....
Բ. Հայտարարության մեջ պնդում է արվում, թե հակամարտության հետ կապված Ադրբեջանի որեւէ մասի պատկանելությունը «չպետք է կասկածի տակ առնվի»: Ակնհայտորեն ակնարկվում է Լեռնային Ղարաբաղը: Բայց չէ՞ որ հենց դա է հակամարտության էությունը, հակասությունների բուն միջուկը: Գլխավոր վիճելի խնդիրը Լեռնային Ղարաբաղի պատկանելությունն է Ադրբեջանին, Հայաստանին կամ ինքն իրեն:
Այն բանից, որ կողմերից յուրաքանչյուրը տարածքը համարում է «անվիճելիորեն իրենը», ոչինչ չի փոխվում. վեճը բնավ չի լուծվում եւ չի անհետանում: Կողմերից յուրաքանչյուրը վախենում է թուլացնել իր դիրքերը իրատեսական այն խոստովանությամբ, որ դա վիճելի հարց է: Իրատեսության այդ անկարողությունը հենց առաջացնում է անզիջողականություն, խանգարում վեճի լուծման քաղաքակիրթ միջոցների ընտրությանը:
Այդ վեճն արդեն հայտնի է գրեթե ողջ աշխարհին (բայց ոչ թե կողմերին): Եվ այն անհնար է լուծել հայտարարություններով կամ հմայական խոսքերով, որքան էլ դրանք կտրական հնչեն: Անհրաժեշտ են ուրիշ, բայց խաղաղ միջոցներ:
Կարեւոր է, որ հայտարարության հեղինակները համաձայն են Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման համար հանրաքվե անցկացնելու մեխանիզմին: Բայց «ինչպես դա պահանջում է ադրբեջանական իրավական համակարգը» բառերի հավելումը ոչնչով չի տարբերվում «ո՛չ, նա այնուամենայնիվ անվիճելիորեն մերն է» ձեւակերպումից: Չէ՞ որ հանրաքվեն պետք է որոշի ԼՂ կարգավիճակը եւ բնավ ոչ այն, թե ինչպես է դա ամրագրվելու ԱՀ սահմանադրության մեջ: Նախարար Է. Մամեդովը հասարակական գործիչներից ավելի անկեղծ գտնվեց՝ հանրաքվեն հանգեցրեց հանրային կարծիքի հարցմանը եւ վերջ:
Նման հարգարժան գործիչների եւ հայացքների ժողովրդավարությամբ լայնորեն հայտնի հմուտ քաղաքագետների ինչի՞ն է պետք այդ ինքնախաբեությունը (թեեւ դա միաժամանակ նաեւ խաբեություն է): Հաճախ վկայակոչում են ԱՀ սահմանադրությունը, որը թույլ է տալիս հանրաքվեներ անցկացնել միայն համազգային մասշտաբով: Բայց չէ որ այդ խորամանկությունը շատ բացահայտ է: Հայտարարության հեղինակները որքանո՞վ են համոզված, թե այդ նորման միանգամայն ժողովրդավարական է եւ անաչառ: Ձեզ չի՞ թվում արդյոք, որ այն հիմնական օրենքում գրված է հենց Ղարաբաղի հակամարտության պատճառով, որպեսզի թույլ չտրվի ԼՂ բնակչության կամքի ազատ արտահայտում:
Ասենք, ամեն մի կիրառական հարց էլ գլուխկոտրուկ է: Ո՞վ կանցկացներ համազգային հանրաքվե: ԱՀ սահմանադրությունը չի նախատեսում, որ դա լինի ԵԱՀԿ-ն: Իսկ եթե անցկացնեն Ադրբեջանի իշխանությունները, ապա ինչպե՞ս կձեւակերպեն հարցը կամ հարցերը: Եվ կքվեարկե՞ն արդյոք Ղարաբաղի հայերը (չէ՞ որ ադրբեջանցիներին հանձնարարվեց չքվեարկել 1991 թ. դեկտեմբերի 10-ին): Եվ կարելի՞ է արդյոք ԼՂ կարգավիճակը որոշել առանց նրա բնակչության մեծամասնության մասնակցության:
Ամենքիդ հայտնի է, թե տարածաշրջանների կարգավիճակին նվիրված հանրաքվեներն ինչպես են անցկացվում միանգամայն ժողովրդավարական համարվող երկրներում: Քվեարկում են նրանք, ում դա վերաբերում է ուղղակիորեն, եւ ոչ թե անուղղակիորեն: Իրենց կարգավիճակի առթիվ քվեարկել են միայն Քվեբեկը (եւ ոչ թե ամբողջ Կանադան), Կատալոնիան (եւ ոչ թե ողջ Իսպանիան):
«Հայկական հարցի» շուրջը Բաքվում տիրող իրական մթնոլորտը մոտ ապագայում իդիլիաներ չի խոստանում: Գրեթե բոլոր հայերը փախել են Ադրբեջանից (բացի խառնազգի ընտանիքներից), իշխանությունն արգելում է շփումները հայերի հետ (նույնիսկ հասարակական գծով), ԼՂ-ին հեռացնում է բանակցություններից, ատելություն բորբոքում, իսկ ձեր հայտարարության մեջ առկա են այնպիսի բարեհաճ ձեւակերպումներ, ինչպիսիք են «ադրբեջանցիների վերադարձը Լեռնային Ղարաբաղի իրենց տներ», «միջհամայնքային երկխոսությունը» եւ այլն: Այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ եւ տեղի է ունենում, հեշտ չի լինի վերադառնալ «խաղաղ գոյակցությանը»: Ատելություն բորբոքելն ավելի հեշտ է, քան այն հաղթահարելը: Դրան 10-15 տարին էլ չի բավականացնի: Բացի դրանից, ի՞նչ կարիք կա հետաձգել հանրաքվեն մինչեւ ներկայիս նախագահի երկրորդ մանդատի ավարտը: Մի՞թե դա չափանիշ է:
Անշուշտ, ապագայում հարկավոր է երկու ազգերի հաշտեցման ուղին ընտրել հենց այդ հակամարտության հաղթահարման շնորհիվ: Այս առումով անկախ Ա. Ղուկասյանի որեւէ մեկին դուր գալու կամ չգալու հանգամանքից, արժե վճռականորեն պաշտպանել տարածաշրջանում պատմական հաշտության հասնելու վերջերս նրա արած կոչը: Մինչեւ օրս ղեկավարները դեռ չէին համարձակվել հարցն այդպես առաջադրել:
Հիշյալ հարցերի կամ գոնե դրանց մի մասի առթիվ կուզենայի լսել ձեր առավել առարկայական եւ ազատ դատողությունները, որոնք սահմանափակված չլինեին պաշտոնականությամբ: Իհարկե, միջնորդները դեռ շատ բան չեն վերջնամշակել կամ ասել: Կկարողանա՞ն արդյոք ավելի շատ բացահայտել իրենց առաջարկությունները հակամարտող կողմերի նախագծումների հիման վրա, եթե նույնիսկ դրանք չեն համաձայնեցրել: Դա անօգուտ չէր լինի, թեեւ առայժմ հազիվ թե հնարավոր լինի:
Անկախ դրանից արժե շարունակել եւ ընդլայնել խաղաղ կարգավորմանը նվիրված հասարակական քննարկումը: Եվ դրա համար անհրաժեշտ ամենագլխավոր բանը նորին մեծություն Փաստարկն է: