Արթնանում եմ ինչ-որ պայթյունից: Շալվարիս մեջ թացություն եմ զգում: Աստվածնե՛ր, երբեք չէի մտածի, որ այս տարիքում նման բան կպատահեր հետս: Նոր գլանակ եմ վառում ու նայում բեմին:
Ծխի բացված վարագույրից երևում է ծովափը: Ծերացած Հիլդան մերկ քնած է ծովափին: Ավազը դանդաղ կլանում է նրա մարմինը: Սակայն այս անգամ ծովը հանգիստ է: Նա այլևս ալիքներ չի շպրտում դեպի ափ՝ Հիլդային փրկելու: Ավազահատիկները մոլեռանդ մրջյունների պես իրար գլուխ հավաքվելով՝ մագլցում են կնոջս մարմնին՝ նրան կուլ տալու, բայց ծովը անտարբեր է: Կնոջս ոտքերը այլևս չեն երևում: Ավազը միշտ փախցնում է ոտքերից: Իսկ ծովը շարունակում է անտարբեր մնալ: Ծովը հիշողություն չունի: Նա չի հիշում, որ սա այն կինն է, որին մի ժամանակ ինքը մոլեգնած փրկում էր մարդակուլ ավազից: Սակայն ես հիշում եմ ու ինքնամոռաց վազում եմ, որ գրկեմ ու փրկեմ նրա մարմինը…
Ատրճանակը… Հիլդան ինձ լքելով՝ տարավ իմ ատրճանակը: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու. արդյո՞ք նա վախենում է, որ ես ինքնասպան կլինեմ, քանի որ գիտի՝ աննորմալի պես սիրում եմ նրան, ու ատրճանակը հեռացնելով՝ փրկում է ինձ, թե՞ ինքն է ինքնասպան լինելու:
Ամեն դեպքում ես վազում եմ, վազում եմ, որ փրկեմ Հիլդային, որ փրկեմ ինձ… Վազում եմ, բայց չեմ հասնում նրան… Քնա՞ծ եմ, ինչ է… Եվ ո՞ւր եմ ես, երբ երեկոյան պրեմիերան է, գրողը տանի… Ռոմեո և Ջուլիետ… Սա վերջին պրեմիերան է…
Ես նետվելու եմ ծով ու լողալու դեպի ափ, որովհետև ծովափին ատրճանակը ձեռքին պառկած է Հիլդան: Նա չի շտապում կրակել: Նա հույս ունի, որ ես կգտնեմ նրան: Իսկ եթե նա մեռած լինի, ապա ես կպարպեմ ատրճանակն ու թեկուզ ինձ դժվար լինի լքել ծովը, ավազը, գունեղ ու մանր ձկները, խեղճ ու փառահեղ շենքերը, մի խոսքով հրավառությունը՝ յուրաքանչյուր ատրճանակով մարդու ֆանտաստիկ հրավառությունը՝ իմ հաջորդ հնարավոր ներկայացումը, ես կկրակեմ, աստվածներ, կկրակեմ ուղիղ գլխիս վրա:
Իսկ մինչ այդ արևը մի անգամ էլ մայր կմտնի, վարագույրը մի անգամ էլ կբացվի, ու ծեր Ջուլիետը կմեռնի ծեր Ռոմեոյի գրկում:
[1] «Դոն Կիխոտ», Սերվանտես (1547-1616)
[2] «Ոսկե լճի վրա» (պիես), Էռնեստ Թոմփսոն (ծնվ. 1949թ.)
[3] «Ընդհատումներ մահվան մեջ», Ժոզե Սարամագո (1922-2010)
[4] «Սպանված Աղավնի», Նար-Դոս (1867-1933)