Կարծեմ երկու տարի առաջ էր, որ կինս՝ Ֆոտոնը, առաջարկեց իմ համար ուսին գցելու պայուսակ առնել: Չնայած մտածում էի, որ որոշ դեպքերում շատ հարմար բան է, բայց քաղաքավարությամբ հրաժարվեցի: Հրաժարվելուս պատճառները մի քանիսն էին.
1. Ոչ ուժեղ, բայց իմ մոտ էլ կար էն՝ որոշ շրջանակներում տարածված կարծրատիպի նստվածքը, որ տենց պայուսակներ մենակ կանայք, աղջիկներն են բռնում,
2. Մտածում էի, որ հազվադեպ է իսկապես հարմար լինելու, իսկ մեծ մասամբ ավելորդ բեռ է,
3. Մտածում էի, որ դրսում «թարս կնայեն»:
Ինչևէ: Դրանից ժամանակ անցավ: Պարբերաբար մտածում էի, որ իզուր եմ նվերից հրաժարվել: Պարբերաբար պետք էր լինում: Բայց երբ հենց հաջորդ օրը պետք չէր լինում, մոռանում էի:
Ուկրաինայում գործուղման ժամանակ ուշադրություն դարձրի, որ տղամարդկանց մեծ մասը նման պայուսակներով է: Իհարկե ստատիստիկաս կարող է սխալ լինել, բայց իմ հաշվարկներով 10-ից 9-ը նման պայուսակով էր: Հավեսի ընկա ու հենց Ուկրաինայում գնեցի նման պայուսակ: Գնելիս մտածում էի, որ հազվադեպ եմ օգտագործելու, այն դեպքերում, երբ մեկից ավելի իրերով, թղթերով (համապատասխան չափի) պետք է դուրս գամ տնից:
Բայց արի ու տես, որ հիմա հազվադեպ եմ առանց պայուսակի տնից դուրս գալիս: Էնպես չի, որ դրանում եղած իրերն ինձ ամեն օր պետք են գալիս, բայց երբ պետք են գալիս, իմ ձեռի տակ են: Ու շատ հարմար է ստացվում, պայուսակն ուսիս ման գալն էլ բնավ անհարմար չէ: Պայուսակի մեջ ինչ ասես չունեմ, սկսած տարբեր տեսակի թղթերից ու գրիչներից, մինչև փաստաթղթեր ու բանալիներ, աշխատանքի նմուշներ, ակնոց մաքրելու կտոր և այլն:
Բայց ինչքան էլ որ նկատում եմ, որ Հայաստանում էլ են ավելանում նման պայուսակներ կրող տղամարդիկ, մեկ է, իմ տպավորությամբ մեծ մասի համար դա անընդունելի ատրիբուտ է:
Իսկ դուք ի՞նչ կասեք: Արժի՞, որ տղամարդիկ ունենան նման պայուսակներ, թե՞ ոչ:
Էջանիշներ