Չեմ սիրում հեքիաթներ,մեծացել եմ երևի...
Մի օր սերն այնքան հեքիաթային թվաց,որ գրեցի մեր սիրո հեքիաթի մասին:Հերոսներն էլ ես ու դու էինք:
Սխալ էր:Հետո հասկացա:
Հեքիաթներում կա չար ու բարի,երկու բարի չի լինում: Դու բարին էիր,ես չարը:Դու սիրում էիր, ես սիրելով ցավ տալիս:Փորձում էիր հասնել,բռնել ինձ-ծիծաղելով փախչում էի:Հազիվ ձեռքդ բռնում էր շրջազգեստիս եզրից,նույն վայրկյանին դուրս էր պրծնում՝ սահելով ափիցդ:
Ծիծաղում էի:Հիմա հասկանում եմ-դաժան էր:
Դու գալիս էիր դեպի ինձ, ես փախչում էի անհայտություն:
* * *
Հեքիաթի կախարդն էի:Հեքիաթի թագուհին:Դու իմ զոհն էիր,միակը,բարին, սերը:Օձի նման թունավորում էի միտքդ,խենթացնում իմ սիրո անուրջներում,ու թողնում մենակ:Ծիծաղում էի:
- Գնա՞նք դեպի արևը,-հարցրեցիր դու:
Փակեցի արևի լույսը:Մթնեց:
- ՈՒ՞ր գնանք,-հարցրի ես:
Շփոթվել էիր,մութ էր,էլ արև չկար:
- Դու խենթ ես,- ծիծաղեցի ես:
- Քո սիրո խենթը,- թախծեցիր դու:
Չտեսա թե ինչպես թախիծը կուլ տվեց քեզ:Սևացար, քամին քեզ տարավ հեռու-հեռու...Ես չտեսա…
Մեր հեքիաթի թիթեռը ես էի: Վազում էիր,որ բռնես:Փախչում էի:Վախենում էի,որ կբռնես,թևերս կպոկես,կչորացնես ինչ-որ մի գրքի մեջ ու կմոռանաս:Չէի ուզում:
* * *
Գիշերը նորից սողոսկեցի միտքդ:Քունդ կորցրեցիր:Լսում էի քայլերիդ ձայնը:Ետ ու առաջ էիր անում:
Միտքդ աչքերիդ միջով կաթում էր ափիդ մեջ:Ես երջանիկ էի:
Քո փերին էի:Վախվխելով հպվում էիր մազերիս,սիրուց միտքդ կայծակնահար էր լինում, ու ձեռքդ ետ էիր քաշում:Դու չգիտեիր որ չես ցավեցնում, ես չէի ասում:Չար էի, գիտեմ:
Հիշում եմ,երբ վերջին անգամ շրջվեցի ՝ նայում էիր ետևիցս,ու կանչող ձեռքդ դանդաղ իջնում էր:
Հանձնվեցիր:
Պարտվեցի:
Քանի պայքարում էիր,ես հաղթում էի:
Հիմա այնքան եմ հեռացել,որ էլ չեմ տեսնում քեզ:
Հիմա միայն ծիծաղում եմ:Ի՞նչ էի զգում առաջ ծիծաղելիս:Չեմ հիշում:
Սզբում տարա սիրտդ, խլեցի քունդ, հետո ողջ էությունդ:Փոխարենը ՝ սիրում էի,փախչում, վախենում: Ինչից՝ չգիտեմ:
* * *
Երբ կանգ առա ամայի տարածություն էր:Անձրևից փոսերը լճացել էին:Ոտքերս թրջվեցին:Քամի բարձրացավ,մրսեցի:
Քո հառաչանքն էր:Սարսափեցի:
Քո ներսում էի...
Ատեցի հեքիաթները սիրո մասին...
Էջանիշներ