User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակ(ներ)ն եք հավանում

Քվեարկողներ
25. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Տարբերակ 1. Պոզ- Ivy

    19 76.00%
  • Տարբերակ 2. Վրեժը- Այբ

    3 12.00%
  • Տարբերակ 3. Մարսի թուզը- StrangeLittleGirl

    10 40.00%
  • Տարբերակ 4. Կակաչներ- StrangeLittleGirl

    8 32.00%
  • Տարբերակ 5. Անիծյալը- Այբ

    5 20.00%
  • Տարբերակ 6. Հովսեփի ծնունդը- Sambitbaba

    1 4.00%
  • Տարբերակ 7. Հողը- Ivy

    13 52.00%
  • Տարբերակ 8. Անեկդոտ Ա-ԼՅԱ Պալանիկ- Sambitbaba

    2 8.00%
  • Տարբերակ 9. Մեծ փոփոխություն- Էռնեստ Հեմինգուեյ

    4 16.00%
  • Տարբերակ 10. Կախարդական ծնծղաները- Skeptic

    10 40.00%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 297 հատից

Թեմա: Ստեղծագործական մրցույթ: Նմանակում: Քվեարկություն և քննարկում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #2
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 1. Պոզ


    Երբ Հարի Դիքսը մատները տանում է պահածոյի մեջ ու դուրս հանածը թափով մտցնում մինչև կոկորդը, օդը քարանում է:
    Երբ Հարի Դիքսը թքից փայլող մատները նորից խցկում է մետաղյա ամանի խորքը ու մսոտ տարթի նոր շերտ հանում, գարշահոտը երկինք է հասնում:
    Երբ Հարի Դիքսը լեզվի ծայրով լպստում է ամանի շուրջ լղոզվածը՝ միաժամանակ սրբելով մատները փորի ծալքերի արանքում, ամեն ինչ իր տեղն է ընկնում:
    Հարի Դիքսի մայրիկը:
    Այս նախադասությունն արդեն իսկ լավ է, բայց դեռ շարունակություն էլ ունի:
    Հարի Դիքսի մայրիկը արդեն մի ամիս է, ինչ լցնում է սառնարանը մսի պահածոներով, որոնց վրա գրված է „Bozigian“: Սա Հարի Դիքսի մայրիկի ամենամեծ հայտնաբերությունն է: Տարվա կտրվածքով:
    Հնարավոր է, որ հենց Հարի Դիքսի որովայնն է առաջ տանում „B.“ բիզնեսը, բայց Մարալ Բոզիգյանը թքած ունի դրա վրա, որովհետև ամբողջ դպրոցում նա միայն ինձ վրա է նայում, թեև ես բերան անգամ չեմ դրել նրանց արտադրած մսոտ աղբը:
    -Հեյ, Ջո,- ասում է ինձ մեծգլուխ Ստիվը, որի ակնոցը հավանաբար Սանտա Անա աստղադիտակի ապակիներից են սարքել,- բախտավոր շան տղա ես դու:
    Եվ նա գիտի, թե ինչ է ասում: Մարալ Բոզիգյանի աչքերը մահ են, ա լյա բժիշկ Կևորկյան, կմախքի դասավորությունն էլ՝ լրիվ Քիմ Քարդաշյան: Բախտավոր շան տղա եմ ես, թեև բերան չեմ դրել նրանց արտադրած աղբը:

    Դեռ սեպտեմբերին, երբ Լիզի ծնողներն արշավի էին գնացել Լոսթ Քոսթ՝ հին ոսկորներն իրար տալու, ու մենք ամբողջ ավագ դպրոցով լցվել էինք նրանց տուն, ես գիտեի, որ տարին լավ է սկսվել: Այդ օրն ալկոհոլ էլ կար, մեծգլուխ Ստիվը հոր խանութից էր թռցրել: Ամեն մեկիս միայն մի կում հասավ, բայց ինչ կում էր դա, գրողը տանի:
    Ու կանգնած եմ ես Լիզենց պատշգամբում, որտեղ պարկերի մեջ գունավոր սրվակներ են լցված, չհարցնեք ինձ, թե ինչ նպատակով, ու մտածում եմ, որ կյանքը հենց հիմա կատարման մեջ է: Ի դեպ, շատ խորը էքզիստենցիալ միտք, որը հասկանալ կարող են միայն առանձնահատուկ մարդիկ:
    -Բարև, լուրջ տղա,- հետևից ասում է ինձ մեկն այնպիսի ձայնով, որ մտածում եմ՝ սա նախաճաշին հում ձու է կուլ տվել:
    Շրջվում եմ: Սուրբ Թերեզա: Այն մի քանի կաթիլ ջինը, որ խմել էի, կամաց հետ է բարձրանում կոկորդովս, հետո ավելի վեր ու թափով տալիս գլխիս: Հանգիստ, չխառնվես:
    -Ես Մարալն եմ Բոզիգյան,- ասում է նա:
    Չգիտեմ ինչ է դա նշանակում, բայց կյանքումս լսած լավագույն բանն է:
    Նա ժպտում է: Իմ բերանն էլ է սկսվում բացվել: Ու այդպես բաց մնում:

    Հետո ես տեսնում եմ ինձ կողքից: Արդեն խոսում եմ, նա ծիծաղում է: Ավազի ժամացույցը, որ նա կրում է այնտեղ, որտեղ ուրիշների մոտ մարմինն է, ցնցվում է մրգային դոնդողի նման: Երբ նա ծիծաղում է: Ես փորձում եմ ինձ համոզել, որ չեմ նկատում դա: Անգամ կողքից:
    Հետո պատմում է, որ Մարալ նշանակում է ինչ-որ կենդանի: Իրենց լեզվով: Իսկ ազգանվան մեջ «պոզ» բառն է, «բոզիգ»՝ «փոքր պոզ»:
    Հետո աղմուկ է բարձրանում: Լիզենց առաջին հարկում գորգ է վառվում: Հարի Դիքսը կանգնած է պատերի արանքում ու փորձում է իր բոլոր յուղերը տեղավորել մի պատից մյուսն անցնող անկյան մեջ: Որ կրակը հանկարծ իրեն չխորովի: Թեև կրակը հենց նրան է փնտրում՝ որպես լավ մսացու: Ու ես արդեն պատկերացնում եմ, թե ոնց է Հարի Դիքսը ճթճթում հրդեհի մեջ՝ մորթվող խոզի պես գոռալով: Բայց մեծգլուխ Ստիվը արագ հանգցնում է կրակը, ու խրախճանքն ավարտվում է: Հարի Դիքսի ճարպերը փրկված են: Լիզը գոռգոռում է բոլորի վրա, ու ամբողջ տեսարանն ինձ մի ծանոթ կոմիքս է հիշեցնում: Ցրվում ենք տներով:

    Իմ քեռի Լյուկը, որ նոր է դուրս եկել ռեհաբից, դեռ մինչև այնտեղ ընկնելը միշտ նույն բանն էր կրկնում:
    -Լսիր, Ջո, արա այս կյանքում ինչ կուզես: Միայն թե երեք բան հիշիր: Երբեք չփորձես ծախել մի բան ավելի թանկ, քան առել ես: Երբեք չասես կնոջդ, թե իր սարքածից կերել ես ուրիշ տեղ, ու ավելի համով էր: Եվ վերջապես, ամենակարևորը, Ջո: Երբեք գործ չունենաս հայերի հետ:
    Սա իմ քեռի Լյուկի կյանքի դասերն են, որոնք նա իր հետ ռեհաբ է տարել ու անվնաս հետ բերել:
    Ծնողներս ասում են, որ հիմա չարժի այցելել քեռի Լյուկին, բայց ես կուզեի խոսել նրա հետ: Ես կհարցնեի նրան, թե ինչ նկատի ունի նա իր երրորդ պատգամով: Պատգամը երևի թե ճիշտ բառ է այստեղ, թեև ինձ ամենևին դուր չի գալիս: Նաև կհարցնեի, թե գիտի ինքն արդյոք այնպիսի ազգանուններ, որոնց մեջ «պոզ» բառը կա, ու արդյոք դա սատանայի վկայություն է: Իմ քեռի Լյուկը հավատացյալ է, նա այդ հարցերում մասնագետ տղա է:

