Հարգելի ակումբցիներ,
Հաջորդ գրական մրցույթը կլինի ժանրային: Այս մրցույթի ժանրն է` «Մոգական Ռեալիզմ»:
Կընդունվեն միայն պատմվածքներ, մինչև 15 000 նիշ (ներառյալ բացատները) ծավալով:
Հեղինակներին կտրամադրվի 21 օր` հանձնելու իրենց ստեղծագործությունները մրցույթին: Վերջնական ժամկետը պատմվածքների ընդունելության`Ապրիլի 15, 23:59, Երևանյան ժամանակով:
Եթե ուղարկված տարբերակների քանակը 10-ից ավելին լինի, ապա նախապես կընտրվեն լավագույն 10-ը, որոնք կդրվեն Ակումբում՝ քվեարկության ու քննարկման:
Առաջին տեղ-150.00
Երկրորդ տեղ-75.00
Նոր, չհրապարակված և սրբագրված պատմվածքները ուղարկել այս էլեկտրոնային փոստի վրա.
[email protected]
Մոգական ռեալիզմ ժանրի մասին պատկերացում կազմելու համար ձեզ եմ ներկայացնում Այվիի պատրաստած նյութը դրա վերաբերյալ:
Մոգական ռեալիզմ... Դա ի՞նչ կենդանի է, քանի՞ ոտք ունի: Լավ չէի՞ն մեր անծանոթ տներն ու սկզբերն աշխարհի:
Իրականում խուճապի կարիք չկա. այս ժանրը կարելի է ամեն հայտնի ու անհայտ թեմայի հետ էլ կապել և ցանկության դեպքում շատ հետաքրքիր ստեղծագործություններ ներկայացնել:
Այսպիսով, մոգական ռեալիզմը գեղարվեստական ժանր է: Այս ժանրը կրող գործերում մոգական տարրերը ներգրավված են աշխարհի իրական պատկերի մեջ՝ դառնալով դրա ներդաշնակ մասնիկը: Պատմությունն այնպես է կառուցված, որ մոգական կոմպոնենտները ոչ թե ֆանտաստիկ ու անիրական են թվում, այլ ներկայացվում են լրիվ ռեալ լույսի տակ, կարծես այդպես էլ պիտի լիներ, թեև իրականում դրանք առկա չեն մեր առօրյա կյանքում:
Մի օրինակ կարող է լինել այն, որ գրական կերպարն, ասենք, ապրում է դարերով՝ մի քանի սերունդներ տեսնելով. նա միշտ կա, բայց ոչ ոք հարցականի տակ չի դնում նրա գոյությունը: Այդ անիրական, մոգական երևույթն այստեղ ներկայացված է՝ որպես լրիվ նորմալ ու ընդունելի:
Մոգական ռեալիզմում գլխավորն այն է, որ կարդացողն իրեն չի զգում ֆանտաստիկ իրավիճակում, այլ նկարագրությունները նրա համար ստեղծում են լրիվ ռեալիստական կյանքի պատկեր, որտեղ հաջողությամբ ինտեգրված է մոգականը:
Այլ կերպ ասած՝ այս ժանրը ներկայացնում է իրականության մոգական հնարավորությունները և դրա շնորհիվ իր ասելիքը հաղորդում ընթերցողին:
Ի՞նչ կարելի է ակնկալել այս ժանրի տեքստից.
- Մոգական էլեմենտների առկայությունը չի մեկնաբանվում, չի բացատրվում, ամեն ինչ այնպես է, կարծես այդպես էլ պիտի լինի:
- Գործող կերպարները ընդունում և չեն վիճարկում մոգական տարրերի տրամաբանությունը:
- Ժամանակի նորմալ ընթացքը կարող է փոփոխվել այնպես, որ ստեղծագործության մեջ ժամանակի զգացողությունն ընդհանրապես կորչի կամ այնպես լինի, որ ներկան անընդհատ կրկնվի, դոփի տեղում:
- Պատճառահետևանքային կապերը կարող են աղճատվել. ըստ այդմ, մարդ կարող է տառապել մինչև դժբախտությունը կամ այլ կերպ ասած՝ ոչ թե դժբախտությունը բերի տառապանք, այլ տառապանքը՝ դժբախտություն:
- Կարող են առկա լինել ֆոլկլորի, լեգենդի ու սիմվոլիզմի տարրեր:
- Իրադարձությունները կարող են ներկայացվել տարբեր կերպարների տեսանկյունից. պատմողը մեկ մի կերպարը լինի, մեկ՝ մյուսը:
- Կերպարները կարող են ապրել երկու իրականության մեջ միաժամանակ:
- Իրադարձությունները հաճախ երկիմաստ կարող են լինել, և տեքստի «հետևում» թաքնված տեքստ պարունակել:
- Շատ հաճախ ներկայացված հասարակական կյանքը, սոցիումը ստեղծագործության մեջ քննադատության է ենթարկվում, եթե ոչ ուղիղ, ապա ժանրային հնարքների շնորհիվ:
Սա իհարկե չի նշանակում, թե յուրաքանչյուր տեքստ պիտի պարունակի այս բոլոր կետերը. սրանք միայն այն հնարավորություններն են, որոնք տալիս է տվյալ ժանրը:
Մոգական ռեալիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից է Մարկեսը, իսկ նրա «Հարյուր տարվա մենությունը» համարվում է այս ժանրի լավագույն գործերից մեկը:
Որպես մեկ այլ օրինակ՝ Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» նույնպես այս ժանրի ուժեղ ազդեցությունը կրող հայտնի ստեղծագործություններից է:
Պատմվածք կատեգորիայում այս ժանրի զարգացումը պահանջում է լավ մտածված սյուժե և կերպարներ, ճիշտ մշակում և մատուցում, ու ընդհանուր առմամբ՝ ահագին աշխատանք: Ստեղծագործել սիրող մարդկանց համար սա կարող է լինել թարմ ու հետաքրքիր փորձություն, իսկ ընթերցողի համար՝ նոր հայտնաբերություններով լի դաշտ:
Այնպես որ, բոլորին մաղթում ենք լավ անակնկալներով լի ստեղծագործական նախագիծ:
Ժանրին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք օգտվել հետևյալ հղումներից, որոնցից մի քանիսն էլ օգտագործվել են այս փոքր ուղեցույցը գրելիս.
http://en.wikipedia.org/wiki/Magic_realism
http://www.themodernword.com/gabo/gabo_mr.html
http://www.public.asu.edu/~aarios/re...k/definitions/
http://www.enotes.com/magic-realism-.../magic-realism
http://www.masterandmargarita.eu/est...n014_brown.pdf
Էջանիշներ