Տիկին Սիլվան ու խղճուկ մանչուկը
Պապիս՝ Սաղաթել Հարությունյանի ծնունդներն այնքան շատ են եղել, որ չեմ հիշում, թե որ ծնունդին քանի տարեկան է դարձել: Հիշում եմ, որ անչափ սիրում էի իր ծնունդները, ու եթե անգամ տարվա մեջ օրերը չէի հաշվում, թե երբ պետք է վերջապես գա իր ծննդյան օրը, մեկ է, երբ մոտենում էր այդ օրը, մեջս ինչ-որ անհանգիստ սպասում էր արթնանում:
Սա մի քիչ տարօրինակ է, որովհետև պապիս ծնունդները պետք է որ ձանձրալի լինեին երեխեքի համար: Բայց կային բաներ, որ ինձ գրավում էին: Նախ դա օր էր, երբ հանդիպում էի որոշ ազգականների, որոնց տարվա մեջ ուրիշ ոչ մի օր չէի տեսնելու, ու թեկուզ նրանցից ոմանց չէի սիրում, բայց հանդիպելը հետաքրքիր էր: Հետո պապս ունենում էր ուրիշ, ոչ ազգական հյուրեր, որոնք մեծ երազանքներով փոքր երեխայի համար բավական հետաքրքիր էին. գրողներ, արվեստաբաններ, տարբեր գործիչներ, հայտնի մարդիկ: Միշտ էլ հետաքրքիր էր լսել իրենց՝ հաճախ բավական դատարկ, փիլիսոփայական, երբեմն չափազանց մեծամիտ զրույցները:
Իսկ բացի սրանից պապիս ծնունդները սիրում էի, որովհետև միշտ ինչ-որ օրիգինալ ու տարօրինակ բան կարող էիր գտնել սեղանի վրա: Այդ տարօրինակ բաների մի մասը հետադարձ տարօրինակ չեն, բայց այդ տարիների ու իմ համար դրանք զարմանահրաշ հեքիաթներ են: Օրինակ երբեք չեմ մոռանա, թե ինչպես կոկոս կերանք: Մինչ այդ ես չէի հավատում, որ նման միրգ կա, կոկոս տեսել էի միայն ինչ-որ մուլտֆիլմում ու կարծում էի, թե նույնքան հնարված բան է, որքան որ հնարված են «Դե սպասիր»-ի նապաստակն ու գայլը, Թոմը, Ջերրին, յոթ թզուկները, Կառլսոնն ու մյուսները: Բայց պարզվեց, որ ոչ միայն հնարված չի, այլև պապիս տանը կա, ու ինքը հպարտությամբ մեզ հյուրասիրեց այդ խայտառակ վատ համով միրգը, որը հետո շատ ու շատ երկար տարիներ էլ չեմ ուզել փորձել, որտև վստահ էի՝ զզվելի բան է: Իսկ իրականում երևի իր ունեցածն էր թթված ու ոչ ավելի:
Բայց բացի նման էկզոտիկ, բայց հայտնի կամ բնական ուտելիքներից պապս սիրում էր ինքը «արարել» ու իր տանը միշտ կգտնեիր իր ձեռքով քաշած անիսոնի համով բալի լիկյոր, իր ձեռքով սարքած կաթնագույն ինչ-որ ալկոհոլային խմիչք, տարատեսակ տարօրինակ ճաշեր՝ իր սեփական ռեցեպտով: Դրանցից ամենաշատը տպավորվել է «Բամբակաշատի ճաղճաղակը»: Արտակարգ համով մի ուտելիք, որը պապս որոշել էր դարձնել Բամբակաշատի ազգային ուտեստ: Ու որպեսզի գործը գլուխ գա, ինձ, որ դեռ նոր էի սովորում համակարգչային ծրագրերը, պատվիրել էր բաղադրատոմսը սիրուն սարքել ու տպել: Հիմա էլ եթե գնաք Բամբակաշատ, շատերի տներում կգտնեք մոտ 15-18 տարի առաջ սարքած այդ բաղադրատոմսը, որը սարքելուց կիրառել էի սովորածս բոլոր տեխնոլոգիաները, ամեն ինչ խառնել իրար, ու ձևավորման մեջ եղած՝ իրար չսազող դետալները այնքան շատ էին, որքան որ շատ էին Բամբակաշատի ճաղճաղակի մեջ մտնող մթերքների տարատեսակները: Ու երևի հենց դա էր պատճառը, որ գյուղում բոլորը շատ հավանել էին ձևավորումս, ինչպես որ հավանում էին Բամբակաշատի ճաղճաղակը:
Ահա այսքան հետաքրքիր բաներ կային պապիս ծնունդին ու հերթական ծնունդին իհարկե շտապել էի այնտեղ: Պապս հիվանդ էր: Այնքան հիվանդ էր, որ ոմանք երևի թե մտածել էին, թե պապիս վերջն եկել է, դրա համար այդ օրը հյուրերն ավելի շատ էին: Կային նաև հյուրեր, որոնց հատկապես էին մեծարում: Օրվա զարդն էլ պետք է լիներ Կապուտիկյան Սիլվան: Պապիս ուրիշ որևէ ծնունդ չեմ հիշում, չհաշված «մեծարման երեկոները», որ տիկին Սիլվան ներկա լիներ, ու երևի հենց դա էր պատճառը, որ պապիս կինը խառնված վազում էր տան մի ծայրից մյուս ծայրն, խառնված հրահանգներ տալիս սրան ու նրան: Պապիս կինն եմ գրում, որովհետև տատս չէր, չնայած ինձ լավ տատություն արել է: Իսկական տատս մահացել է ծնվելուցս շատ առաջ, ու ես այդ բարի կնոջը գիտեմ միայն պատմություններով ու նկարներով:
Հերթական հրահանգն ինձ էր.
- Արտակ, տիկին Սիլվան շուտով կհասնի, տաքսիով է, իջիր, դիմավորիր:
- Ինչի՞ համար, - նեղսրտեցի, - տան տեղը գիտի, չէ՞:
- Կապ չունի, նման հյուրերին պետք է լավ դիմավորել, - ինքը մեծ պատկառանք ուներ Կապուտիկյանի նկատմամբ:
Թեկուզ դժգոհ էի, բայց էլ չերկարացրի, իջա դիմավորելու: Պապիս շենքից քչերին էի ճանաչում: Երեխաներից առավել ևս քչերին: Ու պարզապես բարեբախտություն էր, որ հենց ծանոթ երեխեքն էին բակում խաղում: Մոտեցա, սկսեցինք զրուցել: Քիչ անց տեսա տաքսի է մտնում բակ: Արդեն պարզ էր որ ինքն էր, բայց տեսողություն լարեցի, նայեցի ու ապակու հետևից տեսա, որ իսկապես ինքն է:
Տաքսին կանգնեց մուտքի մոտ: Մոտեցա ու բացեցի դուռը, որ իջնի: Նայեց ինձ: Դեմքին հաղթական ժպիտ հայտնվեց, շուռ եկավ վարորդ կողմը.
- Տեսնու՞մ եք, նույնիսկ այս անծանոթ բակի խղճուկ մանչուկը հեռվից ինձ տեսնելով ճանաչեց, իսկ Դուք չճանաչեցիք, - ու իրենից գոհ իջավ մեքենայից:
Էջանիշներ