User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: «Աստղը». Արթուր Կլարկ

  1. #1
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Աստղը». Արթուր Կլարկ

    Աստղը

    Արթուր Կլարկ

    Մինչև Վատիկան երեք հազար լուսատարի է: Մի ժամանակ հավատում էի, որ տիեզերքն անզոր է հավատի նկատմամբ: Հավատում էի, որ անսահման երկինքը Տիրոջ արարչագործության պսակն է և Նրա անմահ փառքի վկայությունը: Սակայն հիմա, երբ իմ աչքերով եմ տեսել այդ արարչագործությունը, իմ հավատը սասանվել է: Նայում եմ իմ նավախցիկում «Մարկ VI» համակարգչի վրա կախված խաչելությանն ու կյանքումս առաջին անգամ կասկածանքով հարց եմ տալիս ինձ. արդյո՞ք դա պարզապես մի դատարկ խորհրդանիշ չէ:

    Ես դեռ ոչ ոքի չեմ ասել, բայց ճշմարտությունը չես թաքցնի: Փաստերն այստեղ են՝ բոլորի աչքի առաջ՝ մագնիսական ժապավենի անթիվ-անհամար մղոնների ու հազարավոր լուսանկարների վրա, որ մենք հետ ենք տանում Երկիր: Մյուս գիտնականները կարող են նույնքան կամ, հավանաբար, ավելի հեշտությամբ հասկանալ ու մեկնաբանել դրանք, ինչքան ես: Իսկ ես այն մարդը չեմ, ով իրեն թույլ կտա խեղաթյուրել ու կեղծել ճշմարտությունը: Չափազանց շատ են այն բոլոր կեղծիքներն ու գաղտնիքները, որ արատավորում են իմ միաբանության անունը՝ սկսած դեռ հնագույն ժամանակներից:

    Տիեզերանավի անձնակազմն առանց այդ էլ խիստ ճնշված է. ինչպե՞ս կազդի նրանց վրա այս եզրափակիչ հեգնական ակորդը: Նրանցից քչերն են հավատացյալ, և այնուամենայնիվ, ճշմարտությունն իմանալուց հետո չի լինի թեկուզ մեկը, ով կուզենա չարախնդորեն օգտագործել այդ նոր զենքն իմ դեմ ծավալած պատերազմում՝ այդ ծածուկ, բարեհոգի, բայց և սկզբունքային ու լուրջ հակամարտությունում, որ շարունակվում էր Երկրից մինչ այստեղ մեր ամբողջ ճանապարհին: Նրանց զվարճացնում էր, որ նավի գլխավոր աստղաֆիզիկոսը ճիզվիտ է: Դոկտոր Չենդլերն, օրինակ, այդպես էլ չկարողացավ համակերպվել դրա հետ (ախր ինչու՞ են բոլոր բժիշկներն այդքան երդվյալ աթեիստներ): Երբեմն նա գալիս էր ինձ մոտ՝ աստղադիտարանի բաժանմունք, որտեղ միշտ կիսախավար է տիրում, որպեսզի ոչինչ չխամրեցնի աստղերի փայլը: Նա մոտենում էր ինձ ու երկար մնում էր կանգնած՝ հայացքն ուղղած մեծ, շրջանաձև լուսամուտից դուրս՝ դեպի մեր շուրջը հանդարտ սահող աստղերը, մինչ տիեզերանավը շարունակում էր առաջ ընթանալ՝ դանդաղ պտտվելով իր առանցքի շուրջ:

    - Դե ինչ, տեր հայր,- վերջապես ասում էր նա.- Ահա և տիեզերքը՝ անսահման ու անվերջ, և գուցե ճիշտ է, որ այս ամենն իրոք ինչ-որ մեկի ձեռքի գործն է: Բայց գլխիս մեջ ուղղակի չի տեղավորվում. ախր ինչպե՞ս կարող եք հավատալ, որ այդ մեկն ինչ-որ հատուկ նշանակություն է տալիս մեզ ու մեր թշվառ, չնչին աշխարհին: Չէ՛, չեմ հասկանում ձեզ:

    Եվ սկսվում էր հերթական բանավեճը, մինչդեռ մեր շուրջ՝ դիտարանի անթերի թափանցիկ ապակուց այն կողմ, անշշուկ ու անվերջ շարունակում էին իրենց պտույտները գործել հեռավոր աստղերն ու միգամածությունները: Ըստ երևույթին, անձնակազմին ամենաշատը զվարճացնում էր իմ զբաղեցրած դիրքի թվացյալ անհեթեթությունն ու անհամապատասխանությունն իմ հավատին: Ես փորձում էի վկայակոչել իմ բոլոր գիտական աշխատություններն ու հոդվածները՝ երեքը «Աստղաֆիզիկական ամսագրում», հինգը «Արքայական աստղագիտական ընկերության հանդեսում», սակայն ապարդյուն: Իզուր էի փորձում հիշեցնել նրանց, որ մեր միաբանությունը վաղուց ի վեր հայտնի է նաև իր գիտական ուսումնասիրություններով, և թո՛ղ որ հիմա մենք քիչ ենք մնացել, բայց տասնութերորդ դարից սկսած՝ մեր ներդրումներն աստղագիտության ու աշխարհագրության մեջ անհամեմատ ավելի մեծ են, քան մեր նվազող թվերը: Արդյո՞ք Փյունիկի միգամածության մասին իմ հաշվետվությունը կդառնա մեր հազարամյա պատմության վերջակետը: Վախենամ՝ այն վերջ կդնի ոչ միայն դրան, այլև շատ ավելիին:

    Չգիտեմ, թե ով է այդպես կոչել միգամածությունը. հիմա այդ անունն ինձ արդեն չափազանց անհաջող է թվում: Եթե անգամ այդ անունը մարգարեական է, այդ մարգարեությանը դեռ միլիարդավոր տարիներ վիճակված չի լինելու իրականանալ: Անգամ «միգամածություն» բառը ճիշտ չէ. սա շատ ավելի փոքր օբյեկտ է, քան տիեզերական մառախուղի այդ հսկայական ամպերը, այդ անթիվ-անհամար չծնված աստղերը, որ շաղ են եկած Ծիր Կաթինի ամբողջ երկայնքով մեկ: Հիրավի, տիեզերքի մասշտաբներով Փյունիկի միգամածությունը թզուկ է. գազի նոսր թաղանթ՝ մենավոր աստղի շուրջ: Կամ, ավելի շուտ, այն բանի շուրջ, ինչ մնացել է աստղից...

    Ռուբենսի հեղինակած փորագրությունը՝ Լոյոլայի դիմանկարը, սպեկտրոֆոնոմետրի գրաֆիկների վրայից ասես քմծիծաղ է տալիս ու ծաղրում է ինձ: Ի՞նչ կանեիր դու, հա՛յր սուրբ, իմանալով այն, ինչ ինձ է հայտնի դարձել այստեղ՝ այսքա՜ն հեռու այն փոքրիկ աշխարհից, որ քո ճանաչած ողջ տիեզերքն էր: Արդյո՞ք քո հավատը կօգներ քեզ դիմակայելու այդ հարվածին՝ ի տարբերություն իմ հավատի, որ հիմա փշուր-փշուր է լինում: Քո հայացքը հեռուներին է ուղղված, հա՛յր, բայց ես կտրել-անցել եմ այպիսի տարածություններ, որ դու նույնիսկ չէիր էլ կարող պատկերացնել, երբ հազարավոր տարիներ առաջ հիմնում էիր մեր միաբանությունը: Դեռ երբեք ոչ մի հետախուզական տիեզերանավ այսքան հեռու չէր գնացել Երկրից՝ ընդհուպ մինչև ուսումնասիրված տիեզերքի սահմանները: Մեր նպատակակետը Փյունիկի միգամածությունն էր: Ու հիմա մենք վերադառնում ենք տուն՝ մեզ վրա կրելով մեր իմացության բեռը: Օգնի՛ր ինձ, հա՛յր: Ես փորձում եմ թոթափել ուսերիցս այդ ծանրությունը, սակայն ապարդյուն. իմ ձայնը չի հասնում քեզ դարերի ու լուսատարիների միջով, որ բաժանում են մեզ: Քո ձեռքի գրքի վրա հստակ կարդացվում են հին բառերը. «AD MAYOREM DEL GLORIAM»՝ հանուն Աստծու մեծագույն փառքի: Սակայն ես այլևս չեմ կարողանում հավատալ այդ նշանաբանին: Կհավատայի՞ր արդյոք դու ինքդ, եթե տեսնեիր այն, ինչ մենք ենք տեսել:

    Մենք, իհարկե, գիտեինք, թե իրականում ինչ է Փյունիկի միգամածությունը: Միայն մեր գալակտիկայում ամեն տարի հազարավոր աստղեր են պայթում: Մի քանի ժամ կամ մի քանի օր դրանք շողում են երկնքում՝ վառվելով իրենց սովորական փայլից հազարապատիկ անգամ ավելի պայծառ լույսով, ու հետո հանգչում են՝ ընկղմվելով մահվան ու խավարի գիրկը: Դրանք հասարակ գերնոր աստղեր են՝ ամենատարածված աղետները տիեզերքում: Լուսնային աստղադիտարանում աշխատելու ժամանակ ես հավաքել եմ տասնյակ այդպիսի աստղերի սպեկտրոգրամներն ու լուսային կորերը:

    Բայց հազարամյակում երեք կամ չորս անգամ տեղի է ունենում այնպիսի մի բան, որի առջև խամրում են անգամ ամենապայծառ գերնոր աստղերը:

    Երբ աստղը գերնոր է դառնում, դրա փայլը կարող է մի որոշ ժամանակով ծածկել գալակտիկայի մյուս բոլոր արևների լույսը: Չինացի աստղագետները դիտում էին այդ երևույթը 1054 թվին՝ չիմանալով, թե ինչի են ականատես դարձել: Հինգ հարյուրամյակ անց՝ 1572-ին, Կասիոպեայի համաստեղությունում բռնկվեց այնքան պայծառ մի գերնոր աստղ, որ այն կարելի էր տեսնել օրը ցերեկով: Այդ ժամանակներից հետո անցած հազար տարում գրանցվել են ևս երեք նման դեպքեր:

    Մեզ հանձնարարված էր հասնել այնտեղ, ուր նման աղետ էր տեղի ունեցել, բացահայտել դրան նախորդող իրադարձությունները և, եթե հնարավոր է, հասկանալ դրա պատճառը: Տիեզերանավը մեզ մոտեցնում էր մեր նպատակակետին՝ դանդաղ սահելով գազի ամպերի միջով, որոնք տիեզերք էին շպրտվել վեց հազար տարի առաջ և այնուամենայնիվ, դեռ շարունակվում էին ընդլայնվել ու մեծանալ: Դրանք ահռելի բարձր ջերմաստիճան ունեին ու դեռ վառվում էին կուրացուցիչ մանուշակագույն լույսով, սակայն չափազանց նոսր էին՝ մեզ որևէ վնաս պատճառելու համար: Երբ աստղը պայթել էր, արտաքին շերտերն այնքան ուժգին էին շպրտվել հեռու, որ պոկվել էին աստղի գրավիտացիոն դաշտից: Հիմա դրանք կազմում էին միգամածության կեղևը՝ այնքան մեծ, որ ներսում կտեղավորվեին հազարավոր արեգակնային համակարգեր, իսկ կենտրոնում բոցկլտում էր այն, ինչ մնացել էր աստղից՝ տիեզերքի ամենաապշեցուցիչ մարմիններից մեկը՝ սպիտակ թզուկը, ավելի փոքր, քան Երկիրը, սակայն միլիոնավոր անգամներ ավելի ծանր:

    Շողացող գազի ամպերը պարուրել էին մեզ՝ ցրելով միջաստղային հավերժական գիշերը: Մենք ընթանում էինք դեպի հազարամյակներ առաջ պայթած տիեզերական ռումբի կենտրոնը, որի շիկացած բեկորները դեռ շարունակում էին սլանալ հեռու: Պայթյունի ահռելի շառավիղն ու այն, որ բեկորներն արդեն միլիարդավոր մղոններով ծածկել էին տիեզերքը, թույլ չէին տալիս անզեն աչքով նկատել այդ շարժումը: Տասնամյակներ էին պետք՝ տեսնելու համար գազի այդ բոլոր գալարների ու քուլաների փոթորիկը, և սակայն մենք ամենուր զգում էինք մեզ շրջապատող նյութի բուռն հոսքը:

    Մենք ժամեր առաջ էինք ստուգել մեր գլխավոր շարժիչն ու հիմա հանդարտ սահում էինք դեպի առջևի փոքրիկ աստղը: Մի ժամանակ այն նույնպես արև էր եղել՝ մեր Արեգակի նման, բայց հետո մի քանի ժամվա ընթացքում վատնել էր այն ամբողջ էներգիան, որ կհերիքեր դեռ միլիոնավոր տարիներ լուսարձակելու համար: Ու հիմա նմանվել էր ծերացած, կնճռոտված, ժլատ պառավի, որ ագահաբար դեպի իրեն էր քաշում երբեմնի ունեցվածքի մնացորդները՝ ապարդյուն փորձելով վերադարձնել շռայլ երիտասարդությունը:

    Թարգմանիչ՝ Հայկ Ֆելեքյան
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 07.10.2013, 00:09:
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (07.10.2013), Vardik! (07.10.2013), մարդագայլուկ (17.11.2013)

  3. #2
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոչ ոք լրջորեն հույս չուներ, որ մոլորակներ կգտնենք: Եթե անգամ դրանք գոյություն ունեցած էլ լինեին պայթյունից առաջ, աղետը պիտի ամեն ինչ ակնթարթորեն վերածած լիներ գոլորշու ամպերի, որոնք վաղուց արդեն անհետ կորած կլինեին աստղի մնացորդների մեջ: Եվ սակայն, ինչպես ցանացած անծանոթ աստղի մոտենալիս, մենք այս անգամ էլ միացրեցինք ավտոմատ որոնողական համակարգը և անսպասելիորեն գտանք աստղից ահռելի հեռավորության վրա պտտվող մի փոքրիկ աշխարհ: Դա, կարելի է ասել, այդ մեռած արեգակնային համակարգի Պլուտոնն էր, որ դեռ շարունակում էր պտույտներ գործել լույսի ու խավարի սահմանին: Մոլորակը չափազանց հեռու էր իր արևից, որպեսզի այնտեղ կարողանար կյանք առաջանալ, բայց հենց այդ հեռավորությունն էր, որ դրան փրկել էր իր հարևան մոլորակների ճակատագրից:

    Կրակե փոթորիկը մոխրացրել էր մակերևույթի բոլոր ժայռերն ու սրբել-տարել էր սառած գազի վերմակը, որ ծածկում էր մոլորակն աղետից առաջ: Մենք վայրէջք կատարեցինք ու գտանք դամբարանը:

    Դամբարանը ստեղծողներն հոգացել էին այն մասին, որ այն այնպայման գտնվի: Մուտքի մոտ վեր խոյացող մոնոլիտից հիմա լոկ մի հալված կոճղ էր մնացել, բայց ուղեծրից արված հենց առաջին իսկ լուսանկարներից հետո արդեն պարզ էր, որ դա բանական էակների ձեռքի գործ է: Որոշ ժամանակ անց մենք որսացինք նաև ամբողջ մոլորակը պարուրող ռադիոակտիվ ալիքները, որոնց աղբյուրը խորը թաղված էր գետնի տակ: Եթե անգամ դամբարանի վրայի սյունն իսպառ փոշիացած լիներ, այդ ազդանշանը կմնար՝ որպես իր հավերժ կանչն աստղերին ուղղող անշարժ փարոս: Մեր նավն իջավ այդ հսկայական նշանակետի վրա, ինչպես նետը կխրվեր թիրախի ուղիղ կենտրոնի մեջ:

    Երբ սյունը կառուցել էին, այն երևի մոտ մեկ մղոն բարձրություն էր ունեցել, իսկ հիմա հալված մոմի կտոր էր հիշեցնում: Ավելի քան մեկ շաբաթ մեզ չէր հաջողվում ճեղքել դամբարանի խանձված պատերը, քանի որ համապատասխան գործիքներ չունեինք: Մենք աստղագնացներ էինք, ոչ թե հնգետներ, բայց ի վերջո կարողացանք լուծում գտնել: Առաքելության հիմնական նպատակը մոռացվել էր. այդ մենավոր հուշարձանը, որ աներևակայելի աշխատանքի արդյունքում կառուցվել էր դատապարտված աստղից հնարավորինս հեռու, կարող էր միայն մի բան նշանակել. մի քաղաքակրթություն, որ գիտեր, թե ինչքան մոտ է կործանումը, իր վերջին ճիգն էր գործադրել դեպի անմահությունը:

    Մարդկային բազմաթիվ սերունդներ պետք կգան՝ ուսումնասիրելու համար այն բոլոր գանձերը, որ մենք գտանք դամբարանում: Ակնհայտորեն՝ նրանք բավարար ժամանակ էին ունեցել պատրաստվելու համար, քանի որ նրանց արևը պայթյունից տարիներ առաջ արդեն պիտի ուղարկած լիներ իր առաջին նախազգուշացումները: Այն ամենը, ինչ նրանք ուզեցել էին պահպանել, իրենց հանճարի բոլոր պտուղները նրանք նախապես հասցրել էին այդ հեռավոր մոլորակը՝ հուսալով, որ գուցե մի օր ինչ-որ ուրիշ արարածներ կգտնեն դրանք, և իրենք անհետ մոռացության չեն մատնվի անսահման տիեզերքում:

    Եթե միայն նրանք մի քիչ ավել ժամանակ ունենային... Նրանք արդեն կարողանում էին հանգիստ ճամփորդել իրենց համակարգի մոլորակների միջև, սակայն դեռ չէին հասցրել բացահայտել միջաստղային տարածությունները հաղթահարելու գաղտնիքը, իսկ ամենամոտ արեգակնային համակարգը հարյուրավոր լուսատարիներ հեռու էր նրանցից: Եվ եթե անգամ նրանք իմանային ուրիշ աստղերին հասնելու ճանապարհը, կփրկվեին միայն մի քանի միլիոնը: Գուցե այսպես ավելի ճիշտ էր:

    Նույնիսկ եթե նրանք այդքան զարմանալիորեն նման չլինեին մարդկանց, ինչի մասին վկայում էին մեր գտած քանդակները, միևնույն է՝ մենք պիտի նույն կերպ հիանայինք նրանցով և ողբայինք նրանց դաժան ճակատագիրը: Նրանք հազարավոր տեսագրություններ էին թողել՝ ցույց տվող սարքերի հետ մեկտեղ, իսկ մանրամասն ու պատկերազարդ բացատրությունները թույլ էին տալիս հեշտությամբ սովորել նրանց գրավոր լեզուն: Մենք բազմաթիվ այդպիսի տեսագրություններ ուսումնասիրեցինք, և մեր աչքի առջև վեց հազար տարվա մեջ առաջին անգամ կյանքի կոչվեց հոյակապ, հարուստ ու շքեղ մի քաղաքակրթություն, որն ակնհայտորեն շատ առումներով ավելի լավն էր եղել, քան մերը: Իհարկե, չի բացառվում, որ նրանք ուզում էին մեզ ցույց տալ միայն այն լավագույնը, որ ունեցել էին, սակայն ո՞վ կարող է նրանց մեղադրել դրա համար: Ամեն դեպքում, նրանց աշխարհները չքնաղ էին, իսկ քաղաքներն ավելի հոյակերտ, քան մեր կառուցած ցանկացած քաղաք: Մենք նայում էինք, թե ինչպես էին նրանք աշխատում ու խաղում, և դարերի խորքից լսում էինք նրանց երգեցիկ ձայնը: Տեսարաններից մեկը դեռ հանգիստ չի տալիս ինձ. ծովափի տարօրինակ, կապույտ ավազներին մի խումբ երեխաներ վազվզում ու խաղում են ալիքների հետ ճիշտ այնպես, ինչպես մեր երեխաներն են խաղում Երկրի վրա:

    Իսկ հեռվում՝ հորիզոնի վրա, ծովի գիրկն է սուզվում դեռ տաք, հարազատ ու կենսատու արևը, որ շուտով դավաճանաբար մոխրացնելու է այդ ամբողջ անմեղ ու անվրդով երջանկությունը:

    Գուցե եթե մենք այդքան հեռու չլինեինք տնից ու այդքան միայնակ՝ դատարկ տիեզերքում, մենք այդքան չհուզվեինք մեր տեսածից: Մեզնից շատերն ուրիշ աշխարհների վրա արդեն բազմաթիվ անգամներ ականատես էին եղել հին քաղաքակրթությունների փլատակների, բայց դրանցից և ոչ մեկը մեզ այդպես չէր ցնցել: Այս մի ողբերգությունը նախադեպ չուներ: Մի բան է, երբ քաղաքակրթությունը սպառում է իրեն ու մեռնում է, ինչպես Երկրի շատ մշակույթներ ու ազգեր են վերացել մեզնից առաջ: Բայց իսպառ ոչնչանալ իր ծաղկման գագաթնակետում, կործանվել՝ չթողնելով և ոչ մի հետք... Ինչպե՞ս կարող է ամենագութ Տերը հաշտվել դրա հետ:

    Իմ գործընկերներն ինձ նույն հարցն էին տալիս, և ես փորձում էի իմ համեստ ուժերի ներածի չափով պատասխանել: Գուցե դու ավելի ճիշտ պատասխաններ կգտնեիր, հա՛յր Լոյոլա, բայց ես «Exercitia spiritualia»-ում չգտա և ոչինչ, որ կօգներ ինձ: Չէ՞ որ նրանք մեղսագործ ժողովուրդ չէին, հա՛յր: Չգիտեմ, թե նրանք ինչ աստվածների էին պաշտում, եթե ընդհանրապես պաշտում էին ինչ-որ մեկի, բայց ես դարերի միջից տեսա նրանց, և այդ աշխարհի մեռած արևի թույլ լույսի ներքո իմ առջև կրկին վերակենդանացավ այն ողջ գեղեցիկը, որ նրանք փորձում էին պահպանել:

    Ես գիտեմ, թե ինչ կպատասխանեն իմ գործընկերները, երբ հասնեն Երկիր: Նրանք կասեն, որ տիեզերքը ոչ մի հատուկ նպատակ ու պատճառ չունի, որ ամեն տարի մեր գալակտիկայում բազմաթիվ արևներ են պայթում, և գուցե հենց այս պահին տիեզերքի խորքերում ինչ-որ քաղաքակրթություն ապրում է իր վերջին ժամերը: Եվ ի վերջո՝ էական չէ, թե այդ քաղաքակրթությունը բարիք է գործել իր կյանքի ընթացքում, թե չարիք. դրանից նրա ճակատագիրը չի փոխվի. չկա՛ աստվածային արդարդատություն, քանզի չկա Աստված:

