Ռուֆուս-ի խոսքերից
Մի դեպք հիշեցի, երրորդ դասարան էի, գրիչ էի նվեր ստացել՝ Հնդկաստանից էր բերված, փայտից, վրան ուզորներ նկարած: Եղածը սովորական գրիչ էր, բայց էդ տարիքում գրիչն իմ ամենաարժեքավոր ունեցվածքն էր, մանավանդ, որ վրան «իմպռտնի» պիտակն էիր կպցնում: Մի անգամ դասատուներից մեկը չէր եկել, զուգահեռ դասարաններից մեկը մեզ կպցրեցին, միասին դաս արեցինք, կողքիս նստած տղուն չէի սիրում, որովհետև կռվարար, անմակարդակ տիպ էր: Ինձ կանչեցին գրատախտակի մոտ, հետ եկա, դասը վերջացավ, դուրս ենք գալիս դասարանից, տետրերս հավաքելիս նկատեցի որ գրիչս չկա: Միանգամից մտքովս անցավ, որ կողքիս նստածը գողացել է: Հաջորդ օրն իրեն գտա, ասեցի գրիչս կորցրել եմ, կարո՞ղ է տեսած լինես, մանրամասն նկարագրեցի, բայց սկսեց երդվել, որ գրիչս ինքը չի վերցրել: Մի խոսքով, ես համոզված էի, որ գրիչս գողացել էին ու գողը հենց ինքն էր:
Անցավ մի տարի, մեկ ուրիշ զուգահեռ դասարանից մի քանի հոգու տեղափոխեցին մեր դասարան: Մեկ էլ մի օր տեսնեմ նոր տեղափոխվածներից մեկի ձեռքին հենց իմ գրիչն էր: Մոտեցա, ասի, էս ինչ սիրուն գրիչ է, որտեղից ես առել: Ինքն էլ թե դասասենյակներից մեկից ա գտել, հետաքրքրվել ա, թե ումն ա, ոչ ոք չի իմացել, պահել է իրեն: Ասեցի, որ գրիչն իմն է ու անցած տարի կորցրել էի, ինքն էլ առանց հարցեր տալու, գրիչը տվեց ինձ: Ես էլ ինձ ահավոր մեղավոր զգացի, որ համ ինքն էր էդքան ազնիվ, որ իմ ասածներին առանց կասկածելու գրիչն ինձ տվեց, համ էլ որ էդքան ժամանակ կասկածում էի, որ էն մյուս տղեն էր գողը: Մանավանդ, որ գրիչս ոչ ոք չէր էլ գողացել, հավանաբար գրատախտակի մոտ գնալուց գցել էի ու հետո չէի տեսել, որ վերցնեի:
Էջանիշներ