User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակ(ներ)ն եք հավանում

Քվեարկողներ
25. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Տարբերակ 1. Պոզ- Ivy

    19 76.00%
  • Տարբերակ 2. Վրեժը- Այբ

    3 12.00%
  • Տարբերակ 3. Մարսի թուզը- StrangeLittleGirl

    10 40.00%
  • Տարբերակ 4. Կակաչներ- StrangeLittleGirl

    8 32.00%
  • Տարբերակ 5. Անիծյալը- Այբ

    5 20.00%
  • Տարբերակ 6. Հովսեփի ծնունդը- Sambitbaba

    1 4.00%
  • Տարբերակ 7. Հողը- Ivy

    13 52.00%
  • Տարբերակ 8. Անեկդոտ Ա-ԼՅԱ Պալանիկ- Sambitbaba

    2 8.00%
  • Տարբերակ 9. Մեծ փոփոխություն- Էռնեստ Հեմինգուեյ

    4 16.00%
  • Տարբերակ 10. Կախարդական ծնծղաները- Skeptic

    10 40.00%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 1 20-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 297 հատից

Թեմա: Ստեղծագործական մրցույթ: Նմանակում: Քվեարկություն և քննարկում

  1. #1
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ստեղծագործական մրցույթ: Նմանակում: Քվեարկություն և քննարկում

    Քվեարկության պայմանները



    Ստեղծագործությունները տեղադրվում են հեղինակների անուններով:

    Քվեարկությունը լինելու է բաց և տևելու է 5 օր:

    Ստեղծագործությունների հեղինակները չեն կարող քվեարկել սեփական տարբերակի օգտին:

    Քվեարկությունը բազմակի է, կարելի է քվեարկել մեկից ավելի հավանած տարբերակների օգտին, սակայն դա պետք է արվի միաժամանակ:

    Գրառման տեսքով քվեները չեն հաշվելու:
    Blessed the poison which brings the end

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (14.02.2014), Այբ (14.02.2014), Փոքրիկ շրջմոլիկ (14.02.2014)

  3. #2
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 1. Պոզ


    Երբ Հարի Դիքսը մատները տանում է պահածոյի մեջ ու դուրս հանածը թափով մտցնում մինչև կոկորդը, օդը քարանում է:
    Երբ Հարի Դիքսը թքից փայլող մատները նորից խցկում է մետաղյա ամանի խորքը ու մսոտ տարթի նոր շերտ հանում, գարշահոտը երկինք է հասնում:
    Երբ Հարի Դիքսը լեզվի ծայրով լպստում է ամանի շուրջ լղոզվածը՝ միաժամանակ սրբելով մատները փորի ծալքերի արանքում, ամեն ինչ իր տեղն է ընկնում:
    Հարի Դիքսի մայրիկը:
    Այս նախադասությունն արդեն իսկ լավ է, բայց դեռ շարունակություն էլ ունի:
    Հարի Դիքսի մայրիկը արդեն մի ամիս է, ինչ լցնում է սառնարանը մսի պահածոներով, որոնց վրա գրված է „Bozigian“: Սա Հարի Դիքսի մայրիկի ամենամեծ հայտնաբերությունն է: Տարվա կտրվածքով:
    Հնարավոր է, որ հենց Հարի Դիքսի որովայնն է առաջ տանում „B.“ բիզնեսը, բայց Մարալ Բոզիգյանը թքած ունի դրա վրա, որովհետև ամբողջ դպրոցում նա միայն ինձ վրա է նայում, թեև ես բերան անգամ չեմ դրել նրանց արտադրած մսոտ աղբը:
    -Հեյ, Ջո,- ասում է ինձ մեծգլուխ Ստիվը, որի ակնոցը հավանաբար Սանտա Անա աստղադիտակի ապակիներից են սարքել,- բախտավոր շան տղա ես դու:
    Եվ նա գիտի, թե ինչ է ասում: Մարալ Բոզիգյանի աչքերը մահ են, ա լյա բժիշկ Կևորկյան, կմախքի դասավորությունն էլ՝ լրիվ Քիմ Քարդաշյան: Բախտավոր շան տղա եմ ես, թեև բերան չեմ դրել նրանց արտադրած աղբը:

    Դեռ սեպտեմբերին, երբ Լիզի ծնողներն արշավի էին գնացել Լոսթ Քոսթ՝ հին ոսկորներն իրար տալու, ու մենք ամբողջ ավագ դպրոցով լցվել էինք նրանց տուն, ես գիտեի, որ տարին լավ է սկսվել: Այդ օրն ալկոհոլ էլ կար, մեծգլուխ Ստիվը հոր խանութից էր թռցրել: Ամեն մեկիս միայն մի կում հասավ, բայց ինչ կում էր դա, գրողը տանի:
    Ու կանգնած եմ ես Լիզենց պատշգամբում, որտեղ պարկերի մեջ գունավոր սրվակներ են լցված, չհարցնեք ինձ, թե ինչ նպատակով, ու մտածում եմ, որ կյանքը հենց հիմա կատարման մեջ է: Ի դեպ, շատ խորը էքզիստենցիալ միտք, որը հասկանալ կարող են միայն առանձնահատուկ մարդիկ:
    -Բարև, լուրջ տղա,- հետևից ասում է ինձ մեկն այնպիսի ձայնով, որ մտածում եմ՝ սա նախաճաշին հում ձու է կուլ տվել:
    Շրջվում եմ: Սուրբ Թերեզա: Այն մի քանի կաթիլ ջինը, որ խմել էի, կամաց հետ է բարձրանում կոկորդովս, հետո ավելի վեր ու թափով տալիս գլխիս: Հանգիստ, չխառնվես:
    -Ես Մարալն եմ Բոզիգյան,- ասում է նա:
    Չգիտեմ ինչ է դա նշանակում, բայց կյանքումս լսած լավագույն բանն է:
    Նա ժպտում է: Իմ բերանն էլ է սկսվում բացվել: Ու այդպես բաց մնում:

    Հետո ես տեսնում եմ ինձ կողքից: Արդեն խոսում եմ, նա ծիծաղում է: Ավազի ժամացույցը, որ նա կրում է այնտեղ, որտեղ ուրիշների մոտ մարմինն է, ցնցվում է մրգային դոնդողի նման: Երբ նա ծիծաղում է: Ես փորձում եմ ինձ համոզել, որ չեմ նկատում դա: Անգամ կողքից:
    Հետո պատմում է, որ Մարալ նշանակում է ինչ-որ կենդանի: Իրենց լեզվով: Իսկ ազգանվան մեջ «պոզ» բառն է, «բոզիգ»՝ «փոքր պոզ»:
    Հետո աղմուկ է բարձրանում: Լիզենց առաջին հարկում գորգ է վառվում: Հարի Դիքսը կանգնած է պատերի արանքում ու փորձում է իր բոլոր յուղերը տեղավորել մի պատից մյուսն անցնող անկյան մեջ: Որ կրակը հանկարծ իրեն չխորովի: Թեև կրակը հենց նրան է փնտրում՝ որպես լավ մսացու: Ու ես արդեն պատկերացնում եմ, թե ոնց է Հարի Դիքսը ճթճթում հրդեհի մեջ՝ մորթվող խոզի պես գոռալով: Բայց մեծգլուխ Ստիվը արագ հանգցնում է կրակը, ու խրախճանքն ավարտվում է: Հարի Դիքսի ճարպերը փրկված են: Լիզը գոռգոռում է բոլորի վրա, ու ամբողջ տեսարանն ինձ մի ծանոթ կոմիքս է հիշեցնում: Ցրվում ենք տներով:

    Իմ քեռի Լյուկը, որ նոր է դուրս եկել ռեհաբից, դեռ մինչև այնտեղ ընկնելը միշտ նույն բանն էր կրկնում:
    -Լսիր, Ջո, արա այս կյանքում ինչ կուզես: Միայն թե երեք բան հիշիր: Երբեք չփորձես ծախել մի բան ավելի թանկ, քան առել ես: Երբեք չասես կնոջդ, թե իր սարքածից կերել ես ուրիշ տեղ, ու ավելի համով էր: Եվ վերջապես, ամենակարևորը, Ջո: Երբեք գործ չունենաս հայերի հետ:
    Սա իմ քեռի Լյուկի կյանքի դասերն են, որոնք նա իր հետ ռեհաբ է տարել ու անվնաս հետ բերել:
    Ծնողներս ասում են, որ հիմա չարժի այցելել քեռի Լյուկին, բայց ես կուզեի խոսել նրա հետ: Ես կհարցնեի նրան, թե ինչ նկատի ունի նա իր երրորդ պատգամով: Պատգամը երևի թե ճիշտ բառ է այստեղ, թեև ինձ ամենևին դուր չի գալիս: Նաև կհարցնեի, թե գիտի ինքն արդյոք այնպիսի ազգանուններ, որոնց մեջ «պոզ» բառը կա, ու արդյոք դա սատանայի վկայություն է: Իմ քեռի Լյուկը հավատացյալ է, նա այդ հարցերում մասնագետ տղա է:

    Մարալի հետ ծանոթանալուց ի վեր, ես էլ եմ ինձ տվել հավատին ու հաճախ եմ մտաբերում բոլոր սրբերին:
    Ահա կանգնած է նա իմ առաջ, ու հայացքս կուլ է գնում վզից կախած խաչին, որի վրա հանգչում է Քրիստոսը: Այդ սուրբ մետաղի ստորին ծայրը մտած է երկու աստվածային լանջերի արանքը, որոնք կամաց բարձրանում իջնում են Մարալի շնչառությունից: Քրիստոսը կախված է ուղիղ դրախտում: Այնտեղ հայտնվելու համար անգամ ես եմ պատրաստ խաչվել:
    Ես թուքս կուլ եմ տալիս ու փորձում մտքերս վերև բերել: Գոնե մինչև ստամոքսիս խոռոչ, այնտեղից դեպի գլուխ արդեն երկար ճանապարհ չի:
    Ես չեմ ուզում, որ Մարալը մտածի, թե փսլնքոտի մեկն եմ, մի „average Joe“, ով իրեն կորցնում է՝ լանջավոր աղջիկ տեսնելիս: Ծնողներս սխալ անուն են ընտրել ինձ համար. ինձ նախատեսված չի հասարակ լինել: Այս մի Ջոն առանձնահատուկ է, ու համոզված եմ, Մարալը հենց այդպես էլ կարծում է: Այլապես նրա աչքը հենց ինձ վրա չէր կանգնի ամբողջ ավագ դպրոցում, որտեղ բոլորը պատրաստ են իրենց բութ մատը զոհաբերել նրա կողքին լինելու համար: Երբ ասում եմ՝ բոլորը, անգամ Քսավիերին նկատի ունեմ, ով ավելի թափով է, քան ես ու մեծգլուխ Ստիվը միասին վերցրած:

    Չէ, ես հասարակ տղա չեմ: Ու հասարակ չլինելու համար ես փիլիսոփայություն եմ կարդում: Հարցրեք ավագ դպրոցում, թե քանիսն են ճանաչում Կիերկեգորին կամ Կանտին: Կանցնի ընդամենը մի քանի տարի, ու ես կսկսեմ հասկանալ, թե ինչի մասին են նրանք գրում, իսկ հիմա միայն կարդում եմ:
    Սա իմ կյանքի պլանն է: Լինել առանձնահատուկ: Ու ես ճիշտ ուղու վրա եմ: Բոզիգյան Մարալն ինձ է ընտել: Ես ճիշտ ուղու վրա եմ:
    Արժեր խոսել քեռի Լյուկի հետ:

    Ստիվն ինձ կանչում է իրենց տուն վիդեոխաղերով զբաղվելու, բայց ես նախընտրում եմ պլպլացնել սուպերմարկետի հատակն ու հեռու վանել այն մտքերը, որ այնտեղով անցել է Հարի Դիքսը: Հենց մսի պահածոների շարքի մոտ հսկա կեղտահետքեր են: Ես ուշադիր նայում եմ հատակին: Չէ, Հարի Դիքսը հաստատ այսքան մեծ ոտք չունի: Մեքենայի տակից հոսում է ջուրը, խոզանակները լիզում են գետինը: Մեկ, երկու, երեք, չկա ոտնահետք: Ես բռնել եմ մեքենայի կանթից ու նայում եմ պահածոներին գրված „Bozigian“-ին: Սրանով ես անգամ շանս չէի կերակրի: Եթե ունենայի շուն կամ եթե քեռի Լյուկն ունենար: Սրա մասին ես Մարալին ասել չեմ կարող, ի սեր բոլոր սրբերի, ես դա չեմ կարող ասել Մարալին:
    Երբ աշխատանքս վերջանա, ես մի քանի դոլարով ավելի հարուստ կլինեմ, բայց ես ինձ արդեն իսկ հարուստ եմ զգում: Ինձ մոտ միշտ այդպես է, երբ բռնում եմ մեքենայիս կանթը: Հասարակ մարդկանց մոտ այդպես չի լինում:

    Մտքիս կար Մարալի հետ կինո գնալ: Ու կինոյի ժամանակ ձեռքս գցել նրա ուսին, որ ինքն իմանար՝ մենք միասին ենք, ինքն իմ աղջիկն է:
    Կինոն սկսվում է, հենց մտնում եմ դպրոց: Միջանցքով դեպի ինձ են գալիս երկու ավազի ժամացույցներ՝ մեկը մյուսից կատարյալ: Քրիստոսներն էլ ճոճվում են դրախտում:
    -Քույրդ է՞,- փորձում եմ սովորական զրույց սկսել ես:
    -Չէ, մայրս է, ծանոթացիր:
    Դա հնարավոր չի: Կամ ես պիտի հավատամ պոզերի ու սատանեքի գոյությանը: Ակնհայտ է, որ միսիս B.-ն ամեն առավոտ լողանում է կույսերի արյան մեջ: Ինչ Կլեոպատրայի վաննաներ, դրանք երեկվա պատմություն են: Գրողը տանի: Այս տեսարանն իմ աչքի առաջ է:
    Մայր պոզ ու դուստր պոզիկ: Boz ու Bozig:
    Կյանքն իր կատարման մեջ է:
    -Դու խիզախ տղա ե՞ս, Ջո:
    -Այո, մէմ,-պատասխանում եմ ես մշուշի մեջ:
    -Դե տես,- ասում է նա ժպտալով:
    Հետո նայում է աղջկան ու գլխով անում՝ որպես հավանության նշան: Կամ ինձ այդպես է թվում, որ դա հավանության նշան է:

    Դասերից հետո Լիզի ուսապարկն եմ նորոգում: Լիզն իմ մանկության ընկերն է, բայց ինձ դուր չի գալիս, որ փորձում է մեծ քույր խաղալ գլխիս: Լիզն ուղղում է ձեռքի պլաստմասե մատանիները, որոնք չորս ցենտով է գնել, հետո ջինսի վրայից թելեր է հավաքում, հետո նայում է հեռախոսին: Բայց ես գիտեմ, որ նրա մտքին միայն մի բան է, ուզում է Մարալի մասին խոսել:
    -Քո մտքով երբևէ անցել է՞,-սկսում է նա:
    Ես գիտեմ շարունակությունը, հեռու մնա Լիզ, հավեսդ չունեմ, ուսապարկդ վերցրու, չքվիր: Չէ, Լիզն ուզում է խոսել: Նա ուզում է ասել, որ Մարալը տարօրինակ է, ոչ ոքի հետ մտերմություն չի անում, դասերին ձայն չի հանում, բայց բոլոր գնահատականները բարձր են: Ու որ նրանց մսամթերքն ուտելու բան չի, բայց միևնույն է ամսվա ամենավաճառվող ապրանքն է: Դա Լիզն իր մորից գիտի, ով վիճակագրությամբ է զբաղվում: Հենց նրա մայրն է պատճառը, որ իմ մանկության ընկեր Լիզն իրեն կյանք տեսած աղջիկ է համարում ու փորձում ինձ խելք սովորեցնել:

    Վերջերս Լիզը հայտնաբերել է տեսագրություններ, որտեղ իր մայրն ու հայրը շատ անհարմար դիրքերով են: Երբ առավոտյան քեզ համար պանքեյք սարքած մորդ տեսնում ես վրան լատեքս ու կաշի քաշած դոմինայի դերում, ով հորդ հետույքի մեջ տարբեր սրվակներ է խցկում ու մտրակում, այն ժամանակ երբ վերջինս գրիլ դրած հավի լոճված դիրքում խնդրում է ավելի խիստ պատժել իրեն, դա հաստատ ազդում է գլխիդ վրա: Ու շատ վատ է ազդում, որովհետև ծնողների սեքսը անմարսելի կաղամբ է, որի մասին լավագույնը, ինչ կարող ես մտածել, այն է, որ դա չկա, գոյություն չունի: Իսկ իմանալ, որ ծնողներդ ֆետիշիստ են ու իրականում ոչ թե արշավների են գնում, այլ դոմինա խաղերի, որոնք հետո տեսագրում ու նայում են տանը, կարգին ուժեղ դոզա է: Ու Լիզն այդ դոզայի տակ է մնացել: Լիզը հավանաբար մտածում է, որ ինքն առանձնահատուկ է, որովհետև գիտի այն, ինչ գիտի: Իրականում Լիզն առանձնահատուկ չի, նա հասարակ աղջիկ է, „average Joe“, ինչ էլ տեսած լինի: Բայց ես կուզեի, որ Լիզը դա տեսած չլիներ, ու կուզեի, որ ես իմացած չլինեի, որ ինքը դա տեսել է:
    Հիմա Լիզը կսկսի խրատել, որ այդ աղջկանից հեռու մնամ, սիրտը լավ բան չի վկայում: Գնա գործիդ, Լիզ: Դու ոչինչ չգիտես Մարալի մասին:
    Ճիշտը որ խոսենք, ես էլ չգիտեմ:
    Ես ուզում եմ ճանաչել նրան, հարցեր տալ, իմանալ: Ուզում եմ հանդիպումներ ունենալ հետը, իսկական, դպրոցից դուրս, ձեռքեր բռնելով:

    -Ջո:
    Պոզիկն ուղիղ աչքերիս մեջ է նայում: Ու աջ ձեռքով կամաց ուղղում է ձախ կողմի մազերը: Դրախտի հավքերը սկսում են երգել ականջներիս մեջ: Ավել ի՞նչ եմ ուզում իմանալ այս աղջկա մասին:
    -Կուզե՞ս տեսնել մեր արտադրամասը:
    Հենց դրա մասին եմ երազում, Հարի Դիքսի մայրիկը վկա:
    -Կարող ենք գիշերը գնալ, երբ այնտեղ ոչ ոք չկա:
    Նա ասաց՝ գիշերը՞:
    -Մինչև առավոտվա հինգն այնտեղ ոչ ոք չի լինում:
    Առավոտվա հինգը...
    Գլուխս եռում է: Ծնողներս թող իմանան, որ մնում եմ Ստիվենց մոտ: Ստիվին պիտի ասել, որ չմատնի: Գլխավոր հարցը լուծված է:
    Առավոտվա հինգը: Հավքերը երգում են:
    Լիզն է անցնում մեր կողքով, նա ձեռքը տանում է Մարալի մազերին ու հետ քաշում: Ափի մեջ սատկած բզեզ է, նրանցից, որ ներքև են թռչում ու ծանր բզզում, ու թվում է՝ հազիվ են մնում օդում:
    -Սա մազերիդ մեջ էր,- ասում է Լիզը:
    Ես գիտեմ, որ դա սուտ է:
    Մարալը վերցնում է սատկած միջատը, դնում ափի մեջ, ու ձեռքը բռունցք անում:
    -Շնորհակալություն,- ասում է նա հանգիստ:
    Ես մտածում եմ, որ հիմա կբացի ձեռքն, ու այն դատարկ կլինի: Պոզավոր ֆոկուսներ: Բայց տեսնում եմ, որ սեղմած ափի միջից դեղին հեղուկ է ծորում:

    Մսաղացների մռայլ երկաթներն անշարժ են: Օդում սառած է Հարի Դիքսի վրայից փչող գարշահոտը: Ես փորձում եմ զգալ իրավիճակի ռոմանտիկան, բայց այնքան էլ չի ստացվում: Մարալը բռնել է ձեռքս, ես մրսում եմ: Քայլում ենք լուռ, ես չգիտեմ, թե ինչ գործ ունեմ այստեղ:
    -Դու քաջ ե՞ս, Ջո:
    Դիմացս միսիս B.-ն է: Մարալը բաց է թողնում ձեռքս, գնում կանգնում է մոր կողքին: Boz ու Bozig տեսարան: Նրանց աչքերում սառը փայլ կա: Մսաղացը միանում է:
    -Դու ուզո՞ւմ ես լինել հասարակ, Ջո:
    Սա նշան է, որ գնալու ժամանակն է, բայց դուրս տանող ոչ մի անցք չեմ տեսնում:
    -Ես գիտեմ, որ դու ուզում ես առանձնահատուկ լինել:
    Ո՞վ է խոսում, մեծը, թե փոքրը:
    -Դու կլինես մեր այս տարվա մատաղը: Որ գործերը շարունակեն հաջող ընթանալ:
    Ի՞նչը կլինեմ, այդ բառը ես չեմ հասկանում:
    -Սա առանձնահատուկ լինելու լավագույն ձևն է, Ջո: Այս քաղաքում դեռ ոչ ոք մսաղացը չի նետվել:
    Ու հանկարծ ես հասկանում եմ: Սա խաղ է, նրանք փորձում են ինձ: Քսանմեկերորդ դարում ոչ ոքի մսաղացը չեն նետում, այդպես չի լինում: Սա խաղ է, նրանք փորձում են իմ քաջությունը:
    -Տխուրն այն է, որ ես ձեր մասին այդպես էլ ոչինչ չեմ իմանա,- ասում եմ ես հեգնանքով,- պետք էր լսել քեռի Լյուկին:
    -Տխուրն այն է, Ջո,- ասում է Մարալը,- որ մենք ինքներս էլ ոչինչ չգիտենք մեր մասին:
    Նրա ձայնում տխրություն չկա:
    Ուսերս լարվում են, որովհետև զգում եմ, որ ինձ կամաց առաջ են հրում: Կյանքն իր կատարման մեջ է, գրողը տանի: Ու ես առանձնահատուկ Ջո եմ:
    Սա ընդամենը խաղ է, կրկնում եմ ես ինձ: Հետո մտածում, որ գուցե պետք լինի սիրել Հարի Դիքսին: Հնարավոր է, ես վաղը դառնամ նրա ճարպերի մի մասը:
    Հնարավոր է:

    Նմանակում՝ Չակ Պալանիկ
    Վերջին խմբագրող՝ Վոլտերա: 14.02.2014, 20:08:
    Blessed the poison which brings the end

  4. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (19.02.2014), E-la Via (16.02.2014), impression (16.02.2014), Lílium (28.02.2014), melancholia (18.02.2014), Sambitbaba (15.02.2014), Vardik! (16.03.2014), Արէա (15.02.2014), Դատարկություն (18.02.2014), Հայկօ (21.02.2014), Նաիրուհի (15.02.2014), Պիրիտ (14.02.2014)

  5. #3
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 2. Վրեժը

    Գրող Սահակ Բզնունին անհանգիստ քայլում է տան մեջ: Կինը՝ Սեդան, կարծես մի բան է ուզում ասել ամուսնուն, բայց չի համարձակվում:
    -Սահա՛կ,-այնուամենայնիվ, անհամարձակորեն սկսեց Սեդան:
    -Հը՞,- մի պահ կանգ առնելով Սահակը խոժոռ նայեց կնոջը:
    Տան հեռախոսի ձայնը, սակայն ընդհատեց ամուսինների չսկսված խոսակցությունը: Սեդան կարծես իմանալով, թե ով է զանգահարողը, դժվարությամբ մոտեցավ հեռախոսին: Սահակ Բզնունին, որի համար աշխարհը այդ պահին չգիտես, թե ինչ մոլորակ էր դարձել, քայլում է սենյակով մեկ և ինքն իրենից գոհ շարունակ կրկնում.
    -Գիրքս...Ես՝ մրցանակակիր: Պատկերացնում եմ Սասունցու վիճակը: Նախանձից կտրաքվի...
    Բայց Սահակ Բզնունին ստիպված եղավ կտրվել իր մտքերից, երբ հարևան սենյակից լսեց կնոջ ձայնը.
    -Հասկանում ենք, հասկանում...Մի քիչ սպասեք: 95% ամուսնուս գիրքը...ալո՛, ալո՛...անջատեց...
    Սեդան տխուր վայր դրեց հեռախոսը:
    -Հը՞,- կնոջից ոչ պակաս տխուր հարցրեց Սահակ Բզնունին:
    -Բանկից էր,- բարկացած պատասխանեց Սեդան,- ամսեկան տոկոսն են ուզում:
    Սահակ Բզնունին չպատասխանեց և լուռ անցավ մյուս սենյակ: Եվ թեև փորձեց նորից վերադառնալ նախորդ մտքերին, բայց զանգը արդեն կտրել էր հաճելի մտքերի թելը:
    -Ուրիշները վարկ են վերցնում, գործ-մործ են դնում, հարց են հոգում, իսկ մե՞նք,-թաքնված բարկությամբ հանկարծ պոռթկաց Սեդան, բայց Սահակ Բզնունին չթողեց, որ կինը շարունակի.
    -Աղջի՛...
    -Ի՞նչ:
    -Աղջի՛, լեզուդ քեզ քաշի: Հազար եմ ասել՝ կնիկ ես, քո տեղում մնա:
    Սեդան չշարունակեց: Սեղանից վերցրեց վաղուց սառած սուրճը, մի կում խմեց և բաժակը տհաճությամբ նորից դրեց սեղանին: Բայց, ի վերջո, չհամբերեց.
    -Բա՞ որ էդ մրցանակը քեզ չտան, ի՞նչ ենք անելու:
    Սահակ Բզնունին սաստող հայացքով նայեց կնոջը, բայց դա չօգնեց. կինը իբր չտեսավ ամուսնու հայացքը.
    -Ա՜խր, ինչի՞ց ես ենթադրում, թե քո վեպը պիտի հաղթի, ու մենք պիտի մեծ գումար ստանանք: Հետն էլ՝ պատվավոր գրողի կոչում ստանաս: Հետո էլ՝ պարտադի՞ր էր, որ գրքիդ թուղթը ամենաթանկը լիներ: Մի քիչ էժան թուղթ, որ լիներ...
    -Աղջի՛...համբեր...
    -Էդ ապուշ գրքի տպագրության համար դասերդ կրճատեցիր, պարտքի տակ ընկանք, ինչ է թե...
    Ավելի լավ էր այդ պահին Սահակ Բզնունուն կայծակը խփեր, քան թե լսեր, թե ինչպես են իր գրքին «ապուշ» անվանում: Մի պահ նույնիսկ պապանձվեց: Բայց դա ընդամենը մի պահ:
    -Ապու՛շը դու ես, որ չես հասկացել իմ վեպի գաղափարը: Իմ ՝ «Զարտուղի ուղիներ» վեպը, մեծ գրական երևույթ է, որը ցնցելու է ներկայիս գրականությունը: Իսկ ի՞նչ է ներկայիս գրականության վիճակը: Իդիոտի՜զմ: Կամ թեման խոպանչիներն են՝ իրենց սեռակարոտ կանանցով և տուն չվերադարձող ամուսիններով, կամ էլ՝ էրոտիկ բովանդակությամբ չգիտեմ ինչ, -բարկացած ասաց Սահակ Բզնունին:
    Լռություն տիրեց: Ո՛չ Սահակ Բզնունին է խոսում, ո՛չ Սեդան: Սակայն Սահակ Բզնունին չհամբերեց.
    -Իսկ դու իմ վեպը կարդացե՞լ ես, որ ապուշ ես անվանում:
    -Հա՛,- չարությամբ նետեց կինը:
    Դա Սահակ Բզնունու համբերության վերջին կաթիլն էր: Ձեռքի ընկած առաջին պատահած իրը, որը կիսատ թողած սուրճի բաժակն էր, նետեց կնոջ վրա: Սեդան չհասցրեց գլուխը մի կողմ տանել...
    Երեկո էր արդեն: Գրողը կնոջ հետ վիճելուց հետո դուրս էր եկել տանից և դեռ տուն չէր վերադարձել: Սեդան ավելի շատ բարկությունից, քան թե անհանգստությունից, տեղը չի գտնում: Հիսուն տարի Սահակ Բզնունու կինն է եղել, և այդ տարիների ընթացքում համբերությամբ տարել է ամուսնու կամակորությունները, իսկ հիմա՞: Հիմա արդեն՝ վե՛րջ: Նա արդեն չի պատրաստվում տանել նրա կամակորությունները: Մյուս կողմից էլ անտանելի գլխացավն է շարունակ հիշեցնում. «Մի ապուշ գրքի համար բաժակը խփեց գլխիդ... »: Բարկությունից Սեդան նույնիսկ մտածեց ամուսնուց վրեժ լուծել. « Սահա՛կ, դու դեռ կզղջաս սրա համար»:
    Լսվեց դռան ձայնը: Սահակ Բզնունին էր: Երբ ներս մտավ, ուզեց կնոջը հարցնել, թե հո՞ գլուխը շատ չի ցավում, բայց հիշելով կնոջ ասածները՝ լռեց, բայց Սեդան լռել չկարողացավ.
    -Գրողների միությունից էին զանգահարել...
    Սահակ Բզնունին մեխվեց տեղում, գույնը գցեց, և դատապարտյալի վախով սպասեց «դատավճիռին»: Սեդան նույնիսկ վարանեց՝ ասե՞լ, թե՞ չասել, բայց հիշելով, թե ամուսինը ոնց է բաժակով խփել գլխին՝ շարունակեց.
    -Սասունցու՝ «Վերադարձ չկա» վեպն է մրցանակակիր դարձել:
    Սահակ Բզնունին ձայն չհանեց: Աչքերը մթնեցին: Գլուխը պտտվեց: Աշխարհն էլ կարծես դադարեց գոյություն ունենալ. «Սասունցու «Վերադարձ չկա» վեպն է մրցանակակիր դարձել»,-խոսքերի հետ այն փուլ եկավ, կործանվեց և անդառնալիորեն փշուր-փշուր եղավ: Գրողը մի ձեռքով հազիվ բռնվեց աթոռից, որ վայր չընկնի, և լուռ գնաց իր սենյակ: Այդ պահին Սեդան նույնիսկ խղճաց նրան, բայց՝ «Չէ՛, թող մի քիչ էլ տանջվի»:
    Մի ժամ արդեն անցել էր, երբ դռան զանգը տվեցին: Աշոտ Սահակյանն էր՝ Սահակ Բզնունու գրող ընկերը: Աշոտ Սահակյանը մտածելով, որ արժեքավոր ստեղծագործության մրցանակը ապագա սերունդների գնահատականն է, իր ստեղծագործությունները ոչ մի մրցույթների չէր ներկայացնում: Իսկ իրականում՝ նման կարծիքի էր հանգել մի քանի անգամ պարտություն կրելուց հետո:
    -Աչքներս լույս: Գրողների միությունից եմ գալիս: Չթողեցի, որ որևէ մեկը զանգահարի: Անձամբ եմ եկել, որ ուրախ լուրը ես հայտնեմ: «Զարտուղի ուղիները» հաղթեց,-ուրախ բացականչելով ասաց Աշոտը: -Բա ու՞ր է մեր մրցանակակիրը:
    -Սենյակում,- ուրախ պատասխանեց Սեդան: Լուրն էլ այնքան անսպասելի էր, այնքան ուրախալի, որ նա ամեն ինչ մոռացած, վազեց խոհանոց, որ աչքալուսանքի համար օղի բերի:
    «Մի քիչ հոգու հետ չխաղա՞մ ու նոր ասեմ», - մտածեց Աշոտ Սահակյանը և դեմքի լուրջ արտահայտությամբ մտավ Սահակ Բզնունու սենյակը:
    Սահակ Բզնունին պառկած է դեմքը դեպի պատը, և կարծես թե քնած է : Աշոտ Սահակյանը փորձեց արթնացնել: Չստացվեց: «Էս ինչ խորն է քնել, որ չի էլ խռմփացնում, վա՜յ»,-մտածեց նա և բարձրաձայն ասաց.
    -Ուզում էի սկզբից կատակ անել, բայց չէ՝ ասեմ, որ միանգամից զարթնես: Քո վեպը հաղթեց:
    Լռություն: Սահակ Բզնունին դարձյալ չի արձագանքում:
    -Տնաշե՛ն, քնելու ժամանակ ես գտել, - Սահակ Բզնունուն հրելով ուրախ ասաց Աշոտ Սահակյանը,- ասում եմ՝ վեպդ լավագույնն է: Հաղթեցիր: Վա՜յ, զարթնի՛ր:
    Նորից անօգուտ: Պառկածը համառորեն չի արձագանքում: Աշոտը ուղղեց ընկերոջը: Շը՜րխկ: Սեդան, որը այդ պահին մտավ սենյակ, վայր գցեց ձեռքի սկուտեղը: Օղու շիշը բաժակների հետ մի վայրկյանում փշուր-փշուր եղան: Սահակ Բզնունու աչքերը բաց էին...բայց անկենդան: Նա մեռած էր:

