User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակ(ներ)ն եք հավանում

Քվեարկողներ
31. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Տարբերակ 1.Նկարչի լվացքը- StrangeLittleGirl

    8 25.81%
  • Տարբերակ 2.Զաիր Բաբան- Ivy

    14 45.16%
  • Տարբերակ 3.Մի պարզ պատմություն- Lisbeth

    11 35.48%
  • Տարբերակ 4. Տարեդարձը- Գալաթեա

    14 45.16%
  • Տարբերակ 5.Ռոմանտիկա- Alphaone

    27 87.10%
  • Տարբերակ 6. Զակատը Հռենոսի ափին- StrangeLittleGirl

    8 25.81%
  • Տարբերակ 7.Ցոլակը- StrangeLittleGirl

    4 12.90%
  • Տարբերակ 8. Տեղափոխություն- Ուլուանա

    6 19.35%
  • Տարբերակ 9.Մի կում մաքուր օդ- Ուլուանա

    6 19.35%
  • Տարբերակ 10.Ֆալաք- Baltazar

    7 22.58%
  • Տարբերակ 11.Քաղաքի մեկ օրը- Սամ Քլայն

    5 16.13%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 1 46-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 690 հատից

Թեմա: Ստեղծագործական վավերագրություն. քվեարկություն և քննարկում

  1. #1
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    24
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Ստեղծագործական վավերագրություն. քվեարկություն և քննարկում

    Քվեարկության պայմանները



    Ստեղծագործությունները տեղադրվում են հեղինակների անուններով:

    Քվեարկությունը լինելու է բաց և տևելու է 4 օր:

    Ստեղծագործությունների հեղինակները չեն կարող քվեարկել սեփական տարբերակի օգտին:

    Քվեարկությունը բազմակի է, կարելի է քվեարկել մեկից ավելի հավանած տարբերակների օգտին, սակայն դա պետք է արվի միաժամանակ:

    Գրառման տեսքով քվեները չեն հաշվելու:
    Blessed the poison which brings the end

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Baltazar (23.09.2013), Chuk (23.09.2013), E-la Via (23.09.2013), Enna Adoly (23.09.2013), ivy (23.09.2013), Jarre (24.09.2013), Lusntag Lusine (24.09.2013), Smokie (24.09.2013), Արէա (23.09.2013), Արևանուռ (23.09.2013), Գալաթեա (23.09.2013), Փոքրիկ շրջմոլիկ (23.09.2013)

  3. #2
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    24
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 1.
    Նկարչի լվացքը

    Լուռ պտտվում էի Սարյանի արձանի շուրջ ու տարածքն ուսումնասիրում. Աննան ուշանում էր: Տարիների ընթացքում այգին շատ էր փոխվել: Ժամանակին այնտեղ ծաղիկներ չէին աճում. չորացած խոտից ու մի քանի ծառից բացի ուրիշ բուսականություն չէիր տեսնի: Նորմալ մարդիկ սովորաբար այգով չէին անցնում` տարածքը հանձնելով հարբեցողների տնօրինությանը: Բայց տարիներ անց Սարյանի արձանի շուրջը զարդարվել էր ծաղիկներով, որոնք երևի ձգել էին անցորդներին. չնայած ցրտին, բավական մարդաշատ էր ու աղմկոտ, իսկ հարբեցողներն ինչ-որ չէին երևում: Ուզում էի հարմարվել նստարաններից մեկին, պատմությունս հենց այնտեղ գրել, բայց գիտեի, որ ամեն վայրկյան Աննան կարող էր հայտնվել, իսկ կիսատ թողնել չէի ուզում:

    Աննայի հետ միշտ Սարյանի արձանի մոտ էի պայմանավորվում: Հետո այնտեղ սկսեցի գնալ մենակ՝ սպանելով ամառային արձակուրդների ձանձրալի օրերը, շոգից պատսպարվելով ծառերի տակ, գրելով, կարդալով ու երաժշտություն լսելով, մինչև մութը կընկներ:

    Երևի առաջին անգամն էր կամ երկրորդ կամ հազարերորդ… Տասնհինգ տարեկան կլինեի կամ նույնիսկ ավելի փոքր: Սուսուփուս նստել էի այգում, որտեղ լռություն էր տիրում, մարդիկ էլ քիչ էին: «Հաղթական կամարի» վերջին էջերն էի կարդում կամ օրագրիս մեջ ինչ-որ բան խզբզում: Խորացած էի գործիս մեջ, երբ մոտեցավ մի ծերուկ ու ինչ-որ բան հարցրեց: Այդ մասին էլ պիտի որ գրոտած լինեմ մի որևէ կորած տետրում:

    - Ու՞մ ես սպասում,- հարցրեց:

    Ձայն չհանեցի: Զարմանալի կլիներ, եթե ինչ-որ մեկի հետ պայմանավորված լինեի. էն ժամանակ ես միայնակ թափառական էի:

    Նկատելով, որ ոչ մի տեղ չեմ շտապում՝ նշան արեց, որ հետևեմ իրեն: Մի քանի քայլ այն կողմ լվացքի պես անփութորեն կախել էր նկարները մի պարանից, որը ձգվում էր գիշերային լապտերի սյունից մինչև մոտակա ծառը: Դրանք սկզբում խզբզանքներ թվացին:

    - Կարծում ես՝ նկարներս չե՞ն ծախվում: Չէ՜, շուտով ժամը երեքը կլինի, հաճախորդներս կգան: Ես մե՜ծ նկարիչ եմ: Ինձ ամբողջ աշխարհում ճանաչում են: Ես Պիկասոյից էլ մեծ եմ: Ա՜խ, ձեռքե՜րս:

    Նայեցի ձեռքերին՝ փորձելով հասկանալ, թե ինչ նկատի ունի: Բոլոր մատները տեղում էին: Հետո նայեցի Օպերայի ժամացույցին: Տասնհինգ րոպեից ժամը երեքը կլիներ, ու կտեսնեի նկարչի մեծությունը: Իսկ նա, ցույց տալով իր հագի ամառային շապիկը, շարունակեց.

    - Տեսնու՞մ ես հագինս. աղջիկս ա առել: Ես երկու աղջիկ ունեմ: Իրանք ինձ շատ են սիրում: Ա՜խ, ձեռքե՜րս:

    Հետո պարանից մի նկար հանեց ու ինձ նվիրեց: Շնորհակալություն հայտնեցի ու տեղս վերադարձա՝ նկարը ճմրթելով ու թինեյջարական տաբատիս ոտքային գրպանը խցկելով:

    Ժամը երեքին ոչ ոք այգի չեկավ: Քիչ անց նկարիչը նորից մոտեցավ, մի թղթի կտոր պարզեց.

    - Քեզ եմ նկարել:

    Նորից մի խզբզանք էր: Այս մեկը մինչև տուն հասնելս պահեցի, բայց հետո ջղայնացած պատռեցի: Այն ժամանակ չէի հասկանում, որ երևի ծերունին ինձ ավելի ճիշտ էր տեսնում, քան ես ինքս. ընդամենը մի խզբզանք էի:

    Մի անգամ էլ, երբ նորից հայտնվեցի այնտեղ, կարծեմ Աննայի հետ պայմանավորված էի, որովհետև երբ ծերուկն ինձ մոտեցավ, ասացի, որ ժամանակ չունեմ: Բայց հանգիստ չթողեց.

    - Ա՜խ, ձեռքե՜րս… Դու էլի ես ստեղ էկել, չէ՞:

    Մի թուղթ պարզեց: Կարդացի: Անտաղանդ բանաստեղծություն էր, տեղ-տեղ հանգերը պահպանված չէին, տեղ-տեղ` խիստ արհեստական, ոչ մի գեղարվեստականություն չուներ: Հեղինակը տարածքի նկարիչներից մեկն էր և գրել էր Արտոյի` ծերուկ նկարչի մասին: Արտո՞ն առաջարկեց, թե՞ ես խնդրեցի պատճենահանել այն: Այնուամենայնիվ, ունեցա իմ օրինակը: Հիմա ինչքան էլ հիշողությունս քրքրեմ, չեմ կարող ասել, թե այն ժամանակ ինչիս էր պետք, մանավանդ որ հետո դեն նետեցի: Բանաստեղծության մեջ ասվում էր, թե ինչպես է ծերուկ Արտոն ամեն առավոտ գնում Սարյանի այգի, պարանը կապում, «լվացքը փռում», հետո էլ վազում խմելու:

    Մի ուրիշ անգամ նույն այգում Արտոն նորից մոտեցավ ինձ.

    - Դու տխուր ես երևում: Երևի մենակ ես… Օղի խմի:

    Այդ ցնդած ու հարբեցող նկարիչն ինձնից պակաս մենակ չէր: Տեսել էի, թե ինչպես էր առավոտ շուտ ժամանում, բացում տոպրակն ու անշտապ հանում նկարները՝ ամրացնելով պարանին, մինչև ուշ երեկո մնում այնտեղ` ընթացքում պարբերաբար գնալով մոտակա կրպակն օղի խմելու:

    Երբ եղանակը լավը չէր, քամին փչում ու շարժում էր լվացքը: Աստված չաներ՝ մի քիչ ուժեղ լիներ, կքշեր, կտաներ: Մի անգամ էլ անձրև եկավ մանր կաթիլներով, ընդհատումներով: Եվ ամեն մի կաթիլ ջնջում, մաքրում, տանում էր ամեն ինչ:
    Հետագայում Սարյանի այգի գնալիս պատահում էր` տեսնում էի ծերուկին, պատահում էր` ոչ: Հետաքրքրվում էի նրա նկարներով, որոնք այլևս պարզապես խզբզանք չէին ինձ համար: Նկարներում բազմապիսի կանայք էին, որոնք եկել, անցել էին նկարչի կողքով՝ թողնելով նրան մենակ խմիչքի ու պարանի հետ:
    Հետո էլի էի գնում Սարյանի արձանի մոտ, բայց ծերուկն ու իր լվացքն այլևս այնտեղ չէին: Չգիտեի՝ ուր էր կորել: Այգին դատարկ էր առանց նրա:
    Մի օր (լավ եմ հիշում` հոկտեմբեր էր) տուն մտա ու բազմոցին մի նամակ տեսա: Տաթևից էր: Կարդացել էր պատմվածքս, որտեղ Արտոն հիշատակվում էր, պատասխանել. «Անցյալ տարի, երբ մնում էինք Արեշում, կարծում եմ հիշում ես, հորեղբայրս էլ մեզ հետ էր ապրում: Մի անգամ, երբ դասից վերադարձա տուն, հորեղբայրս մի պապիկի հետ նստած հաց էր ուտում: Ինձ կանչեց, ծանոթացրեց ու հրավիրեց իրենց հետ ճաշելու: Դա այն նկարիչն էր, որի նկարներից մեր տանը հաճախ էին հայտնվում: Հորեղբայրս ասում էր, որ իսկական արվեստը նրա ստեղծածն էր, որը նման չէ մյուսների արտատպած բնապատկերներին: Որոշ ժամանակ անց ստացա քո այն նամակը, որում կար նաև գրածդ պատմվածքը` նվիրված Սարյանի այգու նկարչին: Պատմվածքը տվեցի, քույրս էլ կարդաց: Երբ հասավ այն տողերին, որտեղ գրել էիր, որ նա շարունակ ասում է «Ա՜խ, ձեռքե՜րս», քույրս միանգամից ասաց. «Այ քեզ զուգադիպություն, գլխի չե՞ս ընկել, որ խոսքն ARTO-ի մասին է»: Երբեք չէի ուզենա, որ այս բանն ինձնից իմանայիր, բայց ստիպված եմ ասում, որ քեզ համար այլևս անհասկանալի չմնա, թե ինչու նրան այլևս չես տեսնում… Նա հեռացել է այս աշխարհից… գուցե նրա համար, որ այլևս չտանջվի ու չմերժվի անգութ մարդկանցից: Նրան գտել էին ձմռանը: Այդպես էլ չիմացանք` պատճառը ցուրտն էր, թե խմիչքը: Աղոտ տեղեկություններ ունեմ նրա անձնական կյանքից: Գիտեմ, որ ամուսնացած է եղել, նրա կինը դպրոցի տնօրեն էր, բայց միասին չէին ապրում: Որդիներն ամուսնացած են ու Հայաստանում չեն: Գուցե մենակությունից էր, որ իրեն ամբողջովին նվիրել էր խմիչքին, ինչից էլ կործանվեց: Մի քանի խոսքով էլ պատմեմ նրա նկարներից մեկի մասին, որն ինձ ամենից շատ էր դուր եկել: Այնտեղ պատկերված էր նրա քույրը` արևածաղիկ վաճառելիս, իսկ կողքին մի մեծ արևածաղիկ էր, որի թերթերից արցունք էր թափվում: Նրա քույրը, լինելով շատ կիրթ և գրագետ մարդ, ստիպված էր իր գոյությունը պահպանելու համար արևածաղիկ վաճառել…»:

    Նամակին մի թուղթ էր կցված: Պարանից կախված նկարներից էր, տակն էլ ստորագրությունը` ARTO: Արտասվող կնոջ խզբզանք էր: Չպատռեցի: Դրեցի շրջանակի մեջ ու կախեցի պատից:
    ...
    Աննան էլի ուշանում էր: Սարյանի այգին մարդաշատ էր, բայց «լվացքն» այնտեղ չէր: Փոխարենը տեսնում էի շրջանակի մեջ դրված ծանոթ ստորագրությամբ նկարներ, բայց մեկ ուրիշն էր վաճառում դրանք: Արանքում մի գիրք էր դրված: Բացված էջին Արտոյի դիմանկարն էր: Նայում էի ծերուկի դեմքին, հետո` նկարներին: Ասես այնտեղից լսվում էին նրա խոսքերը. «Ա՜խ, ձեռքե՜րս»:

    Հեղինակ՝ StrangeLittleGirl
    Blessed the poison which brings the end

  4. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (24.09.2013), Baltazar (23.09.2013), CactuSoul (24.09.2013), Enna Adoly (23.09.2013), Sambitbaba (24.09.2013), Skeptic (24.09.2013), Smokie (24.09.2013), Vardik! (24.09.2013), Այբ (24.09.2013), Արևանուռ (24.09.2013), Փոքրիկ շրջմոլիկ (23.09.2013)

  5. #3
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    24
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 2.
    Զաիր Բաբան

