարին էլ է շատ քիչ: Բանը ժամանակը չէ, այլ ես: Ես նորից ու նորից զբաղվում եմ միևնույն հիմարությամբ, ես ուղղակի սովորել եմ
կյանքս դատարկ ծախսելուն: Ինձ ոչինչ չի օգնի":
Մահից առաջ Յայաթին կարգադրեց գրի առնել այս պատմությունը գալիք սերունդների համար: Ահա թե ինչ ասաց նա սերունդներին. "Ես ապրեցի հազար տարի, բայց իմ գիտակցությունը խանգարում էր ինձ ապրել իսկական կյանքով: Նա հոգում էր միայն ապագայի մասին և բաց էր թողնում ներկան: Իսկ մարդ ապրում է այժմ և այստեղ":
Քանի դու այստեղ չես և հիմա, դու չես ապրում: Ամբողջ ժամանակ քեզ հրավիրում են ընթրիքի, բայց դու տանը չես: Դու հավերժ բացակայում ես, դու ամենուր պետք է հասնես: Իսկ հետո տառապում ես ու բողոքում. "Ինչու՞ է կյանքն այսքան զարհուրելի": Բայց դժվար է բոլորի համար. ով քիչ է ապրում՝ տանջվում է, իսկ ով ապրում է երկար՝ ուղղակի տանջվում է ավելի: Երիտասարդ թե ծեր՝ բոլորն էլ տանջվում են, որովհետև բոլորի խելքը միանման է կառուցված:
Մի ռեստորանի ապակու վրա ես մի այսպիսի հայտարարություն տեսա. "Մի՛ կանգնեք դրսում, ձեզ մի տանջեք: Ուղղակի մտեք ներս և կերե՛ք": Դրսում կանգնած, տանջվելու ես սովից, իսկ եթե մտնես և ուտես, կվատանաս շատակերությունից:
Գիտակցությունը՝ ահա թե որն է գլխավոր տառապանքը: Ներսից թե դրսից՝ կարևոր էլ չէ: Հարյուր տարի թե հազար՝ նշանակություն չունի: Մի կյանք թե միլիոն՝ բոլորը մեկ են: Պետք է հասկանալ, որ մեր դառնությունները՝ միայն սեփական խելքից են: Առևտրականի խելքը՝ ահա գլխավոր խոչընդոտը: Ազատվիր մտքից՝ և կընդունես սանյասա:
Էջանիշներ