Կենսագրությունը
1883 թվականին Պրագայում ծնվեց Յարոսլավ Հաշեկը` չեխ գրող-հումորիստ, «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» գրքի (1921-22թթ.) հեղինակ, I համաշխարհայինի մասնակից:
Բանկային չինովնիկի պաշտոնը չի հրապուրում ուսումնարանն ավարտած Հաշեկին, և նա հայտնվում է նախ Աֆրիկայում, ապա` Մակեդոնիայում, հետո ոտքով կտրում-անցնում է ողջ Ավստրո-Հունգարիան: 1904-ին սկսում է հարել անարխիստական շարժմանը, շուտով հիասթափվում է:
Հեղինակ է շուրջ 1500 պատմվածքների, ֆելիետոնների և այլ երկերի։ Համաշխարհային հռչակ է ստացել Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ» անավարտ վեպը , որը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում նաև հայերեն։
… Այնտեղ մարդ կարող է հատակին մերկ սողալ, չախկալի պես կաղկանձել, դիվոտել ու կծել: Եթե մեկնումեկը նույնն աներ փողոցում, անցորդները զարմացած կմնային, իսկ այնտեղ դա սովորական բան է: Այնտեղ այնպիսի ազատություն է, որ սոցիալիստներն անգամ չեն երազել: Այնտեղ մարդ կարող է իրեն համարել և Աստված, և Մարիամ աստվածածին, և Հռոմի պապ, և Անգլիայի թագավոր, և թագավոր կայսր, և սբ. Վացլավ, ըստ որում, վերջինս շարունակ կապկպված պառկած էր մեկուսարանում: Այնտեղ կար այնպիսի մեկը, որ գոռում էր, թե ինքն արքեպիսկոպոս է և ոչինչ չէր անում, միայն խժռում էր և, կներեք, մի այնպիսի բան անում, որ հանգավորվում է խժռել բառի հետ, քանզի այնտեղ ոչ ոք չէր ամաչում այդ բանն անելուց: Իսկ մի ուրիշն իրեն միանգամից համարում էր սուրբ Կիրիլ և Մեֆոդի, որպեսզի երկու ճաշաբաժին ստանա: Այնտեղ նույնիսկ մի հղի պարոն կար, որը յուրաքանչյուրին կնունքի էր հրավիրում: Այնտեղ կային շատ շախմատիստներ, քաղաքագետներ, ձկնորսներ, սկաուտներ, նամականիշներ հավաքողներ, սիրող լուսանկարիչներ… Մեկին շարունակ պահում էին զսպաշապիկի մեջ, որպեսզի չկարողանար հաշվել, թե աշխարհի վերջը երբ է գալու… Իսկ մի ուրիշն ապացուցում էր, թե երկրագնդի ներսում մի ուրիշ գունդ կա, որը զգալիորեն մեծ է դրսի գնդից:
Այնտեղ յուրաքանչյուրը կարող էր դուրս տալ՝ ինչ խելքին փչեր, ինչպես պառլամենտում:
«Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» վեպից
Էջանիշներ