User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: «Լույսը չի բացվի». Արթուր Կլարկ

  1. #1
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Լույսը չի բացվի». Արթուր Կլարկ

    Լույսը չի բացվի

    Արթուր Կլարկ


    - Ահավոր է,- ասաց Գերագույն Գիտնականը:- Մենք գոնե ինչ-որ բան կարո՞ղ ենք անել:

    - Իհարկե, ձերդ գիտնականություն, բայց դա շատ դժվար գործ է: Մեր մոլորակներն իրարից ավելի քան հինգ հարյուր լուսատարի հեռու են, ու կապ հաստատելը շատ բարդ բան է: Այնուամենայնիվ՝ մենք կարծում ենք, որ կկարողանանք կապի կամուրջ գցել: Բայց մեր ամենամեծ խնդիրը, ցավոք սրտի, հեռավորությունը չէ: Մեզ մինչև հիմա չի հաջողվում հաղորդակցվել այդ էակների հետ: Նրանց հեռազգայական ունակությունները ծայրահեղ թերզարգացած են. կարելի է ասել՝ նրանք ընդհանրապես զուրկ են որևէ հեռազգացողությունից: Ու եթե հենց հիմա չկարողանանք հետները խոսել, օգնել էլ չենք կարողանա:

    Տիրեց երկար մտավոր լռություն, մինչ Գերագույն Գիտնականը վերլուծում էր իրավիճակը: Ինչպես միշտ՝ նա գտավ ճիշտ լուծումը:

    - Ցանկացած բանական ռասսայում պիտի հեռազգայական ունակություններ ունեցող գոնե մի քանի անհատներ լինեն,- ասաց նա:- Մենք պետք է հարյուրավոր դիտորդներ ուղարկենք, ովքեր կփորձեն մտածողության գոնե ինչ-որ նշույլ որսալ: Երբ գոնե մեկ բաց միտք գտնեք, ձեր բոլոր ուժերը կենտրոնացրեք դրա վրա: Մենք պարտավոր ենք տեղ հասցնել մեր ուղերձը:

    - Շատ լավ, ձերդ գիտնականություն: Հենց հիմա կսկսենք:

    Եվ այն ահռելի անդունդի միջով, որ նույնիսկ լույսն է կես հազարամյակում կտրում-անցնում, Թաար մոլորակի բնակիչներն ուղարկեցին իրենց մտքի ճառագայթները՝ փորձելով գտնել գոնե մեկ մարդկային էակի, որը կընկալեր իրենց ներկայությունը: Եվ, բարեբախտաբար, նրանք գտան Ուիլիամ Քրոսսին:

    Ավելի ճիշտ՝ թաարցիները սկզբում կարծեցին, թե իրենց բախտը բերել է, չնայած վերջում արդեն այդքան էլ համոզված չէին: Բայց, ամեն դեպքում, նրանք մեծ ընտրություն չունեին: Բիլլի միտքը նրանց առջև բացող հանգամանքների ամբողջությունն ընդամենը մի քանի վայրկյան տևողություն ուներ, ու ծայրահեղ անհավանական էր, որ տեսանելի ապագայում ամեն ինչ երբևէ նորից նույն կերպ կդասավորվի:

    Հրաշքը կազմված էր երեք բաղկացուցիչ մասերից, ու դժվար է ասել, թե դրանցից որ մեկն էր ավելի կարևոր: Առաջինը պայմանավորված էր Բիլլի դիրքով: Ջրով լի շիշը արևի լույսի տակ երբեմն կարող է մի տեսակ ոսպնյակ դառնալ՝ լույսի ճառագայթները կենտրոնացնելով մի փոքրիկ կետի վրա: Եթե այս երևույթը դիտարկենք անհամեմատ ավելի մեծ մասշտաբով, կտեսնենք, որ այդ պահին Երկրի միջուկը նույն կերպ բեկում էր Թաարից եկող ալիքները: Առհասարակ՝ նյութը բնավ չի խոչնդոտում մտքի ճառագայթների ընթացքը. դրանք նույնքան հեշտությամբ են անցնում ցանկացած առարկայի միջով, ինչքան լույսը՝ ապակու: Սակայն, ճիշտն ասած, մոլորակի մեջ իրոք չափազանց շատ նյութ կա, ու ամբողջ Երկիրն այդ պահին վերածվել էր մի մեծ ոսպնյակի: Ինչպես հետո պարզվեց՝ Բիլլը նույնպես պատահաբար հայտնվել էր ճառագայթների այդ կիզակետում, որտեղ Թաարից եկող թույլ ազդակները հարյուրապատիկ ավելի ուժեղացած էին:

    Անշուշտ՝ կիզակետում Բիլլից բացի միլիոնավոր ուրիշ մարդիկ էլ կային, բայց նրանք ոչ մի բան չընկալեցին: Պատճառն այն էր, որ մյուսներից և ոչ ոք հրթիռային ինժեներ չէր, ով տարիներ ի վեր այնքան էր մտածել ու երազել տիեզերքի մասին, մինչև տիեզերքը դարձել էր իր կյանքի անբաժան մի մասը:

    Եվ, իհարկե, նրանցից և ոչ ոք այդ պահին այնքան անհույս հարբած չէր, ինչքան Բիլլը, ով հենց այդ ժամանակ մի կերպ ճոճվում էր գիտակցության վերջին սահմանագծի վրա՝ փորձելով իրականությունից փախչել դեպի երազների աշխարհը, որտեղ ո՛չ հուսախաբություններ կան, ո՛չ էլ անհաջողություններ:

    Բնականաբար՝ Բիլլը կարող էր հասկանալ զինվորականների տեսանկյունը: «Դոկտոր Քրոսս, մենք ձեզ փող ենք տալիս, որ դուք ռազմական հրթիռներ նախագծեք, ոչ թե ինչ-որ տիեզերանավեր,- ափերից հորդող եռանդով ընդգծել էր գեներալ Փոթթերը:- Ձեր ազատ ժամանակ ինչով ուզում եք՝ զբաղվեք, ձեր գործն է, բայց ստիպված եմ խնդրել, որ մեր հաստատության սարքավորումներն այլևս չօգտագործեք ձեր անձնական հոբբիների համար: Սրանից հետո համակարգչային բաժին ուղարկվող բոլոր նախագծերը պետք է նախապես ստանան իմ թույլտվությունը: Վերջ, ազատ եք»:

    Նրանք, անշուշտ, չէին կարող Բիլլին գործից հեռացնել. նա չափազանց կարևոր մարդ էր: Բայց նա ինքը վստահ չէր, որ ուզում է մնալ: Բիլլն արդեն ընդհանրապես ոչ մի բանի վրա վստահ չէր՝ բացի նրանից, որ աշխատանքն իրեն արդեն վերջնականապես զզվեցրել է, ու որ Բրենդան ի վերջո իսկապես լքել է իրեն ու գնացել է Ջոննի Գարդների մոտ (եթե իրադարձությունները դասավորենք ըստ կարևորության):

    Մի թեթև օրորվելով՝ Բիլլը դունչը հենեց ձեռքերին ու դատարկ հայացքը հառեց սեղանի դիմացի սպիտակ պատին: Աշխատասենյակը զարդարելու հատուկենտ փորձերն ի վերջո եզրափակվել էին «Լոկհիդի» մի օրացույցով ու վեցը ութի վրա մի լուսանկարով, որի վրա «Մարկ I» ռեակտիվ կործանիչը բոլոր հրթիռները միացրած սլանում էր դեպի երկինք: Բիլլը բութ հայացքն ուղղեց երկու նկարների արանքի սպիտակ դատարկությանն ու գլուխն ազատեց բոլոր մտքերից: Եվ պատնեշներն ընկան...

    Հենց նույն պահին Թաարի վրայի կենտրոնացած բանականությունները մտովի հաղթական ճիչ արձակեցին, ու Բիլլի դիմացի պատը սկսեց դանդաղ տարրալուծվել՝ վերածվելով թափանցիկ մշուշի: Նրան թվաց, թե նայում է դեպի անվերջություն ձգվող ինչ-որ թունելի մեջ: Ըստ էության՝ նա այնքան էլ հեռու չէր ճշմարտությունից:

    Բիլլը թույլ հետաքրքրությամբ հետևում էր դեպքերի ընթացքին: Այդ ամենի մեջ, իհարկե, ինչ-որ նորություն կար, բայց հալվող պատը չափազանց չնչին երևույթ էր՝ իր նախորդ հալյուցինացիաների հետ համեմատվելու համար: Իսկ երբ թունելի մյուս ծայրից եկող ձայնը սկսեց խոսել նրա հետ, Բիլլը թողեց, որ այն մի որոշ ժամանակ ինքն իրեն մրթմրթա, ու հետո նոր որոշեց ուշադրություն դարձնել: Նույնիսկ ծայրահեղ հարբած ժամանակ Բիլլը շարունակում էր հավատալ այն հին համոզմունքին, որ ինքդ քեզ հետ խոսելը վատ նշան է:

    - Բիլլ,- ասաց ձայնը,- ուշադիր լսիր: Մենք շատ մեծ դժվարությամբ ենք կարողացել քեզ հետ կապվել, ու այն, ինչ հիմա կասենք, չափազանց կարևոր է:

    Բիլլը սկզբունքորեն կասկածի տակ առավ լսածը: Նրա համար այլևս ոչ մի բան չէր կարող կարևոր լինել:

    - Մենք խոսում ենք քեզ հետ մի շատ հեռավոր մոլորակից,- բարեկամական, բայց անհանգիստ տոնով շարունակեց ձայնը:- Դու միակ մարդկային էակն ես, ում հետ մեզ հաջողվել է կապ հաստատել, այդ իսկ պատճառով էլ դու պարտավոր ես լսել ու հասկանալ այն, ինչ մենք քեզ կասենք:

