User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: «Աստծու ինը միլիարդ անունները». Արթուր Կլարկ

  1. #1
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,420
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Աստծու ինը միլիարդ անունները». Արթուր Կլարկ

    - Բավականին տարօրինակ պատվեր է.- դոկտոր Վագները փորձում էր որքան հնարավոր է զուսպ արտահայտվել:- Ինչքան գիտեմ՝ մեզնից առաջ երբեք ոչ մի ընկերության չեն դիմել՝ տիբեթյան մենաստանին ավտոմատ հաշվիչ մեքենա վաճառելու խնդրանքով: Ավելորդ հետաքրքրություն չհամարեք, բայց մտքովս էլ չէր անցնի, որ ձեր... ըըը... հաստատությանը երբևէ կարող է նման մեքենա պետք գալ: Չէի՞ք բացատրի, թե հատկապես ինչ եք ուզում անել:
    - Սիրով,- պատասխանեց լաման՝ հարթելով մետաքսե զգեստի ծալքերն ու անշտապ մի կողմ դնելով լոգարիթմական քանոնը, որով ֆինանսական հաշվարկներ էր անում:- Ձեր «Մարկ 5» համակարգիչը կարող է ցանկացած մաթեմատիկական գործողություն կատարել՝ ընդհուպ մինչև տասանիշ թվերի հետ: Բայց մեր գործի համար մեզ ոչ թե թվեր են պետք, այլ տառեր: Այդ պատճառով էլ մենք ցանկանում ենք, որ դուք ձևափոխեք ելքային շղթաները, որպեսզի մեքենան թվերի սյունակների փոխարեն տառեր տպի:
    - Ճիշտ ասած՝ չեմ հասկանում...
    - Կա մի խնդիր, որի վրա մենք աշխատում ենք արդեն երեք հարյուր տարի՝ սկսած մենաստանի հիմնադրման օրից: Այն, ինչ կասեմ, գուցե խորթ կհնչի Ձեր մտածելակերպի մարդու համար, սակայն հուսով եմ, որ Դուք առանց նախապաշարմունքների կլսեք ինձ:
    - Իհարկե:
    - Իրականում ամեն ինչ շատ պարզ է: Մենք կազմում ենք Աստծու բոլոր հնարավոր անունների ցուցակը:
    - Ներեցե՞ք:
    - Մենք բոլոր հիմքերն ունենք հավատալու,- անվրդով շարունակեց լաման,- որ այդ բոլոր անունները կարելի է գրի առնել՝ օգտագործելով ընդամենը ինը տառ՝ մեր հայտնագործած այբուբենով:
    - Եվ դուք արդեն երեք դար է՝ դրանո՞վ եք զբաղված:
    - Այո: Ըստ մեր հաշվարկների՝ աշխատանքն ավարտելու համար մեզ մոտ տասնհինգ հազար տարի է պետք:
    - Օ՜.- դոկտոր Վագները հազիվ էր թաքցնում զարմանքը.- Հիմա պարզ է՝ ինչու եք ուզում հաշվողական մեքենա ունենալ: Բայց ես, միևնույն է, չեմ հասկանում. ի վերջո՝ ո՞րն է ձեր աշխատանքի նպատակը:

    Պատասխանելուց առաջ լաման մի պահ տատանվեց: Վագներն արդեն սկսում էր կասկածել՝ արդյո՞ք հարցը վիրավորական չէր, բայց, ամեն դեպքում, երբ հյուրը խոսեց, ձայնի մեջ դժգոհության նշույլ անգամ չկար.

    - Կարող եք սա ինչ-որ ծես համարել, եթե ուզում եք, բայց այն, ինչ հիմա կասեմ, մեր հավատի առանցքային մասն է: Այն բոլոր անունները, որոնցով մենք կոչում ենք Գերագույն Էակին՝ Աստված, Եհովա, Ալլահ և այլն, ընդամենը մարդու հորինած պիտակներ են: Այստեղ, իհարկե, բավականին բարդ փիլիսոփայական հարցեր էլ կան, որոնք ես ձեր թույլտվութամբ առայժմ կշրջանցեմ, բայց կարևորն այն է, որ տառերի այդ բոլոր հնարավոր հաջորդականությունների մեջ ինչ-որ տեղ թաքնված են, այսպես ասած, Աստծու իսկական անունները: Մենք փորձում ենք տառերի համակարգված փոխատեղումների միջոցով կազմել դրանց ամբողջական ցուցակը:
    - Հասկանում եմ: Դուք սկսել եք ԱԱԱԱԱԱԱ-ից ու հիմա հերթով գրում եք բոլոր տարբերակները՝ մինչև ՖՖՖՖՖՖՖ:
    - Միանգամայն ճիշտ եք՝ այն տարբերությամբ, որ մենք օգտագործում ենք մեր ստեղծած հատուկ այբուբենը: Տպող մեքենայի նշանները փոխելն, իհարկե, ամենահեշտ հարցն է: Շատ ավելի դժվար է այնպիսի մի ծրագիր մշակելը, որն ի սկզբանե կբացառի տառերի սխալ համադրությունները: Օրինակ՝ ոչ մի տառ չպետք է երեք անգամից ավել իրար հետևից կրկնվի:
    - Երե՞ք: Դուք, իհարկե, նկատի ունեիք երկու՞:
    - Ոչ, հենց երեք: Վախենամ՝ բացատրելը շատ երկար կտևի, եթե նույնիսկ իմանայիք մեր լեզուն:
    - Չեմ կասկածում,- շտապ ասաց Վագները,- Շարունակեք, խնդրեմ:
    - Բարեբախտաբար՝ ձեր ավտոմատ հաշվիչ մեքենան կարելի է շատ հեշտ ձևափոխել՝ այդ խնդիրը լուծելու համար: Պետք է ընդամենը ճիշտ ծրագրավորել այն, և համակարգիչն ինքնուրույն կդասավորի բոլոր տառերը, ապա կստուգի ու կտպի արդյունքները: Այն, ինչի համար մեզ տասնհինգ հազար տարի պետք կգար, մեքենան կանի հարյուր օրում:

    Ներքևում եռում էին Մանհեթենի փողոցները, բայց դոկտոր Վագները գրեթե չէր լսում քաղաքի աղմուկը: Նա մտովի տեղափոխվել էր մի ուրիշ աշխարհ, որտեղ լեռները բնության ստեղծածն էին, ոչ թե մարդկանց: Այնտեղ՝ հեռու հեռվում, սերնդեսերունդ ու համբերատար ճգնում էին վանականները՝ կազմելով անիմաստ բառերի իրենց ցուցակը: Հիրավի՝ մարդկային հիմարությունը սահմաններ չունի: Բայց, անկախ ամեն ինչից, չի կարելի ցույց տալ, թե ինչ ես մտածում: Հաճախորդը միշտ ճիշտ է:

    - Ես վստահ եմ,- պատասխանեց դոկտորը,- որ մենք կկարողանանք այնպես ձևափոխել «Մարկ 5»-ը, որ այն տպի ձեր ուզած ցուցակները: Ինձ ավելի շատ անհանգստացնում են մեքենայի տեղադրման ու սպասարկման հարցերը: Մեր օրերում Տիբեթ բարձրանալն այնքան էլ հեշտ բան չէ:
    - Մենք ամեն ինչ կկազմակերպենք: Մեքենայի առանձին մասերը բավականաչափ փոքր են ինքնաթիռով տեղափոխելու համար. նաև դա է պատճառը, որ մենք հենց ձեր սարքն ենք ընտրել: Դուք միայն դրանք հասցրեք Հնդկաստան, մնացածը մենք կապահովենք:
    - Եթե ճիշտ հասկացա, դուք նաև ուզում եք վարձել մեր ընկերության երկու մասնագետների՞:
    - Այո, երեք ամսով՝ մինչև աշխատանքների ավարտը:
    - Համոզված եմ, որ մեր աշխատողները կդիմանան.- դոկտոր Վագներն ինչ-որ բան նշեց ծոցատետրում:- Մնաց երկու հարց...

    Վագները դեռ խոսքը չէր վերջացրել, երբ լաման նրան մեկնեց մի փոքրիկ թղթի կտոր.

    - Սա Ասիական բանկում իմ հաշվի քաղվածքն է:
    - Շնորհակալություն: Կարծես թե... ահ... ոչ մի խնդիր չկա: Երկրորդ հարցն այնքան պարզունակ է, որ նույնիսկ չգիտեմ էլ՝ արժի՞ այդ մասին խոսել, թե՞ ոչ, բայց փաստը մնում է փաստ, որ շատ հաճախ մարդիկ աչքաթող են անում հենց ամենաակնհայտ բաները: Դուք էլեկտրաէներգիայի ի՞նչ աղբյուր ունեք:
    - Դիզելային գեներատոր՝ հիսուն կիլովատ հզորությամբ ու հարյուր տասը վոլտ լարումով: Տեղադրվել է մոտ հինգ տարի առաջ ու մինչև հիմա անխափան աշխատում է: Դրա շնորհիվ մեր կյանքը մենաստանում շատ ավելի հաճելի է դարձել: Չնայած, իհարկե, դա իրականում տեղադրվել էր աղոթքի անիվները պտտող շարժիչները սնուցելու համար:
    - Դե իհարկե,- պատասխանեց դոկտոր Վագները:- Ինչպե՜ս մտքովս չէր անցել:

    Բազրիքից այն կողմ փռված տեսարանը գլխապտույտ էր առաջացնում, բայց ժամանակի ընթացքում ամեն ինչին էլ կարելի է վարժվել: Երեք ամիս շարունակ նույն բանը տեսնելուց հետո Ջորջ Հենլիին այլևս ոչինչ չէր զարմացնում՝ ո՛չ ոտքերի տակ բացվող երկու հազար ոտնաչափ խորությամբ անդունդը, ո՛չ էլ ներքևի հովտում նշմարվող դաշտերի շախմատաձև վանդակները: Արմունկները հողմահար քարերին հենած՝ նա մռայլ հայացքը հառել էր հեռավոր լեռներին, որոնց անունները երբեք մտքով էլ չէր անցել հարցնել:


    Սա, մտածում էր Ջորջը, ամենահիմար բանն էր, որ ես երբևէ կարող էի անել: Լաբորատորիայում ինչ-որ մի սրամիտ այս ամբողջ անհեթեթությունը տեղնուտեղը կնքել էր «Նախագիծ Շանգրի-լա» անվամբ: Արդեն քանի շաբաթ էր՝ «Մարկ 5»-ը ցնդաբանություններով ծածկված թղթերի սարեր էր տպում: Համբերատար ու անվրդով՝ մեքենան կրկին ու կրկին վերադասավորում էր տառերը՝ ստուգելով բոլոր հնարավոր համադրությունները, և սպառելով մի խումբը՝ իսկույն անցնում էր հաջորդին: Իսկ վանականները հավաքում էին տպիչից դուրս եկած ցուցակները, խնամքով կտրատում էին ու կպցնում իրենց հաստափոր գրքերի մեջ: Փառք Աստծու՝ մի շաբաթից ամեն ինչ վերջանում է: Ինչ-ինչ մութ հաշվարկների արդյունքում վանականները եզրակացրել էին, որ կարիք չկա զբաղվելու տասը, քսան կամ հարյուր տառանի բառերով, ու Ջորջի համար կատարելապես միևնույն էր, թե ինչու: Առանց դրա էլ նրան ամեն գիշեր հետապնդում էր այն մղձավանջը, որ նախնական պայմանավորվածությունը մի օր կփոխվի, ու գլխավոր լաման հանկարծ վեր կկենա ու կհայտարարի, որ նախագիծը երկարացվում է մինչև 2060 թիվը: Դրանցից ամեն ինչ սպասելի է:

    Լսվեց ծանր փայտե դռան ճռռոցը, և Չակը դուրս եկավ ու կանգնեց Ջորջի կողքին: Ինչպես միշտ՝ Չակը ծխում էր իր սիգարներից մեկը, որոնց շնորհիվ առաջին իսկ օրից տեղնուտեղը մտերմացել էր վանականների հետ: Լամաները, կարծես թե, բնավ դեմ չէին այս կյանքի բոլոր փոքր ու գրեթե բոլոր մեծ հաճույքները վայելելուն: Գոնե այդ մի բանը նրանց օգտին էր խոսում. գիժը՝ դե հաստատ գիժ են, բայց որ մոլեռանդ կուսակրոններ էլ չեն՝ կասկած չկա: Ասենք՝ թեկուզ հենց այդ հաճախակի այցելությունները ներքևի գյուղ...

    - Ջորջ, լսիր,- իրար խառնված ասաց Չակը.- վատ լուր ունեմ:
    - Ի՞նչ է եղել: Չլինի՞ մեքենան է փչացել:

    Ավելի վատ բան Ջորջը չէր էլ կարող պատկերացնել: Մեքենայի փչանալը կարող էր հետաձգել նրանց վերադարձը, իսկ դրանից ավելի սարսափելի հեռանկար Ջորջի համար գոյություն չուներ: Հիմա նույնիսկ սովորական հեռուստատեսային գովազդը նրա աչքին երկնային մանանա կթվար. ինչքան չլինի՝ գոնե քեզ տան հետ կապող ինչ-որ բան է:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 20.09.2013, 23:13:
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (21.09.2013), CactuSoul (22.09.2013), E-la Via (21.09.2013), Freeman (22.09.2013), ivy (23.09.2013), Jarre (20.09.2013), Moonwalker (21.09.2013), Sambitbaba (22.09.2013), Vardik! (05.10.2013), Աթեիստ (21.09.2013), Արէա (21.09.2013), Նաիրուհի (21.09.2013), Ռուֆուս (25.09.2013), Վոլտերա (21.09.2013)

  3. #2
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,420
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Չէ, լրիվ ուրիշ բան է:- Չակը նստեց բազրիքին, ինչը բավականին տարօրինակ էր, որովհետև սովորաբար սարսափելի վախենում էր ընկնելուց:- Հենց նոր պարզել եմ, թե ինչն ինչոց է:
    - Այսի՞նքն: Ինձ թվում էր՝ գիտեինք:
    - Դե հա, գիտեինք՝ վանականները ինչ են ուզում անել: Բայց չգիտեինք՝ ինչու: Դու մի ասա՝ լրիվ գժանոց է:
    - Նոր բան ասա,- խուլ տնքաց Ջորջը:
    - Գերագույնը հենց նոր որոշեց հետս բաց խոսել: Դե գիտես՝ ոնց է ամեն օր գալիս նայելու, թե ոնց է մեքենան ցուցակները տպում: Մի խոսքով՝ այս անգամ մի տեսակ անսովոր ոգևորված տեսք ուներ, եթե իհարկե դա ընդհանրապես ընդունակ է ոգևորվելու: Երբ բացատրեցի, որ արդեն վերջին փուլում ենք, իր կոտրտված անգլերենով հարցրեց՝ արդյոք երբևէ հետաքրքրվե՞լ եմ, թե իրենք ինչ են ուզում անել: Իհարկե, ասում եմ: Ինքն էլ բռնեց ու ամեն ինչ պատմեց:
    - Ասա, մի կերպ կդիմանամ:
    - Դե ուրեմն լսիր: Սրանք հավատում են, որ երբ գրի առնեն Նրա բոլոր անունները, իսկ դրանք իրենց հաշվարկներով մոտ ինը միլիարդ հատ են, կիրականանա Աստծու նախախնամությունը: Մարդկային ցեղը կկատարի այն, ինչի համար ստեղծվել է, ու կյանքը շարունակելն էլ ոչ մի իմաստ չի ունենա: Մեր մեջ ասած՝ այս ամեն ինչից մի տեսակ սրբապղծության հոտ է գալիս:
    - Լավ, բա հետո ի՞նչ են ուզում, որ անենք: Ինքնասպա՞ն լինենք:
    - Դրա կարիքը չկա: Հենց որ ցուցակները պատրաստ լինեն, Աստված անձամբ կխառնվի ու վերջ կդնի ամեն ինչին: Բա՞:
    - Լավ, հասկացա: Հենց գործը վերջացնենք, աշխարհի վերջը կգա:

    Չակը ջղային քմծիծաղեց.

    - Դե ես էլ նույն բանն ասացի գերագույնին: Ու գիտե՞ս՝ ինչ արեց: Ահավոր տարօրինակ նայեց վրաս, ոնց որ ինքը ուսուցիչը լիներ, ես էլ՝ դասարանի ամենաբութ աշակերտը, ու ասաց. «Այդքան միամիտ մի եղեք»:

    Ջորջը մի պահ մտածեց:

    - Լայն աշխարհայացք է, բան չունեմ ասելու,- վերջապես ասաց նա:- Բայց դե մե՞զ ինչ: Մեկ է՝ դա ոչ մի բան չի փոխում: Առանց դրա էլ պարզ էր, որ սրանք ծալապակաս են:
    - Ճիշտ ես ասում, բայց չես հասկանու՞մ՝ սրա վերջը որն է: Երբ ցուցակը պատրաստ լինի, իսկ Ահեղ Դատաստանը կամ դրա նման մի բան չգա, ամեն ինչի համար ինձ ու քեզ են մեղադրելու: Մեքենան հո մերն է, չէ՞: Չէ, մեր այս վիճակն ինձ հեչ դուր չի գտալիս:
    - Հասկացա,- դանդաղ ասաց Ջորջը:- Խելքին մոտ բաներ ես ասում: Բայց ախր այսպիսի բաներ միշտ էլ եղել են, է: Հիշում եմ, դեռ երեխա էի, երբ մեր Լուիզիանայում մի ցնդած քարոզիչ հայտնվեց: Ասում էր, որ մյուս կիրակի աշխարհի վերջը գալու է: Գիտե՞ս՝ քանի հարյուր հոգի էր հավատացել: Մարդիկ նույնիսկ տներն էին ծախում: Իսկ հետո, երբ ոչ մի բան էլ չեղավ, աչքիդ է երևում, թե ինչ-որ մեկը գոնե կես բերան բողոքեց: Մարդիկ ուղղակի որոշեցին, որ քարոզիչն ինչ-որ բան սխալ է հաշվել, ու շարունակեցին հավատալ: Ինձ թվում է՝ ոմանք մինչև հիմա էլ հավատում են աշխարհի վերջին:
    - Հա, բայց եթե դեռ չես նկատել, մենք հիմա Լուիզիանայում չենք: Ու մենք ընդամենը երկու հոգի ենք, իսկ իրենք՝ մի քանի հարյուր: Բան չունեմ ասելու, լավ մարդիկ են, ու ծերուկին էլ շատ եմ խղճում, երբ պատկերացնում եմ՝ ոնց է ամբողջ կյանքի գործը աչքի առաջ փլվելու: Բայց մեկ է՝ ես այդ ժամանակ կգերադասեմ ուրիշ տեղ լինել:
    - Ես արդեն քանի շաբաթ է՝ գերադասում եմ: Բայց դե մինչև պայմանագիրը չավարտվի ու ինքնաթիռը չգա, բան չենք կարող անել:
    - Դե,- ասաց Չակը,- կարող ենք փորձել ինչ-որ բան փչացնել:
    - Էդ էր պակաս: Դրանից ավելի վատ բան չէիր կարող ասել:
    - Չէ, լսիր: Օրական քսան ժամ աշխատելով՝ մեքենան չորս օրից ամեն ինչ կվերջացնի, չէ՞: Ինքնաթիռը գալիս է մի շաբաթից: Ուրեմն ընդամենը պետք է հերթական զննման ժամանակ հանկարծ պարզենք, որ ինչ-որ մի մաս վերանորոգման կարիք ունի, ու աշխատանքը մի երկու օրով հետ գցենք: Հետո, իհարկե, առանց շտապելու ամեն ինչ կսարքենք: Եթե ամեն ինչ ճիշտ կազմակերպվի, վերջին անունը դուրս գալու ժամանակ արդեն օդանավակայանում կլինենք: Ու էլ հաստատ չեն հասցնի մեզ բռնել:
    - Ինձ այս ամեն ինչը դուր չի գալիս,- ասաց Ջորջը:- Ես դեռ երբեք սկսածս գործը կիսատ չեմ թողել: Էլ չեմ ասում, որ միանգամից վատ բան կկասկածեն: Չէ, ես մինչև վերջ մնում եմ, ու ինչ լինելու է, թող լինի:

    - Մեկ է՝ ինձ այս ամեն ինչը դուր չի գալիս,- ասաց նա յոթ օր անց, երբ լեռնային պոնիներ հեծած՝ ոլոր-մոլոր կածանով արդեն իջնում էին ներքև:- Ու մտքովդ էլ թող չանցնի, որ փախչում եմ, որովհետև վախենում եմ: Ուղղակի ահավոր վատ եմ զգում այդ խեղճերի համար: Չեմ ուզում տեսնել, թե ոնց են կոտրվելու, երբ հասկանան՝ ինչքան հիմար էին: Պատկերացնու՞մ ես՝ գերագույնը ինչ կլինի:
    - Գիտե՞ս,- ասաց Չակը,- չես հավատա, բայց երբ նրան հրաժեշտ էի տալիս, ինձ թվաց՝ գլխի է ընկել՝ ինչ ենք անում, բայց թքած ունի: Մեկ է՝ գիտի, որ մեքենան անխափան աշխատում է, ու գործը շուտով կվերջանա: Իսկ դրանից հետո... Դե պարզ է, որ նրա կարծիքով էլ ոչ մի «հետո» չի կարող լինել:

    Ջորջը թամբի վրա շրջվեց ու նայեց վերև: Այդտեղից վերջին անգամ կարելի էր տեսնել մենաստանը: Գետնին կպած, անկյունավոր շինությունները հստակ ուրվագծվում էին մայրամուտի կարմիր երկնքի վրա: Այստեղ-այնտեղ լույսեր էին փայլում՝ ասես նավի լուսամուտները գիշերվա օվկիանոսում: Էլեկտրական լամպերը, բնականաբար, իրենց հոսանքի աղբյուրը հիմա կիսում էին «Մարկ 5»-ի հետ: Դեռ ինչքա՞ն պիտի շարունակեն կիսել, ինքն իրեն հարցրեց Ջորջը: Հուսախաբ եղած վանականները կարող են կատաղությունից ջարդուփշուր անել մեքենան: Թե՞ ուղղակի հանգիստ կնստեն ու նորից ամենասկզբից կսկսեն իրենց հաշվարկները:

    Նա հաստատ գիտեր, թե հենց այդ պահին ինչ է կատարվում լեռան վրա: Մետաքսե զգեստը հագին՝ բարձրագույն լաման անվրդով նստած է իր օգնականների հետ ու հետևում է, թե ինչպես են կրտսեր վանականները տպիչից դուրս եկած թղթերը տանում ու կպցնում իրենց հաստափոր հատորերի մեջ: Բոլորը լուռ են: Միակ աղմուկը միալար անձրևի նման թղթին հարվածող ստեղների անվերջ չխկչխկոցն է: Իսկ «Մարկ 5»-ն այդ ընթացքում կատարելապես անձայն ու կայծակի նման արագ կատարում է վայրկյանում տասնյակ հազարավոր իր գործողությունները: Երեք ամիսը լրիվ հերիք է, որ ով ասես՝ խելագարվի, մտածեց Ջորջը:

    - Եկե՜լ է,- ձայն տվեց Չակը՝ ցույց տալով ներքևի հովիտը:- Սիրուն է, չէ՞:

    «Շատ», մտածեց Ջորջը: Հին, խարխուլ ինքնաթիռը փոքրիկ արծաթե խաչի նման փայլում էր վազքուղու ծայրում: Երկու ժամից այն իրենց թռցնելու է դեպի ազատությունն ու առողջ բանականությունը: Այդ միտքն արժեր դանդաղ, անշտապ վայելել՝ մի բաժակ թունդ լիկյորի պես: Ջորջը կրկին ու կրկին պատկերացնում էր նույն պահը՝ ճոճվելով պոնիի թամբի վրա:

    Գիշերն արդեն գրեթե ծածկել էր Հիմալայները: Բարեբախտաբար՝ ճանապարհն այնքան լավն էր, ինչքան ընդհանրապես հնարավոր էր այդ վայրերում, ու նրանք երկուսն էլ ջահեր ունեին: Վտանգի նշույլ անգամ չկար. միայն ցուրտն էր մի քիչ խանգարում: Երկինքը կատարելապես մաքուր էր ու անամպ. պայծառ շողում էին ծանոթ, հարազատ աստղերը: «Լավ է», մտածեց Ջորջը. «եղանակի պատճառով որ հաստատ այստեղ չենք մնա»: Հիմա նրան այլևս ուրիշ ոչինչ չէր անհանգստացնում:

    Նա սկսեց երգել, բայց շուտով լռեց: Շուրջբոլորը վեր խոյացող անհաս, բարձրաբերձ լեռներն ու թույլ առկայծող ճերմակ գագաթները ճնշում էին զգացմունքների նման բուռն դրսևորումը: Ջորջը նայեց ժամացույցին.

    - Մի ժամից տեղում կլինենք,- ուսի վրայից ձայն տվեց Չակին:- Հետո մի պահ մտածեց ու ավելացրեց.- Տեսնես՝ մեքենան գործը վերջացրե՞ց: Արդեն վաղուց ժամանակն է:

    Չակը չպատասխանեց, ու Ջորջը շրջվեց հետ:

    Նա հազիվ ճանաչեց ընկերոջը. Չակի դեմքն ասես վերածվել էր երկնքին ուղղված սպիտակ, անշարժ մի կետի:

    - Նայիր,- շշնջաց Չակը, ու Ջորջը նույնպես աչքերը բարձրացրեց դեպի երկինք: (Ամեն ինչ մի օր տեղի է ունենում վերջին անգամ): Գլխավերևում հանդարտ, անաղմուկ, մեկը մյուսի հետևից հանգչում էին աստղերը:
    DIXI
    carpe noctem

  4. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.09.2013), armen9494 (21.09.2013), CactuSoul (22.09.2013), Chilly (23.09.2013), E-la Via (21.09.2013), Freeman (22.09.2013), ivy (23.09.2013), Jarre (20.09.2013), LisBeth (21.09.2013), Moonwalker (21.09.2013), Peace (20.09.2013), Sambitbaba (22.09.2013), Vardik! (05.10.2013), Աթեիստ (21.09.2013), Արէա (21.09.2013), Նաիրուհի (21.09.2013), Ռուֆուս (25.09.2013), Վոլտերա (21.09.2013)

  5. #3
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,420
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կլարկի այս գործը 2004-ին արժանացել է հետահայաց «Հյուգո» մրցանակի՝ որպես 1954 թվի լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք:

    «Հյուգոն» համարվում է sci-fi ժանրի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկը, եթե ոչ ամենահեղինակավորը :
    DIXI
    carpe noctem

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (22.09.2013), Jarre (20.09.2013), Vardik! (05.10.2013), Արէա (21.09.2013), Վոլտերա (20.09.2013)

  7. #4
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,743
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արժանի է իր մրցանակին, չեմ հիշում այս կարգի մի գործ կար լինոտիպի մասին, ով էր գրել, էլի կրոնական տարր կար, բուդդիզմ էին քարոզում լինոտիպին, արտակարգ գործ էր, բայց սրա չափ տպավորիչ չէր

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (20.09.2013), Հայկօ (20.09.2013)

  9. #5
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,420
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ հիմա ավելի շատ քլունգն ա հետաքրքրում : Ի՞նչ փոխեմ։
    DIXI
    carpe noctem

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (20.09.2013)

  11. #6
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,743
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ հիմա ավելի շատ քլունգն ա հետաքրքրում : Ի՞նչ փոխեմ։
    Հեղինակին` էլի էդ նույն զգացողությունն ա, թե ես բնօրինակն եմ կարդացել Իսկ եթե ավելի լուրջ` առաջին հայացքից արտակարգ սահուն էր, բայց վաղն ավելի սթափ ուղեղով նորից մանրամասն կկարդամ ու առանց ավելորդ քլնգելու, բայց ոչ էլ կուկուշկա խվալիտ սկզբունքով կփորձեմ կարծիքս գրել

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (21.09.2013), Հայկօ (21.09.2013)

  13. #7
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,981
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    fuck!!!! they were right!!! լավն էր… ապրի արևդ Հայկօ ջան…

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (21.09.2013), Աթեիստ (21.09.2013), Արէա (21.09.2013), Հայկօ (21.09.2013)

  15. #8
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում եմ մի ճար լիներ, Հայկին իր բոլոր գործերից կտրեինք, ասեինք ՝ ախպեր ջան, դու կլինի՞ նստես, լավ ստեղծագործություններ ընտրես, դրանք թարգմանես, մենք էլ կարդանք ու քեզ հա օրհնենք: Չէ մի մտածի, Հայկ ջան, էդ ճարի մեջ մտնում ա նաև քո հարուստ թարգմանիչ լինելու պահը :

    Ապրես դու…
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (22.09.2013), Jarre (21.09.2013), Sambitbaba (22.09.2013), Հայկօ (21.09.2013), Նաիրուհի (21.09.2013), Շինարար (21.09.2013), Վոլտերա (21.09.2013)

  17. #9
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,420
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում E-la Via-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասում եմ մի ճար լիներ, Հայկին իր բոլոր գործերից կտրեինք, ասեինք ՝ ախպեր ջան, դու կլինի՞ նստես, լավ ստեղծագործություններ ընտրես, դրանք թարգմանես, մենք էլ կարդանք ու քեզ հա օրհնենք: Չէ մի մտածի, Հայկ ջան, էդ ճարի մեջ մտնում ա նաև քո հարուստ թարգմանիչ լինելու պահը :

    Ապրես դու…
    Դա իմ մանկության բյուրեղյա երազանքն ա։ Առաջարկնե՞ր :
    DIXI
    carpe noctem

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (22.09.2013), CactuSoul (22.09.2013), E-la Via (22.09.2013)

  19. #10
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դա իմ մանկության բյուրեղյա երազանքն ա։ Առաջարկնե՞ր :
    Բա չկարողանա՞յի հիմա մի գայթակղիչ առաջարկ անեի էս տղուն :

    Անարդար ա էլի, անարդար... Մարդու սիրտ էլ ա նեղվում...
    Բա հիմա մի լավ թարգմանված պատմվածքլ չլինե՞ր, կարդայինք, սրտներս լենանար:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (22.09.2013), Արէա (22.09.2013), Հայկօ (22.09.2013)

  21. #11
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,067
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ հիմա ավելի շատ քլունգն ա հետաքրքրում : Ի՞նչ փոխեմ։
    Քլունգի տեղ չես թողել, Հայկօ ջան, հոյակապ թարգմանություն է: Ապրե´ս:
    Բայց, քանի որ փոխելու հարց էլ ես դրել...

    ա) "Գիժ"-ը մի տեսակ բարի-դրացիական է հնչում, իսկ հերոսի մոտ այդպիսի զգացմունքներ լամաների հանդեպ ես չզգացի, այնպես որ ինձ համար, երևի, ավելի ընդունելի կհնչեր "խելագար"-ը:
    բ) "Շանգրի-լա": Միգուցէ սխալ եմ, բայց ինձ թվում է, թե մեր ակաջին ավելի ըկալելի կհնչեր "Շամբալա՞":

    Բայց սրանք մանրուքներ են, իսկ հիմնականում` իրոք որ շատ լավ թարգմանություն է:
    Շնորհակալություն:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.09.2013), Jarre (23.09.2013), Հայկօ (22.09.2013)

  23. #12
    .Net Doctor Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Հասցե
    Լէնգ
    Տարիք
    27
    Գրառումներ
    3,911
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ լավն էր, աբրիս))
    «Գիժը» երևի խոսակցական դարձնելու համար էր, բայց «աննորմալ»/«խելառ»/«տավարի ցավ» տարբերակները ինձ ավելի են դուր գալիս))
    ----------------------------------------------
    Գրեցի ու տեսա որ էդ բառը խոսակցության մեջ չի, էս դեպքում գիժն էլ ոչինչ))
    The cake is a lie.

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.09.2013), Jarre (23.09.2013), Sambitbaba (23.09.2013), Հայկօ (23.09.2013)

  25. #13
    բաղեղ
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,589
    Mentioned
    47 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկ, թարգմանությունդ նենց լավն ա, որ չեմ կարողանում սյուժեի վրա կենտրոնանալ
    Կարդալիս սաղ ուշք ու միտքս էն ա, թե ոնց ես սենց ընտիր շարադրում։ Սկի թարգմանության էլ նման չի, այ անաստված։

  26. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.09.2013), CactuSoul (23.09.2013), E-la Via (23.09.2013), Jarre (23.09.2013), Sambitbaba (23.09.2013), Հայկօ (23.09.2013), Նաիրուհի (23.09.2013)

  27. #14
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,235
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կլօր, գժական ես թարգմանում
    Երևի ցուցակ ունես, բայց ցուցակի մեջ պատվերներ կընդունե՞ս

    1. Հարրի Հարրիսոն – Այլմոլորակային մահվան չարչարանքները
    2. Մյուրրեյ Լեյնսթեր – Առաջին կոնտակտ

  28. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.09.2013), CactuSoul (23.09.2013), Jarre (23.09.2013), Հայկօ (23.09.2013)

  29. #15
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,451
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    "Գիժ"-ը մի տեսակ բարի-դրացիական է հնչում, իսկ հերոսի մոտ այդպիսի զգացմունքներ լամաների հանդեպ ես չզգացի, այնպես որ ինձ համար, երևի, ավելի ընդունելի կհնչեր "խելագար"-ը:
    Փորձեցի «խելագարով» կարդալ, այնքան էլ լավ չի հնչում, երկար է տվյալ նախադասության համար: Միգուցե ցնդա՞ծ
    Չնայած եթե չասեիք, լավ էլ սահուն կարդացել ու անցել էի առաջ, շատ աչք չի ծակում, ու միգուցե հենց տարբերակներից լավագույնն է գիժը:

    Հայկ, զգում ես, չէ՞, էնքան քլնգելու տեղ չկա, որ կպել ենք մի հատիկ, էն էլ ոչ էնքան անհաջող բառից

    Ամենահավես մասը նախավերջին նախադասությունն էր: Երևի չկարողանամ բացատրել, թե ինչու: Բայց հենց էդ տեղում, հենց էդ ձևակերպմամբ ու հենց փակագծերի մեջ… իր գործն արեց, մի խոսքով:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  30. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.09.2013), Jarre (23.09.2013), Sambitbaba (23.09.2013), Հայկօ (23.09.2013)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գույների անունները հայերենում
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 81
    Վերջինը: 05.08.2015, 14:01
  2. «Աստղը». Արթուր Կլարկ
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Թարգմանություններ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 25.10.2013, 17:30
  3. «Լույսը չի բացվի». Արթուր Կլարկ
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Թարգմանություններ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 25.10.2013, 17:22
  4. «Աստվածների սնունդը». Արթուր Կլարկ
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Թարգմանություններ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 02.10.2013, 13:28
  5. Աշխարհագրական անունները հայերեն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 06.11.2008, 00:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •