Աստիճանաբար ավելանում ու հաճախակիանում են Եվրասիական միության հայաստանյան ապոլոգետները, որոնք այդ միությանը Հայաստանի չանդամակցելը համարում են պատերազմի պատճառ: Թեև երևի սխալ կլինի այդ մարդկանց Եվրասիական միության ապոլոգետներ անվանելը, որովհետև նրանք պարզապես անում են այն, ինչ, իրենց կարծիքով, դուր կգա պաշտոնական Մոսկվային: Մոսկվային երևի դուր է գալիս, որ նրանք իրենց իսկ ժողովրդին ու պետությանը սպառնում են պատերազմով:
Իրականում սակայն, ադեկվատության դեպքում, Ռուսաստանը այդ մարդկանց պարզապես պետք է հրամայեր լռել, որովհետև եթե Եվրասիական միության գաղափարի վերջին փաստարկը մնացել է պատերազմի սպառնալիքը, ապա մնում է պարզապես հարգել այդ գաղափարի հիշատակը: Փաստորեն, այդ միությունը որևէ գրավիչ, հեռանկարային, փոխշահավետ առաջարկի ունակ չէ և մնում է միայն կառուցվել սպառնալիքների վրա: Պատերազմի սպառնալիքը անկասկած լուրջ բան է, թեև, օրինակ, հարևան Ադրբեջանը, որն ըստ ռուսական սպառնալիքների տրամաբանության` պետք է սկսի այդ պատերազմը, հասցրել է տարիների ընթացքում անլրջացնել դա: Ադրբեջանն արդեն տարիներ շարունակ սպառնալիքներ է տեղում Հայաստանի հասցեին, իսկ պատերազմի համարձակություն չունի: Սակայն մի բան է Ադրբեջանը, բոլորովին այլ բան` Ռուսաստանը: Եվ եթե Ռուսաստանն է սպառնում, ապա բոլորովին պետք չէ դա չափել ադրբեջանական արշինով: Իսկ ի՞նչ է պետք անել:
Հայ ժողովուրդը, Հայաստանի հասարակությունը այս իրավիճակում անելու երկու բան ունի: Կամ պատերազմի սպառնալիքները բոլորիս մատնում են խուճապի և մենք ազգովի «խնդրում» ենք Ռուսաստանին, որ մեր փոխարեն դասավորի մեր կյանքն ինչպես կուզի, միայն թե պատերազմ չսկսի, կամ էլ պարզապես Ռուսաստանի սպառնալիքներից անում ենք մի քանի կարևոր հետևություններ, որոնք կարող են մեզ պետք գալ հետագայում ինքներս մեր կյանքը կազմակերպելիս: Խուճապի դեպքում դա լինելու է ոչ թե մեր խնդիրների վերջը, մեր անհանգստությունների վերջը, այլ սկիզբը, որովհետև մի անգամ աշխատեցնելով այդ տարբերակը, Ռուսաստանը դրան դիմելու է պարբերաբար, որովհետև նա դեռ շատ անելիքներ ու ծրագրեր ունի կովկասյան տարածաշրջանում` փորձելով պահպանել իր դիրքերը: Սակայն այդ պլանների բազմազանության մեջ Ռուսաստանն ունի մեկ ռեսուրս, որը կարող է ծառայեցնել իր շահերին: Դա Հայաստանն է: Եվ ուրեմն` խուճապից և «ազգովի խնդրանքից» հետո հարկ է լինելու նման «խնդրանքներ» գրել պարբերաբար, կամաց-կամաց գրասեղանի ավելի ու ավելի փոքր ծավալներին կամ ավելի ու ավելի թեթև կշռին հարմարվելով:
Հետևությունների մասով. նախ պետք է հստակեցնել, որ մեզ Եվրասիական միություն քաշող Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցը չէ, որովհետև Հայաստանի ռազմավարական դաշնակիցը իր դաշնակցին որևէ բան առաջարկելիս հույսը չի դնի պատերազմի սպառնալիքով խուճապ առաջացնելու վրա, այլ կանի իսկապես կոնկրետ, փոխշահավետ առաջարկներ, որոնք հասարակության համար հազար շանտաժ կամ սպառնալիք կարող են արժենալ և բառիս բուն իմաստով կարող են լինել էֆեկտիվ: Ռուսաստանը հրաժարվել է Հայաստանի հանդեպ դաշնակցությունից: Մոսկվան ունի դրա իրավունքը, իսկ մենք մեզ շարունակաբար խաբելու իրավունք չունենք: Մոսկվան գիտակցում է իր շահը և մեղավոր չէ, որ մեզ մոտ մեր շահի գիտակցումը կաղում է, իսկ ձեռնափայտն էլ պատրաստված է պատմական ստերեոտիպերից:
Երկրորդ. պատերազմի սպառնալիքները եթե գալիս են Ռուսաստանից, ուրեմն դրանք շատ լուրջ են և նշանակում են, որ մենք ոչ թե Ադրբեջանի, այլ հենց Ռուսաստանի դեմ ենք ըստ էության պատերազմելու, և ուրեմն` մենք մեր պաշտպանությունը կառուցելիս պետք է հաշվի առնենք հենց դա: Այսինքն` մենք պետք է պատրաստվենք պաշտպանվել ոչ միայն Ադրբեջանից, այլ նաև Ռուսաստանից: Կլինի դա դիվանագիտական, տնտեսական, թե այլ կարգի պաշտպանություն` այլ հարց է, բայց պետք է պատրաստ լինել բոլոր դեպքերին:
Երրորդ. պատրաստ լինելու առաջին գրավականը Հայաստանի ներկայիս իշխող համակարգից արագորեն ազատվելն է կամ այդ համակարգին հնարավորինս արագ և շատ փոփոխություններ պարտադրելը, հնարավորինս շատ հարցերում հասարակական թելադրանք սահմանելը: Այլապես, Հայաստանի ներկայիս իշխանության պայմաններում, իշխող ներկայիս համակարգի պայմաններում, Հայաստանը թե տնտեսական, թե բարոյահոգեբանական առումով չի կարող պատրաստ լինել նույնիսկ Ադրբեջանին դիմակայելու, ուր մնաց նրան ցուցաբերվելիք ռուսական հավանական աջակցությանը՝ անկախ այդ աջակցության ուղղակի կամ անուղղակի բնույթից:
Չորրորդ. եթե Ռուսաստանը ակնհայտորեն դիվերսիֆիկացրել է իր հարաբերությունները կովկասյան սուբյեկտների հետ և փորձում է որևէ մեկին չառանձնացնել՝ մյուսներին իր հանդեպ ավելի լոյալ տրամադրելու կամ չգրգռելու համար, ապա Հայաստանը թե բարոյական իրավունք է ստանում, և թե նաև կենսական անհրաժեշտության առաջ է կանգնում Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու և այդպիսով անվտանգության լրացուցիչ երաշխիքներ փնտրելու համար: Ռուսաստանը հրաժարվելով Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններից` համոզմունք ունի, որ միևնույն է, Հայաստանը ոչ մի տեղ չի փախչի: Եթե Ռուսաստանը զգա, որ այնուամենայնիվ Հայաստանն ինչ-որ տեղ կգնա, դա կստիպի Մոսկվային վաղ թե ուշ վերանայել իրավիճակը և հասկանալ, որ Հայաստանի հաշվին մյուսներին հանգստացնելով` Ռուսաստանն ինքն իր վախճանն է մոտեցնում տարածաշրջանում, քանի որ Հայաստանն «ուտելով», մյուսները ընդամենը ուժեղանալու են Մոսկվայի դեմ:
Այս իրավիճակում, «խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի» արտահայտությունը միանգամայն տեղին է, որովհետև Հայաստանն այս դեպքում միայն իր հնարավորինս լավ պատրաստվածության շնորհիվ կարող է կանխել հավանական պատերազմը, առաջին հերթին Ռուսաստանին ցույց տալով, որ պատերազմի հրահրումը ոչ թե փոխելու է իրադարձությունների ներկայիս ընթացքը՝ որը նահանջաբեր է Մոսկվայի համար, այլ էլ ավելի արագացնելու է այն: Մոսկվայի հետ աշխատելը երբեք ուշ չէ, առավել ևս, որ Կրեմլը զուրկ չէ սառը դատող մարդկանցից, ովքեր լավ են հասկանում, որ Ռուսաստանի գլխավորը խնդիրը Կովկասում դա Հայաստանի հանդեպ վերևից, արխայիկ, արհամարհական վերաբերմունքն է: Տարածաշրջանի մյուս հարևաններին ու գերտերություններին հայ ժողովուրդը պետք է ցույց տա, որ մտադիր չէ վաճառել իր ճակատագիրը տնօրինելու իրավունքը որևէ մի սպառնալիքի տակ:
Համագործակցում, միջազգայնորեն ճանաչում են այդ հասարակությունների գոյության իրավունքը, և եթե պատերազմները դառնում են անխուսափելի, միջազգային առաջատար երկրները անում են հնարավորը, որպեսզի պատերազմներում հենց այդ հասարակությունները նվազագույն կորուստներ ունենան: Այս առումով, մեզ համար օրինակ պետք է լինի մեր իսկ ոչ վաղ անցյալի պատմությունը, երբ հասարակությունը հաստատակամ էր իր պետությունը կառուցելու հարցում: Կառուցվել է անհամոզիչ պետություն, որը հասարակության համար այնքան էլ լավ միջազգային այցեքարտ չէ: Բայց ամեն ինչ դեռ հասարակության ձեռքում է, առավել ևս, որ ժամանակ առ ժամանակ այդ ձեռքերով հաջողվում է քանդել որոշ հանգույցներ: Ամենակարևորները դեռ շարունակում են մնալ, բայց կարևորը, որ հասարակությունը չի մնում իր տեղում և շարունակում է աճել:
Էջանիշներ