User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակ(ներ)ն եք հավանում

Քվեարկողներ
25. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Տարբերակ 1. Պոզ- Ivy

    19 76.00%
  • Տարբերակ 2. Վրեժը- Այբ

    3 12.00%
  • Տարբերակ 3. Մարսի թուզը- StrangeLittleGirl

    10 40.00%
  • Տարբերակ 4. Կակաչներ- StrangeLittleGirl

    8 32.00%
  • Տարբերակ 5. Անիծյալը- Այբ

    5 20.00%
  • Տարբերակ 6. Հովսեփի ծնունդը- Sambitbaba

    1 4.00%
  • Տարբերակ 7. Հողը- Ivy

    13 52.00%
  • Տարբերակ 8. Անեկդոտ Ա-ԼՅԱ Պալանիկ- Sambitbaba

    2 8.00%
  • Տարբերակ 9. Մեծ փոփոխություն- Էռնեստ Հեմինգուեյ

    4 16.00%
  • Տարբերակ 10. Կախարդական ծնծղաները- Skeptic

    10 40.00%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 297 հատից

Թեմա: Ստեղծագործական մրցույթ: Նմանակում: Քվեարկություն և քննարկում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ստեղծագործական մրցույթ: Նմանակում: Քվեարկություն և քննարկում

    Քվեարկության պայմանները



    Ստեղծագործությունները տեղադրվում են հեղինակների անուններով:

    Քվեարկությունը լինելու է բաց և տևելու է 5 օր:

    Ստեղծագործությունների հեղինակները չեն կարող քվեարկել սեփական տարբերակի օգտին:

    Քվեարկությունը բազմակի է, կարելի է քվեարկել մեկից ավելի հավանած տարբերակների օգտին, սակայն դա պետք է արվի միաժամանակ:

    Գրառման տեսքով քվեները չեն հաշվելու:
    Blessed the poison which brings the end

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (14.02.2014), Այբ (14.02.2014), Փոքրիկ շրջմոլիկ (14.02.2014)

  3. #2
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 1. Պոզ


    Երբ Հարի Դիքսը մատները տանում է պահածոյի մեջ ու դուրս հանածը թափով մտցնում մինչև կոկորդը, օդը քարանում է:
    Երբ Հարի Դիքսը թքից փայլող մատները նորից խցկում է մետաղյա ամանի խորքը ու մսոտ տարթի նոր շերտ հանում, գարշահոտը երկինք է հասնում:
    Երբ Հարի Դիքսը լեզվի ծայրով լպստում է ամանի շուրջ լղոզվածը՝ միաժամանակ սրբելով մատները փորի ծալքերի արանքում, ամեն ինչ իր տեղն է ընկնում:
    Հարի Դիքսի մայրիկը:
    Այս նախադասությունն արդեն իսկ լավ է, բայց դեռ շարունակություն էլ ունի:
    Հարի Դիքսի մայրիկը արդեն մի ամիս է, ինչ լցնում է սառնարանը մսի պահածոներով, որոնց վրա գրված է „Bozigian“: Սա Հարի Դիքսի մայրիկի ամենամեծ հայտնաբերությունն է: Տարվա կտրվածքով:
    Հնարավոր է, որ հենց Հարի Դիքսի որովայնն է առաջ տանում „B.“ բիզնեսը, բայց Մարալ Բոզիգյանը թքած ունի դրա վրա, որովհետև ամբողջ դպրոցում նա միայն ինձ վրա է նայում, թեև ես բերան անգամ չեմ դրել նրանց արտադրած մսոտ աղբը:
    -Հեյ, Ջո,- ասում է ինձ մեծգլուխ Ստիվը, որի ակնոցը հավանաբար Սանտա Անա աստղադիտակի ապակիներից են սարքել,- բախտավոր շան տղա ես դու:
    Եվ նա գիտի, թե ինչ է ասում: Մարալ Բոզիգյանի աչքերը մահ են, ա լյա բժիշկ Կևորկյան, կմախքի դասավորությունն էլ՝ լրիվ Քիմ Քարդաշյան: Բախտավոր շան տղա եմ ես, թեև բերան չեմ դրել նրանց արտադրած աղբը:

    Դեռ սեպտեմբերին, երբ Լիզի ծնողներն արշավի էին գնացել Լոսթ Քոսթ՝ հին ոսկորներն իրար տալու, ու մենք ամբողջ ավագ դպրոցով լցվել էինք նրանց տուն, ես գիտեի, որ տարին լավ է սկսվել: Այդ օրն ալկոհոլ էլ կար, մեծգլուխ Ստիվը հոր խանութից էր թռցրել: Ամեն մեկիս միայն մի կում հասավ, բայց ինչ կում էր դա, գրողը տանի:
    Ու կանգնած եմ ես Լիզենց պատշգամբում, որտեղ պարկերի մեջ գունավոր սրվակներ են լցված, չհարցնեք ինձ, թե ինչ նպատակով, ու մտածում եմ, որ կյանքը հենց հիմա կատարման մեջ է: Ի դեպ, շատ խորը էքզիստենցիալ միտք, որը հասկանալ կարող են միայն առանձնահատուկ մարդիկ:
    -Բարև, լուրջ տղա,- հետևից ասում է ինձ մեկն այնպիսի ձայնով, որ մտածում եմ՝ սա նախաճաշին հում ձու է կուլ տվել:
    Շրջվում եմ: Սուրբ Թերեզա: Այն մի քանի կաթիլ ջինը, որ խմել էի, կամաց հետ է բարձրանում կոկորդովս, հետո ավելի վեր ու թափով տալիս գլխիս: Հանգիստ, չխառնվես:
    -Ես Մարալն եմ Բոզիգյան,- ասում է նա:
    Չգիտեմ ինչ է դա նշանակում, բայց կյանքումս լսած լավագույն բանն է:
    Նա ժպտում է: Իմ բերանն էլ է սկսվում բացվել: Ու այդպես բաց մնում:

    Հետո ես տեսնում եմ ինձ կողքից: Արդեն խոսում եմ, նա ծիծաղում է: Ավազի ժամացույցը, որ նա կրում է այնտեղ, որտեղ ուրիշների մոտ մարմինն է, ցնցվում է մրգային դոնդողի նման: Երբ նա ծիծաղում է: Ես փորձում եմ ինձ համոզել, որ չեմ նկատում դա: Անգամ կողքից:
    Հետո պատմում է, որ Մարալ նշանակում է ինչ-որ կենդանի: Իրենց լեզվով: Իսկ ազգանվան մեջ «պոզ» բառն է, «բոզիգ»՝ «փոքր պոզ»:
    Հետո աղմուկ է բարձրանում: Լիզենց առաջին հարկում գորգ է վառվում: Հարի Դիքսը կանգնած է պատերի արանքում ու փորձում է իր բոլոր յուղերը տեղավորել մի պատից մյուսն անցնող անկյան մեջ: Որ կրակը հանկարծ իրեն չխորովի: Թեև կրակը հենց նրան է փնտրում՝ որպես լավ մսացու: Ու ես արդեն պատկերացնում եմ, թե ոնց է Հարի Դիքսը ճթճթում հրդեհի մեջ՝ մորթվող խոզի պես գոռալով: Բայց մեծգլուխ Ստիվը արագ հանգցնում է կրակը, ու խրախճանքն ավարտվում է: Հարի Դիքսի ճարպերը փրկված են: Լիզը գոռգոռում է բոլորի վրա, ու ամբողջ տեսարանն ինձ մի ծանոթ կոմիքս է հիշեցնում: Ցրվում ենք տներով:

    Իմ քեռի Լյուկը, որ նոր է դուրս եկել ռեհաբից, դեռ մինչև այնտեղ ընկնելը միշտ նույն բանն էր կրկնում:
    -Լսիր, Ջո, արա այս կյանքում ինչ կուզես: Միայն թե երեք բան հիշիր: Երբեք չփորձես ծախել մի բան ավելի թանկ, քան առել ես: Երբեք չասես կնոջդ, թե իր սարքածից կերել ես ուրիշ տեղ, ու ավելի համով էր: Եվ վերջապես, ամենակարևորը, Ջո: Երբեք գործ չունենաս հայերի հետ:
    Սա իմ քեռի Լյուկի կյանքի դասերն են, որոնք նա իր հետ ռեհաբ է տարել ու անվնաս հետ բերել:
    Ծնողներս ասում են, որ հիմա չարժի այցելել քեռի Լյուկին, բայց ես կուզեի խոսել նրա հետ: Ես կհարցնեի նրան, թե ինչ նկատի ունի նա իր երրորդ պատգամով: Պատգամը երևի թե ճիշտ բառ է այստեղ, թեև ինձ ամենևին դուր չի գալիս: Նաև կհարցնեի, թե գիտի ինքն արդյոք այնպիսի ազգանուններ, որոնց մեջ «պոզ» բառը կա, ու արդյոք դա սատանայի վկայություն է: Իմ քեռի Լյուկը հավատացյալ է, նա այդ հարցերում մասնագետ տղա է:

