Ես՝ հավատացյալ
Երևի թե կես տարեկան եմ եղել, երբ կնքվել եմ: Իհարկե դա չի եղել իմ ընտրությունը, բայց ես դժգոհ էլ չեմ: Ու չնայած սրան ես չեմ ապրում թունդ հավատացյալների ընտանիքում: Պետք է խոստովանեմ, որ ծնողներիս հետ երբեք մանրամասն այս թեմաներով չեմ խոսել, բայց հակված եմ կարծել, որ նման է հայ ընտանիքների մեծ մասի դեպքին, երբ որպես ազգային ինքնության մաս ճանաչվում է Հայ Առաքելական Եկեղեցին, երբ կնունքը դիտարկվում է որպես արարողակարգ, որն ավելի մեծ պատասխանատվություն է ստեղծում, բարոյական արժեքներ սահմանում, ինչու չէ, նաև մերձեցնում երկու ընտանիքների (քավորի և սանիկի ընտանիքներին):
Ինչևէ: Չնայած կնունքիս, ես կրոնական դաստիարակություն չեմ ստացել: Ապրել եմ ինչպես մեր թաղի բոլոր երեխաները, կրթվել եմ, ծնողներիս կողմից դաստիարակվել, ինձ աստիճանաբար ինձ փոխանցվել է մարդկային բարոյական արժեքների կոդեքսը: Դեռ նոր տառաճանաչ՝ սկսել եմ կարդալ:
Կարդալուն ինձ մայրս է հակել: Սկսում էր որևէ հեքիաթ կարդալ, հասնում էր ամենահետաքրքիր տեղին ու «հանկարծ հիշում», որ կիսատ թողած, կարևոր գործեր ունի: Մի քանի անգամից հետո ստիպված ինքս սկսեցի շարունակել կիսատ տեղից: Սկզբից տառ-տառ, հետո բառ-բառ, հետո արդեն ամբողջական գրքերի էի կլանում: Ամենից շատ սիրում էի արկածային գրքերը, մանավանդ «Գանձերի կղզին», «Սև նետը», ուրիշներ: Մի անգամ չի, որ մտքումս Ջիմ Հոքքինզի, Թոմ Սոյերեի ու Հեքլբերի Ֆիննի հետ գնացել եմ ոսկի որոնելու: Բայց ուզելով կամ չուզելով կարդում էի նաև ուրիշ գրքեր, հանրամատչելի, ուսուցողական: Հիշում եմ, որ նստած մանկական հանրագիտարան էի կարդում:
Երբեմն էլ պապս էր հատուկ գրքեր բերում նվիրում, որոնք իր կարծիքով պետք է օգնեին իմ զարգացմանը: Այդ գրքերից մեկն էլ Մանկական Աստվածաշունչն էր: Մանուշակագույն կազմով այդ գիրքը շատ արագ դարձավ իմ սիրելին: Կլանեցի շատ արագ: Բայց դրանում շատ քիչ բան կար ու իմ հարցերն անպատասխան էին: Այնպես որ թերևս տարօրինակ չէր, որ ծնողներիցս պահանջեցի ու ստացա ամբողջական Աստվածաշունչը, իհարկե զուտ ինքնակրթվելու համար: Բայց քանի կարդում, այնքան տարվում էի: Ու շուտով ես հավատացյալ էի: Էն էլ՝ խփնված հավատացյալ:
Պատկերացրեք, հավանաբար 10-12 տարեկան երեխեք, ովքեր բակում խաղալուց իրար մի քիչ էլ ծեծում են, իսկ դու չես ծեծում, որովհետև Աստվածը դա չի թույլատրում: Ես միայն վազում է մոտակա մուտքն՝ աղոթելու համար: Ծաղրի առարկա էլ դարձա: Ընկերներս ծաղրում էին հավատս, հարազատներս մտահոգվում. ամեն դեպքում դա սովորական հավատ չէր, ես շատ էի տարվել:
Ժամանակի ընթացքում իհարկե սովորեցի ավելի զուսպ լինել, շատ ցույց չտալ: Բայց ինչքան հիշում եմ, մեկ է, առանց աղոթելու չէի պառկում քնելու: Իսկ այդ ընթացքում ինչ ասես լինում էր: Օրինակ պապս բերել էր հերթական գիրքը նվիրելու՝ ինձ ու եղբորս, էս մեկը սեռահասունության մասին էր, նախատեսված երեխեքի համար, որ էստեղ-էնտեղից չլսեինք: Բայց պատահական լսեցի պապիս՝ ծնողներիս թաքուն ասածը. «Բայց երևի Արտակից հեռու պահեք, ինքը որ մի բան կարդում ա, շատ ա տարվում»: Մինչև հիմա էլ չգիտեմ, կատակու՞մ էր, թե՞ լուրջ վախեցած էր, բայց գիտեմ, որ ծնողներս ինձնից գիրքը չթաքցրին, իսկ ես մեկ է որպես արգելված պտուղ արագորեն կլանեցի, խոստովանում եմ, էդպես էլ լուրջ բան չհասկանալով:
Եթե այդ գրքի համար կատակ էլ էր անում, Ղուրանն ինձնից հաստատ թաքցնում էր պապս: Ուրիշ գրքերի հետևում: Երևի մտածում էր, հանկարծ էս տղեն մուսուլման չդառնա: Գուցե նաև հենց Ղուրան արգելված պտուղն էր պատճառ, որ սիրում էի պապիս տանը մնալ, ու թաքուն հանում, կարդում էի:
Ու էսպես երջանիկ ապրում էի, մինչև քեռիս քաղցկեղով հիվանդացավ: Որոշ հավատացյալներ կասեն, որ ես փորձությանը չդիմացա: Իսկ ես չկարողացա այդպես էլ հասկանալ, թե ոնց կարող է Աստված լինել, ու թողնի, որ իմ, բոլորին հասնող, իմ բարի, իմ սիրելի, նոր-նոր զավակ ունեցած քեռին այդպես տանջվի, հյուծվի ու... մահանա: Քեռուս մահը կյանքս լրիվ փոխեց: Ես փակվեցի իմ մեջ: Դադարեցրի կարդալը: Օրերով նստում կամ պառկում էի ու մտածում: Չէի ծիծաղում, չէի ժպտում: Հեռուստացույց չէի նայում: Երևի երկու ամիս: Ու այդ երկու ամսում մանրամասն քննում էի իմ կյանքը, վերաիմաստավորում իմ հավատը: Չգիտեմ, էդ տարիքի տղան ինչ է հասկանում կյանքից, բայց երևի առաջին անգամ սկսեցի մոտենալ ագնոստիցիզմին, չնայած իհարկե այդ տերմինն ինձ անծանոթ էր, երևույթը նույնպես: Այդպես էլ չկարողացա հավատալ, որ ինչ-որ անբացատրելի ուժ, որի ծագումը չգիտենք, չկա: Բայց նաև չկարողացա, այլևս, հավատալ այն Աստծուն, ով իր զավակներից լավագույններին չի տալիս ապրելու հնարավորություն, զավակին մեծացնելու, մարդ սարքելու հնարավորություն: Սա չէր միակ պատճառն, իհարկե, շատ էի խորացել, բայց սա էր շարժառիթն ու սա էր հիմնական հարվածը, որ փոքրիկ հավատացյալը ստացել էր: Ես այլևս հավատացյալ չէի:
Էջանիշներ