    Նմանակում՝ Անտոն Չեխով
    Blessed the poison which brings the end

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (16.02.2014), Sambitbaba (15.02.2014), Smokie (14.02.2014), Փոքրիկ շրջմոլիկ (15.02.2014)

  7. #4
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 3. Մարսի թուզը

    Վերջում եկավ հայերի հերթը: Ամբողջ Երկրագունդն արդեն դատարկվել, տեղափոխվել էր Մարս՝ սարսափով սպասելով պայթյունի մասին լուրերին: Մնացել էին հայերը, որոնք արդեն ճամպրուկներն էին դասավորում՝ վերցնելով ամենաանհրաժեշտ իրերը, որպեսզի տեղավորվեն իրենց համար հատկացված տիեզերանավերում:

    Փոքրիկ Մարիի՝ արջուկի գլխով ուսապարկում այլևս տեղ չկար: Ներկերն ու սիրելի տիկնիկը վերցրել էր, ու պայուսակը լցվել էր: Պարտեզից հենց նոր քաղած թզերը ոչ մի կերպ չէին խցկվում:
    - Մամ, Մարսում թուզ աճու՞մ է,- հարցրեց Մարին:
    - Դրա ժամանակը չի, արագացրու, քեզ ենք սպասում:
    Մարին անվստահ նայեց սեղանին դրված երեք հասած թզերին, որոնք վերցնելու դեպքում պիտի ներկերից կամ տիկնիկից հրաժարվեր: Հետո մի միտք ծագեց: Քրքրեց սենյակի դարակներն ու գտավ անցյալ տարի դպրոցում նկարած թզենին. հաստ բնով, մուգ մանուշակագույն եռանկյունաձև թզերով: Ծալեց թուղթն ու տեղավորեց պայուսակում:
    - Մարի˜, արագացրու, ուշանում ենք:
    Մարին վազեց դեպի դուռը՝ ճամփին սեղանից վերցնելով այն երեք թզերը: Հերթով սկսեց ուտել դրանք՝ խնամքով ծամելով ու փորձելով մտապահել դրանց համը՝ հյութեղ, քաղցր, փափուկ, իսկ կորիզներն ատամներիդ տակ ճրթճրթում են: Ի՞նչ իմանաս, գուցե իսկապես Մարսում թուզ չի աճում կամ գուցե այնքան համեղ չէ, որքան իրենց պարտեզինը:

    Երկրից Մարս գնացող վերջին տիեզերանավը պոկվեց գետնից ու սլացավ դեպի տիեզերք: Մարիենց տունն ու այգին գնալով փոքրացան, դարձան մի կետ անհետացող քաղաքում ու Հայաստանում: Մարին զարմացած նայում էր պատուհանից գնդակի չափ դարձած Երկրագնդին, որի վրա մայրցամաքները երևում էին ճիշտ այնպիսին, ինչպիսին իր սենյակում տեղադրված գլոբուսի վրա էր, բայց որքան էլ տեսողությունը լարեց, էդպես էլ չկարողացավ նկատել աղջկա դեմքով գծապատկերով Հայաստանը:
    - Դրանք պայմանական գծեր են,- բացատրեց Մարիի հայրը,- մարդիկ սահմաններ են որոշել, որ պահպանեն իրենց երկիրը:
    - Բայց Երկրագնդի վրա էլ մարդ չկա,- ասաց Մարին:
    - Ճիշտ այդպես:
    - Ուրեմն Հայաստա՞նն էլ այլևս չի լինի:
    Հայրը ոչինչ չասաց: Շրջվեց դեպի կինն ու հարցրեց.
    - Վարդ, եղանակի տեսությունը նայեցի՞ր: Մարսում անձրևներ սպասվու՞մ են:
    Մարին նորից դեմքը հպեց տիեզերանավի պատուհանին ու հայացքը հառեց ավելի ու ավելի փոքրացող Երկրագնդին: Երբ այնքան հեռացավ, որ թվում էր՝ կտեղավորվեր Մարիի փոքրիկ ափում, կրակ բարձրացավ:
    - Պա՛պ, պա՛պ, սա ի՞նչ էր:
    Հայրը մոտեցավ պատուհանին ու փորձեց Երկրագունդը տեսնել, բայց Մարիի բռի չափ կրակից բացի ուրիշ ոչինչ չէր երևում:
    - Լավ հասցրինք,- ասաց,- Վարդ, եղանակի մասին բան չասացիր:
    - Նույնը: Կարծում էիր՝ կհովանա՞,- պատասխանեց տիկին Հակոբյանը՝ բացելով ձեռքի ամսագրի վերջին էջը:
    - Անձրևի հույս չկա՞:
    - Դեռ չէ: Առաջիկա օրերին չէ:
    Մարսում տասներեք ամիս անձրև չէր եկել, երբ հայկական տիեզարանավը վայրէջք կատարեց՝ իր հետ բերելով Երկրանգդի վերջին բնակիչներին:
    - Թզենի՜,- ուրախացած բացականչեց Մարին՝ մտնելով իրենց նոր տան պարտեզը:
    Չորացած պարտեզի կենտրոնում կանգնած էր մի հաստ բնով փարթամ թզենի, վրան՝ եռանկյունաձև մուգ մանուշակագույն թզեր: Կարծես Մարսի երաշտը բնավ թզենուն չէր վերաբերում:
    Մարին մի թուզ պոկեց: Տարավ բերանն ու աչքերը փակեց: Ուղիղ հարյուր հիսուն օր առաջ էր, որ թողել էին իրենց հայաստանյան տունը և ուղևորվել դեպի այս նոր բնակեցվող մոլորակ: Բայց Մարին դեռ հիշում էր հայկական, երկրային թզի համը՝ հյութեզ, քաղցր, փափուկ, իսկ կորիզներն ատամներիդ տակ ճրճրթում էին: Մարսի թուզն իսկը հայկականից էր:
    - Մարի՜, ներս արի, քեզ ենք սպասում:

    **
    Շուտով Մարին պարզեց, որ Մարսի վրա միայն թուզն էր այնպիսին, ինչպիսին Երկրում: Այստեղ շուն ու կատու չկար. մարդիկ տներում ռոբոտներ էին պահում, որոնք տարին մեկ անգամ պարտաճանաչ կերպով ձագ էին հանում: Խնձորը համարվում էր Երկրից բերված թանկարժեք դելիկատես, ինչը միայն հարուստները կարող էին իրենց թույլ տալ ու ինչը կամաց-կամաց վերանում էր: Արևն ավելի փոքր էր թվում, թեև ավելի ուժեղ էր այրում, իսկ գիշերը երկնքում երկու լուսին էր հայտնվում:

    Ամենասարսափելին շոգն էր, անվերջ թվացող երաշտը: Լուրերով անընդհատ ջրազրկման կամ ջերմահարման սարսափելի դեպքեր էին հաղորդում: Ըստ փորձագետների կանխատեսումների, եթե ևս երեք ամիս այդպես շարունակվեր, ողջ մարդկությունը կվերանար Մարսում: Կվերանար ընդհանրապես, որովհետև ըստ այդ նույն փորձագետների, Երկրագունդն արդեն պայթել էր, պայթել էր Հայաստանի, Մարիենց տան ու այգու ու թզենու հետ:

    Մարին ժամերով նստում էր թզենու տակ, անընդհատ թուզ պոկում ու զարմանում, թե ինչու ոչ ոք չի ուզում օգտվել այդ անմահական մրգից: Հաճախ հավաքում, տանում էր տուն, դնում սեղանին, մորն ու հորը հյուրասիրում, որոնք վախվորած նայում էին եռանկյունաձև պտուղներին ու հայտարարում.
    - Մուտանտ են, հանկարծ չուտես:
    Զուր էր Մարին բացատրում, որ դրանք նույնքան համեղ են, որքան Հայաստանում, զուր էր նրանց ներկայությամբ աչքերը փակում ու կծում եռանկյունաձև պտուղը:
    - Էս թզենին ինչու՞ չի չորանում,- զարմանում էր Մարիի հայրը:
    Իսկ շոգը գնալով ավելի անտանելի էր դառնում: Մարդիկ անձրևի մասին երգեր էին գրում, հավատացյալներն անդադար աղոթում էին, գիտնականները փորձում էին անձրևաբեր ամպեր ստեղծել, գուշակուհիները սուրճի բաժակներից չէին կտրվում, կախարդները նորանոր մեթոդներ էին փորձում: Մարին թուզ էր ուտում: Իսկ անձրևը չկար ու չկար:

    Մարիենց ընտանիքը կամաց-կամաց վարժվում էր Մարսի կյանքին: Երկիրն ու իրենց տունը հիշելն անիմաստ զբաղմունք էր. իրենց աչքի առաջ էր պայթել: Տունը, այգին ու Հայաստանը գնալով փոքրանում էին նրանց հիշողության մեջ՝ շուտով վերջնականապես մոռացվելով: Բայց Մարին ամեն օր թուզ էր ուտում: Իսկ շոգը, այդ անտանելի շոգը...

    Մի օր ամպերը լսեցին երգերը, աղոթքները տեղ հասան, գիտնականներն ու կախարդները հաջողեցին, իսկ քաղաքի հայտնի գուշակուհիներից մեկը հանդիսավոր կերպով հայտարարեց.
    - Վաղը:
    Հաջորդ օրն առավոտյան ամպեր կուտակվեցին: Մարին դուրս եկավ թուզ ուտելու: Անձրևի առաջին կաթիլներն ընկան Մարիի պստիկ ձեռքերին:
    - Մարի՜, ներս արի, կթրջվես,- կանչեց մայրը:
    Մարին չլսեց: Քայլեց դեպի թզենին: Անձրևն ուժեղացավ: Մարին հասավ թզենուն: Մի թուզ պոկեց: Անձրևը մանր էր ու նուրբ, գրեթե անձայն:
    - Մարի՜,- լսվեց մոր ձայնը:
    Աղջիկը տուն վազեց՝ ձեռքում պահելով դեռ չկերած թուզը: Ներս մտավ ու պատուհանից հետևեց թզենուն, որի մուգ մանուշակագույն եռանկյունաձև պտուղները հերթով թրջվում, հոսում էին ցած՝ ներկելով չորացած հողը: Մարին ձեռքի թուզը մոտեցրեց բերանին: Շուրթերն ու ատամները ներկվեցին մուգ մանուշակագույն: Համ չզգաց:

    Նմանակում՝ Ռեյ Բրեդբերի

    Blessed the poison which brings the end

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (16.02.2014), Sambitbaba (15.02.2014), Արէա (15.02.2014), Դատարկություն (18.02.2014), Նաիրուհի (15.02.2014)

