Ինձնից բացատրություններ չպահանջեք: Որովհետև ես էլ չգիտեմ, թե ինչ եմ գրել
Պառկածին չեն խփում
Կանգնած, նստած կամ լավագույն դեպքում փռված ու պառկած, բայց պառկած ոչ թե անկողնում, այլ հենց դատարկ հատակին: Հատակի որակը կարևոր չէ, նույնիսկ կարևոր չէ, թե այն փայտից է, թե ոչ: Էստեղ կարևորը պառկածն է, ու կարևորն այն է, թե ինչու է պառկել հենց այդ հատակին: Ու մեկ էլ կարևոր է, որ պառկել է ու չի կանգնել: Իսկ կանգնածին հատակն ընդհանրապես հետաքրքիր չէ: Կանգնածն ունի մի նպատակ՝ ինչպես խփել պառկածին: Պառկածը գուցե կանգնածի դեմ ոչինչ չունի, գուցե նրանք նույնիսկ ճանաչում են իրար, ուղղակի կանգնածի մտքերն այն չեն, որովհետև կանգնած է ու չի կարող հասկանալ, որ պառկածի համար ամենակարևորը հատակն է:
Նա նույնիսկ չի էլ կարող հասկանալ, որ հենց հատակն է, որ չի թողնում հասնել իր նպատակին: Ուրեմն հենց հատակի հարցերը պիտի լուծել, ուրեմն ինքն էլ պետք է պառկի հատակին: Բայց ասել են, որ պառկածին չեն խփում, ու ոչ մի տեղ գրված չէ, որ պառկածին չեն խփում այնքան ժամանակ, քանի դեռ իրենք էլ չեն դառնում պառկած: Երկու պառկած ու այլևս ոչ մի կանգնած: Երկու պառկածներն էլ նույն բանն են ուզում՝ խփել միմյանց, այսինքն պառկածներին, ու դա ուզում են անել իրենց պառկած դիրքից: Բայց էդտեղ մի բան այն չէ, որովհետև դեռևս հատակ կա, որը խանգարում է ու որն իրենց միակ արգելքն է: Պառկածները կարող են խփել ոչ թե իրար, այլ հենց հատակին՝ իր անիմաստ արգելքների համար, բայց հատակին խփելով գուցե սպառեն խփելու ցանկությունն ու այլևս չուզենան իրար խփել: Ոչ մի տարբերակ չունեն, բայց խփելու ցանկությունն ուժեղ է ու ստիպված պետք է օգտվեն ամենաստոր քայլից՝ երկուսն էլ դառնան կանգնած:
Կանգնածի համար հեշտ է դառնալ պառկած, իսկ հակառակը՝ չափից դուրս դժվար:
Ու էստեղ նորից հատակն է մեղավոր, որովհետև առանց հատակի խաղն անհետաքրքիր է դառնում, իսկ կանգնածի համար հատակը կարևոր չէ: Իսկ եթե չկա հատակ, չկա նաև խփելու ցանկություն: Ու էստեղ մեզ օգնության կգան նստածն ու փռվածը: Դե փռվածը պառկածի մի տեսակ է, բայց հատակից կախվածություն չունեցող տեսակ է: Դե ուրեմն վերջ: Եթե ասել են, որ պառկածին չեն խփում, ուրեմն ճիշտ են ասել, ուրեմն փռվածին կարելի է խփել, և այն էլ ինչպես խփել: Ու փռվածին կարելի է խփել բոլոր՝ կանգնած, պառկած ու նստած դիրքերից: Բայց փռվածին չի կարող խփել չփռվածը, այսինքն պետք է փռվել ու նոր միայն խփել: Բայց երկու փռված ինչպես են խփելու միմյանց, եթե փռվածը նույնիսկ չի էլ մտածում խփելու մասին: Փռվածը ծույլ է, փռվածը խաղից դուրս է, փռվածին չենք հաշվում: Դե էլ ինչ խփել, եթե դու փռված ես: Իսկ ինչպես ենք վարվում նստածի հետ. նստածին պարզապես արհամարհում ենք...
Ուրեմն երկու կանգնած ու այլևս ոչ մի խփելու ցանկություն, երկու պառկած ու այլևս ոչ մի խփելու հնարավորություն, երկու փռված ու խաղից դուրս վիճակ, բազվաթիվ նստածներ ու արհամարհանք...
Էջանիշներ