Սիրելի՛ ակումբցիներ,
տեղեկացնեմ, թե ինչ էր տեղի ունեցել, ինչու էր ակումբը մի քանի օր անհասանելի: Սեպտեմբերի 12-ի երեկոյան հայտնաբերեցինք, որ ակումբը հեք (hack) է արվել: Արագ ուսումնասիրությունը մեզ ցույց տվեց, որ որևէ ինֆորմացիայի կորուստ չունենք, սակայն տեղադրված ծրագրերը հնարավորություն կարող էին տալ մուտք գործել ֆայլային համակարգ, կատարել ցանկացած տիպի աշխատանքներ, վնասել ինֆորմացիան:
Որոշում կայացրինք մինչև մանրամասն ուսումնասիրությունը պարզապես անջատել ակումբի սերվերը, նման հնարավորությունը չեզոքացնելու համար:
Կար միայն մի բարդություն. ես հաջորդ առավոտյան կանուխ պետք է մեկնեի գործուղման ու որևէ տարբերակ չունեի չգնալու: Դրա համար մի քանի օրով աշխատանքները հետաձգվեցին. ես կարծում եմ, որ շատ ավելի կարևոր էր ինֆորմացիայի հնարավոր արտահոսքից խուսափելը, քան րոպե առաջ ակումբը աշխատացնելը:
Գալուցս հետո արդեն սկսեցինք մանրամասն ուսումնասիրել, թե ինչ է եղել: Ուսումնասիրությունների արդյունքում հեշտորեն գտանք այն բացը, որի օգնությամբ «կոտրվել» էր կայքը: Վերջին օրերին այդ բացի օգտագործմամբ «կոտրվել» են վԲուլլետին համակարգի հիման վրա աշխատող հարյուրավոր կայքեր: Հաքերները գտել էին համակարգի մի բաց, որը թույլատրում է հեշտորեն ստեղծել նոր ադմինիստրատոր, ով կարողանում է որոշակի պարզ գործողություններից հետո մուտք ստանալ ֆայլային համակարգին:
Վստահ պնդելու համար վաղ է, բայց ըստ դիտարկումների կայքը չի եղել թիրախային հարձակման զոհ: Այսինքն բոլորովին նպատակ չի եղել հենց կոնկրետ ակումբին վնասել, պարզապես այդ բացից օգտվելով հարձակվել են վԲուլլետինի համապատասխան վերսիաներով աշխատող տարբեր կայքերի վրա: Հաքերային այն խումբը, որը «ստորագրել էր» ակումբի կոտրելը, վերջին օրերին օրական տասնյակ կայքեր է կոտրել, որոնց ցանկը դեռ ամբողջովին չեմ ուսումնասիրել, բայց կարծես թե այլ հայկական կայքեր դրանցում չկան, ինչը նույնպես հուշում է, որ հարձակումը դժվար թե թիրախային լիներ:
Նորից ըստ դիտարկումների բացի արտաքին տեսքը արագորեն փչացնելուց այլ բան չեն արել, չեն փորձել կայքին այլ վնասներ տալ, օգտագործել կամ տիրանալ առկա ինֆորմացիային:
Այս պահին ես կարծում եմ, որ ամբողջովին չեզոքացրել ենք վտանգը ու հանգիստ կարող ենք նորից շահագործել ակումբը:
Մենք «առիթից օգտվելով» նաև այս օրերին փոխեցինք ակումբի հոստինգը, անցանք նոր հոստինգի, որը, կարծում եմ, պետք է վերացնի վերջերս մեզ հաճախ անհանգստացնող «ակումբի կախվելու» դեպքերը, աշխատի շատ ավելի արագ:
Քանի որ ակումբը ամբողջովին նորից ենք տեղադրել, հնարավոր է, լինեն բացեր, որոնք առաջ կային, հիմա չկան: Օրինակ այս պահին անհասանելի է «Կանոնադրություն» բաժինը, որը շուտով կտեղադրենք: Նման բացեր տեսնելու դեպքում, խնդրում եմ, տեղեկացրեք դրանց մասին թեկուզ հենց այս թեմայում:
Ներողություն եմ խնդրում բոլորիցդ պատճառած անհանգստության, այսքան օր սպասեցնելու համար:
Առանձնահատուկ շնորհակալություն մեր սիրելի Քաղաքացուն՝ Սասունին, անգնահատելի օգնության համար:
Էջանիշներ