  9. #5
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 4. Կակաչներ

    Գնացքը դանդաղ մոտեցավ կայարանին: Դռները բացվեցին, ու բազմաթիվ ուղևորների հետ դուրս թռավ նաև աղջիկն, լայն ժպիտը դեմքին մոտեցավ տղային: Գրկախառնվեցին:
    - Երկա՞ր սպասեցիր,- աղջկա ձայնը խլացրեց հեռացող գնացքը:
    - Վերջին անգա՞մ ենք հանդիպում,- հարցրեց տղան՝ ուղիղ աղջկա աչքերի մեջ նայելով:
    - Ինչու՞ վերջին: Դեռ վաղն էլ կա, մյուս օրն էլ: Ես հինգշաբթի եմ մեկնում... բայց դե շատ զբաղված եմ լինելու,- աղջիկը գլուխը կախեց:
    - Որ ասում եմ վերջին,- ասաց,- սա քեզ,- աղջկան մի փունջ կարմիր կակաչ պարզեց:
    Տղան ու աղջիկը ձեռք ձեռքի տված դուրս եկան կայարանից, որը բացվում էր մեծ փողոցի վրա:
    - Ինչու՞ ինձ այստեղ կանչեցիր,- հարցրեց տղան:
    - Հարմար է: Էստեղից եմ գնալու:
    - Մոտակայքում ի՞նչ լավ տեղ կա:
    - Սա քո քաղաքն է, դու կիմանաս:
    - Ես այստեղ օտար եմ: Երևանում էլ եմ օտար:
    Մի քանի մետր փողոցով քայլելուց հետո հասան կամրջին, որի տակով գետն էր հոսում՝ հանդարտ, անշտապ: Կանգնեցին ուղիղ մեջտեղում: Աղջիկը նայում էր ջրերին, տղան՝ աղջկան:
    - Լսիր, քեզ մի վիդեո պիտի ուղարկեի այֆոնի մասին, մոռացել եմ:
    - Ես այֆոն չունեմ,- ասաց աղջիկը,- իմ հեռախոսը տեսե՞լ ես:
    - Տեսել եմ: Հին, հասարակ, չես էլ ուզում ավելի լավն ունենալ: Դրա համար քեզ սիրում եմ:
    Աղջիկը կակաչներն ազատեց մոմլաթե փաթեթավորումից ու հատիկ-հատիկ ջուրը նետեց:
    - Այդ ի՞նչ ես անում:
    - Ես հասարակ եմ,- պատասխանեց,- միևնույն է, հետս չէի կարող տանել:
    Աղջիկը գլուխը բարձրացրեց, մի քանի վայրկյան նայեց տղայի աչքերի մեջ ու լայն ժպտաց: Տղան մոտեցրեց գլուխն այնքան, որ քիթը դիպավ աղջկա քթին: Աղջիկը գլուխը կախեց: Տղան քիթը մտցրեց աղջկա՝ արևի տակ փայլող ոսկեգույն մազերի մեջ ու հոտոտեց:
    - Քայլենք,- ասաց աղջիկը:
    Անցան կամուրջն ու մտան լայն փողոց: Նրանց ձայները երբեմն խլանում էին ավտոմեքենաների աղմուկից: Աղջկա ոտքը սահեց: Տղան բռնեց, որ չընկնի:
    - Ի՞նչ պատահեց, կնիկ:
    - Քանի՞ անգամ եմ ասել, այդ բառը մի ասա, հայերենում ճիշտ չի հնչում:
    - Լավ, կին... կին ջան:
    - Էլի սխալ է: Ասա՝ աղջիկ ջան:
    - Աղջիկ ջան:
    - Կոպիտ է... չէ, մի ասա, ընդհանրապես մի ասա:
    Անցան լայն փողոցով, թեքվեցին դեպի նրբանցք: Այնտեղով մեքենաներ չէին անցնում: Լռություն էր տիրում: Տղան կանգ առավ, քաշեց աղջկա ձեռքից, մոտեցրեց մարմինն իր մարմնին: Աղջիկը մեջքով հենվեց տղայի կրծքավանդակին:
    - Տես՝ դիմացի պատին ինչ է գրված,- ասաց աղջիկը:
    Տղան գրկեց աղջկա գոտկատեղը:
    - Քո մայրենի լեզվով է:
    - Ներվերս մի կեր,- ասաց տղան:
    Տղան գլուխն իջեցրեց, քիթը մտցրեց աղջկա մազերի մեջ: Բարձրացրեց աջ ձեռքն ու սահեցրեց աղջկա մազերի միջով:
    - Քեզ խուճուճ սազում է:
    Աղջիկը դուրս սահեց տղայի ձեռքերի միջից, շրջվեց, նայեց աչքերի մեջ ու ժպտաց: Բռնեց ձեռքը:
    - Գնանք, ուշանում եմ:
    Շարունակեցին քայլել: Աղջիկը կանգ առավ: Ասֆալտի արանքում խատուտիկ էր աճել: Պոկեց: Մոտեցրեց շուրթերին ու փչեց: Խատուտիկի թերթիկները օդում պտույտներ գործեցին, խառնվեցին աղջկա մազերին:
    - Գնանք,- ասաց:
    Շուտով երկուսով մետրոյի վագոնում էին: Նստելու տեղ չկար: Կանգնեցին իրար կողք: Տղան գրկեց աղջկա գոտկատեղը: Աղջիկը նազանքով ձգվեց: Տղան նորից քիթը մտցրեց աղջկա մազերի մեջ: Աղջիկը գլուխը բարձրացրեց: Երկար նայեցին միմյանց աչքերի մեջ: Աղջիկը ժպտաց: Հետո նորից գլուխը կախեց:
    - Ես մի ընկեր ունեմ, ընկերուհին ուզում էր փողոցում համբուրել, ընկերս չթողեց: Ասում էր, որ այն տղաները, որոնք ընկերուհի չունեն, կտեսնեն ու կտխրեն:
    - Այդ թեմայով երգ կա,- ասաց աղջիկն առանց գլուխը բարձրացնելու,- կուղարկեմ: Մյուս կայարանում իջնում եմ:
    Ռոբոտային ձայնն ազդարարեց. «Հաջորդ կայարանը Համերսմիթ»: Տղայի հեռախոսը զանգեց.
    - Երկու րոպեից այդտեղ կլինեմ... հիմա Համերսմիթում եմ...
    Գնացքը կանգ առավ:
    - Մնաս բարով,- ասաց աղջիկը ու դանդաղ դուրս սահեց տղայի ձեռքերի միջից:
    - Ես քեզ հետո կզանգեմ,- տղան հեռախոսը գրպանը դրեց: Ձգվեց դեպի հեռացող աղջիկը՝ փորձելով համբուրել: Շուրթերին չհասավ: Ձգվեց դեպի այտը: Աղջիկը մի ոտքը դուրս դրեց գնացքից: Տղայի շուրթերը դիպան նրա մազերի ծայրին: Աղջիկը դուրս եկավ գնացքից: Տղան ձեռքը տարավ շուրթերին ու մատների ծայրով բռնեց խատուտիկի թերթիկը:
    - Ալո, Ջորջ, կներես, հարմար չէր: Համերսմիթում եմ, շուտով կհասնեմ:

    Նմանակում՝ Էռնեստ Հեմինգուեյ
    Վերջին խմբագրող՝ Վոլտերա: 15.02.2014, 16:07:
    Blessed the poison which brings the end

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (17.02.2014), Sambitbaba (15.02.2014), Smokie (14.02.2014), Այբ (15.02.2014), մարիօ (16.02.2014), Նաիրուհի (15.02.2014)

  11. #6
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 5. Անիծյալը

    Հեռու եմ կատարյալ մարդ լինելուց: Այո՛, ես լավը չեմ: Բայց գուցե ես այնքան էլ վատը չեմ: Ինձնից վատերն էլ կան, չէ՞: Չէ՛, իրականում ես վատ մարդ չեմ: Ինչ էլ, որ արել եմ՝ նա էր մեղավոր: Հենց նա: Նա էր վատը, ոչ թե ես: Ատում եմ նրան նույնիսկ հիմա...
    Չսիրելով ամուսնացա:
    -Սիրում եմ,-ասեցի, բայց չէի սիրում: Սակայն ավելի շատ ինձ էի փորձում խաբել, քան թե նրան: Այնուամենայնիվ, համոզում էի ինձ, թե իբր նրան սիրում եմ: Բայց ի՞նչքան խաբեի ինքս ինձ: Բնավ չէի սիրում: Ավելի շատ պատահականությունը, քան թե ես նրան ընտրեցի իբրև իմ կին: Իսկ գու՞ցե փառասիրությունը: Անիծյալը հարուստ էր: Բայց նույնիսկ նրա հարստությունը չկարողացավ ինձ ստիպել, որ հետագայում նրան հանդուրժեի իմ կյանքում:
    Օր օրի Էմմային ավելի էի ատում: Իսկ նա կարծես չէր էլ նկատում, որ իրեն չեմ սիրում. միշտ հոգատա՜ր, սիրալի՜ր: Դա էլ ավելի էր ինձ հունից հանում: Սկսեցի նրան անտեսել: Քայլերս հաճախ էին ինձ «Կարմիր լապտերների տուն» տանում: Այդ տան կանանցից զզվում էի, բայց դա չէր խանգարում, որ համարյա ամեն օր նրանց գրկում հայտնվեի:
    Չէ՛, ես վատ մարդ չեմ:
    Էմման իբր բան չէր նկատում, բայց ես տեսնում էի, որ գիտի, թե ուր եմ ամեն օր գնում: Տանջվում, տառապում էր: Նկատում էի նաև, որ թաքուն լաց է լինում: Մեկ-մեկ ջղայինանում էի, որ չի բողոքում, խանդի տեսարաններ չի սարքում: Եվ նրա այդ հնազանդությունը նրան ավելի էր ինձնից վանում:
    Չէի խղճում Էմմային: Ես մեղավոր չէի: Նա էր մեղավոր: Իմ խիղճը մաքուր է:
    Նրանից բաժանվել չէի կարող: Տուն չունեի, միջոցներ չունեի ապրելու: Էմմայի հետ ամուսնությունն էլ և՛ տնով, և՛ նորմալ ապրելու միջոցներով էր ապահովել ինձ, թեև այդ ամենի համար ես ստիպված էի հանդուրժել նրան: Ապահով կյանքիս համար շա՜տ ծանր գին: Ի՞նչ անեի: Ոչինչ: Մնում էր ատելը: Եվ ատում էի:
    Քաղցկեղով հիվանդացավ: Ուրախացա: Ուրախությունս, սակայն կարճ տևեց: Չմեռավ: Միայն կուրծքը հեռացրեցին: Ատելությանս գումարվեց ֆիզիկական զզվանքը, և Էմման դարձավ մեկը, որի գոյությունը խանգարում էր ինձ շնչել: Իսկ նա շարունակ հիշեցնում էր իր գոյության մասին.
    -Սիրում եմ...շա՜տ եմ քեզ սիրում, Ռու՛բ:Ասա՛, ասա՛, որ դու էլ ինձ ես սիրում: Գոնե մի քիչ:
    «Հիմա՛ր: Իբր չգիտես, որ չեմ սիրում: Ատու՜մ եմ: Ատու՛մ»,- ասում էի մտքումս և բարձրաձայն բարկացած ասում.
    -Էլի նու՞յնը: Չեմ սիրում, որ միշտ նույն հարցն ես տալիս:
    Ամենաանտանելին գիշերներն էին: Եթե մինչ վիրահատությունը նա ինձ շատ տգեղ էր թվում, ապա կուրծքը հեռացնելուց հետո դարձավ անճոռնի: Ամեն գիշեր էլ տեսնել նրա խեղաթյուրված մերկ մարմինը՝ անպատմելի տանջանք էր: Մեղավո՞ր էի, որ զզվում ու ատում էի նրան: Իհարկե, ո՛չ: Ու ամեն գնով չէի ուզում հաշտվել, որ նա քաղցկեղից չմեռավ:
    Ամուսնական պարտականություններս դադարեցի կատարել: Ինչի՞ ավելի խորացնեի զզվանքս, եթե ուրիշ կանայք կային՝ գեղեցիկ, կրքոտ...Բայց մեկ է՝ նրա գոյությունը ինձ խանգարում էր: Որոշեցի սպանել: Չսպանեցի: Նրան սպանելու միտքը, սակայն գիշեր-ցերեկ հանգիստ չէր տալիս: Սկսեցի պատկերացնել, թե ինչպես էի դա անելու: Երբեմն երևակայությամբ շա՜տ հեռուն էի գնում: Շուտով սկսեցի նաև երազներումս տեսնել, թե ինչպես եմ վերցնում դանակը, ատելությամբ նայում Էմմային, գոռում նրա վրա, որ մահից առաջ իմանա, թե ինչքան եմ նրան ատում և դանակը խրում կոկորդը: Նա ճիչ է արձակում, կարմիր արյունը հոսում է...ի՜նչ հաճելի է կարմիր արյան հոտը: Երևակայությամբ անգամ հոտը զգում էի:
    Ինչու՞ չէի սպանում իրականում: Սպասում էի: Ինչի՞ն: Չգիտեմ: Վախենու՞մ էի: Սպանության ինձ ընդունակ չէի համարու՞մ: Բնա՛վ:
    Մի օր որոշեցի երևակայականը ի կատար ածել: Լոգարանում էր: Սակայն էլի ինչ-որ մի բան խանգարում էր...Նորից ընկա երևակայության գիրկը: Երևակայում էի, թե ինչպես եմ վերցնում տան ամենասուր դանակը և վստահ քայլերս ուղղում դեպի լոգարան: Աչքերս փայլում էին: Դեմքիս նույնիսկ ժպիտ կար: Տարօրինակ է, բայց երջանկության նման մի բան էի զգում: Հա՛, երջանիկ էի. շուտով ատելին այլևս չէր շնչելու: Առաջին սպանությունս էր, որ կատարելու էի, բայց փորձառու մարդասպանի պես էի ինձ պահում: Երբ մոտեցա լոգարանի դռանը, կանգ առա: Ընդամենը մի վայրկյան երևի: Երկրորդ վայրկյանին արդեն ներսում էի: Նա պառկած էր լոգարանի մեջ: Աչքերը փակ էին: Անիծյալը ջրի մեջ իրեն լավ էր զգում: Բացեց աչքերը, երբ լսեց դռան ձայնը (չնայած կամաց էի դուռը բացել): «Ռու՞բ»,-լոգարանի մեջ նստելով ասաց նա: Հանկարծ տեսավ ձեռքիս դանակը: Սարսափած նայեց ինձ: Չգիտես ինչի հանկարծ սկսեցի մտածել, թե իրավունք չունեմ ուրիշին զրկել կյանքից: Մի՞թե ես եմ այդ կյանքը տվել, որ ուզում եմ խլել: Լավ է՝ կարողացա վանել այդ հիմար մտքերը... «Ատում եմ»,- համարյա գոռում եմ և դանակը խրում Էմմայի կոկորդը: Թեթև ճիչ: Աչքերը չռված ինձ էին նայում: Կարծես ասում էին. «Ինչի՞ համար: Իմ միակ մեղքը եղել է քեզ սիրելը»: Ապու՛շ: Լոգարանի ջուրն էլ կարմի՜ր, կարմի՜ր էր դարձել...Նա մեռած էր...
    Ափսոս: Նրա սպանությունը նորից երևակայական էր: Թվում էր, թե խելագարվում էի: Չէ,՛ ես խելագար չեմ...
    Երևակայական սպանությունից ուղեղս մի տեսակ բթացել էր: Չեմ հիշում, թե ինչպես էի քնել: Երբ արթնացա, դրսում արդեն մութ էր: Էմման ո՛չ խոհանոցում էր, ո՛չ սենյակներում: Հանկարծ հիշեցի, որ մի քանի ժամ առաջ լոգարանում էր: Նորից այնտե՞ղ էր: Չգիտես ինչի, բայց վախեցա: Վատ զգացողություն ունեի: Ձեռքերս էլ անկախ ինձնից դողում էին, երբ բացեցի լոգարանի դուռը: Քարացա տեղում: Չէի պատկերացնում, որ նման բան կտեսնեմ: Էմման պառկած էր արյամբ ողողված լոգարանի մեջ: Կարմի՜ր, կարմի՜ր էր ջուրը: Տարօրինակ էր, բայց ինձ թվաց, թե նա ժպտում էր: Հա՛, հա՜, նա ժպտում էր: Անիծյալը կարծես գիտեր, թե ես ինչ էի ուզում անել, դրա համար էլ շտապել էր կտրել երակները, որ ես չվայելեմ նրան սպանելու հաճույքը: Նա մեռած էր:
    Գրություն էր թողել. «Ինքնասպանությանս համար ամուսինս է մեղավոր: Նա դավաճանում ու չէր սիրում ինձ: Ամենաանտանելին նրա արհամարհանքն էր»:
    Հայտնվեցի բանտում, բայց այնտեղ երկար չմնացի...
    Ատելությունս կրկնապատկվեց: Մահից հետո անգամ չի դադարում թունավորել իմ կյանքը: Կարծես չի մահացել: Խղճի խայթ չունեմ: Ոչ մի բանի համար չեմ զղջում: Ի՜նչ էլ մի գրություն է թողել: Անիծյա՜լ: Գոնե ես սպանեի: Անիծյալը չթողեց, որ վայելեի նրան սպանելու հաճույքը:
    Սկսեցի մտածել, թե ես մարդասպանից վատն եմ: Մարդուն ինքնասպանության հասցնելը մի՞թե անձամբ սպանելուց ահավոր չէ: Սրիկա՛ եմ: Էլի նույն հիմար մտքերը: Չէ՛, ես այդքան ստոր չեմ, ես մարդասպանից վատը չեմ: Էմման դա դիտմամբ արեց, որ տառապեի: Խղճի խայթ եմ զգու՞մ: Չէ՛: Ինչի՞ համար: Նա թունավորում էր կյանքս, թե՞ ես էի թունավորում Էմմայի կյանքը:
    Դիտմամբ, դիտմամբ ինքնասպան եղավ, որ...
    Հոգեբուժարանում եմ:

    Նմանակում՝ Էդգար Պո
    Blessed the poison which brings the end

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (17.02.2014), Sambitbaba (15.02.2014), մարիօ (16.02.2014), Պիրիտ (14.02.2014)

  13. #7
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 6. Հովսեփի ծնունդը

    Հովսեփի ծնունդն էր: Աշխատակիցներով շնորհավորեցինք, նվիրեցինք նախօրոք պատրաստած նվերը, սեղան գցեցինք: Ավելի ուշ սուրհանդակ ուղարկեցինք մոտակա 24-ժամյան, խմիչքի պաշարները թարմացնելու համար: Ես դուրս եկա պատշգամբ՝ ծխելու:
    Քիչ անց կողքիս հայտնվեց Անուշիկը, մեր նոր լաբորանտը: Նա լուռ ինձ մեկնեց գինու կիսատ շիշը:
    - Ցուրտ է, - հրաժարվեցի ես: - Ներս գնանք, կմրսես այդ ամառային զգեստով…
    - Չէ, չեմ ուզում, - շիշը մոտեցրեց իր մագնիսական շրթունքներին ու փոքրիկ բերանին անհամեմատ մեծ կում արեց, այնքան, որ ավելորդ գինին բերանի եզրից ծորաց ցած ու երկար վզի վրա թողնելով իր բարալիկ հետքը, շուտով թաքնվեց բաց շրջազգեստի պատճառով ավելի գրավիչ դարձած կրծքերի ծալքի մեջ…
    Նա տեսավ շնչահեղձ հայացքս ու խորամանկ աչքերը բևեռեց աչքերիս: Հետո ազատ ձեռքի միջամատը խրեց այդ հմայիչ ծալքի մեջ այնքան խորը, որքան թույլ էր տալիս կրծկալը և սկսեց դանդաղ վեր բարձրացնել գինու հունով վեր, վզով վեր, մինչև շուրթերը, և երկար ու համով լպստեց այն…
    - Ներս գնանք, ցուրտ է, - աղմկոտ կուլ տվեցի թուքս:
    - Ավելի լավ չէ՞, գնանք, մի տեղ սուրճ խմենք…
    - Հմմ… Վատ միտք չէ:
    Մոտակա սրճարանը փակ էր արդեն: Նայեցի ժամացույցիս՝ տասնմեկն անց էր…
    - Կուզե՞ս, ինձ մոտ գնանք, սուրճի հետ կոնյակ էլ ունեմ: Համ էլ չես թողնի, որ երիտասարդ աղջիկը գիշերով, մենակ…
    - Համոզեցիր:

    … Արթնացա ցրտից: Ամբողջովին սառել էի: Վերմակը քնաթաթախ որոնելիս ձեռքս հետ տարա և դեմ առա մերկ, պիրկ գավակի… Վայրկենապես արթնացա ու այնպես հետ քաշեցի ձեռքս, ասես թե այն ոչ թե սիրունիկ գավակի, այլ կրակի վրա լիներ դրված: Վեր թռա տեղիցս ու սարսափած նայեցի Անուշիկի մերկ մարմնին:
    Ի՞նչ եմ ասելու Մարիին, ու՞ր էի ամբողջ գիշե…
    Կայծակի արագությամբ հագնվեցի, վերջին հայացք գցեցի մարմարե Ափրոդիտեի վրա:
    Չարթնացավ անգամ: Ասես թե զգալով, որ անկողնում տարածություն է ազատվել, այդ անտանելի գավակը թեթևակի փոխեց իր դիրքը և փողոցային լապտերի գցած լույսի տակ իր վերջին համբույրը շողարձակեց ինձ…
    Ես թռա դուրս:

    Մարին քնած էր: Մի կերպ շունչս տեղը բերեցի, հնարավորինս անձայն հանվեցի, կամաց մոտեցա, նստեցի անկողնու ծայրին, զգուշորեն բարձրացրեցի վերմակի փեշը…
    - Արդեն գործի՞ ես գնում, ինչ է: - Նույնիսկ չբացեց էլ աչքերը: - Շուտ չէ՞: Գոնե թեյ խմիր: Սառնարանում բլիթներ կան, կեր: Քեզ պաչիկ… - ու լռեց:
    Համարյա մեռած, վեր կացա անկողնուց և սկսեցի հագնվել…

    Նմանակում՝ Անտոն Չեխով
    Վերջին խմբագրող՝ Վոլտերա: 14.02.2014, 21:09:
    Blessed the poison which brings the end

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (17.02.2014), Sambitbaba (15.02.2014), Պիրիտ (14.02.2014)

  15. #8
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 7. Հողը

    -Թոս,-շշնջաց Խաժակը՝ աչքը չկտրելով երկնքից իջնող արծաթե գնդից, որի վրա «Կեպլեր-62էֆ» նշանն էր փայլում:
    Արդեն մի քանի րոպե անց իր կողմն էր գալիս երիտասարդ տղամարդը, որն անցյալ տարվա համեմատ ավելի բարձրահասակ ու ամրակազմ էր դարձել: Նրա կատարյալ դիմագծերն ու հաղթանդամ կազմվածքը վախեցնում էին Խաժակին: Այդպիսին կարող էր լինել նաև իր մարմինը: Հենց այդպիսին, որովհետև իր առջև Թոսն էր՝ երկվորյակ եղբայրը, որին դեռ քառասուն տարի առաջ հնարավոր չէր տարբերել իրենից: Բայց նրանց նմանությունը մնացել էր անցյալում: Հիմա ոչինչ չէր հուշում, թե այդ երկուսը եղբայրներ էին: Մեկը հնազանդվել էր բնությանը, մյուսը՝ հաղթել այն՝ հայտնվելով նոր տարածքում, ուր իշխողը միայն մարդն էր: Նրանք նայում էին իրար՝ հասկանալով, որ կարող էին մեկը մյուսի արտաքինն ունենալ, եթե ժամանակին այլ ճամփա բռնած լինեին:
    -Շնորհավո՜ր ծնունդդ:
    -Մեր ծնունդը շնորհավո՜ր:
    Գրկախառնությունն ամեն անգամվա պես ջերմ էր ու կարոտած:
    -Վաթսուներեքում էսքան խոշոր չէիր ոնց որ թե,- ասաց Խաժակը լայն ժպիտով,-քիթդ էլ դեռ հայկական էր:
    -Է՜, քիթս վաղուց է փոխվել, լավ չես հիշում,-ծիծաղեց Թոսը, որն այնպիսի ջահել տեսք ուներ, ասես քսանութամյակն էր նշում:
    Նորից գրկեցին իրար:
    -Ո՞նց ես դու:
    Խաժակի աչքերը թաց էին: Ծերանում էր:
    -Թոքերդ փրկող սարքերն ո՞ւր են: Էլ չե՞ս վախենում մեր կեղտոտ օդից:
    -Կդիմանամ,-պատասխանեց Թոսը,- երկար չեմ մնալու, գիշերը պիտի հետ թռչեմ:
    -Էդքան արա՞գ:
    -Ինձ ամեն անգամ ավելի դժվար է Երկիր գալ: Կենտրոնը մերժում է բոլորին: Սա հրաշք էր, որ էս մի քանի ժամը կարողացա պոկել:
    Թոսը չասաց, որ սա վերջին անգամն էր: Չասաց, որ գալն այլևս հնարավոր չի լինելու, եթե անգամ շատ ուզենա ու դրա համար ջանք չխնայի: Կենտրոնը խզում էր բոլոր կապերը Երկրի հետ: Մնալու էին միայն այստեղ ստեղծած հետազոտական կայանները, որոնք վաղուց արդեն գործում էին առանց մարդկանց ներկայության:
    -Կենտրոնը, ի՞նչ գիտի ձեր էդ Կենտրոնը:
    -Էդպես մի ասա, Խաժակ, Երկիրը վտանգավոր է, ինքդ էլ ես հասկանում, բայց դեռ շարունակում ես համառություն անել: Էլ մարդ չի մնացել էս մեռած հողի վրա:
    -Հիսուն հազարից ավել մարդ կա ու դեռ ավելանալու են:
    -Հիսուն հազար մարդ մի ամբողջ մոլորակում: Դատարկ է Երկիրը, Խաժակ: Արևի երես չեք տեսնում փոշու ամպերից: Դու դեռ համառում ե՞ս:
    Թոսը չգիտեր, թե Խաժակն ինչպես էր գոյատևում այստեղ՝ առանց քաղաքակրթության, առանց մարդկանց: Չգիտեր, թե ինչպես էին անցնում նրա ձմեռները՝ ցրտի ու խավարի մեջ: Որտեղից էր հաց ու ջուր գտնում, ինչով էր ապրում: Ամեն անգամ նա Երկիր էր գալիս՝ սրտի մեջ վախ, որ այլևս չի գտնի եղբորը:
    -Ասում ես՝ մութ ու կե՞ղտ, արի հետս, կտեսնես հիմա:
    Խաժակը հաստատուն քայլերն ուղղեց մոտակա բլրի կողմը, որի հողը վաղուց չորացել ու ճաքճքել էր, և արդեն տասնամյակներ կլինեին, որ վրան փուշ անգամ աճած չկար:
    Նա շրջանցեց բլրակն ու դանդաղեցրեց քայլերը: Թոսը հասավ եղբորը:
    -Նայի՛ր,- ձայնեց Խաժակը:
    Թոսը կանգ առավ, աչքերը զարմանքից լայնացան:
    Պտուղներից ծանրացած փարթամ ծառերը միահյուսվել էին խոտերի ու թփերի հետ, ասես սեղմվել իրար, որ կործանումից փրկվելու ուժ գտնեն: Թվում էր, Երկրի վրա կենդանի մնացած ամբողջ բուսականությունը հավաքվել էր մի տեղում, կուտակվել այս մի կտոր հողի վրա՝ թաքնվելու համար վերացման վտանգից: Դա կանաչ դրախտ էր չորացած մոլորակում, որն ապրում էր միայն իրեն ճանաչելի օրենքներով՝ մարդկանց աշխարհից կտրված:
    -Դեռ անցյալ տարի էստեղ խանձված հող էր, ոչինչ չկար վրան, իսկ հիմա նայիր: Մոտ արի, տես ինչ խնձորներ կան ծառին:
    -Մի տարում էսպիսի այգի է աճել: Հնարավոր բան չի, էն էլ էստեղ:
    Խաժակը մի հասած խնձոր պոկեց ու մեկնեց Թոսին: Բայց արագ միտքը փոխեց և հետ քաշեց ձեռքը:
    -Դու չես ուտի, թունավոր է քեզ համար:
    Թոսը խլեց խնձորը եղբոր ձեռքից, պտտեց ափի մեջ, շոշափեց ու զննեց, հետո կծեց մի կտոր: Հյութեղ պտուղը հոսեց նրա շուրթերի կողքից: Տղամարդը ձեռքով մաքրեց դեմքը, և թվաց նրան, թե իր մանկության այգում է՝ իրենց տան մոտ, ու կողքին փոքր Խաժակն է՝ ոտաբոբիկ, արևահարված ու պեպենոտ:
    -Հավատս չի գալիս, որտեղի՞ց էս մրգերը:
    -Էստեղից ոչ հեռու մի գետ է հոսում, որն ավելի զուլալ է, քան երբևէ խմածդ որևէ ջուր: Իսկ մեջը... Մեջը ձուկ կա, Թոս: Հասկանում ե՞ս: Նորից ձուկ կա ջրի մեջ:
    Խաժակը ձեռքը տարավ գետնին ու մի բուռ հող վերցրեց:
    -Սա մեռնող հող չի, Թոս: Երկիրն ապրում է: Մարդիկ հեռացել են, ու մոլորակն ապաքինվում է:
    -Դրա համար հարյուրամյակներ են պետք, չի կարող Երկիրն էդքան արագ մաքրվել: Կենտրոնից եկող տվյալները...
    -Ախր ի՞նչ Կենտրոն: Նայի՛ր: Դու աչքերդ բա՛ց ու նայի՛ր:
    -Սա միայն մի կտոր հող է, Խաժակ, դու չգիտես, թե ինչ է կատարվում ամբողջ Երկրի վրա:
    -Ամեն ինչ էլ գիտեմ:
    Այդ ասելով՝ նա դուրս եկավ այգուց. Թոսը լուռ հետևեց նրան: Հեռվում քանդրտված կառույցներ էին՝ անցյալից մնացած ու ամայի: Այնտեղ էլ ապրում էր Խաժակը:
    Ցեխից ու քարից սարքած նրա տունը շրջապատված էր փտած ծառերի արմատներով. դա ասես կյանքը դատարկությունից անջատող ցանկապատ լիներ, որը Խաժակն ինքն էր խնամքով շարել:
    -Նոր շենք եմ տեղափոխվել, էստեղ կապն ավելի լավ է:
    Թոսը նայեց եղբոր դեմքին՝ փորձելով հասկանալ նրա ասածի իմաստը:
    -Կա՞պ, ի՞նչ կապ:
    Ներսում խճճված լարեր էին ու ռադիո հիշեցնող ինչ-որ սարք, որից խշշոց էր գալիս, իսկ գետնին էլ ավելի տարօրինակ ապարատներ էին, որոնց շուրջը միայն Խաժակին հասկանալի նշաններով թղթեր էին լցված:
    -Մենք կապի մեջ ենք:
    -Դո՞ւք, ովքե՞ր, ի՞նչ ես խոսում:
    -Հա, մենք՝ Երկրում ապրող մի քանի հազար բնակիչներս: Եթե ուզում ես, կարող ես լուսանկարել. թոռներիդ ցույց կտաս քսաներկուերորդ դարի ինտերնետը: Մեր գյուտն է: Ձեր Կեպլեր-62էֆ-ում էսպիսի բաներ կա՞ն:
    Ու Խաժակը ծիծաղեց ուրախ և լիաթոք: Թոսը չէր հիշում, թե երբ էր եղբորն այդքան երջանիկ տեսել:
    -Դու դեռ սպասի՜ր, տես քեզ ուրիշ ինչեր եմ ցույց տալու: Ասում ես՝ փոշու ամպե՞ր: Չես հավատա, Թոս, բայց նույնիսկ երկինքն է մաքրվում. էս ամիս երկու անգամ աստղ եմ տեսել: Գիշերը գա, քեզ էլ ցույց կտամ: Երանի էսօր էլ երևա: Հա, պիտի էսօր էլ երևա, դու մնա մինչև ժամը երեքը, խոստանում եմ, կտեսնես:
    Քառասուն տարի էր անցել Մեծ էվակուացիայից կամ Մեծ գաղթից, ինչպես դա անվանում էր Խաժակը: Միլիոնավոր երկրացիներ տեղափոխվել էին Կեպլեր-62էֆ՝ նոր մոլորակ, որն ավելի մաքուր էր, ավելի մեծ ու ամեն ինչով միայն ավելի լավը: Բայց ոչ բոլորն էին հեռացել մաշված Երկրից. մնացել էին նրանք, ովքեր իրենց տունը ոչնչի հետ փոխել չէին ուզում, նրանք, ովքեր հավատում էին, որ դա վերջը չէր: Քսանչորսամյա Խաժակն էլ նրանցից մեկն էր, ով որոշել էր մնալ իր հողի վրա: Թոսն անկարող էր համոզել եղբորը. այս բոլոր տարիների ընթացքում նա միայն դա էր փորձում՝ տանել Խաժակին: Ու հիմա էլ եկել էր՝ վերջին անգամ փորձելու:
    -Կմնամ մինչև երեքը,- ասաց Թոսը:
    Նա գրպանից փոքր գունդ հանեց ու գցեց վերև: Գունդը բացվեց էկրանի նման ու կախվեց եղբոր առաջ:
    -Նուշն ուզում էր խոսել հետդ:
    Տասնամյակներ առաջ Թոսի հետ միասին իրենց դեռահաս քույրն էլ էր հեռացել ու դրանից հետո երբևէ չէր եկել Երկիր:
    Օդում գոյացած թափանցիկ էկրանին երիտասարդ կին էր, որին Խաժակն ամեն անգամ ավելի դժվարությամբ էր ճանաչում:
    Նա քնքուշ ձայնով ինչ-որ բան էր ասում, հետո լռում էր, ժպտում ու նորից շարունակում խոսել: Խաժակն այդ լեզուն չէր հասկանում:
    -Թարգմանությունը չես միացրել:
    -Ա՛հ, մոռացա, մի րոպե:
    Թոսը նորից էկրանը գունդ սարքեց ու սկսեց մատներով կտկտացնել վրան:
    -Հիմար սարք, էլի փչացավ:
    -Ոչինչ, կարևորը տեսա Նուշին: Ի՞նչ էր ասում:
    -Ասում էր, որ կարոտել է քեզ: Ու ուզում է, որ գաս մեզ մոտ:
    Եղբայրը ոչինչ չասաց: Թոսը ձեռքը դրեց նրա ուսին:
    -Ես էլ եմ ուզում, որ գաս,- ու համարյա շշնջաց,- խնդրում եմ:
    -Թոս, ես քո ծեր պապը չեմ, որ ստիպված լինես հոգ տանել իմ մասին:
    -Հիմարություններ դուրս մի տուր:
    -Ես լավ եմ ու ոչ մի տեղ գնալ չեմ պատրաստվում:
    -Վերցրու քո բոլոր գյուտերը, խնձորները, խոտերը, ձկները: Ու արի հետս: Ես կկազմակերպեմ, որ գնաս Կենտրոն, ուզում ե՞ս: Ցույց կտաս ամեն ինչ, կպատմես, կբացատրես: Հնարավոր է, մի օր բոլորս էլ հետ գանք: Բայց հիմա արի հետս: Խնդրում եմ, արի՛:
    Խաժակը դուրս եկավ տնից:
    -Գնանք բլրի մոտ, խարույկ անենք, մթնում է:
    Նրանք նստած էին կրակի առաջ, որի մեջ այգուց քաղված միրգն էր խորովվում ու ճթճթալով պայթում՝ իր քաղցր հյութը դուրս թափելով:
    -Հերիք է էդ զիբիլները մեջդ սրսկես,-ասաց Խաժակը՝ նայելով տղամարդու երիտասարդ դեմքին,- տեսքդ ահավոր է:
    Թոսը ժպտաց:
    -Քոնն էլ, ծերուկ:
    Խաժակը կրակի միջից երկու տանձ հանեց ու ձեռքերի մեջ խաղացնելով մի քանի անգամ փչեց վրան:
    -Կանցնի մի հարյուր տարի, ձեր Կենտրոնն ի վերջո խելքի կգա: Էն ժամանակ դու մի հինգ տարով էլ ջահել կլինես, կգաս էստեղ, մի լավ տուն կկառուցես, այգի կցանես: Էս համով տանձերից էլ մեջը կլինեն: Հլը փորձիր:
    Նա եղբոր կոշտ ձեռքերից վերցրեց մրգերն ու սկսեց ուտել: Դրանք մեղրի պես հալվեցին շուրթերի ներսում: Թոսի աչքերը թացացան: Ծերանում էր:
    Գլուխը դրեց Խաժակի քրքրված բաճկոնին՝ փորձելով իր մեջ առնել ու պահել դրանից եկող հարազատ հոտը: Խորը պահել, որ երբևէ չկորցնի:
    -Չքնես հանկարծ, սպասիր, քեզ պիտի խոստացածս աստղերը ցույց տամ: Թո՞ս, Թորոս, չքնես: Լսիր ինչ եմ պատմում:
    Եղբայրը շարունակում էր խոսել, նրա ձայնը հետզհետե հեռանում էր, կորչում ամայության մեջ: Մութը սեղմում էր Թոսի խոնավ կոպերը: Հեռվում իր գնդաձև նավն էր՝ թռիչքին սպասող:
    Նա տեսնում էր, թե ինչպես են ինքն ու Խաժակը քայլում դեպի արծաթե գունդը: Ահա բացվում է դուռը, ու իրենք ներս են մտնում: Հայացքն ուղղում է եղբորը. նա բոբիկ է ու արևահարված, դեպքին՝ իր երջանիկ ժպիտը: Դուռը փակվում է, և նավը կամաց օդ է բարձրանում: Ինքը դուրս է նայում ու տեսնում, որ Խաժակը մնացել է ներքևում՝ չոր հողին կանգնած: Նա ձեռքով երկինքն է ցույց տալիս ու բացականչում.
    -Նայի՜ր, Թոս, նայի՜ր: Աստղ է, տեսնում ե՞ս, ասո՜ւմ էի, չէ՞:
    Ինքն ուզում է գոռալ նավի միջից, բայց ձայնը կտրվում է կոկորդում:
    Խաժակի մարմինը գնալով փոքրանում է ու մնում հեռվում:
    -Ծնունդդ շնորհավո՜ր, Թո՜ս, մեր ծնունդը շնորհավո՜ր:

    Նմանակում՝ Ռեյ Բրեդբերի
    Blessed the poison which brings the end

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (16.02.2014), E-la Via (17.02.2014), Sambitbaba (16.02.2014), Smokie (15.02.2014), Արէա (15.02.2014), Նաիրուհի (15.02.2014)

  17. #9
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 8. Անեկդոտ Ա-ԼՅԱ ՊԱԼԱՆԻԿ

    Երբեք զարթուցիչից չեմ օգտվում. գիտեմ, որ մորս ու քրոջս վեճը լոգարանն առաջինը գրավելու համար, արթնացնելու է ինձ առանց զարթուցիչի: Եվ այսօր էլ, ինչպես համարյա միշտ, հաղթողը քույրս էր, որովհետև լսեցի մորս դժգոհ մրթմրթոցն ու քիչ անց արդեն, խոհանոցում ամանեղենի չխկչխկոցը: Դա նշանակում էր, որ մի տասնհինգ րոպեից նախաճաշը պատրաստ կլինի, և ուրեմն ժամանակն էր հորիցս շուտ հասցնել մտնել զուգարան: Հայրս առանց թերթ երբեք զուգարան չի մտնում, այնպես որ, ինքներդ էլ հասկանում եք. որպեսզի հասցնեի դեռևս տաք նախաճաշ ուտել, պետք է ամեն կերպ հորիցս առաջ ընկնեի:

    Հասցրեցի´:

    Մինչև զուգարանից դուրս կգայի, քույրիկս ավարտեց իր լոգանքը և, քանի որ նախաճաշն արդեն պատրաստ էր, երկուսով զբաղեցրինք մեր տեղերը, իսկ մայրիկն էլ մտավ լոգարան:

    Վերջապես խոհանոց բարեհաճեց հայրս: Բարի լույսից և բարի ախորժակից հետո սկսեց թափառել խոհանոցով մեկ և այսուայն կողմ ինչ-որ բան էր փնտրում:

    - Ու՞ր է, -նետեց դժգոհ: - Ու՞ր է…
    - Հայրիկ, թերթերը միջանցքում են, հայելու առջև, ինչպես միշտ, - ասաց քույրս:
    - Ո´չ… գիրքը՝ ու՞ր է:

    Մոռացա ասել, որ վերջերս, կրոնական թեմաներով վիճաբանությունների ժամանակ, ընկերները հորս ասել էին, որ նա ընդհանրապես իրավունք չունի մահմեդականությանը դեմ կամ կողմ ինչ-որ բան ասել, քանի որ չի կարդացել Ղուրանը: Հայրս լրիվ լուրջ ընդունել էր դա որպես նախատիք և որոշել էր լրացնել իր թերի գիտելիքները: Չգիտես որտեղից ճարել էր Ղուրանը, բայց համաձայնվեց կարդալ այն միայն զուգարանում, պատճառաբանելով, որ “այդ գիրքը (երբեք անունը չէր տալիս) կարդալու միակ արժանի տեղը քրիստոնյայի համար՝ պետքարանն է”:

    Վերջիվերջո գիրքը գտանք: Պարզվեց, որ սեղանի “պալիրովկան” չփչացնելու համար, մայրիկը տաք բլիթներով ափսեն դրել էր գրքի վրա, իսկ վերևից էլ ծածկել էր անձեռոցիկով, որ բլիթները չսառեն: Մի խոսքով, հայրիկը դժգոհ՝ թևի տակ առավ Ղուրանն ու մտավ զուգարան:

    Քիչ անց լոգարանից, սրբիչով մազերը չորացնելով, դուրս եկավ մայրիկը: Իսկ նրա դուրս գալուց համարյա անմիջապես հետո…

    - Վա՛յ մամա ջան… Էս ի՞նչ եղաաավ… - մի սարսափելի ոռնոց լսվեց զուգարանից…
    - Էս հայրի՞կն էր, - վախեցած շշնջաց քույրիկս: - Ի՞նչ պատահեց նրան…
    - Վերջ, - լրջորեն ասացի ես: - Ալլահը պատժեց հայրիկին Ղուրանը զուգարանում կարդալու համար:
    - Վա՛յ, այ մարդ, - գոչեց մայրս: - Վա՛յ, Վալոդ ջան… կներես… Բաղնիքի լույսի փոխարեն, զուգարանի լույսն եմ հանգցրել…

    Մի պահ լռությունից հետո՝ այդ ընթացքում մայրս հասցրեց զուգարանի լույսը նորից վառել, - լսեցինք հորս կես-լացակումած, կես-բարկացած, կես-երջանիկ ձայնը.

    - Ես քո տիրոջ… Շա´ն աղջիկ… Թող դուրս գամ, տես ինչ օյին եմ բերելու գլուխդ… Ես էլ կարծեցի, թե զոռ տալուց՝ աչքերս պայթեցին…


    Նմանակում՝ Չակ Պալանիկ
    Blessed the poison which brings the end

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (16.02.2014), Smokie (14.02.2014), Պիրիտ (14.02.2014)

  19. #10
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 9. Մեծ փոփոխություն

    - Լավ,- ասաց տղամարդը,- ի՞նչ կասես:
    - Ոչ,- ասաց աղջիկը,- չեմ կարող:
    - Նկատի ունես՝ չես ուզում:
    - Չեմ կարող,- ասաց աղջիկը,- ես հենց դա նկատի ունեմ:
    - Նկատի ունես՝ չես ուզում:
    - Լավ,- ասաց աղջիկը,- դու քո ձևով հասկացիր:
    - Չեմ կարող իմ ձևով հասկանալ: Երանի կարողանայի:
    - Երկար ժամանակ կարողանում էիր,- ասաց աղջիկը:
    Դեռ վաղ էր, և սրճարանում բարմենից ու անկյունում նստած այս երկուսից բացի ուրիշ ոչ ոք չկար: Ամառվա վերջն էր, և երկուսն էլ թխացել էին, հետևաբար Փարիզին չէին սազում: Աղջիկը տվիդից կարված հագուստով էր, նրա մաշկը հարթ ոսկեշագանակագույն էր, շիկահեր կարճ մազերը գեղեցիկ կերպով հեռանում էին նրա ճակատից: Տղամարդը նայեց նրան:
    - Կսպանեմ այդ կնոջը,- ասաց նա:
    - Խնդրում եմ՝ չանես էդպիսի բան,- ասաց աղջիկը: Նա նուրբ ձեռքեր ուներ, և տղամարդը նայեց դրանց: Դրանք բարակ ու շագանակագույն ու շատ սիրուն էին:
    - Կսպանեմ: Երդվում եմ Աստծո անունով, կսպանեմ:
    - Դա քեզ երջանիկ չի դարձնի:
    - Չէի՞ր կարող ուրիշ բան բերել գլխիդ: Չէի՞ր կարող ուրիշ պրոբլեմ ստեղծել:
    - Ոնց որ թե չէ,- ասաց աղջիկը,- ի՞նչ ես անելու:
    - Արդեն ասացի:
    - Չէ, առանց կատակի:
    - Չգիտեմ,- ասաց նա: Աղջիկը նայեց նրան և ձեռքը դուրս բերեց:
    - Խեղճ Ֆիլ,- ասաց նա: Տղամարդը նայեց նրա ձեռքերին, բայց չդիպավ դրանց:
    - Պետք չէ, շնորհակալ եմ,- ասաց նա:
    - Եթե ներողություն խնդրեմ, որևէ բան կփոխվի՞:
    - Ոչ:
    - Իսկ եթե պատմե՞մ, թե դա ինչպիսին է:
    - Ավելի լավ է՝ չլսեմ:
    - Քեզ շատ եմ սիրում:
    - Այո, սա դրա ապացույցն է:
    - Կներես,- ասաց նա,- եթե չես հասկանում:
    - Հասկանում եմ: Խնդիրը հենց դա է: Հասկանում եմ:
    - Հասկանում ես,- ասաց նա,- իսկ դա, բնականաբար, ավելի վատ է:
    - Իհարկե,- ասաց նա՝ նայելով աղջկան,- ես միշտ կհասկանամ: Ամեն օր ու գիշեր: Հատկապես գիշերը: Կհասկանամ: Կարող ես չանհանգստանալ:
    - Կներես,- ասաց նա:
    - Եթե դա տղամարդ լիներ...
    - Էդպիսի բան մի ասա: Չէր կարող տղամարդ լիներ: Դու գիտես դա: Վստահու՞մ ես ինձ:
    - Ծիծաղելի է,- ասաց նա,- քեզ վստահելը: Շատ ծիծաղելի է:
    - Կներես,- ասաց աղջիկը,- կարծես միակ բանն է, որ ասում եմ: Բայց երբ մենք չենք հասկանում իրար, կարիք չկա ձևացնելու, որ հասկանում ենք:
    - Ոչ,- ասաց նա,- ենթադրում եմ, որ ոչ:
    - Կվերադառնամ, եթե ուզում ես:
    - Ոչ, քեզ չեմ ուզում:
    Հետո որոշ ժամանակ նրանք ոչինչ չասացին:
    - Չե՞ս հավատում, որ քեզ սիրում եմ,- հարցրեց աղջիկը:
    - Արի հիմար բաներ չասենք,- ասաց տղամարդը:
    - Չե՞ս հավատում, որ քեզ սիրում եմ:
    - Ինչու՞ չես ապացուցում:
    - Դու էսպիսին չէիր: Դու չէիր պահանջում, որ որևէ բան ապացուցեմ: Դա քաղաքավարի չէ:
    - Մազալու աղջիկ ես:
    - Իսկ դու՝ ոչ: Դու լավ տղամարդ ես, ու սիրտս կոտրվում է, որ պիտի գնամ ու քեզ թողնեմ:
    - Ստիպված ես, իհարկե:
    - Այո,- ասաց նա,- ստիպված եմ, և դու դա գիտես:
    Տղամարդը ոչինչ չասաց, և աղջիկը նայեց նրան ու ձեռքը նորից դուրս բերեց: Բարմենը բարի մյուս ծայրում էր կանգնած: Նրա դեմքը հագի պիջակի պես սպիտակ էր: Նա գիտեր այս երկուսին և մտածում էր՝ սիրուն ջահել զույգ են: Նա շատ էր տեսել սիրուն ջահել զույգերի բաժանում ու նոր զույգերի կազմավորում, որոնք այլևս այդքան սիրուն չէին: Նա ոչ թե այս ամենի մասին էր մտածում, այլ ձիու: Կես ժամ անց կարող է անցնել փողոցը և տեսնել՝ որ ձին է հաղթել:
    - Չե՞ս կարող պարզապես ինձ լավություն անել ու թույլ տալ, որ գնամ,- հարցրեց աղջիկը:
    - Իսկ քո կարծիքով ի՞նչ եմ անելու:
    Երկու հոգի ներս մտան և գնացին դեպի բարը:
    - Եղավ պարոն,- բարմենը պատվերներն ընդունեց:
    - Չե՞ս կարող ներել ինձ: Երբ արդեն գիտես դրա մասին,- հարցրեց աղջիկը:
    - Ոչ:
    - Չե՞ս կարծում, որ մեր արածները պիտի տարբերություն մտցնեին, պիտի ուրիշ կերպ հասկանայինք:
    - «Անառակությունը սարսափելի կերպարանքով հրեշ է»,- երիտասարդ տղամարդն ասաց դառնությամբ,- որ պետք է չգիտեմ ինչ լինի, որ տեսանելի լինի: Հետո մենք չգիտեմ ինչ, չգիտեմ ինչ, հետո ընդունում ենք,- նա չէր հիշում բառերը,- չեմ կարող լրիվ ասել,- ասաց նա:
    - Արի չասենք՝ անառակություն,- ասաց աղջիկը,- դա այնքան էլ քաղաքավարի չէ:
    - Այլասերում,- ասաց նա:
    - Ջեյմս,- հաճախորդներից մեկը դիմեց բարմենին,- տեսքդ լավ է:
    - Քո տեսքն էլ է լավ,- ասաց բարմենը:
    - Մեր լավ Ջեյմս,- մյուս հաճախորդն ասաց,- քո տեսքն ավելի լավ է, Ջեյմս:
    - Ահավոր է,- ասաց բարմենը,- թե ինչպես եմ հագնվում:
    - Չմոռանաս կոնյակ լցնել, Ջեյմս,- ասաց առաջին հաճախորդը:
    - Ոչ պարոն,- ասաց բարմենը,- վստահիր ինձ:
    Բարի մոտ կանգնած երկուսը նայեցին սեղանի մոտ նստած երկուսին, հետո նորից բարմենին նայեցին: Բարմենին նայելն ավելի հարմար էր:
    - Ավելի լավ կլիներ՝ այդպիսի բառեր չօգտագործեիր,- ասաց աղջիկը,- կարիք չկա նման բառեր գործածելու:
    - Ի՞նչ անուն կուզեիր դնել:
    - Կարիք չկա անվանելու: Պարտադիր չի՝ անուն դնես:
    - Հենց սա դրա անունն է:
    - Ոչ,- ասաց աղջիկը,- մենք բաղկացած ենք ամեն տեսակի բաներից: Դու գիտեիր դա: Դու բավական լավ օգտագործեցիր դրանք:
    - Պարտադիր չի՝ նորից ասես:
    - Որովհետև դա բացատրություն է տալիս:
    - Լավ,- ասաց
    - տղամարդը,- լավ:
    - Նկատի ունես՝ ամեն ինչ սխալ է: Գիտեմ: Այս ամենը սխալ է: Բայց ես կվերադառնամ: Քեզ ասել եմ, որ կվերադառնամ: Անմիջապես կվերադառնամ:
    - Ոչ, չես վերադառնա:
    - Կվերադառնամ:
    - Ոչ, չես վերադառնա: Ոչ ինձ մոտ:
    - Կտեսնես:
    - Այո,- ասաց նա,- սա ամենավատն մասն է: Դու երևի կվերադառնաս:
    - Իհարկե կվերադառնաս:
    - Այդ դեպքում շարունակիր:
    - Իսկապե՞ս,- աղջկա հավատը չէր գալիս, բայց ձայնն ուրախ էր:
    - Շարունակիր,- իր սեփական ձայնը տարօրինակ թվաց նրան: Նա նայում էր աղջկան, նրա բերանի շարժումներին և այտոսկրերի կորությանը, աչքերին և ճակատի մազերին, ականջի ծայրին և պարանոցին:
    - Էնքան էլ չէ: Ահ, դու շատ համովն ես,- ասաց նա,- դու չափից դուրս լավն ես ինձ համար:
    - Եվ երբ վերադառնաս, պատմիր ինձ դրա մասին,- նրա ձայնը շատ տարօրինակ էր հնչում: Նա ինքը չէր ճանաչում այն: Աղջիկն արագ նայեց նրան: Նա մտազբաղ էր:
    - Ուզում ես՝ գնա՞մ,- լուրջ տոնով հարցրեց աղջիկը:
    - Հա,- նույն լրջությամբ պատասխանեց տղամարդը,- հենց հիմա,- նրա ձայնն այլևս նույնը չէր, նրա բերանը շատ չոր էր,- հիմա,- ասաց նա:
    Աղջիկը կանգնեց և արագ դուրս եկավ: Հետ չնայեց: Տղամարդը նայեց նրա հեռացող կերպարանքին: Նա այլևս այն տեսքը չուներ, որ ուներ մինչև աղջկան ասելը, որ հեռանա: Նա վեր կացավ, վերցրեց երկու հաշիվները և մոտեցավ բարին:
    - Ես ուրիշ տղամարդ եմ, Ջեյմս,- ասաց նա բարմենին,- կարող ես տեսնել, որ բավական փոխվել եմ:
    - Պարո՞ն,- ասաց Ջեյմսը:
    - Անառակությունը,- ասաց շագանակագույն երիտասարդը,- տարօրինակ բան է, Ջեյմս,- նա նայեց դռանը: Նա տեսավ աղջկան փողոցով քայլելիս: Ապակուն նայելով՝ նկատեց, որ ինքն իսկապես բավական ուրիշ տեսքով տղամարդ է: Բարի մոտ կանգնած երկուսը շարժվեցին, որ տեղ ազատեն:
    - Ճիշտ եք, պարոն,- ասաց Ջեյմսը:
    Մյուս երկուսը մի քիչ էլ տեղաշարժվեցին, որպեսզի նա հարմարվի: Երիտասարդ տղամարդը նայեց բարի հետևի հայելուն:
    - Ասացի, որ ես ուրիշ տղամարդ էի, Ջեյմս,- ասաց նա: Հայելու մեջ նայելով տեսավ, որ իսկապես այդպես է:
    - Տեսքդ լավն է, պարոն,- ասաց Ջեյմսը,- հաստատ լավ արձակուրդ ես անցկացրել:


    Նմանակում՝ Էռնեստ Հեմինգուեյ
    Վերջին խմբագրող՝ Վոլտերա: 15.02.2014, 16:06:
    Blessed the poison which brings the end

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (16.02.2014)

  21. #11
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 10. Կախարդական ծնծղաները

    Լինում է չի լինում, մի տղա է լինում: Նա ապրում էր ծովափնյա մեծ քաղաքի ծայրամասում, մոր հետ: Հայրը վաղուց էր մահացել՝ տղային ժառանգություն թողնելով ապրուստ վաստակելու իր միակ միջոցը՝ մի զույգ ծնծղա: Չարքաշ աշխատանքից մոր առողջությունը քայքայվել էր, ու մի քանի տարի անց նա գամվեց անկողնուն: Նվագախմբի անդամները, որոնց հետ ժամանակին նրա հայրն էր նվագում, խղճացին նրանց և տղային ընդունեցին իրենց մոտ: Նա սկսեց երաժիշտների հետ մասնակցել տարբեր արարողությունների ու այդպիսով հոգ տանել մոր մասին:

    Տղայի տասնչորսամյակը նոր էր բոլորել, երբ մի օր երաժիշտներին մոտեցավ հնամաշ հագուստով մի երկարամորուս ծերուկ, որի ուսին ագռավ կար: Նա դիմեց տարօրինակ խնդրանքով. ցանկանում էր, որ երաժիշտները կեսգիշերին այցելեն իրեն և նվագեն հյուրերի համար, ու խոստանում էր, որ առատորեն կվարձատրի: Դերվիշի տեսք ունեցող ծերուկի խոսքերը զառանցանք թվացին երաժիշտներին, և նրան մերժեցին:

    Վշտացած ծերուկը խոժոռ հայացքով ուղեկցում էր հեռացող երաժիշտներին և պատրաստվում ինքն էլ գնալ, երբ տղան, ով այդ ողջ ընթացքում ուշադիր հետևում էր խոսակցությանը, մոտեցավ ծերուկին և ասաց.

    - Հայրիկ, ես շատ կուզենայի քեզ օգնել, բայց չգիտեմ՝ ինչ կարող եմ անել:

    - Իսկապե՞ս: Դու հավատո՞ւմ ես ինձ:

    - Այո: Բացի դա, մայրս շատ հիվանդ է, իսկ մեր խմբի գործերը վերջերս լավ չեն գնում, ու բոլորս էլ հազիվ ենք ծայրը ծայրին հասցնում: Դրա համար էլ մի փոքր գումարը մեզ չի խանգարի:

    - Իմ տունն այստեղից հեռու է գտնվում, տղաս, դժվար թե մայրդ թողնի՝ այդքան երկար ճանապարհ գաս:

    - Իսկ ես նրան չեմ էլ ասելու այդ մասին:

    - Չե՞ս կարծում, որ ստելը լավ բան չէ: Միգուցե, մի օր դու խստորեն պատժվես դրա համար:

    - Ոչինչ, հայրիկ, մորս առողջությունն ինձ համար ավելի կարևոր է:

    Ծերուկը բարեհոգաբար ժպտաց, ապա հարցրեց.

    - Այդ դեպքում գնացինք: Ահա այն բարդու մոտ էլ հավատարիմ ձիուկս ինձ է սպասում: Ի դեպ, քո անունն ի՞նչ է:

    - Ավետիս, բայց բոլորն ինձ Ավո են ասում: Իսկ քո՞նը:

    - Հեմզե: Կար ժամանակ, երբ անունս այլ էր, բայց այդ ժամանակները վաղուց են անցել... Լավ, դու ինձ ասա՝ սիրո՞ւմ ես սայլակով ճամփորդել:

    - Ոչ, որովհետև կենդանիները տանջվում են՝ ծանր բեռներ քաշելով: Համ էլ ոտքով ճանապարհ գնալն ավելի օգտակար ու հետաքրքիր է:

    - Բայց ես իմ ձիուն չեմ չարչարում ու դեռ այնպես եմ կերակրում, որ շատ ազնվացեղ նժույգներ կնախանձեին նրան. քեզ մի գաղտնիք կբացեմ, - ասաց ծերուկը՝ սայլակի վրա տեղավորվելով.- այս ձին ժամանակին շատ հարուստ ու ժլատ ագարակատեր իշխան է եղել, ով ապրել է հեռավոր հյուսիսում: Իր ժառանգած հարստությունը նա ավելացրել է թալանով ու բռնություններով, տեղի բնակիչներին ստրկացնելով: Ի վերջո, նրանցից մեկը՝ տարեց մի հյուսն, հիշեց իմ մասին ու դիմեց իմ օգնությանը: Եվ հիմա, ինչպես տեսնում ես, նախկին ազնվականն ինձ է ծառայում, որպեսզի իր արարքների համար հատուցում ստանալուց հետո հանգիստ գտնի:

    - Զվարճալի պատմություն էր, հայրիկ, բայց, միևնույն է, ես ձիուն խղճում եմ: Լավ կլիներ, որ ճանապարհը կարճ լիներ:

    - Ճանապարհը երկար է, բայց մենք կարող ենք այն կրճատել: Հապա նայիր, սայլակի հետևի կողմում սնկերով լի պարկ կա: Ձիուկս այդ սնկերը շատ է սիրում, ու մի փոքր կազդուրվելուց հետո կրկնակի եռանդով ու թեթևությամբ մեզ տեղ կհասցնի:

    Տղան զարմանքով ու հիացմունք էր նայում պարկի միջի գույնզգույն և համաչափ սնկերին:

    - Դրանք թունավոր չեն, դեռ մի բան էլ ավելին. համարձակորեն կարող ես համտեսել:

    Արևն արդեն պատրաստվում էր մայր մտնել, բայց հանկարծակի կանգ առավ: Կարծես փոշմանելով՝ այն փորձում էր հետ մղել իրեն շրջապատող ու հրող գորշ ամպերին: Սակայն հենց այդ ժամանակ ամպերի միջից երևաց լուսինը իր սև թիկնոցով և սկսեց հետապնդել խռովարար լուսատուին: Վերջինիս ոսկեզօծ նետերն անզոր գտնվեցին, և արևը ստիպված էր նահանջել: Քիչ անց երկինքը զարդարված էր աստղերով, հաղթանակած լուսինը մեղմորեն շողում էր, իսկ սայլակը կանգնած էր ծերուկի տան մոտ: Այն գտնվում էր անտառին հարող մարգագետնի մեջտեղում, գետակի կողքին: Մարգագետինն ամբողջությամբ պատված էր լուսատտիկներով, իսկ հինավուրց անտառից խորհրդավոր ձայներ էին լսվում:

    Տղան վախենում էր այդ ամենից, բայց աշխատում էր ցույց չտալ: Նա դիմեց ծերուկին.

    - Հայրիկ, ե՞րբ են գալու հյուրերը:

    - Նրանք արդեն այստեղ են: Պարզապես քո աչքերը մշուշոտվել են, և դու չես կարող տեսնել նրանց: Հապա մոտեցիր գետակին ու լվացվիր:

    Սառը ջրով երեսը թրջելուց հետո տղան տեսավ, որ ողջ մարգագետինը լցված է տարօրինակ արարածներով. նրանցից ոմանք նման էին մարդկանց, ոմանք՝ տարբեր կենդանիների, ոմանք էլ՝ թե՜ առաջիններին և թե՜ մյուսներին: Բոլորը ուշադիր զննում էին տղային, ով քարացած կանգնել էր: Ծերուկը խախտեց լռությունը.

    - Ավո, մենք երկար էինք սպասել այս օրվան: Ամեն ինչ կբացատրեմ, բայց նախ ցանկանում եմ քեզ վճարել այն ամենի համար, ինչ պետք է անես:

    Այս ասելով՝ նա ձեռքը վեր պարզեց ու երկնքից աստղեր հավաքեց, որոնք նրա ափի մեջ վերածվում էին մետաղադրամների: Դրանք լցրեց մի մեծ քսակի մեջ, ապա տղայի մոտից վերցրեց նրա ծնծղաները և այնպես ուժեղ նետեց դեպի անտառը, որ դրանք անհետացան խավարում: Քիչ մնաց՝ տղան արտասվեր.