    Մարալի հետ ծանոթանալուց ի վեր, ես էլ եմ ինձ տվել հավատին ու հաճախ եմ մտաբերում բոլոր սրբերին:
    Ահա կանգնած է նա իմ առաջ, ու հայացքս կուլ է գնում վզից կախած խաչին, որի վրա հանգչում է Քրիստոսը: Այդ սուրբ մետաղի ստորին ծայրը մտած է երկու աստվածային լանջերի արանքը, որոնք կամաց բարձրանում իջնում են Մարալի շնչառությունից: Քրիստոսը կախված է ուղիղ դրախտում: Այնտեղ հայտնվելու համար անգամ ես եմ պատրաստ խաչվել:
    Ես թուքս կուլ եմ տալիս ու փորձում մտքերս վերև բերել: Գոնե մինչև ստամոքսիս խոռոչ, այնտեղից դեպի գլուխ արդեն երկար ճանապարհ չի:
    Ես չեմ ուզում, որ Մարալը մտածի, թե փսլնքոտի մեկն եմ, մի „average Joe“, ով իրեն կորցնում է՝ լանջավոր աղջիկ տեսնելիս: Ծնողներս սխալ անուն են ընտրել ինձ համար. ինձ նախատեսված չի հասարակ լինել: Այս մի Ջոն առանձնահատուկ է, ու համոզված եմ, Մարալը հենց այդպես էլ կարծում է: Այլապես նրա աչքը հենց ինձ վրա չէր կանգնի ամբողջ ավագ դպրոցում, որտեղ բոլորը պատրաստ են իրենց բութ մատը զոհաբերել նրա կողքին լինելու համար: Երբ ասում եմ՝ բոլորը, անգամ Քսավիերին նկատի ունեմ, ով ավելի թափով է, քան ես ու մեծգլուխ Ստիվը միասին վերցրած:

    Չէ, ես հասարակ տղա չեմ: Ու հասարակ չլինելու համար ես փիլիսոփայություն եմ կարդում: Հարցրեք ավագ դպրոցում, թե քանիսն են ճանաչում Կիերկեգորին կամ Կանտին: Կանցնի ընդամենը մի քանի տարի, ու ես կսկսեմ հասկանալ, թե ինչի մասին են նրանք գրում, իսկ հիմա միայն կարդում եմ:
    Սա իմ կյանքի պլանն է: Լինել առանձնահատուկ: Ու ես ճիշտ ուղու վրա եմ: Բոզիգյան Մարալն ինձ է ընտել: Ես ճիշտ ուղու վրա եմ:
    Արժեր խոսել քեռի Լյուկի հետ:

    Ստիվն ինձ կանչում է իրենց տուն վիդեոխաղերով զբաղվելու, բայց ես նախընտրում եմ պլպլացնել սուպերմարկետի հատակն ու հեռու վանել այն մտքերը, որ այնտեղով անցել է Հարի Դիքսը: Հենց մսի պահածոների շարքի մոտ հսկա կեղտահետքեր են: Ես ուշադիր նայում եմ հատակին: Չէ, Հարի Դիքսը հաստատ այսքան մեծ ոտք չունի: Մեքենայի տակից հոսում է ջուրը, խոզանակները լիզում են գետինը: Մեկ, երկու, երեք, չկա ոտնահետք: Ես բռնել եմ մեքենայի կանթից ու նայում եմ պահածոներին գրված „Bozigian“-ին: Սրանով ես անգամ շանս չէի կերակրի: Եթե ունենայի շուն կամ եթե քեռի Լյուկն ունենար: Սրա մասին ես Մարալին ասել չեմ կարող, ի սեր բոլոր սրբերի, ես դա չեմ կարող ասել Մարալին:
    Երբ աշխատանքս վերջանա, ես մի քանի դոլարով ավելի հարուստ կլինեմ, բայց ես ինձ արդեն իսկ հարուստ եմ զգում: Ինձ մոտ միշտ այդպես է, երբ բռնում եմ մեքենայիս կանթը: Հասարակ մարդկանց մոտ այդպես չի լինում:

    Մտքիս կար Մարալի հետ կինո գնալ: Ու կինոյի ժամանակ ձեռքս գցել նրա ուսին, որ ինքն իմանար՝ մենք միասին ենք, ինքն իմ աղջիկն է:
    Կինոն սկսվում է, հենց մտնում եմ դպրոց: Միջանցքով դեպի ինձ են գալիս երկու ավազի ժամացույցներ՝ մեկը մյուսից կատարյալ: Քրիստոսներն էլ ճոճվում են դրախտում:
    -Քույրդ է՞,- փորձում եմ սովորական զրույց սկսել ես:
    -Չէ, մայրս է, ծանոթացիր:
    Դա հնարավոր չի: Կամ ես պիտի հավատամ պոզերի ու սատանեքի գոյությանը: Ակնհայտ է, որ միսիս B.-ն ամեն առավոտ լողանում է կույսերի արյան մեջ: Ինչ Կլեոպատրայի վաննաներ, դրանք երեկվա պատմություն են: Գրողը տանի: Այս տեսարանն իմ աչքի առաջ է:
    Մայր պոզ ու դուստր պոզիկ: Boz ու Bozig:
    Կյանքն իր կատարման մեջ է:
    -Դու խիզախ տղա ե՞ս, Ջո:
    -Այո, մէմ,-պատասխանում եմ ես մշուշի մեջ:
    -Դե տես,- ասում է նա ժպտալով:
    Հետո նայում է աղջկան ու գլխով անում՝ որպես հավանության նշան: Կամ ինձ այդպես է թվում, որ դա հավանության նշան է:

    Դասերից հետո Լիզի ուսապարկն եմ նորոգում: Լիզն իմ մանկության ընկերն է, բայց ինձ դուր չի գալիս, որ փորձում է մեծ քույր խաղալ գլխիս: Լիզն ուղղում է ձեռքի պլաստմասե մատանիները, որոնք չորս ցենտով է գնել, հետո ջինսի վրայից թելեր է հավաքում, հետո նայում է հեռախոսին: Բայց ես գիտեմ, որ նրա մտքին միայն մի բան է, ուզում է Մարալի մասին խոսել:
    -Քո մտքով երբևէ անցել է՞,-սկսում է նա:
    Ես գիտեմ շարունակությունը, հեռու մնա Լիզ, հավեսդ չունեմ, ուսապարկդ վերցրու, չքվիր: Չէ, Լիզն ուզում է խոսել: Նա ուզում է ասել, որ Մարալը տարօրինակ է, ոչ ոքի հետ մտերմություն չի անում, դասերին ձայն չի հանում, բայց բոլոր գնահատականները բարձր են: Ու որ նրանց մսամթերքն ուտելու բան չի, բայց միևնույն է ամսվա ամենավաճառվող ապրանքն է: Դա Լիզն իր մորից գիտի, ով վիճակագրությամբ է զբաղվում: Հենց նրա մայրն է պատճառը, որ իմ մանկության ընկեր Լիզն իրեն կյանք տեսած աղջիկ է համարում ու փորձում ինձ խելք սովորեցնել:

    Վերջերս Լիզը հայտնաբերել է տեսագրություններ, որտեղ իր մայրն ու հայրը շատ անհարմար դիրքերով են: Երբ առավոտյան քեզ համար պանքեյք սարքած մորդ տեսնում ես վրան լատեքս ու կաշի քաշած դոմինայի դերում, ով հորդ հետույքի մեջ տարբեր սրվակներ է խցկում ու մտրակում, այն ժամանակ երբ վերջինս գրիլ դրած հավի լոճված դիրքում խնդրում է ավելի խիստ պատժել իրեն, դա հաստատ ազդում է գլխիդ վրա: Ու շատ վատ է ազդում, որովհետև ծնողների սեքսը անմարսելի կաղամբ է, որի մասին լավագույնը, ինչ կարող ես մտածել, այն է, որ դա չկա, գոյություն չունի: Իսկ իմանալ, որ ծնողներդ ֆետիշիստ են ու իրականում ոչ թե արշավների են գնում, այլ դոմինա խաղերի, որոնք հետո տեսագրում ու նայում են տանը, կարգին ուժեղ դոզա է: Ու Լիզն այդ դոզայի տակ է մնացել: Լիզը հավանաբար մտածում է, որ ինքն առանձնահատուկ է, որովհետև գիտի այն, ինչ գիտի: Իրականում Լիզն առանձնահատուկ չի, նա հասարակ աղջիկ է, „average Joe“, ինչ էլ տեսած լինի: Բայց ես կուզեի, որ Լիզը դա տեսած չլիներ, ու կուզեի, որ ես իմացած չլինեի, որ ինքը դա տեսել է:
    Հիմա Լիզը կսկսի խրատել, որ այդ աղջկանից հեռու մնամ, սիրտը լավ բան չի վկայում: Գնա գործիդ, Լիզ: Դու ոչինչ չգիտես Մարալի մասին:
    Ճիշտը որ խոսենք, ես էլ չգիտեմ:
    Ես ուզում եմ ճանաչել նրան, հարցեր տալ, իմանալ: Ուզում եմ հանդիպումներ ունենալ հետը, իսկական, դպրոցից դուրս, ձեռքեր բռնելով:

    -Ջո:
    Պոզիկն ուղիղ աչքերիս մեջ է նայում: Ու աջ ձեռքով կամաց ուղղում է ձախ կողմի մազերը: Դրախտի հավքերը սկսում են երգել ականջներիս մեջ: Ավել ի՞նչ եմ ուզում իմանալ այս աղջկա մասին:
    -Կուզե՞ս տեսնել մեր արտադրամասը:
    Հենց դրա մասին եմ երազում, Հարի Դիքսի մայրիկը վկա:
    -Կարող ենք գիշերը գնալ, երբ այնտեղ ոչ ոք չկա:
    Նա ասաց՝ գիշերը՞:
    -Մինչև առավոտվա հինգն այնտեղ ոչ ոք չի լինում:
    Առավոտվա հինգը...
    Գլուխս եռում է: Ծնողներս թող իմանան, որ մնում եմ Ստիվենց մոտ: Ստիվին պիտի ասել, որ չմատնի: Գլխավոր հարցը լուծված է:
    Առավոտվա հինգը: Հավքերը երգում են:
    Լիզն է անցնում մեր կողքով, նա ձեռքը տանում է Մարալի մազերին ու հետ քաշում: Ափի մեջ սատկած բզեզ է, նրանցից, որ ներքև են թռչում ու ծանր բզզում, ու թվում է՝ հազիվ են մնում օդում:
    -Սա մազերիդ մեջ էր,- ասում է Լիզը:
    Ես գիտեմ, որ դա սուտ է:
    Մարալը վերցնում է սատկած միջատը, դնում ափի մեջ, ու ձեռքը բռունցք անում:
    -Շնորհակալություն,- ասում է նա հանգիստ:
    Ես մտածում եմ, որ հիմա կբացի ձեռքն, ու այն դատարկ կլինի: Պոզավոր ֆոկուսներ: Բայց տեսնում եմ, որ սեղմած ափի միջից դեղին հեղուկ է ծորում:

    Մսաղացների մռայլ երկաթներն անշարժ են: Օդում սառած է Հարի Դիքսի վրայից փչող գարշահոտը: Ես փորձում եմ զգալ իրավիճակի ռոմանտիկան, բայց այնքան էլ չի ստացվում: Մարալը բռնել է ձեռքս, ես մրսում եմ: Քայլում ենք լուռ, ես չգիտեմ, թե ինչ գործ ունեմ այստեղ:
    -Դու քաջ ե՞ս, Ջո:
    Դիմացս միսիս B.-ն է: Մարալը բաց է թողնում ձեռքս, գնում կանգնում է մոր կողքին: Boz ու Bozig տեսարան: Նրանց աչքերում սառը փայլ կա: Մսաղացը միանում է:
    -Դու ուզո՞ւմ ես լինել հասարակ, Ջո:
    Սա նշան է, որ գնալու ժամանակն է, բայց դուրս տանող ոչ մի անցք չեմ տեսնում:
    -Ես գիտեմ, որ դու ուզում ես առանձնահատուկ լինել:
    Ո՞վ է խոսում, մեծը, թե փոքրը:
    -Դու կլինես մեր այս տարվա մատաղը: Որ գործերը շարունակեն հաջող ընթանալ:
    Ի՞նչը կլինեմ, այդ բառը ես չեմ հասկանում:
    -Սա առանձնահատուկ լինելու լավագույն ձևն է, Ջո: Այս քաղաքում դեռ ոչ ոք մսաղացը չի նետվել:
    Ու հանկարծ ես հասկանում եմ: Սա խաղ է, նրանք փորձում են ինձ: Քսանմեկերորդ դարում ոչ ոքի մսաղացը չեն նետում, այդպես չի լինում: Սա խաղ է, նրանք փորձում են իմ քաջությունը:
    -Տխուրն այն է, որ ես ձեր մասին այդպես էլ ոչինչ չեմ իմանա,- ասում եմ ես հեգնանքով,- պետք էր լսել քեռի Լյուկին:
    -Տխուրն այն է, Ջո,- ասում է Մարալը,- որ մենք ինքներս էլ ոչինչ չգիտենք մեր մասին:
    Նրա ձայնում տխրություն չկա:
    Ուսերս լարվում են, որովհետև զգում եմ, որ ինձ կամաց առաջ են հրում: Կյանքն իր կատարման մեջ է, գրողը տանի: Ու ես առանձնահատուկ Ջո եմ:
    Սա ընդամենը խաղ է, կրկնում եմ ես ինձ: Հետո մտածում, որ գուցե պետք լինի սիրել Հարի Դիքսին: Հնարավոր է, ես վաղը դառնամ նրա ճարպերի մի մասը:
    Հնարավոր է:

    Նմանակում՝ Չակ Պալանիկ
    Վերջին խմբագրող՝ Վոլտերա: 14.02.2014, 20:08:
    Blessed the poison which brings the end

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (19.02.2014), E-la Via (16.02.2014), impression (16.02.2014), Lílium (28.02.2014), melancholia (18.02.2014), Sambitbaba (15.02.2014), Vardik! (16.03.2014), Արէա (15.02.2014), Դատարկություն (18.02.2014), Հայկօ (21.02.2014), Նաիրուհի (15.02.2014), Պիրիտ (14.02.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 198
    Վերջինը: 23.02.2015, 14:57
  2. Արձակ. Նոր Ստեղծագործական Մրցույթ. Նմանակում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 86
    Վերջինը: 12.02.2014, 07:32
  3. Արձակ. Ստեղծագործական մրցույթ: Պատահական ծանոթություն: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 737
    Վերջինը: 21.10.2013, 14:53
  4. Արձակ. Ստեղծագործական մրցույթ. Կարճ պատմվածք (Քվեարկություն և քննարկում)
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 554
    Վերջինը: 07.09.2013, 19:56
  5. Գրառումներ: 737
    Վերջինը: 24.03.2013, 01:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •