Քանի որ ակումբի մրցույթը նորից հետաձգվեց, ես որոշեցի Անտարես մրցույթի վերջնական փուլ անցած գործերը տեղադրել այստեղ:
Քանի որ ակումբի մրցույթը նորից հետաձգվեց, ես որոշեցի Անտարես մրցույթի վերջնական փուլ անցած գործերը տեղադրել այստեղ:
I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.
Mark Twain
ՆՈՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ | ՀՈՒՆՈՆ
Հունոն երևի գիտակցություն գալու օրվանից էր մտածել խելքով հարստանալու մասին: Իսկական անունը Հունո չէր: Հարևան Արտաշի հարյուր տարվա փչացած հեռուստացույցի մասերը լրիվ քանդել-թափել էր հատակին ու նորից հավաքել: Հեռուստացույցն աշխատել էր ինչպես գործարանից նոր բերած: Արտաշն էլ ուրախությունից ասել էր. «Ոտքից գլուխ խելք ա, հունար»: Ու անունը կպել-մնացել էր Հունո:
Հունոն հարստանալու համար խիստ գործնական միջոցների էր դիմում: Հետո էլ դրա հնարավորությունն ուներ, որովհետև օժտված էր երկու հատկանիշով` տեխնիկայի գել էր, մեկ էլ անթերի նմանակում էր մարդկանց և նրանց ձայները:
Երբ մենք դեսուդեն ընկած մի կերպ ճարել էինք Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզոն» գիրքը և հերթագրվել էինք կարդալու, Հունոն, չգիտես ինչպես, մի սարք հորինեց, հարմարեցրեց իրենց նկուղում ու պատի վրա էդ սարքով անշարժ ֆիլմեր էր ցույց տալիս: Մի օր էլ իրենց տան պատին «աֆիշ» հայտնվեց. «Ռոբինզոն Կրուզո». ժամը 3-ին, տոմսի արժեքը` 10 կոպեկ, մեկ ձու կամ լիմոնադի մեկ դատարկ շիշ:
Ձուն ու շիշը խանութում էլի 10 կոպեկի արժեք ունեին: Միայն տեսնել էր պետք, թե Հունոն իր կալվածքում ոնց էր կերպարանափոխվել: Կոստյում-շալվարով, փողկապով, կոստյումի վերևի ձախ գրպանում եռանկյունի մի թաշկինակ, կոկիկ սանրված, լաքած մազերով: Նկուղում նստարաններ էր տեղադրել, աթոռ, լիմոնադի դատարկ արկղ: Պատին` անկողնային նոր գնած սպիտակ պաստառ-սավան, որի դիմաց հպարտորեն դրված էր լուսարձակող մի սարք, որ պաստառի վրա գունավոր կադրեր պիտի ցույց տար: Մինչև ֆիլմի սկսվելը դեսից-դենից 10 կոպեկ, հարևանների նկուղներից լիմոնադի դատարկ շշեր, հավաբներից հավի ձվեր էին թռցրել ու հավաքվել Հունոյի ընդհատակյա կինոդահլիճի փայտե թեքված, նոր ներկված և լրիվ չչորացած դռան դիմաց: Սկզբում Հունոն հայտարարեց.
- Ներս գան նրանք, ովքեր 10 կոպեկ ունեն, հետո ներս գան ձվով, վերջում` շշով ներս մտնողները: Առաջին շարքում նստեն կանխիկ փող ունեցողները, հետո՝ ձվով, վերջում` շշով ներս մտնողները:
Հնազանդորեն հետևեցինք Հունոյի հրամաններին ու տոմսի արժեքը մուծելով` ներս անցանք, նստեցինք:
- Ոչ մի ձայն, սկսում եմ,- խիստ տոնով ասաց Հունոն, դուռը ներսից փակեց, կանգնեց ու հանդիսավոր ասաց.
- Ուշադրությո՜ւն, ֆիլմն սկսված է՝ «Ռոբինզոն Կրուզոն` անմարդաբնակ կղզում»:
Ասաց, առաջին կադրը տեղադրեց խցիկում ու պաստառի վրա, երևաց մի հսկա նավ` կիսախորտակ: Հունոն սկսեց պատմել նավի պատմությունը: Ժամանակ առ ժամանակ կադրերը փոխվելով` պաստառին տարբեր գունավոր պատկերներ էին հայտնվում: Հունոն հրաշագործ ձեռքերով տեղադրում էր կադրերն ու պատմում, թե ինչպես խորտակվեց նավը, ինչպես փրկվեց Ռոբինզոնն ու հայտնվեց անմարդաբնակ կղզում: Նույնիսկ Ռոբինզոնի տպավորությունների մասին էր երկար-բարակ խոսում խիստ գրական հայերենով, տպավորիչ, և մեզ թվում էր, թե ձայնը պատկեր ստեղծող սարքից է դուրս գալիս: Երբ հերթը հասավ այն կադրին, որը պաստառի վրա պատկերում էր նավից բերած սնդուկը, որի մեջ գանձեր էին, Հունոն խորհրդավոր լռեց: Հետո դարձյալ հանդիսավոր շարունակեց:
«Ռոբինզոնը ոչ միայն այս կղզու, այլ աշխարհի ամենահարուստ մարդն է: Երբ նա հասնի Անգլիա, բոլորն իր հետ հաշվի կնստեն: Անգլիայի թագուհին անգամ իր հետ հաշվի կնստի»: Սովորականից երկար ցուցադրելով գանձերի պատկերը, կարծես ուզում էր պատկերը շարժվի ու սնդուկի տակից հանի Ռոբինզոնի բոլոր գանձերն ու մեկառմեկ ցույց տա: Մենք կլանված պաստառին էինք նայում, Հունոյին լսում, երբ մի ահավոր պայթյուն լսվեց, ու նկուղը մի ակնթարթում խավարեց: Կինոխցիկն էր: Ցիրուցան էր եղել. ապակին մի կողմ, «պլաստմասսան»` մի կողմ:
Տղաներից մեկը նկուղի դուռն անմիջապես բացեց, բոլորով դուրս թռանք, իսկ Հունոն շվարեց մնաց կտոր-կտոր եղած սարքի գլխավերևում: Ապակու մի կտոր խրվել էր Հունոյի ճակատի մեջտեղում: Արյունն ապակու միջից հոսում էր Հունոյի քթի, այտերի վրայով: Դա տեսնելով` մենք կարծես իրար ձեն տված, փախանք:
Հետո Հունոն առժամանակ կորավ, հազվադեպ էր դուրս գալիս: Իսկ երբ երևում էր, պատի անկյուններից, ծառերի բների հետևից, հաճախ կտուրներից երեխաներն իրար հաջորդելով` բղավում էին.
- Հունո՜, Լոբինզոնը ի՞նչ եղավ:
- Մտավ ձեր մամաների ծոցերը,- շպրտում էր Հունոն ու դարձյալ երկար ժամանակով անհետանում:
Ղարաբաղյան շարժման առաջին օրը Հունոն հասկացավ, որ իր տունը Ազատության հրապարակն է: Մեկ-երկու օր հրապարակում կանգնեց, «Ղարաբաղը մերն է» գոռաց ու գտավ, որ իր տեղը հարթակի վրա է, տղերքի կողքին: Ցուցարարներին հրմշտելով ու ներողություն խնդրելով` Հունոն կամաց-կամաց մոտեցավ ու ուրբաթօրյա թեժ միտինգից առաջ տղաների կողքին էր: Սկզբում կարծես լավ ընդունեցին, ժպտացին, ու Հունոն հասկացավ, որ մոտենում է ժամը միկրոֆոնը նվաճելու: Երբ առաջին փորձն արեց, տղաները երկար իրար նայեցին: Չստացվեց:
Երկրորդ փորձի ժամանակ մի ուս թափով կպավ Հունոյի ուսին, ու քիչ մնաց Հունոն հայտնվեր հարթակից ներքև: Այն ժամանակ թիկնապահ, բան չկար, բայց դե ուսը ոնց որ թիկնապահի ուս լիներ: Հետո տղաները ուսերի ու կոնքերի թեթև հարվածներով, ընդմիջումներով, էնպես, որ ժողովուրդը չնկատի, Հունոյին իջեցրին հարթակից: Հունոն մտածեց ու հասկացավ, որ սրանք իշխանություն են ուզում, որ ճիշտը Ղարաբաղ գնալն է, զենք բռնելը: Կանգնեց հարթակի դիմաց, ուղիղ նայեց Վանոյի աչքերի մեջ, որին ծանոթ էր Պապլավոկի ստեղծման օրից, որին մի օր հենց այնտեղ այնպես էր նմանակել, որ սեղաններից մեկի շուրջ հավաքված հայտնի դերասաններն ակամայից կանգնել էին ու քար կտրած ծափահարել: Մի խոսքով` էնքան նայեց, որ Վանոն էլ ճար չուներ աչքերը փախցնելու: Ու երկուսի հայացքները հանդիպեցին: Հունոն շպրտեց. «Ղարաբաղը մերն է. ո՞նց է մերը էստեղ կանգնելով. տղա ես` զե՜նք վերցրու, գնա՜»: Ասաց, շրջվեց ու հեռացավ:
Երկու օրից Հունոն Ղարաբաղում էր` զենքը ձեռքին, մորուքը նոր ծլարձակող: Հենց առաջին օրից Հունոն կարող էր հրամանատարի «պոստը» վերցնել: Չուզեց: Կռվեց ամենաթեժ կետերում: Երկու անգամ վիրավորվեց, բայց կիսատ ապաքինված` վերադարձավ դիրքերը: Հաղթանակի օրը ոմանք թալանով էին զբաղված, ոմանք` խմելով: Հունոն անտառի փեշին մի առու էր գտել, ոտքերը դրել ջրի մեջ, ծխախոտը շուրթերին` մտածում էր. «Էս կռիվն էլ պրծավ՝ բա հետո՞»: Էդ մտքի վրա էր, երբ դիմացի թփերի միջից ձայն լսվեց: Զենքը ձեռքն առավ, մոտեցավ: Մի վիրավոր ջահել թուրք էր. պլշած աչքերով նայում էր Հունոյին: Կողքին մի հունգարական ձայնագրիչ էր ընկած, մի մեծ, կաթնագույն միկրոֆոնով: Իսկը Ազատության հրապարակի միկրոֆոնը: Հունոն քարացավ միկրոֆոնի վրա, թուրքը` Հունոյի: Նայեց, նայեց միկրոֆոնին, հետո դարձավ թուրքին.
- Ցեղդ փախչելու վարպետ է, թույլ եմ տալիս, փախի՜ր:
Թուրքը կարծես ամաչելով՝ հայացքն ուղղեց վիրավոր ոտքին: Հունոն վիրակապեց թուրքի վիրավոր ոտքը, չորացած թփերից ձեռնափայտի համար մի փայտ կտրեց, խոթեց թուրքի աջ ձեռքը, ձայնագրիչը հարմարեցրեց ձախ թևատակին ու ասաց` գնա՜: Թուրքը պլշած նայում էր Հունոյին:
- Գնա՜,- նորից ասաց Հունոն,- բայց էնտեղ ճիշտը կպատմես:
Թուրքը դանդաղ կռացավ, ձայնագրիչը միկրոֆոնի հետ դրեց Հունոյի ոտքերի դիմաց ու փախավ:
Մարտի 1-ից հետո, երբ Ազատության հրապարակը դարձել էր խաղահրապարակ, երբ ժողովուրդը սկսեց հավաքվել Մատենադարանի մոտ ու գոռալ` Լևոն նախագահ, Հունոն պատահաբար անցնում էր էդ կողմերով ու հիշեց, որ թուրքից թալան բերած միկրոֆոնը նկուղում է: Հաջորդ միտինգին ներկայացավ` միկրոֆոնը ձեռքին: Առանց երկար-բարակ մտածելու բարձրացավ հարթակ: Ուղիղ Լևոնի կողքին: Կաթնագույն միկրոֆոնը միացրեց բարձրախոսներին ու սպասեց իր հերթին: Միտինգավարին համոզել էր, որ միկրոֆոնը 88-ի հարթակի առաջին միկրոֆոնն է: Միտինգավարը Հունոյի ասածը փոխանցեց Լևոնին:
Լևոնը զննող հայացքով նայեց Հունոյին ու միտինգավարին գլխով դրական շարժում արեց: Միտինգավարը միկրոֆոնի մասին հպարտությամբ տեղյակ պահեց միտինգավորներին, ու ելույթի հերթը Հունոյինն էր: Հունոն դանդաղ էր մոտենում միկրոֆոնին ու մոտենալիս կերպարանափոխվում էր մեկ այլ մարդու: Ինչքան մոտենում էր, նմանությունը դառնում էր ավելի ընդգծված: Միտինգավորներից մեկը առաջին շարքերից նկատեց` Ռոբերտը: Հետո մի քանիսը գոռացին` Ռոբերտը: Հետո լռություն եղավ, ու միկրոֆոնի մոտ ոչ թե Հունոն էր, այլ Ռոբերտը:
- Ռոբե՜րտը, Ռոբե՜րտը,- սկսեցին գոռալ, հայհոյել ու սուլել:
Հունոն բանի տեղ չդրեց: Բարձրացրեց աջ ձեռքը, ու ժողովուրդը քարացավ: Ու խոսեց Հունոն, ասաց ընդամենը մեկ նախադասություն` ճիշտ Կարեն Սերոբիչի ձայնով. «Ղարաբաղը գրպանումս չէ, որ հանեմ ու տամ»: Էս ասելն էր, ու քար կտրած ժողովուրդն ուշքի եկավ: Լիքը, կիսատ ու դատարկ շշերի տարափ տեղաց Հունոյի գլխին: Բախտը բերեց, որ Լևոնի կողքին էր, ու Լևոնի թիկնապահները, Լևոնին պահելով, Հունոյին էլ պահեցին: Հունոն հասցրեց միկրոֆոնը թռցնել ու պոկվել: Իջավ դեպի Ազատության հրապարակ: Շրջվեց, նայեց երեխաներին, թանկարժեք ու անճոռնի խաղալիքներին, հիշեց 88-ը, ու կարճ միացման նման մի բան գլուխը խառնեց:
Կանգնեց հարթակի տեղում ու շատ քնքուշ ձայնով ասաց. «Երեխանե՜ր, մոտեցե՜ք, ես ձեզ համար ուզում եմ արտասանել»: Մի քանի երեխա զգուշորեն մոտեցան, կանգնեցին հարթակի դիմաց ու զարմացած հայացքներով սկսեցին ուսումնասիրել Հունոյին: Հունոն ձգվեց, բերանի պոչին մի թեթև ժպիտ խաղացրեց, մի քիչ մարմինը ծռեց, մի քիչ էլ` վիզը, հայացքն ուղղեց դեպի անորոշություն և ճիշտ Վանոյի ձայնով սկսեց. «Այ իմ գնդակ, իմ գնդակ, կանաչ, կարմիր, կապուտակ…»:
Ոստիկանների մի հոծ խումբ, որ շոգից պատսպարվել էր Արամեի բարձրադիր «աֆիշի» հովին, լսողությունը սրեց: Վանո՜ն` բղավեց նրանցից ավագն ու տարիքավորը: Վայրկյան չտևեց. Հունոյի ձեռքերը ոլորեցին, ձեռնակապեր դրեցին ու խցկեցին «Վիլիսի» խցիկը:
Հետո Հունոն էլի անհետացավ, էլի հազվադեպ էր դուրս գալիս: Դուրս գալուց էլ թաղի տղաները պատերի անկյուններից, ծառերի բների հետևից, կտուրներից գոռում էին.
- Հունո՜, կանաց, կալմիլ գնդակը ի՞նց եղավ:
- Ուրիշի պապաները տշել են ու թողել ձեր մամաների կիսադաշտում, գնացե՜ք, գտե՜ք,- շպրտում էր Հունոն ու էլի օրերով անհետանում:
I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.
Mark Twain
ՆԱՐԵԿ ԹՈՓՈՒԶՅԱՆ | ՄԱՄԱՆ ԱՆՊԱՅՄԱՆ ԿԳԱ
Նոյեմբերն էր: Ուշ աշնանային հետմիջօրե էր,առանց արևի և դրանից ծորող ջերմության,ուշ սովետական միջօրե՝անգույն ներկայով,բեկված պայծառ ապագայով, տամուկ ու կեղեքիչ մշուշը բռնած հեռանկարով,աչքաբաց վարիչների քրքիջը տեսած անխլիրտ գաստրոնոմներով,տեղ-տեղ հանդիպող ելակի ժելե-մուրաբայով,մի յոթ-ութ,տարի հետո բնակարանի հերթին հասնելու սպասումներով,բանով-մանով,ուր Էրեբունու միջնաբերդի ստորոտին փռված դպրոցի բակում,բակն ու կարտոֆիլի սառցաբեկ քոլերով երբեմնի ծաղկափթիթ պարտեզը բաժանող գոտկաչափ ճաղավանդակին հենված էին երկու երեխա: Յոթ տարեկան էին,մուգ կապույտ համազգեստով,որի եզրերն իրար վրա էին բերված անփայլ արծաթագույն կոճակներով,թևքին էլ անկանոն եռանկյունու վրա վառ դեղին արև էր:Դոշերին` գրպանը ծածկող փողքի վրա կարմիր աստղն էր` մեջտեղում Ուլյանովի մանուկ վախտվա նկարը, իսկ նրանցից մեկի դոշի մյուս հատվածին թելով կարված Նժդեհի նկարն էր` նինձյայի իր գլխակապով: Հոկտեմբերիկ էին,երկար ճանապարհ պիտի անցնեին,երևի` պիոներ,կոմերիտական,կուսակցական,իսկ հիմա դեռ հոկտեմբերիկ էին: Մեկ շաբաթ էր ինչ ժողվվել էին փոքրերի կորպուսի միջանցքում հապշտապ կառուցված բեմի վրա և Նանսեն Միքայելյանի,ժողկրթբաժնի վարիչի, դիրեկտորի խիստ պարտավորեցնող ներկայությամբ հանդես էին արել,մեկը մյուսից առաջ ընկնելով ոտանավորներ արտասանել,գովասանքի արժանացել ու վարիչի խեթ հայացքի ներքո դիրեկտորի կուսակցական պատգամը ստացել.