    - Ի՞նչ արեցիր, հայրիկ, ես հիմա ինչպե՞ս պիտի փող աշխատեմ:

    - Մի տխրիր, հին ծնծղաներդ այլևս պետք չեն քեզ: Տե՜ս՝ անտառից լույս երևաց: Քո նոր գործիքներն են բերում:...
    Blessed the poison which brings the end

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (16.02.2014), Smokie (15.02.2014)

  23. #12
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ չանցած՝ սուրալով նրանց մոտեցավ մի ահարկու գայլ՝ երախում մի զույգ ծնծղա պահած: Դրանք անսովոր փայլով պսպղում էին լուսնի շողերի տակ, ինչպես գայլի աչքերը: Բոլոր արարածները լռեցին՝ նրան տեսնելով, ու խոնարհաբար հետ քաշվեցին: Իր բերածը գետնին դնելով՝ գայլը հայացքն ուղղեց վախից համրացած տղային, ապա՝ ծերուկին և վազեց դեպի անտառ՝ սև հորիզոնին միաձուլվելով:

    Տղան մի պահ անվստահությամբ նայեց ծնծղաներին, ապա վերցրեց դրանք և սկսեց ուշադրությամբ ուսումնասիրել, իսկ ծերուկն ասաց.

    - Արդեն ժամանակն է, տղաս: Արի գնանք տուն:

    Երբ մոտեցան փայտաշեն խրճիթին՝ Ավոն նկատեց, որ այն ոչ պատուհաններ ունի, ոչ էլ՝ ծխնելույզ: Ծերուկը դուռը բացեց և տղային ուղեկցեց դեպի միակ սենյակը, որտեղ պատին կախված մի մեծ հայելուց բացի ուրիշ ոչինչ չկար:

    - Հիմա ինձ ուշադիր լսիր.- սկսեց ծերուկը,- այդ ծնծղաների օգնությամբ դու կարող ես բուժել հիվանդներին և ապաքինել վիրավորների վնասվածքները: Դրա համար պետք է նրանց մոտ գտնվելիս երեք անգամ ծնծղաները զարկես՝ ամեն զարկից հետո համապատասխան հերթականությամբ ասելով այս խոսքերը. Ալ-Լաթ, Ալ-Ուզզա, Մանաթ: Դու դա պետք է անես կեսգիշերից լուսաբացն ընկած ժամերին, մինչև աքաղաղը երեք անգամ կկանչի: Իսկ եթե ծնծղաները զարկելու ընթացքում գայլի ոռնոց լսես, թող ամեն ինչ և շտապիր այստեղ: Եթե ճանապարհը չգտնես կամ մոլորվես, իմ անունը գոռա, և ագռավս կթռչի քեզ մոտ ու կուղեկցի այստեղ: Չեմ կարծում, որ դա շուտով կլինի, այդ պատճառով էլ խնդրում եմ, որ մտապահես իմ խոսքերը: Իսկ հիմա անցնեմ բուն գործին. նայիր հայելուն, և կտեսնես այն ամենը, ինչ կա քո սրտում, ինչ զբաղեցնում է քո միտքը: Հենց դրա համար ես դու հիմա այստեղ գտնվում:

    Տղան կանգնեց հայելու դիմաց և իր արտացոլանքից բացի ոչինչ չտեսավ: Բայց մի քանի վայրկյան անց հայելու մակերեսը սկսեց խամրել, ու դրա մեջ պատկերներ ուրվագծվեցին: Տղան հանկարծ ճչաց և դուրս վազեց խրճիթից. հայելու մեջ մորն էր տեսել, ով ընկել էր անկողնուց և, փորձելով բարձրանալ, անօգնական հևում էր ու որդուն կանչում:

    - Գրողի ծոցը կորչեք, դժոխքի ծնունդներ,- գոռաց տղան,- ես էլ՝ ձեզ հետ: Ինչո՞ւ մորս մենակ թողեցի ու եկա այս անիծյալ վայրը:
    Նա վերցրեց ծերուկի կացինը, որը մի կերպ կարողացավ գետնից պոկել, քայլեց սայլի մոտ, կտրեց պարաններն ու ցատկեց ձիու վրա: Ազատություն ստացած կենդանին ինչքան ուժ ուներ, սլանում էր իրեն հայտնի ճանապարհով: Մարգագետնի արարածները կրնկակոխ հետապնդում էին նրանց, և թվում էր՝ ուր որ է կհասնեն: Բայց երկինքը արևելքում սկսեց շառագունել, լսվեց աքաղաղի կանչը, և նրանք կանգնեցին: Երկրորդ կանչի ժամանակ շրջվեցին ու քամուց էլ արագ հեռացան հակառակ ուղղությամբ, իսկ երրորդ կանչից հետո նրանց հետքն էլ չէր երևում:

    Ճանապարհը շատ ավելի երկար էր, քան թվում էր: Համարյա մի ամբողջ օր գնալուց հետո նա դուրս եկավ անտառից, իսկ երեկոյան կողմ քաղաքը երևաց: Կեսգիշերին տղան արդեն կանգնած էր տան դիմաց:
    Մայրը նույն դրությամբ պառկած էր, բայց փորձեց ժպտալ, երբ որդուն տեսավ: Ավոն գրկեց նրան, օգնեց բարձրանալ մահճակալին և ջուր տվեց: Հուսահատ նայում էր պատուհանից՝ չիմանալով՝ ինչ անել: Ու հանկարծ նկատեց, որ ծնծղաները քսակի հետ կախված են ձիու թամբից, չնայած հստակ հիշում էր, որ դրանք չէր վերցրել, և ձին էլ թամբած չէր: Մի փոքր մտածելուց հետո դուրս եկավ, դրանք ներս բերեց:

    «Ալ-Լաթ»՝ մայրը դադարեց զառանցել: «Ալ-Ուզզա»՝ նստեց: «Մանաթ»՝ զարմացած նայեց ծնծղաներին և փարվեց որդուն:

    - Իզուր կոպտեցի նրանց,- մտածեց տղան բերկրալի րոպեները վայելելուց հետո,- վաղն ևեթ կգնամ շնորհակալություն և ներողություն հայտնելու:

    Բայց առավոտյան դառնությամբ տեսավ, որ ձին անհետացել էր: Իսկ ճանապարհը նա չէր կարող գտնել: Ինչքան էլ հարցուփորձ արեց անտառամերձ գյուղերի բնակիչներին, ոչ ոք ոչ տեսել էր այդ մարգագետինը, ոչ էլ՝ լսել դրա մասին: Մի քանի շաբաթ ապարդյուն փնտրտուքներից հետո նա, ի վերջո, հրաժարվեց ծերուկին գտնելու մտքից: Բայց մարգագետնում տեղի ունեցածը նրա մտքից դուրս չէր գալիս:

    Քսակի գումարով նա քեռու հետ դարբնոց հիմնեց և քաղաքի լավագույն վարպետներին հրավիրեց աշխատելու: Մի քանի տարի անց նա հաջողակ գործարարի ու բարերարի համբավ ձեռք բերեց: Իր երաժիշտ ընկերներին նույնպես չէր մոռացել: Իսկ կեսգիշերին նա գնում էր քաղաքի մյուս ծայրը, ճանապարհին դիմակ հագնում, որպեսզի թաքցնի իր անձը, և իր գնած մի հյուղակում հիվանդներ ընդունում, բոլորին անվճար ապաքինում: Որպես հեքիմ՝ նրա հռչակը դուրս էր եկել քաղաքի սահմաններից:

    Մի օր ողջ երկրով մեկ տարածվեց սուլթանի աղջկա ծանր հիվանդության բոթը: Նրան շատ էին սիրում նրան իր բարության և իմաստնության համար, իսկ նրան տեսած տղաները խելքահան էին լինում աղջկա անսովոր գեղեցկությունից:

    Սուլթանը հրավիրել էր աշխարհահռչակ բժիշկների և հեքիմների, սակայն նրանցից ոչ մեկը չէր կարողանում գլուխ հանել աղջկա հիվանդությունից: Վերջապես, հերթը հասավ Ավոյին: Կեսգիշերին նա ծնծղաները վերցրեց, սուլթանի հետ մոտեցավ աղջկա մահճակալին և զարկեց իրար. «Ալ-Լաթ»՝ ոչինչ տեղի չունեցավ: «Ալ-Ուզզա»՝ տղային թվաց, թե հեռվում գայլի ոռնոց լսվեց: «Մանաթ»` ձայնն ավելի պարզ էր լսվում, իսկ աղջիկը դեռ նույնչափ հիվանդ էր: Տղան հիշեց ծերուկին ու նրա խոսքերը, ներողություն խնդրեց սուլթանից և վազեց դուրս: Ապա գոռաց Հեմզեի անունը, և հայտնվեց վերջինիս ագռավը, որը սկսեց ճախրել տղայի գլխավերևում: Ավոն ձի նստեց, և ագռավը սլացավ առաջ: Տղան հազիվ էր հասնում ծառերի ստվերների միջով թռչող ագռավին: Մեկ օր հետո, լուսնկա գիշերվա կեսին նա արդեն ծանոթ մարգագետնում էր:

    Ծերուկի տունը ավերակների էր վերածվել. պատերը քանդված էին, դուռն ընկած էր գետնին: Գայլը նրան սպասում էր այնտեղ: Գլխի շարժումներով տղային հասկացրեց, որ գետնի դուռը բացի, ապա ծնծղաները նետի այնտեղ: Այդ անելուն պես դռան շրջանակի ներսում հողը հրեղեն լեզվակներով պատվեց, և ագռավը լուսնի մոտ մի քանի պտույտ անելուց հետո սուզվեց դրանց մեջ: Գայլը հետ քաշվեց և սպասողական հայացքով նայեց տղային: Վերջինս մի պահ մտածեց և ցատկեց՝ նկատելով, որ գայլը նույնպես հետևեց իրեն:
    Նա հայտնվել էր ինչ-որ մեծ քարանձավում, որտեղ ցուրտ էր ու խոնավ: Ագռավն ու գայլը անհետացել էին: Մոխրագույն պատերը հազիվ էին լուսավորվում հեռվից երևացող անհայտ լույսի աղբյուրից: Որոշ ժամանակ կիսախարխափելով առաջ գնաց, մինչև հասավ դրան. ոսկե դարպասներ էին: Դրանք իրենք իրենց բացվեցին, և տղան տեսավ ադամանդակուռ գահին բազմած մի ծերունու, ում դժվարությամբ ճանաչեց:
    Հեմզեն ժպտում էր: Ագռավը կանգնել էր նրա ուսին, իսկ գայլը՝ բազմել կողքին:

    - Ողջույն, Ավո,- ասաց նա հանդիսավոր ձայնով ու, նկատելով տղայի անհամբեր հայացքը, շարունակեց,- եկել է հանելուկները լուծելու ժամանակը: Դու երևի վաղուց ես հասկացել, որ մենք հասարակ մահկանացուներ չենք: Այդ պատճառով էլ ձեր թերություններն ու թույլ կողմերը մեզ համար գոյություն չունեն: Բացառությամբ մի բանի:

    Սրանից ուղիղ հազար տարի առաջ Իյեն իր մշտական դեգերումներից մեկի ժամանակ հանդիպում է մի հասարակ գեղջկուհու՝ անտառապահի աղջկան, և սիրահարվում նրան: Մահասփյուռ ահեղ արարածը, ումից նույնիսկ Էլիֆն է վախենում, անզոր է գտնվում այդ զգացմունքի դեմ: Նա պատանու կերպարանք է ընդունում և օրեցօր կարողանում գրավել աղջկա սիրտը: Սակայն նա չէր կարող դիպչել գեղջկուհուն, քանի որ նրա հպումից մահկանացուներն իրենց երկրային կյանքն ավարտում են, իսկ ինքը անդրաշխարհ չի կարող մտնել: Ի վերջո, նա աղջկան բացահայտեց իր ով լինելը: Աղջիկը սկզբում մտածեց, թե երիտասարդը կատակում է, բայց երբ վերջինս իր աչքերի առաջ մի այծ սպանեց՝ դրան դիպչելով, հավատաց նրան: Խառը և հակասական զգացմունքներ տիրեցին աղջկան: Բայց որոշ ժամանակ անց նա ասաց, որ գերադասում է մահանալ սիրելիի գրկում, քան մի ողջ անմահություն ապրել նրանից հեռու: Իյեն չէր ուզում սիրելիին կորցնել, բայց, ի վերջո, տեղի տվեց նրա թախանձանքներին: Եվ նրանք համբուրվեցին, ինչից հետո նա գրկեց աղջկա անշնչացած մարմինը, բարձրացավ բլրի վրա և սգաց նրա մահը: Բայց անկարող էր հաշտվել նրա կորստի հետ, ու ստիպված դիմեց Էլիֆին. խոստացավ, որ հազար տարով կհրաժարվի իր ազատությունից, գայլի կերպարանք կընդունի և կդառնա նրա ծառան, միայն թե կարողանա իր սիրեցյալին վերադարձնել երկիր: Սակայն Էլիֆը, Իյեին ստրկացնելուց հետո սովորության համաձայն դրժեց իր երդումը: Այդ ժամանակ էլ հայտնվեցի ես ու նրան առաջարկեցի իմ օգնությունը. նա կարող էր հազար տարուց հետո, երբ վերստին ազատ կլիներ, իր սիրելիին հանդիպել այստեղ՝ իմ աշխարհում, պարզապես առանց մաքուր և քաջ սիրտ ունեցող մարդու ուղեկցության նա չէր կարող այստեղ գալ: Դու էլ հենց ուղեկցեցիր նրան այստեղ իմ պատրաստած ծնծղաների օգնությամբ: Հիմա ազատ ես...
    Տղան զարթնեց սուլթանի պալատում: Մինարեթի հետևից արևը ծագում էր, իսկ սուլթանի աղջիկն ամբողջությամբ ապաքինված էր: Սուլթանն աշխարհով մեկ եղավ ու աղջկան կնության տվեց Ավոյին, նրանք երջանիկ ապրեցին մինչև իրենց կյանքի վերջ, և այս տարօրինակ պատմությունը մոռացվեց: Հիշվում են միայն հետագա տարիներին նրա դարբնոցում պատրաստված ծնծաղները, որոնք առ այսօր էլ աշխարհում լավագույնն են համարվում:



    Նմանակում՝ Գրիմ Եղբայրներ
    Վերջին խմբագրող՝ Վոլտերա: 15.02.2014, 16:05:
    Blessed the poison which brings the end

  24. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (19.02.2014), E-la Via (17.02.2014), Sambitbaba (16.02.2014), Smokie (15.02.2014), Աթեիստ (15.02.2014)

  25. #13
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այ հիմա արդեն ուրախ քննարկումներ
    Blessed the poison which brings the end

  26. #14
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու՜խ, պատմվածքները քիչ են ու կարճ
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  27. #15
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վոլտերա-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարբերակ 2. Վրեժը
    Վատը չէր: սովորական:

    Վերջերում նախօրոք զգացի, թե ինչ կլինի Բզնունու հետ, իսկ համոզվելուց հետո արդեն պարզից էլ ակնհայտ «Չինովնիկի մահն էր»` Չեխովից կարդացածս էն եզակի ստեղծագործությունից մեկը:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (15.02.2014)

Էջ 1 20-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 198
    Վերջինը: 23.02.2015, 14:57
  2. Արձակ. Նոր Ստեղծագործական Մրցույթ. Նմանակում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 86
    Վերջինը: 12.02.2014, 07:32
  3. Արձակ. Ստեղծագործական մրցույթ: Պատահական ծանոթություն: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 737
    Վերջինը: 21.10.2013, 14:53
  4. Արձակ. Ստեղծագործական մրցույթ. Կարճ պատմվածք (Քվեարկություն և քննարկում)
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 554
    Վերջինը: 07.09.2013, 19:56
  5. Գրառումներ: 737
    Վերջինը: 24.03.2013, 01:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •