Խելառը
Հորաքույրս գյուղում է ապրում: Շատ է լինում, մանավանդ ամռանը, որ գնում եմ իրենց գյուղ և մի քանի օր մնում:
Էսօր հորաքրոջս աղջկա հետ հեռախոսով խոսում եմ, ասում է.
_Էն քո խելառը մեռավ...
_Վա՜յ...
_Ի՞նչ մի դարդ ես անում խելառի համար...
Սրանից երկու տարի առաջ էր: Գյուղում էի: Հորաքրոջս աղջկա հետ առվի մոտ նստած բամբասում էինք, երբ մի ծեր մարդ, կամաց մոտեցավ մեզ: Շորերը թափթփված էին, ճերմակ մազերը ու ճերմակ մորուքը անսովոր երկար, ինքը կեղտոտ...Խղճալի տեսք ուներ: Դժվար էր նայել նրան: Բայց ամենաանսովորը աչքերն էին: Վիշտը, թախիծը, անորոշությունը և դատարկությունը միախառնված էին նրա աչքերի մեջ: Նման աչքեր երբեք չէի տեսել: Չխղճալ չէր լինի:
_Մի պատմություն պատմե՞մ,-շատ կամաց հարցրեց ու առանց պատասխան ստանալու սկսեց խոսել, - սրանից շատ տարիներ առաջ մարդիկ մարդ չէին...
_Է՜հ, դու էիր պակաս,-կողքից վրա տվեց հորաքրոջս աղջիկը ու դարձավ ինձ,-ի՞նչ ես նստել...գնում ենք տուն: Ի՞նչ ես էդպես նայում...մեր գյուղի խելառն է:
Իսկ խելառը կարծես ոչինչ չէր լսում և շարունակում էր խոսել.
_Մարդիկ էդ ժամանակ ծառներ էին՝ մեծ, հսկա, փարթամ... Տարվա չորս եղանակին էդպես էին...չէին փոխվում. չկար ո՛չ աշուն, ո՛չ ձմեռ, կար միայն գարուն և ամառ...
Հորաքրոջս աղջիկը համարյա ինձ քաշում էր, բայց ես չէի ուզում տեղիցս շարժվել. ուզում էի լսել խելառին, ուզում էի նայել նրա աչքերին : Տարօրինակ է, չէ՞:
Ի վերջո, հորաքրոջս աղջկա ասածներին տեղի տվեցի ու սկսեցի հետը քայլել դեպի տուն: Գնալուց մի քանի անգամ հետ նայեցի, խելառը կանգնել էր, ու ինքն իր հետ էր խոսում: Երևի նրա մթագնած ուղեղը պատկերացնում էր, թե մենք դեռ առվի մոտ լսում ենք իրեն:
_Սաղ գյուղը դրան շան տեղ չի դնում, բայց դու՞...էնպես նայեցիր էդ խելառին, լացս եկավ,-հորաքրոջս աղջիկն ասեց:
Մի վարկյանում ատեցի ամբողջ աշխարհը: Ատեցի նաև հորաքրոջս աղջկան, իրենց գյուղը...Մի՞թե խելառը մարդ չէ, մի՞թե այն ժամանակ է մարդ եղել, երբ ուղեղը մթագնած չի եղել: Իսկ ինչքան հանցագործներ կան, ովքեր խելագար չեն...նրանց կարելի՞ է ասել՝ մարդ են, իսկ խելագարի՞ն: Իսկ խելագարին «սաղ գյուղը շան տեղ չի դնում»:
Հետաքրքրվեցի ու իմացա, որ այդ խելառը` Արտակ Մարտիրոսյանը, գյուղի դպրոցի տնօրենն էր եղել, որին մի ժամանակ բոլորը հարգում ու սիրում էին: Մի որդի էր ունեցել, ով բազմազավակ ընտանիքով ապրել էր Գյումրիում, իսկ ինքը՝ կնոջ հետ գյուղում: Որդին (ընտանիքի հետ) երկրաշարժին զոհ էր գնացել: Վիշտը ծանր էր եղել. Արտակի կինը մեռել էր վշտից, իսկ Արտակը՝ կորցրել առողջ բանականությունը:
Երբ իմացա, որ մահացել է, անընդհատ փորձում եմ պատկերացնել, թե ինչպե՞ս են թաղելու: Մերժված մարդու դագաղի հետևից ովքե՞ր են գնալու:
Էջանիշներ