Փառիկ՝ իգական անուն է, ավելի շուտ Փառանձեմ անվան փաղաքշական տարբերակն է: Էդպես է բոլորի համար, բայց մեր բակի ժողովրդի ու մասնավորապես մեր բակի էրէխեքի համար Փառիկն ավելին էր, քան Փառանձեմ անվան փաղաքշական տարբերակը:
Փառիկը… մեր ահ ու սարսափն էր Փառիկը, մեր վախն ու տագնապն էր Փառիկը, մեր զարհուրանքն էր Փառիկը: Ամեն տիպի վատ ու բացասական բան նրա հետ էինք կապում, նույնիսկ, երբ էրէխեքով ուզում էինք իրար թունդ վիրավորած լինել, նրա անունն էինք տալիս: Կարճ ասած՝ հայհոյանքի նման մի բան էր դառել Փառիկը մեզ համար:
«Էրէխե՜ք, թռանք, Փառիկը էկավ», «Փառի՜կը, Փառի՜կը, փախանք»: Նրան տեսնելուն պես՝ սարսափահար գոռում էինք ու փախչում: Ինքը երկրագնդի վրա ապրող էն քչերից էր, ով կերտել էր իր սեփական աշխարհն ու էդտեղից երբեք դուրս չէր գալիս: Ապրում էր լրիվ ուրիշ մի աշխարհում, կողքին ապրող մարդիկ էլ իր համար պարզապես շարժվող ու ինչ-որ անիմաստ առարկաներ էին… ոչինչ ավելին: Անտարբեր էր, չոր ու շատ սառը: Ահա էսպես կարելի էր բնութագրել նրան:
Հենց մեր շենքի առաջին հարկի բնակարաններից մեկում էր ապրում: Ապրում էր իր միակ հարազատի՝ իր կատվիկի՝ Սևուկի հետ: Երեք աղջիկներին բարեհաջող պսակել էր, ամուսնուն՝ թաղել, հիմա էլ իր իսկ ասելով միայն մի բանի համար էր ապրում.
«Ապրում եմ, որ մարդիս՝ Միսակիս պատիվը պահեմ» : Միսակի «պատիվը» հենց իր պատուհանի տակ էր: Մի ավտոտնակի չափով կանաչ տարածք էր, որն իր կենդանության օրոք Միսակը մշակել, ծաղկանոց էր սարքել ու մի երկու ծառ էր տնկել: Մեր բակի միակ կանաչապատ տարածքն էր փառիկանոցը (էդպիսի անուն էինք տվել էդ կանաչապատ տարածքին ), որտեղ էրէխեքով շատ էինք սիրում խաղ անել: Խաղ էինք անում էնքան, ինչքան որ հասցնում էինք: Հետո գալիս էր նա՝ տիկին սարսափը, ու եթե Աստված չաներ հասցրած չէինք լինում փախչել, ապա նախ ձեռի փայտով մի լավ հարվածում էր, իսկ հետո շան լափ էր թափում գլխներիս.
« Տո ա՛յ լակոտներ, բա դուք ամո՞թ ունեք, բա դուք խի՞ղճ ունեք… Միսակս իր սաղ կյանքը դնի էս թուփ ու ծառի վրա, տանջվի, որ դուք էս օրով գա՞ք ու սենց փռքվե՞ք… մի ռա՛դ էղեք, կորե՛ք գնացե՛ք»: Էդ պահին շան անպաշտպան ձագերի նման փախչում, գնում էինք, բայց էդ մենակ էդ պահին: Հենց Փառիկը ոտը քաշում էր, նորից մտնում էինք էդ գրողի տարած փառիկանոցը: Չեմ էլ հասկանում, թե ինչն էր մեզ էդքան ձգում ու գրավում էդ արգելված գոտու մեջ:
Կյանքումս ճանաչած էն եզակի մարդկանցից էր Փառիկը, ում ներքինն ու արտաքինը ոնց որ երկվորյակներ լինեին: Էդքան համահունչ ներքին ու արտաքին երևի էս աշխարհքում չկա: Չնայած պատկառելի տարիքին՝ ալեխառն վարսերը հասնում էր մինչև գոտկատեղ, որոնք համարյա միշտ կեղտոտ էին ու անփույթ հավաքված: Մաշկը դեղնած էր ու կնճռոտ: Այտոսկրերը ցցված էին, իսկ զմրուխտի պես կանաչ ու դուրս պրծած աչքերը իր կերպարին լիարժեքություն էին հաղորդում: Իր կատվի ՝ Սևուկի նման միշտ սև էր հագնում: Բակի ժողովուրդը նույնիսկ կատակում էր, թե կա- չկա Սևուկը Փառիկի չորրորդ աղջիկն ա: Ամեն ինչով էր Սևուկն իր տիրուհուն նման՝ թե՛ աչքերի գույնով, թե՛ խառնվածքով ու թե՛ չարությամբ: Մեկ-մեկ զարմանում էինք, թե որտեղից Փառիկին էդքան չարություն: Էն աստիճանի չար, որ մի օր առավոտը վեր կացանք ու տեսանք, որ փառիկանոցը փշալարերով պատել ա տվել: Երևի հոգնել էր ամբողջ օրը մեզ հետևելուց ու բռնացնելուց ու վերջը որոշել էր փշալարերի օգնությամբ պահել մարդի պատիվը: Բայց մենք հնարամիտ էրէխեք էինք. ձևը գտել էինք: Հենց փառիկանոցի կողքին մի ավտոտնակ կար. մի կերպ մագլցում էինք դրա վրա ու հետո էդտեղից ցատկում էինք ուղիղ փառիկանոց: Երկար ժամանակ էր՝ մեզ չէր հետևում, երևի չէր մտածի , որ նման բան կանեինք: Մի պահ անգամ մոռացել էինք նրա գոյության մասին, բայց դա տևեց էնքան ժամանակ, մինչև որ մի օր պատուհանից նայեց ու տեսավ ավտոտնակից գահավիժող մարդուկներին ու վերջ… : Վերջ մեր ուրախ ու անհոգ օրերին:
« Ծոծրակներդ կտեսնեք, բայց էդ չեք տեսնի», – էսպիսի պատասխան էր տալիս բոլոր նրանց, ովքեր գալիս ու ուզում էին փառիկանոցն առնել ու տեղն ավտոտնակ սարքել:
« Միսակիս պատիվը կյանքում չեմ ծախի », – քանի ու քանիսին էր էդպես ասել ու ճամփել:
Մի անգամ էլ ողջ բակով լուրեր տարածվեցին, թե Փառիկը մի շաբաթով գնացել ա Եղեգնաձոր՝ միջնակ աղջկա մոտ: Ուրախացել էինք, աշխարհով մեկ էինք ընկել: Մի շաբաթ փառիկանոցը մեր տրամադրության տակ էր լինելու: Ամառվա ուրախ ու անհոգ օրեր: Երեկոյան ժամը մինչև տասը, տասնմեկը մեր սիրելի վայրում էինք: Երրորդ օրն էր, որ Փառիկը չկար, չէր հետևում մեզ: Արդեն տասնմեկի կողմերն էր, մութ էր: Մեկ էլ հանկարծ մեր էրէխեքից մեկի ճվոցը լսեցինք. նայեցինք իրեն. աչքերը հառել էր ուղիղ Փառիկի լուսամուտին: Երբ մենք էլ նայեցինք, կիսախավարի մեջ երկու զույգ պսպղացող կանաչ աչքեր տեսանք: Փառիկն ու Սևուկն էին: Լեղապատառ մեզ դուրս գցեցինք փառիկանոցից: Հետո պարզվեց, որ չի ուզել Միսակի «պատիվը» երկար ժամանակ անտեր թողնի ու շուտ հետ ա էկէլ:
***
Տարիներ անցան: Էնպես ստացվեց, որ մենք ընտանիքով ուրիշ թաղամաս տեղափոխվեցինք: Շուտվանից Փառիկի ու փառիկանոցի մասին չէի հիշել, բայց մի երկու օր առաջ մթի մեջ մի սև կատու տեսա, որն իր կանաչ աչքերը չռել էր վրաս: Մի պահ վախեցա, հետո գիտակցության հոսքն ինձ ակնթարթորեն տեղափոխեց մանկություն, հիշեցի Սևուկին, Փառիկին ու էդ վախն ու սարսափը, որն ապրել էինք ժամանակին: Մի պահ կարոտեցի էդ տարիները:
Վերջերս հորս հետ մեր հին տան կողմերում էինք.
- Պա՛պ, մի րոպե ստեղ կանգնի հա՞:
- Ինչի՞, ի՞նչ կա:
- Կանգնի էլի, խնդրում եմ:
- Լավ, – ասեց ու մեքենան կտրուկ արգելակեց:
- Լա՛վ, քշի՛, բան էի ման գալիս, էն էլ չգտա,- մի երկու րոպե շրջակայքս ուսումնասիրելուց հետո ասեցի:
- Ի՞նչ էիր ման գալիս:
- Փառիկանոցը:
- Չկա՛, քանդել են… հենա…. էն խանութը չե՞ս տեսնում: Խանութ են սարքել տեղը:
«Խանութ են սարքել տեղը» … հորս էդ խոսքերից հետո աչքերիս առաջ միանգամից մանկությունս էկավ, փառիկանոցը էկավ ու Միսակի պատիվը միշտ բարձր պահող Փառիկը էկավ:
- Բա Փառիկը՞, պա՛պ, ե՞րբ ա մահացել:
- Բայց խի՞ ա մահացել: Ապրում ա:
- Էդ ո՞նց էղավ: Հավատս չի գալիս: Էդքան տարի պահեց, պահպանեց մարդի պատիվը ու էսօր…
- Ինչ-որ մի քանի ամիս առաջ արտասահմանից մարդիկ են էկէլ, լավ-լավ գումարներ են առաջարկել փառիկանոցի դիմաց, ինքն էլ չի հրաժարվել ու ծախել ա, համ էլ էդքան պահեց հերիք չէ՞ր, – կես կատակ, կես լուրջ ասաց հայրս:
Վայ ո՜նց կուզեի գնայի, կանգնեի Փառիկի առաջ ու ասեի էն, ինչ մտածում էի, հիշեցնեի ժամանակին իր ասած խոսքերը, իր կերտած կեղծավոր կնոջ կերպարը հիշեցնեի, բայց…
Արի ու տես, որ փողն ունակ ա մի վայրկյանում խժռել, լափել ամեն բան՝ իր ճանապարհին նույնիսկ հաշվի չառնելով էնպիսի «վեհ ու բարձր» արժեքներ, ինչպիսին, որ Փառիկի մարդու պատիվն էր: Վերջ, պատիվը ծախված էր:
Ափսոսանք եմ զգում էս պահին: Փառիկը մարդու պատվի հետ ծախեց նաև մանկությանս մի մասնիկը: Այն կորավ, գնաց փառիկանոցի հետ միասին: Կարոտում եմ էդ գրողի տարած արգելված գոտին, շատ եմ կարոտում:
Հ.Գ. Էս պատմվածքն անցյալ տարի եմ գրել՝ մրցույթի մասնակցելու համար: Չգիտես ինչու որոշեցի էստեղ էլ տեղադրել…
Սա էլ հղումը ՝ http://mrcuyt.wordpress.com/2012/07/...B%D5%AF%D5%A8/
Էջանիշներ