Վիրավորված ճանապարհը...
Փորձեց հիշել, թե վերջին անգամ ե՞րբ է հիվանդացել, մտքերը խառնվեցին: Հիշողության մեջ, ուղեղի ինչ-որ ծալքում առկայծեց, որ էն ժամանակ էլ իրեն էդպես թված, թե արդեն իր վերջն էկել է, պիտի մահանա: Բայց ապաքինվեց ու նորից գնաց աշխատանքի:
Ուր է, թե հիմա էլ այդպես լիներ:
Առավոտյան աշխատանքի գնալուց զգաց, որ լավ չի զգում: Հազիվ կարողացավ վերադառնալ ու պառկել անկողնում: Բժշկին կանչեցին, ասաց՝ ընդհանուր թուլություն է, ծերունական ինչ-որ հիվանդության անուն տվեց:
Ասենք, բժշկի ասածին էդքան էլ կարևորություն չտվեց: Անգամ ուշադրություն չդարձրեց, թե նա ինչ խորհուրդներ էր տալիս, որովհետև հոգու խորքում նախազգում էր մահը:
Մինչև այսօր առավոտ էսպես մոտիկ չէր զգացել մահը: Ամեն անգամվա պես վերցրել էր բահը ու գնացել էր ճանապարհի վրա աշխատելու:
Աշխարհի անթիվ, անհամար ճանապարհներից մեկը, ավելի ճիշտ, նրա փոքրիկ մի հատվածը Գրիգորն իրենն էր համարում: Ամեն առավոտ տանից դուրս էր գալիս, դանդաղ քայլերով առաջ էր գնում ու կոկում-հարթեցնում նրա քանդված տեղերը, մի քանի բահ ավազ լցնում փոսորակները և երեկոյան նույն ճանապարհով տուն վերադառնում: Ճանապարհի ասֆալտը հին էր, իր նման կնճռոտ, տեղ-տեղ դարուփոս, ինչպես իր դեմքն ու ձեռքերը:
Երիտասարդ էր, երբ կառուցվեցվեց էդ ճանապարհը: Շինարարության վրա իրենք էին աշխատում: Շինարարությունն ավարտվեց, համագյուղացիներից ամեն մեկն իր նախկին գործին անցավ, իսկ Գրիգորին ճանապարհի պատասխանատու նշանակեցին, որովհետև նոր պայթեցված ժայռերից անընդհատ քարաթափումներ էին լինում:
Այդ ժամանակվանից գյուղի մյուս Գրիգորներից տարբերելու համար նրան անվանեցին Ճամփա Գրիգոր…
Ճամփա Գրիգորը հազվադեպ էր իջնում գյուղամեջ, ուր ծառերի հովին նստում էին հասակակից ծերունիները ու զրուցում անցած-գնացած օրերից, պատմում հայրենական պատերազմից, իրենց թոռների չարաճճիություններից:
Գրիգորը բան չուներ պատմելու: Նրա միակ թոռը՝ որին ինքն է մեծացրել որդու մահից հետո, գնացել էր կռիվ, գնացել էր ու չէր վերադարձել:
Չէ, ծերունիների հետ գյուղամիջում նստել-զրուցելը Գրիգորի բանը չէր: Դրա համար էլ նա ուսին էր դնում բահը ու գնում էր իր ճանապարհի վրա աշխատելու: Ինչպես ինքն էր ասում՝ վիրավորված ճանապարհի վերքերը բուժելու:
Այդ ճանապարհով անցուդարձ էին անում մոտակա մի քանի գյուղերի ավտոմեքենաները: Անցորդներից շատերն էին ճանաչում Ճամփա Գրիգորին:
- Բարի օր Գրիգոր բիձիկ:
- Բարի օր Գրիգոր պապ:
Մոտենալով Գրիգորին՝ ընթացքից բարևում էին նրան ու շարունկում իրենց ճանապարհը: Իսկ Գրիգորը բարևներն առնելուց հետո բարեմաղթանքներ էր մրմնջում.
- Ասսու բարին քեզ հետ: Բարով էրթաք, բարով գաք…
Բոլոր անցորդներին ճանաչեր-չճանաչեր նույն բարեմաղթանքներն էր անում ու ինքն իրեն հարց էր տալիս, ինքն իրեն պատասխանում.
- Ո՞վ էր բարևողը… Ով էլ լինի, թող բարով էրթա, բարով ետ դառնա: Աստված ջան, թող մի օր էլ իմ Արսենը ետ գա էս ճամփով, տեսնեմ իրեն ու էս ճամփի վրա էլ հոգիս տամ,- խոսում էր ինքն իրեն Ճամփա Գրիգորը, կրնում իր ասածը, կրկնում մտքում, կրկնում շշուկով, մինչև որ մեկ ուրիշ անցորդ նրան բարևեր, ինքը պատասխաներ ու նորից ընկներ մտքերի ծովը:
Վերջին տարիներին աչքերը վատ էին տեսնում, ճանապարհից անցնող-դարձողներին լավ չէր ճանաչում, բայց դեպի գյուղ եկող ավտոմեքենաներին շտկված էր դիմավորում, որ մեքենայի մեջ նստածներն իրեն տեսնեին, նրանց մեջ թե Արսենը լիներ, ճանաչեր պապին՝ գիշեր-ցերեկ նրա գալու ճանապարհը նորոգող Գրիգորին:
Արսենի կամավոր գրվելուց հետո ամեն առավոտ այդ հույսը փայփայելով էր գնում գործի: Ամեն անգամ դեպի գյուղ եկող ավտոմեքենաների հռնդյունի հետ առկայծում ու հանգչում էր այդ հույսի թուլացող շողքը, որը վերջնականապես հանգավ այսօր առավոտյան…
***
… Այդ գիշեր տանկեր էին անցել ճանապարհով: Անցել ու իրենց ծանր թրթուրներով փորփրել էին առանց այն էլ մաշված ու քանդված ճանապարհը: Ամեն օր լսվում էր տանկերի ձայնը գյուղի վերևի սարերի ետևից, բայց տանկերն էս կողմերում չէին երևացել: Տանկերն էկել էին արտերի եզրով, հետո հադիպելով մացառուտներին, կտրել-անցել էին ճանապարհը ու քանդել-պոկոտել ասֆալտի մնացած պատառիկները: Գրիգորը կանգնել էր շվարած, նայում էր ճանապարհի վիրավորված հատվածին:
Արևն արդեն բարձրացել, հեռացել էր սարերից ու հիմա այրում էր ամբողջ ուժով: Գրիգորը ձեռքի բահը ցած դրեց, ափով մաքրեց քրտնած ճակատն ու նստեց ճանապարհի եզրին: Գլուխը մի պահ բարձրացրեց ու տեսավ դիմացը կանգնած մեքենան: Հարևան գյուղի Անուշավանն էր.
- Բարի օր, Գրիգոր բիձիկ, տեսնո՞ւմ ես տանկերը ոնց են ասֆալտիդ հերն անիծել… Չծխե՞նք, Գրիգոր բիձիկ,- Անուշավանը մեքենայի պատուհանից սիգարետի տուփը երկարացրեց դեպի Գրիգորը:
Ճամփա Գրիգորը չպատասխանեց:
- Բանակում ես էլ եմ տանկիստ էղել,- շարունակեց Անուշավանը,- ծանր տանկ էի քշում՝ 40 տոննանոց… Սրանք էլ երևի ծանր տանկեր են էղել, տե՛ս, ոնց են փորել հողը… սրանց համար սար-քար մեկ է, կտորեն կանցնեն: Բայց տես, է, ռիսկ չեն արել մացառուտները մտնել, ելել են ճանապարհը քանդելով անցել… պատկերացնո՞ւմ ես, Գրիգոր բիձիկ, էս տանկերը որ մարդու վրայով անցնեն, ի՞նչ կանեն…
- Լավ չեն արել,- քթի տակ դժգոհեց Գրիգորը, - Անուշավան ջան քաղա՞ք ես գնում,- ու չսպասելով պատասխանի շարունակեց,- բարով էրթաս, բարով գաս…
Մեքենան ցատկոտելով անցավ վիրավորված ճանապարհի վրայով:
Գրիգորը ելավ տեղից: Փորձեց մի փոքր կոկել ճանապարհի քանդված մասերը, ոչինչ չստացվեց: Ձեռքի բահը կարծես ամեն օրվանը չէր՝ մի քանի անգամ ծանրացած էր: Որոշեց ետ գնալ տուն: Չնայած նա «իր ճամփի» կեսն էլ դեռ չէր անցել, բայց տուն գնալը սարսափելի դժվար թված: Ոտքերը ծալվում էին, չէին ուզում ենթարկվել, ծնկները դողում էին: Մի կերպ հասավ տուն ու պառկեց անկողնում…
***
… Այն ժամանակ երբ Արսենի մահվան լուրն իմացավ, հենց այդպես ծնկները դողալ սկսեցին, բերանի թուքը դառնացավ: Հազիվ հասավ տուն ու շաբաթներով պառկեց անկողնում: Ե՞րբ էր դա, տարվա ո՞ր եղանակը՝ չէր կարողանում հիշել: Պարզապես չէր ուզում միտքը կենտրոնացնել, ճիգ թափել: Այն ժամանակ մի քիչ հույս կար, իսկ հիմա գիտեր, որ Արսենը չկա…
Հետո, երբ փոքր-ինչ ապաքինվեց, գնաց հարևան գյուղ՝ թոռան հետ ծառայած երիտասարդի մոտ, իմանալու, թե դեպքն ինչպե՞ս է եղել: Գուցե լուրը սխա՞լ է: Թշնամու տանկի տակ ընկնողն իր թոռը չի եղել…
Տունը փնտրելու, հարցուփորձ անելու հարկ չէղավ: Ճամփա Գրիգորը վաղուց գիտեր բանակից վերադարձածի և՛ տունը, և՛ ծնողներին ու պապ ու տատին, որոնք սրտաբաց ընդունեցին նրան ու ներս տարան: Մի քանի ընդհանուր խոսքեր փոխանակելուց հետո լուռ նստել էին: Գրիգորը չէր համարձակվում խոսք բացել Արսենի մասին: Իսկ երբ հարցրեց, պատերազմից վերադարձածն էլ միանգամից չպատասխանեց: Նա խոր հոգոց հանեց, հետո մի տեսակ տնքալով մաքրեց կոկորդ ու կցկտուր ասաց.
- Ի՞նչ ասեմ, Գրիգոր պապ… երբ թշնամին տանկերով հարձակվեց մեր դիրքերի վրա, հրաման էղավ նահանջել դեպի անտառ: Ովքեր անտառին մոտ էին՝ փրկվեցին: Արսենը նախորդ օրը ոտքից վիրավորվել է… նրա հետևից էկող տանկը…
Էստեղ լռեց երիտասարդը, իսկ նրա հայրը շտապեց Գրիգորին հույս տալ.
- Գրիգոր բիձիկ, հույսդ մի կտրի: Կարող է վիրավորվել է, գերի է ընկել… ախր էս անգութ պատերազմում ինչ ասես, որ չի լինում: Քի՞չ է պատահել, որ լուր է եկել, թե մարդը զոհվել է, բայց պարզվել է գերի է ընկել: Հիմա ամեն օր գերիներ են փոխանակում: Սիրտդ լեն պահի…
Հետո շատերն էին հուսադրել, ու Գրգորը հավատացել էր, սպասել…
***
… Հիմա, երբ թուլացած պառկել էր անկողնում, բոլորովին անմիտ էին թվում այն ժամանակվա հուսադրող խոսքերը, որոնց ապավինել ու ապրել էր Գրիգորն այսքան ժամանակ: Փորձում էր հիշել մարդկանց ասած հուսադրող խոսքերը, բայց չէր կարողանում՝ մտքերը խառնվում էին: Նրա հանգչող գիտակցության մեջ շիկացած երկաթի նման այրում էին երիտասարդի խոսքերը. «Ի՞նչ ասեմ, Գրիգոր պապ… երբ թշնամին տանկերով հարձակվեց մեր դիրքերի վրա, հրաման էղավ նահանջել դեպի անտառ: Ովքեր անտառին մոտ էին՝ փրկվեցին: Արսենը նախորդ օրը ոտքից վիրավորվել է… նրա հետևից էկող տանկը… »: Սրան հաջորդում էր Անուշավանի այսօրվա ասածը. « Պատկերացնո՞ւմ ես, Գրիգոր բիձիկ, էս տանկերը որ մարդու վրայով անցնեն, ի՞նչ կանեն…»:
Իսկ փակ աչքերի առջև տանկերից վիրավորված ճանապարհն էր, որ սև ծխի նման ոլոր-մոլոր բարձրանում էր սարերն ի վեր, մոտենում երկնքին, ձուլվում նրա կապույտին:
Հետո սև ծխի նման երկար ճանապարհը լայնացա՜վ, ընդարձակվեց ու ծածկեց կապույտ երկինքը…
Էջանիշներ