    Մարալի հետ ծանոթանալուց ի վեր, ես էլ եմ ինձ տվել հավատին ու հաճախ եմ մտաբերում բոլոր սրբերին:
    Ահա կանգնած է նա իմ առաջ, ու հայացքս կուլ է գնում վզից կախած խաչին, որի վրա հանգչում է Քրիստոսը: Այդ սուրբ մետաղի ստորին ծայրը մտած է երկու աստվածային լանջերի արանքը, որոնք կամաց բարձրանում իջնում են Մարալի շնչառությունից: Քրիստոսը կախված է ուղիղ դրախտում: Այնտեղ հայտնվելու համար անգամ ես եմ պատրաստ խաչվել:
    Ես թուքս կուլ եմ տալիս ու փորձում մտքերս վերև բերել: Գոնե մինչև ստամոքսիս խոռոչ, այնտեղից դեպի գլուխ արդեն երկար ճանապարհ չի:
    Ես չեմ ուզում, որ Մարալը մտածի, թե փսլնքոտի մեկն եմ, մի „average Joe“, ով իրեն կորցնում է՝ լանջավոր աղջիկ տեսնելիս: Ծնողներս սխալ անուն են ընտրել ինձ համար. ինձ նախատեսված չի հասարակ լինել: Այս մի Ջոն առանձնահատուկ է, ու համոզված եմ, Մարալը հենց այդպես էլ կարծում է: Այլապես նրա աչքը հենց ինձ վրա չէր կանգնի ամբողջ ավագ դպրոցում, որտեղ բոլորը պատրաստ են իրենց բութ մատը զոհաբերել նրա կողքին լինելու համար: Երբ ասում եմ՝ բոլորը, անգամ Քսավիերին նկատի ունեմ, ով ավելի թափով է, քան ես ու մեծգլուխ Ստիվը միասին վերցրած:

    Չէ, ես հասարակ տղա չեմ: Ու հասարակ չլինելու համար ես փիլիսոփայություն եմ կարդում: Հարցրեք ավագ դպրոցում, թե քանիսն են ճանաչում Կիերկեգորին կամ Կանտին: Կանցնի ընդամենը մի քանի տարի, ու ես կսկսեմ հասկանալ, թե ինչի մասին են նրանք գրում, իսկ հիմա միայն կարդում եմ:
    Սա իմ կյանքի պլանն է: Լինել առանձնահատուկ: Ու ես ճիշտ ուղու վրա եմ: Բոզիգյան Մարալն ինձ է ընտել: Ես ճիշտ ուղու վրա եմ:
    Արժեր խոսել քեռի Լյուկի հետ:

    Ստիվն ինձ կանչում է իրենց տուն վիդեոխաղերով զբաղվելու, բայց ես նախընտրում եմ պլպլացնել սուպերմարկետի հատակն ու հեռու վանել այն մտքերը, որ այնտեղով անցել է Հարի Դիքսը: Հենց մսի պահածոների շարքի մոտ հսկա կեղտահետքեր են: Ես ուշադիր նայում եմ հատակին: Չէ, Հարի Դիքսը հաստատ այսքան մեծ ոտք չունի: Մեքենայի տակից հոսում է ջուրը, խոզանակները լիզում են գետինը: Մեկ, երկու, երեք, չկա ոտնահետք: Ես բռնել եմ մեքենայի կանթից ու նայում եմ պահածոներին գրված „Bozigian“-ին: Սրանով ես անգամ շանս չէի կերակրի: Եթե ունենայի շուն կամ եթե քեռի Լյուկն ունենար: Սրա մասին ես Մարալին ասել չեմ կարող, ի սեր բոլոր սրբերի, ես դա չեմ կարող ասել Մարալին:
    Երբ աշխատանքս վերջանա, ես մի քանի դոլարով ավելի հարուստ կլինեմ, բայց ես ինձ արդեն իսկ հարուստ եմ զգում: Ինձ մոտ միշտ այդպես է, երբ բռնում եմ մեքենայիս կանթը: Հասարակ մարդկանց մոտ այդպես չի լինում:

    Մտքիս կար Մարալի հետ կինո գնալ: Ու կինոյի ժամանակ ձեռքս գցել նրա ուսին, որ ինքն իմանար՝ մենք միասին ենք, ինքն իմ աղջիկն է:
    Կինոն սկսվում է, հենց մտնում եմ դպրոց: Միջանցքով դեպի ինձ են գալիս երկու ավազի ժամացույցներ՝ մեկը մյուսից կատարյալ: Քրիստոսներն էլ ճոճվում են դրախտում:
    -Քույրդ է՞,- փորձում եմ սովորական զրույց սկսել ես:
    -Չէ, մայրս է, ծանոթացիր:
    Դա հնարավոր չի: Կամ ես պիտի հավատամ պոզերի ու սատանեքի գոյությանը: Ակնհայտ է, որ միսիս B.-ն ամեն առավոտ լողանում է կույսերի արյան մեջ: Ինչ Կլեոպատրայի վաննաներ, դրանք երեկվա պատմություն են: Գրողը տանի: Այս տեսարանն իմ աչքի առաջ է:
    Մայր պոզ ու դուստր պոզիկ: Boz ու Bozig:
    Կյանքն իր կատարման մեջ է:
    -Դու խիզախ տղա ե՞ս, Ջո:
    -Այո, մէմ,-պատասխանում եմ ես մշուշի մեջ:
    -Դե տես,- ասում է նա ժպտալով:
    Հետո նայում է աղջկան ու գլխով անում՝ որպես հավանության նշան: Կամ ինձ այդպես է թվում, որ դա հավանության նշան է:

    Դասերից հետո Լիզի ուսապարկն եմ նորոգում: Լիզն իմ մանկության ընկերն է, բայց ինձ դուր չի գալիս, որ փորձում է մեծ քույր խաղալ գլխիս: Լիզն ուղղում է ձեռքի պլաստմասե մատանիները, որոնք չորս ցենտով է գնել, հետո ջինսի վրայից թելեր է հավաքում, հետո նայում է հեռախոսին: Բայց ես գիտեմ, որ նրա մտքին միայն մի բան է, ուզում է Մարալի մասին խոսել:
    -Քո մտքով երբևէ անցել է՞,-սկսում է նա:
    Ես գիտեմ շարունակությունը, հեռու մնա Լիզ, հավեսդ չունեմ, ուսապարկդ վերցրու, չքվիր: Չէ, Լիզն ուզում է խոսել: Նա ուզում է ասել, որ Մարալը տարօրինակ է, ոչ ոքի հետ մտերմություն չի անում, դասերին ձայն չի հանում, բայց բոլոր գնահատականները բարձր են: Ու որ նրանց մսամթերքն ուտելու բան չի, բայց միևնույն է ամսվա ամենավաճառվող ապրանքն է: Դա Լիզն իր մորից գիտի, ով վիճակագրությամբ է զբաղվում: Հենց նրա մայրն է պատճառը, որ իմ մանկության ընկեր Լիզն իրեն կյանք տեսած աղջիկ է համարում ու փորձում ինձ խելք սովորեցնել:

    Վերջերս Լիզը հայտնաբերել է տեսագրություններ, որտեղ իր մայրն ու հայրը շատ անհարմար դիրքերով են: Երբ առավոտյան քեզ համար պանքեյք սարքած մորդ տեսնում ես վրան լատեքս ու կաշի քաշած դոմինայի դերում, ով հորդ հետույքի մեջ տարբեր սրվակներ է խցկում ու մտրակում, այն ժամանակ երբ վերջինս գրիլ դրած հավի լոճված դիրքում խնդրում է ավելի խիստ պատժել իրեն, դա հաստատ ազդում է գլխիդ վրա: Ու շատ վատ է ազդում, որովհետև ծնողների սեքսը անմարսելի կաղամբ է, որի մասին լավագույնը, ինչ կարող ես մտածել, այն է, որ դա չկա, գոյություն չունի: Իսկ իմանալ, որ ծնողներդ ֆետիշիստ են ու իրականում ոչ թե արշավների են գնում, այլ դոմինա խաղերի, որոնք հետո տեսագրում ու նայում են տանը, կարգին ուժեղ դոզա է: Ու Լիզն այդ դոզայի տակ է մնացել: Լիզը հավանաբար մտածում է, որ ինքն առանձնահատուկ է, որովհետև գիտի այն, ինչ գիտի: Իրականում Լիզն առանձնահատուկ չի, նա հասարակ աղջիկ է, „average Joe“, ինչ էլ տեսած լինի: Բայց ես կուզեի, որ Լիզը դա տեսած չլիներ, ու կուզեի, որ ես իմացած չլինեի, որ ինքը դա տեսել է:
    Հիմա Լիզը կսկսի խրատել, որ այդ աղջկանից հեռու մնամ, սիրտը լավ բան չի վկայում: Գնա գործիդ, Լիզ: Դու ոչինչ չգիտես Մարալի մասին:
    Ճիշտը որ խոսենք, ես էլ չգիտեմ:
    Ես ուզում եմ ճանաչել նրան, հարցեր տալ, իմանալ: Ուզում եմ հանդիպումներ ունենալ հետը, իսկական, դպրոցից դուրս, ձեռքեր բռնելով:

