Լիլիթ
(Վերլուծություն)
Բովանդակություն
· Դրդապատճառ
· Սյուժեն
· Աստծու կերպարը
· Սատանայի կերպարը
· Ադամի կերպարը
· Լիլիթի և Եվայի կերպարները
· Տղամարդկանց և կանանց բնորոշ երևույթների վերլուծություն
· Ինչն եմ հավանել, իսկ ինչը՝ ոչ
· Եզրակացություն
Դրդապատճառ
Մինչև ստեղծագործության բուն վերլուծությանն անցնելը կարևոր է հասկանալ և գիտակցել, թե ինչն է դրդել հեղինակին գրելու այն: Ո՛չ մի ստեղծագործություն «օդից» չի ստեղծվում, պետք են զգացմունքներ, որոնք հեղինակի գլխում կնկարեն ստեղծագործության ամբողջական պատկերը: Կարծում եմ, որ հեղինակը մի քանի շատ կարևոր հարցեր է շոշափել, որոնք ամբողջությամբ համեմված են իր կյանքի փորձով, իր զգացմունքներով, ու որոնք ապրել է ու զգացել իր մաշկի վրա. Աստված, կին ու տղամարդ և կյանքի անարդարություններ: Հակառակ դեպքում ստեղծագործությունը այդքան հաջողված չէր ստացվի:
Սյուժեն
Հեղինակը պատմում է Աստծո մասին, ով հողից ստեղծում է Ադամին: Բայց նկատելով, որ Ադամը իրեն միայնակ է զգում, որոշում է նրան ընկեր պարգևել և ստեղծում է Լիլիթին կրակից: Սակայն Լիլիթը Ադամին արհամարհում է, միշտ պատճառներ է փնտևում, որպեսզի փախչի, և վերջապես գայթակվում է Սատանայով և նրա հետ հեռանում: Այս ամենից հետո Աստված Ադամի կողից ստեղծում է Եվային, որպեսզի իր բնույթով հնազանդ լինի նրան: Եվան հավատարիմ էր և սիրում էր Ադամին: Ու չնայած Ադամը նույնպես սիրում էր Եվային, բայց Լիլիթի բոցավառ կերպարը այդպես էլ չի հեռանում նրա սրտից:
Աստծո կերպարը
Հեղինակը շատ դիպուկ նկարագրում է Աստծուն:
«…իր արարչական մի սոսկ խոսքով ստեղծելուց հետո` առավ անասունների ոտքի տակ ընկած հողից մի կտոր և նրանից ստեղծեց մարդուն:»
«Սոսկ խոսքով»: Ի՞նչ է ուզում սրանով ասել հեղինակը: Այն, որ Աստված ամենակարողն էր, և ինչ-որ բան փոխելու համար նրան ընդամենը մի խոսք էր հարկավոր, և եթե իրականում այդպես է, ապա ինչո՞ւ շատ բաներ ուղղակի վրիպել էին նրա աչքից:
«Անասունների ոտքի տակ ընկած հողից»: Ինչո՞ւ է Իսահակյանը հողը բնորոշելու այս նվաստացուցիչ տարբերակը ընտրել: Պատասխանը պարզ է դառնում հաջորդ պարբերությունում, որտեղ նա նշում է, թե կոնկրետ ինչի համար ստեղծեց մարդուն: Ինչպես ասում է հեղինակը. «Ստեղծեց նրան, որ սա սքանչանա իր վեհ գործերի վրա և փառավորե աստվածային անունը»: Ահա, փաստորեն, թե ինչի համար Աստված ստեղծեց մարդուն: Կարծում եմ, որ շատ դիպուկ նկարագրություն է:
Հաջորդ դրվագում, երբ Աստված խրատում է Լիլիթին, ասում է. «Եթե չհնազանդես, գիտցիր, որ խիստ կպատժեմ…Գնա հիմա Ադամի մոտ, այդպես եմ կամենում ես…», «Գիտցիր, որ խիստ կպատժեմ»:
Կարո՞ղ եք արդյոք բացատրել, թե ինչու նա չպատժեց Լիլիթին, երբ վերջինս չհնազանդվեց և փախավ սատանայի հետ: Կարծում եմ՝ Իսահակյանի աչքից այս մանրուքը չէր կարող վրիպել, և նա միտումնավոր է, որ չի պատժել Լիլիթին՝ ևս մեկ անգամ մատնանշելով կյանքի անարդարություններն ու հակասելով այն մտքին, որ ոչ մի բան անպատիժ չի մնում:
«Այդպես եմ կամենում ես»: Կրկին հեղինակը ցույց է տալիս, թե որքան եսասեր է Աստված, թե որքան վեր է ինքն իրեն դասում:
«Անհույս էր Ադամի հոգին և, նզովելով աստված ու անմահություն ` մահ էր տենչում»։
Ահա այստեղ է, որ Աստված նրան օգնության է գալիս: Չէ՞ որ արդեն Ադամը իր նպատակին չէր ծառայում և նզովում էր իրեն: Այդ իսկ պատճառով նա որոշեց ստեղծել Եվային, որպեսզի նորից սկսի գովաբանել իրեն:
«…և ինքն իր մեջ սուզված խորհեց, որ անկարելի էր վերև սլացող հուրը ընկերացնել երկրին կառչող հողին»: Շատ հետաքրքիր է, որ հեղինակը կրկին մատնանշում է Աստծո եսասիրությունը: Չէ՞ որ կարող էր գրել, որ Աստված հասկացավ իր գործած սխալը, բայց ո՛չ, նա ընդամենը «սուզված խորհեց»:
Նաև կարելի է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Իսահակյանը «աստված» բառը փոքրատառով է գրում, չնայած նրան, որ հավատացյալ մարդիկ դեռ հին ժամանակներից այն մեծատառով են գրել :
Սատանայի կերպարը
Հեղինակը սատանային նկարագրել է այնպես ինչպես բոլորը` չար, եսասեր, գեղեցիկ ու գրավիչ :
Ադամի կերպարը
Ադամը պարզ, նվիրվող, անկեղծ, բարի, կարճ ասած իդեալական մարդու կերպար է: Չնայած ընթերցողի մոտ տպավորություն է ստեղծվում, որ Ադամը չափից դուրս շատ է Լիլիթի հետևից վազվզում, բայց դա ամենևին նրա մարդկային գծերի բնորոշումների վրա չի ազդում, քանզի հենց այդ վազվզոցի մեջ է թաքնված ներկայիս աշխարհին պակասող մարդկանց տեսակը, ովքեր պարզ են և հետին միտք չունեն: Հեղինակը ընթերցողին նաև ցուցադրում է Ադամի համբերությունը և հանդուրժողականությունը. չէ՞ որ ամբողջ պատմվածքի ընթացքում նա միայն մեկ անգամ դիմեց Աստծո օգնությանը: Իսահակյանը նաև նշում է տղամարդկանց մի քանի կարևորագույն հատկանիշներ, որոնց կանդրադառնամ ավելի ուշ, բայց կարևոր է նկատել, որ հեղինակին տղամարդկանց բնութագրելու համար մեկ կերպարն էլ հերիքեց, որը չենք կարող ասել կանանց համար:
Լիլիթի և Եվայի կերպարները
Պատահական չէ, որ այս երկու կերպարներին միասին եմ ուզում քննարկել: Կարծում եք, որ Լիլիթը և Եվան հակառակ բևեռնե՞ր են, ո՛չ: Հեղինակը մեզ փորձել է փոխանցել իդեալական տղամարդուն և կնոջը, բայց ինչպես նախորդ ենթակետում նշեցի, մեկ կերպարը քիչ էր իդեալական կնոջը ներկայացնելու համար: Այո՛, Լիլիթը և Եվան ամբողջություն են` իդեալական ամբողջություն: Լիլիթը թիթիզ է, վազվզում է ամեն մի գեղեցկության հետևից, գնահատում է միայն նյութականը, չէ՞ որ կրակը միայն նյութականն է այրում: Լիլիթին մերթընդմերթ դուր էր գալիս Ադամի հետ խաղալ, որովհետև նա չէր գնահատում ոչ մի զգացմունք. ինքն էր աշխարհի կենտրոնը, և աշխարհը նրա շուրջ էր պտտվում:
Եվան հնազանդ էր, բացի նյութականից Եվան գնահատում էր սերը և իր սիրելիի մասին հոգ էր տանում: Իր սիրելին էր աշխարհի կենտրոնը, և աշխարհը նրա շուրջ էր պտտվում:
Եկեք չմոռանանք, որ Լիլիթը սատանայի մոտ Եվա է դառնում, կախվում է նրա վզից և իրեն երջանիկ զգում: Կարծում եմ, որ բոլոր կանայք կազմված են փոքրիկ Լիլիթներից և Եվաներից: Ու որքան այդ համադրությունը հավասարակշռված է, այնքան նրանք նմանվում են կնոջ իդեալին, որը այս պատմվածքում ներկայացրել է Իսահակյանը:
Տղամարդկանց և կանանց բնորոշ երևույթների վերլուծություն
Հիմա Ձեզ կներկայացնեմ մի քանի դրվագներ, որտեղ Իսահակյանը շոշափել է տղամարդկանց և կանանց բնորոշ հետաքրքիր թերություններ ու առավելություններ:
«Գնաց լճափ, թափառեց պուրակներում, պրպտելով ամեն թուփ ու մացառ: Կրկին դարձավ աղբյուրի մոտ: Լիլիթ չկա՛ր ու չկար:
Ի՞նչ է պատահել նրան, Լիլիթին, - մտածում էր Ադամ, - երևի անծանոթ շավիղներ բռնելով` մխրճվել է հեռավոր պուրակների մեջ և մոլորվել:
Պիտի որոնել, որոնել նրան»։
Հեղինակը այստեղ ցույց է տալիս Ադամի միամտությունն ու բարիությունը: Չէ՞ որ Ադամի մտքի ծայրով անգամ չէր անցնում, որ Լիլիթը ուղղակի մոռացել էր իրեն: Ու պատկերացնու՞մ եք, որ եթե բոլոր մարդիկ այդպես լինեին, որքան անթերի և հիասքանչ կլիներ այս կյանքը: Եթե Լիլիթին էլ նույն բարիությունն ու միամտությունը ունենար, ուրեմն ինքն էլ Ադամին չէր խաբի և նշանակված ժամին կգար:
« -Սակայն ես սպասեցի քեզ թե՛ այստեղ, թե՛ լճափում, իսկ դու չկայիր ո՛չ այստեղ, ո՛չ այնտեղ, - կտրուկ ձայնով պատասխանեց Լիլիթ:
Ադամ մի պահ լռեց: Ադամ մտածում էր` մի՞թե չնկատեց Լիլիթին, անկարելի է, բայց…»։
Իսահակյանը ևս մեկ անգամ ցուցադրում է Ադամի պարզությունը, հանդուրժողականությունը: Ուշադրություն դարձրեք, թե Ադամը ի՞նչ է մտածում. «Մի՞թե չնկատեց Լիլիթին»: Նա նորից ուրիշ մեղավորներ չի փնտրում, ամբողջ ստեղծագործության ընթացքում նա նույնիսկ Աստծուն չմեղադրեց, որ Լիլիթին այդպես մեծամիտ և թեթևաբարո է ստեղծել:
«Լիլիթ նայեց Ադամի խղճալի դեմքին և լիահնչուն քրքիջ արձակեց: Սակայն մի պահ: Ապա հայացքը նրա քաղցրացավ, աստծո անունը զգաստացրեց նրան:
- Բայց, Ադամ, ինչու՞ ես լալիս. Ինչու՞ ես այդպես խոսում: Չէ՞ որ միշտ բարի եմ եղել քեզ հետ»։
Այստեղ հակառակը, Իսահակյանը ցույց է տալիս Լիլիթի վախկոտությունը և նույնիսկ երկերեսանիությունը: Չէ՞ որ Լիլիթը Աստծո անունը լսելուն պես սկսում է ձևականորեն Ադամի մասին հոգ տանել և զարմանալ, թե ի՞նչու է Ադամը լալիս: Վախկո՛տ, վախկո՛տ Լիլիթ:
« -Անգին Լիլիթ, այդ ճանապարհը լավը չէ այնքան… Ես գիտեմ բոլոր շավիղները, - և ցույց տվածս է ամենագեղեցիկը… Ներիր, որ ասեմ, թե դու չգիտես:
-Ո՛չ,- զայրացած ասաց Լիլիթ, - և վերջապես ես այս եմ ուզում. եթե չես գալիս, ես մենակ կերթամ:
Եվ ոտք դրեց իր կամեցած ուղին…
Ադամ հլու հետևեց նրան»։
Իսահակյանը ապացուցում է, որ երկու երնեկ մի տեղում չի լինում: Գեղեցկությունը և իմաստությունը հակադարձ համեմատական մեծություններ են: Սա նաև տղամարդկանց մասին է: Չէ՞ որ Ադամն էլ էր իմաստուն, բայց ոչ այդքան գեղեցիկ: Այո՛, այո՛, իմաստուն էր: Միայն իմաստուն մարդը կարող է իրենից ավելի թույլի հետ չվիճել, համակերպվել, ինչ-որ բան չապացուցել, կոպիտ ասած գլուխ չդնել:
Նմանատիպ դրվագները շատ-շատ են, որոնցից յուրաքանչյուրը յուրովի արտահայտում է հեղինակի ապրած հիասթափությունները:
Ինչն եմ հավանել, իսկ ինչը՝ ոչ
Հավանել եմ Իսահակյանի գրելաոճը, ավելի կոնկրետ այն, որ մեծ և բարդ խնդիրները մասնատել է և փոքր-փոքր չափաբաժիններով, շատ մեղմ, բայց հասկանալի մատուցել ընթերցողին:
Իմ համեստ կարծիքով հեղինակը շատ է տանջել Ադամին: Պատմվածքը պետք է մի փոքր կարճ լիներ: Կարելի էր մի քանի դրվագներ, որոնք նույն միտքն էին արտահայտում, պարզապես չներկայացնել: Կարծում եմ՝ դրանից ստեղծագործության որակը չէր ընկնի:
Հարկ է նկատել նաև, որ Ադամի և Լիլիթի զրույցները փոքր-ինչ ձևական բնույթ էին կրում. իրական կյանքում մարդիկ այդպես չէին խոսի: Համաձայն եմ, որ ասյտեղ իրական կյանք չէր, բայց իրական մարդիկ էին, այնպես չէ՞: Նրանց խոսակցությունը շատ հարթված է, անհրաժեշտ էր տեղ-տեղ թույլ տալ, որ նրանք թերանային: Կոպիտ ասած՝ մի քիչ ագրեսիվությունն էր պակասում, մի քիչ ջղային տեսարաններ էին պետք:
Եզրակացություն
Եզրակացությունը մեկն է. Իսահակյանը ուրիշ բառերով, ուրիշ պատկերներով, ուրիշ կերպաներով ներկայացրել է իր ապրած կյանքը:
Էջանիշներ