    Ի պատիվ իրեն՝ Բիլլն ինչ-որ թեթև տագնապ զգաց, չնայած՝ բավականին վերացական կերպով, որովհետև նրա համար հիմա դժվար էր կենտրոնանալ նույնիսկ իր սեփական խնդիրների վրա: Հետաքրքիր է՝ շա՞տ է բանը բանից անցել, եթե արդեն ձայներ ես լսում: Դե լավ, երևի չարժի շատ կենտրոնանալ: Քո գործն է, դոկտոր Քրոսս, ասաց նա ինքն իրեն. ուզում ես՝ լսիր, չես ուզում՝ մի լսիր: Արի փորձենք լսենք, քանի դեռ այս նոր ձայնը չի սկսել համը հանել:

    - Դե լավ,- անտարբեր պատասխանեց նա,- ուզում եք խոսել՝ խոսեք, ինչ ասեմ: Եթե հետաքրքիր լինի, կարող է նույնիսկ մինչև վերջ լսեմ:

    Մի պահ լռություն տիրեց: Հետո ձայնը նորից սկսեց խոսել՝ այս անգամ մի քիչ ավելի անհանգստացած տոնով.

    - Մենք ձեզ ճի՞շտ հասկացանք: Մեր ուղերձը պարզապես հետաքրքիր չէ: Այն կենսական կարևորություն ունի ձեր ամբողջ ռասսայի համար, և դուք պետք է անհապաղ տեղյակ պահեք ձեր կառավարությանը:

    - Ես դեռ սպասում եմ,- ասաց Բիլլը:- Դուք օգնում եք ժամանակ սպանել:

    Հինգ հարյուր լուսատարի այն կողմ թաարցիները հապճեպ խորհրդակցում էին միմյանց հետ: Ինչ-որ բան հաստատ սխալ էր, բայց թե ինչ՝ ոչ ոք չէին կարողանում հասկանալ: Կասկած չկար, որ հաջողվել էր կապ հաստատել, բայց նրանք լրիվ ուրիշ բան էին ակնկալում: Ամեն դեպքում՝ թաարցիներին մնում էր միայն շարունակել նույն կերպ ու հուսալ լավագույնը:


    Թարգմանիչ՝ Հայկ Ֆելեքյան
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.10.2013), ivy (18.10.2013), Jarre (18.10.2013), unknown (21.09.2014), Vardik! (18.10.2013), Արամ (18.10.2013), Նաիրուհի (23.10.2013), Տրիբուն (18.10.2013)

  3. #2
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Լսիր, Բիլլ,- շարունակեցին նրանք:- Մեր գիտնականները հենց նոր պարզել են, որ ձեր արևը շուտով պայթելու է: Դա տեղի է ունենալու երեք օր հետո: Յոթանասունչորս ժամից, եթե ավելի ճիշտ ասենք: Պայթյունը ոչ մի կերպ չի կարելի կանխել: Բայց անհանգստանալու կարիք չկա. մենք կարող ենք փրկել ձեզ, եթե անեք այն, ինչ կասենք:

    - Ասեք, լսում եմ,- ասաց Բիլլը: Լավ էլ հնարամիտ հալյուցիանցիա է, բան չես կարող ասել:

    - Մենք կարող ենք, այսպես ասած, կամուրջ ստեղծել ձեզ համար: Դա մի տեսակ թունել է տարածության միջով՝ նման այս մեկին, որի մեջ դու հիմա նայում ես: Այդ թունելների տեսությունը չափազանց դժվար է բացատրել՝ անգամ եթե փորձենք խոսել ձեր մաթեմատիկոսների հետ: Բայց...

    - Մի րոպե՜,- բողոքեց Բիլլը.- ես ինքս հենց մաթեմատիկոս եմ: Ու, ասեմ ձեզ, ահավոր լավ մաթեմատիկոս, նույնիսկ երբ սթափ եմ: Ու ես ձեր այդ թունելների մասին արդեն լիքը կարդացել եմ ամեն տեսակ գիտաֆանտաստիկ ամսագրերում: Ենթադրում եմ, որ խոսում եք տարածության ավելի բարձր չափումների միջով ինչ-որ սողանցքի մասին: Գիտեմ, ո՞նց չգիտեմ: Հին պատմություն է:

    Հստակ ապշահարության զգացումը թափանցեց Բիլլի մտքի մեջ.

    - Մենք գաղափար անգամ չունեինք, որ ձեր գիտությունն այդքան զարգացած է,- զարմացան թաարցիները:- Բայց հիմա տեսություններ քննարկելու ժամանակը չէ: Այս պահին միայն մի բան է կարևոր. եթե դու հիմա մտնես քո դիմացի անցքի մեջ, ակնթարթորեն կհայտնվես ուրիշ մոլորակի վրա: Ինչպես դու ինքդ ասացիր՝ սա իրոք սողանցք է, տվյալ դեպքում՝ երեսունյոթերորդ չափման միջով:

    - Ու դա ուր է տանում, ձեր աշխա՞րհ:

    - Օ՜ ոչ, մարդիկ այստեղ չեն կարող ապրել: Բայց տիեզերքում Երկրի նման բազմաթիվ ուրիշ մոլորակներ կան, ու մենք ձեզ համար արդեն հարմար տեղ գտել ենք: Մենք ամբողջ Երկրով մեկ բազմաթիվ այսպիսի կամուրջներ կստեղծենք, ու փրկվելու համար ձեզ կմնա միայն մտնել դրանց մեջ: Բնականաբար՝ դուք ստիպված կլինեք զրոյից նոր քաղաքակրություն կառուցել, երբ արդեն ձեր նոր տանը լինեք, բայց սա ձեր փրկության միակ հույսն է: Դու պարտավոր ես փոխանցել մեր ասածն ու մյուսներին բացատրել, թե ինչ է պետք անել:

    - Հա, արդեն պատկերացնում եմ՝ ոնց են ինձ լսելու,- ասաց Բիլլը:- Գնացեք միանգամից նախագահի հետ խոսեք, էլի:

    - Քո միտքը միակն է, որի հետ մենք կարողացել ենք կապ հաստատել: Մյուսները կարծես թե փակ են մեր առջև, չգիտես ինչու:

    - Հիմա ասել էի, թե ինչու,- պոռթկաց Բիլլը՝ նայելով դիմացի գրեթե դատարկ շշին: Չէ, հաստատ արժեր այդքան փող ծախսել: Բայց ի՜նչ հոյակապ բան է մարդկային միտքը: Չնայած, իհարկե, այդ ամբողջ երկխոսության մեջ ոչ մի նոր բան չկար. պարզ էր, թե այդ բոլոր գաղափարները որտեղից էին գալիս: Դեռ անցած շաբաթ էր, չէ՞, կարդում աշխարհի հերթական վերջի մասին, իսկ տիեզերական կամուրջների ու թունելների մասին այդ բոլոր երազանքներն ակնհայտորեն ուղղակի մխիթարություն էին մի մարդու համար, ով հինգ տարի էր կորցրել՝ պայքարելով համառ հրթիռների դեմ:

    - Բա եթե հանկարծ արևն իսկականից պայթի,- անսպասելիորեն հարցրեց Բիլլը՝ փորձելով անակնկալի բերել իր հալյուցիանցիային,- մենք ի՞նչ կլինենք:

    - Ձեր մոլորակը տեղնուտեղը կհալվի: Ու մյուսներն էլ՝ ընդհուպ մինչև Յուպիտեր:

    Բիլլը ստիպված էր ներքուստ ընդունել, որ դա իրոք հանճարեղ միտք է: Նա մտովի բոլոր կողմերից դիտարկեց այդ գաղափարը, ու ինչքան շատ էր մտածում այդ մասին, այնքան շատ էր այդ հեռանկարը դուրը գալիս:

    - Իմ շատ սիրելի հալյուցինացիա,- խղճահարությամբ լեցուն՝ նկատեց նա,- գիտե՞ս՝ ինչ կասեի, եթե քեզ հավատայի:

    - Բայց ախր դու պե՛տք է հավատաս,- լուսատարիների հեռավորությունից լսվեց մի հուսահատ ճիչ:

    Բիլլը դա բանի տեղ չդրեց. հիմա նա չափազանց զբաղված էր սեփական թեման զարգացնելով.

    - Ուրեմն լսի՛ր, թե քեզ ինչ կասեի: Դա ամենալավ բանն է, որ երբևէ կարող է տեղի ունենալ: Այո՛, որովհետև դա մեզ լիքը դժբախտություններից կազատի: Էլ ոչ ոք ստիպված չի լինի անընդհատ մտածել ռուսների, ատոմային ռումբի ու օրեցոր թանկացող կյանքի մասին: Դա մի հրաշալի բան կլինի, լսու՞մ եք: Ձեր ասածը հենց այն է, ինչ բոլորն իրականում ուզում են: Շատ շնորհակալ ենք, իհարկե, որ եկաք ու մեզ ամեն ինչ պատմեցիք, բայց հիմա ավելի լավ է փասա-փուսաներդ քաշեք տուն ու ձեր բոլոր կամուրջներն էլ հետներդ տանեք:

    Թաարի վրա խուճապ սկսվեց: Գերագույն Գիտնականի ուղեղը, որ ճյուղավորված մարջանի նման լողում էր սնուցող լուծույթով լի իր տարայում, եզրերից մի քիչ դեղնեց. նման բան վերջին անգամ տեղի էր ունեցել քսանտիլների ներխուժման ժամանակ՝ ավելի քան հինգ հազար տարի առաջ: Առնվազն տասնհինգ հոգեբաններ ընկան նյարդային ցնցումների մեջ ու այլևս երբեք լիովին չվերականգնվեցին: Տիեզերաֆիզիկայի ինստիտուտում գլխավոր համակարգիչը սկսեց իր հիշողության մեջ եղած բոլոր թվերը տենդագին բաժանել զրոյի և իսկույն վառեց իր բոլոր շղթաները:

    Իսկ Երկրի վրա Բիլլ Քրոսսը քանի գնում՝ ավելի էր մոլեգնում.

    - Հլը ի՛նձ նայեք,- գոռաց նա՝ դողացող մատով խփելով կրծքին:- Ես տարիներ եմ ծախսել, տարինե՛ր՝ փորձելով հրթիռներին սովորեցնել ինչ-որ օգտակար բան անել, իսկ դրանք ինձ ասում են, որ ինձ կարելի է միայն հեռակառավարվող մարտական հրթիռներ սարքել, որ մենք կարողանանք ավելի լավ ոչնչացնել իրար: Արևն այդ ամբողջ գործն ավելի մաքուր ու արագ կանի: Իսկ եթե դուք մեզ մի ուրիշ մոլորակ տաք, մենք այնտեղ էլ ամեն ինչ կկրկնենք:

    Նա տխուր լռեց՝ ծամծմելով մռայլ մտքերը:

    - Իսկ հիմա Բրենդան էլ է քաղաքից գնացել ու նույնիսկ նամակ չի թողել... Այնպես որ՝ հազար ներողություն, բայց ձեր այս հերոսական սխրանքն իմ մեջ բացարձակապես ոչ մի խանդավառություն չի առաջացնում:

    Բիլլը հանկարծ հասկացավ, որ արդեն ոչ մի դեպքում ի վիճակի չէր լինի բարձրաձայն արտասանելու «խանդավառություն» բառը, բայց դեռ հանգիստ կարողանում է դա մտովի արտաբերել, ինչն ինքնին բավականին հետաքրքիր գիտական հայտնագործություն էր: Տեսնես՝ եթե շարունակի նույն արագությամբ հարբել, արդյո՞ք իր խոսքը կկրճատվի մինչև միավանկ բառերը:

    Մի վերջին հուսահատ ճիգ գործադրելով՝ թաարցիները միջաստղային թունելով ուղարկեցին իրենց միտքը.

    - Դու իրո՞ք այդպես ես կարծում, Բիլլ: Մի՞թե բոլոր մարդիկ քեզ նման են:

    Այ սա արդեն հետաքրքիր փիլիսոփայական հարց էր: Բիլլը մանրամասն մտածեց այդ մասին, կամ գոնե այնքան մանրամասն, ինչքան թույլ էր տալիս նրան աստիճանաբար պարուրող տաք, վարդագույն մշուշը: Ի վերջո՝ ամեն ինչ կարող էր շատ ավելի վատ լինել: Ինքը կարող է ուրիշ աշխատանք գտնել՝ հենց թեկուզ միայն այն հաճույքի համար, որ կզգա, երբ գեներալ Փոթթերին ասի, թե վերջինս ինչ կարող է անել իր երեք մեծ աստղերը: Իսկ Բրենդան... Դե, կանայք տաքսիների նման են. մեկին բաց թողեցիր, հաջորդ րոպեին ուրիշը կգա:

    Իսկ ամենալավն այն է, որ գաղտնի փաստաթղթերով լի չհրկիզվող պահարանում ինքը դեռ մի շիշ վիսկի էլ ունի պահած: Չէ, բայց իրոք՝ հիանալի օր է: Բիլլը մի կերպ վեր կացավ ու օրորվելով ուղղվեց դեպի սենյակի մյուս ծայրը:

    Եվ Թաարը վերջին անգամ խոսեց Երկրի հետ.

    - Բի՜լլ,- հուսակտուր կրկնեցին նրանք,- ախր անհնար է, որ բոլոր մարդիկ քեզ նման լինեն:

    Բիլլը շրջվեց ու նայեց դանդաղ պտտվող թունելի մեջ: Տարօրինակ է. ոնց որ թե խորքում իսկապես աստղեր են փայլում, ու ամեն ինչ մի տեսակ շատ սիրուն է: Բիլլը հպարտություն զգաց. ամեն մեկը չի, որ կարող է նման բան երևակայել:

    - Ինձ նմա՞ն,- հարցրեց նա:- Չէ՜, մյուսերը հաստատ ինձ նման չեն:- Նա ինքնագոհ ժպտաց, երբ աճող երանության ալիքը սկսեց նրան վեր բարձրացնել հուսահատության անդունդից:- Հիմա որ մտածում եմ, լիքը մարդիկ շատ ավելի վատ են, քան ես: Հա, հաստատ. ինձ թվում է՝ ես, ամեն դեպքում, բախտավորներից եմ:

    Բիլլը մի թեթև զարմացավ ու աչքերը մի երկու անգամ թարթեց, երբ թունելը հանկարծ անհետացավ ու փոխարենը կրկին հայտնվեց սպիտակ պատը: Թաարցիներն ընդունել էին իրենց ջախջախիչ պարտությունը:

    - Այս մի հալյուցիանցիան էլ անցած լինի,- մտածեց Բիլլը:- Այսպես թե այնպես՝ արդեն սկսում էր վրաս ազդել: Տեսնենք՝ հաջորդը ինչ կլինի:

    Ինչպես պարզվեց՝ հաջորդ չկար, որովհետև ուղիղ հինգ վայրկյան հետո նա իսպառ անջատվեց՝ հենց այն ժամանակ, երբ փորձում էր հավաքել չհրկիզվող պահարանի գաղտնաբառը:

    Հաջորդ երկու օրերը խառնվեցին ինչ-որ աղոտ ու անհասկանալի մշուշի մեջ, ու Բիլլը լրիվ մոռացավ խոսակցության մասին:

    Երրորդ օրը Բիլլի գիտակցության խորքերում ինչ-որ բան սկսեց շարժվել, ու նա գուցե և հիշեր ամեն ինչ, եթե Բրենդան չվերադառնար, ու ինքը չափազանց զբաղված չլիներ՝ արժանանալով նրա ներողությանը:

    Իսկ չորրորդ օրը, բնականաբար, այդպես էլ չեկավ:

    Թարգմանիչ՝ Հայկ Ֆելեքյան
    DIXI
    carpe noctem

  4. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.10.2013), E-la Via (23.10.2013), ivy (18.10.2013), Jarre (18.10.2013), unknown (21.09.2014), Vardik! (18.10.2013), Արամ (18.10.2013), Արէա (18.10.2013), Նաիրուհի (23.10.2013), Նիկեա (11.09.2014), Ռուֆուս (18.10.2013), Տրիբուն (18.10.2013)

  5. #3
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատմվածքն առաջին անգամ լույս է տեսել 1954 թվին: Սա ինքնին արդեն իսկ շատ լավ գործ է, բայց երբ հիշում ենք, որ գրվել է սառը պատերազմի տարիներին, ամեն ինչ շատ ավելի պարզ է դառնում: Ընկճվածություն, անհույս վիճակ, վախ, բացասական մթնոլորտ... Ու հերոս-հերոս խաղացող այլմոլորակայիններ :
    DIXI
    carpe noctem

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (18.10.2013), E-la Via (23.10.2013), Jarre (18.10.2013), Vardik! (18.10.2013)

  7. #4
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենակ վերնագիրն եմ մի քիչ կասկածում։ Անգլերեն «No Morning After» ա։ Հազար բան գրեցի, վերջը սա թողեցի։
    DIXI
    carpe noctem

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (18.10.2013), Vardik! (18.10.2013)

  9. #5
    Մշտական անդամ Vardik!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2013
    Գրառումներ
    361
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդ չգիտի էլ՝ է՛լ ինչ նոր գովեստի բառեր գտնի: ԲՐԱՎՈ՜...

    Իմ կարծիքով վերնագիրը շատ սիրուն է ընտրված,կարելի է հենց այդպես էլ թողնել:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (18.10.2013), Նաիրուհի (23.10.2013)

  11. #6
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկ ջան, էլ երկար-բարակ չեմ գրի հիացմունքիս մասին այս գլուխգործոց թարգմանության մասին։ Հուսով եմ դու դա արդեն գիտես

    Էս թարգմանության հետ կապված մի առաջարկ ունեմ։ Ըստ որոշ աղբյուրների Արթուր Քլարքը ունեցել է սովորություն խոսել ինքն իր հետ։ Ինքը համարյա միշտ ապրել է մենակ։ Ամուսնացած եղել է ընդամենը մի քանի ամիս։ Ամբողջ կյանքը կարելի է ասել անցկացրել է միայնության մեջ։ Ու ինքն իր հետ խոսելը իր համար եղել է շատ բնական բան։

    Այս պատմվածքում կա մի միտք ինքն իր հետ խոսելու մասին։ Քլարքը նշում է, որ հնում մարդիկ համարում էին, թե ինքն իրե հետ խոսելը վատ բան է։ Հայերեն թարգմանության մեջ դա հնչում է այսպես.

    «Նույնիսկ ծայրահեղ հարբած ժամանակ Բիլլը շարունակում էր հավատալ այն հին համոզմունքին, որ ինքդ քեզ հետ խոսելը վատ նշան է»:

    Բնագրում, Քլարքը գործածում է old-fashioned prejudice արտահայտությունը։ Ես այստեղ նկատում եմ իր բացասական վերաբերմունքը։ Իսկ հայերենում ուղղակի նշված է «հին համոզմունք»։

    Even when drunk, he had an old-fashioned prejudice against starting conversations with himself.

    Ռուսերեն մի թարգմանության մեջ ևս փոխանցել են էտ բացասական երանգը՝ միտքը փոխանցելով հետևյալ կերպ.
    «Даже будучи пьяным, Билл придерживался старомодного правила - не разговаривать с самим собой»։

    Առաջարկում եմ հայերենում էլ նման երանգ հաղորդել էտ մտքին։

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Vardik! (18.10.2013), Ռուֆուս (18.10.2013)

  13. #7
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենակ վերնագիրն եմ մի քիչ կասկածում։ Անգլերեն «No Morning After» ա։ Հազար բան գրեցի, վերջը սա թողեցի։
    Տարբերակներդ առաջարկի նայենք, իսկ եթե մեջը "երբ" ավելացնես... երբ լույսը չի բացվի, կամ տենց մի բան
    SWTS

  14. #8
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկ ջան, էլ երկար-բարակ չեմ գրի հիացմունքիս մասին այս գլուխգործոց թարգմանության մասին։ Հուսով եմ դու դա արդեն գիտես

    Էս թարգմանության հետ կապված մի առաջարկ ունեմ։ Ըստ որոշ աղբյուրների Արթուր Քլարքը ունեցել է սովորություն խոսել ինքն իր հետ։ Ինքը համարյա միշտ ապրել է մենակ։ Ամուսնացած եղել է ընդամենը մի քանի ամիս։ Ամբողջ կյանքը կարելի է ասել անցկացրել է միայնության մեջ։ Ու ինքն իր հետ խոսելը իր համար եղել է շատ բնական բան։

    Այս պատմվածքում կա մի միտք ինքն իր հետ խոսելու մասին։ Քլարքը նշում է, որ հնում մարդիկ համարում էին, թե ինքն իրե հետ խոսելը վատ բան է։ Հայերեն թարգմանության մեջ դա հնչում է այսպես.

    «Նույնիսկ ծայրահեղ հարբած ժամանակ Բիլլը շարունակում էր հավատալ այն հին համոզմունքին, որ ինքդ քեզ հետ խոսելը վատ նշան է»:

    Բնագրում, Քլարքը գործածում է old-fashioned prejudice արտահայտությունը։ Ես այստեղ նկատում եմ իր բացասական վերաբերմունքը։ Իսկ հայերենում ուղղակի նշված է «հին համոզմունք»։

    Even when drunk, he had an old-fashioned prejudice against starting conversations with himself.

    Ռուսերեն մի թարգմանության մեջ ևս փոխանցել են էտ բացասական երանգը՝ միտքը փոխանցելով հետևյալ կերպ.
    «Даже будучи пьяным, Билл придерживался старомодного правила - не разговаривать с самим собой»։

    Առաջարկում եմ հայերենում էլ նման երանգ հաղորդել էտ մտքին։
    Հա, դրա մասին էլ եմ մտածել գրելիս: Մասնավորապես՝ կա՞ արդյոք էդ բացասական իմաստը, ու եթե կա, արդյո՞ք էդքան կարևոր ու առանցքային ա, որ անպայման պիտի փոխանցվի: Առաջին տարբերակներից մեկում օգտագործել էի «նախապաշարմունք» բառը, որ հաստատ մեջը բացասական երանգ ունի: Հետո մի տեսակ չհավանեցի, բայց դե ես մենակ ես եմ, էլի: Նայեք, ժողովուրդ, եթե սենց ավելի լավ ա, սիրով վերջնականում թողեմ էս մի տարբերակը.

    «Նույնիսկ ծայրահեղ հարբած ժամանակ Բիլլը շարունակում էր հավատալ այն հին նախապաշարմունքին, որ ինքդ քեզ հետ խոսելը վատ նշան է»:
    DIXI
    carpe noctem

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.10.2013), Jarre (23.10.2013)

  16. #9
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարբերակներդ առաջարկի նայենք, իսկ եթե մեջը "երբ" ավելացնես... երբ լույսը չի բացվի, կամ տենց մի բան
    Չէ, երբ հաստատ չեմ ուզում: Հիմա արդեն լրիվ չեմ էլ հիշում՝ ինչ տարբերակներ կային: «Վաղը չի գա», «Առավոտը չի գա», «Առավոտ չի լինի», «Վաղը լույսը չի բացվի», «Վաղը լույսը չի բացվելու», «Վաղվա օր չկա» ու էս ոգով հազար հատ բան: Վերջը կանգնեցի «Լույսը չի բացվի»-ի վրա, արդեն սկսել ա դուրըս գալ :
    DIXI
    carpe noctem

  17. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.10.2013), Jarre (23.10.2013), Նաիրուհի (23.10.2013), Նիկեա (11.09.2014)

  18. #10
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, երբ հաստատ չեմ ուզում: Հիմա արդեն լրիվ չեմ էլ հիշում՝ ինչ տարբերակներ կային: «Վաղը չի գա», «Առավոտը չի գա», «Առավոտ չի լինի», «Վաղը լույսը չի բացվի», «Վաղը լույսը չի բացվելու», «Վաղվա օր չկա» ու էս ոգով հազար հատ բան: Վերջը կանգնեցի «Լույսը չի բացվի»-ի վրա, արդեն սկսել ա դուրըս գալ :
    օքեյ եթե դուրդ գալիս ա էլ բան չեմ ասում, էս մի նախադասությությունն եմ ուզում ցույց տամ
    Ջրով լի շիշը արևի լույսի տակ երբեմն կարող է մի տեսակ ոսպնյակ դառնալ՝ լույսի ճառագայթները կենտրոնացնելով մի փոքրիկ կետի վրա:
    ներվերիս վրա ազդում ա հենց հիշում եմ, չգիտեմ էլ ինչի։ Ոսպնյակը կոնկրետացում ա ուզում, եթե չէ գոնե առանց "մի տեսակի" կարա եղնի, եսիմ մտածի, եթե իհարկե ինքն էլ դուրդ չի գալիս
    SWTS

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (22.10.2013)

  20. #11
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օձի լեզու ունես : Էդ մեկը փոխվեց։
    DIXI
    carpe noctem

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    LisBeth (22.10.2013)

  22. #12
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Օձի լեզու ունես : Էդ մեկը փոխվեց։
    դու էլ շուտ ես համոզվում
    SWTS

  23. #13
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, դրա մասին էլ եմ մտածել գրելիս: Մասնավորապես՝ կա՞ արդյոք էդ բացասական իմաստը, ու եթե կա, արդյո՞ք էդքան կարևոր ու առանցքային ա, որ անպայման պիտի փոխանցվի: Առաջին տարբերակներից մեկում օգտագործել էի «նախապաշարմունք» բառը, որ հաստատ մեջը բացասական երանգ ունի: Հետո մի տեսակ չհավանեցի, բայց դե ես մենակ ես եմ, էլի: Նայեք, ժողովուրդ, եթե սենց ավելի լավ ա, սիրով վերջնականում թողեմ էս մի տարբերակը.

    «Նույնիսկ ծայրահեղ հարբած ժամանակ Բիլլը շարունակում էր հավատալ այն հին նախապաշարմունքին, որ ինքդ քեզ հետ խոսելը վատ նշան է»:
    Իմ կարծիքով սենց ավելի լավ ա։ Ինձ դուրա գալիս։

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (23.10.2013)

  25. #14
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օկ )) Համ էլ ինձ արդեն ասել են, որ շուտ եմ համոզվում ))
    DIXI
    carpe noctem

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (23.10.2013)

  27. #15
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն էր

    Մի քանի սուբյեկտիվ բան ասեմ, Հայկ, միգուցե հետաքրքրի: Շատ սուբյեկտիվ են, ուղղակի ես լինեի (թոբա թե կլինեի)՝ առաջարկածս տարբերակները կնախընտրեի:

    Ավելի ճիշտ՝ թաարցիները սկզբում կարծեցին, թե իրենց բախտը բերել է, չնայած վերջում արդեն այդքան էլ համոզված չէին:
    Առաջարկում եմ «իսկ» կամ «բայց»: «Չնայածը» մի տեսակ տեղին չի:

    Ջրով լի շիշը արևի լույսի տակ երբեմն կարող է մի տեսակյուրատեսակ ոսպնյակ դառնալ՝ լույսի ճառագայթները կենտրոնացնելով մի փոքրիկ կետի վրա:
    Եվ, իհարկե, նրանցից և ոչ ոք այդ պահին այնքան անհույս հարբած չէր, ինչքան Բիլլը, ով հենց այդ ժամանակ մի կերպ ճոճվում էր գիտակցության վերջին սահմանագծի վրա՝ փորձելով իրականությունից փախչել դեպի երազների աշխարհը, որտեղ ո՛չ հուսախաբություններ կան, ո՛չ էլ անհաջողություններ:
    Ես «էլը» կհանեի. «…որտեղ ո՛չ հուսախաբություններ կան, ո՛չ անհաջողություններ»:

    Դու միակ մարդկային էակն ես, ում հետ մեզ հաջողվել է կապ հաստատել, այդ իսկ պատճառով էլ դու պարտավոր ես լսել ու հասկանալ այն, ինչ մենք քեզ կասենք:
    Այստեղից էլ «էլը» կհանեի. «…այդ իսկ պատճառով դու պարտավոր ես…»:

    Ինչ-որ բան հաստատ սխալ էր, բայց թե ինչ՝ ոչ ոք չէին կարողանում հասկանալ:
    Ասե՞մ, թե՞ ոնց «…ոչ ոք չէր կարողանում հասկանալ»:
    Կասկած չկար, որ հաջողվել էր կապ հաստատել, բայց նրանք լրիվ ուրիշ բան էին ակնկալում:
    «…բայց նրանք բոլորովին այլ բան էին ակնկալում:»:

    - Բա եթե հանկարծ արևն իսկականից պայթի,- անսպասելիորեն հարցրեց Բիլլը…
    «Բա եթե հանկարծ արևն իրոք պայթի…»


    Հ.Գ.
    Որ էսպես՝ ինչ-որ առաջարկ-մառաջարկներ եմ գրում, ընենց եմ ամաչում. մարդն էդքան ջանք ա թափել, ժամանակ ա ծախսել, աշխատանք ա արել, ես գալիս ասում եմ՝ էս տառը ծուռ ես գրել Բայց գիտեմ, որ քեզ հետաքրքրում են կարծիքները, Հայկ, դրա համար գրում եմ
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (25.10.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լույսը
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 01.03.2015, 02:37
  2. «Աստղը». Արթուր Կլարկ
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Թարգմանություններ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 25.10.2013, 17:30
  3. «Աստծու ինը միլիարդ անունները». Արթուր Կլարկ
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Թարգմանություններ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 05.10.2013, 07:14
  4. «Աստվածների սնունդը». Արթուր Կլարկ
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Թարգմանություններ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 02.10.2013, 13:28
  5. Արձակ. Որ լույսը բացվի
    Հեղինակ՝ Գեա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 26.09.2011, 19:37

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •