Իմ՝ մոդերատոր դառնալու կապակցությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ակումբի պուպուշ ադմինին ու ակումբցիների ցանկությամբ նոր մրցույթ հայտարարել
Եվ այսպես. մեկնարկում է գրական նոր մրցույթ՝ կարճ պատմվածք ֆորմատով: Ուշադրություն՝ պատմվածք.այսինքն հերոս կամ հերոսներ, որոշակի սյուժե, սկիզբ-ավարտ և այլն, ոչ թե բառերի տեղատարափ, անհասկանալի ու կակազող մտքեր, որոնք իրենք իրենցով կարող են հետաքրքիր լինել, բայց ոչ երբեք որպես պատմվածք: Թեմատիկ, ժանրային սահմանափակումներ չկան, փոխարենը կա երևակայելու անսահման հնարավորություն:
Կանոններ
1. Ստեղծագործությունը պետք է լինի արձակ, հայերեն, 1.000-2.000 նիշի սահմաններում (դա անում է մոտավորապես կես էջից մինչև մեկ էջ՝ ներառյալ բացատները)
2. Ստեղծագործությունը պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով, կամ նամակագրական համակարգով (PM), վերնագրում գրելով «Կարճ պատմվածք: Մասնակցություն»
3. Ստեղծագործությունը կարող եք ուղարկել մինչև հաջորդ ուրբաթ օրվա (30. 08. 13) ավարտը՝ 24:00-ն:
4. Օգոստոսի 31-ի երեկոյան կտեղադրվեն ստացված ստեղծագործությունները՝ առանց հեղինակների անունները նշելու:
5. Յուրաքանչյուր մասնակից կարող է (ցանկալի է) ուղարկել մեկից ավելի տարբերակ:
6. Քննարկման ու քվեարկության ժամկետներն ու պայմանները կհայտարարվեն ստեղծագործությունները տեղադրելիս:
Կարճ պատմվածք ֆորմատի լավագույն օրինակներից է Ռայադեռի «Լեգենդ Կայենի մասին» յուրօրինակ ստեղծագործությունը:
Վերջապես Արևի առաջին ճառագայթները դիպչում են քարե Աստվածության գագաթին: Ամեն տարվա այդ օրն անասելի կարևոր է. ամեն տարի այդ օրը ծերացած Արևը սկսում է մահանալ, ու Աստվածության արգանդում ծնվում է նորի սաղմը:
Բոլորը գիտեն, որ ամեն ինչ մահանում է. մարդիկ, հողը, արևը՝ ամեն ինչ, բացի քարե Աստվածությունից, որն ասես ժամանակից դուրս ընկած՝ միշտ անփոփոխ է: Փառավոր է Աստվածությունը, այն ամենազոր է ու հավերժական: Այն է ամեն բարին ու չարը, ու ոչինչ աշխարհում չի կատարվում նրա կամքից անկախ:
Բլրի լանջով վեր են բարձրանում երկու տղամարդիկ ու նվիրատվություններ են բերում: Նրանք հոգնած են. ամբողջ գիշեր բնակավայրի սրբազան խարույկի շուրջն իրենց պարերով փառաբանել էին քարե Աստվածությանը, որի կամքով Արևը մահանում է ու վերածնվում:
Երբ բավականաչափ մոտենում են, տեսանելի է դառնում նրանց նմանությունը. եղբայրներ են: Երբ հասնում են Աստվածությանը, դրա առաջ գտնվող քարե զոհասեղաններին են դնում իրենց բեռը. աջ կողմում կանգնած եղբայրը կենդանի գառ է դնում, իսկ ձախ կողմինը՝ մրգեր ու բանջարեղեն: Աջ եղբայրը հովիվ է, ձախը՝ բանջարաբույծ: Աջ եղբայրը բարձրացնում է սև քարից դանակն ու մի հարվածով կտրում գառան վզի զարկերակը՝ մյուս ձեռքով կենդանուն սեղմելով քարին: Գառը ձգվում է ու պաղում: Նրա աչքերը մշուշապատվում են: Զոհասեղանը կարմրում է տաք արյունից:
Արևը սահում է Աստվածության ուսի վրայով ու իջնում աջ եղբոր վրա: Ու երկուսն էլ հասկանում են՝ այս տարի նորից նրա զոհն է ընդունվել:
Վերադարձին ձախ եղբայրը հարցնում է աջին.
- Ինչու՞ է Աստվածությունն ամեն անգամ քո զոհաբերությունն ընդունում, իսկ իմն անտեսում, եղբա՛յր:
- Որովհետև ես նրան տալիս եմ ինձ ամենասիրելի բանը՝ հոտի ամենափոքրիկ գառանը, ու սիրտս ցավում է նրան զոհաբերելիս,- պատասխանում է աջը,- ես զոհաբերում եմ ամենաթանկն, ինչ ունեմ:
- Եթե ես զոհաբերեմ Աստվածությանն ամենաթանկն, ինչ ունեմ, եղբա՛յր, նա կընդունի՞ իմ զոհաբերությունը:
- Այո:
Անցնում է մի տարի, ու նորից գալիս է նույն օրը: Զոհասեղանի վրա ձախ եղբայրը պառկեցրել է աջին ու սև քարից դանակը բարձրացրել նրա վրա: Նրա այտերով արցունքներ են հոսում:
- Աստվածությու՜ն,- կանչում է նա:
Աստվածությունը լուռ է: Ձախ եղբայրը շարունակում է.
- Զոհաբերում եմ քեզ ամենաթանկն, ինչ ունեմ՝ հարազատ եղբորս: Ընդունի՛ր զոհաբերությունս:
Սև քարից դանակն իջնում է՝ կտրելով եղբոր վզի զարկերակը: Աջ եղբայրը ձգվում է ու պաղում: Զոհասեղանը կարմրում է տաք արյունից:
Արևը սահում է Աստվածության ուսի վրայով ու իջնում ձախ եղբոր վրա: Ու նա հասկանում է՝ իր զոհն ընդունված է:
Դուք դա կարող եք Վերցրեք թուղթ ու գրիչ, անջատեք բոլոր լույսերը, միացրեք ձեր երևակայությունը, կանչեք մուսաներին ու սկսեք...գրել..գրել..
Սպասում եմ անկեղծ ու հետաքրքիր պատմվածքների
Էջանիշներ