    -Ջո:
    Պոզիկն ուղիղ աչքերիս մեջ է նայում: Ու աջ ձեռքով կամաց ուղղում է ձախ կողմի մազերը: Դրախտի հավքերը սկսում են երգել ականջներիս մեջ: Ավել ի՞նչ եմ ուզում իմանալ այս աղջկա մասին:
    -Կուզե՞ս տեսնել մեր արտադրամասը:
    Հենց դրա մասին եմ երազում, Հարի Դիքսի մայրիկը վկա:
    -Կարող ենք գիշերը գնալ, երբ այնտեղ ոչ ոք չկա:
    Նա ասաց՝ գիշերը՞:
    -Մինչև առավոտվա հինգն այնտեղ ոչ ոք չի լինում:
    Առավոտվա հինգը...
    Գլուխս եռում է: Ծնողներս թող իմանան, որ մնում եմ Ստիվենց մոտ: Ստիվին պիտի ասել, որ չմատնի: Գլխավոր հարցը լուծված է:
    Առավոտվա հինգը: Հավքերը երգում են:
    Լիզն է անցնում մեր կողքով, նա ձեռքը տանում է Մարալի մազերին ու հետ քաշում: Ափի մեջ սատկած բզեզ է, նրանցից, որ ներքև են թռչում ու ծանր բզզում, ու թվում է՝ հազիվ են մնում օդում:
    -Սա մազերիդ մեջ էր,- ասում է Լիզը:
    Ես գիտեմ, որ դա սուտ է:
    Մարալը վերցնում է սատկած միջատը, դնում ափի մեջ, ու ձեռքը բռունցք անում:
    -Շնորհակալություն,- ասում է նա հանգիստ:
    Ես մտածում եմ, որ հիմա կբացի ձեռքն, ու այն դատարկ կլինի: Պոզավոր ֆոկուսներ: Բայց տեսնում եմ, որ սեղմած ափի միջից դեղին հեղուկ է ծորում:

    Մսաղացների մռայլ երկաթներն անշարժ են: Օդում սառած է Հարի Դիքսի վրայից փչող գարշահոտը: Ես փորձում եմ զգալ իրավիճակի ռոմանտիկան, բայց այնքան էլ չի ստացվում: Մարալը բռնել է ձեռքս, ես մրսում եմ: Քայլում ենք լուռ, ես չգիտեմ, թե ինչ գործ ունեմ այստեղ:
    -Դու քաջ ե՞ս, Ջո:
    Դիմացս միսիս B.-ն է: Մարալը բաց է թողնում ձեռքս, գնում կանգնում է մոր կողքին: Boz ու Bozig տեսարան: Նրանց աչքերում սառը փայլ կա: Մսաղացը միանում է:
    -Դու ուզո՞ւմ ես լինել հասարակ, Ջո:
    Սա նշան է, որ գնալու ժամանակն է, բայց դուրս տանող ոչ մի անցք չեմ տեսնում:
    -Ես գիտեմ, որ դու ուզում ես առանձնահատուկ լինել:
    Ո՞վ է խոսում, մեծը, թե փոքրը:
    -Դու կլինես մեր այս տարվա մատաղը: Որ գործերը շարունակեն հաջող ընթանալ:
    Ի՞նչը կլինեմ, այդ բառը ես չեմ հասկանում:
    -Սա առանձնահատուկ լինելու լավագույն ձևն է, Ջո: Այս քաղաքում դեռ ոչ ոք մսաղացը չի նետվել:
    Ու հանկարծ ես հասկանում եմ: Սա խաղ է, նրանք փորձում են ինձ: Քսանմեկերորդ դարում ոչ ոքի մսաղացը չեն նետում, այդպես չի լինում: Սա խաղ է, նրանք փորձում են իմ քաջությունը:
    -Տխուրն այն է, որ ես ձեր մասին այդպես էլ ոչինչ չեմ իմանա,- ասում եմ ես հեգնանքով,- պետք էր լսել քեռի Լյուկին:
    -Տխուրն այն է, Ջո,- ասում է Մարալը,- որ մենք ինքներս էլ ոչինչ չգիտենք մեր մասին:
    Նրա ձայնում տխրություն չկա:
    Ուսերս լարվում են, որովհետև զգում եմ, որ ինձ կամաց առաջ են հրում: Կյանքն իր կատարման մեջ է, գրողը տանի: Ու ես առանձնահատուկ Ջո եմ:
    Սա ընդամենը խաղ է, կրկնում եմ ես ինձ: Հետո մտածում, որ գուցե պետք լինի սիրել Հարի Դիքսին: Հնարավոր է, ես վաղը դառնամ նրա ճարպերի մի մասը:
    Հնարավոր է:

    Նմանակում՝ Չակ Պալանիկ
    Վերջին խմբագրող՝ Վոլտերա: 14.02.2014, 20:08:
    Blessed the poison which brings the end

  4. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (19.02.2014), E-la Via (16.02.2014), impression (16.02.2014), Lílium (28.02.2014), melancholia (18.02.2014), Sambitbaba (15.02.2014), Vardik! (16.03.2014), Արէա (15.02.2014), Դատարկություն (18.02.2014), Հայկօ (21.02.2014), Նաիրուհի (15.02.2014), Պիրիտ (14.02.2014)

  5. #3
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վոլտերա-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարբերակ 1. Պոզ
    Ակումբում ոնց էլ լինի շատ եմ լսել Պալանիկի ոճի մասին Բազմիցս ասել եմ, որ չեմ սիրում նմա՛ն սիրային տեսարանների մասին կարդալ, (ինչպես նաև այստեղ չեղած դաժան, արյունալի տեսարանների) բայց կարդացի մինչև վերջ ու անկեղծ ասած տհաճության զգացումը այդ աստիճանի մեծ չէր, որքան էլ տարօրինակ լինի, ավարտը դուրս եկավ, խորիմաստ էր, շատ անսպասելի ու հետաքրքիր: Մի խոսքով չզզվեցի էս պատմվածքից, դա արդեն լավ ա Ոնց էլ լինի չափը չէր անցել:

    Ասում եք Ռայադեռն ա՞ գրել: Շա՜տ հնարավոր ա:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  6. #4
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Ակումբում ոնց էլ լինի շատ եմ լսել Պալանիկի ոճի մասին Բազմիցս ասել եմ, որ չեմ սիրում նմա՛ն սիրային տեսարանների մասին կարդալ, (ինչպես նաև այստեղ չեղած դաժան, արյունալի տեսարանների) բայց կարդացի մինչև վերջ ու անկեղծ ասած տհաճության զգացումը այդ աստիճանի մեծ չէր, որքան էլ տարօրինակ լինի, ավարտը դուրս եկավ, խորիմաստ էր, շատ անսպասելի ու հետաքրքիր: Մի խոսքով չզզվեցի էս պատմվածքից, դա արդեն լավ ա Ոնց էլ լինի չափը չէր անցել:

    Ասում եք Ռայադեռն ա՞ գրել: Շա՜տ հնարավոր ա:
    Չեմ հավատա ։)
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (15.02.2014)

  8. #5
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ հավատա ։)
    Հա,Ռայադերը դժվար մրցույթի մասնակցեր, նախ և առաջ: Ես արդեն թազա կասկածյալ ունեմ, առայժմ չի խոստովանում

  9. #6
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ հավատա ։)
    Հնարավոր ա և ճիշտ ես, ուղղակի Սոֆը ոնց որ հեռու չի նման մանրակրկիտ սրային նկրագրություններից: Կապրենք կտեսնենք
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  10. #7
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 2. Վրեժը

    Գրող Սահակ Բզնունին անհանգիստ քայլում է տան մեջ: Կինը՝ Սեդան, կարծես մի բան է ուզում ասել ամուսնուն, բայց չի համարձակվում:
    -Սահա՛կ,-այնուամենայնիվ, անհամարձակորեն սկսեց Սեդան:
    -Հը՞,- մի պահ կանգ առնելով Սահակը խոժոռ նայեց կնոջը:
    Տան հեռախոսի ձայնը, սակայն ընդհատեց ամուսինների չսկսված խոսակցությունը: Սեդան կարծես իմանալով, թե ով է զանգահարողը, դժվարությամբ մոտեցավ հեռախոսին: Սահակ Բզնունին, որի համար աշխարհը այդ պահին չգիտես, թե ինչ մոլորակ էր դարձել, քայլում է սենյակով մեկ և ինքն իրենից գոհ շարունակ կրկնում.
    -Գիրքս...Ես՝ մրցանակակիր: Պատկերացնում եմ Սասունցու վիճակը: Նախանձից կտրաքվի...
    Բայց Սահակ Բզնունին ստիպված եղավ կտրվել իր մտքերից, երբ հարևան սենյակից լսեց կնոջ ձայնը.
    -Հասկանում ենք, հասկանում...Մի քիչ սպասեք: 95% ամուսնուս գիրքը...ալո՛, ալո՛...անջատեց...
    Սեդան տխուր վայր դրեց հեռախոսը:
    -Հը՞,- կնոջից ոչ պակաս տխուր հարցրեց Սահակ Բզնունին:
    -Բանկից էր,- բարկացած պատասխանեց Սեդան,- ամսեկան տոկոսն են ուզում:
    Սահակ Բզնունին չպատասխանեց և լուռ անցավ մյուս սենյակ: Եվ թեև փորձեց նորից վերադառնալ նախորդ մտքերին, բայց զանգը արդեն կտրել էր հաճելի մտքերի թելը:
    -Ուրիշները վարկ են վերցնում, գործ-մործ են դնում, հարց են հոգում, իսկ մե՞նք,-թաքնված բարկությամբ հանկարծ պոռթկաց Սեդան, բայց Սահակ Բզնունին չթողեց, որ կինը շարունակի.
    -Աղջի՛...
    -Ի՞նչ:
    -Աղջի՛, լեզուդ քեզ քաշի: Հազար եմ ասել՝ կնիկ ես, քո տեղում մնա:
    Սեդան չշարունակեց: Սեղանից վերցրեց վաղուց սառած սուրճը, մի կում խմեց և բաժակը տհաճությամբ նորից դրեց սեղանին: Բայց, ի վերջո, չհամբերեց.
    -Բա՞ որ էդ մրցանակը քեզ չտան, ի՞նչ ենք անելու:
    Սահակ Բզնունին սաստող հայացքով նայեց կնոջը, բայց դա չօգնեց. կինը իբր չտեսավ ամուսնու հայացքը.
    -Ա՜խր, ինչի՞ց ես ենթադրում, թե քո վեպը պիտի հաղթի, ու մենք պիտի մեծ գումար ստանանք: Հետն էլ՝ պատվավոր գրողի կոչում ստանաս: Հետո էլ՝ պարտադի՞ր էր, որ գրքիդ թուղթը ամենաթանկը լիներ: Մի քիչ էժան թուղթ, որ լիներ...
    -Աղջի՛...համբեր...
    -Էդ ապուշ գրքի տպագրության համար դասերդ կրճատեցիր, պարտքի տակ ընկանք, ինչ է թե...
    Ավելի լավ էր այդ պահին Սահակ Բզնունուն կայծակը խփեր, քան թե լսեր, թե ինչպես են իր գրքին «ապուշ» անվանում: Մի պահ նույնիսկ պապանձվեց: Բայց դա ընդամենը մի պահ:
    -Ապու՛շը դու ես, որ չես հասկացել իմ վեպի գաղափարը: Իմ ՝ «Զարտուղի ուղիներ» վեպը, մեծ գրական երևույթ է, որը ցնցելու է ներկայիս գրականությունը: Իսկ ի՞նչ է ներկայիս գրականության վիճակը: Իդիոտի՜զմ: Կամ թեման խոպանչիներն են՝ իրենց սեռակարոտ կանանցով և տուն չվերադարձող ամուսիններով, կամ էլ՝ էրոտիկ բովանդակությամբ չգիտեմ ինչ, -բարկացած ասաց Սահակ Բզնունին:
    Լռություն տիրեց: Ո՛չ Սահակ Բզնունին է խոսում, ո՛չ Սեդան: Սակայն Սահակ Բզնունին չհամբերեց.
    -Իսկ դու իմ վեպը կարդացե՞լ ես, որ ապուշ ես անվանում:
    -Հա՛,- չարությամբ նետեց կինը:
    Դա Սահակ Բզնունու համբերության վերջին կաթիլն էր: Ձեռքի ընկած առաջին պատահած իրը, որը կիսատ թողած սուրճի բաժակն էր, նետեց կնոջ վրա: Սեդան չհասցրեց գլուխը մի կողմ տանել...
    Երեկո էր արդեն: Գրողը կնոջ հետ վիճելուց հետո դուրս էր եկել տանից և դեռ տուն չէր վերադարձել: Սեդան ավելի շատ բարկությունից, քան թե անհանգստությունից, տեղը չի գտնում: Հիսուն տարի Սահակ Բզնունու կինն է եղել, և այդ տարիների ընթացքում համբերությամբ տարել է ամուսնու կամակորությունները, իսկ հիմա՞: Հիմա արդեն՝ վե՛րջ: Նա արդեն չի պատրաստվում տանել նրա կամակորությունները: Մյուս կողմից էլ անտանելի գլխացավն է շարունակ հիշեցնում. «Մի ապուշ գրքի համար բաժակը խփեց գլխիդ... »: Բարկությունից Սեդան նույնիսկ մտածեց ամուսնուց վրեժ լուծել. « Սահա՛կ, դու դեռ կզղջաս սրա համար»:
    Լսվեց դռան ձայնը: Սահակ Բզնունին էր: Երբ ներս մտավ, ուզեց կնոջը հարցնել, թե հո՞ գլուխը շատ չի ցավում, բայց հիշելով կնոջ ասածները՝ լռեց, բայց Սեդան լռել չկարողացավ.
    -Գրողների միությունից էին զանգահարել...
    Սահակ Բզնունին մեխվեց տեղում, գույնը գցեց, և դատապարտյալի վախով սպասեց «դատավճիռին»: Սեդան նույնիսկ վարանեց՝ ասե՞լ, թե՞ չասել, բայց հիշելով, թե ամուսինը ոնց է բաժակով խփել գլխին՝ շարունակեց.
    -Սասունցու՝ «Վերադարձ չկա» վեպն է մրցանակակիր դարձել:
    Սահակ Բզնունին ձայն չհանեց: Աչքերը մթնեցին: Գլուխը պտտվեց: Աշխարհն էլ կարծես դադարեց գոյություն ունենալ. «Սասունցու «Վերադարձ չկա» վեպն է մրցանակակիր դարձել»,-խոսքերի հետ այն փուլ եկավ, կործանվեց և անդառնալիորեն փշուր-փշուր եղավ: Գրողը մի ձեռքով հազիվ բռնվեց աթոռից, որ վայր չընկնի, և լուռ գնաց իր սենյակ: Այդ պահին Սեդան նույնիսկ խղճաց նրան, բայց՝ «Չէ՛, թող մի քիչ էլ տանջվի»:
    Մի ժամ արդեն անցել էր, երբ դռան զանգը տվեցին: Աշոտ Սահակյանն էր՝ Սահակ Բզնունու գրող ընկերը: Աշոտ Սահակյանը մտածելով, որ արժեքավոր ստեղծագործության մրցանակը ապագա սերունդների գնահատականն է, իր ստեղծագործությունները ոչ մի մրցույթների չէր ներկայացնում: Իսկ իրականում՝ նման կարծիքի էր հանգել մի քանի անգամ պարտություն կրելուց հետո:
    -Աչքներս լույս: Գրողների միությունից եմ գալիս: Չթողեցի, որ որևէ մեկը զանգահարի: Անձամբ եմ եկել, որ ուրախ լուրը ես հայտնեմ: «Զարտուղի ուղիները» հաղթեց,-ուրախ բացականչելով ասաց Աշոտը: -Բա ու՞ր է մեր մրցանակակիրը:
    -Սենյակում,- ուրախ պատասխանեց Սեդան: Լուրն էլ այնքան անսպասելի էր, այնքան ուրախալի, որ նա ամեն ինչ մոռացած, վազեց խոհանոց, որ աչքալուսանքի համար օղի բերի:
    «Մի քիչ հոգու հետ չխաղա՞մ ու նոր ասեմ», - մտածեց Աշոտ Սահակյանը և դեմքի լուրջ արտահայտությամբ մտավ Սահակ Բզնունու սենյակը:
    Սահակ Բզնունին պառկած է դեմքը դեպի պատը, և կարծես թե քնած է : Աշոտ Սահակյանը փորձեց արթնացնել: Չստացվեց: «Էս ինչ խորն է քնել, որ չի էլ խռմփացնում, վա՜յ»,-մտածեց նա և բարձրաձայն ասաց.
    -Ուզում էի սկզբից կատակ անել, բայց չէ՝ ասեմ, որ միանգամից զարթնես: Քո վեպը հաղթեց:
    Լռություն: Սահակ Բզնունին դարձյալ չի արձագանքում:
    -Տնաշե՛ն, քնելու ժամանակ ես գտել, - Սահակ Բզնունուն հրելով ուրախ ասաց Աշոտ Սահակյանը,- ասում եմ՝ վեպդ լավագույնն է: Հաղթեցիր: Վա՜յ, զարթնի՛ր:
    Նորից անօգուտ: Պառկածը համառորեն չի արձագանքում: Աշոտը ուղղեց ընկերոջը: Շը՜րխկ: Սեդան, որը այդ պահին մտավ սենյակ, վայր գցեց ձեռքի սկուտեղը: Օղու շիշը բաժակների հետ մի վայրկյանում փշուր-փշուր եղան: Սահակ Բզնունու աչքերը բաց էին...բայց անկենդան: Նա մեռած էր:

    Նմանակում՝ Անտոն Չեխով
    Blessed the poison which brings the end

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (16.02.2014), Sambitbaba (15.02.2014), Smokie (14.02.2014), Փոքրիկ շրջմոլիկ (15.02.2014)

  12. #8
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 3. Մարսի թուզը

    Վերջում եկավ հայերի հերթը: Ամբողջ Երկրագունդն արդեն դատարկվել, տեղափոխվել էր Մարս՝ սարսափով սպասելով պայթյունի մասին լուրերին: Մնացել էին հայերը, որոնք արդեն ճամպրուկներն էին դասավորում՝ վերցնելով ամենաանհրաժեշտ իրերը, որպեսզի տեղավորվեն իրենց համար հատկացված տիեզերանավերում:

    Փոքրիկ Մարիի՝ արջուկի գլխով ուսապարկում այլևս տեղ չկար: Ներկերն ու սիրելի տիկնիկը վերցրել էր, ու պայուսակը լցվել էր: Պարտեզից հենց նոր քաղած թզերը ոչ մի կերպ չէին խցկվում:
    - Մամ, Մարսում թուզ աճու՞մ է,- հարցրեց Մարին:
    - Դրա ժամանակը չի, արագացրու, քեզ ենք սպասում:
    Մարին անվստահ նայեց սեղանին դրված երեք հասած թզերին, որոնք վերցնելու դեպքում պիտի ներկերից կամ տիկնիկից հրաժարվեր: Հետո մի միտք ծագեց: Քրքրեց սենյակի դարակներն ու գտավ անցյալ տարի դպրոցում նկարած թզենին. հաստ բնով, մուգ մանուշակագույն եռանկյունաձև թզերով: Ծալեց թուղթն ու տեղավորեց պայուսակում:
    - Մարի˜, արագացրու, ուշանում ենք:
    Մարին վազեց դեպի դուռը՝ ճամփին սեղանից վերցնելով այն երեք թզերը: Հերթով սկսեց ուտել դրանք՝ խնամքով ծամելով ու փորձելով մտապահել դրանց համը՝ հյութեղ, քաղցր, փափուկ, իսկ կորիզներն ատամներիդ տակ ճրթճրթում են: Ի՞նչ իմանաս, գուցե իսկապես Մարսում թուզ չի աճում կամ գուցե այնքան համեղ չէ, որքան իրենց պարտեզինը:

    Երկրից Մարս գնացող վերջին տիեզերանավը պոկվեց գետնից ու սլացավ դեպի տիեզերք: Մարիենց տունն ու այգին գնալով փոքրացան, դարձան մի կետ անհետացող քաղաքում ու Հայաստանում: Մարին զարմացած նայում էր պատուհանից գնդակի չափ դարձած Երկրագնդին, որի վրա մայրցամաքները երևում էին ճիշտ այնպիսին, ինչպիսին իր սենյակում տեղադրված գլոբուսի վրա էր, բայց որքան էլ տեսողությունը լարեց, էդպես էլ չկարողացավ նկատել աղջկա դեմքով գծապատկերով Հայաստանը:
    - Դրանք պայմանական գծեր են,- բացատրեց Մարիի հայրը,- մարդիկ սահմաններ են որոշել, որ պահպանեն իրենց երկիրը:
    - Բայց Երկրագնդի վրա էլ մարդ չկա,- ասաց Մարին:
    - Ճիշտ այդպես:
    - Ուրեմն Հայաստա՞նն էլ այլևս չի լինի:
    Հայրը ոչինչ չասաց: Շրջվեց դեպի կինն ու հարցրեց.
    - Վարդ, եղանակի տեսությունը նայեցի՞ր: Մարսում անձրևներ սպասվու՞մ են:
    Մարին նորից դեմքը հպեց տիեզերանավի պատուհանին ու հայացքը հառեց ավելի ու ավելի փոքրացող Երկրագնդին: Երբ այնքան հեռացավ, որ թվում էր՝ կտեղավորվեր Մարիի փոքրիկ ափում, կրակ բարձրացավ:
    - Պա՛պ, պա՛պ, սա ի՞նչ էր:
    Հայրը մոտեցավ պատուհանին ու փորձեց Երկրագունդը տեսնել, բայց Մարիի բռի չափ կրակից բացի ուրիշ ոչինչ չէր երևում:
    - Լավ հասցրինք,- ասաց,- Վարդ, եղանակի մասին բան չասացիր:
    - Նույնը: Կարծում էիր՝ կհովանա՞,- պատասխանեց տիկին Հակոբյանը՝ բացելով ձեռքի ամսագրի վերջին էջը:
    - Անձրևի հույս չկա՞:
    - Դեռ չէ: Առաջիկա օրերին չէ:
    Մարսում տասներեք ամիս անձրև չէր եկել, երբ հայկական տիեզարանավը վայրէջք կատարեց՝ իր հետ բերելով Երկրանգդի վերջին բնակիչներին:
    - Թզենի՜,- ուրախացած բացականչեց Մարին՝ մտնելով իրենց նոր տան պարտեզը:
    Չորացած պարտեզի կենտրոնում կանգնած էր մի հաստ բնով փարթամ թզենի, վրան՝ եռանկյունաձև մուգ մանուշակագույն թզեր: Կարծես Մարսի երաշտը բնավ թզենուն չէր վերաբերում:
    Մարին մի թուզ պոկեց: Տարավ բերանն ու աչքերը փակեց: Ուղիղ հարյուր հիսուն օր առաջ էր, որ թողել էին իրենց հայաստանյան տունը և ուղևորվել դեպի այս նոր բնակեցվող մոլորակ: Բայց Մարին դեռ հիշում էր հայկական, երկրային թզի համը՝ հյութեզ, քաղցր, փափուկ, իսկ կորիզներն ատամներիդ տակ ճրճրթում էին: Մարսի թուզն իսկը հայկականից էր:
    - Մարի՜, ներս արի, քեզ ենք սպասում:

    **
    Շուտով Մարին պարզեց, որ Մարսի վրա միայն թուզն էր այնպիսին, ինչպիսին Երկրում: Այստեղ շուն ու կատու չկար. մարդիկ տներում ռոբոտներ էին պահում, որոնք տարին մեկ անգամ պարտաճանաչ կերպով ձագ էին հանում: Խնձորը համարվում էր Երկրից բերված թանկարժեք դելիկատես, ինչը միայն հարուստները կարող էին իրենց թույլ տալ ու ինչը կամաց-կամաց վերանում էր: Արևն ավելի փոքր էր թվում, թեև ավելի ուժեղ էր այրում, իսկ գիշերը երկնքում երկու լուսին էր հայտնվում:

    Ամենասարսափելին շոգն էր, անվերջ թվացող երաշտը: Լուրերով անընդհատ ջրազրկման կամ ջերմահարման սարսափելի դեպքեր էին հաղորդում: Ըստ փորձագետների կանխատեսումների, եթե ևս երեք ամիս այդպես շարունակվեր, ողջ մարդկությունը կվերանար Մարսում: Կվերանար ընդհանրապես, որովհետև ըստ այդ նույն փորձագետների, Երկրագունդն արդեն պայթել էր, պայթել էր Հայաստանի, Մարիենց տան ու այգու ու թզենու հետ:

    Մարին ժամերով նստում էր թզենու տակ, անընդհատ թուզ պոկում ու զարմանում, թե ինչու ոչ ոք չի ուզում օգտվել այդ անմահական մրգից: Հաճախ հավաքում, տանում էր տուն, դնում սեղանին, մորն ու հորը հյուրասիրում, որոնք վախվորած նայում էին եռանկյունաձև պտուղներին ու հայտարարում.
    - Մուտանտ են, հանկարծ չուտես:
    Զուր էր Մարին բացատրում, որ դրանք նույնքան համեղ են, որքան Հայաստանում, զուր էր նրանց ներկայությամբ աչքերը փակում ու կծում եռանկյունաձև պտուղը:
    - Էս թզենին ինչու՞ չի չորանում,- զարմանում էր Մարիի հայրը:
    Իսկ շոգը գնալով ավելի անտանելի էր դառնում: Մարդիկ անձրևի մասին երգեր էին գրում, հավատացյալներն անդադար աղոթում էին, գիտնականները փորձում էին անձրևաբեր ամպեր ստեղծել, գուշակուհիները սուրճի բաժակներից չէին կտրվում, կախարդները նորանոր մեթոդներ էին փորձում: Մարին թուզ էր ուտում: Իսկ անձրևը չկար ու չկար:

    Մարիենց ընտանիքը կամաց-կամաց վարժվում էր Մարսի կյանքին: Երկիրն ու իրենց տունը հիշելն անիմաստ զբաղմունք էր. իրենց աչքի առաջ էր պայթել: Տունը, այգին ու Հայաստանը գնալով փոքրանում էին նրանց հիշողության մեջ՝ շուտով վերջնականապես մոռացվելով: Բայց Մարին ամեն օր թուզ էր ուտում: Իսկ շոգը, այդ անտանելի շոգը...

    Մի օր ամպերը լսեցին երգերը, աղոթքները տեղ հասան, գիտնականներն ու կախարդները հաջողեցին, իսկ քաղաքի հայտնի գուշակուհիներից մեկը հանդիսավոր կերպով հայտարարեց.
    - Վաղը:
    Հաջորդ օրն առավոտյան ամպեր կուտակվեցին: Մարին դուրս եկավ թուզ ուտելու: Անձրևի առաջին կաթիլներն ընկան Մարիի պստիկ ձեռքերին:
    - Մարի՜, ներս արի, կթրջվես,- կանչեց մայրը:
    Մարին չլսեց: Քայլեց դեպի թզենին: Անձրևն ուժեղացավ: Մարին հասավ թզենուն: Մի թուզ պոկեց: Անձրևը մանր էր ու նուրբ, գրեթե անձայն:
    - Մարի՜,- լսվեց մոր ձայնը:
    Աղջիկը տուն վազեց՝ ձեռքում պահելով դեռ չկերած թուզը: Ներս մտավ ու պատուհանից հետևեց թզենուն, որի մուգ մանուշակագույն եռանկյունաձև պտուղները հերթով թրջվում, հոսում էին ցած՝ ներկելով չորացած հողը: Մարին ձեռքի թուզը մոտեցրեց բերանին: Շուրթերն ու ատամները ներկվեցին մուգ մանուշակագույն: Համ չզգաց:

    Նմանակում՝ Ռեյ Բրեդբերի

    Blessed the poison which brings the end

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (16.02.2014), Sambitbaba (15.02.2014), Արէա (15.02.2014), Դատարկություն (18.02.2014), Նաիրուհի (15.02.2014)

  14. #9
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 4. Կակաչներ

    Գնացքը դանդաղ մոտեցավ կայարանին: Դռները բացվեցին, ու բազմաթիվ ուղևորների հետ դուրս թռավ նաև աղջիկն, լայն ժպիտը դեմքին մոտեցավ տղային: Գրկախառնվեցին:
    - Երկա՞ր սպասեցիր,- աղջկա ձայնը խլացրեց հեռացող գնացքը:
    - Վերջին անգա՞մ ենք հանդիպում,- հարցրեց տղան՝ ուղիղ աղջկա աչքերի մեջ նայելով:
    - Ինչու՞ վերջին: Դեռ վաղն էլ կա, մյուս օրն էլ: Ես հինգշաբթի եմ մեկնում... բայց դե շատ զբաղված եմ լինելու,- աղջիկը գլուխը կախեց:
    - Որ ասում եմ վերջին,- ասաց,- սա քեզ,- աղջկան մի փունջ կարմիր կակաչ պարզեց:
    Տղան ու աղջիկը ձեռք ձեռքի տված դուրս եկան կայարանից, որը բացվում էր մեծ փողոցի վրա:
    - Ինչու՞ ինձ այստեղ կանչեցիր,- հարցրեց տղան:
    - Հարմար է: Էստեղից եմ գնալու:
    - Մոտակայքում ի՞նչ լավ տեղ կա:
    - Սա քո քաղաքն է, դու կիմանաս:
    - Ես այստեղ օտար եմ: Երևանում էլ եմ օտար:
    Մի քանի մետր փողոցով քայլելուց հետո հասան կամրջին, որի տակով գետն էր հոսում՝ հանդարտ, անշտապ: Կանգնեցին ուղիղ մեջտեղում: Աղջիկը նայում էր ջրերին, տղան՝ աղջկան:
    - Լսիր, քեզ մի վիդեո պիտի ուղարկեի այֆոնի մասին, մոռացել եմ:
    - Ես այֆոն չունեմ,- ասաց աղջիկը,- իմ հեռախոսը տեսե՞լ ես:
    - Տեսել եմ: Հին, հասարակ, չես էլ ուզում ավելի լավն ունենալ: Դրա համար քեզ սիրում եմ:
    Աղջիկը կակաչներն ազատեց մոմլաթե փաթեթավորումից ու հատիկ-հատիկ ջուրը նետեց:
    - Այդ ի՞նչ ես անում:
    - Ես հասարակ եմ,- պատասխանեց,- միևնույն է, հետս չէի կարող տանել:
    Աղջիկը գլուխը բարձրացրեց, մի քանի վայրկյան նայեց տղայի աչքերի մեջ ու լայն ժպտաց: Տղան մոտեցրեց գլուխն այնքան, որ քիթը դիպավ աղջկա քթին: Աղջիկը գլուխը կախեց: Տղան քիթը մտցրեց աղջկա՝ արևի տակ փայլող ոսկեգույն մազերի մեջ ու հոտոտեց:
    - Քայլենք,- ասաց աղջիկը:
    Անցան կամուրջն ու մտան լայն փողոց: Նրանց ձայները երբեմն խլանում էին ավտոմեքենաների աղմուկից: Աղջկա ոտքը սահեց: Տղան բռնեց, որ չընկնի:
    - Ի՞նչ պատահեց, կնիկ:
    - Քանի՞ անգամ եմ ասել, այդ բառը մի ասա, հայերենում ճիշտ չի հնչում:
    - Լավ, կին... կին ջան:
    - Էլի սխալ է: Ասա՝ աղջիկ ջան:
    - Աղջիկ ջան:
    - Կոպիտ է... չէ, մի ասա, ընդհանրապես մի ասա:
    Անցան լայն փողոցով, թեքվեցին դեպի նրբանցք: Այնտեղով մեքենաներ չէին անցնում: Լռություն էր տիրում: Տղան կանգ առավ, քաշեց աղջկա ձեռքից, մոտեցրեց մարմինն իր մարմնին: Աղջիկը մեջքով հենվեց տղայի կրծքավանդակին:
    - Տես՝ դիմացի պատին ինչ է գրված,- ասաց աղջիկը:
    Տղան գրկեց աղջկա գոտկատեղը:
    - Քո մայրենի լեզվով է:
    - Ներվերս մի կեր,- ասաց տղան:
    Տղան գլուխն իջեցրեց, քիթը մտցրեց աղջկա մազերի մեջ: Բարձրացրեց աջ ձեռքն ու սահեցրեց աղջկա մազերի միջով:
    - Քեզ խուճուճ սազում է:
    Աղջիկը դուրս սահեց տղայի ձեռքերի միջից, շրջվեց, նայեց աչքերի մեջ ու ժպտաց: Բռնեց ձեռքը:
    - Գնանք, ուշանում եմ:
    Շարունակեցին քայլել: Աղջիկը կանգ առավ: Ասֆալտի արանքում խատուտիկ էր աճել: Պոկեց: Մոտեցրեց շուրթերին ու փչեց: Խատուտիկի թերթիկները օդում պտույտներ գործեցին, խառնվեցին աղջկա մազերին:
    - Գնանք,- ասաց:
    Շուտով երկուսով մետրոյի վագոնում էին: Նստելու տեղ չկար: Կանգնեցին իրար կողք: Տղան գրկեց աղջկա գոտկատեղը: Աղջիկը նազանքով ձգվեց: Տղան նորից քիթը մտցրեց աղջկա մազերի մեջ: Աղջիկը գլուխը բարձրացրեց: Երկար նայեցին միմյանց աչքերի մեջ: Աղջիկը ժպտաց: Հետո նորից գլուխը կախեց:
    - Ես մի ընկեր ունեմ, ընկերուհին ուզում էր փողոցում համբուրել, ընկերս չթողեց: Ասում էր, որ այն տղաները, որոնք ընկերուհի չունեն, կտեսնեն ու կտխրեն:
    - Այդ թեմայով երգ կա,- ասաց աղջիկն առանց գլուխը բարձրացնելու,- կուղարկեմ: Մյուս կայարանում իջնում եմ:
    Ռոբոտային ձայնն ազդարարեց. «Հաջորդ կայարանը Համերսմիթ»: Տղայի հեռախոսը զանգեց.
    - Երկու րոպեից այդտեղ կլինեմ... հիմա Համերսմիթում եմ...
    Գնացքը կանգ առավ:
    - Մնաս բարով,- ասաց աղջիկը ու դանդաղ դուրս սահեց տղայի ձեռքերի միջից:
    - Ես քեզ հետո կզանգեմ,- տղան հեռախոսը գրպանը դրեց: Ձգվեց դեպի հեռացող աղջիկը՝ փորձելով համբուրել: Շուրթերին չհասավ: Ձգվեց դեպի այտը: Աղջիկը մի ոտքը դուրս դրեց գնացքից: Տղայի շուրթերը դիպան նրա մազերի ծայրին: Աղջիկը դուրս եկավ գնացքից: Տղան ձեռքը տարավ շուրթերին ու մատների ծայրով բռնեց խատուտիկի թերթիկը:
    - Ալո, Ջորջ, կներես, հարմար չէր: Համերսմիթում եմ, շուտով կհասնեմ:

    Նմանակում՝ Էռնեստ Հեմինգուեյ
    Վերջին խմբագրող՝ Վոլտերա: 15.02.2014, 16:07:
    Blessed the poison which brings the end

  15. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (17.02.2014), Sambitbaba (15.02.2014), Smokie (14.02.2014), Այբ (15.02.2014), մարիօ (16.02.2014), Նաիրուհի (15.02.2014)

  16. #10
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վոլտերա-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարբերակ 4. Կակաչներ
    Սիրուն էր, լավն էր, հաճելի զգացողություններով շատ արագ ընթերցվեց
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  17. #11
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, «Կակաչները» շատ անարդարացի ա յոթ ձայն հավաքել: Չքվեարկածներ, մի անգամ էլ կարդացեք: Էնքան լավ երկխոսություններ կան. գրեթե բան չասող, բայց իրական, կենդանի:

    - Լսիր, քեզ մի վիդեո պիտի ուղարկեի այֆոնի մասին, մոռացել եմ:
    - Ես այֆոն չունեմ,- ասաց աղջիկը,- իմ հեռախոսը տեսե՞լ ես:
    - Տեսել եմ: Հին, հասարակ, չես էլ ուզում ավելի լավն ունենալ: Դրա համար քեզ սիրում եմ:
    Աղջիկը կակաչներն ազատեց մոմլաթե փաթեթավորումից ու հատիկ-հատիկ ջուրը նետեց:
    - Այդ ի՞նչ ես անում:
    - Ես հասարակ եմ,- պատասխանեց,- միևնույն է, հետս չէի կարող տանել
    :

    Կծելու կտոր ա ..

    Անցան կամուրջն ու մտան լայն փողոց: Նրանց ձայները երբեմն խլանում էին ավտոմեքենաների աղմուկից: Աղջկա ոտքը սահեց: Տղան բռնեց, որ չընկնի:
    - Ի՞նչ պատահեց, կնիկ:
    - Քանի՞ անգամ եմ ասել, այդ բառը մի ասա, հայերենում ճիշտ չի հնչում:
    - Լավ, կին... կին ջան:
    - Էլի սխալ է: Ասա՝ աղջիկ ջան:
    - Աղջիկ ջան:
    - Կոպիտ է... չէ, մի ասա, ընդհանրապես մի ասա:
    Բա էս տողը...

    - Ես մի ընկեր ունեմ, ընկերուհին ուզում էր փողոցում համբուրել, ընկերս չթողեց: Ասում էր, որ այն տղաները, որոնք ընկերուհի չունեն, կտեսնեն ու կտխրեն:
    - Ես քեզ հետո կզանգեմ,- տղան հեռախոսը գրպանը դրեց: Ձգվեց դեպի հեռացող աղջիկը՝ փորձելով համբուրել: Շուրթերին չհասավ: Ձգվեց դեպի այտը: Աղջիկը մի ոտքը դուրս դրեց գնացքից: Տղայի շուրթերը դիպան նրա մազերի ծայրին: Աղջիկը դուրս եկավ գնացքից: Տղան ձեռքը տարավ շուրթերին ու մատների ծայրով բռնեց խատուտիկի թերթիկը:
    :
    Բա կարճ նախաադասություններով նկարագրությունները: Նայում ես մի երկու նախադասություն է գրված ասենք խատուտիկ քաղելու ու այն փչելու մասին, բայց էնքան վառ ես տեսնում էդ պահը: Արևի շողերը, աղջկա դեմքի արտահայտությունը, տղու հայացքը, նույնիսկ աղջկան էդ քայլին դրդող պատճառն ես տեսնում:

    Շարունակեցին քայլել: Աղջիկը կանգ առավ: Ասֆալտի արանքում խատուտիկ էր աճել: Պոկեց: Մոտեցրեց շուրթերին ու փչեց: Խատուտիկի թերթիկները օդում պտույտներ գործեցին, խառնվեցին աղջկա մազերին:

    Մի խոսքով՝ լրիվ քվեարկելու գործ ա:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (19.02.2014), Smokie (19.02.2014)

  19. #12
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 5. Անիծյալը

    Հեռու եմ կատարյալ մարդ լինելուց: Այո՛, ես լավը չեմ: Բայց գուցե ես այնքան էլ վատը չեմ: Ինձնից վատերն էլ կան, չէ՞: Չէ՛, իրականում ես վատ մարդ չեմ: Ինչ էլ, որ արել եմ՝ նա էր մեղավոր: Հենց նա: Նա էր վատը, ոչ թե ես: Ատում եմ նրան նույնիսկ հիմա...
    Չսիրելով ամուսնացա:
    -Սիրում եմ,-ասեցի, բայց չէի սիրում: Սակայն ավելի շատ ինձ էի փորձում խաբել, քան թե նրան: Այնուամենայնիվ, համոզում էի ինձ, թե իբր նրան սիրում եմ: Բայց ի՞նչքան խաբեի ինքս ինձ: Բնավ չէի սիրում: Ավելի շատ պատահականությունը, քան թե ես նրան ընտրեցի իբրև իմ կին: Իսկ գու՞ցե փառասիրությունը: Անիծյալը հարուստ էր: Բայց նույնիսկ նրա հարստությունը չկարողացավ ինձ ստիպել, որ հետագայում նրան հանդուրժեի իմ կյանքում:
    Օր օրի Էմմային ավելի էի ատում: Իսկ նա կարծես չէր էլ նկատում, որ իրեն չեմ սիրում. միշտ հոգատա՜ր, սիրալի՜ր: Դա էլ ավելի էր ինձ հունից հանում: Սկսեցի նրան անտեսել: Քայլերս հաճախ էին ինձ «Կարմիր լապտերների տուն» տանում: Այդ տան կանանցից զզվում էի, բայց դա չէր խանգարում, որ համարյա ամեն օր նրանց գրկում հայտնվեի:
    Չէ՛, ես վատ մարդ չեմ:
    Էմման իբր բան չէր նկատում, բայց ես տեսնում էի, որ գիտի, թե ուր եմ ամեն օր գնում: Տանջվում, տառապում էր: Նկատում էի նաև, որ թաքուն լաց է լինում: Մեկ-մեկ ջղայինանում էի, որ չի բողոքում, խանդի տեսարաններ չի սարքում: Եվ նրա այդ հնազանդությունը նրան ավելի էր ինձնից վանում:
    Չէի խղճում Էմմային: Ես մեղավոր չէի: Նա էր մեղավոր: Իմ խիղճը մաքուր է:
    Նրանից բաժանվել չէի կարող: Տուն չունեի, միջոցներ չունեի ապրելու: Էմմայի հետ ամուսնությունն էլ և՛ տնով, և՛ նորմալ ապրելու միջոցներով էր ապահովել ինձ, թեև այդ ամենի համար ես ստիպված էի հանդուրժել նրան: Ապահով կյանքիս համար շա՜տ ծանր գին: Ի՞նչ անեի: Ոչինչ: Մնում էր ատելը: Եվ ատում էի:
    Քաղցկեղով հիվանդացավ: Ուրախացա: Ուրախությունս, սակայն կարճ տևեց: Չմեռավ: Միայն կուրծքը հեռացրեցին: Ատելությանս գումարվեց ֆիզիկական զզվանքը, և Էմման դարձավ մեկը, որի գոյությունը խանգարում էր ինձ շնչել: Իսկ նա շարունակ հիշեցնում էր իր գոյության մասին.
    -Սիրում եմ...շա՜տ եմ քեզ սիրում, Ռու՛բ:Ասա՛, ասա՛, որ դու էլ ինձ ես սիրում: Գոնե մի քիչ:
    «Հիմա՛ր: Իբր չգիտես, որ չեմ սիրում: Ատու՜մ եմ: Ատու՛մ»,- ասում էի մտքումս և բարձրաձայն բարկացած ասում.
    -Էլի նու՞յնը: Չեմ սիրում, որ միշտ նույն հարցն ես տալիս:
    Ամենաանտանելին գիշերներն էին: Եթե մինչ վիրահատությունը նա ինձ շատ տգեղ էր թվում, ապա կուրծքը հեռացնելուց հետո դարձավ անճոռնի: Ամեն գիշեր էլ տեսնել նրա խեղաթյուրված մերկ մարմինը՝ անպատմելի տանջանք էր: Մեղավո՞ր էի, որ զզվում ու ատում էի նրան: Իհարկե, ո՛չ: Ու ամեն գնով չէի ուզում հաշտվել, որ նա քաղցկեղից չմեռավ:
    Ամուսնական պարտականություններս դադարեցի կատարել: Ինչի՞ ավելի խորացնեի զզվանքս, եթե ուրիշ կանայք կային՝ գեղեցիկ, կրքոտ...Բայց մեկ է՝ նրա գոյությունը ինձ խանգարում էր: Որոշեցի սպանել: Չսպանեցի: Նրան սպանելու միտքը, սակայն գիշեր-ցերեկ հանգիստ չէր տալիս: Սկսեցի պատկերացնել, թե ինչպես էի դա անելու: Երբեմն երևակայությամբ շա՜տ հեռուն էի գնում: Շուտով սկսեցի նաև երազներումս տեսնել, թե ինչպես եմ վերցնում դանակը, ատելությամբ նայում Էմմային, գոռում նրա վրա, որ մահից առաջ իմանա, թե ինչքան եմ նրան ատում և դանակը խրում կոկորդը: Նա ճիչ է արձակում, կարմիր արյունը հոսում է...ի՜նչ հաճելի է կարմիր արյան հոտը: Երևակայությամբ անգամ հոտը զգում էի:
    Ինչու՞ չէի սպանում իրականում: Սպասում էի: Ինչի՞ն: Չգիտեմ: Վախենու՞մ էի: Սպանության ինձ ընդունակ չէի համարու՞մ: Բնա՛վ:
    Մի օր որոշեցի երևակայականը ի կատար ածել: Լոգարանում էր: Սակայն էլի ինչ-որ մի բան խանգարում էր...Նորից ընկա երևակայության գիրկը: Երևակայում էի, թե ինչպես եմ վերցնում տան ամենասուր դանակը և վստահ քայլերս ուղղում դեպի լոգարան: Աչքերս փայլում էին: Դեմքիս նույնիսկ ժպիտ կար: Տարօրինակ է, բայց երջանկության նման մի բան էի զգում: Հա՛, երջանիկ էի. շուտով ատելին այլևս չէր շնչելու: Առաջին սպանությունս էր, որ կատարելու էի, բայց փորձառու մարդասպանի պես էի ինձ պահում: Երբ մոտեցա լոգարանի դռանը, կանգ առա: Ընդամենը մի վայրկյան երևի: Երկրորդ վայրկյանին արդեն ներսում էի: Նա պառկած էր լոգարանի մեջ: Աչքերը փակ էին: Անիծյալը ջրի մեջ իրեն լավ էր զգում: Բացեց աչքերը, երբ լսեց դռան ձայնը (չնայած կամաց էի դուռը բացել): «Ռու՞բ»,-լոգարանի մեջ նստելով ասաց նա: Հանկարծ տեսավ ձեռքիս դանակը: Սարսափած նայեց ինձ: Չգիտես ինչի հանկարծ սկսեցի մտածել, թե իրավունք չունեմ ուրիշին զրկել կյանքից: Մի՞թե ես եմ այդ կյանքը տվել, որ ուզում եմ խլել: Լավ է՝ կարողացա վանել այդ հիմար մտքերը... «Ատում եմ»,- համարյա գոռում եմ և դանակը խրում Էմմայի կոկորդը: Թեթև ճիչ: Աչքերը չռված ինձ էին նայում: Կարծես ասում էին. «Ինչի՞ համար: Իմ միակ մեղքը եղել է քեզ սիրելը»: Ապու՛շ: Լոգարանի ջուրն էլ կարմի՜ր, կարմի՜ր էր դարձել...Նա մեռած էր...
    Ափսոս: Նրա սպանությունը նորից երևակայական էր: Թվում էր, թե խելագարվում էի: Չէ,՛ ես խելագար չեմ...
    Երևակայական սպանությունից ուղեղս մի տեսակ բթացել էր: Չեմ հիշում, թե ինչպես էի քնել: Երբ արթնացա, դրսում արդեն մութ էր: Էմման ո՛չ խոհանոցում էր, ո՛չ սենյակներում: Հանկարծ հիշեցի, որ մի քանի ժամ առաջ լոգարանում էր: Նորից այնտե՞ղ էր: Չգիտես ինչի, բայց վախեցա: Վատ զգացողություն ունեի: Ձեռքերս էլ անկախ ինձնից դողում էին, երբ բացեցի լոգարանի դուռը: Քարացա տեղում: Չէի պատկերացնում, որ նման բան կտեսնեմ: Էմման պառկած էր արյամբ ողողված լոգարանի մեջ: Կարմի՜ր, կարմի՜ր էր ջուրը: Տարօրինակ էր, բայց ինձ թվաց, թե նա ժպտում էր: Հա՛, հա՜, նա ժպտում էր: Անիծյալը կարծես գիտեր, թե ես ինչ էի ուզում անել, դրա համար էլ շտապել էր կտրել երակները, որ ես չվայելեմ նրան սպանելու հաճույքը: Նա մեռած էր:
    Գրություն էր թողել. «Ինքնասպանությանս համար ամուսինս է մեղավոր: Նա դավաճանում ու չէր սիրում ինձ: Ամենաանտանելին նրա արհամարհանքն էր»:
    Հայտնվեցի բանտում, բայց այնտեղ երկար չմնացի...
    Ատելությունս կրկնապատկվեց: Մահից հետո անգամ չի դադարում թունավորել իմ կյանքը: Կարծես չի մահացել: Խղճի խայթ չունեմ: Ոչ մի բանի համար չեմ զղջում: Ի՜նչ էլ մի գրություն է թողել: Անիծյա՜լ: Գոնե ես սպանեի: Անիծյալը չթողեց, որ վայելեի նրան սպանելու հաճույքը:
    Սկսեցի մտածել, թե ես մարդասպանից վատն եմ: Մարդուն ինքնասպանության հասցնելը մի՞թե անձամբ սպանելուց ահավոր չէ: Սրիկա՛ եմ: Էլի նույն հիմար մտքերը: Չէ՛, ես այդքան ստոր չեմ, ես մարդասպանից վատը չեմ: Էմման դա դիտմամբ արեց, որ տառապեի: Խղճի խայթ եմ զգու՞մ: Չէ՛: Ինչի՞ համար: Նա թունավորում էր կյանքս, թե՞ ես էի թունավորում Էմմայի կյանքը:
    Դիտմամբ, դիտմամբ ինքնասպան եղավ, որ...
    Հոգեբուժարանում եմ:

