Ես տղամարդ եմ դառնում
Էն տարիներն էին, որ մեր բակի տղերքը ամբողջ օրը կողքի բակում էին: Անուլն ու Մերին էին պատճառը, ում սիրահարված էր ամբողջ թաղը: Մեղքս ինչ թաքցնեմ, երկուսին էլ հասցրել եմ սիրահարվել: Բայց մեր բակի աղջիկներին չէի դավաճանի, մանավանդ որ ում էլ սիրահարված լինեի, մեր բակի Նելլին կար ու կար: Էս աղջիկներից ոչ մեկն էդպես էլ չիմացավ, որ ես իրենց սիրահարված եմ եղել: Կամ էլ գուցե իմացել են, բայց ոչ թե իմ համարձակության, այլ իրենց աղջկական բնազդով:
Բայց դե պատմություն դրա մասին չի, սա ուղղակի, ժամանակագրութան համար: Սա նշանակում է, որ պետք է լինեի չորրորդ կամ հինգերորդ դասարացնի, ուրեմն մոտավորապես 10 տարեկան մի երեխա:
Չգիտեմ, պատճառը Անուլն ու Մերի՞ն էին, թե՞ չէ, բայց իմ ու տղերքի տարբերությունը մենակ ամբողջ օրն իրանց բակում լինելը չէր: Ես մի տեսակ ուրիշ էի, տարված իմ մտքերով, երազանքներով, իմ հորինած աշխարհով: Ու փորձում էի, ամեն գնով փորձում էի տղամարդ դառնալ, ինքնուրույն լինել: Ու երևի դա էր պատճառը, որ ավելի շատ ձգտում էի մեծ շրջապատներին, փորձում լինել ավելի տարիքովների հետ:
Ու իմ տարբերվելու էդ վառ շրջանում բախտի քմահաճույքով որոշեցին մեր շենքի էլեկտրալարերը փոխել: Հիմա որ մտածում եմ, ապշում եմ ուղղակի, թե ոնց կարող էին նման գործի համար ուղարկել ընդամենը մի մարդու, մի ջահել տղու, երևի երեսուն տարեկան: Բայց դե կարող է իրենք նախօրոք գիտեին, որ էդ շենքում ես կամ ու ամեն ինչ նորմալ էր: Իմ ձտգումը լինել մեծերի կողքին, լուրջ գործով զբաղվել, ինձ միանգամից ուղարկեց Արծրունի մոտ:
Արծրունն էլ իմ ընկերությունից էր գոհ. թեկուզ տաս տարեկան էի, բայց անկեղծ իրեն օգնում էի, ու օգնում էի ոչ միայն ոտի տակ ընկնելով, այլ իսկապես գործ անելով: Լավ օրեր էին: Մի կողմից ինքնահաստատվում էի, մյուս կողմից՝ սովորում: Արծրունը լավ ուսուցիչ էր, չնայած իրականում ինքն էլ փորձի մեծ պակաս ուներ: Ու էսպես շենքի լարերը փոխելով գնում էինք. մուտք առ մուտք, յուրաքանչյուր բնակարան մտնելով:
Մի զարմանալի բան նկատեցի էդ օրերին: Մարդիկ մինչ այդ բողոքում էին, որ լարերը վատ վիճակում էին, հայհոյում ու պախարակում էին, բայց հիմա, երբ փոխում էին, մեծ մասը դժգոհությամբ էին ընդունում Արծրունին, խեղճ տղայի վրա թափում էին իրենց հերսն ու դժկամությամբ համաձայնվում, որ լարը մինչև տուն հասցնի:
Ու էսպես շրջում էինք տներով, երբ Արծրունը սովածանում կամ սուրճ էր ուզում, հպարտ իրեն ուղեկցում էի մեր տուն, մերոնք էլ սիրով ընդունում ու հյուրասիրում էին: Ու էս միալար պրոցեսը կշարունակվեր, եթե չհասնեինք մեր մուտքի վերջին բնակարանին:
