Ես փոքր աղջիկն եմ` օպելի հետևի պատուհանին կպած, որ դուրսա նայում քանդված ճանապարհով թռչող մեքենայից` հետևից եկող ավտոյին, ծառերին, որ Շեկոյից արագ են վազում: Շեկոն իմ շուննա, որ լուռ հաչում էր օպելի հետևից, երբ պապան բանալին մտցրեց մեջը, ու գնացինք: Ես չեմ սիրում մեր ավտոյի խեղդող օդը, որտեղ իրար հետ չեն խոսում մարդիկ: Ինձ դուրսնա հետաքրքրում: Ուզում եմ դուրս գալ ու վազել էն տկլոր սարի մոտ, որ մյուս կողմից կտրել են ոսկի գտնելու համար, բայց փոխարենը ազատություն են գտել: Հետո էտ ազատության վրա էլի հող են լցրել, որ ոչ ոք չգտնի ու էլի գնացել ոսկու գործով: Ես ուզում եմ դուրս գալ էս սուզանավից, որին պապան երկու հազար դոլարա տվել ու բերել Վրաստանից: Ես չեմ ուզում գազանանոց գնալ: Իսկ եթե գնամ, ուրեմն սարի տակ թաքնված ազատությունը կհանեմ, կլցնեմ գրպաններիս մեջ, որ կարմիր տուտուզով կապիկներին տամ, դեղին օձին, վարդագույն փղին կոնֆետի վրայի, որին ոչ մի անգամ չեմ կարողանում տեսնել: Իմ գրպանները մեծ են, բոլորին կհերիքի: Շեկոյին էլ կտամ, պապային էլ, մեր հարևան Ծովիկին էլ, որին մարդն ամեն օր ծեծումա: Ես փոքր աղջիկն եմ օպելի հետևի պատուհանին կպած ու ձեր գազելը մեզ չի հասնում:
Էջանիշներ