    2007-ի ամառն էր: Երկու ամիս Մալազիայում անցկացնելուց հետո Թիոման կղզին իմ «մասնագիտական» ճամփորդության վերջին հանգրվանն էր, որից հետո պիտի վերադառնայի Գերմանիա: Կղզին այդ մի բուռ հող էր՝ շրջապատված Խաղաղ օվկիանոսի հարավ-չինական ջրերով:
    Փոքր նավը, որը մեզ Թիոման էր տանում, այնպես էր ճոճվում ալիքների վրա, որ ինձ թվում էր՝ դուրս ենք եկել «Տիտանիկ-Տիտանիկ» խաղալու:
    Երբ ոտքս արդեն ափին էր, խաղը կարելի էր բարեհաջող կերպով ավարտված համարել, բայց հիմա էլ նորն էր սկսվել՝ «Ռոբինզոնը»: Ամայի, քարքարոտ ափ, խելառ աճած բուսականություն, ինձ զարմացած նայող ինչ-որ տարօրինակ արարած, որին ես հեշտությամբ «դինոզավր» կանվանեի: Քաղաքակրթության ոչ մի հետք: Չէի զարմանա, եթե թփերի հետևից վայրենիներ դուրս գային ու ինձ տանեին խորովելու:
    Ավաղ, կես ժամ քայլելուց հետո բոլոր հետաքրքիր ֆանտազիաներս հօդս ցնդեցին՝ ինձ բերելով մարդկային աշխարհ: Պարզվեց՝ այստեղ անգամ մի թիթիզ պանսիոնատ կար՝ բոլոր ժամանակակից հարմարություններով, որի տերը ռուս էր՝ բարձրակրունկ կոշիկներով ու պլպլան շպարով:
    Ինչքան էլ ուզեմ գրել հիմա, որ թքած ունեի այդ հարմարավետ պանսիոնատի վրա և ուշք ու միտքս միայն վայրի բնությունն ու դինոզավրերն էին, ստիպված եմ խոստովանել, որ հենց այդ հանգստյան տանն էլ կանգ առա, ինչը սակայն ինձ չխանգարեց իրերս տեղավորելուց անմիջապես հետո գնալ կղզու խորքերը՝ բացահայտելու տեղացիներին ու նրանց կենցաղը:
    Մոտ քառասուն կիլոմետր երկարություն ու տասներկու կիլոմետր լայնություն ունեցող այդ կղզու վրա իրար կպած մի քանի գյուղեր կային: Նրանցից ամենամեծը Քամփունգ Թեքեքն էր, որտեղի «տեսարժան վայրերից» մեկը Զաիր Բաբայի պանդոկն էր: Պանդոկն այդ նշանավոր էր իր ձկան խորովածով, որի նմանը չկար ողջ Թիոման կղզում: Ձուկ պատրաստելիս՝ ծերուկ Զաիր Բաբան ինչ-որ կախարդական համեմունքներ էր օգտագործում, որոնց գաղտնիքը միայն իրեն էր հայտնի:
    Ամբողջ օրը կղզում թափառելուց հետո, երեկոյան գալիս նստում էի հյուսիսային ափին գտնվող այդ փոքր պանդոկում, որտեղ վայելելով կրակից նոր հանած հյութեղ թյուննոսը՝ հետևում էի մակընթացությանը, երբ դեռ ցերեկը տեղատվության ժամանակ կիլոմետրերով բացված կորալային ափը կամաց-կամաց ծածկվում էր ջրով: Եթե լիներ մեկը, ով, կորալներով տարված, քայլեր դեպի օվկիանոսի խորքը՝ առանց կասկածելու անգամ, որ խութերով պատված այդ հրաշքը երեկոյան մնալու էր ջրի տակ, ապա դա կարող էր նրա կյանքի վերջին զբոսանքը դառնալ:
    -Էստեղ շնաձկներ լինո՞ւմ են,- մի օր հարցրեցի Զաիր Բաբային, ով պատրաստվում էր իմ առաջ դնել ձկով ու թարմ բանջարեղենով լի ափսեն:
    -Էս կողմի ափը երբեք բավականաչափ չի տաքանում, իսկ շնաձկները չեն սիրում սառը ջուր,- պատասխանեց ծերուկը հստակ ու վարժ անգլերենով,-այ թե հարավային ափ գնաս, էնտեղ կարող ես փոքր շնաձկներ տեսնել:
    -Վտանգավոր չե՞ն:
    Զաիրը ծիծաղեց՝ բացելով թուխ մաշկի հետ կոնտրաստ առաջացնող կաթնագույն, խոշոր ատամները:
    -Բնության մեջ ոչինչ էլ վտանգավոր չէ, եթե մարդ կարողանա իրեն ճիշտ պահել: Էդ շնաձկները հաստատ չեն երազում մեզ կծելու մասին:
    Ափսեն տեղավորելով իմ առջև՝ նա շարունակեց.
    -Կուզե՞ս ջրասուզվել, տեսնել ջրային կյանքը: Ինձ մոտից տուրիստները հաճախ են վարձում ջրասուզության սարքեր:
    -Չէ, չէ,- վախեցած ասացի ես:
    -Ո՜նց, հասնե՞ս Թիոման ու ջրասուզությունից հրաժարվե՞ս:
    Ես վստահաբար թափահարեցի գլուխս: Ծերուկը նորից ծիծաղեց ու գնաց իր գործին:
    Մեկ էլ հետ եկավ ու թե.
    -Ցերեկները՝ մինչև տեղատվությունը, էստեղ ջրային մեծ կրիաներ են գալիս: Արի, կնայես: Կարող ես անգամ լողալ հետները: Սրանք որ հաստատ չեն կծում,- ժպտալով ասաց նա ու աչքով արեց:
    Հաջորդ օրը՝ կեսօրին, նստած էի ափին ու հետևում էի ալիքների վրա օրորվող հսկայական կրիաներին: Զարմանալի կղզի էր Թիոմանը. բոլոր կենդանիներն ահռելի չափերի էին՝ մողեսներից սկսած, սկյուռերով վերջացրած: Թե ո՞նց պիտի հավատայի հարավային ափերի «փոքր» շնաձկներին:
    Զաիր Բաբան ափի մոտ իր հին նավակն ու ձկնորսական ցանցն էր նորոգում: Ինձ տեսնելով՝ ձեռքով շարժում արեց, իբր թե՝ ի՞նչ ես նստել, ջուրը մտիր: Բայց դե շնաձկան անուն լսելուց հետո էլ ո՞վ էր ծովը մտնողը, հատկապես որ այդ օրն ինձ ջուրը շատ էլ տաք էր թվում: Բա ի՞նչու պիտի շնաձկներին սառը թվար, համ էլ հարավային ափից մինչև հյուսիսայինը ի՞նչ էր որ՝ մի ոտք տեղ:
    -Լողալ չեմ սիրում,- մի կերպ արտաբերեցի ես՝ ինքս իմ ստից ամաչելով:
    Ծերուկի բերանը մինչև ականջները բացվեց: Չլինի՞ ծիծաղում էր վրաս:
    -Լավ, լավ,- ասաց նա,- սպասիր էսօրվա ձկների հարցը լուծեմ, քեզ ուրիշ հետաքրքիր բաներ ցույց կտամ:
    Մի ժամ չանցած՝ Զաիրն իմ կողքին էր:
    -Քայլող ձուկ տեսած կա՞ս:
    -Չէ...
    -Արի, հիմա կտեսնես:
    Միասին գնացինք իր նավակի մոտ, որի մեջ լիքը թպրտացող ձկներ էին լցված: Նա վերցրեց վերևներում շարժվող մի սև ձուկ, որը փարթամ լողակներ ուներ: Բերեց դրեց ափին: Ձուկը «կանգնեց» մարմնի երկայնքով տեղավորված լողակների վրա ու սկսեց արագ-արագ առաջ շարժվել:
    -Սրանց անունը «քայլող լոքո» է: Ուրիշ էսպիսի ձուկ չես գտնի: Ոչ միայն «քայլում» են գետնի վրա, այլև կարող են երկար ժամանակ առանց ջրի ապրել:
    Մինչ ես զարմացած աչքերով հետևում էի զբոսնող ձկանը, Զաիրը հարցրեց.
    -Դու որտեղից ե՞ս:
    -Հայաստանից եմ: Հայաստանը... ըմմ...
    Ու չշարունակեցի: Իմաստ չտեսա շարունակելու մեջ: Ի՞նչ պիտի ասեր այդ մալազիացի գյուղացուն իմ երկրի անունը: Ինքն իր կղզուց այն կողմ ընդհանրապես ի՞նչ գիտեր: Սա իր թագավորությունն էր. ամեն ավազահատիկն ու ջրի կաթիլն իրեն ծանոթ էին, բայց դրանից այն կողմ նրա տեսադաշտը փակ էր:
    Ծերուկն ուշադիր ինձ էր նայում:
    -Բայց Գերմանիայից եմ եկել. էնտեղ սովորում եմ համալսարանում:
    Գոնե Գերմանիայի մասին լսած կլինե՞ր: Գուցե, վերջին հաշվով իր մոտ շատ տուրիստներ էին գնում, գալիս:
    -Մալազիայում ուսումնական պրակտիկա էի անցնում: Մի քիչ ժամանակ էր մնացել մինչև հետ գնալը, որոշեցի Թիոման գալ. լսել էի, որ սիրուն տեղ է:
    Զաիր Բաբան հայացքն ինձնից չէր կտրում՝ երևի սպասելով, թե էլ ինչեր կասեմ: Բայց հարցեր չէր տալիս:
    Այդ պահին ես ինձ նրանից բարձր էի զգում, ես՝ աշխարհ տեսածս, Հայաստանից Գերմանիա, Գերմանիայից Մալազիա եկած, էլ ո՜վ կհասներ ինձ: Այդ հասարակ գյուղացին կարող էր ծիծաղել վրաս, որ վախենում էի ջուրը մտնել ինչ-որ հիմար շնաձկների պատճառով, բայց հիմա իմ հերթն էր մտքում քմծիծաղ տալու. փոքր աշխարհի փոքր մարդ, ես ի՞նչ խոսեմ քեզ օտար երկրների մասին:
    Մինչ ես մտքերով գլոբուսն էի ոտքի տակ տալիս՝ ինքս իմ մեծությունից փքվելով, ծերուկը շարունակում էր լուռ ինձ նայել:
    Այդ օրն այլևս չխոսեցինք: Զաիրը գնաց իր գործերին, ես էլ վերադարձա պանսիոնատ:
    Դրանից երկու օր անց գնացի նրա պանդոկը՝ հրաժեշտ տալու. արդեն պիտի հեռանայի կղզուց: Իմացավ, որ հետ եմ գնում, ու թե.
    -Սպասիր մի բաժակ բան խմենք, քեզ բարի ճանապարհ մաղթենք:
    -Շնորհակալություն, բայց չեմ խմում:
    -Էս մի խմիչքից հաստատ չես հրաժարվի,- ասաց նա՝ իր նեղլիկ աչքերն ավելի նեղացնելով ու խորամանկ ժպտալով:
    Ձեռքով նշան արեց օգնականին, որ հետևի խոհանոցին ու հաճախորդներին:
    -Արի, արի,- կանչեց ինձ իր հետևից:
    Ու մտավ իր պանդոկի հետնամասը: Այնտեղ՝ պանդոկի խորքում, մի փոքր սենյակ կար. դա երևի միակ անկյունն էր, որտեղից ձկան հոտ չէր գալիս: Ներս մտնելուն պես՝ ուշադիր նայեցի շուրջս: Առաջին բանը, որ հայացքս գրավեց, պատին փակցրած մեծ քարտեզն էր, վրան՝ լիքը կարմիր կետեր:
    -Էս ի՞նչ կարմիր նշաններ են,- հարցրեցի ես՝ փորձելով հաշվել, թե քարտեզի վրա քանի տասնյակ կարմիր կետ կա:
    -Սրանք էն բոլոր երկրներն են, որտեղ երբևէ եղել եմ,- հանգիստ պատասխանեց ծերուկը:
    Մինչ ես փորձում էի ուշքի գալ նրա ասածից, Զաիր Բաբան շարունակեց.
    -Բայց ինչ ուզում ես ասա, աշխարհում Թիոմանից լավ տեղ չկա:
    Ու փայտե սեղանին դրեց խմիչքը, որից չէի կարողանալու հրաժարվել:
    -Դե ինչ, քեզ բարի վերադարձ:
    Ասաց նա ու ձեռքի մի շարժումով բացեց հինգաստղանի «Արարատ» կոնյակը:

    Հեղինակ՝ ivy
    Blessed the poison which brings the end

  6. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.09.2013), Baltazar (23.09.2013), CactuSoul (24.09.2013), E-la Via (23.09.2013), Enna Adoly (23.09.2013), impression (24.09.2013), Ingrid (24.09.2013), Mephistopheles (25.09.2013), Sambitbaba (24.09.2013), Skeptic (24.09.2013), Smokie (25.09.2013), StrangeLittleGirl (23.09.2013), Vardik! (24.09.2013), Արևանուռ (24.09.2013), Հայկօ (27.09.2013), Նաիրուհի (23.09.2013), Փոքրիկ շրջմոլիկ (23.09.2013)

  7. #4
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    24
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 3.
    Մի պարզ պատմություն

    Իրիկունը տուն գալուց հետս հաց եմ բերում, դնում եմ կեռացրած մեխով փակվող դարակի մեջ։ Մի քանի օրից հնացած հացը, որից պատառ անգամ պոկած չի, փշրում եմ բալկոնի խոնավությունից կիսափտած տախտակներին ու երկար նայում եմ, թե ինչպես են ճնճղուկները հավաքվում ու սկսում կտկտացնել։ Քույրս զանգում է.
    –Ի՞նչ ես անում։
    Ասում եմ.
    – Հե՜չ։ Հիշո՞ւմ ես փոքր ժամանակ ոնց էինք երեքով թաքնվում պատի անկյունում։ Տատիկը հացատանը մի քանի հատիկ ցորեն էր շաղ տալիս քարուքանդ հատակին։ Փսփսալով էինք խոսում, հիշո՞ւմ ես։ Ամեն մի շշուկիս հետ նա շրջվում էր, մատը սեղմում շուրթերին.
    – Շշշշ՜, շան վաստակ, սո՛ւս մնա էլի։
    Մի ժամ շունչներս պահած սպասում էինք, որ մեկ–երկու ճնճղուկ ներս կսողոսկեն։ Հետո տատիկը փակում էր դուռն ու հերթով բռնում էր նրանց, իսկ մենք նեղլիկ, մրոտած պատուհանից իրար հրմշտելով նայում էինք, թե ինչպես է նա արագ ոլորում ու պոկում նրանց մանր գլուխները։ Փետրած մամինները եփվում էին փոքրիկ վառարանում, ուր ցուրտ օրերին այնքան հաճելի ճրթճրթում էր անտառից շալակով բերած ցախը։ Տատիկն էլ պտղունցով աղ էր ցանում ճնճղուկների մսին, ամենքիս մի հատ տալիս էր.
    – Լավ ծամե՛ք, – ասում էր նա, – մատղաշ ոսկոր ա, ծամեք, կուլ տվեք։
    Ու մենք անհամբեր կուլ էինք տալիս։
    Քեզ ի՞նչ եղավ։
    – Ծիծաղում եմ, – պատասխանում է քույրս։
    – Ես ճանաչում եմ քո ծիծաղը...

    Հեղինակ՝ Lisbeth
    Blessed the poison which brings the end

  8. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (24.09.2013), Baltazar (23.09.2013), CactuSoul (24.09.2013), Mephistopheles (24.09.2013), Sambitbaba (24.09.2013), Skeptic (24.09.2013), Smokie (25.09.2013), Vardik! (24.09.2013), Արէա (23.09.2013), Արևանուռ (23.09.2013), Փոքրիկ շրջմոլիկ (23.09.2013)

  9. #5
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    24
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 4.
    Տարեդարձը

    Հատված լրահոսից.

    «Երեկ, հոկտեմբերի 27-ին, 5 հոգուց բաղկացած հանցախումբը ավտոմատ հրացաններով զինված ներխուժեց Ազգային ժողով` Նաիրի Հունանյանի ղեկավարությամբ: Ահաբեկիչների գնդակներից զոհվեցին Աժ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Աժ փոխնախագահներ Ռուբեն Միրոյանը, Յուրի Բախշյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը...»


    Երեկն էր, հոկտեմբերի 27-ը:
    Մեր սպիտակցի ընկերուհու, Անուշի ծնունդն էր: Մեր քառյակից էր:
    Անուշը, Գոհարը, Մոնիկան և ես մտերիմ էինք չորսով: Բրյուսովում դժվար էր գտնել ուսանողուհիների, ում առաջնախնդիրը հեռու էր գնում թարթիչները երկարացնող ու հաստացնող տուշից, իսկ մտահորիզոնը ծածկում էր ճաշի գդալի շառավիղը գերազանցող տարածք: Բայց մենք չորսով, ութ հոգանոց խմբի մեջ, դասի գնալուց տուշ չէինք քսում ու գտել էինք իրար տարօրինակներով: Քիչ թե շատ նման էինք: Հրաշքի պես բան էր: Գրքեր էինք փոխանակում, կարդում, քննարկում: Երգեր էինք ճարում, (այն ժամանակ դեռ ճարելով էր) միասին լսում, օպերայի շենքի կամ կասկադի աստիճաններին նստած՝ ձայններս գլուխներս գցած “Բրեմենյան երաժիշտները” մուլտֆիլմի երգերը երգում, ուրախանում: Դասի ժամանակ թաքուն խոսում էինք իրար հետ՝ չափածո բանաստեղծություններով՝ սեղանի տակից իրար փոխանցելով տետրը: Այս վերջինը հիմնականում ես ու Մոնիկան էինք անում: Շատ ծիծաղելի էին այդ չափածո տեքստերը ստացվում, կամ մեզ էին ծիծաղելի թվում. ջրիկ էինք: Ու մեծ խնդիր էր ութ հոգանոց խմբով փոքր լսարանում դաս անելուց չափածո զրուցելը: Միջինից բարձր քաշած շունչը լսվում էր: Ու այդպես նստում էինք՝ ծիծաղը զսպելուց կարմրատակած, երբեմն էլ անձայն ծիծաղից ցնցվելով ու ցնցելով ողջ նստարանը:


    Այդ օրը առաջին դասից հետո որոշեցինք, որ երրորդին չենք նստի, կիջնենք Ռոք Կլուբ, այժմյան Ստոպ՝ Անուշի ծնունդը նշելու: Գոհարը չէր կարող գալ, տեղ ուներ գնալու, երեքով էինք լինելու:
    «Խուսափել դասամիջոցին երրորդ դասի դասախոսի աչքին երևալուց» օպերացիան հաջողվեց, և մենք գնացինք ծնունդ նշելու:



    Հատված Նաիրի Հունանյանի ցուցմունքից հոկտեմբերի 27-ի քրեական գործով (հոկտեմբերի 28, 1999թ.)


    «Ես առաջարկեցի եղբորս, Էդիկ Գրիգորյանին և Վռամ Գալստյանին գնալ Ազգային Ժողով, իսկ բուն միտքը բացեցի նրանց արդեն ճանապարհին: Գրեթե նույն այդ ժամանակ այդ մասին իմացավ նաև Դերենիկը, որի ազգանունը այս պահին չեմ հիշում: Շեշտվեց նաև, որ մեր նպատակն է օդ կրակելով ճնշում գործադրել վարչապետի վրա, որպեսզի նա հրաժարական տա: Մոտավորապես 17.00-ի սահմաններում մտնելով Ազգային Ժողովի նիստերի դահլիճ, բոլոր ներկաներին կոչ ենք արել, որ կռանան և մի քանի փամփուշտ է արձակվել դեպի դահլիճի ետնամասից քիչ առաջ լրագրողներին և պատգամավորներին անջատող միջանցքի վերևի պատը....»


    Ռոք Կլուբում իսկական ցերեկ էր. դափ-դատարկ վիճակ: Նոր էին բացվել, մենք առաջին հաճախորդներն էինք: Նստեցինք մեր սիրած տեղում, մուտքից հաշված երկրորդ սեղանի մոտ, պատվիրեցինք մեր սիրած կլոր, հավով սենդվիչներն ու երկու բաժակ լիմոնի շերտիկներով օղի, որով ես ու Մոնիկան պետք է խմեինք Անուշի կենացը: Ինքը չէր խմում:
    Երևի մեկ ժամ էր անցել, երբ ներս մտավ մարմնի բոլոր հնարավոր մասերը կաշեպատած բայկերը և նստեց մեր կողքի սեղանի մոտ: Իրեն հաճախ էինք տեսնում այդտեղ, միշտ մոտոցիկլետով էր մոտենում Կլուբին, հենում էր այն պատին ու հպարտից գոռոզ, ծանր քայլերով իջնում ներքև: Որ մոտիկից էր քայլում, վրայի կաշիների ճռճռոցը լսելի էր դառնում: Նստելուց միշտ դժվարությամբ, ինքն իր ծնկները ճմկտելով, բռնում էր շալվարից, ինչքան որ տեղ կար՝ քաշում վերև, հետո նոր տեղավորվում:
    Վերևից լսվող մոտոցիկլետի հռնդաձայնը գրեթե միշտ իր գալստյան սուրհանդակն էր լինում: Անունը չեմ հիշում: Մոտոցիկլետը Yamaha էր:

    Ընթացքում մի քանի բառ փոխանակեցինք հետը, միասին գլուխներս տենդագին վերև-ներքև թափահարեցինք Նիրվանայի երգերի տակ: Ես ու Մոնիկան Անուշի համար կենացներ ասացինք, մաղթեցինք, որ վերջը հասնի իր երազանքների Ավստրալիան, համբուրեցինք մի քանի անգամ:
    Մեր խմբում մի աղջիկ կար, “կրծողների” դասից, որին տանել չէինք կարողանում: Աննորմալ աշխատասեր էր ու անհավատալի բթամիտ: Ու անդուր, բարակ, ականջ ծակող սոպրանո ուներ: Տականքավարի ձևերն արեցինք՝ ներկայացնելով իր դաս պատասխանելուց մի փոքրիկ թատերականացված հատված: Ծիծաղեցինք:

    Հետո եկավ Կարոն: Մոնիկան ծանոթացրեց, չգիտեմ՝ որտեղից էր ճանաչում, բայց տպավորությունն այնպիսին էր, որ առնվազն մեկ անգամ հանդիպել են:
    Կարոյի հետ արագ լեզու գտանք. միանգամից դեպի իրեն տրամադրող, քաղցրարյուն տղա էր: Կես ժամ հետո այնպիսի տպավորություն էր, որ հենց սկզբից մեզ հետ նստած է եղել: Օղու երրորդ ռաունդը ինքը մեզ համար պատվիրեց՝ խելացիորեն հաշվի չառնելով անամոթաբար թույլ արտահայտված չեմուչումը:


    «....Դրանից անմիջապես հետո դահլիճի վերջնամասի ձախ կողմից կրակոցներ հնչեցին մեր ուղղությամբ: Այդ պահին ես գտնվում էի նախագահության սեղանի դիմաց ներքևում: Գրեթե միաժամանակ կրակոցներ հնչեցին նախագահության կից սենյակի միջանցքի աստիճանների վրայից որոնք դեպի դահլիճ էին ուղղված: Այդ երկու ուղղություններից կրակողները հավանաբար թիկնապահներ էին: Ես շտապեցի դեպի քարտուղարություն թաքնվելու և միաժամանակ անակնկալի գալով, հոգեկան ծանր ապրումների մեջ և պաշտպանվելու բնազդական մղումով նույնպես կրակեցի և հուզված լինելով հավանաբար անկանոն կրակոցներով.... “


    Պարեցինք: Կարոն հաճախ ներսուդուրս էր անում: Հետո հանկարծ մոտեցավ Կաշեպատին ու սկսեց խոսել հետը: Ահագին երկար: Բարձր երաժշտության պատճառով ոչինչ չէինք լսում:
    Վերադարձավ մեզ մոտ՝ լուսավոր ժպիտը դեմքին:
    - Աղջկերք, ես գնում եմ մոտոյով մի կռուգ անեմ՝ գամ: Հազիվ համոզեցի, - թաքուն լեզու հանեց Կաշեպատի կողմը:
    Մոնիկան կանգնեց:
    - Ես էլ եմ գալիս: Հետևը կնստեմ:
    Ես էլ կանգնեցի:
    - Դեռ հարց ա՝ Կարոն գնում ա, թե չէ: Քշել գիտե՞ս գոնե,- ժպտալով հարցրեցի, հույս ունենալով, որ չեմ նեղացնի:
    - Մի աչքով ես նայում, Լիլ: Հո առաջին անգամը չի, էնքան եմ քշե՜լ: Մոտիկ ընկերս համարյա նույն մոտոյից ունի - ու դարձավ Մոնիկային,- իսկապե՞ս գալիս ես:
    - Հա:
    Մոնիկայի ձեռքը բռնեցի:
    Իրականում ես էլ էի ուզում հետը գնալ, շատ էի ուզում: Միշտ էլ արագություն սիրել եմ, հիմա էլ եմ սիրում: Ապացույցը՝ ոչ վաղ անցյալում մեքենա վարելու դասերիս ժամանակ մայրուղու վրա արագ քշելուս պատճառով ամբողջ ժամանակ իր կողմի դռանը եռակցված Վալեր ձյաձյան էր:
    Բայց կամ օղին դեռ չէր սկսել իմ փոխարեն խոսել, կամ պարզապես վախենում էի:
    Բացի այդ, Լիլիթ-Մոնիկա ընկերական զույգի մեջ Լիլիթը ստաժով, բազմիցս պատմականորեն ապացուցված պրագմատիկն էր: Այլ տարբերակ չուներ: Մեկիս ոտքերը պետք է գետնին մնային:
    - Կար ջան, չէ էլի: Մենք քեզ էստեղ կսպասենք: Գնա արի: Մենակ արագ չքշես, վռազ բան չկա, - հետո չդիմացա, ավելացրի, - մյուս կռուգին կմիանանք:
    - Դե ես մյուսին կգամ, - Մոնիկան կիսախունջիկ ժպտաց Կարոյին՝ վրաս վրդովված մռութ անելուց հետո:
    - Հա լավ, դե եկեք, որ նայեք:

    Դուրս եկանք: Նստեց, բավականին հաստատ ու համոզված շարժումներով: Մոտոցիկլետի դռդռոցը գցեց Մոսկովյան փողոց ու մեկ անգամ ևս իր հմայիչ ժպիտով մեզ ժպտալով՝ սաղավարտը քաշեց գլխին ու քշեց Բաղրամյան փողոցի ուղղությամբ: Իսկապես շատ արագ չէր, լավ էր:

    Կյանքիս ամենասարսափելի ձայներից մեկը ես լսեցի Կարոյի՝ մեր տեսադաշտից կորչելուն պես, երբ արդեն շրջվել էինք, որ իջնենք Կլուբ: Ամենաշատը տպավորվել է արգելակների ճռռոցը: Հարվածի ձայնը, ճիչերը, հաջորդող աղմուկը խլացել են: Արգելակների ճռռոցը՝ ոչ:



    «....Այդ պահին դիմացի դռնից հիշում եմ, որ Դերոն երևաց և կռվի բռնվեց, միաժամանակ նաև ետ մղելով միջանցքից կրակողին: Երբ նրանք արդեն միջանցքի խորքում էին ես զգալով ստեղծված աննորմալ իրավիճակը և ինչ-որ տեղ բնազդաբար վազեցի նախագահություն, և բարձրախոսով, որը սովորաբար ռադիոյին է միացված փորձեցի ինչ-որ բան ասել ժողովրդին, բայց այնքան էի հուզված, որ ոչինչ չստացվեց, և ստրեսի ազդեցության տակ հավանաբար ինչ-որ անկապ բաներ են ստացվել: Հետո ես վազեցի դեպի դահլիճի այն մասը ուր լրագրողներն էին և նրանց իրենց իսկ ցանկության համաձայն դուրս ուղեկցեցի մինչև ֆոյեի աջ աստիճանները և վերադարձա քարտուղարության սեղանի մոտ.... »



    Կաշեպատը այնքան թափով անցավ մեր կողքով՝ վազելով դեպի աղմուկը, որ քիչ մնաց Անուշին տապալի գետնին: Նայեցինք իրար՝ փորձելով հասկանալ՝ համարձակություններս կհերիքի՞ գնալ այնտեղ, թե ոչ:
    - Լիլ, իջնենք հաշիվը փակենք, գնանք, - Մոնիկան էր, թղթի պես գունատ:
    Լուռ գլխով արեցի:
    Անուշին ուղարկեցինք տուն, խնդրելով, որ փորձի մոռանալ, տարեդարձով ուրախանալ: Խոստանալով, որ ամեն ինչ լավ է լինելու: Չի կարող վատ լինել իր ծնունդի օրով:
    Դա իր առաջին ու վերջին ծնունդն էր, որ մենք նշեցինք միասին: Հետո էլ առիթ չեղավ, տարբեր պատճառներով:

    Շտապօգնության մեքենան արդեն դեպքի վայրում էր: Ես բռունցքներս սեղմելու աստիճան անիմաստ հույս ունեի, որ Կարոյի հետ այդ ամենը ոչ մի կապ չունի:
    Մինչև հեռվից տեսա մի կողմի վրա շուռ եկած մոտոցիկլետը: Հետո սկսեցի հույս փայփայել, որ Կարոյին արդեն տեղափոխել են մեքենայի մեջ ու մենք չենք տեսնի իրեն արյունլվա ու ջարդրտված վիճակում: Վախենում էի: Չէ, սարսափում էի այդ տեսարանից:
    Կաշեպատը խոսում էր ոստիկանի հետ: Ավելի ճիշտ՝ հարցաքննվում էր ոստիկանի կողմից: Կարոն արդեն մեքենայի մեջ էր: Հետո, բավականաչափ մոտենալով, շուռ եկած մոտոցիկլետից մի քանի մետր հեռու տեսանք. քիչ առաջ մեզ հետ պարող Կարոյի արյունը Երևանյան ասֆալտին:
    Շտապօգնության մեքենան շարժվեց՝ խլացնող ազդանշանով ճամապարհ պահանջելով մնացած մեքենաներից: Հավաքված հետաքրքրասերներից մեկից իմացանք, որ Կարոյին Պռոշյանի հիվանդանոց են տանելու:
    Մոնիկայի հետ նստեցինք հիվանդանոցի մոտ տանող առաջին պատահած երթուղայինը:
    Ընդունարանում մի կերպ կարողացանք բացատրել՝ ում համար ենք եկել: Իմացանք, որ Կարոյին միանգամից վիրահատության են տարել. մնացած վնասվածքների հետ միասին նաև ներքին արյունահոսություն ուներ: Հետո Կարոյի մայրը եկավ, բավականին տարիքով, մի քիչ գեղջկական արտաքինով մի կին: Հայրը չկար, ինչպես հետո պարզեցինք:
    Վախից իրեն կորցրած կնոջը պատմեցինք պատահածը:
    Ես մինչև հիմա փորձում եմ ինձ համոզել, որ մեզ ուղղված մոր հայացքը մեղադրական չէր: Ու չի ստացվում: Ու չի ստացվի երբեք:



    Հատված Ռոբերտ Քոչարյանի անկեղծ և սրտացավ ելույթից.

    «Սիրելի հայրենակիցներ
    Մեծարգո հյուրեր,
    Այսօր մենք հողին ենք հանձնում հայ ժողովրդի արժանավոր զավակների, ազգի հավատարիմ ու անկեղծ նվիրյալների աճյունները։ Դաժան ճակատագիրը կյանքից խլեց մարդկանց, որոնք անմնացորդ նվիրվել էին հայրենի երկրի շենացման, հայոց պետականության կերտման սուրբ գործին։
    Ծանր է վիշտը, անդառնալի կորուստ է կրել Հայաստանը, ողջ հայությունը։ Բառեր չկան արտահայտելու մեր խոր կսկիծը։ Կատարված ոճրագործությունն իր հետևանքներով դեռ երկար կմնա իբրև անբուժելի վերք....»


    Երկու-երեք ժամ մնալուց հետո գնացինք տուն: Ուշ էր արդեն ու տանը կռիվ էր լինելու:
    Միևնույն է՝ մնալն անիմաստ էր: Կարոյին տեղափոխել էին վերակենդանացման բաժին, ուր կարող էր մտնել միայն իր մայրը:
    Ես հետո, տանը իմացա, թե ինչու էր Երևանն այդ օրն այդքան տարբեր: Երբ լուռ քայլում էինք դեպի կանգառ, անկարող անգամ մտքերով կիսվել, փողոցում անհասկանալի խլրտում, լարվածություն ու դողացող նյարդ կար: Գրեթե շոշափելի: Այդ պահին բայց չէիք գիտակցում:
    Մայրս, ավանդույթի համաձայն հենց մուտքի դռան մոտ, նախասրահում, ուշ գալու համար սովորական դարձած հանդիմանալից խոսակցությունը տանելուց հետո, պատմեց...
    Պարզվեց՝ օրը պատմական էր եղել:

    Կարոն մահացավ երկու օր հետո՝ այդպես էլ գիտակցության չգալով:
    Մենք հետո իմացանք, որ պատահարի մեղավորը ինքը չէր եղել, այլ այն խախտում արած մեքենան, որին չզարնվելու պատճառով նա կտրուկ արգելակել էր, թեքել մոտոցիկլետը և թափի տակ կորցրել կառավարումը:

    Ինձ համար հոկտեմբերի 27-ը այդպես էլ չդարձավ այն օրը, երբ երկրի մասշտաբով տեղի ունեցավ ճակատագրական շրջադարձ: Ես չապրեցի համազգային կորստի ենթադրելի ցավը:
    Ինձ համար՝ Կարոյին գտնելու ու կորցնելու օրն է:


    Հեղինակ՝ Գալաթեա
    Blessed the poison which brings the end

  10. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (24.09.2013), Baltazar (23.09.2013), CactuSoul (24.09.2013), E-la Via (23.09.2013), Enna Adoly (23.09.2013), Jarre (24.09.2013), Sambitbaba (24.09.2013), Skeptic (24.09.2013), Smokie (27.09.2013), StrangeLittleGirl (23.09.2013), Vardik! (24.09.2013), Արևանուռ (23.09.2013), Նաիրուհի (23.09.2013), Շինարար (24.09.2013), Տրիբուն (28.09.2013), Փոքրիկ շրջմոլիկ (23.09.2013)

  11. #6
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    24
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 5.
    Ռոմանտիկա

    Նոր էի ավարտել համալսարանը: Ինձ սուպերմեն զգալը տևեց մինչև աշխատանքի անցնելը, հետո հասկացա, որ երկրումս դասագրքային ու պրակտիկ իրավաբանությունը տարբեր մոլորակներ են, որ գտնվում են տարբեր արեգակնային համակարգերում: Այն, ինչի իմ կարծիքով գերազանց տիրապետում էի, ինձ բնավ հարկավոր չէր աշխատանքում: Ավագ կոլեգաներս բացակայում էին. մեկն արտասահմանում էր, մյուսին անգամ դեռ չէինք գտել:
    Աշխատավայրս նորաստեղծ կառույց էր: Դեռ երկուսով էինք ես՝ իրավաբան ու իմ տնտեսագետ գործընկերուհին՝ համակարգող: Քաղաքացիները լսում էին անվճար իրավաբանական խորհրդատվություն կոռուպցիոն կամ կոռուպցիոն ռիսկ պարունակող գործերով ու հասկանում այդքանից միայն անվճար իրավաբանական խորհրդատվությունը: Մերժել դեռ չէի սովորել: Եթե մարդ դիմել էր օգնության խնդրանքով, օգնում էի՝ կազմակերպությանը ոչ ընդդատյա գործերն անելով առանց փաստաթղթավորման: Երբեմն գիշերը լուսացնում էի օրենսգրքերը քրքրելով ու օրհնում իրավաբանական կլինիկան, որ ժամանակին ատում էի, բայց ուր սովորել էի քիչ թե շատ գլուխ հանել տարաբնույթ բողոքներից, ահավոր ցածր իրավագիտակցություն ունեցող, իսկ որոշ դեպքերում գրեթե գիտակցություն չունեցող ու պարապ ականջ փնտրող մարդկանցից:

    Սենյակում իրեն նյարդային պատեպատ տվող ճանճը ստիպում էր հայացքս բարձրացնել թղթերի բուրգից ու իրեն նայել: Հետո էլ ավելի հուսահատված խորանում էի փաստաթղթաօրենսգրքային քաոսում: Սկզբում, երբ մեր մասին դեռ չգիտեին, ուզում էինք այցելուներ լինեին, հիմա ես սրտանց ուզում էի մարդ չգար այնքան ժամանակ, մինչև կուտակված գործերը վերջացնեմ:
    Այդպես չի լինում: Դռան անվստահ թակոցից հետո դուռը դանդա՜ղ բացվեց:
    Կինը, որ անվստահ առաջ եկավ, կլիներ յոթանասուն տարեկան՝ իմ մոտավոր գնահատականն առաջին հայացքից: Հագին վառ գույնի հագուստ էր, վարդագույն կոշիկներ: Մազերը կեղտոտ էին, բայց խնամքով հարդարված: Վրայից տհաճ հոտ էր գալիս ու այդ ամենի մեջ առանձնանում էին աչքերը՝ խունացած, տխուր, բայց արտառոց գեղեցիկ կանաչ երանգի, տպավորիչ աչքերը: Ամեն ինչ լացելու չափ անհեթեթ էր:
    Նա լուռ կանգնել էր դռան առաջ, անգամ չէր հարցնում՝ կարելի է, իսկ ես նրա արտառոց կերպարի պատճառով կիսաշոկային վիճակում գլխի չէի ընկել, որ կարելի է ներս հրավիրել: Չգիտեմ ինչքան տևեց քարացումս, բայց ի վերջո ուշքի եկա և հրավիրեցի նստել: Համակարգիչն այդ պահին հարկավոր չէր, բայց դիտավորյալ գնացի համակարգչի մոտ՝ կնոջից հնարավորինս հեռու, որ խուսափեմ ինձ հալածող գարշահոտից: Ստանդարտ բացող հարցերով սկսեցի իրավաբանական հարցազրույցը, որի արդյունքում պիտի պարզեի կնոջ հիմնախնդիրը: Նա լուռ էր:
    - Միայն թե համր չլինի, - փայլատակեց մտքումս ու տեղում լեզուս կծեցի:
    Հասկացա, որ իմ արհեստականորեն ստեղծած հեռավորությունն է խանգարում կնոջը խոսել, մոտեցա նրան, նստեցի կողքին ու նա վախվորած պատմեց իր պատմությունը: Նրա կիրթ հայերենն այնքան անհարիր էր իր պատկերին, որ պարբերաբար մտածում էի, թե երազ եմ տեսնում ու հիմա կարթնանամ:
    Իր խոսքերով 18 տարեկան էր, երբ իրեն գյուղից առևանգել էր քառասունամյա ամուսինն ու բերել մոտակա քաղաքը: Վերադարձել էր ծնողների մոտ:
    - Դու դեռ երկու պսակելու քուր ունես, ոնց գնացել ես, մնա, քուրերիդ անվան հետ մի խաղա, - ասել էր հայրն ու դուռը փակել աղջկա երեսին:
    Դռան հետևից լսել էր մոր հեծկլտոցը:
    - Մա՜մ:
    - Հերդ ճիշտ ա ասում, գնա, քուրերիդ բախտին քար մի քցի, հետ դարձի, - լացի միջից ասել էր մայրը փակ դռան հետևից:
    Վերադարձել էր ճարահատյալ: Ամուսինը դաժանաբար ծեծել էր: Հետո կյանքը քիչ թե շատ հունի մեջ էր ընկել: Միայն մի ամիս: Ամիսը դեռ չլրացած ամուսինը հայտարարել էր, որ չի պատրաստվում ձրիակեր պահել, որ անօժիտ աղջիկ իրեն հարկավոր չէ: Ծնողներն օժիտ տալ հրաժարվել էին.
    - Նեղի ենք, ախպորդ նոր ենք ամուսնացրել, ձեռներիս փող չկա:
    Ամուսինն էլ պնդել էր, որ դատական կարգով օժիտ պահանջի:
    Դատարանը հայցը բավարարել էր, քանի որ ԽՍՀՄ ժամանակների պատմություն էր, աղջիկը 16 տարեկանից սեփական եկամուտ ուներ, ինչն էլ բռնագանձել էին ծնողներից:
    - Էսօրվանից ես էրկու քուր ունեմ, դու իմ համար մեռած ես, աչքիս էրեվացիր, կտամ, գլուխդ կջարդեմ, տականք, մարդ էլ իր ծնողներին դնի, դատարան քարշ տա, - նիստից հետո հայտարարել էր եղբայրը:
    Ամուսինն օժիտի գումարը մինչև վերջ խմել էր: Հետո նորից սկսվել էր նախորդ կռիվը ձրիակերության, «թե էս ինչ ղալաթ արեցի քեզ բերեցի» ու նման հարցերի շուրջ: Կինը վաղ առավոտյան մոտ 15-20 կիլոմետր կտրելով Սևանի ձկնորսներից ձուկ էր գնում, շալակած հասցնում շուկա, մինչև երեկո ինչ կարողանում էր, վաճառում էր, գումարը բերում, տալիս ամուսնուն, ստանում իր ծեծի չափաբաժինն ու ուժասպառ պառկում քնելու՝ հաջորդ օրը նույն դժոխքը կրկնելու համար: Այդպես երեսուն տարի, մինչև որ ոտքը հաշմվել էր, էլ ի վիճակի չէր եղել քայլել, ապրում էին հաշմանդամության թոշակով ու ընտանեկան նպաստով: Այդ ժամանակ նա արդեն 48 տարեկան էր, ամուսինը՝ 70: Երկու տարի հաշմանդամության թոշակ ստանալուց հետո, երբ ստիպված չէր օրեկան հիսուն կիլոմետրի չափ տարածք անցնել, կինը կազդուրվում է, ինչի արդյունքում հերթական փորձաքննությունն այլևս թոշակ չի նշանակում(հիսո՜ւն տարեկան, իսկ ես խեղճին յոթանասուն էի վերագրել):
    Այստեղ էլ ամուսինը նրան տնից վռնդում է՝ դու էլ ինձ պետք չես: Կնոջը վռնդելուց հետո կապվում է ինչ-որ նախկին մարմնավաճառի հետ ու մեկընդմիշտ փակում դուռը նրա առաջ:
    Այժմ կինը եկել էր խնդրելու, որ օգնեմ իրեն մի անկյուն ունենալ, ասում էր, որ քրոջ տանն է ապրում, բայց շուտով քրոջ ընտանիքը Ռուսաստանից կգա ու իրեն պարտադրում են ազատել տունը:
    Նրա գնալուց հետո ճանճը հեգնախառն տզզոցով պտտվեց աչքերիս առաջ ու դուրս թռավ պատուհանից: Շշմած նայում էի հենց այն կետին, որտեղով դուրս թռավ ճանճը: Ամեն ինչ թվում էր ինչ-որ սերիալից գողացված էժանագին սցենար: Այդ օրն արդեն ոչինչ չարեցի:
    Փորձը, որ այնքան էլ մեծ չէր, ամեն դեպքում, ցույց էր տվել, որ մարդկանց չի կարելի հավատալ: Ամեն բառ հարկավոր էր ճշտել: Յուրաքանչյուրը, դիմելով իրավաբանական խորհրդատվության, երբ խոսում էր, մարմնավորված անմեղությունն էր, իսկ շուրջը բոլորն անխտիր իր իրավունքների խախտմանը կոչված դժոխքի պատվիրակներ, որ եկել են իրեն լլկելու: Ամեն ինչ ներհայացվում էր հենց այդպես՝ պաթոսով, չափազանցված, անողոք: Ու շատ հաճախ ամեն ինչ պարզվում էր՝ հակառակն է:
    Կնոջը խնդրել էի գալ երկու օրից, բերել անհրաժեշտ փաստաթղթերը (ցուցակը մանրամասն գրել, տվել էի, բացատրել), բայց կային բաներ, որ փաստաթղթերով ստուգել հնարավոր չէր:
    Այցելության հաջորդ օրը սկսեցի գործել: Առաջին անգամ կյանքում խուզարկու խաղացի: Ոչ ոքի չէի ճանաչում այն բնակելի շենքում, որտեղ երեսուն տարի ապրել, իսկ իր նկարագրածով տառապել էր կինը: Կարճ ժամանակում պարզեցի, որ շենքում վարձով բնակարան են տալիս: Հենց կնոջ տան վերևի հարկում: Նայեցի բնակարանը: Հետո սկսեցի հարցուփորձ անել հարևաններից՝ ինչպիսի՞ մարդիկ են: Տանտերը բոլորի բոլոր պատմությունները պատմեց, բոլորի կեղտոտ ու մաքուր սպիտակեղենը շաղ տվեց իմ առաջ ու ամենաշատը խոսեց մեր այելուի չարաբաստիկ ամուսնուց: Իսկական Կապույտ մորուք էր բիձուկը. երկու կին թաղել էր նախքան քառասուն տարեկանում աղջիկ առևանգելը:
    - Դրա ձեռը խեղճերը չմեռան, տանջամահ եղան, բայց Անժիկը շատ լավն էր, Անժիկին ինքն իրավունք չուներ տնից հանել, էդ բ..ին բերել, էդ բան չէր, որ արեց, խեղճ աղջիկն էսքան տարի ինքն էր պահում տունը, ինչ խորոտ էր, ինչ ուրախ-զվարթ, հիմա ինչ ա դառել, - բառացիորեն թրջված աչքերով պատմում էր տանտերը:
    Բնակարանը չվերցրի՝ պատուհանները հյուսիս էին նայում, ոչ ջրի բաք ուներ, ոչ մշտական հոսող ջուր, գրեթե կահավորված չէր: Պատճառաբանություն: Կինն էլ համաձայնեց, որ եթե երկար ժամանակով չեմ վերցնում, իմաստ չունի, որ վերանորոգում անի, կահույք բերի, ջրի բաք ու ջրատաքացուցիչ դնի: Իրար շնորհակալություն ասացինք, բաժանվեցինք:
    Այսպես համոզվեցի, որ այցելուն ոչինչ չի չափազանցրել:
    Անժիկը երկու օր չդիմացավ, հենց այդ օրն էլ եկավ բոլոր փաստաթղթերով հանդերձ: Անգամ օժիտի հարցով դատարանի վճիռն էր առկա, այնուամենայնիվ, գտել էր:
    Անձնագրում առանց հասցե ուղղակի գրանցված էր իրենց գյուղում, ամուսնալուծված էր: Ամուսինը համոզել էր, որ պետք է ամուսնալուծվեն, որպեսզի կարողանա գյուղում հող ստանալ, հենց այդ առանց շինության հողակտորում էլ գրանցված էր, թեև այն վաղուց վաճառել էր ամուսնու պարտադրանքով: Որևէ իրավական հնար չէի գտնում, որով Անժիկը կկարողանար բաժին պահանջել ամուսնու բնակարանից, ոչ ոք էր նա այդ տանը:
    Մտածեցի հայրական տան հետ կապված մի բան կարելի է անել, գոնե այնտեղ ապրի ծերությունը, բայց ոչ, բնակարանը, որ պապիկի սեփականությունն էր, Անժիկի եղբորն էր անցել կտակով, ծնողների բնակարանում նա գրանցված չէր: Կոլեգաս, որ տնտեսագետ էր, ճարահատյալ իրավաբան էր դարձել, ինձ հետ հավասար կարդում էր օրենսգրքեր, օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր, ելք փնտրում, ինձ հետ հավասար խելագարվում անզորությունից:
    Մինչև որ երջանկություն: Մենք ևս մեկ իրավաբան ունեցանք, ոչ թե ինձ նման նորավարտ դեղնակտուց, այլ՝ փորձառու իրավաբան, ով մի հայացք նետեց փաստաթղթերին, ասաց, որ օրենքով կնոջն օգնել հնարավոր չէ, ոչ մի իրավական հնար չկա:
    - Եթե ամեն գործ էդպես սրտիդ մոտ ընդունես, կյանքում իրավաբան չես դառնա: Տեսնում ես օրենքով օգնելու ոչ մի հնարավորություն չկա, ուղղակի բանավոր կամ եթե ուզում է գրավոր հիմնավորում ես մերժումը և ասում ցտեսություն:
    - Եթե էդպես անեմ, Անժիկը կմնա փողոցում, - գրեթե լացակումաց ասում եմ ես:
    - Իսկ եթե առավոտից իրիկուն քո հիմնական գործը թողած փորձես իրեն օգնել, ինքդ էլ քաջ գիտակցելով, որ իրավաբանորեն ոչ մի շանս չկա, ինքը տանիք կունենա՞:
    - Չէ, բայց…,- լռեցի:
    ...
    Blessed the poison which brings the end