Դուռը ծեծեցինք, հեռվից լսվեց խուլ ձայնը. «ո՞վ է»: «Լարերն ենք փոխում», - բարձր ձայնեց Արծրունը: Անցավ մի քանի րոպե, ձմեռային գլխարկը գլխին ծուռ դրած, պիժաման հագին դուռը բացեց Հենրիկ Սևանը:
- Եկեք, - ասաց ու շարժվեց դեպի խոհանոց:
- Չէ, գալ պետք չի, - միանգամից արձագանքեց Արծրունը, մենակ դռան մոտ անցք բացենք ու լարը մտցնենք տուն:
- Ոչ մի գործ, քանի մի կտոր բան չենք կերել, - Հենրիկ Սևանի ձայնը հրամայական էր:
- Չէ, չէ, ի՞նչ եք ասում: Կուշտ եմ համ էլ: Արագ գործն անենք ու գնամ:
- Նե՛րս արի:
Արծրունը սկսեց քայլել դեպի ներս, ես դեպի ներքև: Մտածեցի բակում կամ մի տեղ կսպասեմ, մինչև պրծնեն: Մեկ էլ դռան հետևից հայտնվեց Սևանի գլուխը.
- Էս ու՞ր:
- Ներքև, - ամոթխած ու կամաց պատասխանեցի:
- Հլը արագ վերև արի:
Անհաստատ քայլերով սկսեցի բարձրանալ:
- Շու՛տ:
Անցա վազքի ու մի վայրկյան անց իր տանն էին: Գնացինք խոհանոց: Սևանը դանդաղ ու հանգիստ քայլերով մոտեցավ սառնարանին, բացեց դուռը ու հանեց... բորբոսնած պանիր: Շոկի մեջ էի, մանավանդ երբ տեսա իր հպարտ հայացքը, էդ թափոնը սեղանին դնելիս: Մտածում էի՝ լավ, էս մա՞րդը խելքն էնքան է գցել, որ չի՞ տեսնում որ բորբոսնած է: Ու մինչ ես էս մտքերով էի, մեկ էլ լսեմ Արծրունի հիացած ձայնը.
- Իսկական չեչի՜լ, միլիոն տարի չեմ կերել:
Զարմանքս հասավ գագաթնակետին: Բայց երևի իմ աչքերը մատնում էին էդ զարմանքը, Հենրիկ Սևանը զվարթ ձայնով դարձավ ինձ.
- Հը՞, Արտակ, կյանքում իսկական չեչիլ չե՞ս տեսել:
- Էս փչացած չի՞, - հարցրի զարմացած:
- Չէ, ինչ փչացած, աշխարհի ամենահամով բանն ա, հեսա կուտես. Կտեսնես՜
Հետո սեղանին դրեց հաց ու պահարանից հանեց արաղի կիսատ շիշը: Բացեց թե չէ, ծիրանի թունդ արաղի հոտը բռնեց սեղանը, էնքան որ հոտին չդիմանալով հազացի:
- Հը, խմու՞մ ես, - հարցրեց ինձ, ծիծաղն անհաջող թաքցնելով:
- Հա, բա ո՜նց, - չեք մոռացել, չէ, որ ուզում էի տղամարդ դառնալ:
Ինձ քիչ լցրեց, իրենց շատ:
- Բարով տեսանք, - ասաց սովոր ձայնով: Բաժակները խփեցինք: Արծրունն ու Հենրիկը մի կումով դատարկեցին: Նայեցի, հասկացա որ ձևն էդպես է, նույնն արեցի:
Հետո չեչիլից պոկեցի, իրենց նման ու տարա բերանս: Անմահական բան էր, համը մինչև հիմա բերանումս է, էլ երբեք նմանը չեմ կերել: Հետո.. հետոն լավ չեմ հիշում: Հիշում եմ, որ երգելով մտա տուն: Հիշում եմ, որ Արծրունը հետևիցս վախեցած ու ամաչկոտ ձայնով մորս ասում էր. «կներեք...»: Իսկ ես տանն էի ու հպարտ գոռում էի.
- Արդեն տղամա՛րդ եմ...





Մեջբերել
։

իսկ ճաշի բաղադրատոմսն ինձ էլ ահավոր հետաքրքրեց...


Էջանիշներ