Վարտիքը/Panties
գրողը տանի, չեմ էլ հիշում, թե քանի տարեկան էի,
երևի յոթ,
երբ Լայլան ապրում էր մեր կողքի տանը.
ինքը երևի թե վեց տարեկան էր, ու մի օր,
երբ կանգնած էր իրենց բակում,
նայեց ինձ, բարձրացրեց փեշը
ու ինձ ցույց տվեց իր
վարտիքը:
տեսարանն ինձ դուր էկավ,
ու ես երկար նայեցի.
հետո նա փեշը բաց թողեց ու
հեռացավ:
«Լայլա»,-գոռացի ես,-«հե՛տ արի»:
չեկավ:
բայց դրանից հետո
ամեն օր, երբ ինձ
տեսնում էր,
բարձրացնում էր փեշն ու
վարտիքը ցույց տալիս:
այն սպիտակ էր, մաքուր
ու շատ էր սազում:
հետո նա փեշը թողնում էր
ու կրկին հեռանում:
մի օր ես հետնաբակում
էի, ու երեք երեխաներ,
որոնց առաջ չէի տեսել,
վազելով եկան ու սկսեցին
բռունցքները թափահարել:
ես ինքս ինձ ապշեցրի.
կարգին կռվեցի ու
նրանցից երկուսի քթից արյուն
եկավ, ու նրանք փախան:
բայց էն մեկը, որ ավելի մեծ էր,
մնաց ու մենք
շարունաեցինք կռվել:
նա սկսեց կամաց-կամաց ինձ հաղթել:
ինձ դեմ էր տվել ցանկապատին,
ու իմ հասցրած ամեն հարվածի
դիմաց երեքն էր տալիս:
նրա ձեռքերն իմից մեծ էին,
համ էլ ինքը շատ ուժեղ էր:
հետո մի բութ հարված եղավ:
ինչ-որ մեկը նրա գլխին
խփեց մի բանով:
մի մեծ շշով:
Լայլան էր:
էլի խփեց,
ու էդ տղան փախավ
բակից՝
ոռնալով ու գլուխը
բռնած:
«շնորհակալ եմ, Լայլա»,-ասացի ես,-
«վարտիքդ ցույց կտա՞ս»:
«ո՛չ»,-ասաց նա:
նա վերադարձավ իրենց տան մոտ ու
ներս մտավ
դրանից հետո ես նրան
շատ անգամներ եմ տեսել
իրենց բակում:
ես խնդրում էի՝
«վարտիքդ ցույց
տուր, Լայլա»,
բայց նա միշտ
ասում էր՝ «ո՛չ»:
հետո նրա ընտանիքը
տունը ծախեց ու տեղափոխվեց
ուրիշ տեղ:
ես էդպես էլ չհասկացա,
թե այդ ամենն ինչ էր
նշանակում
ու դեռևս
չեմ
հասկանում:
Էջանիշներ