Վահան Տերյան
Գարնանամուտ
Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները՝ խոսուն-սառնորակ,
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով:
Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարու՜ն, ամեն տեղ նոր կյանք ես վառել.
Իմ սրտում էլ ես թևերդ փռել,
Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր:
Եվ ահա կրկին զարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերդ ողջունում են ինձ.
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել:
Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարու՜մ, անտառու՛մ, արտու՛մ...
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում
Ողջու՜յն քեզ, արև, ողջու՜յն քեզ, գարուն...
Էջանիշներ