Ամեն օր, մետրոյից դուրս գալիս, տեսնում էի նրան: Միջին տարիքի կին էր Սուսանը: Ծալապատիկ նստում էր մետրոյին հարակից աստիճանների վրա: Ոտքից գլուխ քրջերով էր փաթաթված: Գլխին դեղին գույնի, մաշված ու գույնը գցած գլխարկ ուներ, տակին կապտականաչավուն ու եզրերը խանձած ծածկոց կար, իսկ առջևում ստվարաթղթե փոքրիկ տուփ էր դրված, որի մեջ շպրտված էին տասը և քսան դրամանոց մետաղադրամներ:
Սուսանը երբեք մենակ չէր. Շեկոն՝ մեր բակի ամենաքրջոտ ու կեղտոտ շունը միշտ կողքին էր: Էնքա՜ն բարի աչքեր ուներ Շեկոն:
Նրանց կողքով անցնելիս՝ աշխատում էի հայացքս այլ կողմ թեքել: Սիրտս չէր տանում մի տեսակ: Ու դա տևեց էնքան, մինչև կամաց-կամաց սկսեցի նկատել Սուսանի՝ օրեցօր մեծացող որովայնը:
«Էս բոմժն էրէխով ա»,- միաբերան հաստատեց բակի ժողովուրդը:
Էդ օրվանից հետո էլ հայացքս չէի թեքում:
Հերթական անգամ մետրոյից դուրս եկա: Սուսանն էլի իր տեղում էր: Մի ձեռքն ուռած ու տձև որովայնի վրա էր դրել, իսկ մյուսով ծխացող մի գլանակ էր պահել:
Զայրույթս զսպել չկարողացա: Կատաղած ու հաստատուն քայլքով մոտեցա ու ատամներս սեղմելով՝ ասացի.
- Ինչի՞ ես ծխում… բա էրէխե՞դ
Չտեսի նման երանության գիրկն ընկած՝ ծուխը ներս քաշեց, ապա այն դուրս թողեց ու քամահրանքով ասաց.
- Քու գործը չի:
Ամբողջ հոգով նողկանք զգալով՝ հեռացա: Անցնելիս՝ այլևս Սուսանի կողմ չէի նայում, բայց Շեկոյին չնայելը անհնար էր: Ախր էնքա՜ն թախծոտ էին աչքերը:
Մի օր էլ ականջիս հասավ, որ Շեկոն շուտով ձագեր ա բերելու: Ուրախացա:
***
Իրարանցում, խառնաշփոթ, հավաքված ամբոխ մետրոյի շրջակայքում: Արագ քայլերով մոտեցա. Սուսանն իր տեղում չէր:
«Ասին էրէխին կարող ա փրկեն, բայց իրան՝ դժվար. շատ ծանր ա»,- պատմում էր հավաքվածներից մեկը: Միանգամից գլխի ընկա: Խոսքը միանշանակ Սուսանի մասին էր:
Որոշ ժամանակ անցավ:
Դեռ մետրո չհասած՝ հեռվից մի դեղին գլխարկ նշմարեցի:
Ինձ լավ զգացի: Երևի ծննդաբերել ու հետ ա էկէլ:
Երբ մոտեցա, տեսա, որ իր մշտական դիրքով նստած, առջևի մետաղադրամներն ա հաշվում:
Կողքին ոչ մի երեխա էլ չկար:
- Էրէխեդ ո՞ւր ա,- հարցրի:
-Մանկատուն տարած կըլնեն էլի,- գլուխն առանց վեր բարձրացնելու ու անտարբեր՝ իր կոշտ ձայնով ասաց:
Զզվանքիս չափաբաժինն այս անգամ արդեն իր գագաթնակետին հասավ: Ձեռքս թափ տվեցի ու հեռացա:
Դեմքիս զայրացած արտահայտությունը շեշտակի փոխվեց, երբ ականատես եղա հետևյալին. մեր բակի ծառերից մեկի տակ պառկած էր Շեկոն, իսկ վրան, խլվլտալով, մուշ-մուշ կաթ էին ծծում հազիվ բռունցքիս մեծության հասնող յոթ ձագերը:
Էջանիշներ