    Նմանակում՝ Էդգար Պո
    Blessed the poison which brings the end

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (17.02.2014), Sambitbaba (15.02.2014), մարիօ (16.02.2014), Պիրիտ (14.02.2014)

  21. #13
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 6. Հովսեփի ծնունդը

    Հովսեփի ծնունդն էր: Աշխատակիցներով շնորհավորեցինք, նվիրեցինք նախօրոք պատրաստած նվերը, սեղան գցեցինք: Ավելի ուշ սուրհանդակ ուղարկեցինք մոտակա 24-ժամյան, խմիչքի պաշարները թարմացնելու համար: Ես դուրս եկա պատշգամբ՝ ծխելու:
    Քիչ անց կողքիս հայտնվեց Անուշիկը, մեր նոր լաբորանտը: Նա լուռ ինձ մեկնեց գինու կիսատ շիշը:
    - Ցուրտ է, - հրաժարվեցի ես: - Ներս գնանք, կմրսես այդ ամառային զգեստով…
    - Չէ, չեմ ուզում, - շիշը մոտեցրեց իր մագնիսական շրթունքներին ու փոքրիկ բերանին անհամեմատ մեծ կում արեց, այնքան, որ ավելորդ գինին բերանի եզրից ծորաց ցած ու երկար վզի վրա թողնելով իր բարալիկ հետքը, շուտով թաքնվեց բաց շրջազգեստի պատճառով ավելի գրավիչ դարձած կրծքերի ծալքի մեջ…
    Նա տեսավ շնչահեղձ հայացքս ու խորամանկ աչքերը բևեռեց աչքերիս: Հետո ազատ ձեռքի միջամատը խրեց այդ հմայիչ ծալքի մեջ այնքան խորը, որքան թույլ էր տալիս կրծկալը և սկսեց դանդաղ վեր բարձրացնել գինու հունով վեր, վզով վեր, մինչև շուրթերը, և երկար ու համով լպստեց այն…
    - Ներս գնանք, ցուրտ է, - աղմկոտ կուլ տվեցի թուքս:
    - Ավելի լավ չէ՞, գնանք, մի տեղ սուրճ խմենք…
    - Հմմ… Վատ միտք չէ:
    Մոտակա սրճարանը փակ էր արդեն: Նայեցի ժամացույցիս՝ տասնմեկն անց էր…
    - Կուզե՞ս, ինձ մոտ գնանք, սուրճի հետ կոնյակ էլ ունեմ: Համ էլ չես թողնի, որ երիտասարդ աղջիկը գիշերով, մենակ…
    - Համոզեցիր:

    … Արթնացա ցրտից: Ամբողջովին սառել էի: Վերմակը քնաթաթախ որոնելիս ձեռքս հետ տարա և դեմ առա մերկ, պիրկ գավակի… Վայրկենապես արթնացա ու այնպես հետ քաշեցի ձեռքս, ասես թե այն ոչ թե սիրունիկ գավակի, այլ կրակի վրա լիներ դրված: Վեր թռա տեղիցս ու սարսափած նայեցի Անուշիկի մերկ մարմնին:
    Ի՞նչ եմ ասելու Մարիին, ու՞ր էի ամբողջ գիշե…
    Կայծակի արագությամբ հագնվեցի, վերջին հայացք գցեցի մարմարե Ափրոդիտեի վրա:
    Չարթնացավ անգամ: Ասես թե զգալով, որ անկողնում տարածություն է ազատվել, այդ անտանելի գավակը թեթևակի փոխեց իր դիրքը և փողոցային լապտերի գցած լույսի տակ իր վերջին համբույրը շողարձակեց ինձ…
    Ես թռա դուրս:

    Մարին քնած էր: Մի կերպ շունչս տեղը բերեցի, հնարավորինս անձայն հանվեցի, կամաց մոտեցա, նստեցի անկողնու ծայրին, զգուշորեն բարձրացրեցի վերմակի փեշը…
    - Արդեն գործի՞ ես գնում, ինչ է: - Նույնիսկ չբացեց էլ աչքերը: - Շուտ չէ՞: Գոնե թեյ խմիր: Սառնարանում բլիթներ կան, կեր: Քեզ պաչիկ… - ու լռեց:
    Համարյա մեռած, վեր կացա անկողնուց և սկսեցի հագնվել…

    Նմանակում՝ Անտոն Չեխով
    Վերջին խմբագրող՝ Վոլտերա: 14.02.2014, 21:09:
    Blessed the poison which brings the end

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (17.02.2014), Sambitbaba (15.02.2014), Պիրիտ (14.02.2014)

  23. #14
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վոլտերա-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարբերակ 6. Հովսեփի ծնունդը
    Մի տեսակ ստանդարտ էր, հասարակ պատմվածք

    Առանձնապես քիչ եմ ծանոթ էն հեղինակների ստեղծագործություններին ում որ նմանակում են, դժվար կլինի համեմատելը, եթե ոչ անհնար
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  24. #15
    Պատվավոր անդամ Tiger29-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Գրառումներ
    500
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վոլտերա-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարբերակ 6. Հովսեփի ծնունդը



    Մարին քնած էր: Մի կերպ շունչս տեղը բերեցի, հնարավորինս անձայն հանվեցի, կամաց մոտեցա, նստեցի անկողնու ծայրին, զգուշորեն բարձրացրեցի վերմակի փեշը…
    - Արդեն գործի՞ ես գնում, ինչ է: - Նույնիսկ չբացեց էլ աչքերը: - Շուտ չէ՞: Գոնե թեյ խմիր: Սառնարանում բլիթներ կան, կեր: Քեզ պաչիկ… - ու լռեց:
    Համարյա մեռած, վեր կացա անկողնուց և սկսեցի հագնվել…

    Նմանակում՝ Անտոն Չեխով

    http://www.youtube.com/watch?v=LYmYo...utu.be&t=5m50s

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (17.02.2014)

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 198
    Վերջինը: 23.02.2015, 14:57
  2. Արձակ. Նոր Ստեղծագործական Մրցույթ. Նմանակում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 86
    Վերջինը: 12.02.2014, 07:32
  3. Արձակ. Ստեղծագործական մրցույթ: Պատահական ծանոթություն: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 737
    Վերջինը: 21.10.2013, 14:53
  4. Արձակ. Ստեղծագործական մրցույթ. Կարճ պատմվածք (Քվեարկություն և քննարկում)
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 554
    Վերջինը: 07.09.2013, 19:56
  5. Գրառումներ: 737
    Վերջինը: 24.03.2013, 01:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •