Արան միակ ընկերս էր:Չեմ հիշում` ոնց, որտեղից եկավ, բայց, որպես լավագույն ընկեր, միշտ հայտնվում էր ճիշտ ժամանակին ու միշտ կողքիս էր:
Մեր շենքում մեզ չէին սիրում` ինձ ու մորս, իսկ հորս մի տեսակ խղճում էին ոնց որ:
Մայրս իսկական գեղեցկուհի էր, հայրս էլ` համեստ ու էլի համեստ:
Հայրս մի ընկեր ուներ` Շահենը: Շուտ-շուտ էր հորս հետ մեր տուն գալիս:Վախենում էի իրանից: Հետո սկսեց առանց հորս գալ, մորս հետ երկար խոսում էին: Ես անկյունում կուչ էի գալիս մինչև գնում էր. վախենալու դեմք ուներ: Շունս` Կակին էլ չէր սիրում. Շահենին տեսնում էր թե չէ ,հաչում էր, ստիպված տնից դուրս էինք հանում:
Մի օր Շահենը գիշերվա կես հարբած հորս տուն բերեց: Բերեց ու չգնաց:
Զարթնեցի ինչ-որ շշուկներից` ամոթ է, բա որ զարթնեն, երեխեն կզարթնի, թող, գնա…:
Գետնին էին: Շահենը փակեց մորս բերանը մի ձեռքով, մյուսով սկսեց մերկ կուրծքը ճմռթել: Կիսամերկ մայրս Շահենի ծանր մարմնի շարժումներից մենակ տնքում էր:
Մի քանի օր հետո, երբ Կակիի հետ վերադարձանք դրսից, տեսա, որ Շահենի ձեռքը մորս ոտքերի արանքում էր, իսկ մայրս` նրա գրկում: Կակին հարձակվեց Շահենի վրա: Սա էլ կատաղած Կակիին վերցրեց ու պատուհանից դուրս նետեց: Ութերորդ հարկից անհաջող վայրէջքը սպանեց Կակիին չորս օր հետո:
Կակիին թաղեցինք ես ու հայրս ու Արան, որ եկավ, կանգնեց կողքիս ու ասեց, որ ինքն իմ հետ է լինելու միշտ: Արայի ներկայությունը մերոնք չէին էլ նկատում:
Շահենի այցերի ժամանակ ես ու Արան փակվում էինք խոհանոցում, որ մորս տնքոցները չլսեի, բայց Արան հանդգնում էր դուռը բացել ու նայել:
Մի օր հորս զանգում ու ասում են, որ շուտ տուն գնա: Գալիս ու բռնացնում է: Աղմուկն ահավոր էր: Շահենը հորս գետնին փռեց ու գնաց: Ես ու Արան վախից փախանք հարևան Արուսենց տուն, որ էտ ժամանակ հեռախոսով պատմում էր, որ ինքն էր կանչել հորս ու լավ էր արել: Արան Արուսի միացրած արդուկի լարը քաշեց, ու արդուկն ընկավ Արուսի ոտքին:
Հայրս երկրից գնաց հարազատների մոտ` Իրան: Մնացինք ես Արայի հետ ու մայրս Շահենի հետ:
Շահենի այցերն արդեն գաղտնի չէին:
Մի օր էլ Արուսի ամուսինը գիշերվա կես հարբած Շահենին մեր տուն բերեց: Բերեց ու չգնաց:
Ես իմ անկյունից տեսա, թե ոնց էր մորս հարվածում ու հետո անկուշտ համբուրում անզգա մերկ մարմինը: Մենակ մահճակալն էր ճռռում:
Երկու օր տաքության մեջ անգիտակից ապրեցի: Երբ աչքերս բացում էի, Արան կողքիս էր, իսկ մորս կապտած գեղեցիկ դեմքը տխուր ժպտում էր:
Արուսենք տունը վերանորոգում էին: Մի օր Արան ինձ բաց դռնից ներս քաշեց իրենց տուն, որտեղ էն գազանը պատուհանի դրսի կողմի վրա գործ էր անում` մի ոտքը պինդ դրած ներսի աթոռին: Արան մոտեցավ, նայեց ուղիղ նրան ու հանգիստ աթոռը քաշեց ոտքի տակից: Գազանը սատկեց:
Արան ինձ պաշտպանում էր: Բակում էլ իմ հետևից չէին խոսում, վախենում էին, իսկ մենք վախենում էինք Շահենից:
Մի գիշեր վեր թռա մորս բղավոցից.Շահենի հետ կռվում էին. փող էր ուզում, որ էլ չունեինք: Քաշքշոց էր, մայրս ծեփվեց գետնին, հետո էտ հրեշը բարձրացրեց մորս ուշագնաց գլուխն ու նորից շպրտեց:
Արան վազեց խոհանոց, վերցրեց մեր մեծ ու սուր դանակն ու ետ վազեց սենյակ:
Շահենին ու մորս իրար կողքի թաղեցին:
Արան անհետացավ:
Ինձ երեք ամսից շատ մի տեղում էին պահում, որ չգիտեմ ոնց էր կոչվում: Հետո հայրս եկավ ու ինձ իր հետ Իրան բերեց:
Այստեղ հորս հարազատները նրան կին գտան` Աղավնուն: Նա ինձ մեղմ ասած չի սիրում: Հայրս չի հարցնում, թե որտեղից են հայտնվում մարմնիս կապտուկները: Բայց ես հանգիստ եմ. Արան վերադարձել է:
Էջանիշներ