Լույսը չի բացվի
Արթուր Կլարկ
- Ահավոր է,- ասաց Գերագույն Գիտնականը:- Մենք գոնե ինչ-որ բան կարո՞ղ ենք անել:
- Իհարկե, ձերդ գիտնականություն, բայց դա շատ դժվար գործ է: Մեր մոլորակներն իրարից ավելի քան հինգ հարյուր լուսատարի հեռու են, ու կապ հաստատելը շատ բարդ բան է: Այնուամենայնիվ՝ մենք կարծում ենք, որ կկարողանանք կապի կամուրջ գցել: Բայց մեր ամենամեծ խնդիրը, ցավոք սրտի, հեռավորությունը չէ: Մեզ մինչև հիմա չի հաջողվում հաղորդակցվել այդ էակների հետ: Նրանց հեռազգայական ունակությունները ծայրահեղ թերզարգացած են. կարելի է ասել՝ նրանք ընդհանրապես զուրկ են որևէ հեռազգացողությունից: Ու եթե հենց հիմա չկարողանանք հետները խոսել, օգնել էլ չենք կարողանա:
Տիրեց երկար մտավոր լռություն, մինչ Գերագույն Գիտնականը վերլուծում էր իրավիճակը: Ինչպես միշտ՝ նա գտավ ճիշտ լուծումը:
- Ցանկացած բանական ռասսայում պիտի հեռազգայական ունակություններ ունեցող գոնե մի քանի անհատներ լինեն,- ասաց նա:- Մենք պետք է հարյուրավոր դիտորդներ ուղարկենք, ովքեր կփորձեն մտածողության գոնե ինչ-որ նշույլ որսալ: Երբ գոնե մեկ բաց միտք գտնեք, ձեր բոլոր ուժերը կենտրոնացրեք դրա վրա: Մենք պարտավոր ենք տեղ հասցնել մեր ուղերձը:
- Շատ լավ, ձերդ գիտնականություն: Հենց հիմա կսկսենք:
Եվ այն ահռելի անդունդի միջով, որ նույնիսկ լույսն է կես հազարամյակում կտրում-անցնում, Թաար մոլորակի բնակիչներն ուղարկեցին իրենց մտքի ճառագայթները՝ փորձելով գտնել գոնե մեկ մարդկային էակի, որը կընկալեր իրենց ներկայությունը: Եվ, բարեբախտաբար, նրանք գտան Ուիլիամ Քրոսսին:
Ավելի ճիշտ՝ թաարցիները սկզբում կարծեցին, թե իրենց բախտը բերել է, չնայած վերջում արդեն այդքան էլ համոզված չէին: Բայց, ամեն դեպքում, նրանք մեծ ընտրություն չունեին: Բիլլի միտքը նրանց առջև բացող հանգամանքների ամբողջությունն ընդամենը մի քանի վայրկյան տևողություն ուներ, ու ծայրահեղ անհավանական էր, որ տեսանելի ապագայում ամեն ինչ երբևէ նորից նույն կերպ կդասավորվի:
Հրաշքը կազմված էր երեք բաղկացուցիչ մասերից, ու դժվար է ասել, թե դրանցից որ մեկն էր ավելի կարևոր: Առաջինը պայմանավորված էր Բիլլի դիրքով: Ջրով լի շիշը արևի լույսի տակ երբեմն կարող է մի տեսակ ոսպնյակ դառնալ՝ լույսի ճառագայթները կենտրոնացնելով մի փոքրիկ կետի վրա: Եթե այս երևույթը դիտարկենք անհամեմատ ավելի մեծ մասշտաբով, կտեսնենք, որ այդ պահին Երկրի միջուկը նույն կերպ բեկում էր Թաարից եկող ալիքները: Առհասարակ՝ նյութը բնավ չի խոչնդոտում մտքի ճառագայթների ընթացքը. դրանք նույնքան հեշտությամբ են անցնում ցանկացած առարկայի միջով, ինչքան լույսը՝ ապակու: Սակայն, ճիշտն ասած, մոլորակի մեջ իրոք չափազանց շատ նյութ կա, ու ամբողջ Երկիրն այդ պահին վերածվել էր մի մեծ ոսպնյակի: Ինչպես հետո պարզվեց՝ Բիլլը նույնպես պատահաբար հայտնվել էր ճառագայթների այդ կիզակետում, որտեղ Թաարից եկող թույլ ազդակները հարյուրապատիկ ավելի ուժեղացած էին:
Անշուշտ՝ կիզակետում Բիլլից բացի միլիոնավոր ուրիշ մարդիկ էլ կային, բայց նրանք ոչ մի բան չընկալեցին: Պատճառն այն էր, որ մյուսներից և ոչ ոք հրթիռային ինժեներ չէր, ով տարիներ ի վեր այնքան էր մտածել ու երազել տիեզերքի մասին, մինչև տիեզերքը դարձել էր իր կյանքի անբաժան մի մասը:
Եվ, իհարկե, նրանցից և ոչ ոք այդ պահին այնքան անհույս հարբած չէր, ինչքան Բիլլը, ով հենց այդ ժամանակ մի կերպ ճոճվում էր գիտակցության վերջին սահմանագծի վրա՝ փորձելով իրականությունից փախչել դեպի երազների աշխարհը, որտեղ ո՛չ հուսախաբություններ կան, ո՛չ էլ անհաջողություններ:
Բնականաբար՝ Բիլլը կարող էր հասկանալ զինվորականների տեսանկյունը: «Դոկտոր Քրոսս, մենք ձեզ փող ենք տալիս, որ դուք ռազմական հրթիռներ նախագծեք, ոչ թե ինչ-որ տիեզերանավեր,- ափերից հորդող եռանդով ընդգծել էր գեներալ Փոթթերը:- Ձեր ազատ ժամանակ ինչով ուզում եք՝ զբաղվեք, ձեր գործն է, բայց ստիպված եմ խնդրել, որ մեր հաստատության սարքավորումներն այլևս չօգտագործեք ձեր անձնական հոբբիների համար: Սրանից հետո համակարգչային բաժին ուղարկվող բոլոր նախագծերը պետք է նախապես ստանան իմ թույլտվությունը: Վերջ, ազատ եք»:
Նրանք, անշուշտ, չէին կարող Բիլլին գործից հեռացնել. նա չափազանց կարևոր մարդ էր: Բայց նա ինքը վստահ չէր, որ ուզում է մնալ: Բիլլն արդեն ընդհանրապես ոչ մի բանի վրա վստահ չէր՝ բացի նրանից, որ աշխատանքն իրեն արդեն վերջնականապես զզվեցրել է, ու որ Բրենդան ի վերջո իսկապես լքել է իրեն ու գնացել է Ջոննի Գարդների մոտ (եթե իրադարձությունները դասավորենք ըստ կարևորության):
Մի թեթև օրորվելով՝ Բիլլը դունչը հենեց ձեռքերին ու դատարկ հայացքը հառեց սեղանի դիմացի սպիտակ պատին: Աշխատասենյակը զարդարելու հատուկենտ փորձերն ի վերջո եզրափակվել էին «Լոկհիդի» մի օրացույցով ու վեցը ութի վրա մի լուսանկարով, որի վրա «Մարկ I» ռեակտիվ կործանիչը բոլոր հրթիռները միացրած սլանում էր դեպի երկինք: Բիլլը բութ հայացքն ուղղեց երկու նկարների արանքի սպիտակ դատարկությանն ու գլուխն ազատեց բոլոր մտքերից: Եվ պատնեշներն ընկան...
Հենց նույն պահին Թաարի վրայի կենտրոնացած բանականությունները մտովի հաղթական ճիչ արձակեցին, ու Բիլլի դիմացի պատը սկսեց դանդաղ տարրալուծվել՝ վերածվելով թափանցիկ մշուշի: Նրան թվաց, թե նայում է դեպի անվերջություն ձգվող ինչ-որ թունելի մեջ: Ըստ էության՝ նա այնքան էլ հեռու չէր ճշմարտությունից:
Բիլլը թույլ հետաքրքրությամբ հետևում էր դեպքերի ընթացքին: Այդ ամենի մեջ, իհարկե, ինչ-որ նորություն կար, բայց հալվող պատը չափազանց չնչին երևույթ էր՝ իր նախորդ հալյուցինացիաների հետ համեմատվելու համար: Իսկ երբ թունելի մյուս ծայրից եկող ձայնը սկսեց խոսել նրա հետ, Բիլլը թողեց, որ այն մի որոշ ժամանակ ինքն իրեն մրթմրթա, ու հետո նոր որոշեց ուշադրություն դարձնել: Նույնիսկ ծայրահեղ հարբած ժամանակ Բիլլը շարունակում էր հավատալ այն հին համոզմունքին, որ ինքդ քեզ հետ խոսելը վատ նշան է:
- Բիլլ,- ասաց ձայնը,- ուշադիր լսիր: Մենք շատ մեծ դժվարությամբ ենք կարողացել քեզ հետ կապվել, ու այն, ինչ հիմա կասենք, չափազանց կարևոր է:
Բիլլը սկզբունքորեն կասկածի տակ առավ լսածը: Նրա համար այլևս ոչ մի բան չէր կարող կարևոր լինել:
- Մենք խոսում ենք քեզ հետ մի շատ հեռավոր մոլորակից,- բարեկամական, բայց անհանգիստ տոնով շարունակեց ձայնը:- Դու միակ մարդկային էակն ես, ում հետ մեզ հաջողվել է կապ հաստատել, այդ իսկ պատճառով էլ դու պարտավոր ես լսել ու հասկանալ այն, ինչ մենք քեզ կասենք:
Ի պատիվ իրեն՝ Բիլլն ինչ-որ թեթև տագնապ զգաց, չնայած՝ բավականին վերացական կերպով, որովհետև նրա համար հիմա դժվար էր կենտրոնանալ նույնիսկ իր սեփական խնդիրների վրա: Հետաքրքիր է՝ շա՞տ է բանը բանից անցել, եթե արդեն ձայներ ես լսում: Դե լավ, երևի չարժի շատ կենտրոնանալ: Քո գործն է, դոկտոր Քրոսս, ասաց նա ինքն իրեն. ուզում ես՝ լսիր, չես ուզում՝ մի լսիր: Արի փորձենք լսենք, քանի դեռ այս նոր ձայնը չի սկսել համը հանել:
- Դե լավ,- անտարբեր պատասխանեց նա,- ուզում եք խոսել՝ խոսեք, ինչ ասեմ: Եթե հետաքրքիր լինի, կարող է նույնիսկ մինչև վերջ լսեմ:
Մի պահ լռություն տիրեց: Հետո ձայնը նորից սկսեց խոսել՝ այս անգամ մի քիչ ավելի անհանգստացած տոնով.
- Մենք ձեզ ճի՞շտ հասկացանք: Մեր ուղերձը պարզապես հետաքրքիր չէ: Այն կենսական կարևորություն ունի ձեր ամբողջ ռասսայի համար, և դուք պետք է անհապաղ տեղյակ պահեք ձեր կառավարությանը:
- Ես դեռ սպասում եմ,- ասաց Բիլլը:- Դուք օգնում եք ժամանակ սպանել:
Հինգ հարյուր լուսատարի այն կողմ թաարցիները հապճեպ խորհրդակցում էին միմյանց հետ: Ինչ-որ բան հաստատ սխալ էր, բայց թե ինչ՝ ոչ ոք չէին կարողանում հասկանալ: Կասկած չկար, որ հաջողվել էր կապ հաստատել, բայց նրանք լրիվ ուրիշ բան էին ակնկալում: Ամեն դեպքում՝ թաարցիներին մնում էր միայն շարունակել նույն կերպ ու հուսալ լավագույնը:
Թարգմանիչ՝ Հայկ Ֆելեքյան
Էջանիշներ