«Անկապում» Ռուֆի գրառումից հետո ես էլ սկսեցի քրքրել էս թեման։ Վստահ էի, որ գրեթե երեք տարի առաջ արածս միակ գրառման մեջ մի անհամ, ներկա համոզմունքներիս հակասող բան եմ դուրս տված լինելու, որովհետև էս թեման ժամանակին ինձ համար միանշանակ չէր, էն էլ կարդացի, սիրտս տեղն ընկավ Ասել եմ գրեթե էն, ինչն էսօր էլ կասեի՝ ԼԳԲՏԻ հարցերում լիքը խորանալուց, ինքս ինձ համար շատ բաներ պարզելուց, սովորելուց, տեղեկացվելուց հետո։
Ես նկատել եմ՝ նույնիսկ մեր հոմոֆոբ հասարակությունը հաճախ բացառություններ է անում։ Բոլորս ենք բացառություններ անում էն մարդկանց համար, որոնց սիրում ենք։
Հիմա որ ծանոթներիցս մեկը խստորեն դեմ արտահայտվի նույնասեռականների կողմից երեխա որդեգրելուն, ու ես ասեմ, թե ես նույնասեռական եմ, չեմ պատկերացնում ինձ տղամարդու հետ հարաբերություններում, բայց ուզում եմ երեխա ունենալ կամ որդեգրել, դե՞մ ես, կամ ես էնքան վա՞տն եմ, որ ինձ երեխա մեծացնել չի կարելի, ոչ մեկը դեմքիս չի ասի՝ չէ, երեխա չորդեգրես, կասեն՝ դու ուրիշ ես, քեզ կարելի է։ Բա էլ տարբերությունը ո՞րն է։
Ես էդ մեթոդը հաճախ եմ փորձել, ժամանակին ընկերուհիներիցս մեկի հետ սրան-նրան մտածել ստիպելու համար լեսբի էինք ձևանում Ու երկուսիս շրջապատում էլ չեղավ մեկը, որ «մեր մասին իմանալուց հետո» շարունակեր պնդել. թե նույնասեռականությունն աննորմալ, վատ, զզվելի բան է։
Ուղղակի երբ սենց օդի մեջ ասում ենք, թե աշխարհում լիքը չլուծված բաներ կան, դուք ընկել գեյերի հարցերն եք լուծում, մոռանում ենք/չենք պատկերացնում/չգիտենք/չենք ուզում հավատալ, որ մեր շուրջը, մեր ընկերների, հարազատների, ծանոթների մեջ կան նույնասեռականներ, ովքեր թաքցնում են իրենց կողմնորոշումն ու զրկված են հարմարավետության, պաշտպանվածության, ազատության տարրական զգացումներից, առանց որոնց ոչ մի մարդ իրեն լիաժեք ու երջանիկ չի կարող զգալ։
Դեմ խոսողները եթե իրենց եղբոր, քրոջ, ընկերոջ, մտերիմի վրա պատկերացնեն, թե ինչ ահավոր բան է, երբ մարդը չի կարող օրենքով իրացնել բոլորի համար ընդհանուր համարվող իրավունքները միայն իր սեռական կողմնորոշման պատճառով, սենց մեծ-մեծ չեն խոսի։ Որպես էդ ցավն ապրած մարդ եմ ասում, ով տեսնում է իր շրջապատում լիքը տառապող մարդկանց, ովքեր ուղղակի ուզում են երջանիկ լինել առանց թաքնվելու, ձևացնելու, առանց բոլորի մոտ ուղղակի մոտ ընկեր/ընկերուհի խաղալու։
Էջանիշներ