    Եվ սակայն մեր տեսած և ոչ մի բան չի կարող դրա ապացույցը լինել: Այդպես պնդող յուրաքանչյուր ոք տուրք է տալիս իր զգացմունքներին և ոչ երբեք՝ բանականությանը: Աստված իր արարքները մարդու առաջ արդարացնելու կարիք չունի: Նա, ով ստեղծել է տիեզերքը, կարող է և կործանել այն, երբ կամենա: Աններելի գոռոզություն, անգամ սրբապղծությանը հավասար մեղք կլիներ ասելը, թե Նա ինչ պետք է և ինչ չպետք է անի:

    Եվ ինչքան էլ որ ծանր լիներ տեսնելը, թե ինչպես են ամբողջ աշխարհներ ու միլիարդավոր կենդանի էակներ այրվում կրակների մեջ, ես գուցե նույնիսկ դա էլ կկարողանայի ընդունել: Սակայն կա մի սահման, որից հետո սասանվում է անգամ ամենախոր հավատը, և հիմա, նայելով իմ հաշվարկներին, ես զգում եմ, որ արդեն հատել եմ այդ սահմանը:

    Միգամածությանը հասնելուց առաջ անհնար էր ասել, թե ինչքան վաղուց է այդ արհավիրքը տեղի ունեցել: Իսկ հիմա, հիմնվելով աստղագիտական տվյալների ու միակ պահպանված մոլորակի ժայռերի ուսումնասիրության վրա, արդեն կարող եմ շատ ճշգրիտ որոշել պայթյունի պահը: Ես գիտեմ, թե որ տարում է այդ ահռելի խարույկի լույսը հասել Երկիր: Գիտեմ, թե այդ գերնոր աստղը, որ հիմա աստիճանաբար խամրում է տիեզերանավի հետևում, մի ժամանակ ինչքան վառ էր փայլում մեր երկնակամարում: Գիտեմ, թե արևածագից առաջ այն ինչպես էր վառվում արևելքի հորիզոնի վրա որպես պայծառ մի փարոս:

    Կասկած չի կարող լինել. հին առեղծվածը վերջապես լուծված է: Եվ այնուամենայնիվ, օ՜ ամենաբարձրյալ, ախր այնքա՜ն ուրիշ աստղեր կային քո տիրապետության տակ: Ինչու՞ էր պետք հենց այդ էակներին կրակի մատնել միայն այն բանի համար, որպեսզի նրանց մահվան խորհրդանիշը շողար Բեթղեհեմի վրա:

    Թարգմանիչ՝ Հայկ Ֆելեքյան
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 07.10.2013, 00:13:
    DIXI
    carpe noctem

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (07.10.2013), CactuSoul (25.10.2013), E-la Via (07.10.2013), Jarre (07.10.2013), Vardik! (07.10.2013), Արէա (07.10.2013), մարդագայլուկ (17.11.2013), Նաիրուհի (07.10.2013), Նիկեա (12.10.2013), Ռուֆուս (07.10.2013)

  5. #3
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Աստղը» առաջին անգամ լույս է տեսել 1955 թվին՝ «Infinity Science Fiction» ամսագրում: 1956-ին արժանացել է Հյուգո մրցանակի՝ որպես տարվա լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք:
    DIXI
    carpe noctem

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (07.10.2013), CactuSoul (25.10.2013), E-la Via (07.10.2013), Jarre (07.10.2013), Vardik! (07.10.2013), Նաիրուհի (07.10.2013)

  7. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկ, մի քիչ էլ ուրիշ բաներ թարգմանի, ոչ ֆանտաստիկ ժանրի։ Լավն ես շատ, քեզ մենակ էս մի ժանրի մեջ մի սահմանափակի։

    Էլի ընտիր թարգմանություն ա, բայց սյուժեն ինձ էդքան էլ հետաքրքիր չի, չեմ ձգում մինչև վերջ։

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (07.10.2013)

  9. #5
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկ, մի քիչ էլ ուրիշ բաներ թարգմանի, ոչ ֆանտաստիկ ժանրի։ Լավն ես շատ, քեզ մենակ էս մի ժանրի մեջ մի սահմանափակի։

    Էլի ընտիր թարգմանություն ա, բայց սյուժեն ինձ էդքան էլ հետաքրքիր չի, չեմ ձգում մինչև վերջ։
    Այվ, հլը որ՝ չէ: Ուրիշ բանով եմ զբաղված հիմա: Թող սրանք առանձին ժողովածուով հրատարակվեն, հետո կերևա. հենց ընենց չեմ թարգմանում :

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ջան, սկսում եմ Կլարկի լավագույն պատմվածքների թարգմանությունների շարք: Հույս ունեմ, որ սրանք մի օր գիրք կդառնան: Եթե ժամանակ լինի, մեկ-մեկ բրեդբերիներով-բաներով էլ երես կտամ ինձ, բայց չեմ խոստանում:
    DIXI
    carpe noctem

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (07.10.2013), CactuSoul (25.10.2013), E-la Via (07.10.2013), ivy (07.10.2013), Jarre (07.10.2013), Նաիրուհի (07.10.2013)

  11. #6
    Մշտական անդամ Vardik!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2013
    Գրառումներ
    361
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բրա-վո,բրա-վո.... ԱՆ_ԿԸՐԿ_ՆԵ_ԼԻ...

    Հայկօ,ձեր ամեն մի նոր գործով հիանում եմ ուղղակի: Հա,հիանալը արդեն նոր բառ չէ,գիտեմ,բայց տենցա:
    Կլարկի էն մի պատմվածքը կարդալ չէր լինում,բայց էս մեկը ինձ հմայեց ուղղակի: Չնայած իր ֆանտաստիկ լինելուն՝ շատ խելացի ու փիլիսոփայական բաներ գտա մեջը: Էհ...որ գրեմ,հա կգրվի,խոսքեր չկան ուղղակի:

    Եթե որոշել եք ժողովածու հրատարակել,ապա հաջողություն եմ մաղթում,հիանալի գաղափար է: Նրան արդեն հաջողություն է սպասվում:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.10.2013), Jarre (07.10.2013), Հայկօ (07.10.2013)

  13. #7
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկ ջան, ախր իրականում ուզում եմ քլնգել, ասել այ էս-էս հատվածները լավը չէին, բայց շանս չես թողնում

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.10.2013), Jarre (07.10.2013), Vardik! (07.10.2013), Հայկօ (07.10.2013)

  15. #8
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ լավն ա էս մի պատմվածքը:
    DIXI
    carpe noctem

  16. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (07.10.2013), CactuSoul (25.10.2013), E-la Via (07.10.2013), Jarre (07.10.2013), Vardik! (07.10.2013), Արէա (07.10.2013), Նաիրուհի (07.10.2013), Ռուֆուս (07.10.2013)

  17. #9
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ լավն ա էս մի պատմվածքը:
    Հա, բայց որ ասեց աստղը դաժե ցերեկն էր երևում 1572 թվի ու Բեթղեհեմյան աստղի մասին ծպտուն չհանեց, արդեն վերջը մոտավոր կռահում էի, դրանից դաժան բան չկա հզոր բան կարդալ ու վերջն իմանալ

  18. #10
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, բայց որ ասեց աստղը դաժե ցերեկն էր երևում 1572 թվի ու Բեթղեհեմյան աստղի մասին ծպտուն չհանեց, արդեն վերջը մոտավոր կռահում էի, դրանից դաժան բան չկա հզոր բան կարդալ ու վերջն իմանալ
    Ալֆ, ըստ վիկիի՝ էս պատմվածքը նաև հրատարակվել ա «Բեթղեհեմի աստղը» վերնագրով : Սրանից ավելի մեծ ապուշություն մենակ 1968 թվի «Կապիկների մոլորակը» կինոյի պաստառն ա: Էն էլ հլը հարց ա՝ ավելի մեծ ա, թե չէ:
    DIXI
    carpe noctem

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (07.10.2013), Jarre (07.10.2013), Vardik! (07.10.2013), Նաիրուհի (07.10.2013)

  20. #11
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկ, շատ լավն էր ընտրածդ գործը։ Թարգմանության մասին էլ չասեմ։

    Ինձ միայն էս նախադասությունը մի քիչ անհարթ թվաց
    Ու հիմա մենք վերադառնում ենք տուն՝ մեզ վրա կրելով մեր իմացության բեռը:
    «Մենք»-ի տարբեր ձևերը ոնց որ շատ են խեղդում նախադասությունը, մեկ էլ ընդգծածս արտահայտության մեջ ինչ-որ բան դուրս չի գալիս: Իսկ եթե «մեզ վրա»-ն հանե՞ս։ Կամ «վրա»-ն փոխարինես, ասենք, «ուսերին»-ով կամ համարժեք այլ բանով։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (07.10.2013)

  22. #12
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    «Մենք»-ի տարբեր ձևերը ոնց որ շատ են խեղդում նախադասությունը, մեկ էլ ընդգծածս արտահայտության մեջ ինչ-որ բան դուրս չի գալիս: Իսկ եթե «մեզ վրա»-ն հանե՞ս։ Կամ «վրա»-ն փոխարինես, ասենք, «ուսերին»-ով կամ համարժեք այլ բանով։
    Ուսերինը անմիջապես հետո ա գալիս, լավ չի լինի։ Գուցե «Եվ հիմա, իմացության բեռի տակ կռացած, մենք վերադառնում ենք տուն»։ Եսիմ, լիքը տարբերակներ կան ։)։
    DIXI
    carpe noctem

  23. #13
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկ ջան, մերսի՛։ Իմ համար շատ հաջող թարգմանություն է։ Ընտիր է։ Արդեն ծանոթներիցս մի քանի հոգու հղումը տվել եմ, կարդացել են։ Շատ են հավանել։
    Հայկ, ես էս պատմվածքը համ անգլերեն եմ կարդացել մի քանի անգամ ու մի երեք անգամ ավեի շատ ռուսերեն լեզվով։ Բայց թարգմանությունդ լրիվ ուրիշ տպավորություն թողեց։ Կարծես թե առաջին անգամ եմ կարդում։ Մերսի նոր զգացողությունների համար։

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (08.10.2013), Vardik! (08.10.2013), Հայկօ (08.10.2013), Նաիրուհի (09.10.2013)

  25. #14
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    լավն էր, առաջ էս պատմվածքը չէի կարդացել, արհեստական ոչ մի բան չկա, որ զգացվի, որ թարգմնություն ա:
    Հեռախոսդ շնորհավոր)

  26. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (12.10.2013), Vardik! (12.10.2013), Հայկօ (12.10.2013), Նաիրուհի (25.10.2013)

  27. #15
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արդեն ինչքան ժամանակ է այս թեմայի tab-ը բաց էր թե՛ տան, թե՛ աշխատավայրիս համակարգիչների browser-ում, որ հենց հաջողացնեմ, կարդամ, ու միայն այսօր ստացվեց: Շնորհակալություն կատարածդ աշխատանքի համար, Հայկ, մեծ ու լուրջ գործ ես անում:

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մյուս գիտնականները կարող են նույնքան կամ, հավանաբար, ավելի հեշտությամբ հասկանալ ու մեկնաբանել դրանք, ինչքան ես:
    Այս նախադասության մեջ ընդգծածս բառը խոչընդոտ ստեղծեց, մտքիս թելը կտրվեց: Փորձեցի նորից կարդալ նախադասությունը, ավելի լավ տարբերակ գտնել, բայց ընդհանուր առմամբ այս տեսակ նախադասությունների դեպքում հայերենում չգիտեմ՝ որն է ճիշտ:
    Մյուս գիտնականները կարող են նույնքան հեշտությամբ հասկանալ ու մեկնաբանել դրանք, ինչքան ես:
    Մյուս գիտնականները կարող են, հավանաբար, ավելի հեշտությամբ հասկանալ ու մեկնաբանել դրանք, քան ես:
    Այս երկու տարբերակներն ինձ համար միանշանակ են, իսկ այ երբ պետք է լինում միացնել՝ «․․․ նույնքան կամ ավելի․․․», արդեն չգիտեմ՝ «ինչքանն» է ճիշտ, թե «քանը»։ Օրինակ իմ ականջի համար ավելի սահուն կլիներ «…, քան ես» տարբերակը:
    Չգիտեմ, երևի սուբյեկտիվ ընկալում է, կարող ես շատ չկենտրոնանալ:

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու հիմա մենք վերադառնում ենք տուն՝ մեզ վրա կրելով մեր իմացության բեռը:
    Իսկ այս նախադասությունը, թեև ինձ անհարթ չթվաց ընդհանուր տեքստում, բայց եթե փոխես, առաջարկում եմ, օրինակ, հետևյալ տարբերակը.
    Ու հիմա մենք վերադառնում ենք տուն՝ մեզ վրա կրելով մերայս իմացության բեռը:

    Իսկ պատմվածքի մասին՝ վատը չէր, նույնիսկ հետաքրքիր էր, բայց ես մի տեսակ իմաստը չտեսա։ Ընդամենը պարզել էին Բեթղեհեմի աստղի առեղծվածը։ Ու ի՞նչ կապ ուներ դա աստծուն հավատալու կամ չհավատալու հիմքերի հետ։ Իմ պատկերացմամբ՝ ոչ մի։
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (25.10.2013)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Լույսը չի բացվի». Արթուր Կլարկ
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Թարգմանություններ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 25.10.2013, 17:22
  2. «Աստծու ինը միլիարդ անունները». Արթուր Կլարկ
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Թարգմանություններ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 05.10.2013, 07:14
  3. «Աստվածների սնունդը». Արթուր Կլարկ
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Թարգմանություններ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 02.10.2013, 13:28
  4. Արթուր Ռեմբո
    Հեղինակ՝ Կաթիլ, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 30.01.2010, 11:42
  5. Արթուր Գիլոյան
    Հեղինակ՝ Javakhk, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 01.07.2008, 05:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •