ՀԵՐՄԻՆԵ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ / ՀԵՐՄԻՆԵ ՄՈՆՍ/ |ՄԵԿ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՓԱՅՏ
Փայտի ներքևի ծայրը շփվելով խոնավ հողի հետ` արդեն փտել էր, դրանից քիչ վերև` մամռապատվել, իսկ դրանից էլ քիչ վերև ամեն ինչ չոր էր, բայց էստեղ էլ խոր ծերության կնճիռներն էին բազմանում ճաքերի մեջ: Անցնելով փտախտի, մամռապատման ու դարերի միջով` հասնում ես փայտի մյուս ծայրին, որտեղ կախված է մեքենայի հազարավոր պտույտներից չհանգստացած լվացքը` սրտխառնոցից ու գլխապտույտից ճոճվելով:
Փոքրիկ բակում ապրում էին տասը ընտանիք` տասը տնտեսություն` տասը մետր ընդհանուր հողատարածքով. դա և սարսափելի էր, և սարսափելի հետաքրքիր: Նրանցից յուրաքանչյուրը մի տեսակ հպարտորեն թաքցնում էր իր կենցաղի ամոթը` ուրախության գերխաղով: Նրանք հպարտանում էին, որ իրենց խարխուլ հողաթեփածեփուկ «խրճիթները» դեռ ցարական Ռուսաստանի օրոք ձիանոցներ են եղել: Եվ հպարտանալով շարունակում էին չապրել, հիվանդանալ ու գոյատևել ձիերի փոխարեն, տուրիստների համար հիացմունքի առարկա դարձած խրճիթներում: Այդ տասը մետրանոց տարածքի, տասը տնտեսության համար գոյություն ունեցող մեկ ընդհանուր փայտն իսկական գլխացավանք էր: Մանավանդ, երբ տնտեսուհիները, երեխաներ ունենալու հարցում, մրցության մեջ էին: Ուրեմն, ամեն տնտեսությունից, օրը ամենաքիչը 50 կտոր լվացք պետք է փռվեր հենց այդ փայտի պարանին:
Նրանցից ամենաճարպիկը, որպեսզի խուսափեր լվացքը չփռելուց` զարթուցիչի օգնությամբ, մեծ դժվարությամբ լուսաբացը դիմավորում էր փայտի հետ` իր լվացքով: Իսկ ամենահանգիստը, ստիպված, տարիներ շարունակ լվացքը փռում էր տան աթոռներին` ամոթից հյուր չընդունելով: Բայց դե գոնե տարին երկու անգամ ամենահանգիստ տնտեսուհու նյարդերն էլ էին լարվում ամենաճարպիկի պատճառով: Եվ հենց այդ երկու անգամն էլ տարվա մեջ ամենահանգիստը վիճում էր ամենաանհանգիստի հետ, իսկ վեճերը սովորական չէին: Էստեղ վեճերն էլ էին մի տեսակ հատուկ հանդիսավորությամբ:Վեճը սկսվելուն պես բոլորը դուրս էին ցատկում` կարծես մեկ տարի շարունակ դռան հետևում ականջ դրած, սպասում էին, թե ամենահանգիստը երբ է անհանգստանալու… ու սկսվում էր վեճը` ընդհանուր վեճը: 2 րոպեանոց ընդհանուր վեճից հետո` ամեն մեկն ընտրում էր իրեն խանգարող տնտեսուհուն, որը միշտ, պարտադիր պայմանով, իրենից առաջ էր ընկնում ու փռում լվացքը: Շարունակում էին վեճը զույգերով: Ամենահետաքրքիրը այս վեճերի այն էր, որ ոչ մեկի բարձրագույն սովետական կրթությունը, « սկսած դեռ ցարական Ռուսաստանի օրոք»-ից , թույլ չէր տալիս վիրավորել դիմացինի վեհ անձը. նրանք մեծագույն սիրով ու մանրամասնությամբ վիրավորում էին դիմացինի Լվացքը: Ամենաքիչը 50 կտորանոց խեղճ լվացք. արի ու դիմացի: Հենց էստեղից էլ սկսվում էր ամենակիրթ, ամենաբարձրագույն կրթություն ստացած ու ամենամայրաքաղաքային, բառիս բուն իմաստով, տուրուդմփոցը: Տարվա 2-րդ վեճերից մեկի ժամանակ` ամենահանգիստ տնտեսուհու նյարդերը տեղի տվեցին և նա «զորբայությամբ», որը հաճախ սիրում էին կրկնել հարևան տնտեսուհիները, սկսեց փռել իր լվացքը: Դա բարկացրեց ամենաճարպիկին, վիրավորեց նրա վեհությունը և նույն « զորբայությամբ» գետնին տապալեց լվացքը` հատ հատ, նույն հերթականությամբ, որով այն փռվում էր: Ամենահանգիստ տնտեսուհու կյանքը կանգնեց մեկ վայրկյանով. հիշեց, թե ինչ գնով է դրանք լվացել` իր 8 երեխաների ճաշը ուշացնելով, տունը չհավաքելով, ամուսնու խեթ հայացքին արժանանալով, և վերջապես, սառը ջրի մեջ, ձեռքով, խարխուլ և ցուրտ բաղնիքում, եթե այն բաղնիք կարելի է անվանել` սառեցնելով բնության կողմից պարգևված, ինքնությունը հաստատող օրգանները: Եվ այդ մի քանի կանգնած վայրկյաններին հաջորդեց փայտի հարվածը ամենաանհանգիստ տնտեսուհու գլխին: Նրա` կյանքով լեցուն, միակ և անկրկնելի վայրկյանները կանգնեցրին բոլոր տնտեսուհինների, այդ թվում նաև հարված կերածի կյանքի վայրկյանները:
Բոլորն ապշած էին: Մեկ շաբաթ շարունակ ակտիվ և թաքուն քննարկվում էր այդ թեման` փայտի կողքին` ծառի տակ սուրճ խմելով: Բայց և այնպես բոլորն էլ հանգիստ էին` ամենաճարպիկը մեկ շաբաթ շարունակ պառկեց անկողին` գլխի սուր ցավով և չկարողացավ արթնանալ զարթուցիչի ձայնից` չխանգարելով հարևան տնտեսուհինների բնականոն լվացքակախումները: Այս ամենից ամենաշատը շահեց ամենահանգիստ տնտեսուհին. բոլորը լվացք փռելուց առաջ, մի տեսակ սարսափով հարցնում էին նրան` հո լվացք չունի՞ փռելու:
Իսկ ամենաշատը վիրավորվեց փայտը: Նա շատ լրջորեն անհանգստանում էր տնտեսուհինների քննարկումներից ու զարմանում, թե ինչպես կարող են մեղադրել այդ չքնաղ ու հանգիստ կնոջը, որը ոչ մի կապ չուներ այդ արարքի հետ: Դա ուղակիորեն կապված էր իր և անհանգիստ տնտեսուհու ներքին ատելությանը, որի հետևանքով նա շատ հատուկ խփվեց տիկնոջ գանգին:
Այո փայտը լրջորեն սիրահարված էր ամենահանգիստ տնտեսուհուն: Նա միակն էր բազումների միջից, որ յուրահատուկ վերաբերմունք էր ցուցաբերում իր նկատմամբ: Տնտեսուհին մեծ սիրով ու կարևորությամբ էր մոտենում իրեն, մի տեսակ հարգելով նրա դարավոր պատմությունը: Տնտեսուհին նույնիսկ երգում էր լվացք փռելուց, որ ինքը թեթև տանի իր ծանր ճակատագիրը: Միակն էր, որ մի քանի ժամ շարունակ, հանգիստ շփվում էր իր հետ` մոռացած աշխարհը` գեղագիտորեն փռելով լվացքն ըստ գույների ու չափերի: Հիշեց, որ մի քանի անգամ նույնիսկ դժվարությամբ հավաքել ու նորից է փռել լվացքը, որովհետև աչքից վրիպել էր, որևէ գույն, որի շարքն արդեն անցել էր: Իսկ ներքնաշորերը մի քանի ժամ շարունակ թաքցնում է փռած լվացքի տակ ու հեռվից, երկու կողմերից էլ նայում` հո ծայրն անգամ չի՞ երևում: Ինչպես չսիրեր նրան ու չօգներ վեճի ժամանակ… Մանավանդ, երբ խնդիրն ամենաանհանգիստ տնտեսուհին էր, որը հերիք չի իրեն արթացնում է բնականից մի քանի ժամ շուտ, դեռ մի բան էլ, լվացքը փռելու փոխարեն` նետում է վրան` ճմռթած ու անփույթ: Իսկ փռած ներքնաշորերին նայելով, բոլորը գիտեն իր բարեմասնությունների չափն ու ձևը, նաև քաղաքակրթությունից հեռու` ճաշակը:
Այս ամենը լուռ հառաչանքով վերհիշում էր պատին հենված փայտը, իսկ ես լուռ լսում էի նրա տխրությունը` մի անկյունում կանգնած. «Ինչպե՞ս կարելի է, չէ որ ես թանգարանային նմուշ եմ, իմ մամուռի, ճաքի մեջ այնքան պատմություն կա: Ինձ անգամ նայողը կհասկանա, թե 5 տարի առաջ` գուցե և 5 դար առաջ ինչպես են ապրել այս 60 մետրանոց շենքերում իրար գլխի տեղակայված բնակիչները: Ինչպիսին են եղել դրանց փոխարեն լուռ հարմարված` դեռ ցարական Ռուսաստանի օրոք, սարքված ձիանոցները, որոնց փոշին անգամ էլ չի լինի: Ինչպես են ձիերի փոխարեն գոյատևել նրանցում ապրող տնտեսուհիները` ամենաճարպիկից մինչև ամենահանգիստը: Այս ամենը նրանք անգամ ինձ նայելով կիմանան»:
Այս վերջին մտքերը հառաչեց փայտը` խարույկի գրկում, մինչև վերջին վայրկյանը աչքերը հառած ամենահանգիստ տնտեսուհու տնտեսության դռանը` հույս ունենալով, որ տնտեսուհին էլ իրեն օգնության կհասնի ամենադժվար պահին: Եվ ինչ լավ էր, որ նա այդպես էլ չիմացավ, որ ինքը այրվում է տնտեսուհու տնտեսությունում տեղի ունեցող նշանդրեքի խորավածի կրակում: Իսկ ես ուղղակիորեն ոչինչ անել չէի կարող, որովհետև այդ բակում տղամարդկանց որոշումները չէին քննարկվում և չէին առարկվում` այն էլ երեխաների կողմից:
Այդպիսինն էր ամենամայրաքաղաքային ամենահետաքրքիր բակերից մեկի պատմությունը, որի փոշին անգամ այսօր չի մնացել, և որի մասին անգամ նայելով կհասկանար յուրաքանչյուրը` 5 տարի կամ 5 դար հետո, եթե տեսներ այդ հին պատմություն ունեցող լվացքի պարանի փայտը, եթե այցելեր ամենամայրաքաղաքային թանգարանը…
Էջանիշներ