Գրողը տանի քեզ, ով ԵՊՀ...
Ինչ եկել, չեմ եկել, էս համալսարանս ատամները սրել ու իմ դեմ է ելել, կամ էլ ես՝ իր, ով գիտե: Մինչև անհրաժեշտ փաստաթղթերը հավաքեցի, դարձավ դեկտեմբերի 27ը՝ տարվա վերջին աշխատանքային օրը: Թղթերը տարա համալսարան, որ դրանցից պրծնեմ ու դասախոսների հետ քննությունների մասին խոսեմ: Մի թուղթ էլ դեկանը պիտի ստորագրեր, բայց ես ամբողջ օրը դեկանատի մոտ իրեն սպասեցի՝ ինչպես քյառթու տղան իր ուզած աղջկա քուչում, ու հազիվ հաջողացրի հենց միջանցքում մի ստորագրություն պոկել: Նա զբաղված էր, քանի որ միևնույն ժամանակ, բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնում, դասախոսական կազմը սուփրա սեղան էր բացել: Աշխատանքային օր էր ու աշխատանքային ժամ, իսկ ես՝ շտապ գործեր ունեցող ուսանող, բայց իրենց խնջույքը խանգարելն իմ ուժերից վեր էր: Էդպես էլ ոչ որևէ դասախոսի տեսա, ոչ էլ՝ դեկանի հետ խոսեցի, իսկ դեկանատում էլ մուննաթախառն տոնով շրջանցեցին իմ հարցերը:
Բայց արի ու տես, ոչ ոք իմ ու իմ գործերի հավեսը չուներ: Միջազգային կապերի բաժնի ոմն աշխատող մուննաթով թղթապանակիցս մի թուղթ վերցրեց, մնացածն էլ տվեց որ ոմն մեկի քարտուղարուհուն տանեմ: Քարտուղարիուհին էլ՝ պռտված, մի տուփ ծամոն որոճացող շիկահեր էակ մը, բերանով եռանդուն լվացք անելով վերցրեց թղթերն ու բնականաբար իմ հարցերին չպատասխանելով, ինձ գրողի ծոցն ուղարկեց:
Ես ասեմ մշակութային շոկ, դուք հասկացեք՝ անմակարդակություն ու անհարգալից վերաբերմունք:
Ուրեմն, հունվարին քննություններ ունեմ, բայց միջազգային կապերի բաժնի վարիչն ինձ ասաց, որ մտնում է արտասահմանից նոր վերադարձած ուսանողի դրության մեջ ու ինձ մեկ ամիս ավել ժամանակ տվեց, որ քննություններս հանձնեմ: Ես էլ որոշեցի օգտագործել էդ հնարավորությունն ու ավելի լավ պարապել:
Բայց արի ու տես, որ հիմա նույն դեկանատից շուխուր են անում, որ ես պարտավոր էի հունվարի քննություններս հանձնել հենց հունվարին՝ առանց հաշվի առնելու, որ ես ոչ դասախոսների հետ եմ հանդիպել, ոչ դեկանն է ինձ հինգ րոպե ժամանակ հատկացրել, ոչ էլ որևէ խնդիր են լուծել դեկանատում:
Ես հիմա համոզված եմ, որ գնամ նույն միջազգային բաժին, ինձ կասեն, որ հավելյալ ժամանակ չեն տվել ու ես կկանգնեմ խնդրի առաջ, որտեղ միակ մեղավորը ես կլինեմ: Իսկ քննություններն էլ ստիպված կլինեմ հենց հիմա տալ և համապատասխանաբար զրկվել գերազանց գնահատականներից ու անվճար սովորելուց:
Էջանիշներ