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (24.09.2013), Enna Adoly (23.09.2013), Lusntag Lusine (24.09.2013), Sambitbaba (24.09.2013), Smokie (26.09.2013), Vardik! (24.09.2013), Հայկօ (24.09.2013), Նարե91 (24.09.2013)

  13. #7
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    24
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ... Շարունակում էի ելք փնտրել: Ծերանոցի համար Անժիկը դեռ երիտասարդ էր: Բարեգործական կազմակերպություններ ուղարկած նամակներս մնացին անպատասխան, աշխատավարձս արդեն ստացել էի, չէի ծախսում, որոշել էի ծայրահեղ դեպքում սեփական միջոցներով նրա համար տուն վարձել, աշխատանք գտնել նրա համար, մինչև այլ հնար կլիներ: Գրեթե բոլոր գործերը թողել էի գործընկերոջս ուսերին, լավ մարդ էր, չէր դժգոհում, ուղղակի ժամանակ առ ժամանակ էլի խրատում էր, որ արածս անմտություն է, որ իմ իրավաբանական պրակտիկայում ինձ դեռ տասնյակ, հարյուրավոր անժիկներ են պատահելու, իսկ բոլորին օգնել ես չեմ կարողանա:
    Այդ ժամանակ կրոնական որոնումներում հերթական անգամ ինձ աթեիստ էի հայտարարել, բայց անզորությունից ես աղոթում էի: Ամեն գիշեր քնելուց առաջ ես աղոթում էի Անժիկի համար, աղոթում ու ֆիզիկական ցավից սիրտս կուչ էր գալիս, աղոթում էի մերթ լացելով, մերթ հուսահատ, քարացած, անզգա…
    Հետո՞… Հետո Անժիկը կորավ: Իր ասած ժամկետը լրացել էր, քույրն արդեն պիտի եկած լիներ, նա արդեն պիտի հայտնված լիներ փողոցում, ես արդեն ստացել ու մի կողմ էի դրել իմ նաև երկրորդ ամսվա աշխատավարձը. կարող էի ամբողջ չորս ամիս նրա բնակարանի վարձը տալ, անգամ մի քանի բնակարան ունեի աչքի առաջ, իսկ նա չկար ու չկար:
    Աչքիս առաջ հանդիպման առաջին օրն էր, թե ոնց էր խեղճ կինը հագել իր երիտասարդ տարիների տոնական հագուստը, քանի որ այսքան տարի իրեն ոչ մի լաթ չէր կարողացել գնել, իսկ ոչ տոնական զգեստները վաղուց մաշել էր: Աչքիս առաջ տհաճ հոտից իմ փախչելն էր: Հիշում էի նրա տոկունությունը սկզբում ու հուսահատ հեկեկոցը, երբ վերջին անգամ կոլեգաս ուղղակի լռեցրեց ինձ ու սառը բացատրեց, որ իրավաբանորեն նրան օգնել չենք կարող: Հիշում էի ինչպես եմ զզվանքի մասին մոռացած գրկել նրա ուսերն ու հանգստացրել, ասել, որ ես ելք կգտնեմ: Մտովի փորձում էի ինձ արդարացնել ու մտովի կրկնում ինձ համար աֆորիզմ դարձած բառերը՝ եթե արդարանում ես, ուրեմն մեղավոր ես:
    Ո՞ւր ես, Անժիկ: Իրենց գյուղ մարդ ուղարկեցի: Չգտան նրան, փոխարենը քրոջ ընտանիքն էր վերադարձել, իր մասին ոչ մի լուր չունեին, միայն ասում էին, որ իրերի մեծ մասը գտել են տան մոտակա աղբարկղում՝ հնամաշ ճամպրուկների մեջ: Բանալին թողել էր հարևանի մոտ:
    Գրասենյակում առանձին խոհանոց ունեինք, ամբողջ օրը սուրճ խմելու պատրվակով գնում էի այնտեղ, լալիս, վերադառնում: Կոլեգաներս հարցեր չէին տալիս ոչ կարմրած աչքերի վերաբերյալ, ոչ լացից խռպոտված ձայնի: Նրանք աշխարհի ամենալավ ընկերներն էին, նրանք երբեք ինձ դժվարության մեջ մենակ չէին թողնում, մենք երեքով միակ կոլեկտիվն էինք, ուր այդպես էլ ոչ մի անգամ աշխատանքային վեճեր չեղան, բայց նրանք այդ օրը հասկացան, որ պիտի ինձ մենակ թողնեն:
    - Դու իրավաբան չես դառնա, - երեկոյան կատակով ասաց կոլեգաս: Ժպտացի:
    Մի քանի օր անց ես արդեն լրիվ քարացում էի: Արդեն հանգիստ լսում էի ամուսնալուծվող ընտանիքների երեխաների լացը, որ գիտակցում էին. էլ երբեք ծնողների հետ որպես մի ընտանիք չեն ապրի: Առանց զգացմունքի նշույլի լսում ծեր թոշակառուների, որ նպաստ էին երազում, լսում, թե ոնց է հերթական պաշտոնյան հերթական աղքատին ուղղակի վռնդել իր աշխատասենյակից, իրավաբանորեն ինչ կարողանում էի, անում էի, ինչը չէ, ուրեմն՝ չէ, կներեք, մարդիկ, իմ հնարավորություններն անսահմանափակ չեն:
    Հերթական խճճված պատմությունից էի ապարդյուն փորձում գլուխ հանել: Հիշում եմ, հոգնեցի ու սկսեցի շախմատ խաղալ: Խաղալ չգիտեի, նոր էի սովորում, համակարգիչն ինձ ջախջախում էր: Այս մի անգամը որոշել էի հաղթել ու նորից անցնել գործի: Թակոց ու դուռը բացվեց: Միջին տարիքի մոտ 40-45 տարեկան կին էր: Կոկիկ հագնված, գեղեցիկ, աչքերում կրակ ու այն տպավորիչ կանաչ գույնը: Անժիկն էր, իհարկե, բայց ո՞նց:
    - Ո՞ւր էիր այսքան ժամանակ, - մոռանալով իմ թե բնածին, թե աշխատանքային պարտադիր պայման հանդիսացող բարեկրթության մասին, ուղղակի հարձակվեցի ես:
    - Ամուսնացել եմ, - ասում է ու աչքերը փայլում են, ուղղակի ճառագում երջանկությունից:
    Ուրիշ մարզից հյուրեր են գալիս իրենց գյուղ, ինչ-որ մեկի տան տեղն են հարցնում: Ուղեկցում է, դուռը փակ է լինում, հրավիրում է տուն, հյուրասիրում առանց շաքարավազ սուրճով, քանի որ իրեն արդեն անգամ շաքարավազ չէր կարող թույլ տալ, իսկ սուրճն էլ մեզ համար էր գնել, կատաղել, հետ էի տվել, պահել էր:
    Հեռանալուց հետո, ծերունին, որ հյուրերի հետ էր, անընդհատ իր մասին է խոսում, ծերուկի որդին էլ մտածում, մայրը վաղուց մահացել է, ծերուկը համառություն է անում ու իր ամառանոցից չի ցանկանում որդու տուն տեղափոխվել, ուրեմն թող ամուսնանան, գոնե մենակ չի լինի: Գալիս, Անժիկին վերցնում է, հին շորերն ուղղակի նետում աղբարկղ՝ դու սրանց կարիքը չես ունենա, ու Անժիկն ինքն էլ չգիտակցելով դեռ՝ ինչ է կատարվում, գնում է ծերուկի տուն:
    - Միասին այգին ենք մշակում, ինքը ճյուղերը կտրում է, ես հավաքում եմ: Իրիկուններն ինձ համար բուխարու մոտ գրքեր է կարդում, կամ տալիս է, ես եմ կարդում, երեկոյան քննարկում ենք, - ասում է Անժիկն ու ռեալ նմանվում կյանքում առաջին անգամ սիրահարված պարմանուհու:
    - Ինչքա՜ն երջանիկ եմ քեզ համար:
    - Գիտես, ամենաշատ ցավը կյանքում այն էր, որ այդպես էլ երեխա չունեցա, բայց երբ իր թոռնուհին…ըըմ… երբ մեր կրտսեր թոռնուհին ծնվեց, գնացինք հիվանդանոց ու ինձ տեսնելով բժշկուհին ասաց՝ լրիվ տատիկն է՝ նույն աչքերի գույնը, նույն քիթը, նույն շուրթերն ու իր որդին իմ անունով կոչեց աղջկան: Իմ արունը չի, բայց ո՜նց ա ինձ սիրում, ինչքան նման ա ինձ: Արժեր ամբողջ կյանքում տառապել հիմիկվա երջանկության համար: Իրականում արժեր:
    Արժիկը գնաց: Ուրախությունից թռչկոտում էի, գործընկերներս ինձանից պակաս ուրախ չէին, բայց ես ասես գիժ լինեի, պտտվում էի տեղում, ամբողջ օրը քթի տակ երգում: Համարս կորցնելուց հետո նա անձամբ եկել էր՝ ասելու, որ երջանիկ է: Ես իր համար այդպես էլ ոչինչ չէի արել, բայց նա ինձ հիշել էր, նա գիտեր, որ ես կանհանգստանամ իր համար, դրա համար էլ եկել էր: Խիղճս էլ չէր տանջում:
    Անժիկի համար հավաքած գումարով այդ օրը երեք շրջազգեստ գնեցի՝ իմ խիստ դասական կոստյումների ու քրքրված ջինսերի ու սպորտային ու լիքը գրպաններով ու հիմնականում տղայական հագուստի պահարանում հայտնվեցին իմ աղջկական, վառ գույնի, ուրախ շրջազգեստները: Այդ օրը ես իմ մեջ հայտնաբերեցի ռոմանտիկ, զգայական, Կուպիդոնի համար արդեն խոցելի դարձած աղջկան…
    Հ.Գ. Կոլեգաս ճիշտ էր. մի տարի էլ չաշխատած ես թողեցի իրավաբանությունը: Կարծում եմ՝ մեկընդմիշտ:
    Հ.Հ.Գ. Կոլեգաս ճիշտ չէր. կյանքում ինձ տասնյակ ու հարյուրավոր անժիկներ չեն պատահի, բարի հեքիաթները շատ-շա՜տ հազվադեպ են իրականանում՝ չափազանց թանկ գին վճարելու նախապայմանով:

    Հեղինակ՝ Alphaone
    Blessed the poison which brings the end

  14. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (24.09.2013), E-la Via (23.09.2013), Enna Adoly (23.09.2013), Ingrid (24.09.2013), Jarre (27.09.2013), Lusntag Lusine (24.09.2013), Sambitbaba (24.09.2013), Skeptic (24.09.2013), StrangeLittleGirl (23.09.2013), Արամ (25.09.2013), Արէա (23.09.2013), Արևանուռ (23.09.2013), Գալաթեա (23.09.2013), Հայկօ (24.09.2013), Մինա (27.01.2014), Նաիրուհի (23.09.2013), Նարե91 (24.09.2013), Տրիբուն (28.09.2013), Փոքրիկ շրջմոլիկ (23.09.2013)

  15. #8
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    24
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 6.
    Զակատը Հռենոսի ափին

    Հոսթելի ընդհանուր սրահում նստած փորձում էի չեղած ինտերնետին կպնել, երբ մի տղա ներս մտավ ու խնդրեց, որ վայ-ֆայի փասն ասեմ: Սկզբում ներողություն խնդրեցի, ասացի, որ դեն եմ նետել, որ աշխատողներից ուզի: Հետո մեղքս եկավ, համ էլ ֆայմեցի, որ իմ կոմպի մեջ կա, ցույց տվեցի: Հետո չգիտեմ՝ կպավ, թե չէ:
    Հաջորդ առավոտյան նույն տեղում ծուլորեն նախաճաշում էի՝ մտածելով, թե մինչև գնացքիս մեկնելն ինչով կարելի է զբաղվել Քյոլնում, երբ մոտեցավ այդ նույն տղան ու զրույցի բռնվեց:

    Պարզվեց՝ Պաղեստինից է, բայց Կանադայում է սովորել, հիմա էլ Նիդեռլանդներում աշխատում է: Զարմացավ, երբ իմացավ, որ ես էլ էնտեղ սովորում եմ: Ասաց, որ նոր է տեղափոխվել, փորձում է շրջապատ ստեղծել, մարդկանց հետ ծանոթանալ: Խնդրեց, որ Ֆեյսբուքում ինձ ավելացնի: Ասացի, որ էնտեղ չկամ, մեյլիս հասցեն տվեցի: Զարմացավ, երբ իմացավ, որ Քյոլն եկել եմ ընդամենը մի օրով, այն էլ համերգի համար: Ինքն իր զարմուհուն էր այցելում, ամբողջ վիքենդն էնտեղ էր անցկացնելու:

    Քսանութ տարեկան է: Իմը հարցրեց: Ստիպեցի, որ գուշակի:

    - Հրաշալի համապատասխանություն,- ասաց,- նկատի ունեմ՝ նույն սերնդից ենք, լավ ընկերներ կարող ենք լինել... Ուզում եմ դուրս գալ մի քիչ քայլելու մինչ զարմուհուս մոտ գնալը,- ու մոտեցավ ինձ, որ հրաժեշտ տա: Մինչ ձեռքս կպարզեի, անցավ բոլոր տեսակի անձնական սահմանները և երկու թուշս պաչեց, դուրս եկավ:

    Զրույցի պատճառով սուրճս սառել էր: Մի կում արեցի, բայց չէի հասցրել կուլ տալ, երբ վերադարձավ:
    - Ի՞նչ պլաններ ունես մինչև մեկնելդ: Գուցե միասի՞ն քայլենք:
    - Ուզում եմ գնալ գետի մոտ,- պատասխանեցի: Հա՛, դեռ նախորդ օրվանից տրամադրվել էի, որ պիտի քայլեմ Հռենոսի ափով, ուղղակի չէի կողմնորոշվում՝ դա անել մինչև խանութներ գնա՞լը, թե՞ դրանից հետո:
    - Դեմ չե՞ս լինի, եթե քեզ ընկերակցեմ:
    - Չէ,- բայց ամբողջ հոգով դեմ էի: Իմ մենակությունն իմ սրբությունն է, ու սիրտս կանգնում է, երբ մեկը խցկվում է այնտեղ, նույնիսկ եթե դա նրա նման հաճելի տղա է:

    Երբ հոսթելից դուրս եկանք ու մի քանի քայլ արեցինք դեպի կայարան, մեր առջև բացվեց Քյոլնի տաճարը: Եվրոպայում նոր հայտնված տղայի աչքերը թռան ճակատին, բերանը բաց մնաց:
    - Ես էսպիսի բան երբեք չեմ տեսել:
    Ժպտացի ու պատմեցի Սևիլյայի տաճարի մասին, որն ավելի մեծ է, ու կառուցողներն էլ ժամանակին ասել են, թե՝ եկեք էնքան մեծ բան ստեղծենք, որ տեսնողներն ասեն՝ գիժ են սրանք:

    Սկսեցինք իջնել փողոցներով դեպի Հռենոս: Պատմեց ԱՄՆ-ից: Ասացի, որ չեմ սիրում ամերիկացիներին ու Ամերիկան ընդհանրապես: Հարցրեց, թե ինչու: Չգիտեմ ինչու, սկսեցի բնապահպանությունից խոսել ու ԱՄՆ-ին մեղադրել դրա մասին անընդհատ խոսելու, բայց ոչինչ չանելու մեջ:
    - Ձևականություն,- եզրափակեցի,- ավելի լավ է՝ ասեն թքած ունենք, ինչ ուզեն, անեն:
    - Իսկ ես կարծում էի՝ մենակ ես եմ ակնոցներով ու խելացի:
    «Հըմ, չի մրցակցում»,- մտածեցի:
    Երբ հասանք Հռենոսին, նրան պատմեցի կամրջի մասին, որը կառուցվել է 1905-ին, բայց Երկրորդ համաշխարհայինի ժամանակ հերն անիծել են: Հետո հանեցի ապարատս, որ նկարեմ:
    - Պայուսակիդ մեջ դիր:
    - Ի՞նչ:
    - Կամերան պայուսակիդ մեջ դիր:
    Շփոթվեցի: Արդեն հասկացա՝ ուր է տանում: Խելոք ենթարկվեցի: Երբ ձեռքերս ազատվեցին, ինձ ձգեց դեպի իրեն ու գրկեց: Հրեցի:
    - Ինձ դուր չի գալիս սա,- ասացի:
    - Ինչու՞:
    - Ոչ էսքան արագ:
    - Մի՞թե հաճելի չի լինի էստեղ պարելը... տես ինչ սիրուն է:
    Նորից գրկեց: Այս անգամ ենթարկվեցի: Սկսեց օրորվել: Նորից հրեցի: Բռնեց ձեռքերիցս ու սկսեց պտտվել:
    - Հիշողություն,- ասաց,- չե՞ս ուզում հաճելի հիշողություն քեզ մնա այս գեղեցիկ տեսարանից, որ պտտվում էիր մի տղայի հետ, ու քամին մազերդ աչքերիդ էր լցնում:
    - Պոետիկ էր,- քմծիծաղեցի:
    Փորձեց համբուրել: Չթողեցի:
    - Ընկեր ունե՞ս:
    - Չէ:
    - Ե՞րբ ես բաժանվել:
    - Մի տարի կլինի:
    - Մի տարի քեզ ոչ ոք չի՞ համբուրել:
    - Եղել են դեպքեր:
    - Գիտես, հավանաբար մենք իրար էլ երբեք չենք տեսնի, բայց քեզ կմնա հաճելի հիշողություն...

    Էլ ո՞նց բացատրեի, որ իմ ուսերն արդեն ծանրացել էին բոլոր տեսակի հիշողություններ հետս ման տալուց, ու նորն ավելացնելու ցանկություն բնավ չունեի:
    Մի քանի քայլ առաջ գնացինք:
    - Ես էլ եմ վերջերս բաժանվել,- ասաց,- մենք համարյա ամուսնացած էինք, բայց առանց պատճառի բռնեց ու բաժանվեց:
    - Ես աղջկա կողմից եմ: Հնարավոր չէ, որ պատճառ եղած չլինի:
    - Հավատա ինձ, չկար: Վախենում էր ամբողջ կյանքը նույն մարդու կողքին արթնանալուց: Վախենում էր ճանապարհ գնալուց:
    - Դա չեղա՞վ պատճառ:
    Լռեց: Նորից ինձ մոտ քաշեց, փորձեց համբուրել, նորից չթողեցի:
    - Նայիր աչքերիս մեջ,- ասաց, նորից ինձ մոտ քաշեց, հանեց ակնոցները:
    Նայում էի, բայց ոչինչ ներսումս չէր շարժվում, ոչնչով չէր ձգում ինձ, ոչ մի կերպ համբուրել չէի ուզում: Այնուամենայնիվ, աչքերս փակեցի ու թույլ տվեցի, որ մի քանի վայրկյան շուրթերն իմին հպած մնա: Հետո նորից հետ քաշվեցի:
    - Չթողեցիր կարգին համբուրեմ:
    - Պետք չի:
    - Սիրտդ խփում է:
    - Իհարկե խփում է: Ես դեռ կենդանի եմ:
    - Շատ լավ գիտես՝ ինչ նկատի ունեմ:
    Դե ո՞նց բացատրեի, որ նրա ներկայությունից անգամ սրտիս զարկերը չէին ավելանում:

    Հենվեցինք բազրիքին ու սկսեցինք գետին նայել:
    - Քո կարծիքով սրիկա՞ եմ,- հարցրեց:
    - Չէ:
    - Վստա՞հ ես:
    - Չէ:
    - Ուրե՞մն... ինչու՞ վստահ չես:
    - Բոլոր տղամարդիկ սրիկաներ են:
    - Ա՜հ, քեզ երևի խոստումներ են տվել ու չեն կատարել:
    - Չկա նման բան: Ինձ երբեք ոչ ոք խոստում չի տվել: Ես էլ ոչ ոքի ոչինչ չեմ խոստացել:
    - Իսկ դուք՝ կանայքդ, դավաճաններ եք... նա խոստացել էր, որ ուրիշ տղամարդ չի դիպչի իր մազերին, ուրիշի երբեք չի սիրի... իսկ հիմա՞... ի դեպ, դու նման ես նրան: Նույն մարմինը, մազերի նույն գույնը, նույն դեմքը, նույն հասակը:
    Նկարը ցույց տվեց, բայց ես ոչ մի նմանություն չտեսա:
    -...Լսիր, ի՞նչ կլինի, հանուն հիշողության... ես քեզ խոստումներ չեմ տալիս, ես քեզ չեմ տանում հյուրանոցի համար:
    Նորից հրեցի: Բռնեց ձեռքս, ու էդպես քայլեցինք, հեռացանք գետից, մինչև հասանք Մեդիամարկտ, որտեղից պիտի Զազի նոր ալբոմն առնեի: Էդտեղ ինքը գնաց իրեն հետաքրքրող բաժինը, ես էլ կորա դիսկերի մեջ:

    Չգիտեմ՝ ինչքան մնացի էնտեղ, որովհետև երբ ես դիսկեր եմ տեսնում, ամեն ինչի մասին մոռանում եմ, նույնիսկ այն, որ քիչ առաջ Հռենոսի ափին մի տղա համառորեն փորձում էր ինձ համբուրել, իսկ ես մոտ չէի թողնում:

    Երբ Զազի «Ռեկտո վերսոն» գնեցի ու դուրս եկա, մտածեցի՝ ճիշտ կլինի հանուն քաղաքավարության մի քիչ սպասել, որ գոնե հաջող անեմ գնալուց: Չկար ու չկար: «Թքած»,- մտածեցի ու դուրս եկա:

    Անջատված քայլում էի Քյոլնի հին քաղաքի փողոցներով: Արդեն մոռացել էի տղայի մասին, մոռացել էի աշխարհում ամեն բան: Ուղղակի թափառում էի՝ կորցնելով ճանապարհս, մտածելով, որ եթե գտնելու կարիք լինի, տաճարով կկողմնորոշվեմ:

    Եղանակը լավն էր Քյոլնում: Նեղլիկ փողոցները մարդաշատ էին: Չգիտեմ՝ ոնց թեքվեցի, բայց հանկարծ հայտնվեցի մի փողոցում, որտեղ մենակ էի: Մի քանի քայլ արեցի, ու հենց էդ ժամանակ էր, երբ տղան դիմացս հայտնվեց:
    - Ճակատագիր է,- ասաց:
    - Պատահականություն:
    Ու էդ պահին երազեցի, որ Ալիսը գա, տղային զակատ անի:

    Հեղինակ՝ StrangeLittleGirl
    Blessed the poison which brings the end

  16. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.09.2013), Baltazar (23.09.2013), CactuSoul (24.09.2013), E-la Via (23.09.2013), Enna Adoly (23.09.2013), Ingrid (24.09.2013), Sambitbaba (24.09.2013), Smokie (25.09.2013), Vardik! (24.09.2013), Արևանուռ (24.09.2013), Նաիրուհի (23.09.2013), Փոքրիկ շրջմոլիկ (24.09.2013)

  17. #9
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    24
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 7.
    Ցոլակը

    Առաջին կուրսում, երբ դեռ նոր էինք փորձում միմյանց ճանաչել, միջանցքերում զբոսնում էր ճմրթած խալաթով, փոքրամարմին, դեմքի ոչ այնքան խելացի արտահայտությամբ մի տղա, խոսում գրեթե բոլորի հետ, ծանոթանում: Անունը Ցոլակ էր: «Ո՞ր խմբից ես» հարցին պատասխանում էր` 101, ինչը մեզ մի քիչ զարմացնում էր, որովհետև 101-ը շատ լավ գիտեինք, էնտեղ էդպիսի տղա չկար:

    Բացի խմբերով գործնական դասերից, ունեինք նաև դասախոսություններ, որոնց ամբողջ հոսքն էր մասնակցում, այսինքն` մոտ հարյուր հիսուն հոգի: Հաճախ պատահում էր, որ դասախոսը չէր վստահում ավագների «ներկա-բացակային», խմբերին հերթով ոտքի էր կանգնեցնում ու ստուգում: Առաջին նման փորձառության ժամանակ դասախոսը հասավ մինչև 110 խումբ, հետո կարգադրեց, որ քոլեջը ոտքի կանգնի: Մի հինգ աղջիկ ու Ցոլակը նստարաններից վեր բարձրացան: Փաստորեն, քոլեջի խմբերը նույն համարակալումն ունեին, ինչ համալսարանինը:

    Քոլեջում սովորում էին նրանք, ովքեր կտրվել էին ընդունելության քննություններից. մեր բուհի քաղաքականությունն էր դրական միավորներ հավաքած ցանկացած դիմորդի ընդունել համալսարան: Իսկ ընդունելության քննություններից կտրվելու համար, եթե մի քիչ աշխատող ուղեղ ունես, պիտի լուրջ ջանքեր թափես, դիտմամբ սխալ պատասխաններ տաս, որ դրական գնահատական չստանաս:

    Քոլեջի ցանկացած ուսանողի երազանք համալսարան տեղափոխվելն էր: Եթե ծանոթ-բարեկամ չունես, դա հնարավոր էր դառնում կա՛մ հաջորդ տարի նորից ընդունելության քննություններ հանձնելով, կա՛մ երեք տարի շարունակ գերազանց սովորելով, ինչի արդյունքում ընդունվում էիր համալսարան, բայց մի կուրս ցածր:

    Ցոլակն էլ բացառություն չէր, բայց նա ընտրեց ավելի կարճ ճանապարհ, ու էդպես էլ չիմացանք` ծանոթ-բարեկա՞մ էր խառնվել, թե՞ մեր այն ժամանակվա ռեկտորն իսկապես այդքան բարի էր: Շշուկներ էին պտտվում, որ մի հանդիպման ժամանակ Ցոլակը ռեկտոր Վիլեն Պարույրիչին խնդրել էր իրեն տեղափոխել համալսարան` անվճար համակարգով և զարմանալիորեն չէր մերժվել: Ու էդպես առանց ընդունելության քննությունների, առանց գերազանց առաջադիմության Ցոլակը դարձել էր մեզ նման ապագա բժիշկներից մեկը:

    Բայց հետո հանկարծ անհետացավ: Ասում են` դուրս մնաց: Բժշկականը հո մենակ ընդունվելով չէ, պետք է կարողանաս նաև կուրսից կուրս տեղափոխվել, իսկ խիղճները չկորցրած, անկաշառ դասախոսներ կային, որոնք ամեն դեպքում դրական գնահատականներ կշռայլեին, եթե գիտելիքի աննշան հետքեր հայտնաբերեին: Փաստորեն, Ցոլակին հանդիպել էր անկաշառ դասախոսներից մեկը:

    Ընթացքում երևի բանակ էլ գնաց-եկավ, հետո էլի դուրս մնաց, էլի ու էլի: Տարիները գումարվեցին իրար, ու ի վերջո համալսարանն ավարտեց մեզնից հինգ տարով փոքրերի հետ: Այնուամենայնիվ, կարողացավ ավարտել:

    Դիպլոմ ստանալուց հետո բոլորս ցրվեցինք տարբեր ուղղություններով: Աղջիկներից շատերն անմիջապես ամուսնացան, տղաների մի մասն ինտերնատուրա ավարտեց, գնաց բանակ: Ոմանք սկսեցին կլինիկական օրդինատուրան, մի քանիսն էլ մեկնեցին արտասահման: Ես էլ, գերազանցությամբ ավարտելով համալսարանն ու կլինիկական օրդինատուրան, տեղափոխվեցի Եվրոպա` կրթությունս շարունակելու: Բայց ի տարբերություն գնացածներից շատերի, երկու տարի անց վերադարձա ու սկսեցի Հայաստանում աշխատանք փնտրել:

    Այդ որոնումներից մեկն էլ ինձ տարավ համալսարան, որտեղ այլևս ոչ մեկի չէի ճանաչում: Անգամ դասախոսների դեմքերն էին անծանոթ: Իսկ ես քայլում էի միջանցքներում` հուսալով որևէ համակուրսեցու հանդիպել ու կիսվել դարդերովս:

    Աստիճաններով բարձրանալիս էր, երբ Ցոլակն առաջս կտրեց: Կլորացած, կերած-խմած, իսկական հայկական փորով, անխելացի դեմքով մի տղա էր, որի դեմքը թեև ծանոթ էր, բայց առաջին վայրկյաններին չճանաչեցի: Սկսեց խոսել ջանով-ղուրբանով, հարցրեց, թե ոնց եմ: Ասաց, որ հանրային առողջություն էր ընդունվել, բայց գործերը հետ է վերցրել: Հետո նշեց, որ արդարադատության նախարարությունում բուժվարչության պետ է, լավ աշխատավարձ է ստանում: Երբ իմացավ, որ աշխատանք եմ փնտրում, համարս վերցրեց, խոստացավ Աբովյանում գործ դասավորել ինձ համար:

    Հեղինակ՝ StrangeLittleGirl
    Blessed the poison which brings the end

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.09.2013), CactuSoul (24.09.2013), Enna Adoly (23.09.2013), Sambitbaba (24.09.2013), Vardik! (24.09.2013), Արևանուռ (24.09.2013), Փոքրիկ շրջմոլիկ (23.09.2013)

  19. #10
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    24
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 8.
    Տեղափոխություն

    Ասում են՝ մարդ բնակարանից բնակարան տեղափոխվելիս է ամենալավը զգում, թե ինչքան շատ իրեր ունի։ Իրականում ես դրանում համոզվել էի դեռ նախորդ տեղափոխության ժամանակ, երբ մի քանի օր առավոտից իրիկուն ամուսնուս հետ դասավորում, փաթեթավորում, կապկպում էինք իրերը, ու դա էնպիսի տանջալից պրոցես էր, որ վերջում լրիվ ուժասպառ էինք եղել։
    Գիտեինք, որ էս անգամ շատ ավելի ծանր է լինելու։ Նախ՝ որովհետև վերջին հինգ տարիների ընթացքում հասցրել էինք մի քանի անգամ ավելի շատ իրեր կուտակել։ Բացի դրանից, հիմա նաև երեխա ունեինք, որի ներկայությամբ իրեր հանել–հավաքել–դասավորելը պատկերացնելուց միայն կարելի էր վատանալ։ Երևի այդ հեռանկարի տհաճությունն էր պատճառը, որ ահագին ժամանակ աշխատում էի ուղղակի չմտածել դրա մասին, հետաձգել, քանի կարող եմ։
    Մայրս կողքից անընդհատ բզում էր, թե՝ չեք հասցնելու, ձեզ երկու շաբաթն էլ չի հերիքի, մի երեք շաբաթ է պետք նորմալ, հանգիստ պայմաններում հավաքվելու համար։ Մենք էլ հա ջղայնանում էինք, թե՝ շատ ես չափազանցնում, ի՞նչ երեք շաբաթ, ի՞նչ երկու շաբաթ, մի շաբաթը ծով է, հանգստացի։
    Եթե կա մի ոլորտ, որում ես միշտ կատարյալ և անուղղելի լավատես եմ եղել, ապա դա ժամանակի մեջ տեղավորվելու իմ պատկերացումն է։ Բանն այն է, որ ես իսպառ զուրկ եմ ժամանակի զգացումից, ու ինձ մշտապես, անկախ ամեն ինչից, ուղեկցում է այն մոլորությունը, թե ոնց էլ լինի՝ հասցնելու եմ։ Նույնիսկ այն պահերին, երբ առողջ բանականությունն ուղղակի աղաղակում է, որ հասցնելն այլևս անհույս է, ես, միևնույն է, հավատում եմ, որ եթե շատ ուզենամ, դեռ կարող եմ հասցնել։ Ու ամեն անգամ չհասցնելուց էնպես եմ զարմանում, կարծես շատ տարօրինակ ու անհասկանալի բան է տեղի ունեցել։
    Էնպես ստացվեց, որ հավաքվել սկսեցինք տեղափոխվելու օրվանից մոտ մի շաբաթ առաջ, ընդ որում՝ բավական հանգիստ ու անշտապ։ Մեզ շտապեցնելու ու ձեռքի տակ ընկած ամեն ինչը փաթեթավորելու մորս անդադար փորձերն ավելի քան անհեթեթ էին թվում ինձ։ Էն ամենը, ինչ նա փորձում էր փաթեթավորել ու տեղավորել, ինձ թվում էր՝ դեռ պետք է գալու, ու շատ բաների դեռ չէի թողնում ձեռք տա։ Ասում էի՝ ձեռքը ճար լինի, մեզ էլ երևի ապահովության համար հիմիկվանից կփաթեթավորի, կկանգնեցի մի տեղ։
    Էդպես կռվով–դավով ամեն օր ինչ–որ բաներ փաթեթավորում–դնում էր՝ միաժամանակ փնթփնթալով ու նախատելով, որ չենք հասցնելու։ Երբ արդեն մի քանի օր էր մնացել, ինձ նոր–նոր սկսեց թվալ, որ հնարավոր է՝ իսկապես չհասցնենք... Ոչինչ, մտածեցի՝ որպես վերջին տարբերակ՝ տեղափոխվելու նախորդ գիշերը չեմ քնի, կհասցնեմ։ «Ձեզ մի գիշերն էլ չի փրկի»,– շարունակում էր գուժել մայրս,– ձեզ նույնիսկ մի քանի գիշերը չի փրկի արդեն»։
    Վերջին երկու գիշերը համարյա չքնեցի։ Բայց, ինչպես մայրս էր կանխատեսել, դա էլ չփրկեց։ Բեռնատեղափոխման մեքենան արդեն կանգնած էր շենքի դիմաց, իսկ մենք դեռ լիքը դասավորելու, տեղավորելու իրեր ունեինք։
    Իրերի մի մասը, որ ուզում էինք պահել, վերջին պահին որոշեցինք դեն նետել, բայց մի մասն էլ, որ նախատեսում էինք դեն նետել, վերջին պահին ձեռքներս չգնաց, որ շպրտենք։ Համենայնդեպս, արդյունքը եղավ այն, որ պահվելիք իրերն անհամեմատ ավելի շատ ստացվեցին, քան պատկերացնում էինք։ Միայն արդեն արկղերում տեղավորած ու փաթեթավորած իրերը զննելով՝ տեղափոխողներն աշխատանքը գնահատեցին մոտ հինգ ժամվա։ Դա ինձ ֆանտաստիկ թիվ էր թվում. ախր ի՞նչ պիտի անեին էդքան ժամանակ։ Բայց արի ու տես, որ հենց էդքան էլ տևեց։
    Մի կողմից նրանք ամուսնուս հետ դուրս էին տանում լցրած արկղերն ու կահույքը, մյուս կողմից ես ու մայրս, արդեն պանիկայի մեջ ընկած, դասավորում էինք մնացած իրերը։ Ես, իհարկե, սովորության համաձայն, դեռ հավատում էի, որ մինչև նրանց ավարտելը կհասցնենք բոլոր իրերը հավաքել ու տեղավորել արկղերում։ Եթե միայն իմանայի, թե ինչ աստիճանի հեռու էր իրականությունից իմ պատկերացրածը։
    Չհասցրինք։ Ճիշտ է, իրեր կային, որոնք ի սկզբանե չէինք էլ նախատեսել բեռնատարով տեղափոխել, քանի որ վախենում էինք վնասելուց ու մտածում էինք՝ հետո մի անգամ էլ տաքսով կգանք, մնացածն էլ էդպես կտեղափոխենք ու կպրծնենք։
    Բայց պարզվեց՝ մի անգամ գալն էլ էր քիչ։ Ասենք, ի՞նչ մի անգամ, մենք դեռ երեք օր շարունակ օրը մի քանի անգամ հետ էինք գալիս ու բեռնավորված ճամփա ընկնում դեպի նոր բնակարան։ Ամեն անգամ թվում էր՝ այ, որ մի անգամ էլ գանք, արդեն հաստատ կպրծնենք։ Բայց չէ, վերջը չէր երևում...
    Ինչ–որ պահից սկսած ինձ արդեն թվում էր, թե այդ անիծյալ բեռնակրությունը վերջ չունի։ Բայց երրորդ օրն արդեն պիտի բանալիները հանձնեինք, հետևաբար մինչ այդ ուզած–չուզած՝ պիտի հասցնեինք բոլոր իրերը դուրս բերել ու դեռ մեր հետևից էլ մաքրել բնակարանը։
    Ես ու ամուսինս մի քանի ժամ հավաքելուց հետո արդեն ուժասպառ եղած, վերջին իրերն էինք տեղավորում, երբ հայտնաբերեցինք, որ վերջում ինչ–որ շատ «անհամատեղելի» իրեր են մնացել։ Գնումների համար նախատեսված մի սայլակ ունեինք, որ ամուսինս ամեն անգամ հետը բերում էր բեռնափոխադրման համար։ Դրա մեջ տեղավորեցինք մնացած համարյա բոլոր իրերը՝ մաքրելու հարմարանքներ՝ մի քանի տարբեր տեսակի ու չափերի ավելներ, խոզանակներ, մաքրելու հեղուկ–մեղուկ, որոշ լոգարանազուգարանային պարագաներ, ինչպես նաև ձեռքի աշխատանքների համար նախատեսված մի մեծ սպունգանման «տախտակ», որը տանելն ամեն անգամ հետաձգել էինք անհարմար մեծ չափի ու միաժամանակ փխրունության պատճառով։ Էդ բոլորն, իհարկե, հեչ, բայց որ ամուսնուս միակ կոստյում–շալվարն էլ էր մնացել կախիչով, արդեն կատակ բան չէր։ Ի՞նչ արած, մտածեցինք, էն մնացած բոլորը կդնենք սայլակում, ամուսինս կտանի, կոստն էլ ես կբռնեմ։ Ճիշտ է, կոստը հանդիսավոր բռնած մարդաշատ փողոցներով քայլելն էնքան էլ հաճելի հեռանկար չէր, բայց դե ուրիշ ճար չկար։
    Բայց ու՞ր էր, թե դրանով պրծնեի։ Պարզվեց՝ մեր ավելներից ամենամեծն ու ամենաանբարետեսը որոշել էր համառորեն հրաժարվել սայլակի մեջ տեղավորվելուց... Ոնց դնում ենք՝ ընկնում է, ինչ կողքը հենում ենք՝ չի մնում. կամ տակից է դուրս ընկնում, կամ վերևից։ Մի խոսքով՝ երկարատև փորձերից հետո ստիպված եղանք համակերպվել էն մտքի հետ, որ էդ ավելն էդ սայլակում մնացողը չի։ Իսկ ուրիշ որտե՞ղ պիտի լինի։ Պարզ է. իմ ձեռքում։ Եվ էդպես՝ մի ձեռքումս ամուսնյակիս կոստը վեր պահած, որ գետնին չքսվի, մյուսում՝ ցախավելը տնկած՝ ճամփա ընկանք դեպի պայծառ ապագա։
    Ի դեպ, ամուսինս էլ պակաս տպավորիչ տեսք չուներ։ Էստեղ հավաքարարները սովորաբար հենց էսպիսի սայլակների մեջ ավելները դրած ման են գալիս։ Մի խոսքով՝ եթե ես գոնե ինչ–որ անհասկանալի, տարակուսանք առաջացնող տեսք ունեի, ապա ամուսինս՝ իր սայլակով ու ավելներով, շատ որոշակիորեն հավաքարարի էր հիշեցնում։ Նույնիսկ դժվար է ասել՝ մեզնից որ մեկն ավելի շատ իրեն անհարմար զգալու պատճառ ուներ։ Ես, ի տարբերություն նրա, գոնե դասախոս չէի։
    Ճիշտն ասած, հույսս դրել էի այն հանգամանքի վրա, որ սա ԱՄՆ–ն է, այստեղ դու տանը չես ու մարդկանց բոլորովին չի հետաքրքրում, թե ինչ տեսք ունես ու ինչ ես անում։ Էստեղ փողոցում մարդիկ ընդհանրապես իրար վրա չեն էլ նայում։ Բայց պարզվեց՝ իմ տեսքն այն աստիճանի ուշագրավ էր, որ նույնիսկ շրջապատի վրա թքած ունեցող ամերիկացիները չէին կարողանում անտարբեր անցնել ցախավելակոստախառը կերպարանքիս կողքով. ամեն քայլափոխի ինձ վրա զգում էի նրանց զարմացած ու հետաքրքրված հայացքները, որոնք, ըստ երևույթին, փորձում էին ինչ–որ տրամաբանական կապ գտնել իմ երկու ձեռքերի պարունակությունների միջև։ Ու էդքանից հետո միակ մխիթարական միտքը, որ մնացել, այն էր, որ ես ԱՄՆ–ում եմ, շուրջս ամերիկացիներ են, ու ինձ համար վերջին հաշվով միևնույն է, թե իմ մասին ինչ կմտածեն էս ամերիկացիները։ Իրենք ինձ ի՞նչ։
    Մինչև ինքներս մեզ վրա ծիծաղելով հասանք մեր տան դարպասի մոտ, պարզվեց, որ դեռ պիտի բակում նստած մեր ջահել հարևանուհիների՝ էլ ավելի տնտղող հայացքների տակով էլ անցնենք։ Էդ օրն ինձ մի տեսակ Հայաստանում էի զգում։

    Հեղինակ՝ Ուլուանա
    Blessed the poison which brings the end

  20. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.09.2013), CactuSoul (24.09.2013), Enna Adoly (23.09.2013), Ingrid (24.09.2013), Sambitbaba (24.09.2013), Vardik! (24.09.2013), Արևանուռ (24.09.2013), Փոքրիկ շրջմոլիկ (24.09.2013)

  21. #11
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    24
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 9.
    Մի կում մաքուր օդ

    – Էստեղից պիտի արդեն ոտքով գնաք,– մեքենան կանգնեցնելով՝ ասաց տաքսիստը,–մեքենաների մուտքն արգելված է։
    Շուտով մենք էլ տեսանք դրա մասին վկայող ցուցանակը, որի մեջ՝ գլխավոր տողից ներքև, գրված էր. «Խնդրել, համոզել չկա»։ Հայերը երևի կգրեին «կաշառել չկա», մենք էլ մեր հերթին երևի չէինք հավատա գրվածին։
    Պարզվեց նաև, որ մոտակա մայրուղու մոտից մինչև ավանի հիմնական բնակավայրի մուտքը մեքենա վարել թույլատրվում է առավելագույնը ժամում 15 մղոն արագությամբ, որն, ինչպես համոզվեցինք անցնող մեքենաներին նայելիս, ուշադրություն գրավելու աստիճանի դանդաղ էր։

    Մուտքից քիչ այն կողմ մի մեծ ընդհանուր ավտոտնակ կար՝ մի տասնյակից մի քիչ ավել մեքենաներով։ Իսկ ծանր բեռով ավան մտնողների համար հենց մուտքի մոտ փայտե հնաոճ սայլակ կար դրված, որի մեջ էլ ցնելով մեր ամբողջ թաշախուստը՝ մտանք ավան։
    Բացի բեռնափոխադրման միջոց լինելուց, սայլակը միաժամանակ կարծես ընդգծում էր այն փաստը, որ հենց այստեղ վերջանում է քաղաքակրթության մեզ ծանոթ մոդելն, ու սկսվում մի ուրիշը, որի մասին որոշակի նախնական տեղեկություններ ունենալով հանդերձ՝ դեռ ահագին բան ունեինք բացահայտելու։
    Իլանը, որի տանը պիտի մնայինք, խոստացել էր մեզ դիմավորել, եթե մինչև երեկոյան վեցը տեղ հասնեինք։ Իսկ մենք ժամանել էինք վեցից մի քիչ ուշ ու նրան զանգելով՝ իմացանք, որ արդեն գնացել է համայնքային փոքրիկ հավաքույթին, որին մենք էլ կարող ենք մասնակցել՝ մեզ հետ ինչ–որ ուտելիք բերելով (դրա մասին նախապես ասել էր), իսկ եթե չենք բերել, ոչինչ, որպես իր հյուր կարող ենք գնալ։ Ամեն դեպքում ուտելիքը հետներս էր, ու մեզ մնում էր միայն գտնել հավաքույթի վայրը, բնականաբար, իրերը տանը թողնելուց հետո։
    Ճանապարհի երկու կողմից, իրար բավական մոտ զույգ–զույգ դասավորված ոչ մեծ փայտե տնակեր էին՝ մեկ կամ երկու հարկանի, յուրաքանչյուրի դիմաց՝ մրգատու ծառերով, հատապտուղների թփերով ու բանջարեղենի մարգերով փոքրիկ այգի։
    Մի քանի տունը մեկ փայտաշեն տաղավարներ էին դրված, երեխաների համար փոքրիկ խաղահրապարակներ՝ ճոճանակներով ու սղարաններով, որտեղ ավազաթմբերի վրա խաղալիք բահերով ու մեքենաներով ոտաբոբիկ երեխաներ էին խաղում։
    Տան հասցեն գիտեինք, հեշտությամբ գտանք։
    Ե՛վ առաջին հարկի, և՛ հյուրերի համար նախատեսված գետնահարկի դռները բաց էին, բայց տանը մարդ չկար։ Մինչ մենք շփոթված կանգնել–մնացել էինք՝ չիմանալով, թե կոնկրետ որ հարկ գնալ, կամ՝ ընդհանրապես ներս գնալ, թե չէ, մեզ մոտեցավ մոտ քառասունն անց սիրալիր մի կին, հետաքրքրվեց՝ արդյոք «Գորտի ճամփա» կոչվող հյուրատունն ենք փնտրում, և դրական պատասխան լսելով՝ ուղեկցեց մեզ դեպի գետնահարկ։ Սկզբում կարծեցինք՝ տանտիրուհին է, բայց հետո իմացանք, որ նա էլ մեզ նման կենվոր է, պարզապես արդեն մի քանի օր է՝ էստեղ է։
    Գետնահարկում երկու ննջասենյակ կար. մեկը, որում տեղավորվեցինք, կոչվում էր «Նարդոսի սենյակ», մյուսը, որը մեզ դիմավորող կինը՝ Ռեյչելն էր զբաղեցնում՝ «Դեղձի սենյակ»։ Տուն մտնելով՝ միանգամից հայտնվում էիր նախասրահ–խոհանոցիկում, որն ապահովված էր խոհանոցում ուտելու համար անհրաժեշտ ամեն ինչով։ Միայն գազօջախ չկար։
    Տունն ամբողջությամբ ողողված էր զանազան «գորտերով»։ Դրանք մեզ էին նայում դրսի դռան դիմաց դրված արձանիկների, մեր ննջասենյակի պատի լուսանկարի, արձանիկների, փափուկ խաղալիքների, պատին փակցված կոլաժների ու էլի մի շարք առարկաների տեսքով։ Տանտերերը (կամ առնվազն նրանցից մեկը), ըստ երևույթին, գորտերի սիրահար էին ու ջանք չէին խնայել, որ հյուրատունն առավելագույնս համապատասխաներ իր կենդանական անվանը։ Անընդհատ սպասում էի, որ ի վերջո ինչ–որ տեղից կենդանի գորտ էլ դուրս կպրծնի վրաս, բայց էդ մեկը, բարեբախտաբար, տեղի չունեցավ։ Այնուամենայնիվ, ինձ համար այդպես էլ առեղծված մնաց այն ցատկռտոցը, որ նկատել էի դրսի դռան մոտի գորտ–արձանիկների հետևից... Առաջին անգամ տնից դուրս գալիս ինձ թվաց, թե ինչ–որ բան ցատկոտում է արձանիկների հետևում, բայց երբ մոտեցա կենդանի գորտ հայտնաբերելու ոչ այնքան հաճելի ակնկալիքով, միայն դատարկ տեղ հայտնաբերեցի՝ ենթադրելով, որ քայլելիս ուղղակի ինչ–որ մանր քարերի եմ դիպել ու դրանց «ցատկոտումն» եմ զգացել այդ մասում։ Բայց մեկ է, կասկածը մեջս էր մնացել. ամեն անգամ էդ մասով անցնելիս էլի մոտենում էի գորտ–արձանիկներին, ուշադիր զննում դրանց հետևի թեթևակի ցածրիկ հատվածը ու ոչինչ չհայտնաբերելով՝ տարակուսած հետ գնում։
    Հյուրասենյակը, որ երկու սենյակներում մնացող հյուրերի ընդհանուր օգտագործման համար նախատեսված փոքրիկ սենյակ էր, նույնպես զերծ չէր մնացել գորտային զարդարանքներից ու ձեռքի աշխատանքներից։ Ընդհանրապես ամբողջ տունը լիքն էր ամենատարբեր տիպի ձեռքի աշխատանքներով ( բոլորը բնական նյութերից), ինչպես նաև դրանց համար նախատեսված զանազան պարագաներով ու նյութերով, որոնց մի մասը ես մեծ հաճույքով կյուրացնեի։ Ակնհայտ էր, որ տանտիրուհին լրջորեն զբաղվում է ձեռագործով։ Որոշ իրերից դատելով՝ նաև ձեռքի աշխատանքի դասընթացներ էր կազմակերպում իր տանը։
    Տանը գերակշռում էին փայտե իրերը՝ թե՛ կահույքի, թե՛ դեկորացիաների ու այլ պարագաների տեսքով։ Կահույքը բացառապես փայտից էր ու ծղոտահյուս, միաժամանակ շատ պարզ ու համեստ։ Չեմ կարող ասել, թե ամեն ինչ իմ երազած ձևով էր արված, բայց մի բան հաստատ է. իմ երազած տունը ճիշտ նույն սկզբունքներով կլինի կահավորված ու զարդարված։ Ես, իհարկե, հաստատ գորտերի վրա չէի սևեռվի, իսկ եթե ընդհանրապես որևէ կենդանու նախապատվություն տայի, ապա դա կլիներ կամ ձի, կամ նապաստակ, կամ մի ուրիշ կենդանի, բայց ոչ երբեք գորտ։ Բայց, ինչպես ասում են, ճաշակին ընկեր չկա. հիմա էս մարդն էլ գորտ է սիրում, ի՞նչ կարող ես անել։ Ու էս գորտառատությունն ինձ համար ավելի շատ հետաքրքիր էր, քան նյարդայնացնող կամ տարօրինակ։ Կարևորը՝ կենդանի գորտ չկար։
    Ննջասենյակում նաև մի մեծ գրապահարան կար, որում տեղ էին գտել առողջ ապրելակերպի, առողջ սննդի, բնության, բնապահպանության, այգեգործության, ինքնազարգացման, արվեստի, ձեռքի աշխատանքների վերաբերյալ զանազան գրքեր, այլ կերպ ասած՝ կարծես այն ամենը, ինչ անհրաժեշտ է էսպիսի պայմաններում առողջ, ներդաշնակ ու ստեղծագործ կյանքով ապրելու համար։ Բա չմնայի՞ էս տանը, ամբողջ օրն էդ գրքերը կարդայի ու կարդացածս կյանքի կոչեի։ Էլ ի՞նչ է ինձ պետք լիակատար երջանկության համար։
    Պահարանում մի քանի տեղական թերթեր էին դրված, մեկ էլ մի թերթ՝ «Դրական լուրեր» վերնագրով։ Փաստորեն, էստեղ նույնիսկ լուրերն են դրական։
    Հյուրասենյակում բազմոց կար, հեռուստացույց՝ ֆիլմերի ԴՎԴ–ների հավաքածուով, տարատեսակ խաղեր ու ևս մի պահարան՝ մոտավորապես նույն թեմաներով, ինչ մեր ննջասենյակի գրքերը։
    Տանը նաև արագ ինտերնետ կապ կար, որից, սակայն, մենք դեռ նախքան գալն էինք որոշել չօգտվել, որպեսզի հնարավորինս լիարժեք վայելենք մեր քաղաքային առօրյայից կտրված լինելու հաճույքը։ Առաջին անգամն էր, երբ ինչ–որ տեղ մեկնել էինք առանց համակարգչի։
    Ռեյչելից իմացանք, որ «Ընդհանուր տուն» կոչվող շենքը, որտեղ պիտի տեղի ունենար փոքրիկ հավաքույթը, հենց այս տան դիմաց է գտնվում։
    Բնակիչներն ամեն շաբաթ հավաքվում էին Ընդհանուր տանը, համեղ ընթրիքի շուրջ զրուցում, հաճելի ժամանակ անցկացնում։ Այնտեղ են կազմակերպվում նաև զանազան միջոցառումներ՝ տոների, ծննդյան տարեդարձների և այլ առիթներով։ Այս շաբաթ մեր բախտից ընթրիքն ինչ–ինչ պատճառներով չեղյալ էր հայտարարվել, բայց դրա փոխարեն որոշել էին մի ուրիշ օր ավելի փոքր մասշտաբով հավաքույթ կազմակերպել...
    Blessed the poison which brings the end

  22. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enna Adoly (23.09.2013), Jarre (24.09.2013), Sambitbaba (24.09.2013), Vardik! (24.09.2013), Արևանուռ (23.09.2013)

  23. #12
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    24
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հավաքույթին սեղանների վրա անձեռոցիկի փոխարեն շորի կտորներ էին դրված։ Ուտելիքը խոհանոցում էր, ամեն մեկն իր համար լցնում, բերում էր։ Խոհանոցի մի անկյունում ամբողջական լոլիկներ էին դրված, որոնց միայն նայելիս նոստալգիայի մեջ էիր ընկնում՝ ակամա հիշելով, թե ինչ տեսք ունեին լոլիկները Հայաստանում դեռ մի քսան տարի առաջ։ Լոլիկներին կից գրություն կար. «Անվճար լոլիկներ. ցանկացողները կարող են օգտվել»։ Ես՝ վաղեմի լոլիկամոլս, իհարկե, չէի կարող անտարբեր անցնել այդ ախորժելի ցմփորիկների կողքով։ Էդպիսի անմահական լոլիկ վերջին անգամ չեմ էլ հիշում՝ երբ էի կերել։ Ինձ թվում էր՝ էդպիսի լոլիկներ արդեն վաղուց չեն լինում։
    Շուտով հասկացանք, որ տեղացիներն ընդհանրապես չեն օգտվում թղթե անձեռոցիկներից, գրեթե չեն օգտագործում ցելոֆանե տոպրակներ (կարծես միայն աղբամաններում), խուսափում են քիմիական բաղադրությամբ նյութերից՝ օգտագործելով միայն բնական, օրգանական, էկոլոգիապես մաքուր ու ռեսուրսներ խնայող նյութեր՝ տնական, թե խանութից գնված։ Նաև անընդհատ նորանոր ուղիներ են փնտրում էներգիայի ու բնության ռեսուրսների հնարավորինս արդյունավետ ու մինիմալ օգտագործման համար։ Իհարկե, մեզ՝ քաղաքակիրթ բարբարոսներիս համար և՛ ննջասենյակում, և՛ խոհանոցում դրված էին թղթե անձեռոցիկներ, բայց տարբեր առիթներով համոզվեցինք, որ բնակիչներն իրենք չեն օգտվում դրանցից։
    Բոլոր տների տանիքներին արևային մարտկոցներ կային, ու բնակիչների ծախսած էլեկտրաէներգիայի մի մասը դրանք էին ապահովում։ Այգիներում էլ մի քանի «արևային ջեռոց» նկատեցինք։
    Ուշ երեկոյան տանտերն իջավ գետնահարկ՝ մեզ հետ ծանոթանալու ու մեզ ավանի անցուդարձին, պայմաններին ու առօրյային ծանոթացնելու։ Ասաց, որ կարող ենք նախաճաշել՝ օգտվելով սառնարանում եղած բնական, օրգանական ու տնական սննդամթերքից, ինչպես նաև այգու բարիքներից։ Իսկ ճաշ պատրաստելու համար պետք է օգտվեինք Ընդհանուր տան խոհանոցից։
    Ընդհանուր տունը նախատեսված էր համայնքի ամենատարբեր ոլորտի հետաքրքրություններն ու անհրաժեշտությունները բավարարելու համար։ Երկու հարկանի ոչ այնքան մեծ այս շինությունը ներառում էր ընդարձակ ու հարմարավետ խոհանոց, ճաշասրահ, հաճելի գրադարան–ընթերցասրահ, խաղասենյակ, լվացքատուն, բիլիարդի ու թենիսի սրահ, ինչպես նաև մի սենյակ՝ բազմաթիվ պահարաններով, որտեղ բնակիչները պարբերաբար դնում էին իրենց պետք չեկող, բայց պիտանի իրեր, որպեսզի ցանկացողները վերցնեն։
    Ընդհանուր տան դուռը, ինչպես որ ավանում ցանկացած այլ դուռ, գիշեր–ցերեկ բաց է բոլորի համար, և ցանկացած մարդ՝ լինի բնակիչ, թե այցելու, ազատ է այնտեղից օգտվելու։ Իհարկե, կան բաներ, որ միայն բնակիչների համար են, օրինակ՝ այնտեղ ճաշ պատրաստել կարող է ցանկացած մարդ՝ օգտվելով գազօջախից, ամանեղենից և խոհանոցային այլ պարագաներից, սակայն սննդամթերքը նախատեսված է միայն համայնքային հավաքույթների համար։ Բնակիչներն ամսական որոշակի գումար են վճարում Ընդհանուր տան և մի շարք այլ ծախսեր հոգալու համար։ Ամեն դեպքում էնտեղ ոչ ոք չի հսկում, թե ով եկավ, ինչ արեց. ամեն ինչի հիմքում փոխադարձ վստահությունն է։
    Բնակիչներից յուրաքանչյուրը շաբաթական չորս ժամ հասարակական աշխատանք է կատարում համայնքի համար։ Ամեն մեկը զբաղվում է էն գործով, որից լավ գլուխ է հանում։ Օրինակ, համայնքային հավաքույթների համար ճաշերի պատրաստումը հիմնականում մի խումբ կոնկրետ կանանց պարտականությունն է, որոնք համեղ պատրաստել գիտեն։
    Բացի սեփական փոքրիկ այգիներից, ավանում կա նաև մեծ ընդհանուր հողամաս, որտեղ աշխատում են հիմնականում բնակիչներից մի քանիսը, բայց դրամական ներդրում անում են գրեթե բոլորը, այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են օգտվել բերքից։ Մեզ ասացին, որ էնտեղ գործում է նաև «Քաղիր ինքդ» կոչվող ակցիան, որի ժամանակ ցանկացած մարդ կարող է որոշակի գումարի դիմաց իր համար որոշակի քանակությամբ բերք քաղել։ Մեր հաշվարկների համաձայն՝ բոլոր առումներով ձեռնտու էր, որովհետև նախ շուկայականից էժան էր, օրգանական, և հետո՝ շուկայի օրգանականից անհամեմատ ավելի համեղ։
    Մենք էլ որոշեցինք օգտվել այդ շրջանում ընթացող մորու բերքահավաքից։ Երբ ցանկապատի դռնից ներս մտանք, մի քանի կանայք իրենց երեխաների հետ հավաքված էին մուտքի մոտ դրված փոքրիկ սեղանիկի մոտ։ Մտածեցինք՝ երևի պիտի իրենց մոտենանք, ասենք՝ ինչքան ենք ուզում քաղել, քաղելուց առաջ կամ հետո գումարը վճարենք, գնանք։ Բայց նրանք ոչ միայն մեզ վրա ընդհանրապես ուշադրություն չդարձրին, այլև շուտով ամաններն առան ու հեռացան դեպի մորու թփերը։ Շվարած կանգնել էինք՝ չիմանալով, թե ում դիմենք, ինչ անենք։ Հետո նկատեցինք փակցված ցուցանակը, որի վրա գրված էր, թե որ մասերից պիտի քաղենք, որքան բերքի համար որքան պիտի վճարենք, որտեղ են դրված քաղելու համար նախատեսված ամանները և թե որ ամանում է պետք դնել... փողը... Այսինքն՝ մեզ ոչ ոք չէր էլ ստուգելու. ինչքան կքաղես, ինչքան կվճարես, կամ ընդհանրապես կվճարես, թե ոչ՝ թողնված է քո խղճին։
    Ինձ թվում է՝ ամենահաճելի զգացումներից մեկն այն է, երբ քեզ վստահում են՝ առանց ճանաչելու։ Մի կողմից դու գիտես, որ չես չարաշահի այդ վստահությունը, մյուս կողմից գիտակցում ես, որ քեզ վստահողն, ախր, չգիտի դրա մասին, ու որ իրականում ոչ բոլորն են արժանի նման վստահության, վստահողը նույնիսկ չգիտի՝ ում է վստահում, բայցևայնպես, վստահում է։ Եվ հենց այդ «բայցևայնպեսի» մեջ է ամբողջ հմայքը։ Ու քաղաքակիրթ թոհուբոհից կտրված այս փոքրիկ դրախտում գտնվելով՝ մի տեսակ չես էլ կարողանում պատկերացնել, որ որևէ մեկը կարող է հանդգնել դավաճանել այդ վստահությունը՝ խախտելով համատարած ներդաշնակության մթնոլորտը։
    Էստեղ կյանքի ռիթմը լրիվ այլ է։ Ակամա մոռանում ես էն տենդագին շտապողականության մասին, որ Նյու Յորք Սիթիի բնորոշ դեմքն է։ Մարդիկ էստեղ ապրում են իսկապես մարդկային կյանքով՝ առողջ, ակտիվ, միաժամանակ՝ հանգիստ, իրենք իրենց ու բնության հետ ներդաշնակ, ու կարծես իրենք իրենց կամ աշխարհին ապացուցելու բան չունեն։ Անհրաժեշտության դեպքում օգտվում են իրենց ապրելակերպի սկզբունքներին չհակասող ժամանակակից տեխնոլոգիաներից՝ միաժամանակ դրանց գերին չդառնալով։

    Նյու Յորք նահանգի Իտակա քաղաքում գտնվող էկո–ավանը հիմնվել է տասնյոթ տարի առաջ և կազմված է երեք առանձին թաղամասերից, որոնցից ամեն մեկն իր Ընդհանուր տունն ունի և մի շարք փոքրիկ առանձնահատկություններ։ Երրորդ թաղամասը նոր է կառուցվում ու մի փոքր տարբերվում է մյուս երկու թաղամասերից և՛ արտաքին տեսքով, և՛ տների կառուցման սկզբունքներով։
    Էկո–ավանում մշտապես զանազան ուսումնական ծրագրեր, դասընթացներ ու վորքշոփներ են կազմակերպվում ավանի ամենատարբեր մասնագետների կողմից, որոնց կարող են մասնակցել ինչպես բնակիչները, այնպես էլ ցանկացած մարդ։
    Ավանը ամսական ժողովներ է գումարում, որոնց ժամանակ ցանկացած բնակիչ կարող է առաջարկ անել։ Առաջարկները դրվում են քվեարկության, բայց նույնիսկ եթե մի հոգի դեմ է լինում, այն չի ընդունվում։ Նման դեպքերում առաջարկը սկսում են մշակել, բարեփոխել՝ փորձելով ընդունելի դարձնել բոլորի համար։ Ու հաճախ վերջնական տարբերակն ընդունվում է։
    * * *
    Էկո–ավանից վերադառնալուց հետո ամեն անգամ ձեռքս խոհանոցի անձեռոցիկին տանելիս տատանվում եմ. ինձ իսկապես անհրաժե՞շտ է էս պահին էս թղթի կտորը, թե՞ կարող եմ առանց դրա յոլա գնալ։ Պարզվում է՝ մեծ մասամբ լրիվ հանգիստ կարող եմ ու կարող էի յոլա գնալ, մինչդեռ տարիներով ապրել եմ՝ խոհանոցումս երկու տարբեր հաստության թղթի ռուլոններ պահելով ու երկուսն էլ միշտ անխնա, առանց մտածելու օգտագործելով ամեն ստից բանի համար՝ չգիտակցելով, թե ինչքան ռեսուրսներ եմ անտեղի վատնում։ Ինչպես էս թղթի, էնպես էլ մի շարք այլ կենցաղային պարագաների առատությունն ու հասանելիությունը, բացի բնության ու մեր անձնական ֆինանսական ռեսուրսները սպառելուց, նաև մեզ սարսափելի անճար, ալարկոտ ու անփույթ է դարձնում։ Բոլորովին էլ կենսական անհրաժեշտություն չներկայացնող բազմաթիվ իրեր կամաց–կամաց դառնում են էդպիսին։ Մենք ինքներս ենք դա թույլ տալիս՝ ակամա դրանց գերին դառնալով։

    Հեղինակ՝ Ուլուանա
    Blessed the poison which brings the end

  24. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (24.09.2013), CactuSoul (24.09.2013), E-la Via (23.09.2013), Enna Adoly (23.09.2013), Jarre (24.09.2013), Sambitbaba (24.09.2013), Smokie (26.09.2013), Vardik! (24.09.2013), Արևանուռ (24.09.2013)

  25. #13
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    24
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 10.
    Ֆալաք

    Երկնահաս երազանքներ բոլորս էլ ունենք, բայց ես երազում էի, որ նրա երազանքները չիրականանան: Ես երազում էի ցնծալ մի մարդու անհաջողության վրա, ում սիրել եմ:
    Ինչքան էլ հմուտ լինես կանանց գրավելու հարցում, միևնույնն է` կհայտնվի նրանցից մեկը, որը պատանդ կվերցնի գիտակցությունդ, կավիրի երազանքներդ ու կհեռանա առանց ցտեսություն ասելու:
    Ես լամպարով սեր չեմ փնտրել: Սովորաբար սերը այցելում է այն ժամանակ, երբ դու պատրաստ չես, իսկ երբ պատրաստ ես, սիրտդ համառորեն չի ավետում նոր սիրո մասին, և ստիպված ես բավարարվել պատրանքներով և հուշերիդ փշուրներով:
    Նա լեզվագար , խռովարար և սրտերը ծվեն-ծվեն անող մի արարած էր: Ես` մելանխոլիկ, հանգիստ ... մի խոսքով, նրա հակատիպարը:
    Տարիներ առաջ ես նրան առաջին ագամ տեսա համալսարանում: Ես կանացի ոտքերի գիտակ էի և մաղձոտել էի համասփյուռ անճոռնի ոտքերի առկայությունից: Կացությունը փոխվեց, երբ տեսա այն ոտքերը, որոնց մասին հինավուրց ժամանակներից երազել էի:
    Պատանեկան հիմար մարմնասիրություն էր: Երբ ոտքերից հետո սկսեցի զննել նրան ամբողջությամբ, ինձ զգացի այնպես, ինչպես մի հողածին իրեն կզգար աստվածուհու ներկայությամբ. երկար մեջք, արիստոկրատ ձեռքեր, խորամանկ աչքեր, նուրբ քիթ, բարակ շուրթեր ու երկար-երկար գանգուր մազեր: Շատ բարձրահասակ էր: Ես, որ փարթամ կաթնագեղձերի սիրահար էի, այնքան էի տարվել նրա անմարդկային գեղեցկությամբ, որ ուշադրություն չէի դարձնում նրա 0,5 համարի մանդիլին:
    Ես արդեն կազմել էի նրան գրավելու ստվերագիծը , երբ հանկարծ իմացա, որ ընկեր ունի:
    Այդ ընկերոջը ես պատրաստ էի իսպառ հոշոտել, բայց որոշեցի սպասել: Երեք տարի անց ես պատահականորեն իմացա, որ նրանց սերը խունացել է , և իմ աստվածուհին հրաժարվում է շփվել այդ տղայի հետ: Ես երեք տարի սպասել էի այս պահին, սպասել հավատով, աղոթել, որ հնարավորություն ունենամ գրավել նրան: Եկել էր ժամանակը զոդվելու: Բայց ես ոչինչ չհասցրեցի անել. նա ինքը սկսեց սիրախաղը: Նա ինձ նկատեց և դիվանագիտական մի քանի ձեռնածություն գործի դնելով` իրավիճակը հասցրեց նրան, որ ես նրան մեքենայով տուն տարա: Իմ երջանկությանը սահման չկար: Սա աներևակայելի հաղթանակ էր: Իմ սիրած աղջիկը սիրահարվել էր ինձ:
    Ամեն ինչ հուշիկ քայլերով գնում էր դեպի ամուսնություն: Իհարկե, լինում էին փոքրիկ գժտություններ ու խմորումներ, բայց մենք կարողանում էինք դրանք հաղթահարել: Ձմռանը ես ավտովթարի ենթարկվեցի: Ջարդել էի ոտքերս, ծամելիքս ու մի քանի ող: Իմ ցավերը ինձ զնդանել էին հիվանդանոցում, հետո տանը: Ինձ մի քանի ամիս էր պետք ապաքինվելու համար: Հետո պարզվեց, որ նա չի պատրաստվում ինձ օրերով չտեսնել, և նրան այդպիսի ընկեր պետք չէ: Երկու-երեք այցելությունից հետո ես նրան այլևս չտեսա: Նա հեռախոսով մեծ բեմադրություն կազմակերպեց, ինձ հունից հանեց, նեղացավ ու այլևս չզանգեց և ոչ էլ իմ զանգերին պատասխանեց:
    Ես հասկանում էի, որ նա մատնության ուղին է բռնել, բայց խակամիտի պես զանգում էի:
    Երևի հոգնել էր զանգերիցս , և մի օր որոշեց պատասխանել զանգիս: Ավելի լավ է ` չպատասխաներ: Նա նախանձելի սառնասրտությամբ ասաց, որ չի ուզում ինձ տեսնել, չի ուզում ինձ լսել և որ այլևս ինձ չի սիրում: Նա հայտարարեց, որ ինքը երջանիկ է լինելու իր ապագա ամուսնու և երեխաների հետ:
    Ես հետո միայն հասկացա, որ նա ուղղակի ուզում էր ինչքան հնարավոր է շուտ ամուսնանալ: Նա ուներ քույրիկ, որը այդպես էլ չեր ամուսնացել, և նա վախենում էր կրկնել քրոջ ճակատագիրը: Ինձնից հետո նա շատ ընկերներ փոխեց: Բոլորին արեց նույն խոստովանությունները ու նույն գեղեցիկ խոսքերը նվիրեց նրանց: Բայց երբ նա զգում էր, որ այդ ընկերը մոտակա 1-2 տարին չէր պատրաստվում ամուսնանալ իր հետ , առանց երկար-բարակ բացատրությունների թողնում էր նրան ու շարունակում իր դեգերումները: Նա իր գլխին այքան անեծք էր հասցրել հավաքել, որ երևի թե Ստալինն իր կենդանության օրոք այդքան չէր նզովվել: Ես նրան սիրում էի և պատրաստ էի ներել: Ես սպասում էի, որ նա կվերդառնա ինձ մոտ: Վերջապես նա գտավ մի ապուշի, ով երկու շաբաթ իր հետ շփվելուց հետո ամուսնության առաջարկ արեց իրեն: Նա Ֆրանսիայում ապրող հայ գեղջուկ էր, որը եկել էր Հայաստանից ազնվատոհմ էգ տանելու : Աստվածուհու ծնողներն էլ երկաթյա տրամաբանությամբ եկել էին այն եզրահանգման, որ եթե Ֆրանսիայից է, ուրեմն քաղաքակիրթ տղա է: Երևի իրենք էլ էին հոգնել իրենց աղջկա սիրատոչոր արկածներից և առանց պերճախոսությունների ընդառաջեցին իրենց աղջկա քմահաճույքին և ուղարկեցին նրան հոգով հովիվ էմիգրանտի սեռական քաղցը բավարարելու և նրա անճոռնի ցեղին փոքր-ինչ գեղեցկություն հաղորդելու:
    Մեկ տարի անց նրա եղբորից իմացա, որ աղջիկ է ունեցել: Հետո երևանաբնակ նրա ընտանիքը դուրս մնաց իմ տեսածիրից: Ես շարունակում էի նրան սիրել տարածության վրա և հեղձուցիչ երազներ տեսնել նրա մասին, մեր չկայացած սիրո մասին: Անցան ևս մի քանի տարիներ:
    Ծննդյանս օրն էր: Ընկերներիցս մեկը զանգահարեց և մի հրովարտակ կարդաց, թե երեկոյան պետք է լինեմ երևանամերձ անառականոցներից մեկում, որտեղ ինձ անակնկալ է սպասվում:
    Ես նրա այդ բառաչին պատասխանեցի, որ խորը զզվանք ունեմ մարմնավաճառների նկատմամբ: Նա ինձ նենգաբար մեղադրեց ճողոպրելու մեջ, մի քանի կինտոյական հնարք գործի դրեց և ստացավ իմ համաձայնությունը: Ես`մաքրակենցաղ տղամարդս, տանել չէի կարողանում իրենց մարմինը վաճառող հավերժահարսներին, բայց գնացի:
    Հասարակաց տանը ես տեսա իմ իգամոլ ընկերոջը, որն ինձ հայտարարեց, որ իմ ծննդյան նվերը սպասում է ինձ աջից երրորդ սենյակում: Ես գնացի այդ սենյակ, որտեղ իր հերթական հաճախորդին էր սպասում իմ երբեմնի աստվածուհին: Ընկերս չգիտեր, թե նա ով է եղել ինձ համար: Ճակատագիրը իմ սիրած աղջկան հետ էր բերել Հայաստան: Նա ճակատագրից առաջ էր ընկել, ինչի համար էլ ստացել էր իր բաժին պատիժը:

    Հեղինակ՝ Baltazar
    Blessed the poison which brings the end

  26. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (24.09.2013), Enna Adoly (23.09.2013), Lusntag Lusine (24.09.2013), Sambitbaba (24.09.2013), Vardik! (24.09.2013), Արևանուռ (23.09.2013)

  27. #14
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    24
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 11.
    Քաղաքի մեկ օրը

    Ես նրա մասին չեմ իմացել ինչ- որ մեկի խորհրդով կամ ինչ- որ մեկից: Ինձ միշտ թվացել է, թե նրան միշտ էլ ճանաչել եմ: Նույնիսկ նախկին կյանք կոչվածում, եթե իհարկե կա նման բան: Պատկերացրեք. ես` որպես արական սեռ, իմ մտքում միշտ ունեցել եմ կնոջ մի կերպար, մոդել, որին իդեալականացրել եմ, և հանկարծ, օրերիցս մեկում, որը ոչնչով չէր տարբերվում մյուսներից, հանդիպում եմ նրան, ում շուրջ էլ կառուցել էի այդ մոդելը: Չնայած մեր միջև տարիքային ահռելի տարբերությանը, շատ հարազատ բաներ եմ գտնում նրա մեջ: Նա իր երգերով սերմանել է իմ մեջ X մոլորակի գաղափարը… որտեղ մարդիկ բնույթով են տարբեր, ոչ՝ ցուցադրաբար…
    Նա այն եզակի կատեգորիայի մեջ մտնող մարդկանցից է, ում չես գտնի մարդաշատ վայրերում, չես նկատի աղմկոտ միջավայրերում: Նրանց պետք է ուղղակի զգալ, ընկալել… Որքան էլ դա ձեր մոտ ճիշտ կամ սխալ ստացվի…
    ***
    1999 թվական, Լոս Անջելես: Հայ համայնքի համար կազմակերպած հերթական համերգներից մեկին էի ներկա… Ինձ համար ձանձրույթի պիկին պիտի քնեի դահլիճում, երբ հայտարարեցին Լիլիթ Պիպոյան անուն- ազգանունը: Բեմ բարձրացավ գանգուր, սև մազերով բարձրահասակ մի կին` ակնհայտորեն տարբերվելով նախկինում բեմ բարձրացած արտիստներից: Մութ բեմը ընդգծում էր նրա եզակիությունը: Այսինքն` անսկիզբ-անվերջ բեմի կենտրոնում միայն նա էր` առանց բեք վոկալիստների կամ նվագախմբի, ու դա էր նրան ահռելի փայլ տալիս: Ու երգեց Կոմիտաս… Սառը օդ եկավ իմ ուղղությամբ: Կեղծավորության մթնոլորտը փշրվեց ապակու նման ու նա ինձ, կողքինիս, բոլորին հավաքեց: Ապշեցուցիչ հանգստությամբ երգում էր ու ես սարսռում էի: Ինչպե՞ս կարող էի չնկատել: Նա վայրի է… Վայրի, միևնույն ժամանակ extremely կանացի ու հայ կնոջ իդեալ- կերպար: Նրանով ես սկսեցի ճանաչել ինձ… Դա հետո…
    Վերադարձա Հայաստան: Լիլիթ Պիպոյան կերպարը մնաց իմ մեջ տպավորված: Օդանավում փչացած նվագարկչի նման անընդհատ «Վայ, վայ, վառվում եմ, հալվում եմ»-ն եմ կրկնում ու անընդհատ մտքիս է գալիս նրա նույնչափ վայրի ժպիտը բեմը լքելիս:
    Ես այն մարդկանցից եմ, ովքեր որքան էլ խոսեն մեկի հետ, ամենավերջում մնում են այն կերպարի մեջ, որով ներկայացել են առաջին անգամ:: Թերություն է, թե առավելություն` ես չգիտեմ, այնուամենայնիվ, դա եմ:
    Մելոման… ես չեմ, սակայն ձայնասկավառակները թուլությունս են: Ոչ մի չափի գումար չեմ խնայում ձայներիզներ գնելու համար, ոչ առաջ, ոչ էլ հիմա: Ես ապրել եմ ու շարունակում եմ ապրել Երևանում: Թամանյանական Երևանում` այն, ինչ կա: Չոր, ցամաք, ճարտարապետական Երևանում: Լիլիթի վառվել- հալվելը հասցրել էի մոռանալ: Որքան էլ դա տպավորիչ լիներ, ես երիտասարդ էի` նորաձևության կենտրոնում: Նորանոր հոսանքներ, ոճեր, ճաշակներ ձեռքիս տակով էին անցնում: Բայց ուղեղումս կար մի կետ, որն ազգայինն էր, մնայունն էր: Եվ ահա հայտնվում է նա իր հորիած Երևանով` վարակելով ինձ նոր քաղաքային շնչով: Քաղաքի մեկ օրը… Նույնիսկ հիմա ինձ թվում է, որ այդ նկարում նա մենակ չէ. Նրա կողքին կա ևս մեկը…. Երևի կին… Երևի Մուսան… Իմ հիվանդ երևակայության արդյունք` Մուսան: Կարմիր երանգները տրենդային դարձան իմ ներսում: Սովոր էի նույն երգերը լսել տասնյակ անգամներ` առանց բառերի իմաստն ու ենթատեքստերն ընկալելու, սակայն մեծագույնը նրա լուսանկարն էր, որը շենշող էր: Մոդայի առումով չգիտեմ, սակայն խորը ներսումս ես սիրահարվեցի դրան: Հիշում եմ, երբ գտել էի այդ ձայներիզը, կինո-Մոսկվայի դիմացի նստարաններից մեկին անհանգիստ նստած ուսումնասիրում եմ այն` կարծես ազգային գանձի տեր լինեմ: Ես սիրում եմ հանդիսավորություն տալ նման դեպքերին, որոնք անմոռանալիության էֆֆեկտ են տալիս: Հուզված էի այնքան, որ կարող էի լաց լինել, բայց զսպում էի` ակամայից փայլ տալով ակթարթին:
    Երգերն ուղղակի երգեր էին` յուրօրինակ, միգուցե և անհասկանալի: Եվ այդ ամենը` լուսանկարները, բառերը, նոտաները, ընդհանրապես, տրամադրվածությունը վերջնական շտրիխներ էին տալիս մտքիս` Լիլիթ կերպարին, որը միգուցե և տարբեր էր իրականից:
    Միօրյա քաղաքի բնակիչ Լիլիթը հաճախ էր դառնում իմ տարասցենար պատմությունների հերոսուհին, սևազգեստ ու կեղծիքից զուրկ. մաքուր արվեստ… քայլող արվեստ.
    Էդ բոլոր ցնորական պատմություններն ունեին մեկ ընդհանուր ավարտ` իմ ու Նրա հանդիպումը քաղաքում՝ Երևանում, որը գուցե բնավ էլ չկար, բայց կար միաժամանակ: Պատմություններն ընդհատվում էին, քաղաքը գալիս էր թամանյանական բնույթին առավոտյան ութին` զարթուցիչի ձայնին զուգահեռ…
    Ինչևէ…
    Քաղաքի մեկ օրը.
    Գլուխ 1. Ժամացույցների մասին
    Ժամացույցները միշտ նյարդայնացնում են ինձ. Անընդհատ շտապելու զգացողություն եմ ունենում: Վերացրեցի դրանք սենյակիցս, ազատեցի ուղեղս չխկչխկոցից ու սկսեցի գրել սա` որպես անկեղծ խոստովանություն: Քիչ մարդիկ կան, ում անունն անգամ մտքովդ անցկացնելիս հստակ մի երևույթ ես պատկերացնում: Ես ինքս ինձ այդ շարքի մեջ Չեմ պատկերացնում, բայց ես, Փառք Աստծո, գիտեմ մարդկանց, ովքեր այդ շարքում եմ: Նրանք ինձ «թասիբի» են գցում (անհամապատասխան բառի համար կներեք) ու ես ոնց որ ձգվեմ առաջ, ձեռքս մեկնեմ առաջ, հասնեմ գագաթին: Բայց մեն- մենակ ինձ անզոր եմ զգում… բառի բուն իմաստով` անզոր:
    Օրը.. 24 ժամ էմոցիաներ, գույներ` ամեն մի ժամը, ասելիք, արվեստ: Իմ մեջ օրը ալտեր-զգալու զգացողությունը նոր եմ գտել: Դա նոր հոգեվիճակ է` ճառագայթի նման, որի սկիզբը եղավ այդ օրը, երբ տեսա Նրան…
    Յուրօրինակություն է մտքում տեսնել նրան` քաղաքի փողոցներով քայլելիս, իր մտքերին քաջատեղյակ լինելով, տեսնելով ամեն քայլը, ամեն ակնթարթը, երբ կուղղի մազերն ու կիսապաշտոնական սև հագուստը կփռփռի քամուց: Քայլում է` ապագան իրենով արած, ուղղելով թևքերը, անցորդներին հասուն ժպտալով ու անհետանալով ամբոխի մեջ:
    Իսկ ես աչքերով ուղեկցում եմ նրան խուզարկուի նման այսուայն կողմ` ականջալուր լինելով յուրաքանչյուր հոգոցի, որը նոտա է դառնում օդում, ամեն մի ոտնաձայնի, ամեն մի դիմախաղի… Ամեն մեկը` մի մեծ high fashion:
    Օրը մթնում է… Նա էլ չկա: Ինքս ինձ մոլագար եմ զգում, ինքս իմ մեջ վտանգ եմ տեսնում, ու փորձում եմ կիլոմետրերով հեռու մնալ նրանից ու բոլորից` մարդկանից, քաղաքից, ինձնից: Փակված եմ սենյակում, իսկ նա ժամերն է նկարագրում` իր զգացմունքներին տեղի տալով: Անսպասելի ավարտվում է երգը, անսպասելի մարում եմ և ես… Անցավ ևս մի օր … Զգացմունքները խեղդում են ինձ: Օրն է արտասովոր…
    Գլուխ 2. Քաղաքի մասին
    … Անտես զգում եմ ինձ ազատ սիրտս մաշող թախծից: Երբեմն ականջակալներով հնչող միօրինակ ու սպառված երգերից բացի կա նաև այլ բան, որը հնարավոր չէ նկարագրել բառերով: Երբ դուրս եմ գալիս տնից, գնում նոր օրվան ընդառաջ, շնչում եմ սառը օդը, բայց չեմ մրսում:
    Ականջիս է հասնում քաղաքի բարևը:
    Նա էլ մարդկանց նման քնում է, արթնանում, խոսում: Նրա ձայնն եմ լսում. մեքենաների ազդանշաններ, անսովոր աժիոտաժ, շտապող մարդկանց բվվոց, լաց լինող երեխա, քամուց շարժվող տերև: Պահեր են գալիս, երբ քաղաքն ամենամտերիմ ընկերս է դառնում, քանզի նրա ձայնը հանգստացնում է ինձ, ուժ տալիս…
    Հիշում եմ, երբ մի անգամ դպրոցում ազատ թեմայով շարադրություն հանձնարարվեց սեպտեմբերին, համարյա բոլորը գրել էին ամռան, արձակուրդների և այլնի մասին, ես իմ շարադրությունը վերնագրել էի «ՔԱՂԱՔՈՒՄ»: Ես անկեղծացա, նույնիսկ գռեհիկ միտք գրեցի, իբր ես ամուսնացած եմ քաղաքի հետ, ու մենք շատ երջանիկ ենք միասին: Չեմ կարող բացատրել` ինչ էմոցիաներ եմ ունենում քաղաքում հայտնվելիս…
    Քաղաքն էլ ունի աչքեր, սերեր, վիշտ: Նա ոճեր է փոխում, գեղեցկանում, անգամ չափից շատ: Քաղաք կա համեստ է, քաղաք էլ կա` անճաշակ: Քաղաքն էլ զարկերակ ունի, որն ուղղակի զգալ է պետք:
    Ես սիրահարված եմ և՛ ՆՐԱՆ, և՛ քաղաքին… Քաղաքն իմ կրոնն է: Գուցե այն բնավ էլ չկա, միգուցե այն, ինչ կարդում եք հիմա ցնորական է, սակայն եթե նույնիսկ այդպես է, ցնորականը հիանալի է: Առաջին անգամ նրա երգերով քաղաքը պատկերացավ իմ մտքում որպես մարդ… ում աչքերում փայլ կա: Վերերկրային արարած, ով բացարձակ նման չէ շրջապատողներին` ուրիշ մոլորակից, ուրիշ պատմությունից: Մեծ ու զգացմունքային ճնշում ինձ վրա, որին երբեմն չեմ կարողանում դիմանալ: Ցանկանում եմ փախչել քաղաքակրթությունից հեռու, փակվել իմ որջում ու սպանել բոլորին, ովքեր կան մտքումս: Հետո ոտքի եմ կանգնում, հայտնվում նոր շուքով, բարձրանում ինքս իմ աչքին ու դուրս գալիս փողոց` պայթեցնելով բոլորի աչքերն իմ մտքերով, իմ սերերով, կլոններով, ում բնօրինակների աչքերը սովոր չեն հետևելու ինձ, սակայն մտքում համբուրում են մարմինս: Վայրիվերումներին հետևում են անճոռնի սուրանկյուն շենքերը: Անգույն ու հպարտ շենքերը, որոնք ճաշակ են թելադրում, գոռոզություն ճառագում աջուձախ: Ինձ տոն տվող քաղաքն, այո, գոռոզ է…
    Գուցե այս ամենը հորինվածք է, գուցե ես եմ մեր քաղաքը հորինել ու անվանել՝ Երևան:
    Գլուխ 3. Ազգայինի մասին
    Օրերը հաջորդում են մեկմեկու: Տարերք – աշուն: Հոկտեմբեր 1, 2, 3, 4… Դեղին շղթա` կազմված թվերից, որ փաթաթվել վզիս՝ խեղդում են: Մարդիկ անուշադիր են, թույլ արհամարհական հայացք են նետում վրաս ու շարունակում քայլել: Հեռվում գորշ կանաչավուն երանգներ են: Անձրև էր եկել ու օդը նման գույն է ստացել: Թե՞ դա իմ աչքին է լոկ երևում: Հանկարծ կանաչը փոխակերպվեց արևելյան միջավայրին բնորոշ դեղինով, որը հանդարտ, իր մեջ կլանելով գոռոզությունը, հանդիսավոր մոտենում է ինձ: Քիչ է մնում, հիմա դեղնակարմրավուն մրրիկը կուլ կտա ինձ: Ես հիպնոսացել եմ, նման դեպքերում կարող էի վախից անէանալ օդում, բայց սա այդ դեպքը չէ: Ես կանգնել եմ փողոցի կենտրոնում ու սպասում եմ պայթյունի. դեղինի ու սևի պայթյունի: Դա լուռ պայթյուն էր, անձայն… Այնպես, որ ոչ ոք չզգաց իմ վերացումը նրանց շարքերից…
    Արևելյան մոտիվները գրոհել են ներսս… Զարմանալի է` ես երաժշտությամբ հետ եմ գնում, Արևմուտքից տեղափոխվում եմ Արևելք, որովհետև ավելի հարազատ բաներ եմ գտնում. հին պատմություններ հիշողությանս մեջ: Լուսանկարներս ինձ փոխադրում են անցյալ ու միևնույն ժամանակ կրակում առաջ: Հսկայական անդիմադրելի ուժ եմ գտնում այդ փոխակերպումից, ինձ անկասելի եմ զգում: Ես անձնապես չունեմ անցյալ, իմ երակները պատռվել են, արյունը միախառնվել նախնիներիս արյանը: Քաղաքի վեհությունը չեմ մոռացել, միահյուսել եմ հինն ու նորը: Ամեն քարը, ամեն անգույն հայացքը թվում է հարազատ: Նույնիսկ մարդիկ, ովքեր քայլում են փողոցով` զուտ իրենց փուչ գոյությունը ցույց տալու համար, դարձել են ցանկալի: Նրանք շնչում են գույներով, երգեր են երգում, պարերով են ապրում: Իսկ ես խելագարի նման հիանում եմ նրանցով: Քաղաքը դարձել է արևի տուն, չկա մռայլություն, չկա ոչ մի կեղծիք: Արևմուտքի սառնությունից կտրուկ անցնելով Արևելքի ջերմությանը` անցնում եմ իմ ճանապարհը, ու հայտնվում այնտեղ, ուր պիտի հետո սպառեի իմ հրճվանքը` անկողնում:
    Դեղին շերտն անցավ վրայովս, քաղաքը մարեց լույսերը, շուրջս միայնություն տիրեց, շենքերը մուգ սև են, իսկ երկինքը` վառ սպիտակ` հակադրելով երկնայինն ու երկրայինը: Սառը հետանձրևային օդ էր փչում: Ես տենդի մեջ օրհնում եմ Աստծուն` լինելով այս խաչմերուկում… Ազգայինի ու օտարի, սառնության ու ջերմության խաչմերուկում: Եվ չեմ շարժվում տեղիցս: Կարծես չեմ պատրաստվում զիջել իմ տեղը…
    Արթնանում եմ ցերեկը, աչքիս վեր բարձրացող հին գորգերի կամիր նախշերն են երևում, ազգային երգեր են թույլ լսվում ինչ– որ տեղից, ու ես զմայլվում եմ այն ամենից, ինչն էթնիկ է, ինչ իմն է… հիմնականն է: …
    Blessed the poison which brings the end

  28. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enna Adoly (23.09.2013), Lusntag Lusine (24.09.2013), Sambitbaba (24.09.2013), Smokie (29.09.2013), Vardik! (24.09.2013), Նիկեա (14.10.2013)

  29. #15
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    24
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գլուխ 4. Գեղեցկության մասին
    Գորշ քաղաքի վրա խավար է իջել. Կեսգիշերային իրականություն: Երակներս լայնանում են գիշերը, ներսս` տակնուվրա եղած, կարծես սպասում է ինչ–որ շրջադարձային բանի: Բայց չկա ոչինչ. Այդպես ամեն օր: Աչքերս կարմրած են՝ կռվում են գիշերվա հետ: Լուսինը թափանցել է իմ ներս, լուսավորել ամեն ծակուծուկ: Նա գլուխը դրել է սրտիս, լսում է, թե այնտեղ ինչ է կատարվում: Դա է սերը: Ու համատարած խավարի մեջ ինձ է պատկերանում մի քառակուսի, որից անդի անկշռելիություն է, ուր մարդիկ ճախրում են: Ես էլ գրկում եմ նրան ու վեր բարձրանում` պատրաստվելով ցնցող թռիչքի, որին սպասել եմ ողջ կյանքի ընթացքում: Ոգեղեն Նա–ն ժպտում է` համաձայնելով: Հոգին տվեց ինձ ու մենք կտրվեցինք Երկրից… Իմ աննման, տիպ գերազանց, Դու թագուհի ամեն ծականց… Ու կինոյի նման կադրերը հակադրվում են միմյանց` մեր համբույրն օդում, նրա մուտքը իմ որջ, մեր փոխադարձ ժպիտները, իմ հուզվելը նրա կատարելությունից, մեր երակներում հոսող սև արյունն ու զոհաբերումը միմյանց… Պարուրաձև պտույտներից ծածավող մեր մազերը ու շարժումների սահմանափակումը երկրի վրա:
    Իմ աննման, յույժ գովելի, Արարեր զիս ողորմելի…
    Առավոտյան… ես էլի մենակ եմ, քաղաքն ուշադիր նայում է ինձ, քննում ամեն ինչ ու հիպնոսացած ես դուրս եմ գալիս` նորովի բացահայտելու ամեն ինչ: Ձանձրանում եմ արդեն: Սովոր են աչքերս ամեն ինչի, բայց ես զգում եմ, որ ինչ– որ բան այն չէ: Կամ միգուցե ես ճիշտ չեմ հասկացել քաղաքին… Դա դանդաղ խելագարություն է…
    Գլուխ 5. Ցանկության մասին
    Ինձ երբեք չեն զարմացրել մարդիկ, բայց ոչ այսօր… Հոկտեմբեր 15. Ոչնչով չտարբերվող մի օր: Սրիկա եմ զգում ինձ, գող–գող աչքերով եմ նայում մարդկանց: Ես չեմ վստահում նրանց, ոչ մի կերպ, ես իմ իդեալներն ունեմ, որոնք փակ են շատերի համար, կամ գուցե և արդեն բացահայտված: Նրանք տրորում անցնում են վրայովս, գաղափարներիս վրա թքած ունեն, ինչը սարսափելի պատկեր է… Մարդիկ հոգնեցրել են ինձ, բայց ոչ այսօր: Քամի… Նա ինձ բերեց մի շշունջ, ձայն, մարդկային ձայն, ապշեցի… «Արյունոտիր շուրթերն իմ…»:
    Միայն նա գիտի իմ սերը: Ամենազոր քամին նրա ծառան է, ով հասցրեց ինձ շշունջը… Կարծես ուղեկցում էր ինձ Նրա մոտ: Ես, աչքերս հառած, շնորհակալ եմ լինում, որ վերջապես կգտնեմ Միակին, ու ոգեղենը կփոխակերպվի մարմնականով, ես էլ նրան չեմ սպասի խորշերում, որ չեմ տրվի մարդկանց, գրողը տանի, որ ես վերջապես ազատ կլինեմ ու վեր, վեր, վեր ամենքից ու ամեն ինչից, ես ու Նա…ով մարեց իմ կյանքը, ծիծաղեց ու փախավ: Հիմա ինքն իր գահին է, այլ բարձրության վրա, այլ տարածության մեջ, ում ձուլում եմ հոգիս ու վերանում… Միայնությունից՝ Հավերժություն… Խելագարությունից՝ Խենթություն… Սիրուց` Անզգայացում…
    Ես տեսնում եմ ստվերը ու նետվում դեպ Նա…
    Լույսեր երակներումս, թեթևություն ձեռքերումս, մազերս ծովեր են դառել ու ոտքերս ամպոտ են… Անէացել եմ, ոչնչացել եմ, վերածնվել եմ…
    Ալքիմիկները փնտրում էին գաղտնիքը, որով կարելի էր հողը վերածել ոսկու: Լսելով Լիլիթ Պիպոյանին` ունենում ես այն զգացումը, որ նա այդ գաղտնիքը գիտի: Նրա երգերը` բոլորը, տխուր են` ինչպես հողը, ու զվարթ`ինչպես ոսկին: Որովհետև նրա երգերում զվարթությունը քամվում է տխրությունից, ինչպես որ երջանկությունն է քամվում ամեն ինչից, երբ սիրում ես…

    Հեղինակ՝ Սամ-Քլայն
    Blessed the poison which brings the end

  30. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enna Adoly (23.09.2013), Lusntag Lusine (24.09.2013), Mephistopheles (23.09.2013), Sambitbaba (24.09.2013), Skeptic (24.09.2013), Smokie (29.09.2013), Vardik! (24.09.2013), Արևանուռ (23.09.2013), Նիկեա (14.10.2013)

Էջ 1 46-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 198
    Վերջինը: 23.02.2015, 14:57
  2. Ստեղծագործական մրցույթ: Նմանակում: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 296
    Վերջինը: 24.02.2014, 20:41
  3. Արձակ. Ստեղծագործական մրցույթ: Պատահական ծանոթություն: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 737
    Վերջինը: 21.10.2013, 14:53
  4. Արձակ. Ստեղծագործական մրցույթ. Կարճ պատմվածք (Քվեարկություն և քննարկում)
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 554
    Վերջինը: 07.09.2013, 19:56
  5. Գրառումներ: 737
    Վերջինը: 24.03.2013, 01:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •