Կանաչ զբոսայգում միապաղաղ անդորր էր:Զարմանալի է,բայց փաստ ,որ այգին մինչև այս օրը չէր լռել և ոչ մի անգամ:Չէ~,հանկարծ չմտածեք,թե այս պայծառ օրը այգու հավատարիմ բնակիչները թողել հեռացել են:Նրանք հիմա էլ պուրակում են`լեզուները բունը դրած, ակնապիշ հայացքով մի մարդու գործողություններն են զննում:
Ուշադրության կենտրոնում գտնվող մարդը հագուկապով խեղճ,սակայն արարքներով հանդուգն մեկն է:Նա հագել է խամրած սև,համարյա մոխրագույն տաբատ և բաճկոն:Բաճկոնի գրպանից դուրս էր ցցված սպիտակ թաշկինակ,որը, համեմատած հագուստի մնացած մասերի , մաքուր էր:Գլխին սև,լայնեզր,ամբողջ երեսը ծածկող գլխարկ էր, և դժվար էր կռահել տարիքը:Մարդիկ հավաքվել էին նրա շուրջ` նրանից որոշ հեռավորություն պահպանելով:
Մարդը անհասկանալի շարժումներ արեց, ձեռքում շխկշխկացրեց դրամներ,մեկին կանչեց և ասաց.
-Ծանո՞թ դրամներ են...
Վերջինս վախեցած էր և չհասցրեց կմկմալ:
-Սրանք քոնն են,գիտե՞ս:
Մարդը մեքենայորեն ձեռքը գրպանը տարավ:Նրա գրպանում դրամներ չկային:Սևազգեստը դրամները մեկնեց ,խեղճ մարդը դեռ ձեռքը չէր մեկնել,երբ սևազգեստը ձեռքը հետ տարավ ասելով.
-Գրպանումդ են:
Մարդը չստուգեց գրպանը ,շրջվեց և գունատված հեռացավ:
Դրան հաջորդեցին մնացած անհնարին թվացող հնարքները:
-Ո՞վ կհամարձակվի մի քիչ մոտիկ գալ,-խեթ-խեթ աչքերը տարածելով մարդկանց` հարցրեց նա:
Մի հաստափոր մարդ դուրս եկավ ամբոխից և մի քայլ արեց:
-Դե,հաստլիկ,թե քայլել կարող ես, մոտեցիր,-սևազգեստը լուրջ,խորամանկ դեմք ընդունեց` մթնոլորտը տագնապով լցնելով:
Հասատլիկը, փորձելով ի ցույց դնել ոտքերի ճարպկությունը,արագ երկու քայլ արեց,բայց չհասցրեց երրորդն անել.բախվեց ինչ-որ անտեսանելի խոչընդոտի ու փռվեց գետնին:Մարդկանցից և ոչ մեկը չհասկացավ,թե ինչ եղավ այդ վայրկյաններում,նրանք զսպում էին իրենց ծիծաղը:Սևազգեստը հռհռաց ,ամբոխի մարդիկ դա որպես հրաման ընդունեցին և իրենք էլ ծիծաղեցին:
Գետնին փռվածը փութալով վեր կացավ և գլխիկոր հեռացավ:
-Էլի կա՞ն ցանկացողներ,-սևազգեստը համոզված լինելով,որ ցանկացողներ չեն լինի, գնաց հաստլիկի հետևից:
Էջանիշներ