Վոլտերա-ի խոսքերից
Տարբերակ 5.
Ռոմանտիկա
Նոր էի ավարտել համալսարանը: Ինձ սուպերմեն զգալը տևեց մինչև աշխատանքի անցնելը, հետո հասկացա, որ երկրումս դասագրքային ու պրակտիկ իրավաբանությունը տարբեր մոլորակներ են, որ գտնվում են տարբեր արեգակնային համակարգերում: Այն, ինչի իմ կարծիքով գերազանց տիրապետում էի, ինձ բնավ հարկավոր չէր աշխատանքում: Ավագ կոլեգաներս բացակայում էին. մեկն արտասահմանում էր, մյուսին անգամ դեռ չէինք գտել:
Աշխատավայրս նորաստեղծ կառույց էր: Դեռ երկուսով էինք ես՝ իրավաբան ու իմ տնտեսագետ գործընկերուհին՝ համակարգող: Քաղաքացիները լսում էին անվճար իրավաբանական խորհրդատվություն կոռուպցիոն կամ կոռուպցիոն ռիսկ պարունակող գործերով ու հասկանում այդքանից միայն անվճար իրավաբանական խորհրդատվությունը: Մերժել դեռ չէի սովորել: Եթե մարդ դիմել էր օգնության խնդրանքով, օգնում էի՝ կազմակերպությանը ոչ ընդդատյա գործերն անելով առանց փաստաթղթավորման: Երբեմն գիշերը լուսացնում էի օրենսգրքերը քրքրելով ու օրհնում իրավաբանական կլինիկան, որ ժամանակին ատում էի, բայց ուր սովորել էի քիչ թե շատ գլուխ հանել տարաբնույթ բողոքներից, ահավոր ցածր իրավագիտակցություն ունեցող, իսկ որոշ դեպքերում գրեթե գիտակցություն չունեցող ու պարապ ականջ փնտրող մարդկանցից:
…
Սենյակում իրեն նյարդային պատեպատ տվող ճանճը ստիպում էր հայացքս բարձրացնել թղթերի բուրգից ու իրեն նայել: Հետո էլ ավելի հուսահատված խորանում էի փաստաթղթաօրենսգրքային քաոսում: Սկզբում, երբ մեր մասին դեռ չգիտեին, ուզում էինք այցելուներ լինեին, հիմա ես սրտանց ուզում էի մարդ չգար այնքան ժամանակ, մինչև կուտակված գործերը վերջացնեմ:
Այդպես չի լինում: Դռան անվստահ թակոցից հետո դուռը դանդա՜ղ բացվեց:
Կինը, որ անվստահ առաջ եկավ, կլիներ յոթանասուն տարեկան՝ իմ մոտավոր գնահատականն առաջին հայացքից: Հագին վառ գույնի հագուստ էր, վարդագույն կոշիկներ: Մազերը կեղտոտ էին, բայց խնամքով հարդարված: Վրայից տհաճ հոտ էր գալիս ու այդ ամենի մեջ առանձնանում էին աչքերը՝ խունացած, տխուր, բայց արտառոց գեղեցիկ կանաչ երանգի, տպավորիչ աչքերը: Ամեն ինչ լացելու չափ անհեթեթ էր:
Նա լուռ կանգնել էր դռան առաջ, անգամ չէր հարցնում՝ կարելի է, իսկ ես նրա արտառոց կերպարի պատճառով կիսաշոկային վիճակում գլխի չէի ընկել, որ կարելի է ներս հրավիրել: Չգիտեմ ինչքան տևեց քարացումս, բայց ի վերջո ուշքի եկա և հրավիրեցի նստել: Համակարգիչն այդ պահին հարկավոր չէր, բայց դիտավորյալ գնացի համակարգչի մոտ՝ կնոջից հնարավորինս հեռու, որ խուսափեմ ինձ հալածող գարշահոտից: Ստանդարտ բացող հարցերով սկսեցի իրավաբանական հարցազրույցը, որի արդյունքում պիտի պարզեի կնոջ հիմնախնդիրը: Նա լուռ էր:
-Միայն թե համր չլինի, - փայլատակեց մտքումս ու տեղում լեզուս կծեցի:
Հասկացա, որ իմ արհեստականորեն ստեղծած հեռավորությունն է խանգարում կնոջը խոսել, մոտեցա նրան, նստեցի կողքին ու նա վախվորած պատմեց իր պատմությունը: Նրա կիրթ հայերենն այնքան անհարիր էր իր պատկերին, որ պարբերաբար մտածում էի, թե երազ եմ տեսնում ու հիմա կարթնանամ:
Իր խոսքերով 18 տարեկան էր, երբ իրեն գյուղից առևանգել էր քառասունամյա ամուսինն ու բերել մոտակա քաղաքը: Վերադարձել էր ծնողների մոտ:
-Դու դեռ երկու պսակելու քուր ունես, ոնց գնացել ես, մնա, քուրերիդ անվան հետ մի խաղա, - ասել էր հայրն ու դուռը փակել աղջկա երեսին:
Դռան հետևից լսել էր մոր հեծկլտոցը:
-Մա՜մ:
-Հերդ ճիշտ ա ասում, գնա, քուրերիդ բախտին քար մի քցի, հետ դարձի, - լացի միջից ասել էր մայրը փակ դռան հետևից:
Վերադարձել էր ճարահատյալ: Ամուսինը դաժանաբար ծեծել էր: Հետո կյանքը քիչ թե շատ հունի մեջ էր ընկել: Միայն մի ամիս: Ամիսը դեռ չլրացած ամուսինը հայտարարել էր, որ չի պատրաստվում ձրիակեր պահել, որ անօժիտ աղջիկ իրեն հարկավոր չէ: Ծնողներն օժիտ տալ հրաժարվել էին.
-Նեղի ենք, ախպորդ նոր ենք ամուսնացրել, ձեռներիս փող չկա:
Ամուսինն էլ պնդել էր, որ դատական կարգով օժիտ պահանջի:
Դատարանը հայցը բավարարել էր, քանի որ ԽՍՀՄ ժամանակների պատմություն էր, աղջիկը 16 տարեկանից սեփական եկամուտ ուներ, ինչն էլ բռնագանձել էին ծնողներից:
-Էսօրվանից ես էրկու քուր ունեմ, դու իմ համար մեռած ես, աչքիս էրեվացիր, կտամ, գլուխդ կջարդեմ, տականք, մարդ էլ իր ծնողներին դնի, դատարան քարշ տա, - նիստից հետո հայտարարել էր եղբայրը:
Ամուսինն օժիտի գումարը մինչև վերջ խմել էր: Հետո նորից սկսվել էր նախորդ կռիվը ձրիակերության, «թե էս ինչ ղալաթ արեցի քեզ բերեցի» ու նման հարցերի շուրջ: Կինը վաղ առավոտյան մոտ 15-20 կիլոմետր կտրելով Սևանի ձկնորսներից ձուկ էր գնում, շալակած հասցնում շուկա, մինչև երեկո ինչ կարողանում էր, վաճառում էր, գումարը բերում, տալիս ամուսնուն, ստանում իր ծեծի չափաբաժինն ու ուժասպառ պառկում քնելու՝ հաջորդ օրը նույն դժոխքը կրկնելու համար: Այդպես երեսուն տարի, մինչև որ ոտքը հաշմվել էր, էլ ի վիճակի չէր եղել քայլել, ապրում էին հաշմանդամության թոշակով ու ընտանեկան նպաստով: Այդ ժամանակ նա արդեն 48 տարեկան էր, ամուսինը՝ 70: Երկու տարի հաշմանդամության թոշակ ստանալուց հետո, երբ ստիպված չէր օրեկան հիսուն կիլոմետրի չափ տարածք անցնել, կինը կազդուրվում է, ինչի արդյունքում հերթական փորձաքննությունն այլևս թոշակ չի նշանակում(հիսո՜ւն տարեկան, իսկ ես խեղճին յոթանասուն էի վերագրել):
Այստեղ էլ ամուսինը նրան տնից վռնդում է՝ դու էլ ինձ պետք չես: Կնոջը վռնդելուց հետո կապվում է ինչ-որ նախկին մարմնավաճառի հետ ու մեկընդմիշտ փակում դուռը նրա առաջ:
Այժմ կինը եկել էր խնդրելու, որ օգնեմ իրեն մի անկյուն ունենալ, ասում էր, որ քրոջ տանն է ապրում, բայց շուտով քրոջ ընտանիքը Ռուսաստանից կգա ու իրեն պարտադրում են ազատել տունը:
Նրա գնալուց հետո ճանճը հեգնախառն տզզոցով պտտվեց աչքերիս առաջ ու դուրս թռավ պատուհանից: Շշմած նայում էի հենց այն կետին, որտեղով դուրս թռավ ճանճը: Ամեն ինչ թվում էր ինչ-որ սերիալից գողացված էժանագին սցենար: Այդ օրն արդեն ոչինչ չարեցի:
Փորձը, որ այնքան էլ մեծ չէր, ամեն դեպքում, ցույց էր տվել, որ մարդկանց չի կարելի հավատալ: Ամեն բառ հարկավոր էր ճշտել: Յուրաքանչյուրը, դիմելով իրավաբանական խորհրդատվության, երբ խոսում էր, մարմնավորված անմեղությունն էր, իսկ շուրջը բոլորն անխտիր իր իրավունքների խախտմանը կոչված դժոխքի պատվիրակներ, որ եկել են իրեն լլկելու: Ամեն ինչ ներհայացվում էր հենց այդպես՝ պաթոսով, չափազանցված, անողոք: Ու շատ հաճախ ամեն ինչ պարզվում էր՝ հակառակն է:
Կնոջը խնդրել էի գալ երկու օրից, բերել անհրաժեշտ փաստաթղթերը (ցուցակը մանրամասն գրել, տվել էի, բացատրել), բայց կային բաներ, որ փաստաթղթերով ստուգել հնարավոր չէր:
Այցելության հաջորդ օրը սկսեցի գործել: Առաջին անգամ կյանքում խուզարկու խաղացի: Ոչ ոքի չէի ճանաչում այն բնակելի շենքում, որտեղ երեսուն տարի ապրել, իսկ իր նկարագրածով տառապել էր կինը: Կարճ ժամանակում պարզեցի, որ շենքում վարձով բնակարան են տալիս: Հենց կնոջ տան վերևի հարկում: Նայեցի բնակարանը: Հետո սկսեցի հարցուփորձ անել հարևաններից՝ ինչպիսի՞ մարդիկ են: Տանտերը բոլորի բոլոր պատմությունները պատմեց, բոլորի կեղտոտ ու մաքուր սպիտակեղենը շաղ տվեց իմ առաջ ու ամենաշատը խոսեց մեր այելուի չարաբաստիկ ամուսնուց: Իսկական Կապույտ մորուք էր բիձուկը. երկու կին թաղել էր նախքան քառասուն տարեկանում աղջիկ առևանգելը:
-Դրա ձեռը խեղճերը չմեռան, տանջամահ եղան, բայց Անժիկը շատ լավն էր, Անժիկին ինքն իրավունք չուներ տնից հանել, էդ բ..ին բերել, էդ բան չէր, որ արեց, խեղճ աղջիկն էսքան տարի ինքն էր պահում տունը, ինչ խորոտ էր, ինչ ուրախ-զվարթ, հիմա ինչ ա դառել, - բառացիորեն թրջված աչքերով պատմում էր տանտերը:
Բնակարանը չվերցրի՝ պատուհանները հյուսիս էին նայում, ոչ ջրի բաք ուներ, ոչ մշտական հոսող ջուր, գրեթե կահավորված չէր: Պատճառաբանություն: Կինն էլ համաձայնեց, որ եթե երկար ժամանակով չեմ վերցնում, իմաստ չունի, որ վերանորոգում անի, կահույք բերի, ջրի բաք ու ջրատաքացուցիչ դնի: Իրար շնորհակալություն ասացինք, բաժանվեցինք:
Այսպես համոզվեցի, որ այցելուն ոչինչ չի չափազանցրել:
Անժիկը երկու օր չդիմացավ, հենց այդ օրն էլ եկավ բոլոր փաստաթղթերով հանդերձ: Անգամ օժիտի հարցով դատարանի վճիռն էր առկա, այնուամենայնիվ, գտել էր:
Անձնագրում առանց հասցե ուղղակի գրանցված էր իրենց գյուղում, ամուսնալուծված էր: Ամուսինը համոզել էր, որ պետք է ամուսնալուծվեն, որպեսզի կարողանա գյուղում հող ստանալ, հենց այդ առանց շինության հողակտորում էլ գրանցված էր, թեև այն վաղուց վաճառել էր ամուսնու պարտադրանքով: Որևէ իրավական հնար չէի գտնում, որով Անժիկը կկարողանար բաժին պահանջել ամուսնու բնակարանից, ոչ ոք էր նա այդ տանը:
Մտածեցի հայրական տան հետ կապված մի բան կարելի է անել, գոնե այնտեղ ապրի ծերությունը, բայց ոչ, բնակարանը, որ պապիկի սեփականությունն էր, Անժիկի եղբորն էր անցել կտակով, ծնողների բնակարանում նա գրանցված չէր: Կոլեգաս, որ տնտեսագետ էր, ճարահատյալ իրավաբան էր դարձել, ինձ հետ հավասար կարդում էր օրենսգրքեր, օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր, ելք փնտրում, ինձ հետ հավասար խելագարվում անզորությունից:
Մինչև որ երջանկություն: Մենք ևս մեկ իրավաբան ունեցանք, ոչ թե ինձ նման նորավարտ դեղնակտուց, այլ՝ փորձառու իրավաբան, ով մի հայացք նետեց փաստաթղթերին, ասաց, որ օրենքով կնոջն օգնել հնարավոր չէ, ոչ մի իրավական հնար չկա:
-Եթե ամեն գործ էդպես սրտիդ մոտ ընդունես, կյանքում իրավաբան չես դառնա: Տեսնում ես օրենքով օգնելու ոչ մի հնարավորություն չկա, ուղղակի բանավոր կամ եթե ուզում է գրավոր հիմնավորում ես մերժումը և ասում ցտեսություն:
-Եթե էդպես անեմ, Անժիկը կմնա փողոցում, - գրեթե լացակումաց ասում եմ ես:
-Իսկ եթե առավոտից իրիկուն քո հիմնական գործը թողած փորձես իրեն օգնել, ինքդ էլ քաջ գիտակցելով, որ իրավաբանորեն ոչ մի շանս չկա, ինքը տանիք կունենա՞:
-Չէ, բայց…,- լռեցի:
...
Էջանիշներ