Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն Facebook-ի իր էջում հուզիչ գրառումն է զետեղել Մայդանում զոհված հայազգի Սերգեյ Նիգոյանի մասին, որը ներկայացնում ենք ստորև.
«Ես նամակներ ու զանգեր եմ ստանում Հայաստանից: Ինձ հարցնում են, ինձ ասում են՝ Բորիս, մենք սպասում ենք, թե դու ինչ կասես Կիևից: Հիմա ես ի՞նչ ասեմ: Ես կխոսեմ Սերգեյի մասին:
Մեկուկես ամիս առաջ ինձ ասացին, որ Մայդանում հենակետում կանգնած է մի գեղեցիկ հայ, հայկական դրոշով: Մենք նրա հետ ծանոթացանք, գրկախառնվեցինք, և այդ պահից նա դարձավ իմ կրտսեր եղբայրը: Նա դարձավ իմ տղան: Ես նրան սիրեցի որդուս պես:
Նա գլուխ էր գովում, թե ինչպես է արտասանում ուկրաինական վիրշաներ: Հատկապես մաքուր ու գեղեցիկ էր նա արտասանում Շևչենկո: Իսկ ամենակարևորը, ինչով նա ինձ հետ կիսվեց, կարծես այն ինչ-որ գաղտնիք է, մեծ ֆորմատի մի թուղթ էր, որ նա հանեց իր բաճկոնի գրպանից: «Հայր մեր»-ն էր հայերենով: Շատ գեղեցիկ տառերով գրված: Նա ինձ ասաց, որ ցանկանում է այդ թուղթը տեղադրել շրջանակի մեջ ու կախել իր հենակետի վերևում:
Ես կարծում եմ, որ այդ աղոթքն այդպես էլ մնաց նրա գրպանում: Ես կարծում եմ, որ նա ժամանակ չունեցավ այն շրջանակի մեջ վերցնելու:
Լավ չեմ հիշում՝ երկու կամ երեք շաբաթ առաջ ես նրան համոզեցի տուն վերադառնալ, մի փոքր հանգստանալ: Ես տեսնում էի, որ նա ամբողջությամբ հյուծվել է: Երիտասարդության ուժն ու ոգին նրա մեջ վառվում էր, բայց անարդարության սուր ապրումները նրան տանջում էին: Նա ինձ խոստացավ, որ կգնա տուն, իրեն կարգի կբերի: Վերջին մի շաբաթն անընդհատ մտածում էի, որ անհրաժեշտ է զանգել նրան: Նա հենակետում չէր: Ես վստահ էի, որ նա տանն է: Եվ ես այդպես էլ չզանգեցի: Եվ նա ինձ: Ժամանակն է այդպիսին: Ես մեծ մեղավորություն եմ զգում: Ինձ թվում է՝ եթե ես գիտենայի, որ նա այստեղ է, այդ բախման մեջ, ես ինչ-որ կերպ կպաշտպանեի նրան:
Նրա հետ առաջին հանդիպման ժամանակ ես հասկացա, որ նրանում հին հայի գենն է: Սա այն գենն է, որն իր կյանքն է զոհել հանուն Քրիստոսի հավատի, հանուն ժողովրդի՝ սկսած IV դարից: Սա այն հայկական գենն է, որը դեռևս XI դարից, ապրելով Ուկրաինայում, ուկրաինական ժողովրդի հետ կիսել է թե՛ ուրախությունը, թե՛ դժբախտությունը:
Մեմք՝ Ուկրաինայի հայերս, գիտենք, որ մեր նախնիներն այստեղ՝ Ուկրաինայում պատվի ու արժանապատվության մարդիկ էին: Մեր նախնիներն արժանապատվություն ունեցող մարդիկ էին: Սերգեյն այդ նախնիների արժանի զավակն էր: Սերգեյը մաքուր էր սրտով: «Սրտով մաքուրները Աստծուն կտեսնեն»:
Առավոտից ես ոչինչ գրել չէի կարողանում: Ես չեմ ամաչում ասել, որ լացում ու հեկեկում էի: Կկարոտեմ իմ զավակին: Այսպես, ես կորցրեցի որդուս:
Անկախ այն բանից, թե որն էր այդ ընդհարման պատճառը, ուզում եմ ասել, որ թե՛ այնտեղ, թե՛ ամենուր այժմ ընթանում է պատերազմ բարու և չարի միջև: Սա արդեն քաղաքականություն չէ: Եվ Սերգեյը անմեղ զոհ է: Նրա արյունը զոհաբերված արյուն է: Այն մաքրում է մեզ: Այն մարքում է նախ և առաջ մեզ՝ հայերիս, որ ապրում ենք Ուկրաինայում: Մենք մեր պատասխանատվության բաժինն ունենք այս հրաշալի պետության ու ժողովրդի առաջ:
Ես այժմ անգամ աղոթք չեմ կարող գրել: Թող մեզանից յուրաքանչյուրը մտքում արտասանի այն աղոթքը, որը Սերգեյի գրպանում էր: Ես կարող եմ միայն հավելել՝ Տեր իմ, Ինքդ ստեղծիր մեր մեջ այն աղոթքը, որ ցանկալի է Քեզ:
Ես դիմում եմ Հայաստանի հայերին, Ուկրաինայի հայերին: Ես դիմում եմ բոլոր ժողովուրդներին ու բոլոր պետություններին. աջակցեք Ուկրաինային բոլոր հնարավոր միջոցներով: Օգնեք Ուկրաինային հաղթել այս չարը:
Թող Աստված Իր արքայություն ընդունի զոհվածներին ու իմ սիրելի Սերգեյին: Ու մեզ բոլորիս թող ուժ տա:
Հ.Գ. Ինձ զանգահարում են հեռուստաալիքներից ու հարցնում՝ արդյո՞ք Սերգեյն ինչ-որ ծայրահեղական կազմակերպության անդամ է եղել: Թեև ես վերջին շաբաթները նրա հետ չեմ հաղորդակցվել, ես գիտեմ, որ նա ոչ մի ծայրահեղական կազմակերպության անդամ չի եղել: Նա Ուկրաինայի հայրենասեր էր, Մայդանի պաշտպան:
Իշխանություններն ավելի ակտիվ կշարունակեն ժողովրդի դեմ պատերազմը: Բայց սա վերջը չէ, սա միայն սկիզբն է: Եվս մեկ անգամ կրկնեմ՝ մեր նպատակը մարդկային կյանքերի պաշտպանությունն է: Պայքարելու ենք հանուն կյանքի օր ու գիշեր, միասին:
Դո՛ւրս ելեք, կանգնե՛ք մայդաններում ու փողոցներում՝ պաշտպանելու ձեր երեխաներին, նրանց կյանքը, նրաց ապագան...»: /
Էջանիշներ