Աստղը
Արթուր Կլարկ
Մինչև Վատիկան երեք հազար լուսատարի է: Մի ժամանակ հավատում էի, որ տիեզերքն անզոր է հավատի նկատմամբ: Հավատում էի, որ անսահման երկինքը Տիրոջ արարչագործության պսակն է և Նրա անմահ փառքի վկայությունը: Սակայն հիմա, երբ իմ աչքերով եմ տեսել այդ արարչագործությունը, իմ հավատը սասանվել է: Նայում եմ իմ նավախցիկում «Մարկ VI» համակարգչի վրա կախված խաչելությանն ու կյանքումս առաջին անգամ կասկածանքով հարց եմ տալիս ինձ. արդյո՞ք դա պարզապես մի դատարկ խորհրդանիշ չէ:
Ես դեռ ոչ ոքի չեմ ասել, բայց ճշմարտությունը չես թաքցնի: Փաստերն այստեղ են՝ բոլորի աչքի առաջ՝ մագնիսական ժապավենի անթիվ-անհամար մղոնների ու հազարավոր լուսանկարների վրա, որ մենք հետ ենք տանում Երկիր: Մյուս գիտնականները կարող են նույնքան կամ, հավանաբար, ավելի հեշտությամբ հասկանալ ու մեկնաբանել դրանք, ինչքան ես: Իսկ ես այն մարդը չեմ, ով իրեն թույլ կտա խեղաթյուրել ու կեղծել ճշմարտությունը: Չափազանց շատ են այն բոլոր կեղծիքներն ու գաղտնիքները, որ արատավորում են իմ միաբանության անունը՝ սկսած դեռ հնագույն ժամանակներից:
Տիեզերանավի անձնակազմն առանց այդ էլ խիստ ճնշված է. ինչպե՞ս կազդի նրանց վրա այս եզրափակիչ հեգնական ակորդը: Նրանցից քչերն են հավատացյալ, և այնուամենայնիվ, ճշմարտությունն իմանալուց հետո չի լինի թեկուզ մեկը, ով կուզենա չարախնդորեն օգտագործել այդ նոր զենքն իմ դեմ ծավալած պատերազմում՝ այդ ծածուկ, բարեհոգի, բայց և սկզբունքային ու լուրջ հակամարտությունում, որ շարունակվում էր Երկրից մինչ այստեղ մեր ամբողջ ճանապարհին: Նրանց զվարճացնում էր, որ նավի գլխավոր աստղաֆիզիկոսը ճիզվիտ է: Դոկտոր Չենդլերն, օրինակ, այդպես էլ չկարողացավ համակերպվել դրա հետ (ախր ինչու՞ են բոլոր բժիշկներն այդքան երդվյալ աթեիստներ): Երբեմն նա գալիս էր ինձ մոտ՝ աստղադիտարանի բաժանմունք, որտեղ միշտ կիսախավար է տիրում, որպեսզի ոչինչ չխամրեցնի աստղերի փայլը: Նա մոտենում էր ինձ ու երկար մնում էր կանգնած՝ հայացքն ուղղած մեծ, շրջանաձև լուսամուտից դուրս՝ դեպի մեր շուրջը հանդարտ սահող աստղերը, մինչ տիեզերանավը շարունակում էր առաջ ընթանալ՝ դանդաղ պտտվելով իր առանցքի շուրջ:
- Դե ինչ, տեր հայր,- վերջապես ասում էր նա.- Ահա և տիեզերքը՝ անսահման ու անվերջ, և գուցե ճիշտ է, որ այս ամենն իրոք ինչ-որ մեկի ձեռքի գործն է: Բայց գլխիս մեջ ուղղակի չի տեղավորվում. ախր ինչպե՞ս կարող եք հավատալ, որ այդ մեկն ինչ-որ հատուկ նշանակություն է տալիս մեզ ու մեր թշվառ, չնչին աշխարհին: Չէ՛, չեմ հասկանում ձեզ:
Եվ սկսվում էր հերթական բանավեճը, մինչդեռ մեր շուրջ՝ դիտարանի անթերի թափանցիկ ապակուց այն կողմ, անշշուկ ու անվերջ շարունակում էին իրենց պտույտները գործել հեռավոր աստղերն ու միգամածությունները: Ըստ երևույթին, անձնակազմին ամենաշատը զվարճացնում էր իմ զբաղեցրած դիրքի թվացյալ անհեթեթությունն ու անհամապատասխանությունն իմ հավատին: Ես փորձում էի վկայակոչել իմ բոլոր գիտական աշխատություններն ու հոդվածները՝ երեքը «Աստղաֆիզիկական ամսագրում», հինգը «Արքայական աստղագիտական ընկերության հանդեսում», սակայն ապարդյուն: Իզուր էի փորձում հիշեցնել նրանց, որ մեր միաբանությունը վաղուց ի վեր հայտնի է նաև իր գիտական ուսումնասիրություններով, և թո՛ղ որ հիմա մենք քիչ ենք մնացել, բայց տասնութերորդ դարից սկսած՝ մեր ներդրումներն աստղագիտության ու աշխարհագրության մեջ անհամեմատ ավելի մեծ են, քան մեր նվազող թվերը: Արդյո՞ք Փյունիկի միգամածության մասին իմ հաշվետվությունը կդառնա մեր հազարամյա պատմության վերջակետը: Վախենամ՝ այն վերջ կդնի ոչ միայն դրան, այլև շատ ավելիին:
Չգիտեմ, թե ով է այդպես կոչել միգամածությունը. հիմա այդ անունն ինձ արդեն չափազանց անհաջող է թվում: Եթե անգամ այդ անունը մարգարեական է, այդ մարգարեությանը դեռ միլիարդավոր տարիներ վիճակված չի լինելու իրականանալ: Անգամ «միգամածություն» բառը ճիշտ չէ. սա շատ ավելի փոքր օբյեկտ է, քան տիեզերական մառախուղի այդ հսկայական ամպերը, այդ անթիվ-անհամար չծնված աստղերը, որ շաղ են եկած Ծիր Կաթինի ամբողջ երկայնքով մեկ: Հիրավի, տիեզերքի մասշտաբներով Փյունիկի միգամածությունը թզուկ է. գազի նոսր թաղանթ՝ մենավոր աստղի շուրջ: Կամ, ավելի շուտ, այն բանի շուրջ, ինչ մնացել է աստղից...
Ռուբենսի հեղինակած փորագրությունը՝ Լոյոլայի դիմանկարը, սպեկտրոֆոնոմետրի գրաֆիկների վրայից ասես քմծիծաղ է տալիս ու ծաղրում է ինձ: Ի՞նչ կանեիր դու, հա՛յր սուրբ, իմանալով այն, ինչ ինձ է հայտնի դարձել այստեղ՝ այսքա՜ն հեռու այն փոքրիկ աշխարհից, որ քո ճանաչած ողջ տիեզերքն էր: Արդյո՞ք քո հավատը կօգներ քեզ դիմակայելու այդ հարվածին՝ ի տարբերություն իմ հավատի, որ հիմա փշուր-փշուր է լինում: Քո հայացքը հեռուներին է ուղղված, հա՛յր, բայց ես կտրել-անցել եմ այպիսի տարածություններ, որ դու նույնիսկ չէիր էլ կարող պատկերացնել, երբ հազարավոր տարիներ առաջ հիմնում էիր մեր միաբանությունը: Դեռ երբեք ոչ մի հետախուզական տիեզերանավ այսքան հեռու չէր գնացել Երկրից՝ ընդհուպ մինչև ուսումնասիրված տիեզերքի սահմանները: Մեր նպատակակետը Փյունիկի միգամածությունն էր: Ու հիմա մենք վերադառնում ենք տուն՝ մեզ վրա կրելով մեր իմացության բեռը: Օգնի՛ր ինձ, հա՛յր: Ես փորձում եմ թոթափել ուսերիցս այդ ծանրությունը, սակայն ապարդյուն. իմ ձայնը չի հասնում քեզ դարերի ու լուսատարիների միջով, որ բաժանում են մեզ: Քո ձեռքի գրքի վրա հստակ կարդացվում են հին բառերը. «AD MAYOREM DEL GLORIAM»՝ հանուն Աստծու մեծագույն փառքի: Սակայն ես այլևս չեմ կարողանում հավատալ այդ նշանաբանին: Կհավատայի՞ր արդյոք դու ինքդ, եթե տեսնեիր այն, ինչ մենք ենք տեսել:
Մենք, իհարկե, գիտեինք, թե իրականում ինչ է Փյունիկի միգամածությունը: Միայն մեր գալակտիկայում ամեն տարի հազարավոր աստղեր են պայթում: Մի քանի ժամ կամ մի քանի օր դրանք շողում են երկնքում՝ վառվելով իրենց սովորական փայլից հազարապատիկ անգամ ավելի պայծառ լույսով, ու հետո հանգչում են՝ ընկղմվելով մահվան ու խավարի գիրկը: Դրանք հասարակ գերնոր աստղեր են՝ ամենատարածված աղետները տիեզերքում: Լուսնային աստղադիտարանում աշխատելու ժամանակ ես հավաքել եմ տասնյակ այդպիսի աստղերի սպեկտրոգրամներն ու լուսային կորերը:
Բայց հազարամյակում երեք կամ չորս անգամ տեղի է ունենում այնպիսի մի բան, որի առջև խամրում են անգամ ամենապայծառ գերնոր աստղերը:
Երբ աստղը գերնոր է դառնում, դրա փայլը կարող է մի որոշ ժամանակով ծածկել գալակտիկայի մյուս բոլոր արևների լույսը: Չինացի աստղագետները դիտում էին այդ երևույթը 1054 թվին՝ չիմանալով, թե ինչի են ականատես դարձել: Հինգ հարյուրամյակ անց՝ 1572-ին, Կասիոպեայի համաստեղությունում բռնկվեց այնքան պայծառ մի գերնոր աստղ, որ այն կարելի էր տեսնել օրը ցերեկով: Այդ ժամանակներից հետո անցած հազար տարում գրանցվել են ևս երեք նման դեպքեր:
Մեզ հանձնարարված էր հասնել այնտեղ, ուր նման աղետ էր տեղի ունեցել, բացահայտել դրան նախորդող իրադարձությունները և, եթե հնարավոր է, հասկանալ դրա պատճառը: Տիեզերանավը մեզ մոտեցնում էր մեր նպատակակետին՝ դանդաղ սահելով գազի ամպերի միջով, որոնք տիեզերք էին շպրտվել վեց հազար տարի առաջ և այնուամենայնիվ, դեռ շարունակվում էին ընդլայնվել ու մեծանալ: Դրանք ահռելի բարձր ջերմաստիճան ունեին ու դեռ վառվում էին կուրացուցիչ մանուշակագույն լույսով, սակայն չափազանց նոսր էին՝ մեզ որևէ վնաս պատճառելու համար: Երբ աստղը պայթել էր, արտաքին շերտերն այնքան ուժգին էին շպրտվել հեռու, որ պոկվել էին աստղի գրավիտացիոն դաշտից: Հիմա դրանք կազմում էին միգամածության կեղևը՝ այնքան մեծ, որ ներսում կտեղավորվեին հազարավոր արեգակնային համակարգեր, իսկ կենտրոնում բոցկլտում էր այն, ինչ մնացել էր աստղից՝ տիեզերքի ամենաապշեցուցիչ մարմիններից մեկը՝ սպիտակ թզուկը, ավելի փոքր, քան Երկիրը, սակայն միլիոնավոր անգամներ ավելի ծանր:
Շողացող գազի ամպերը պարուրել էին մեզ՝ ցրելով միջաստղային հավերժական գիշերը: Մենք ընթանում էինք դեպի հազարամյակներ առաջ պայթած տիեզերական ռումբի կենտրոնը, որի շիկացած բեկորները դեռ շարունակում էին սլանալ հեռու: Պայթյունի ահռելի շառավիղն ու այն, որ բեկորներն արդեն միլիարդավոր մղոններով ծածկել էին տիեզերքը, թույլ չէին տալիս անզեն աչքով նկատել այդ շարժումը: Տասնամյակներ էին պետք՝ տեսնելու համար գազի այդ բոլոր գալարների ու քուլաների փոթորիկը, և սակայն մենք ամենուր զգում էինք մեզ շրջապատող նյութի բուռն հոսքը:
Մենք ժամեր առաջ էինք ստուգել մեր գլխավոր շարժիչն ու հիմա հանդարտ սահում էինք դեպի առջևի փոքրիկ աստղը: Մի ժամանակ այն նույնպես արև էր եղել՝ մեր Արեգակի նման, բայց հետո մի քանի ժամվա ընթացքում վատնել էր այն ամբողջ էներգիան, որ կհերիքեր դեռ միլիոնավոր տարիներ լուսարձակելու համար: Ու հիմա նմանվել էր ծերացած, կնճռոտված, ժլատ պառավի, որ ագահաբար դեպի իրեն էր քաշում երբեմնի ունեցվածքի մնացորդները՝ ապարդյուն փորձելով վերադարձնել շռայլ երիտասարդությունը:
Թարգմանիչ՝ Հայկ Ֆելեքյան
Էջանիշներ