Տարբերակ 8.
Հին ընկերը
Կիսահարբած թառել էինք բազիրքին ու իններորդ հարկի վեհությունից նայում էինք ոտքերի տակ փռված քաղաքին:
- Մեկնումեկս կընկնի:
- Հրե՞մ:
Աննորմալ բարձր ծիծաղելու պատճառով նկատողություն ստացանք հարևան պատշգամբում ծխող տատիկից: Ավելի բարձր ու ավելի լպիրշ ծիծաղեցինք: Ուրիշ ժամանակ բարեկիրթ ու բարի մարդիկ էինք, էս անգամ տաս տարի իրար չտեսնելուց հետո ուղղակի հանդիպել էինք փողոցում, իրար ժպտացել, ծանոթացել, մի քանի րոպե տևած մշուշոտ կասկածներից հետո իրար վերագտել:
- Գիտե՞ս, որ քո մասին տանեցիներին պատմում էի, մտածում էին երևակայական ըներ ես, էդպես էլ ախր չհաջողվեց ծանոթացնել:
- Հիհի, իսկ ես քո մասին ոչ էլ պատմում էի, բայց որ պատմեի, նույնն էին մտածելու:
Նորից ծիծաղեցինք, հազիվ ինձ պահեց, որ վար չընկնեմ: Կիսահարբած վիճակի սթափ կեսը երկուսիս էլ վար իջեցրեց պատշգամբ:
- Անդաստիարակներ, - ասաց տատիկը, վար ներեց ծխախոտն ու ներս անցավ:
Հաջորդ օրը մերոնց ոգևորված պատմեցի:
- Արդեն մե՞ծ չես երևակայական ընկերների համար:
- Ինքը երևակայական չի:
Հեռախոսը սառն ու ռոբոտային ասում էր, որ նման համար գոյություն չունի: Սպասում էի, որ ինքը կզանգի, ապարդյուն: Իներորդ հարկի բնակարանի դուռը փակ էր: Հանկարծ դիմացի դռնից դուրս եկավ երեկվա տատիկը:
- Հիշո՞ւմ եք, երեկ իմ հետ մի մարդ կար, էստեղ, պատշգամբում:
- Էն անդաստիարա՞կը:
Որախացա, փաթաթվեցի շփոթված պառավին ու աննորմալ արագությամբ աստիճաններով վար սլացա, բնականաբար, միանգամից մի քանի աստիճան ցատկելով: Ուրեմն նա գոյություն ուներ, ուրեմն կզանգի: Չզանգեց: Հիմա մտածում եմ. գուցե տատիին էլ էի ես հորինել:
Էջանիշներ