-Տակ դերժածյ րեբյատա
Հետո ժամանակի գնահատանքը վայելող այս մարդկանց ծափահարությունների ներքո դիրեկտորի պատգամից ու իրենց ապագա կարևորության գիտակցումից փքված դոշերն աղջիկ,թե տղա պետք է դեմ տային կարմիր վզկապով պիոներներին ու վզներին էս քաղցր կարմիր շորը քաշելու գողտրիկ երազանքով ընդունեին բարեպաշտ քաղաքացու ճանապարհի անշեղության առաջին հավաստագիրը` Հոկտեմբերյան աստղը:Ճիշտ է աստղն ամբողջովին մետաղից էր, Ուլյանովն էլ դրա կենտրոնում «Ստանկոնորմալի» անհոգի մամլիչի փքուն արտատպվածքն էր կրում,բայց դա ոչինչ,մի սիրուն պլաստմասայե աստղի եղածն ի՞նչ է ո՜ր,հիմա սրտի թրթիռով պղնձից աստղը կհասցնեն այնտեղ ուր ավելորդ աչքեր չկան,իսկ այ այնտեղ սրտի զարկերը կարգավորելով դա դեն կնետեն:Գուդապի կողքի խանութից հաստատ այն աստղը կճարվի: Արդեն ճարել էին ու հիմա երեխաներից մեկը դեպի իրեն էր թեքել աստղն ու զննող-քննող հայացքով նայում էր դրան,այսուայնկողմ անում` փորձելով կարմիրի մեջ չեղած լույսի հայտնվող ու անհայտացող փայլատակումները բռնել,հմայված էր,ախր շատ համով տեսք ուներ էդ անտերը,իսկը մի շաքարաքլոր,խորունկ, եռաչափ,երևի քաղցր էլ կլիներ: Բայց այդ աստղի շաքարաքլորը միֆ էր,հետզհետև պարզվող գիտակցությամբ չքվող երազ ու աստղն ինքն էլ միֆ էր,շոշափվողը ցուրտն էր,որ երկարօրյայից հետո երեխաներին ուր որ է պայթելու պատրաստ գեժարած ստնտուի սանձված անհամբերությամբ իր գիրկն առել ու օրորում էր:Սրանք էլ նավաբեկյալի նման հուսաբեկ տարուբերվում էին,գլուխկոնծի տալիս ճաղավանդակի չորս դյույմանոց խողովակի վրա ու բան մը փոխելու անկարող մարդու ափսոսանքով մտածում, որ երկարօրյան ախր այդքան էլ երկար չէր: Ճիշտ է այդ ընթացքում նրանց` փոքրերի համար բուֆետի թաղիքե ժապավենով առանձնացված հատվածում հասցրել էին սնել սառը կաթով ու բուլկիով, բուֆետապան Ջեմմայի պղնձյա ամեհի շերեփով, հետո անգամ քնեցնելով, բայց այդ ամբողջն ավարտվել էր օրվա ամենաեռուն ժամին, երբ ամեն մարդ ու զեռուն հովատակի պես լծված իր լուսավոր ապագային,Ժիգուլուն,ամառանոցին,Ցէկայի (Չէկայի չէ…կամ գուցե Չեկայի էլ) մանրահատակների ճռռոցը լսելու փափագին,տքնում է,ով հաստոցի առաջ, ով բլանկների,ով անանուն նամակների վրա: Երեխեքի համը բերանն է երկարօրյայից,բայց հեծած պայուսակի գավակի բարձրությունից նրանք գլխի չեն էլ ընկնում,որ դասատուն ով զբաղեցնում է իրենց,նույն այդ դասատուն,աստծուց հետո առաջին էակը` կատաղի ավետարանիչն իր ժամանակի,տուն-տեղ,գլխին տեր ունի,եփել-թափելու,տունն ավլել-սրբելու խնդիր ունի ու ինքն էլ դեմ չի շուտ ծլկելու, իսկ երեխեքը դա չեն հասկանում, դե ոնց հասկանան, ախր դասատուն անգամ պետքարան չի գնում, լուսապսակ ու անսեռ այդ էակն անգամ չիշիկ չի անում, ուր մնաց ծլկի, տեր ունենա, նրան հլու-հնազանդ ծառա լինի ու հետույքով նրա քացուն ընդառաջ գնա: Հիմա նրանք կաթն ու բուլկին, աստղաքլորի քաղցրը բերաններում սպասում են,որ մաման գա տուն տանի, տու՜ն:
-Հակոբի՞կ, այ տղա, դու չե՞ս գնացել,-հարցնում է դիրեկտորի պատուհանից վախվորած փախչող կերպարանքը, որ Հակոբիկի աչքին դասատուի ակնածելի ու սարսափազդու տեսքն ունի:
Ցուրտը, ուշ աշունը, սովետական միջօրեն, կարտոֆիլի վիժած ցողունը, ճաղավանդակի խողովակը…Հերն ասում է տունն էլ մի բան չի, բայց էս տունը չի, հաստատապես, սխալվել հնարավոր չէ, տունը ածուխի վառարան ունի՝ կրակից շիկակարմրած շրջանակով, վրան փուչիկ տված դիլիմ կարտոֆիլով, հայր ունի որի գործի տեղն էլ մի բան չի, հայաթն էլ մի բան չի, կյանքն ընդհանրապես հեչ բան չի ու ոչ մի բանը դուզգունի բանի նման չի:
-Ոչ, այստեղ եմ, բայց մայրիկը հիմա կգա,-ասում է Հակոբը:
Դասատուն, բայց, արդեն հեռու է ու չի լսում:Հակոբն ուրախ է, որ նա չլսեց,ուրախ,որ հեռացավ,որովհետև աստծո ներկայությունը ծանր է.ահարկու,երբ նա հանկարծ թողնում է իր տիեզերական գործերն ու այսպես շեղակի,ուղղափառ զայրույթով լի աչքերով, բարեպաշտության կոչող դիմախաղով կանգնում է դիմացդ և վերջապես տղան ուրախ է, որովհետև աստծու թոքերն այնքան տարողունակ են, որ նրա միս-միակ օդ առնելուց որովայնի մկանները ջղաձգորեն լարվում են, շնչելը դժվարանում է, թթվածինն անհամեմատ քչանում, իսկ շրջակայքի մի քանի կաղամախիները չեն հասցնում թթվածին արտադրել:
Նա ուրախ ու անհոգ թռչկոտում էր: Ոգևորում էր հեռանկարը,որ մայրը կգա, կգնան տուն որտեղ երևի նրան է սպասում սիսեռով տաք ճաշը, կնստեն սեղանի շուրջ,ինքը,մայրը,մշտադժգոհ հայրը,տատը,հիմա՜,հիմա՜…Իսկ մայրը կգա, որովհետև ինչպես ինքն է հպարտանում մայրը տնային տնտեսուհի է` հոր ստեղծած փոքրիկ կայսրության կառավարիչը կամ պարզապես վարիչը,տունը միանձնյա պահելու տղամարդու կարծրացած ուսմունքի մարմնավորումը,լենուբոլ կյանքի ապացույցը, լևի գործի ոգեշնչողը, շղարշը: Նա ամեն ինչ հասցնում և ժամանակին անում է, տունը մաքրում,շորը լվանում,ճաշը եփում է,կոշկակար հոր մի քանի զույգ կոշիկների տակացուներն անգամ հասցնում է սոսնձել ու իրեն էլ հասցնում է տուն տանել,դասերը սովորեցնել,իհարկե,այնքան քանի դրանք չեն սպառել հանրահաշվական գործողությունների պարզությունը:
Իրոք,ահա նա` սիրելի մայրը: Հակոբի սիրտն անհուն թպրտում է հաղթանդամ ու հետզհետև ահագնացող այդ պատկերից, մոր ամեն քայլից նրա ներսը դղրդում է: Թեև իրեն բացատրել էին, որ,եթե ինքը դպրոց է գնում ուրեմն մեծ է,բայց նա չի կարողանում հրաժարվել իր մանկապարտեզի սովորությունից ու միշտ ձեռքերը պարզած ընդառաջ է վազում մորը: Մայրն էլ միշտ աչքով-ունքով սաստում է,թե բալա՜,մի վազի,մեծ ես արդեն, Հակոբի՛կ,ասեցի մի վազի,բայց դե ոնց չվազես ու չընկնես մեծ կրծքերով այդ հպարտության կղզյակն այս օտարության մեջ:
Հակոբը խոռոչից պոկված սրտի նման րոպեում հազար զարկով տրոփում է ու մոր ձեռքը բռնած,թելից ազատված հոլի նման պտտվում շուրջը:Նույն պահին կինը նկատում է մյուս երեխային,ով ձեռքերը դոշին խաչած անքթիթ նայում է այս տեսարանին:Աչքերում լալագին կարոտ,չիրականացված երազ ու տխրություն դրանց կամարում: Նա այնքան խորն է իր կարոտի մեջ,որ չի էլ լսում սառն օդը թրատող ձայնը, որի ուժգնությունից մշուշի քուլաները կոհակվում ու ետ են մղվում:
-Վահան, քո մաման չ՞ի եկել:
Կուզենար երեխան նայեր շուրջը և տեսներ, որ մայրն այստեղ է,բայց մայրն ասֆալտի փոսն ընկած պաչևնիկի շարիկ չի,որ աչքերով փնտրես,ձեռքերով տնտղես,նա լույսն է,որ ինչքան էլ խավար լինի իր գալստյամբ հրե գնդի նման լուսավորում է շուրջը,ամեն քայլով մոտեցնում այդ լույսը, լցվում բոլոր ծերպերը, հարթեցնում բոլոր ստվերները: Նրա գալուստը միայն զգալ կարելի է, ինչպես արևի շողը, որ ոտքերից սկսելով աստիճանաբար տաքացնում ու հասնում է հոգուն
-Չի եկել,-ասաց երեխան:
-Դե լավ,արի քեզ տուն տանեմ,-ձեռքը դեպի երեխան ձգեց կինը:
-Չէ՜ չէ՜, մամաս անպայման կգա, ասել է սպասեմ,-հետ քաշվեց նա:
-Այ տղա կամակորություն մի արա, մամադ աշխատանքի է, հո չե՞ս սպասի, կսառչե՜ս:
Չէ՜ մաման անպայման կգա, խոստացել է,որ կգա տուն կտանի,հիմա նա երևի ճանապարհին է,հևիհև,ոտքերը ոլորելով,անընդհատ ուսից սահող պայուսակը ուղղելով գալիս է իր մաման…և ոչ ոքի Վահանը չի ուզում հիմա տեսնել, նույնիսկ նենեին` հրեշտակի սմքած դեմքով իր տատին,իրեն մի հատ նոր թխված բյորեկ կամ փափուից թաքուն փախցրած կանաչ խնձոր բերելիս:Երկու տարի անց Վահանը կկանգնի թախտի առաջ,որտեղ քաղցկեղից դանդաղորեն հանգչել էր նենեն ու առաջին անգամ այցելած անդառնալի կորստի ցավից պատռտվող սրտով կլացի,կոռնա,կնայի հոգեհանգստից հետո թախտին դիզված բաժակներին ու չի հավատա մորը,թե նենեն կարող էր ախտից սմքած մի և փուչիկի նման ուռչած մյուս ոտքով,առանց իրեն,լավ տեղ գնալ,այն էլ հեռու:Պատշգամբ կվազի և արցունքակոլոլ աչքերով, վայրի ցավից խենթացող հոգով ու անկառավարելի մաղձից բեկվող աղիողորմ ձայնով կնետի հորը. «Ու՞ր է նենեն» ախր իրեն մորքուրենց տուն բռնի ուղարկելիս նա թախտին պառկած էր, ու՞ր է հիմա, հա՛յր, ուր է, ի՜նչ լավ տեղ, ինչ հեռու տեղ, ինչու չպահեցիր իրեն, ինչպե՜ս թե չկարողացար ու պատշգամբի սյունը գրկած անամոք կլացի, չէ կզռռա, այնպես, որ մեծերի հոգին կդիվոտի իր ձայնից ու աղոտ կհասկանա՝ այդ հեռուներից, մեկ որ ընկար, էլ հետ գալ չկա և հիշելով ուշ աշնանային միջօրեն կնռռա գիտակցումից, որ լավ կլիներ, եթե նենե՛ն գար այդ օրը,ուշացած ու ուշացողի վախով լեցուն,փութկոտ ոտքերը գերեվարած սանդալները ասֆալտին թողնելով,ճակատը ցերեկալույսի սյուներին զարկելով, նիվիդիմկայից դուրս պրծած ճերմակ մազափունջը ականջի հետևը դարսելով,իր հոգում,իր հոգու յուղով տապկված,յուղը ջանը քաշած «Պրավդայի» մեջ փաթաթված մեն-միակ բյորեկը ձեռքին, խանդաղատանքից կակղած սրտով, անմեկնելի սիրո հրդեհը աչքերում գար ու իրեն տաներ, ջեզզվեյից ղայֆե մը լեցներ բարձրիրան բաժակի մեջ ու հացը դրա մեջ թաթխելով սներ ուշադրության կարոտ իր մանկական հոգին:
Էդ հետո:Հիմա մանկական ճիչերից խոնջացած դպրոցի բակում Վահանն արդեն մենակ սպասում էր մորը,նստել էր խողովակի վրա, պայուսակը դրել կողքն ու մտքում տունն էր՝քամու հետ լուռ սահող մի երազանք որտեղ գվվալով վառվում է վառարանը` կողքում տաքանում նանեի կամ ռեհանի օշարակը,որտեղ նենեն ավարտին է հասցնում իրիկնահացի պատրաստությունը:Տանը միշտ ավելի լավ է,քան որևէ այլ տեղ՝ չնայած նրան,որ հայրը միշտ խստադեմ է ու ժլատ սիրալիրությունների հարցում,չնայած որ փափուն երես չի տալիս դեզ արած և փչացող մրգերը հյուրասիրելով,չնայած որ հոպարը հազարից մեկ է մի ռուբլի տալիս կաթիլոկով կվաս գնելու համար, չնայած որ գումարը չի բավականացնում խաղալիքին,չնայած որ դեֆիցիտի պատճառով մսով տոլման մաման արդեն քիչ է եփում,իսկ ծխախոտի դեֆիցիտը ստիպում է հորը թութուն գլանանակել ու հիմա նա կգնա տուն կհագնի ռետուզը, հարազատների հետ կճաշի և…հա՜, չի մոռանա հորն ասել,որ դոշից հանի գլխաշորով այս ձյաձյայի նկարը,այլապես դասատուն խեթ է նայում, իսկ երեխաներն իրեն դաշնակցականի բալա են ասում,մեկ էլ չի մոռանա հարցնել՝ արդյոք վատ բան է դա՝ այդ դաշնակցականի բալան:
Երեխան առաջվա պես նստած էր ճաղավանդակին:Երբեմն շիմպանզեի նման պտտվում էր վրան,անկյունած ծնկամասերով կախվում էր դրանից ու թարս նայում երկրագնդին:Նրա աչքերում հավատարիմ շան խորություն կար, շան, որ նստել է իր ցրտահար երազանքի դիակի կողքն ու թեև հասկանում է, որ իր շնչառությունը արալեզի ռունգերի ջերմությունը չունի, բայց չի էլ կարող հեռանալ:Հետզհետև սասանվում էր նրա հավատի անբեկանելիությունը՝ գուցե պետք էր Վերժին մորաքի հետ տու՞ն գնալ ու այնտեղ սպասել մորը,բայց ո՛չ, այս ամենի կենտրոնում մո՛ր հետ տուն գնալն է, սա է ուրախության շարժիչ ուժը, առանց դրա ուրախությունը լրիվ չէ, առանց դրա ուրախությունն ուրախություն չէ: Վահանն այնպես էր ուզում զգալ իրեն բոլոր փոքրերի նման, որոնց մայրերը միշտ թևերը պարզած, թևերի տակն առած ամենուր նրանց հետ են: Ոչինչ չէր ուզում հասկանալ` կենցաղային խնդիրներ, աշխատանքային անհարմարություններ, չէր ուզում դրության մեջ մտնել, ըմբռնումով մոտենալ, դրա համար իր տարիքը դեռ չէր հասունացել: Չէ, չէ, ճիշտ է արել, որ Հակոբիկենց հետ չի գնացել, այլապես մենակ էլ կարող է տուն գնալ, չնայած որ իրեն արգելել են անել դա` չմանրամասնելով, թե ինչ պետք է անել նման դեպքերում: Պետք է սպասել՝ մաման կգա,չի թողնի իրեն այստեղ կամ արդեն ավելի երկար չի թողնի, պետք է պարզապես փակել աչքերն ու երբ դրանք բացվեն հեռվում հաստատ կերևա մամայի ուրվանկարը: Հեռվում, սակայն, խիտ մառախուղի սպիտակն էր՝ պղտորված երեկոյի սև կաթիլներով ու այնտեղ մոր ուրվանկարը վճռականորեն չէր գծագրվում, երբեմն միայն ցրտից մտրակվելով հատուկենտ մարդիկ էին շտապում հակառակ ուղղությամբ:
I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.
Mark Twain
Մայրը չէր գալիս ու թերևս չէր գա: Այդպես հետագայում շատ պետք է լիներ, երբեք մայրը դպրոց չէր հասցնելու, երբ վատ լուծված մաթեմի խնդրի համար ծնող կանչեին, երբ ծնողական ժողով լիներ, երբ դասարանով էքսկուրսիայի գնալու հարց լիներ, իսկ Վահանն ուզում էր, որ մայրն իր կյանքում շատ լիներ, դպրոց բերեր, տուն տաներ, ժողովներին մասնակցեր, որ ծնողկոմիտեն նա լիներ, ուզում էր, որ նրա հեղինակությունը դպրոցում փառաբանեին, գլուխ խոնարհեին դրա առաջ, մատով ցույց տային իրեն, ակնածանքով վերաբերվեին, երբ ինքը նստում էր դասասեղանի առջև: Մոր հեղինակության շնորհիվ սեփականը բարձրացնելու պլանը դժվար իրագործելի էր.մայրն ամեն առավոտ գնում էր հյուսելու կենցաղային բարեկեցության իր հասանելիք հատվածն ու թեև թվում էր այդ գործվածքի թելերն ամուր միահյուսված են ձեռքերին, բայց բավական էր փոքր անուշադրություն և դրանք կարող էին կտրվել, բացի դա էլ կենցաղի այդ մանուֆակտուրան Զեյթունում էր, դե արի ու ամեն ինչ թող հասիր դպրոց, տար տուն, հետո նորից գնա Զեյթուն, խելագարվել կարելի է:
Գրեթե մութ էր:Մարդկանց ուրվանկարներն առավել հաճախակի էին երևում հեռվում, որոնք, սակայն անշեղորեն առաջ էին գնում, նրանց հետևից նույն անշեղությամբ մեքենաներն էին շտապում, վառվող լուսարձակներով մառախուղի քուլաներից սյուներ սարքելով և իրենց հետ առաջ մղելով: Խավարը չէր հուշում,թե Վահանը կարող է գոնե ինչ-որ մեկի ձեռքը բռնած տուն գնալ: Նա պայուսակից հանել էր դեռևս ցերեկը կծոտած բուտերբրոդը և աննպատակ ուտում էր:Վճռականությունից ոչինչ չէր մնացել և քիչ առաջ նրա գլխում հնչող պնդումն այլևս կասկածոտ էր ու վճռական հակառակում` մաման այլևս չի գա: Հիմա այլ հարց էր կեղեքում նրան, ով պետք է իրեն տուն տանի, տան ճամփեն հիշում է, բայց իրեն արգելել են մենակ տուն գնալ,ինչ անել,մնալ այստե՞ղ: Գոնե հայրը գար, մորքուրը, հորքուրը, նրանց ամուսինները, թեկուզ Վերժին մորաքը,…պետք է գնար նրանց հետ, ա՜խ, պետք է գնար:
Սկսեց ձյուն գալ:Լույսն այնքան քիչ էր, որ Վահանն այլևս վախենում էր` դպրոցի ահարկու շենքը,սև երախի նմանվող անլույս լուսամուտները, մութը:Նա վերցրեց պայուսակը, որ նույնպես անգույն էր և գլխիկոր, մի կերպ փռթկալու պատրաստ մաղձը կոկորդում պահելով ուղևորվեց դեպի տուն:Ճանապարհին մտածում էր, թե ի՞նչու իր հետևից մաման չեկավ, գուցե՞ ինքն այլևս նրան պետք չէ, գուցե՞ մամային գործի տեղում թույլ չեն տվել կամ գուցե նրան անհարմար էր գալ: Նրան արդեն սկսում էր թվալ, որ ինքն ունակ է հասկանալ ամեն ինչ:
Վահանը բարձրացավ անճոռնի և անհամաչափ աստիճաններով:Ահա տունը,ահա դուռը: Նա շորերի վրայից թափ տվեց ձյունը և ներս մտավ:
-ՈՒ՞ր ես այ տղա,ի՞նչու տուն չես գալիս,-զայրույթից կարմրատակած աչքերով գոռաց հայրը:
Վահանը լլկվեց իրականության շառաչուն ապտակից:Ո՜նց,ուրեմն նա պետք է մենա՞կ տուն գար, մաման իր հետևից չպիտի՞ գար…
I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.
Mark Twain
ՆՈՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ | ԿԱՆԳԱՌԸ
- Մամ, այ մամ, էս ինչքան շատ արձաններ են:
- Հա, գիտեմ:
- Մամ, ոչ մի անգամ էստեղով չէիր բերել… ովքե±ր են էս մարդիկ:
- Լավ, էլի, նորից առավոտ կանուխ սկսեցի±ր: Իբր իմ դարդուցավն ինձ քիչ ա, քո հարցերն էլ` մի կողմից: Արագ քայլիր, ուշանում ենք: Ավելի լավ է` բազմապատկման աղյուսակդ կրկնի:
- Լավ, էլի, չե՞ս ասի…
- Մարդիկ են, էլի, սովորական մարդիկ` կյանքի հետ իրենց հաշիվները փակել ու եկել, հանգիստ բազմել են էս բլրակի վրա:
Տղան լռեց, կինը նույնպես:
“Ախր, որ բախտ ունենայի, հենց էն գլխից կունենայի: Ամբողջ քաղաքը թողած, հենց էս քարուքանբախը պիտի հարս գայի: Աչքիս ոչ մեկը չէր գալիս: Սիրում էի… Էլ ո±նց կլիներ: Եկա էս տուն, որ ուրախությունիցս էլ բան չհասկանամ, որ սեփական տան մեջ ցածրաձայն երգելն անգամ հանցանք թվա: Քնեմ, արթնանամ, տխրեմ թե ուրախանամ` անվերջ զգաստ լինեմ ու կաշկանդված: Անվերջ մեղավոր` սրանց բոլորի առաջ: Որ հենց աչքս պատահաբար դիպնի նրանցից մեկի քար կտրած հայացքին` տեղս չգտնեմ, ինձ մեղավոր զգամ, ասես ես եմ նրա չապրած կյանքը գողացել ու աներեսի նման ապրում եմ: Բայց մեկը հարցնի` էս ապրել է±: Եկած-չեկած բոլորի հոգսն առա ուսերիս ու մինչ հիմա էշի պես տանում եմ: Թե ինձնից կին է մնացել` ես մեռնեմ: Տրտնջալու իրավունք էլ չունեմ: Ասում են կյանք է` ամեն մեկին իր բաժինն է տրվում: Թե որ իմը սա էր, շա~տ շնորհակալ եմ… Ամեն աստծո երեկո, հենց փակում եմ դուռուլուսամուտը, անվերջ թվում է, թե մեկ-մեկ եկել-շարվել են կողքիս ու չարախնդում են, թե` չէ, դու ապրեցիր, տեսար էդ 21-րդ դարը, հեռակառավարման վահանակն ու բջջային հեռախոսը, թղթից բարակ հեռուստացույցը, աշխարհի ամենահեռավոր անկյունում ապրող ու քեզանից յոթ պորտ հեռու ազգականներիդ հետ կապող սքայփը, X5-երի, X6-երի ու էլի դրանցպեսների հոգեցունց շքերթը… Հետո՞ ինչ, որ տեսա, բայց իմն էլի նույն հին տաշտակը մնաց: Տեսա ու գիշերները, երբ հոգնատանջ գլուխս բարձին դրեցի, հաշվեցի ու հաշվեցի, երազեցի, հանեցի ու գումարեցի… նորից ընդհանուր հայտարարում իմ խեղճուկրակ ընտանիքը մնաց: Ու հիմա դարդ եմ անում, որ հանկարծ որդիս մեզ պես ազնիվ ու միամիտ չլինի… Գոնե նա կարողանա իր զավակների համար մի բան անել…
- Մամ, էս մարդիկ ինձ տեսնո±ւմ են:
- Հա, բա ո±նց, բոլորիս էլ տեսնում են: Քեզ, ինձ, պապային, մեր հարևան գող Սերոբին, նրա շքեղ խանութը: Էլ ո՞ւմ ես ուզում, որ ասեմ… Արագ քայլիր, հավես չունեմ` հիմա էլ ուսուցչուհուդ բարոյախրատական ճառը լսեմ:
- Մամ, ո±վ է էստեղի ծաղիկները ջրում:
- Չգիտեմ, երևի աստված, մեկ-մեկ էլ արձանների հարազատները… Էս անտերն էլ էնքան ա մեծացել,- փնթփնթաց ինքնիրեն,- մինչև շրջանցում ես` շունչդ բերանդ ա գալիս: Ով գիտի, սրանցից շատերը իրենց երկրային կյանքում գուցե էսպես լենուբոլ չեն պառկել: Իսկ էստեղ` ազա~տ, դեռ ազգուտակին էլ տեղ են պահել, մեծ աշխարհ է, գուցե մի օր էլ նրանք հյուր գան…
Թեքվեցին: Գերեզմանոցն անթարթ հայացքի պես սառեց կնոջ թիկունքին: Գուցե ինչ-որ բա՞ն ուներ ասելու` չասաց: Ինչո±ւ չասաց: Խնայե±ց, թե՞ ուշ էր արդեն: Գուցե և՛ մեկը, և՛ մյուսը…
Տղան հոգնել էր, ետ էր ընկնում:
- Մի քիչ արագ քայլիր, էլի,- հորդորում էր կինը:
Առավոտից մի ներքին անհանգստություն էր մտել մեջը: Երեկ տօրենը ժողով հրավիրեց, կես տարի աշխատակիցներին չէր հավաքել իրար գլխի: Մինչ կսկսվեր` ամեն մեկը գուշակում էր, թե ինչ հարցեր պիտի քննարկվեին: Բայց մի բան պարզ էր` տնօրենի կա՛մ աղն էր պակաս, կա՛մ` մաղը: Ովքեր ավելի մտերիմ էին տնօրենին` բազմանշանակ ժպտում էին, լսում ու խորհրդավոր լռում: Գուցե չարախնդում էին. “Հա՛, բա ո՞նց, հաստա՛տ գուշակեցիք…”: Մյուսները լրջորեն հիմնավորում էին իրենց անփոխարինելի լինելը` կարևորելով այն ,,տիտանական,, աշխատանքը, որ կատարում են: Բայց համոզիչ չէր ստացվում…
- Մամ, իսկ էս մարդիկ բազմապատկման աղյուսակն իմացե՞լ են:
- Ի±նչ իմանամ, տղա ջան… հիմա դա արդեն կարևոր չէ: Չե՞ս տեսնում` իմացող-չիմացող հաշտ ու համերաշխ եկել, իրար կողքի պառկել են: Տվածները տվել են, առնելիքը` առել:
Լռեցին: Կինը այնքան բան ուներ որդուն ասելու, բայց չէր ուզում պղտորել նրա լուսավոր ու անմեղ առավոտը: Համ էլ` տղան ի՞նչ պիտի հասկանար, դեռ այնքան փոքր էր: Մտքում շարունակում էր որդուն բացատրել. “Տղա ջան, ի՞նչ աղյուսակ, ի՞նչ բան, էլ նրանցից ո՞վ է բան հարցնում: Միայն այցի եկած հարազատներն են ողբի ժամանակ սկսում հարցերի տարափ տեղալ. “Ինչո±ւ այդքան շուտ հեռացար, ախր ինչո±ւ մեզ մենակ թողեցիր, ի±նչն էր քո ցավը..” ու նման հարցեր, որոնց պատասխաններն իրենք վաղուց գիտեին:
Հասան դպրոց: Ուսից հանեց պայուսակը, տվեց տղայի ձեռքն ու ափի մեջ արագ խցկեց 150 դրամը.
- Հին բան չուտես,- համբուրեց խարտյաշ ու գանգուր մազերը, որից փոշու հոտ էր գալիս,- քոռանամ, երեկոյան անպայման կլողացնեմ,- վեր ձգեց անդրավարտիքն ու ուղղեց վերնաշապիկի օձիքը:- Եթե աղյուսակը հարցնի` չխառնվես, հանգիստ կպատասխանես,- կամաց բացելով դասասենյակի դուռը` տղային ներս հրեց ու արագ փակեց, որ ուսուցչուհին չտեսնի իրեն: Հետո կանգնեց, խորը շունչ քաշեց, ասես մի շատ կարևոր հոգս թոթափել էր ուսերից, ուղղեց քրտնած ճակատին ընկած մազափունջն ու ու շտապ դուրս եկավ դպրոցից:
- Ախր, 1.500 դրամն ի՞նչ է, որ երկու շաբաթ է` էսօրուվաղն եմ անում ու չեմ կարողանում էդ երկու քրջոտ գրքի համար վճարել: Գիրքն էլ գիրք լինի… Շան հոտ է գալիս, Աստված գիտի, քանիսի ձեռքով է անցել, մինչև մեզ է հասել: Բա գիրքն էնպես չլինի՞, որ հենց բացես` սովորելդ գա: էջերին է՛լ սևագրություն, է՛լ հարց ու պատասխան, է՛լ յուղի ու կեղտի բծեր: Մեռնեի` դրանցով չէի կարողանա սովորել: Դժգոհում եմ, բայց ինձպեսների համար սրանից լավ տարբերա±կ: Նորերը երևի մի 15.000 դրամ կարժենան… Գոնե էս ամիս աշխատավարձը ժամանակին տան: Պարտքերս փակեմ, հետո տեսնեմ` ինչ կմնա տակը…
Քայլերն արագացրեց: Այսօր պետք չէր ուշանալ: Երեկվա նախազգուշական ժողովից հետո դա էր պակաս: Աստծո մի օր չի ուշացել աշխատանքից, ձմռան մութ ու ցուրտ օրեր են եղել, երեխան է փոքր եղել, ամուսնու վիճակն է ծայրաստիճան վատացել ու էլի հազար ու մի բան, բայց չէ, չի ուշացել…
Կինը լարվեց… տնօրենն ի՞նչ էր ասում. “Ես գիտեմ, թե հիմնարկում ով ինչով է շնչում… Մեր գործերը շատ վատ են… Պարտավոր չեմ ձեր դժբախտ ընտանիքների համար բարեգործություն անել…”: Ո՞ւմ կամ ի՞նչ էր ակնարկում:
Կանգառին չհասած` ձեռքը բարձրացրեց ու նետվեց մոտեցող տրոլեյբուսը:
- Կրիան սրանից շուտ տեղ կհասնի,- մտքում ժպտաց ու մի կերպ տեղավորվեց անխնամ տղամարդու կողքին:
“Այ տնաշեն, մի բաժակ ջուրն ինչ է, որ գոնե թևատակերդ չես ցայում: Իմն է, որ էսքան տարի անկողնուն գամված` ամեն օր ստիպում է լողացնել, սափրել: Բա նրան էլ տղամարդ կասեն, սրան է՞լ”:
Կինը տեղը փոխեց:
- Ախր, ո՞վ է գժվել` էս անտեր խարաբան նստի,- մինչ կնեղսրտեր, տրոլեյբուսը գծերից ընկավ: Ժամացույցին նայեց` ուշանում էր: Իջնե՞ր, թե՞ չիջներ: Սկսեց իրեն մեղադրել`փոխանակ հենց էս առավոտ որդուն վերցներ, նստեր տաքսի, նրան դպրոց հասցներ ու ինքն էլ արագ գնար իր աշխատանքին` որոշեց գումար խնայել: Խնայիր, խնայիր: Երկու կոպեկ խնայիր, որ տասներկու կոպեկանոց աշխատանքիցդ զրկվես: Սիրտը ճաքում էր, արդեն ինն անց էր տաս րոպե: Ուռած-կարմրած աչքերով տրոլեյբուսի վարորդը փորձում էր մետաղական պոզը կպցնել էլեկտրալարերին` չէր ստացվում: Պարզ երևում էր, որ քնատ է: Սա էլ երևի ամբողջ գիշեր իր աշխատած էրկու կոպեկն էր նստել ու լակել: Չէ, շունչն արդեն կտրվում էր: Թե ամոթ չլիներ, կիջներ, էդ ապաշնորհի ձեռքից կխլեր էլեկտրաձողն ու ինչ որ պետք էր` կաներ… կարծես ստացվեց: Տեղից պոկվեցին …
Մուտքի մոտ հանդիպեց քարտուղարուհուն: Նա հայացքը փախցնելով, որ չբարևի, խիստ գործնական տեսքով քայլերն ուղղեց միջանցքի վերջը: «Ախր, ինչո՞ւ եմ զարմանում, սա ե±րբ է բարյացակամ եղել իմ հանդեպ, որ հիմա… Այդպես էլ չհասկացա, թե ինչու: Մի օր երևի համբերությունս հատնի, կանգնեցնեմ ու հարցնեմ` «Ես մեղավո±ր եմ, որ մի “կարգին” տղամարդ, չես գտնում: Արի, իմ հիվանդ խեղճուկրակին քեզ տամ: Դու էլ գիտես, թե գլուխս երդիկի՞ց է ելել: Ախր, քեզպեսները միայն էսպես պուպուշվորելու ու կոտրատվելու համար են, դու մի օր հիվանդ ամուսնու կխնամե՞ս: Հլը ամեն գիշեր տասն անգամ քնիցդ վեր թռիր, կանգնիր մահվան դիմաց ու աղերսիր, որ այդ անգամն էլ գթա: Հետո, երբ այդ անգամ էլ բարեհաջող ավարտվի, վազիր` տես, երեխադ անկողնո՞ւմ է, թե՞ նորից հոր խռխռոցը լսել ու վախից վազել, մտել է վարագույրի ետևը: Թե անես, կասեմ` աղջիկ ես: Ախր, քեզպեսները…”:
Այսօր նրա արհամարհանքն առավել ընդգծված է: Ինչո±ւ: Այդ ի±նչ թղթեր են նրա ձեռքին: Գուցե հենց դրանք են այդքան ինքնագոհ կեցվածքի պատճառը:
Կինը բարևեց: Նա ուշացումով մի ծռմռված, քթի տակ ասված ,,բարի լույս,, սահեց ցից քթի տակով ու ընկավ կնոջ ոտքերի առաջ: Բայց դա ոչ բարու հետ կապ ուներ, ոչ էլ` լույսի: Անբացատրելի վախը պարուրեց կնոջը: Թուլացած հենվեց բազրիքին, հետո սկսեց դանդաղ բարձրանալ իր հարկը:
Աշխատասենյակի դուռը կիսաբաց էր, ներսում արդեն տարածվել էր առավոտյան սուրճի գրգռող բույրը:
- Բարի լույս,- ասաց ու չսպասելով պատասխանի` սկսեց արդարանալ:- Թե էսօր անտեր տրոլեյբո±ւսն ինչի գծերից ընկավ:
Բայց ո՞ւմ էր պետք այդ բացատրությունը… Երկուսը սուրճի բաժակները գրկած` գլուխները վաղուց խոթել էին համակարգչի անհաղորդ աշխարհն ու ինքնամոռաց համացանցում ինչ-որ բան էին քչփորում: Մյուսը, որ դեռ տեղավորվում էր աշխատասեղանի մոտ, մի խղճուկ բարև շպրտեց կնոջ ուղղությամբ, բայց այն տարրալուծվեց սենյակում ծանրորեն ճոճվող ծխի մեջ ու չհասավ նրան:
- Սրանք էլ էսօր էն չեն,- մտածեց ու նստեց: Առաջին անգամ նկատեց դռան ետևում կախված հայելու մեծ ճաքը: Իսկ սենյակը մի տեսակ ցուրտ էր ու անհրապույր…
- Տնօրենի մոտ,- դռան ետևից լսվեց քարտուղարուհու ձայնը, ու կինը չհասցրեց տեսնել նրա դեմքը: Բառերը հնչեցին որպես դատավճիռ: Ուզեց հարցնել` ինչու, չստացվեց. նա արդեն չքվել էր: Խուճապը միանգամից անցավ, կամաց բացեց աշխատասեղանի դարակներն ու անշտապ հանեց իրեն հասցեագրված ընթացիկ փաստաթղթերը, խնամքով դասավորեց սեղանի անկյունում:
Բայց գուցե ամեն բան այնքան էլ սարսափելի չէ՞ր, ինչպես պատկերացնում էր: Գուցե…
…Կինը հավաքեց անձնական իրերն ու լցրեց պայուսակի մեջ: Հետո ոտքի կանգնեց, շրջվեց անշարժ նստած գործընկերների կողմն ու կամաց ասաց. “Այս փաստաթղթերը կատարված են, կհանձնեք”,- ու էլի նրան լսող չկար: Քայլեց դեպի դուռն ու հեգնախառն ժպիտ նետելով կոտրված հայելու մեջ` դուրս եկավ սենյակից:
- Տեսնես դասերն ավարտվե±լ են,- քայլերն ուղղեց դեպի կանգառը:- Չէ, վաղն անպայման կուղարկեմ գրքերի փողը, ես չեմ թողնի, որ դասարանում ամեն արժող-չարժող իմ էրեխուն նեղի: Ինչի՛, ես մեռե±լ եմ…
Հեռվից ճոճվելով գալիս էր տրոլեյբուսը` լայնաճակատ ու խոշոր-խոշոր աչքերով…
I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.
Mark Twain
ՀԵՐՄԻՆԵ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ / ՀԵՐՄԻՆԵ ՄՈՆՍ/ |ՄԵԿ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՓԱՅՏ
Փայտի ներքևի ծայրը շփվելով խոնավ հողի հետ` արդեն փտել էր, դրանից քիչ վերև` մամռապատվել, իսկ դրանից էլ քիչ վերև ամեն ինչ չոր էր, բայց էստեղ էլ խոր ծերության կնճիռներն էին բազմանում ճաքերի մեջ: Անցնելով փտախտի, մամռապատման ու դարերի միջով` հասնում ես փայտի մյուս ծայրին, որտեղ կախված է մեքենայի հազարավոր պտույտներից չհանգստացած լվացքը` սրտխառնոցից ու գլխապտույտից ճոճվելով:
Փոքրիկ բակում ապրում էին տասը ընտանիք` տասը տնտեսություն` տասը մետր ընդհանուր հողատարածքով. դա և սարսափելի էր, և սարսափելի հետաքրքիր: Նրանցից յուրաքանչյուրը մի տեսակ հպարտորեն թաքցնում էր իր կենցաղի ամոթը` ուրախության գերխաղով: Նրանք հպարտանում էին, որ իրենց խարխուլ հողաթեփածեփուկ «խրճիթները» դեռ ցարական Ռուսաստանի օրոք ձիանոցներ են եղել: Եվ հպարտանալով շարունակում էին չապրել, հիվանդանալ ու գոյատևել ձիերի փոխարեն, տուրիստների համար հիացմունքի առարկա դարձած խրճիթներում: Այդ տասը մետրանոց տարածքի, տասը տնտեսության համար գոյություն ունեցող մեկ ընդհանուր փայտն իսկական գլխացավանք էր: Մանավանդ, երբ տնտեսուհիները, երեխաներ ունենալու հարցում, մրցության մեջ էին: Ուրեմն, ամեն տնտեսությունից, օրը ամենաքիչը 50 կտոր լվացք պետք է փռվեր հենց այդ փայտի պարանին:
Նրանցից ամենաճարպիկը, որպեսզի խուսափեր լվացքը չփռելուց` զարթուցիչի օգնությամբ, մեծ դժվարությամբ լուսաբացը դիմավորում էր փայտի հետ` իր լվացքով: Իսկ ամենահանգիստը, ստիպված, տարիներ շարունակ լվացքը փռում էր տան աթոռներին` ամոթից հյուր չընդունելով: Բայց դե գոնե տարին երկու անգամ ամենահանգիստ տնտեսուհու նյարդերն էլ էին լարվում ամենաճարպիկի պատճառով: Եվ հենց այդ երկու անգամն էլ տարվա մեջ ամենահանգիստը վիճում էր ամենաանհանգիստի հետ, իսկ վեճերը սովորական չէին: Էստեղ վեճերն էլ էին մի տեսակ հատուկ հանդիսավորությամբ:Վեճը սկսվելուն պես բոլորը դուրս էին ցատկում` կարծես մեկ տարի շարունակ դռան հետևում ականջ դրած, սպասում էին, թե ամենահանգիստը երբ է անհանգստանալու… ու սկսվում էր վեճը` ընդհանուր վեճը: 2 րոպեանոց ընդհանուր վեճից հետո` ամեն մեկն ընտրում էր իրեն խանգարող տնտեսուհուն, որը միշտ, պարտադիր պայմանով, իրենից առաջ էր ընկնում ու փռում լվացքը: Շարունակում էին վեճը զույգերով: Ամենահետաքրքիրը այս վեճերի այն էր, որ ոչ մեկի բարձրագույն սովետական կրթությունը, « սկսած դեռ ցարական Ռուսաստանի օրոք»-ից , թույլ չէր տալիս վիրավորել դիմացինի վեհ անձը. նրանք մեծագույն սիրով ու մանրամասնությամբ վիրավորում էին դիմացինի Լվացքը: Ամենաքիչը 50 կտորանոց խեղճ լվացք. արի ու դիմացի: Հենց էստեղից էլ սկսվում էր ամենակիրթ, ամենաբարձրագույն կրթություն ստացած ու ամենամայրաքաղաքային, բառիս բուն իմաստով, տուրուդմփոցը: Տարվա 2-րդ վեճերից մեկի ժամանակ` ամենահանգիստ տնտեսուհու նյարդերը տեղի տվեցին և նա «զորբայությամբ», որը հաճախ սիրում էին կրկնել հարևան տնտեսուհիները, սկսեց փռել իր լվացքը: Դա բարկացրեց ամենաճարպիկին, վիրավորեց նրա վեհությունը և նույն « զորբայությամբ» գետնին տապալեց լվացքը` հատ հատ, նույն հերթականությամբ, որով այն փռվում էր: Ամենահանգիստ տնտեսուհու կյանքը կանգնեց մեկ վայրկյանով. հիշեց, թե ինչ գնով է դրանք լվացել` իր 8 երեխաների ճաշը ուշացնելով, տունը չհավաքելով, ամուսնու խեթ հայացքին արժանանալով, և վերջապես, սառը ջրի մեջ, ձեռքով, խարխուլ և ցուրտ բաղնիքում, եթե այն բաղնիք կարելի է անվանել` սառեցնելով բնության կողմից պարգևված, ինքնությունը հաստատող օրգանները: Եվ այդ մի քանի կանգնած վայրկյաններին հաջորդեց փայտի հարվածը ամենաանհանգիստ տնտեսուհու գլխին: Նրա` կյանքով լեցուն, միակ և անկրկնելի վայրկյանները կանգնեցրին բոլոր տնտեսուհինների, այդ թվում նաև հարված կերածի կյանքի վայրկյանները:
Բոլորն ապշած էին: Մեկ շաբաթ շարունակ ակտիվ և թաքուն քննարկվում էր այդ թեման` փայտի կողքին` ծառի տակ սուրճ խմելով: Բայց և այնպես բոլորն էլ հանգիստ էին` ամենաճարպիկը մեկ շաբաթ շարունակ պառկեց անկողին` գլխի սուր ցավով և չկարողացավ արթնանալ զարթուցիչի ձայնից` չխանգարելով հարևան տնտեսուհինների բնականոն լվացքակախումները: Այս ամենից ամենաշատը շահեց ամենահանգիստ տնտեսուհին. բոլորը լվացք փռելուց առաջ, մի տեսակ սարսափով հարցնում էին նրան` հո լվացք չունի՞ փռելու:
Իսկ ամենաշատը վիրավորվեց փայտը: Նա շատ լրջորեն անհանգստանում էր տնտեսուհինների քննարկումներից ու զարմանում, թե ինչպես կարող են մեղադրել այդ չքնաղ ու հանգիստ կնոջը, որը ոչ մի կապ չուներ այդ արարքի հետ: Դա ուղակիորեն կապված էր իր և անհանգիստ տնտեսուհու ներքին ատելությանը, որի հետևանքով նա շատ հատուկ խփվեց տիկնոջ գանգին:
Այո փայտը լրջորեն սիրահարված էր ամենահանգիստ տնտեսուհուն: Նա միակն էր բազումների միջից, որ յուրահատուկ վերաբերմունք էր ցուցաբերում իր նկատմամբ: Տնտեսուհին մեծ սիրով ու կարևորությամբ էր մոտենում իրեն, մի տեսակ հարգելով նրա դարավոր պատմությունը: Տնտեսուհին նույնիսկ երգում էր լվացք փռելուց, որ ինքը թեթև տանի իր ծանր ճակատագիրը: Միակն էր, որ մի քանի ժամ շարունակ, հանգիստ շփվում էր իր հետ` մոռացած աշխարհը` գեղագիտորեն փռելով լվացքն ըստ գույների ու չափերի: Հիշեց, որ մի քանի անգամ նույնիսկ դժվարությամբ հավաքել ու նորից է փռել լվացքը, որովհետև աչքից վրիպել էր, որևէ գույն, որի շարքն արդեն անցել էր: Իսկ ներքնաշորերը մի քանի ժամ շարունակ թաքցնում է փռած լվացքի տակ ու հեռվից, երկու կողմերից էլ նայում` հո ծայրն անգամ չի՞ երևում: Ինչպես չսիրեր նրան ու չօգներ վեճի ժամանակ… Մանավանդ, երբ խնդիրն ամենաանհանգիստ տնտեսուհին էր, որը հերիք չի իրեն արթացնում է բնականից մի քանի ժամ շուտ, դեռ մի բան էլ, լվացքը փռելու փոխարեն` նետում է վրան` ճմռթած ու անփույթ: Իսկ փռած ներքնաշորերին նայելով, բոլորը գիտեն իր բարեմասնությունների չափն ու ձևը, նաև քաղաքակրթությունից հեռու` ճաշակը:
Այս ամենը լուռ հառաչանքով վերհիշում էր պատին հենված փայտը, իսկ ես լուռ լսում էի նրա տխրությունը` մի անկյունում կանգնած. «Ինչպե՞ս կարելի է, չէ որ ես թանգարանային նմուշ եմ, իմ մամուռի, ճաքի մեջ այնքան պատմություն կա: Ինձ անգամ նայողը կհասկանա, թե 5 տարի առաջ` գուցե և 5 դար առաջ ինչպես են ապրել այս 60 մետրանոց շենքերում իրար գլխի տեղակայված բնակիչները: Ինչպիսին են եղել դրանց փոխարեն լուռ հարմարված` դեռ ցարական Ռուսաստանի օրոք, սարքված ձիանոցները, որոնց փոշին անգամ էլ չի լինի: Ինչպես են ձիերի փոխարեն գոյատևել նրանցում ապրող տնտեսուհիները` ամենաճարպիկից մինչև ամենահանգիստը: Այս ամենը նրանք անգամ ինձ նայելով կիմանան»:
Այս վերջին մտքերը հառաչեց փայտը` խարույկի գրկում, մինչև վերջին վայրկյանը աչքերը հառած ամենահանգիստ տնտեսուհու տնտեսության դռանը` հույս ունենալով, որ տնտեսուհին էլ իրեն օգնության կհասնի ամենադժվար պահին: Եվ ինչ լավ էր, որ նա այդպես էլ չիմացավ, որ ինքը այրվում է տնտեսուհու տնտեսությունում տեղի ունեցող նշանդրեքի խորավածի կրակում: Իսկ ես ուղղակիորեն ոչինչ անել չէի կարող, որովհետև այդ բակում տղամարդկանց որոշումները չէին քննարկվում և չէին առարկվում` այն էլ երեխաների կողմից:
Այդպիսինն էր ամենամայրաքաղաքային ամենահետաքրքիր բակերից մեկի պատմությունը, որի փոշին անգամ այսօր չի մնացել, և որի մասին անգամ նայելով կհասկանար յուրաքանչյուրը` 5 տարի կամ 5 դար հետո, եթե տեսներ այդ հին պատմություն ունեցող լվացքի պարանի փայտը, եթե այցելեր ամենամայրաքաղաքային թանգարանը…
I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.
Mark Twain
ԳԱՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ | ՁԱԳ: ՀՈՂ:
(պատմվածք – կոլաժ` հեքիաթներով ու երգերով)
Ձագուկն օրորցում քայլում էր այս ու այն կողմ, ինչպես նախագահը իր աշխատասենյակում: Ծանր էր վիճակը, շատ ծանր. արջուկը հացադուլ էր հայտարարել, շիկահեր տիկնիկը նստացույցից անցել է պառկելուն, լարովի կենգուրուն չէր ցանկանում, որ իր որդին ծառայի ազգային բանակում, ու սպառնում էր ինքնահրկիզմամաբ խայտառակել հանրապետությունը, դեղին գետաձին համառ համրությամբ փակել էր բերանը` հավերժ մթությամբ դատապարտելով կրիային, որը սխալմամբ, նրա կոկորդն էր մտել` շփոթելով կլինիկական մահից դուրս հանող թունելի տեղը: Իսկապես ծանր է` առանց կատակի ու այլաբանության: Խորանարդներով կառուցված տնտեսությունը ամեն վայրկյան կարող է փլուզվել, քանի որ միակ տնտեսագետը կլինիկական մահի հետ դեռ շախմատ է խաղում:
- Ես ասում էի, որ անհնար է, ասում էի,- քունքոսկրերն էր տրորում նախագահը,- ամենահեշտ լուծումը մահն է, բոլորը գիտեն, բայց մի՞թե դա անպատասխանատու քայլ չէ, միթե դա փախուստի բանաստեղծական ձև չէ: Դավաճան կրիա:
Իսկ պատկերացնելու համար, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ ծիածանագույն օղակներով կառուցված ֆինանսական բուրգի տապալումը, առնվազն աննյարդ պիտի լինես: Եվ ձագուկը նայեց արջուկին, որը համաշխարհային բանկի հիմնադիրն էր. նրանից մնացել էր միայն արժեզրկված մորթին ու անապագա հայացքը:
- Աստծուն հացադուլով չես վախեցնի,- հիշեց նախագահն իր վերջին խոսքը` ուղղված արջուկին, երբ նրան զեկուցեցին վերջինիս մահվան մասին:
Դեղին գետաձին մեծ ներդրումներ ունեցավ արդարադատության բնագավառում, բայց երբ նրան սկսեցին հետաքրքրել մահվան հարցերը, ու նա Ազգային Ժողով ներկայացրեց մի փաստաթուղթ, Ձագուկը միանգամից հասկացավ, որ սա ավարտվելու է հզոր պատիժով:
- Գուցե հարկավոր է ստեղծել բռնատիրական ժողովրդավարություն,- հայելու դիմաց անկեղծանում էր նախահագահը, որի մազերն այս ընթացքում թափինցիկության չափ ճերմակել էին:
- Գուցե,- պատասխանեց հայելին,- այդ դեպքում պատերազմներն ինքնանպատակ չեն լինի, չէ՞:
Հայելին փշրելուց հետո, նախագահը ստորագրեց հրաժարականն ու ինքնասպան եղավ: Ձագուկը դեռ չհասկանալով կյանքը` բերանը խոթեց ռետինե պտուկն ու պառկեց քնելու` առավոտյան ողջ սենյակը քարուքանդ անելու հաստատակամությամբ: Հարևան սենյակից զգացվում էր ծանր ռոքի հեռավոր կարիքը.
« Թուք ժողովրդին, թուք.
Թող նա քայլի կարեկցանքի ու հույսի անթացուպերով
Թող նրա շուրթերը մշտապես ճաքճքած լինեն, ու չոր լավաշի հաստությամբ` բաց:
Թուք ժողովրդին, թուք.
Թող նա միավորվի միայն պատերազմի տեսիլահից. այսպես, ավելի հեշտ է նրան ճզմել
Թող նա չմտածի
Թող նա ժամանակ ու ուժ չունենա մտածելու
Թուք ժողովրդին, թուք.
Թող նա ոգեղեն ստամոքս կրի ու վախ
Թող նա նայի վեր` մոռանալով հողը
Թող նա նայի վեր` չտեսնելով երկնքի սևեռումները
Թուք ժողովրդին, թուք.
Թող լինի այն, ինչ չի կարող լինել
Թող մոռացվեն խոստումներն ու հիշվի իրականությունը
Թող դա` ժողովուրդը հասկանա, որ հնարավոր չէ կանգնեցնել այս ահռելի հոսքը
Թող սա` ժողովուրդը հասկանա, որ վերջին ամիսն ամենածանրն է հղիի համար
Թող դու` ժողովուրդ հասկանաս, որ հղի ես ու անընդհատ վերջին ամսում…
Սեղմիր վերջին անգամ, գոռա վերջին անգամ…
Փառք ժողովրդին, փառք»:
Այսպիսի ռոքից հետո Ձագուկը որոշեց փափուկ երազ տեսնել.
« Երկրի ,մեղմ ասած, նախագահը նստել էր պապենական տան բակում, որտեղ կար ոչնչի պետք չեկող բետոնե զանգված: Սա, հասկանալի է, պապն էր արարել` չարձանագրելով` ինչու: Սա, հասկանալի է, չէր քանդվում, քանի որ պապն էր արարել` անգամ անհայտ պատճառով: Ի վերջո, սա, հասկանալի է, այս պահին, Երկրի, մեղմ ասած նախագահի ամենահուսալի աթոռն էր: Նստած էր, ծխում էր անվանական ծխախոտը ու հիշում, որ փոքր ժամանակ, երբ խաղում էին, հետո հոգնած նստոտում բետոնե զանգվածներին, ուժեղները միշտ գալիս ասում էին. «Վեր կաց, էս իմ տեղն ա»: Ինքը փորձում էր պայքարել, ասելով` «Անունդ վրեն գրած ա՞…», բայց պատասխանը չէր լսում, քանի որ կիսափոշոտ ու արնոտ ափերով թափ էր տալիս հագուստի փոշին ու երազում դառանալ չգիտես թե ինչ, բայց ամենաբարձրում, ամենակարևորը, ամենան: Երևի դա էր խորքային, ենթագիտակցական պատճառը, երբ կարգադրեց անվանական, այսինքն, իր անունը կրող ծխախոտի արտադրությունը… Ծխում էր, բայց ներշնչելուց առաջ, ծխի մոտ յոթանասուն տոկոսը բաց էր թողնում, որ շուտ չմեռնի:»
Ձագուկը մտածկոտ նստեց տեղում. ռոքը չկար: Ինքն իր սենյակում էր. լավ է: Բայց,այնուամենայնիվ, փափուկ երազ է իրեն պետք կամ… շտապ հասունացում:
«Կարելի է փորձել նաև հեղափոխության տեսիլքը»,- անհայտ պատճառով` ռոքին փոխարինեց բլյուզը.
«Զգույշ ապրելուց հոգնած խխունջները բարձրանում էին աղբանի պատերով: Աղբամանը երեսուներեք տարեկան ծառի ստվերի կենտրոնում էր` մեջը լիքը խխունջներ, որոնք ապրում էին զգույշ: Ծառը հարյուրերեսուներկու տարեկան տան դիմացն էր, տունը` վաթսունվեց տարեկան փողոցում, որի մայթով` արագ ու վստահ քայլում էր տասնվեց ու կես տարեկան մաթեմատիկոսը: Այս մաթեմատիկոսը գնում էր կարևոր հանդիպման. հանդիպումից էր կախված, նա կդառնա՞ երեսուներեք տարեկան, իր թոռները կտեսնե՞ն վաթսունվեց տարեկան պապ, իր հանճարեղ հորը կհիշե՞ն իր ծոռները` հարյուրերեսուներկու տարի անց: Խխունջները, մի պահ զգուշացան, լսելով մաթեմատիկական ճշգրտությամբ մաքառման ձայնը, բայց քանի որ որոշել էին հոգնել զգույշ ապրելուց, շարունակեցին բարձրանալ աղբամանի պատերով` ցած: Մաթեմատիկոսը կանգնեց, որ աղբամանը նետի սահմանադրությունը. նա ողջ գիշեր կարդացել էր, այսինքն, հետազոտել էր այն, ու դարակում հարմար տեղ չգտնելով, որոշել էր նետել, բայց տեսնելով խխունջներին, որոնք այնուամենայնիվ բարձարնում էին, խղճաց, չնետեց: Նայեց ծառին, սահմանադրությունը վերածեց մի տարեկան ճյուղի, ամրացրեց ծառին, ու շարունակեց կրճատել իր ու կարևոր հանդիպման հետագիծը: Խխունջները ի վերջո հասկացան, որ բարձրանալ արժե միայն վեր, ու դաստիարակվելով պատմական սխալներով, հասան մի տարեկան ծառի ճյուղին ու սկսեցին ապրել: Հեղափոխությունը երկար սպասեց մաթեմատիկոսին, հոգնեց ու գնաց իրենց տուն:»
- Ոչ ոք նման բլյուզ չի կարող լսել, քանի որ չկա այս բլյուզը,- Ձագուկի կոպերը պահող մկանները մեկ գիշերով էլ ծերացան:
***
Պատուհանը բացվեց: Մաքուր օդը համեստորեն մտավ տուն, բարևեց, նստեց: Տանը մարդ կար և տունն ուրախ էր: Մարդն ու տունը պատասխանեցին մաքուր օդի բարևին. իրենք նստած էին մինչ վերջինիս գալը: Այնպիսի լռություն էր, որը ոչ ոքու ոչինչ չէր պարտադրում: Այսպիսի լռությունները միայն հաճելի են, սիրտդ չի նեղվում, իսկ դա բնականն է, որին ողջ կյանքը ձգտել է մաքուր օդը:
- Ես մի քանի րոպեով մտա:
- Կարող ես մնալ` ինչքան ուզես,- ժպտաց տունը:
- Ճիշտ է ասում,- տան ժպիտը շարունակեց մարդն ու աչքով արեց պատուհանին:
Պատուհանը բացեիբաց, առանց երկար մտածելու փակվեց: Այդ օրվանից, մաքուր օդը մնաց տան և մարդու մոտ:
***
Փափուկ երազ ասելով, Ձագուկը նկատի ուներ քիչ առաջվանը: Նա արթնանալու է, որ գնա ու խաղա իր հողերի մեջ: Ձագուկի հողը հաճախ հիվանդ, երբեք չմեռնող հող էր: Երբ լսում էր այս երգը /ժանրը ճշտված չէ/, տքտքալով վեր էր կենում:
«Պատերազմում ծնված, իմ մոռացված նախնի,
Պատերզամում մեռած իմ հայր:
Պատերազմից հոգնած, մամռակալած երկիր
Պատերազմում մեռած իմ…»:
Վեր էր կենում տքտքալով, ոչ կարողանում էր լսել երգը, ոչ արգելել երգողին, ոչ ունկերը ցեխով ծեփել կամ ծածկել մամուռով. կարճ ասած` սիրտ մրմռացնող սրտով, տքտքալով վեր էր կենում: Վեր կենալիս, ընդերքը սկսում էր աշխատել` արգանդի սրբազան կծկացավի պես: Դիմացը Լեռն էր, հին, աստվածօրրան, երբեք չժպտացող ու չչարացող լեռը: Սրբազան կծկումներից աստիճանաբար դղրդում էր Լեռը: Աստված` ժամանակավոր գնում էր տիեզերքի մյուս հատվածը և Լեռան դղիրդը հասնում էր կատարելության: Հողն այդ պահին, երբեք չուշանալով ու չշտապելով, մեկնում էր ձեռքերն ու իր` քամուց փախած գլխաշորը վար բերում, ծածկում Լեռան գլուխը. ծածկելն ու ժայթքելը լինում էին միաժամանակ. մահկանացուները սա կոչում էին Վերածննդի սկիզբ: Երբ պարպվում էր Լեռն, Հողը չմոռանալով տքտքալը` վերցնում էր սերմով լիացած գլխաշորը ու տանում դատարկում քաղցրահամ Ծովը, որը կողքին էր հենց`մշտուրախ, չխոկող, ինքնազտմամբ վեհ ու մեղեդային: Քիչ անց, ծովից դուրս էին գալիս Նախնիք, գնում էին պատերազմ, հաղթում էին պատերազմին, մեռնում էին պատերազմի հետ, որովհետև հոգնել էին մի քիչ, հետո` ներծծվում էին Հողի մեջ ու հանգստանալով, աստիճանաբար կուտակվում Լեռան միջուկում և սպասում: Այդ պահին, Հողը կրկին քամուն էր տալիս երկինքը, ինքը պառկում իր տեղն ու Աստծուն կանչում` ընդհատված զրույցը շարունակելու:
I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.
Mark Twain
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